Jump to content

Քաոս/Առաջին մաս/XIV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

XIV

Երբեք Պետրոս Ղուլամյանը չէր մտածել, թե այն, ինչ որ ինքն է անում, կարող է անել և՛ իր կինը։ Նա այն համոզմունքի էր, թե Անուշը բնավ չի հանդգնիլ մարդուն վրեժխնդիր լինել իր պատվի գնով։ Սիրուհիներ պահելը, մտածում էր նա, մեր ժամանակում նոր բան չի փող ունեցողի համար։ Կանայք այս պատճառով իրենց ամուսինների օրն այլևս չեն սևացնում։ Եթե աշխարհ չտեսած արհեստավորները երբեմն դավաճանում են իրենց կանանց, ո՞ւր մնաց մի վաճառական, որ տարենը երկու անգամ Մոսկվա է գնում և աչքով տեսնում, ինչպես են ապրում լուսավորված մարդիկ։

Բայց Անուշի երկարատև սառնությունը մի օր, վերջապես, կասկած ձգեց նրա սիրտը։ Այդ կինը, չնայելով, որ ամիսներով Պետրոսի քաղցր խոսքին չի արժանանում, վերջին ժամանակ, կարծես կյանքից գոհ է ավելի, քան երբևէ։ Զուգվում է, զարդարվում, հետևում արտաքինին այնպես, որպես երբեք չի հետևել և... երիտասարդանում։ Օ՜օ, ինչ հիմարն է Պետրոսը, ինչո՞ւ մինչև այժմ ուշ չի դարձրել այս հանգամանքի վրա։ Կասկածը քանի գնում նրա մեջ զորանում էր։ Իսկ այն գիշերից, երբ Անուշն այնպես խիստ հրեց նրան իրենից և փախավ մյուս սենյակ, այլևս զգաց պահանջ իր դրությունն ստուգելու։ Մի օր սովորական ժամանակից վաղ տուն եկավ։ Ալիմյանը կես ժամ առաջ էր միայն հրաժեշտ տվել։ Պետրոսը չվհատվեց. չար կասկածն ասում էր, թե անպատճառ մի բան կա։

Այն օրը նա երկրորդ անգամն էր փորձում ժամանակից վաղ տուն գալ։ Անսպասելի դեպքը նրա համար պարզեց ամեն ինչ։ Դռների մոտ նա հանդիպեց աղախնին։ Միամիտ կինը, որի խիղճն արդեն մաքուր չէր տիրոջ վերաբերմամբ, այնքան շփոթվել էր, որ չիմացավ նամակն ինչպես թաքցնի շալի տակ։ Պետրոսն անփույթ ձևով ծրարն առավ նրանից, առանց երկար տատանվելու բաց արավ և կարդաց Անուշի կրքոտ տողերը, որ զուրկ էին ամեն խոհեմությունից։ Կասկածը փոխվեց համոզմունքի, և խաբված այրը վազեց ներս կնոջից այնպիսի խիստ միջոցով հաշիվ պահանջելու։

Արտահայտելով սրտի առաջին թույնը կոպիտ բռունցքի միջոցով, առանձնացավ և սկսեց լրջորեն մտածել անելիքի մասին։ Պարզ է, որ մի կին, ամուսնուն դավաճանելով, արդեն ինքնըստինքյան որոշում էր իր դատավճիռը։ Նա կամ պիտի արտաքսվի մարդու տնից կամ շանսատակ լինի։ Այսպես են անում նամուս ունեցող այրերը։ Պետրոսն ուրիշ ելք չգիտե և չի ուզում ճանաչել։ Կան մարդիկ, իհարկե, որոնք խեղճությամբ հաշտվում են իրենց խայտառակ դրության հետ — Պետրոսն այդպիսիներին միշտ արհամարհել է։ Ոչ ոք իրավունք չուներ նրա պատիվն արատավորելու և ոչ նույնիսկ միլիոնների ժառանգ մի երիտասարդ։ Ա՜ա, լակոտ, կարծում ես, որ հարստություն ունես, ամեն բան քեզ կներվի՞։ Ով գիտե, քանի-քանի ընկերների մոտ ես պարծեցել, ով գիտե, այժմ որքան են ծաղրում Պետրոս Ղուլամյանին։ Սպասի՜ր, քեզ անպատիժ թողնելը հանցանք է...

Իսկ առայժմ պետք է տանջել Անուշին, տանջել և հետո վռնդել։ Միևնույն ժամանակ պետք է աշխարհին ապացուցանել, որ Անուշը դավաճանեց նրան, ապա թե ոչ, եթե կնոջը հեռացնի, հիմարները նրան կմեղադրեն, կասեն Անուշն ինքն է փախել մարդուց։

Մի օր Պետրոսը կանչեց իր մոտ Գրիշային և կնոջ ներկայությամբ բոլորը պատմեց նրան։ Տաքարյուն երիտասարդը, հարկավ, բորբոքվեց, կատաղեց փեսայի դեմ, անվանեց նրան անամոթ զրպարտող։ Պետրոսը նամակը տվեց նրան կարդալու։ Եվ, վերջապես, Անուշն ինքը չկարողացավ ժխտել հանցանքը եղբոր մոտ։ Գրիշան երդվեց հոր գերեզմանով պատժել Միքայել Ալիմյանին, հայհոյեց քրոջը, անգամ թքեց երեսին և հեռացավ…

Ցերեկները Պետրոսը միշտ տանն էր անցկացնում։ Խանութ գնում էր միայն երեկոները, մութն ընկնելիս, այն էլ դրամարկղի փողերը ստանալու համար։ Կնոջից փախչում էր, վախենալով տեսնել նրան։ Իսկ Անուշն ամբողջ օրը փակված էր իր սենյակում։ Չգիտեր ինչ աներ, փախչել մոր մոտ չէր ուզում. ամոթը կաշկանդում էր նրան։ Մի անգամ խայտառակեց ծնողներին, ընկնելով հոր գործակատարի պարանոցին։ Մյուս անգամ ի՞նչպես հարվածեր խեղճ պառավ մորը։ Վերջապես, կընդունի՞ արդյոք նրան իր տունը Գրիշան, եթե մայրն անգամ ընդունի…

Նա տանջվում էր և ճիգ էր անում սիրտը թեթևացնել զավակների սիրով։ Խայտառակ օրից հետո անբաժան էր երեխաներից։ Մի կողմից երկյուղն ամուսնուց, մյուս կողմից՝ ծանր հանցանքի գիտակցությունը դրդում էին նրան փնտրել անմեղ էակների հովանավորությունը։ Ապականված հոգին ձգտում էր մաքրության ճառագայթների մեջ լվանալ իր կեղտը և չէր զգում, որ իր համբույրներով արատավորում է նրանց։ Եթե Պետրոսը վռնդեր նրան իր տնից, տալով երեխաներին, դա խնդրի ամենաբախտավոր լուծումը կլիներ նրա համար։ Բայց Անուշը համոզված էր, որ երբեք այս տեսակ մեղմ պատժի չի արժանանա։ Այս էր, որ գրգռում էր վերջին ժամանակ նրա մեջ թմրած մայրական սերը։ Այս էր, որ դրդում էր նրան գրկել, համբուրել զավակներին այնպիսի խանդաղանքով, որ, կարծես, ահա շուտով պիտի բաժանվի նրանցից։ Եվ մանկական գլուխները թրջվում էին դառն արցունքներով, որոնք արտահայտում էին մի մեղսագործ հոգու ուշացած զղջումը։

Այժմ Անուշի համար Ալիմյանը մի չար հոգի էր։ Մտավ նրա թմրած կյանքի մեջ, արագությամբ տակն ու վրա արավ ամեն ինչ և առմիշտ սպանեց նրան բարոյապես։ Տեր աստված, տեր աստված, արժե՞ր միթե մի այդպիսի մարդու համար այսքան կուրանալ և այսպես ընկնել…

Նույն միջոցներին Միքայելը բարոյապես տանջվում էր ոչ պակաս, քան իր հոմանին։ Անուշը նրան նամակով հաղորդել էր բոլոր եղելությունը։ Նույնիսկ իր ծեծվելը չէր թաքցրել։ Այդ կոպիտ, գռեհիկ խանութպանը միայն մի ծեծով չի բավականանալ։ Նա կպատժի կնոջը և կպատժի չարաչար։ Նա կարող է անգամ սպանել նրան։ Այն ժամանակ հասարակությունը վերահասու կլինի պատժի պատճառներին։ Ալիմյան անունը կանցնի բերանից-բերան և, ով գիտե, գուցե և դատարանները։

— Ի՞նչ է պատահել քեզ,— հարցնում էին ընկերները նրան։

— Ոչինչ,— թաքցնում էր Միքայելն իր տխրության պատճառը։

Միայն Մարութխանյանին հաղորդեց իր ցավը և խնդրեց նրա խորհուրդը։ Գործնական մարդը նեղն ընկավ. ի՞նչ խորհուրդ տար։ Նրա կարծիքով, երիտասարդ հասակին ներելի է ամեն տեսակ սխալ կանանց վերաբերմամբ։ Ժամանակն ամեն ինչ կբուժի։ Ղուլամյանը կհաշտվի իր վիճակի հետ։ Անուշը կմոռանա Միքայելին, իսկ Միքայելը կմոռանա նրան, ու կմոռանա՛։ Գլխավորն այն է, որ հասարակությունը ոչինչ չիմանար։

Այդ միջոցներին Մարութխանյանը սաստիկ զբաղված էր կոնտր-կտակի խնդրով։ Նա դեռ գործը չէր հանձնել դատարանին և, զարմանալի է, որ միշտ Միքայելին հորդորում էր ձանձրացնել Սմբատին. չնայելով, որ բոլորովին հույս չուներ, թե Սմբատը որևէ զիջում կանե։ Միքայելը նրան վաղուց էր լիազորություն տվել վարել գործն իր ցանկացածի պես։ Սակայն նա դարձյալ տատանվում էր։ Պարզ էր, որ նա այժմ ուրիշ դիտավորություն ուներ։

Միքայելի մտամոլոր դրությունը նրան պատճառեց անհուն ուրախություն։ Նա սկսեց այցելել աներձագին ամեն օր։ Գալիս էր, խոսք բաց անում Ղուլամյանների մասին, հուզում, գրգռում Միքայելին։ Եվ այդ րոպեներին հանկարծ խոսքը փոխում էր, մեջ էր բերում կտակի խնդիրը։ Միքայելը կրկնում էր, թե իրավունք է տալիս նրան անելու, ինչ որ կամենում է։ Մարութխանյանը երբեմն հանում էր ծոցի գրպանից ինչ-որ թղթեր և ստորագրել տալիս։ Միքայելը շատ անգամ ստորագրում էր առանց թղթերը կարդալու, մինչև անգամ չնայելով նրանց բովանդակության… Այդ բոլոր թղթերը, Մարութխանյանի ասելով, կարևոր էին գործի համար… Եվ Միքայելը չէր էլ հետաքրքրվում, թե ինչ թղթեր են… նա միայն ստորագրում էր՝ գլուխը ձանձրույթից ազատելու համար։

Այժմ մեծ մասամբ նա տանն էր լինում։ Ամոթի զգացումը թույլ չէր տալիս նրան երևալ հասարակության մեջ։ Ո՞վ գիտե, գուցե խայտառակ դեպքն արդեն հայտնի է ամենին, և բոլորը բամբասում են նրան։

Օրերն անցնում էին, և նա այլևս Անուշի մասին լուր չէր ստանում։ Սկզբում վախեցավ, մի գուցե Պետրոսը կնոջ գլխին փորձանք է բերել։ Բայց եթե այդպիսի բան լիներ, չէ՞ որ լուրը կհասներ իրեն։ Ծեծո՞ւմ է իր կնոջը Պետրոսը։ Թող ծեծի. Անուշի ամուր մարմինը կարող է դիմանալ նրա բռունցքներին։ Շատ հավանական է, որ Պետրոսը բամբասանքից վախենալով, արդեն կուլ է տվել վիրավորանքը և լռել։ Եթե այդպես է, ուրեմն ի՞նչ պատճառ կա վախենալու։ Շատ-շատ մոխրագույն բեղիկները մի ամիս կտանջվեն և հետո կհանգստանան։

Եվ, այս մտքից խրախուսված, Միքայելն սկսեց պատահածը մոռանալ։ Շուտով նա անձնատուր եղավ սովորական կենցաղին, որպես անուղղելի արբեցող, որ արթնանում է թե չէ նորից սկսում է հարբել։ Տարբերությունն այն էր, որ այժմ հետաքրքրվում էր և՛ գործերով կամ ցույց էր տալիս, թե հետաքրքրվում է, բայց ոչ քաղաքային, այլ հանքային գործերով։ ժամանակ առ ժամանակ կառքով մենակ գնում էր հանքերը, որպես թե սաստիկ զբաղված էր նոր փորվող հորի դրությամբ։

Հարկավ, Սմբատն ուրախ էր եղբոր այս փոփոխությանը, բայց ստեպ-ստեպ հանքեր գնալը կասկածելի էր թվում նրան։ Չունի՞ արդյոք այս երևույթը մի ուրիշ ավելի զորեղ շարժառիթ, քան գործերով հետաքրքրվելը։

Կասկածն ավելի ամրացավ Սմբատի մեջ, երբ Միքայելը մի օր նրա մոտ գովեց Շուշանիկի արտաքինը։ Ի՛նչ գեղեցիկ աչքեր, ի՛նչ սիրուն նայվածք, ի՛նչ նուրբ շրթունքներ և ճակատ։

— Ես ուզում եմ նրա հետ մոտիկ ծանոթանալ, — ավելացրեց Միքայելը,— բայց ինչպես երևում է, հպարտ է։

Նա միայն համեստ է,— նկատեց Սմբատը հակիրճ և ընդհատեց խոսակցությունը։

Մի ուրիշ անգամ Միքայելն ասաց օրիորդի մասին մի քանի արյունահույզ խոսքեր։ Սմբատը վրդովվեց և գոչեց հանկարծ.

— Հանգիստ թո՛ղ այդ աղջկան...

— Օհօ՜, աչքերդ կարմրեցին, ձայնդ դողաց, չլինի՞ թե սիրահարված ես։ Սիրելիս, քեզ չի վայելում, հասկանո՞ւմ ես, նա իմն է։

Կատակը Սմբատին թվաց զզվելի, և նա պահանջեց եղբորից, որ օրիորդի մասին խոսի հարգանքով։

— Ինչ ուզում ես ասա,— նկատեց Միքայելը,— նա ինձ դուր է գալիս, համեղ դեսերտ է...

— Ես քեզ խնդրում եմ հանգիստ թողնել այդ աղջկան,— կրկնեց Սմբատը հուզված, և նրա ձայնի մեջ զգացվեց ատելություն։

Խոսակցությունը տեղի ուներ կառքի մեջ, հանքերից վերադառնալու ժամանակ։ Միքայելը լռեց և մինչև քաղաք հասնելը երկու եղբայր այլևս ոչ մի խոսք չասացին։

Սմբատն այժմ բնակվում էր թեև մոր ու եղբյարների հետ միևնույն տանը, բայց գրեթե բաժան։ Ընդարձակ տան մեջ նրա ընտանիքին հատկացրել էին հինգ մեծ սենյակներ։ Մի նեղ և երկայն անցք երկու բնակարանները բաժանում էին միմյանցից։ Հարս ու սկեսուր հանդիպում էին միայն ճաշի միջոցին։ Թեյ էին խմում, ընթրում, նախաճաշում առանձին։ Փոխադարձ սառնությունը, որ սկսվել էր առաջին օրից, չէր մեղմանում և ոչ մի կողմից։ Նույնիսկ երեխաները չէին կարողանում իբրև հաշտության օղակ ծառայել։ Մայրը մեծ մասամբ նրանց պահում էր իր աչքերի առջև։ Տատը թեև արդեն սիրում էր նրանց, բայց հոգու խորքում չէր հաշտվում այն մտքի հետ, թե նրանք իր հարազատ թոռներն են։ Մի անգամ Սմբատը, մտնելով մոր սենյակը, տեսավ, որ այրին լուսամուտի առջև նստած լաց էր լինում։ Կարծեց, թե նա դարձյալ հիշում է հանգուցյալ ամուսնուն։ Սակայն այրիի դառնության պատճառն այս անգամ ա՛յլ էր։ Նա ասաց, թե մի փոքր առաջ կանչում է իր մոտ թոռներին և մի րոպե անցած աղախինը գալիս է նրանց մոր կողմից և տանում։

— Ամեն օր այսպես է անում կնիկդ, ամեն օր, — ավելացրեց այրին, «կնիկդ» բառն արտասանելով դառն հեգնությամբ,— կույր չեմ, տեսնում եմ, որ չի ուզում երեխաներդ ինձ սիրեն։

Սմբատն անցավ կնոջ սենյակը։ Այնտեղ Անտոնինա Իվանովնան աչքունքը թթվեցրած նամակ էր գրում ընկերուհիներից մեկին։

— Ո՞ւր են Վասյան և Ալյոշան,— հարցրեց Սմբատը։

— Իրենց սենյակում։

— Ուղարկեցե՛ք մորս մոտ։

— Հենց հիմա նրա մոտ էին։

— Թողե՛ք էլի գնան, խաղան։

— Դասեր են պատրաստում, դեռ չեմ պարապել նրանց հետ...

— Անտոնինա Իվանովնա՛,— արտասանեց Սմբատը, մի քիչ ձայնը բարձրացնելով,— այդպես մի՛ վարվեք մորս հետ։

Անտոնինա Իվանովնան գրիչը դրեց և աչքերը հառեց ամուսնու երեսին։

— Այդպես մի՛ վարվեք,— կրկնեց Սմբատը,— դուք կարող եք նրան չսիրել և նա ձեզ, բայց երեխաների զգացմունքները բռնաբարելու իրավունք չունեք։

— Ես նրանց զգացումները չեմ բռնաբարում։

— Դուք նրանց մեջ զարգացնում եք ատելություն դեպի իմ մայրը։ Ես այդ վաղուց եմ նկատել։

— Սխալվում եք. ես միայն չեմ ուզում, որ նրանք ուրիշների ազդեցության ենթարկվեն։

— Այդ ի՞նչ ասել է։

— Այն, որ տան մեջ կրթություն ասած բառը բացակայում է։

— Մի՞թե,— գոչեց Սմբատը հեգնությամբ։

— Այո՛։ Նայեցեք ձեր փոքր եղբորը, Արշակին… ես չեմ ուզում, որ իմ երեխաներն էլ նրա պես կրթվեն։

— Ես չեմ պաշտպանիլ իմ եղբոր կրթությունը, բայց իմ մայրը չի կարող վատ ազդեցություն ունենալ մեր երեխաների վրա։

— Ով գիտե…

— Անտոնինա Իվանովնա՛, իմ մայրը, ճշմարիտ է, տգետ կին է, բայց բարի է, պարկեշտ, առաքինի և խելոք… Նա ձեր սկեսուրն է, և դուք պարտավոր եք նրան հարգել։

— Այո՛, պարտավոր եմ հարգել։ Իսկ նա… նա պարտավոր է ինձ ատել, արհամարհել… այնպես չէ՞…

— Նա նահապետական կին է։

— Դա նահապետականություն չի, այլ բնածին ատելություն։ Բայց շատ բնական, շատ հասկանալի… Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման… նա ինձ ատում է, ես չեմ կարող նրան սիրել և հարգել…

Նա հենց ձեռքի տակ դրած նամակի մեջ գրեթե նույնն էր արտահայտում։ Հայտնում էր բարեկամուհուն բացարձակ, թե սաստիկ զղջում է Կովկաս գալու համար։ Ոչ մի բան նոր շրջանում չի համապատասխանում նրա հայացքներին։ Հարստությունը նրան չի շլացնում և չի կարող շլացնել։ Երբ ամուսինների մեջ համերաշխությունը չքացել է— ոսկին անզոր է նրանց բախտավորացնելու համար։ Նա չի սիրում Ալիմովին և չի սիրվում նրանից։ Նա միայն կատարում է իր պարտքը երեխաների վերաբերմամբ։ Կմնա Կովկասում միառժամանակ, մինչև որ կհաջողի որևէ պայման կապել մարդու հետ։

Սմբատը ոչինչ չասաց այլևս, լուռ անցավ իր սենյակը։

Այդ գիշեր նա անցկացրեց անքուն գրեթե մինչև լույս։ Սիրել զավակներին, չսիրել նրանց մորը — ահա այն սոսկալի դիլեման, որ տանջում էր հոգին տարիների ընթացքում։ Ծառի բնից բաժանված, ամուր գրկել էր նորածիլ ճյուղերը, տատանվում էր օդի մեջ անհեն, չէր ուզում ճյուղերը բնիցը պոկեր բայց չէր էլ կարողանում բաժանվել նրանցից։

Ինչո՞ւ սիրեց այդ կնոջը։ Ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահագին դեր են խաղում ծնունդը, շրջանը, ավանդություններն ու սովորությունները։ Նրա հոր ոտները դեռ կրում էին ասիական քոշերի հետքերը, իսկ ինքը ճգնում էր մի քանի դար նրան առաջել, միայն մի սերունդ առաջելու փոխարեն։ Էվոլյուցիոն ո՞ր օրենքով արդյոք։ Կրթությունը տարբեր շրջանների անհատների մեջ ստեղծում է մի տեսակ հավասարություն — համաձայն էր նա։ Բայց չէ՞ որ նույն կրթությունն անզոր է դարերով կազմակերպված ազգային կամ տեղական հատկանիշների հակադրությունը ջնջել, ինչպես անկարող է սևահերին շիկահեր դարձնել և ընդհակառակը…

Նա զգում էր, որ այսուհետև փոխադարձ սառնությունը պիտի փոխվի փոխադարձ ատելության։ Կյանքն ընդհանրապես և ամուսնական կյանքը մասնավորապես համարում էր մանրությունների մի հյուսվածք։ Անձնական դժբախտ փաստերով փորձել էր, որ ամենաչնչին բաներից առաջանում է ամենախոշոր տհաճություն։ Ահա դրամայի հիմքը։ Եթե իր և կնոջ մեջ պատահում էին հակադիր ցանկությունների, հակադիր ձգտումների, հակադիր ճաշակների ընդհարումներ, դժվար չէր երևակայել, թե որպիսի ընդհարումներ պիտի տեղի ունենան իր կնոջ և իր մոր մեջ։ Պատկերացնում էր երկու հակառակ տարրեր — մեկը դրական, մյուսը բացասական և երևակայում իրեն մեջտեղ։ Գուշակում էր, որ այն բոլորը, ինչ որ անելու է մայրը, արժանանալու է կնոջ ծաղրին ու արհամարհանքին, նույնիսկ այն, որ մի նահապետական կին դեռ լավ չի սովորել պատառաքաղ գործածելը։ Եվ ընդհակառակը, այն բոլորը, ինչ որ անելու է կինը, հանդիպելու է մոր ատելության։

Եվ ահա ընդամենը երկու շաբաթ է նրանք միասին են, արդեն փոխադարձ ատելությունն արտահայտվում է։