Jump to content

Քաոս/Առաջին մաս/XV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

XV

Հանքերը տեղափոխվելուց հետո, Զարգարյանների նյութական պայմանները թեթևացել էին։ Ընտանիքը գոհ էր իր վիճակից, և բոլորը զգում էին երախտագիտություն դեպի Սմբատ Ալիմյանը։ Միայն անդամալույծը շարունակ բողոքում էր, թե չորս կողմից փչում է նավթի հոտ և փչացնում նրա ախորժակը, թե գիշերները հանգիստ չի կարողանում քնել շոգու աղմուկից և այլն և այլն։

Գոհ էր անչափ նաև Շուշանիկը, բայց բոլորովին տարբեր պատճառով։ Նրա պայծառ աչքերի մեջ երևում էր անսովոր թախիծ, սակայն ոչ բոլորովին այն թախիծը, որ աղքատ կյանքի դառնությունն էր արտահայտում։ Նրա սիրուն դեմքի վրա խաղում էր այն խորհրդավոր ստվերը, որ ցոլացնում է նորահաս կնոջ հոգու երագները։ Ա՜խ, կյանքի ծանր պայմանները չեն թույլ տվել այդ երազներին ժամանակին զարթնելու։ Եվ դիտող աչքն այդ ստվերը կնշմարեր մանավանդ այն ժամանակ, երբ օրիորդը սովորական ժամերին, կանգնած պատշգամբի ծայրում, նայում էր հեռու ու հեռու, դեպի երկնի անվերջ հորիզոնը... փույթ չէ, որ այդ պահին նրա սիրտը լցվում էր անհուն դառնությամբ, երևակայությունը նրան տանում էր դեպի մի տխուր, անհուսալի ապագա, նա զգում էր, որ այժմ և միայն այժմ է սկսել ապրել իբրև բանական էակ։

Մի անգամ նա հորեղբորը խնդրեց, որ թույլ տա իրեն գրասենյակում նրա պաշտոնը կատարելու։ Ամբողջ օրը Դավիթը հանքից հանք պտտելով հազիվ կարողանում էր հաշիվներով զբաղվել։ Առաջարկությունն արավ հոր ներկայությամբ։ Անդամալույծի աչքերը պլշեցին։ Նայեց աղջկան ոտից մինչև գլուխ զայրացած և հայհոյեց. ի՞նչ, որ նախկին երկրորդ կարգի վաճառական Սարգիս Զարգարյանի աղջիկը գնա ծառայի՞։ Այդ անկարելի է, հապա ո՞ւր է նրա հորեղբոր նամուսը։

Օրիորդը փորձեց համոզել հորը, թե գրասենյակում աշխատելը նրա աղջկա համար բոլորովին ամոթալի չի. չէ՞ որ կանայք այժմ դրսում կատարում են ամեն ազնիվ գործ, որին ընդունակ են։ Սակայն անդամալույծը կատաղեց, դեն ձգեց ծնկներից վերմակը և դարձավ կնոջը.

— Աննա՛, գնանք, գնանք եկեղեցու դռանը կանգնենք, ես ողորմություն կհավաքեմ ու քեզ կազատեմ այդ անամոթի ձեռքից։

Անամոթը Դավիթ Զարգարյանն էր, որ կորացած մեջքով կանգնած նրա անկողնի առջև, տակավին լուռ նայում էր Շուշանիկին։ Նա նոր էր միայն իմանում, թե որպիսի անգին գոհար է թաքնված աղքատիկ ընտանիքում։

Շուշանիկը ոգևորված բացատրում էր աշխատանքի նշանակությունը, թե կնոջ և թե տղամարդի համար և այն երջանկությունը, որ մարդ կարող է զգալ, երբ սեփական ուժերով է վաստակում օրվա պարենը, երբ մանավանդ օգտակար է մերձավորներին։

Դավիթը հիացած լսում էր նրան։ Ահա որքան ազդեցություն է ունեցել այդ աղջկա վրա։ Չէ՞ որ Շուշանիկը վեց տարի շարունակ նրա անմիջական աշակերտուհին է եղել։ Նա է կրթել իր եղբոր աղջկա միտքը և կրթել է այն ուղղությամբ, որ բարվոք է համարել կյանքի դառն պայմանների մեջ ապրող մի աղքատ աղջկա համար։ Նա տվել է նրան կարդալու միշտ այնպիսի գրքեր, ուր աշխատանքը դրվատվում է իբրև հոգեկան երջանկության իսկական հիմք։ Գրքեր, որոնք խրախույս են ներշնչում աղքատներին և սովորեցնում նրանց սիրել կյանքը, որ նրանց համար խորթ մայր է։ Եվ ահա Շուշանիկն այսօր ոչ միայն չի տրտնջում իր վիճակի դեմ, այլև ինքն է քարոզում սեր դեպի աշխատանքը։ Սակայն համաձայնե՞լ արդյոք նրա ասածներին, թույլ տա՞լ նրան տնից դուրս ևս գործերով պարապելու։ Ո՛չ, այդ կլիներ անխղճություն, մի՞թե քիչ է աշխատում տանը։

Նա նույնպես հակառակեց և դրականապես հայտնեց, թե առայժմ Զարգարյանները կարիք չունեն, որ նրանց տնից մի կին աշխատանքի դուրս գա, և ինքը երբեք այդ թույլ չի տալ, քանի կենդանի է։ Եվ այս ասելով, նա սուր հայացք ձգեց եղբոր աղջկա երեսին։ Շուշանիկը շփոթվեց այդ հայացքից։ Նրան թվաց, որ հորեղբայրը հասկացել է իր միտքը։ Այն միտքը, որից ամաչում էր ինքն իսկ։

Նա շտապեց դուրս գալ հոր սենյակից, ծանր հառաչելով։ Անցավ իր սենյակը, վերցրեց մի գիրք, փորձեց խորասուզվել ընթերցանության մեջ, ինչպես սովորաբար անում էր դառն րոպեներին։ Բայց չկարողացավ։ Երբեք նրա սիրտն այդչափ չէր բաբախել, երբեք նրա երեկոն այդչափ վրդովված չէր և զգացումները՝ այդքան պղտորված։ Մի կերպ շտապով վերջացնելով սովորական գործերը, նա նորից առանձնացավ իր սենյակը և դռները կողպեց ներսից։ Ժամերն անցնում էին, և նա դեռ հետ ու առաջ էր գնում, մերթ ականջ դնելով շոգեմեքենաների աղմուկին, մերթ լուսամուտից նայելով դեպի դուրս, ուր տիրում էր խորին մթությունը։

Լսվեցին շվիկների սուլոցները. տասներկու ժամն էր արդեն. երեք անգամ լամպարը հանգցրեց, գլուխը թաքցրեց վերմակի տակ և երեք անգամ էլ վառեց ու գիրքը վերցրեց։ Բայց աչքերը հոգնել էին, իսկ միտքը ոչինչ չէր ըմբռնում կարդացածից։

Աշխատում էր իրենից հեռացնել ամբոխվող մտքերը։ Սակայն կամքն անզորացել էր։ Ամաչում էր ինքն իր զգացումների անսպասելի գրգռումից և չգիտեր, միևնույն ժամանակ, որոշ քննության ենթարկել նրանց։ Նա փակում էր աչքերը և խորին մթության մեջ տեսնում մի լուսավոր պատկեր։ Նա բաց էր անում աչքերը, և այդ պատկերը դարձյալ անխուսափելի կանգնած էր նրա առջև։ Դեմքը մռայլ, ունքերը կիտված, աչքերը թափանցող, միշտ մտախոհ, միշտ ճնշված ինչ-որ ծանր մտքից։

Նա մոխրագույն շալը ձգեց ուսերից, զգում էր անսովոր տաքություն։ Մոտեցավ սեղանին, նայեց փոքրիկ սևագույն ժամացույցին, որ նոր էր ստացել իբրև նվեր հորեղբորից։ Արդեն երկու ժամն էր։ Նորեն սկսեց անցուդարձ անել։ Խիտ մազերը, ազատվելով հերկալների արգելքից, թափվել էին թիկունքների վրա, ծածկել ականջները, սքողել այտերը, ընդգրկել կիսամերկ կուրծքը։ Այտերը շառագունել էին, աչքերի մեջ վառվել էր անսովոր հուր։ Մշտական հեզ կերպարանքն այժմ արտահայտում էր ինչ-որ խրոխտություն։ Եթե մերձավորներն այդ պահին դիտեին նրան դռների հետևից գաղտնի, հազիվ թե ճանաչեին։ Չկար այլևս նրա աչքերի մեջ նախկին պայծառությունը և ոչ նրա շրթունքների վրա անդորրության ժպիտը։ Ա՜խ, միայն թե Սմբատ Ալիմյանը նրան հիմար չհամարի և չծաղրի ինչպես մի դեռահաս աղջկա, որ պատրաստ է առաջին պատահած տղամարդի մեջ տեսնել ռոմանտիկական հերոս։ Ո՛չ, Շուշանիկը չի ուզում այդ մարդու աչքում երևալ թեթևամիտ։ Սմբատը խելոք է, կրթված, հասուն մտքի տեր, կյանքի փորձանքները ճաշակած։ Այդպիսի մի տղամարդ չի կարող լուրջ հայացք ունենալ յուրաքանչյուր աղջկա մասին։ Նրա պահանջները խիստ են, և հենց այս է պատճառը, որ նա իր ընտրությունն արել է օտար շրջանում։

Նրա հորեղբայրն ասում է, թե Ալիմյանը բախտավոր չէ ամուսնական կյանքում, թե նրա մշտական տխրության պատճառն այս է։ Ինչո՞ւ, տեր աստված, ինչո՞ւ։ Մի՞թե ընտրությունը սխալ է եղել, և Ալիմյանը այժմ զղջում է։ Բայց ի՞նչ հարց, ո՞վ տվեց Շուշանիկին իրավունք զբաղվելու մի օտար մարդու ընտանեկան կյանքով։ Բավական է, պետք է մոռանալ այդ մարդուն։

Եվ նա հոգնած գլուխը նորեն դրեց բարձին։

Արդեն առավոտյան լույսը լուսամուտի փեղկերի արանքով ներս էր թափանցել, երբ, վերջապես, նիրհեց։

— Աննա՛, ո՞ւր է աղջիկդ,— հարցրեց երրորդ անգամ անդամալույծը կնոջը։

— Դեռ քնած է։

— Քնած է, քնա՞ծ, տասը ժամն է. գնա, զարթեցրու, տխուր եմ, թող գա թուղթ խաղանք։ Եղունգներս էլ կտրել հարկավոր է, շատ են երկարացել։

Այժմ Շուշանիկի գործերի մի մասը կատարում էր նոր վարձված աղախինը։ Սակայն անդամալույծն այնքան սովորել էր աղջկան, որ դարձյալ պահանջում էր, որ մեծ մասամբ նա ծառայի իրեն։

Աննան մոտեցավ աղջկա սենյակին, մատներով զարկեց դռներին մի քանի անգամ։ Դռները բացվեցին։ Շուշանիկն արդեն զարթնել էր և հագնվել։ Այժմ նրա այտերը գունատ էին, աչքերի կոպերը նկատելու չափ ուռած։

— Հիվա՞նդ ես,— հարցրեց մայրը։

— Ո՛չ։

Նա շտապեց դուրս գնալ։ Երեսը լվացավ, մազերը կարգի բերեց, խմեց սովորական մի բաժակ թեյը և գնաց հորը ծառայելու։

— Աղախին վարձելուց հետո, իշխանուհի ես դարձել, կշտամբեց անդամալույծը։— Ես այստեղ տանջվում եմ, դու մրափում ես մինչև կեսօր։ Բե՛ր թղթերը, խաղանք։

Նա լուռ կատարեց հոր հրամանը։ Խաղում էր այժմ անուշադիր, մտամոլոր, մի հանգամանք, որ բարկացրեց հորը։

— Խելքդ գլխիդ խաղ արա,— գոչեց անդամալույծը, առողջ ձեռով թղթերը մեկ-մեկ բանալով։

Ներս մտավ Դավիթը և ասաց Շուշանիկին, թե մի թուրքի հանքերում շատրվան է բացվել, եթե կամենում է, կտանի հետը ցույց տալու։

— Թույլ կտա՞ս, պապա,— հարցրեց Շուշանիկը։

— Այնքան հիմար ես խաղում, որ կարող ես գնալ կորչել,— գոչեց անդամալույծը, թղթերը շպրտելով մի կողմ։

Քամին հյուսիսային էր, եղանակը՝ ցուրտ։ Շուշանիկը հագավ ձմեռային վերարկուն և սամույրի կոլորակ գլխարկը։ Երկուսն էլ հորեղբոր նվերներն էին։ Այժմ Զարգարյանն աշխատում էր կարողության չափ, որ իր եղբոր դուստրը լավ հագնվի։ Նա հիացավ, տեսնելով Շուշանիկին նոր հագուստում։ Վերարկուն խիստ սազ էր գալիս օրիորդին, իսկ սամույրի գլխարկի գույնը գեղեցիկ ներդաշնակություն էր կազմում թանձր ու գանգուր մազերի վրա։ Ցուրտը շուտով նրա այտերին տվեց անբնական կարմրություն, պայծառ աչքերը դարձյալ պայծառացան, ճակատի թեթև կնճիռները բացվեցին։

Շատրվանը գտնվում էր բավական հեռու։ Նրանք անցան մի մեծ տարածություն, մտան մի լայն ճանապարհ և հետո մի մեծ շավիղ, անցնելով մի շարք բուրգեր, Զարգարյանը հանկարծ կանգ առավ և ցույց տվեց դեմուդեմ բուրգերի հետևում, երկնի մոխրագույն հորիզոնի վրա նկարված մուգ կինամոնագույն մի կիսակամար, ասելով.

— Տե՛ս, ինչ բարձր է խփում։

Շուտով Շուշանիկի աչքերի առջև բացվեց հազվադեպ և սքանչելի տեսարան։ Սև նավթը, գազի ուժգին զորությամբ, դուրս մղվելով երկրի խորքից, սլանում էր վեր ինչպես հրաբխային կրակ։ Հասնելով իր վերջնակետին, կազմում էր կիսաշրջան և թափվում ներքև։ Քամին տարածում էր հեղուկն օդի մեջ և մանրացնելով, սփռում չորս կողմ անձրևի պես։ Բուրգի գագաթն ու կողերը խորտակվել էին շատրվանի ամեհի զորությունից, և նրա մթին ուրվագիծն էր միայն շողում սև հեղուկի մեջ, որպես կմախք դարձած վիթխարի կաղնի երկնային հեղեղի տակ։

Երբեմն հորի խորքից դուրս էին արձակվում մարդու գլխի չափ քարեր։ Կատաղի պտույտներ գործելով, նրանք հեղուկի հետ սլանում էին վեր՝ թնդանոթի ռումբերի պես և ընկնում բուրգի վրա կամ շրջակա սև լճակների մեջ։ Գազը մռնչում էր, և երկիրը թնդում էր նրա զորությունից։ Մերթ ընդ մերթ շատրվանը, կարծես, հոգնում էր, ցածանում, խուլ հնչյուններ արձակում։ Բայց անցնում էր մի քանի վայրկյան, և նորեն լսվում էր ստորերկրյա խլացուցիչ ժխորը։ Այն ժամանակ սև հեղուկի հսկայական սյունն առանձին ուժով էր ձգվում դեպի վեր։

Մշակների մի մեծ խումբ թիերով ու բահերով զինված, մրջյունների պես շրջապատել էր բուրգի անօգնական մնացած կմախքը և աշխատում էր թանկագին հեղուկի համար ժամանակավոր ճանապարհ բանալ։ Մի քանի մղիչ մեքենաներ էին դրված, որոնք նավթն ուղղում էին դեպի Սև քաղաք տանող նավթանցքերը։ Արհեստավորները պատրաստում էին ինքնուրույն պատսպար, որով պիտի շատրվանին կանոնավոր ընթացք տային, որպեսզի հեղուկն ապարդյուն չցրվեր։

Երբեմն մշակները, ծիծաղելով, գոռալով, ոստոստալով ցրվում էին այս ու այն կողմ, փախչելով վայր սլացող քարերից։ Նրանք կիսամերկ էին, ոտները մինչև ծնկները և թևերը բաց։ Շատերը սլկվում էին լպրծուն ավազի վրա, ընկնում նավթի մեջ, շարժելով ընկերակիցների ծիծաղը։ Բայց բոլորն էլ ուրախ էին, հուսալով ստանալ պարգև շատրվանի տիրոջից։

Իսկ բախտավոր թուրքը կանգնած էր հեռու, քաղաքից եկած հետաքրքիրների բազմության մեջ։ Դա միրուքը հինայած, գլուխը մաքուր սափրած մի աստվածավախ հաջի էր, որը նայում էր անհուն հարստությանը և փառք տալիս ալլահին, որ, վերջապես, լսել էր նրա ջերմ աղոթքները։ Դեռ երեկ պարտատերերն ուզում էին նրան դատարան քաշել, ինչպես սնանկ կոմերսանտի։ Այժմ մտքում հաշվում էր շատրվանից ստացվելիք միլիոնները։ Նրա ցամաքած և խորշոմներով ծածկված դեմքի վրա խաղում էր անհուն երջանկության ժպիտը։ Բոլորը շրջապատել էին նրան, շնորհավորում էին, ձեռը բարեկամաբար սեղմում, նորոգում մոռացված ծանոթությունը։

Ինժեներ Uուլյանը պտտում էր թուրքի շուրջը՝ ինչպես որսկան շուն։ Հույս ուներ մի քիչ նավթ առնել ապառիկ, վաղը-մյուս օրը թանկ գնով ծախելու նպատակով։

Շուշանիկից ոչ հեռու խմբված էին մի քանի երիտասարդ հանքատերեր, որ եկել էին քաղաքից բախտավոր թուրքին նախանձելու։ Զարգարյանը նկատեց, որ նրանք միմյանց արմունկով բոթում են և հետաքրքրված ցույց տալիս Շուշանիկին։ Բոլորն ուզում էին իմանալ գեղադեմ օրիորդի ով լինելը։ Մեկը նույնիսկ շատրվանի տիրոջ ուշադրությունը դարձրեց նրա վրա։ Բախտից հարբած թուրքը բարևեց անծանոթ օրիորդին, ձեռը դնելով նախ կրծքին, ապա աչքերին։ Այնքան շփոթված էր, որ կարծում էր, թե այդ աղջիկն էլ իրեն շնորհավորում է։ Հանկարծ խմբի ուշադրությունը դարձավ ուրիշ կողմ։ Ճանապարհ տվեցին մի շիկահեր կնոջ, որին ուղեկցում էին Միքայել Ալիմյանը և մի մուշտակավոր պարոն։

— Սմբատի կինն է,— ասաց Դավիթ Զարգարյանը Շուշանիկին։— Նա էլ, երևի, տիկնոջ եղբայրն է։

Օրիորդը հետաքրքրված նայեց Անտոնինա Իվանովնային։ Հիասթափման պես մի բան զգաց, երբ տեսավ, որ տիկինն այնքան էլ էլեգանտ չի տեսքով, որքան երևակայում էր և արդեն, կարծես, ծերացած է։ Փափագեց նրա հետ ծանոթանալ, և նրա փափագը շուտով կատարվեց։ Միքայելն ուղեկիցների հետ բարձրացավ այն հողային թումբը, ուր կանգնած էր օրիորդը հորեղբոր հետ։ Մոտեցավ բարևեց և հետո դարձավ տիկնոջը։

— Անտոնինա Իվանովնա, թույլ տվեք ներկայացնել, օրիորդ Զարգարյան և մեր կառավարչի օգնական Զարգարյան։

Տիկինը ձեռը անփույթ մեկնեց Շուշանիկին և հետո շարունակեց Միքայելին հարցեր տալ շատրվանի մասին։ Իսկ նրա եղբայրը, աչքերը պենսնեի տակից ճպճպելով, ինչ-որ շշնջաց Միքայելի ականջին։

Անտոնինա Իվանովնան չգիտեր ինչպես արտահայտեր իր զարմացումը և հիացումը շատրվանի վերաբերմամբ։ Նա սքանչանում էր բնության ուժից, մինչդեռ թուրքը շարժում էր նրա ծիծաղը։ Հետո սկսեց խոսել Շուշանիկի հետ, դիտելով նրան ուշադիր։

— Դուք կկամենայի՞ք այդպիսի շատրվան ունենալ,— հարցրեց նա հանկարծ․

— Ո՛չ,— պատասխանեց օրիորդը դրականապես։

Անտոնինա Իվանովնան մի սուր ու դիտող հայացք ձգեց օրիորդի վրա և շարունակեց ոչ առանց հեգնության.

— Ասում են, այստեղ կանայք էլ գժվում են շատրվանի համար։

— Չգիտեմ, տիկին։

— Տեսե՛ք, ինչպես է խփում, բոլորը ոսկի է, մի՞թե չէիք կամենալ այդ ոսկու տերը լինել։

Շուշանիկը զգում էր՝ տիկինը փորձում էր իրեն։ Զգում էր նաև տիկնոջ «ծաղրն այստեղի կանանց» շահամոլության վերաբերմամբ, ուստի ասաց․

— Մի՞թե կարծում եք, որ մարդու բախտավորությունը միայն ոսկու մեջ է։

— Կարծո՞ւմ եմ, ե՞ս։ Ինչո՞ւ չէ։

— Այն ժամանակ կարող եք ձեզ բախտավոր համարել։ Ոչ ոքի հորերն այնքան առատ նավթ չեն տալիս, որքան Ալիմյաններինը։ Տիկինը շփոթվեց։ Զգաց, որ այդ, ըստ երևույթին, քաշվող օրիորդի հետ հեգնորեն խոսելը այնքան դյուրին բան չէ։ Նա թեքվեց եղբոր ականջին և շշնջաց․

— Հիմար աղջկա նման չէ։

— Շարմանտ,— պատասխանեց Ալեքսեյ Իվանովիչը, պենսնեն ուղղելով։

Շուշանիկը խնդրեց հորեղբորը տուն վերադառնալու։

— Պապան կնեղանա, արդեն տասներկու ժամն է։

— Գնանք,— ասաց Զարգարյանը։

— Ոտո՞վ պիտի գնաք,— հարցրեց Միքայելն ավելի կեղծ, քան անկեղծ զարմանալով։

— Ոտով։

— Երեք-չորս վերստ ճանապա՞րհը։ Սուլյան, մեղավորը դուք եք, ինչո՞ւ մինչև հիմա Ալիմյանների հանքերում մի քանի սեփական կառքեր չկան։ Ես հրամայում եմ, որ այսուհետև լինեն։

— Կգա՞ք ձեր հանքերը տեսնելու,— հարցրեց Շուշանիկը, ձեռը մեկնելով Անտոնինա Իվանովնային։

— Մեր հանքե՞րը... Կարելի է գամ։

— Զարգարյա՛ն,— դարձավ Միքայելն իր ստորադրյալին,— կանչեցե՛ք, խնդրեմ, իմ կառքը։ Համար ութերորդ։ «Հասան» կանչեցեք, կգա։ Օրիորդ, ես, միևնույն է, պիտի ձեր կողմերը գնամ իսկույն, Մուրսաղուլովի հանքերում գործ ունեմ։ Անտոնինա Իվանովնա, ինձ ներեցեք. Սուլյանը, իմ փոխարեն, այստեղ, ինչ որ հարկավոր է, կբացատրի, կուղեկցի... Երևի, դեռ մի քսան րոպե էլ կհիանաք այս սքանչելի տեսարանով։ Ես շուտով կգամ, շատ շուտով, և ձեզ կտանեմ մեր հանքերը։ Օրիորդ, ահա կառքը, խնդրեմ, խնդրեմ, առանց ցերեմոնիայի... Ալիմյանները հասարակ մարդիկ են, բոլորովին հասարակ...

Որքան օրիորդը շնորհակալություն հայտնելով մերժեց, որքան հավատացրեց, թե իր համար ոտով գնալն ավելի հաճելի է, ոչինչ չօգնեց։ Միքայելը թախանձում էր անվերջ, այնպես որ Դավիթ Զարգարյանը Շուշանիկի համառ մերժումը համարեց անքաղաքավարություն։ Օրիորդը շփոթվեց հորեղբոր ստիպիչ հայացքներից և հաղթահարված, գրեթե անգիտակցաբար կառք նստեց։

Շատրվանը, շարունակ որոտալով, բարձրանում էր վեր և, նորից սաստկացած քամու հոսանքի հետ չկարողանալով մրցել, ցրվում էր օդի մեջ անթիվ շիթերով։ Նավթի միլիոնավոր կաթիլները տարածվում էին հեռու ու հեռու։ Բախտավոր թուրքը բարձրաձայն ծիծաղում էր նավթային անձրևի տակ թրջվողների վրա, ձեռները զարկելով ծնկներին և մեջքից երկծալ թեքվելով։

Քաղաքից շարունակ կառքեր էին գալիս, բերելով հետաքրքրվողների նոր խմբեր։ Մի կառքից ցած իջան Մոսիկոն, Մելքոնը և Քյազիմ-բեգը։ Կառք նստելիս, Միքայելը նրանց խորհրդավոր նշան արավ դեմքով, և երիտասարդներն իրենց հայացքները բևեռեցին Շուշանիկի վրա։

Սև հեղուկը, ուժգին դուրս բխելով երկրի խորքից, հեղեղում էր բուրգերը, արհեստանոցները, կացարանները և մարդկանց։ Մթնոլորտի մեջ տարածվել էր ինչ-որ արբեցուցիչ բան։ Բոլորը ծիծաղում էին, քրքջում, միմյանց հրում որպես հարբածներ, և սև հեղուկի տակ գցում։

Մինչ Դավիթ Զարդարյանը շփոթված նայում էր, սպասելով, որ Միքայելը իրեն էլ պիտի հրավիրե կառք նստելու, մոխրագույն ձիերը սլացան։ Եվ կառքը մի քանի վայրկյանում անհետացավ սև բուրգերի հետևում։

— Զարմանալի ջենտլմեն է Միխայիլ Մարկիչը,— դարձավ Սուլյանն Անտոնինա Իվանովնային, միևնույն ժամանակ, մի կողմնակի հայացք ձգելով Զարգարյանի վրա։

— Այո՛… այդ երևում է— պատասխանեց տիկինը, նույնպես նայելով Զարգարյանին։

Եվ մի կես-հեգնական, կես-ցավակցական ժպիտ աղավաղեց նրա դեմքը…

— Իսկ ես կասեմ,— դարձավ Ալեքսեյ Իվանովիչը քրոջը,— այս երկրում հյուրասիրություն ասած բանը շատ էլ հարգի չէ…