Jump to content

Քաոս/Երկրորդ մաս/II

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

II

Միքայելի համար սկսվեցին ծանր, դաժան ժամեր. ժամեր, լի դառն տանջանքներով, անսովոր խոհերով։ Մի կողմից վիրավորված պատվի զգացումը և հասարակական ծաղրն ու արհամարհանքը, մյուս կողմից՝ խղճի խայթը — նրա հոգին ճնշում էին, սիրտը մորմոքում։ Այն միտքը, թե դեռ Գրիշայից վրեժ չի առել, ստիպում էր նրան մենության մեջ փետտել մազերը, կրծոտել մատները, փակված վագրի պես անընդհատ անց ու դարձ անելով իր սենյակում։ Այն միտքը, թե անզոր է այդ վրեժն առնելու, դրդում էր նրան անիծել սեփական թուլությունը, հայհոյելով անգամ ինքն իրեն։

Նա երկչոտ չէր, կարող էր իր պատիվը պաշտպանել նույնիսկ կյանքի գնով։ Բայց եղբոր խոսքերն ազդել էին նրա վրա և ազդել շատ խորը։ Իսկ այդ խոսքերի ազդեցությամբ նրա մեջ հղացել էր մի ուրիշ զգացում, ավելի ծանր, քան տիկին Ղուլամյանի վերաբերմամբ գործած հանցանքի գիտակցությունը։ Դա օրիորդ Շուշանիկի վերաբերմամբ գործած սխալն էր։ Ապտակը նա համարում էր իր հանցանքի արժանի պատիժը։ Իսկ մի մաքուր, անարատ աղջկա դեմ գործած մեղքը դեռ մնում է անպատիժ։ Ուրիշ ժամանակ այդ մեղքը նա կհամարեր երիտասարդական խաղ, անցողիկ կատակ։ Է՛հ, ինչ արավ. փորձեց մոլորեցնել մի անմեղ աղջկա և չկարողացավ։ Մի՞թե ուրիշները քիչ են անում այդպիսի փորձեր, և ո՞վ է իրեն դատապարտում երեխայական խաղերի համար։ Շուշանիկի պատիվն անխախտ է։ Բայց ո՛չ, աղքատ աղջկա հուզված ու վրդովված կերպարանքը հալածում էր նրան ավելի խիստ, ավելի անողոք, քան արատավորված Անուշի կուշտ կերպարանքը։ Նրա ականջներին շարունակ հնչում էին այդ աղջկա լուրջ ու արհամարհական խոսքերը. «Որքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։

Ո՞րն է այդ զանզանությունը։ Մի՞թե այն, որ Սմբատը մի քիչ ավելի է ուսում առած, ավելի զարգացած, գուցե և ավեչի խելոք, քան Միքայելը։ Ո՛չ, անկասկած այդ աղջիկը ակնարկեց մեկի ու մյուսի կենցաղների մեջ եղած տարբերությունը։ Արդարև, մի՞թե Սմբատը թույլ կտա իրեն այնպես վերաբերվել մի անպաշտպան աղջկա։

Ահ, ի՞նչ հիմարություն արավ նա և ինչո՞ւ։ Մի՞թե ստոր, անասնական կիրքն այնքան ապականել է նրա հոգին, որ այլևս ոչ մի սրբություն չի մնացել նրա համար։ Այդքան վառվռուն, կրակոտ կանանցից հետո այդ համեստ աղջկա մաքուր ձայնը, պայծառ աչքերը գրավեցին նրան ինչպես նորություն ու թարմություն։ Համադամ խորտիկներից ձանձրացած ստամոքսը երբեմն հասարակ բուսեղեն կերակրի պահանջ է զգում։ Քմքի րոպեակա՜ն հաճույք, կուշտ սրտի անցողի՜կ փափագ, որ դրդեց նրան այդչափ ստորանալ մի աղքատ ու անհայտ աղջկա առջև։ Բայց ինչո՞ւ այդ աղջկա ձայնը հնչեց նրա ականջին այնքան սոսկալի և ինչո՞ւ այսօր հալածում է նրան նույնիսկ այն պահին, երբ պարտավոր է մտածել միայն իր պատվի վերականգնման մասին։

«Կփափագեի, որ մի օր քո մեջ զարթներ իսկական սիրո զգացմունքը», հիշում էր նա Սմբատի խոսքերը։ Եվ իրիկնային մթության մեջ, մեն-մենակ նստած իր ննջարանում, այս խոսքերի ազդեցությամբ վերլուծում էր իր զգացումները կանանց վերաբերմամբ։ Նա տեսնում էր սրտի ծայրահեղ ապականություն, և ուրիշ ոչինչ։ Նա ոչ միայն չի սիրել, այլև անպատվել է այդ մաքուր զգացումը, անասնական ախտը սիրո տեղ շռայլելով։ Նա իր բնական ծարավը միշտ հագեցրել է կեղտոտ աղբյուրներից։ Երբեք չի հարգել կին ասված էակին, նույնիսկ այդ Անուշին։ Իհարկե, այդ աղջիկն իրավունք ունի նրան արհամարհելու։

Որքան նա աշխատում էր մոռանալ անմեղ կերպարանքը, այնքան ավելի էր հալածվում նրանից։ Ապտակի լուրը տարածվել է ամբողջ քաղաքում, այսօր, վաղը, իհարկե, հայտնվելու է և՛ նրա ամոթալի պատճառը։ Եվ ոչ ոքի կարծիքը նրան չէր վախեցնում այնքան, որքան Շուշանիկինը։ Սենյակի մթության մեջ տեսնում էր մի անկոչ դատավոր, որ զզվանքով լի աչքերը հառել էր նրա երեսին։ Լսում էր սարսափելի շշուկը. «չէ՞ի ասում, որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։ Կարծես, այդ աղջիկն ամբողջ հասարակական կարծիքի մարմնացումն էր, և կարծես, մարդկությունը կենտրոնացել էր միայն այդ աղջկա մեջ։ Նրան թվում էր, որ եթե միայն Շուշանիկից ներվի, կմոռանա իր անպատվությունը, միևնույն ժամանակ զգում էր, որ եթե բոլորն էլ ներեն, հենց միայն այդ աղջիկը միշտ արհամարհելու է իրեն, միշտ զզվանքով երես է դարձնելու։

Նա վառեց ննջարանի լամպարը, դրեց սեղանի վրա։ Գլուխը բարձրացնելով, պատին քաշ արած հայելու մեջ տեսավ իր դեմքը։ Աչքերի շրջանակները կարմրել էին, այտերը շառագունել։ Նրան թվաց, թե ապտակը ձախ այտի վրա թողել է չորս մատների կապույտ հետքը։ Ցնցվեց։ Ա՜խ, երանի թե կարելի լիներ գոնե այս մի հատիկ թերթը պոկել նրա կյանքի գրքույկից և այրել անհետք։ Բայց անկարելի է, և հենց այս մի հատիկ թերթը պիտի բարձրաձայն գոռա նրա բարոյական անկման մասին։

Նայեց իր փափուկ, շքեղ անկողնին և ապա հայացքը դարձրեց դեպի անուշահոտ յուղերի ու ջրերի սրվակները։ Հանկարծ զգաց անսովոր զզվանք դեպի այն բոլորը, որ նրա կանացի զեխության նշաններն էին։

«Մի՞թե քո սրտում չի մնացել մի առողջ անկյուն», հիշեց Սմբատի խոսքերը։ Ահա թե որքան է ընկել, որ նրան մի այսպիսի հարց են տալիս՝ լռում է։

Ո՛չ, այլևս նա չի ուզում ընկած մնալ։ Նա կարող է իրեն ուղղել։ Հեռո՛ւ, ապականող շրջան, անքուն գիշերներ, զազրելի զվարճություններ՝ անառակների ընկերության մեջ։

Նա կատաղեց տուալետի սեղանի դեմ։ Եվ մի րոպեում բոլոր սրվակներն ու շշերը լուսամատի միջով սլացան դեպի փողոց, ուր նրանք ջարդ ու փշուր եղան սալահատակի վրա։ Ա՜խ, երանի կարողանար իր ամբողջ անցյալն այդպես խորտակել և նորից սկսեր ապրել։ Այն ժամանակ այդ աղքատ ու հպարտ աղջկան կասեր, «տեսե՛ք, ես արհամարհում եմ ձեր կարծիքը, որովհետև իմ եղբայրն ինձանից ոչ մի բանով բարձր չէ»։

Նայեց ժամացույցին, դեռ յոթ ժամն էր։ Երբեք օրվա այս միջոցին նա տանը չէր եղել։ Այժմ ո՞ւր գնալ, ի՞նչ երեսով երևալ ընկերներին։ Մտածեց, որ Գրիշան դեռ տանն է և ինը ժամից առաջ չի գնում կլուբ։ Մենա՞կ է, արդյոք, ի՞նչ է մտածում, ուրա՞խ է իր արածի համար, պարծենո՞ւմ է ընկերների մոտ, թե՞ զղջում։ Նա զգաց անսովոր կարեկցություն դեպի ընկերները և նրա մեջ հանկարծ հղացավ Գրիշայի հետ տեսնվելու ցանկություն։

— Աղա՛, այս մարդն ուզում է տեսնել,— լսեց նա զանգեզուրցի Բաղդասարի ձայնը։

Ծառան, որ մի անտաշ գյուղացի էր, հագած էր սև սյուրտուկ, սպիտակ փողկապ Միքայելի պատվերով։

— Ասե՞լ ես, որ տանն եմ,— հարցրեց Միքայելը նայելով սպասավորի բերած այցետոմսին, աչքունքը թթվացնելով։

— Ասել եմ։

— Շատ ղալա՛թ ես արել… Խնդրի՛ր ներս…

Ներկայացավ թղթակից Մարզպետունին։ Ցավակցություն հայտնեց, որ ուշ է ներկայանում իր հակակրանքը արտահայտելու համար «տեղի ունեցած վայրենի դեպքի մասին»։ Նա գրգռված էր և սկսեց բողոքել «հասարակական անպիտան վարք ու բարքի դեմ»։ Ակնարկեց, թե դեպքի նկարագրությունն արդեն պատրաստ է լրագրի համար։ Հաբեթյանը դուրս է բերված մի անբարոյական մարդ, մի հրեշ։ Թող կարդա և ամաչի իր արածից։

— Միայն մի քանի լրացուցիչ տեղեկություններ են հարկավոր,— ավելացրեց թղթակիցը, հուշատետրը ծոցից հանելով,— օրինակ՝ ճշմարի՞տ է, որ դուք նրան մենամարտության եք կանչել, Հաբեթյանը փախել է երկչոտությամբ։

— Ո՛չ, սուտ է։

— Ճշմարի՞տ է, որ…— կամեցավ շարունակել թղթակիցը և հանկարծ կանգ առավ զարմացած։

Միքայելը բացարձակ ցույց տվեց, թե մտադիր չէ նրա հարցերին պատասխան տալու։ Նա, գրիչը վերցնելով, ձևացավ, թե գործ ունի։

— Ներեցեք, կարծեմ, ես ձեզ խանգարեցի,— ասաց թղթակիցը, հուշատետրը կամացուկ ծոցը դնելով։

— Այո՛, ես մի քիչ զբաղված եմ,— ասաց Միքայելը, չթաքցնելով իր ձանձրույթը։

— Ներեցեք, ես ուզում էի ձեզ պաշտպանել մամուլի միջոցով։

— Բայց մի՞թե կարիք կա ամեն մի մասնավոր դեպք լրագրին հաղորդելու։

— Ո՛չ, այդ մասնավոր դեպք չէ, այլ հասարակական երևույթ։ Ես իբրև մեր հասարակական բարք ու վարքերի ուսումնասիրող, պարտավոր եմ հաղորդել…

— Այն ժամանակ գրեցեք, ինչ ուզում եք, ես ժամանակ չունեմ քննության ենթարկվելու։

— Շատ գեղեցիկ, շատ հիանալի, պարոն Ալիմյան։ Կնշանակե, ես ստիպված կլինեմ դիմել պարոն Հաբեթյանի աջակցությանը։ Նա բոլորը կասի, իսկ ես… ես պարտավոր եմ բոլորը գրել… Դա հասարակական երևույթ է…

— Գնացե՛ք, ուրեմն նրա մոտ, որքան շուտ, այնքան լավ,— գոչեց Միքայելը, հասկանալով թղթակցի քսու միտքը։

Մարզպետունին ամբողջ մամուլի պատիվը շոշափված զգալով, դուրս գնաց, մտքում պատրաստելով մի կծու հոդված, որով պիտի ջարդ ու փշուր աներ բուրժուազիային։ Ա՜խ, այդ բուրժուաները, երբեք չպիտի աշխատել նրանց դուր գալ… չեն հասկանում, չեն գնահատում։

Նույն րոպեին, կուչ գալով և փոքրացած, ներս սլկվեց արծաթագործ-ակնավաճառ Բարսեղը։ Ի՜նչ անիրավություն, ի՜նչ լրբություն. եթե Ալիմյանների պես մեծամեծների պատվին էլ դիպչում են, էլ ի՞նչ պիտի անեն Բարսեղի նման «խեղճ մարդիկ»։ Աշխարհը փչացել է, մեծ ու պստիկ չկա։ Մարկոս աղայի որդին կլուբում ապտակ ստանա՞, և քաղաքը տակն ու վրա չլինի՞… լսվա՞ծ բան է… Երեք օր է Բարսեղը շարունակ կռվում է բոլորի հետ։ Չար լեզուներն ասում են, որ իբր Միքայել աղան դուելից հետ է կանգնել։ Իհարկե, Բարսեղը, Միքայել աղայի ցավն առնի նա, ամենի հետ կռվում է այս մասին։ Հաբեթյանն ո՞վ է, որ Ալիմյանը նրա հետ ճակատ-ճակատի կանգնի։ Փիե՜, աշխարհը քանդվե՞լ է, էլ մարդ չի՞ մնացել, որ Միքայել աղան ինքը գնա ու ձեռները կեղտոտի։ Այնքան բարեկամներ ունի, բավական է մեկին հրամայի, Հաբեթյանի «գլուխը կթռցնեն սխտորի պես»։

— Ես ինքս, ցավդ առնեմ, խեղճ տեղովս նրա միսը դոլմա շինել կտամ, շներին կուտացնեմ։ Թոկից փախածներ կան ձեռքիս տակ, որ մատդ բարձրացնես, մարդու ծոցից գիշերը կնոջը կհանեն։

Նայելով ակնավաճառի փոքրիկ աչքերին, շիկակարմրագույն դեմքին, Միքայելն զգաց անսովոր զզվանք։

— Ես ոչ ոքի օգնության կարոտ չեմ,— ասաց նա, հասկացնելով, որ երկար խոսելու ախորժակ չունի։

— Իհարկե, իհարկե։

— Դե լավ, դո՛ւրս եկ,— պատվիրեց Միքայելը բավական խիստ եղանակով։

Ակնավաճառը դուրս գնաց փոշման, ատամները կրճտելով։

Միքայելը կանչեց Բաղդասարին և հրամայեց այլևս ոչ ոքի չընդունել։ Բայց հենց հրամանը տալիս՝ ներս մտավ Սուլյանը, որի աչքերի վերին կոպերը խորին զայրույթից միանգամայն անհետացել էին ունքերի տակ։ Այդ ի՞նչ վայրենություն է, այդ ի՞նչ հանդգնություն է և ո՞վ է ում վրա ձեռ բարձրացնողը։ Սպանելը քիչ է, պիտի կախաղան բարձրացնել, ո՛չ, ձգել նավթահորի մեջ խեղդել։

— Ես մի խաղաղ մարդ եմ, որովհետև, ինչ կուզեք ասեք, գիտությունը մարդու մեջ սպանում է վայրենի ինստինկտները։ Բայց, եթե թույլ տաք, հինգ անգամ կապտակեմ այդ վայրենուն։ Գոնե պետք է հասկացնել, որ կան մարդիկ, որոնց վրա ոչ մի ձեռք չպիտի բարձրանա։ Ալիմյաններն ինչ-որ Հաբեթյաններ չեն…

Նրա խոսքն ընդհատվեց Մարութխանյան ամուսինների գալստով։ Երեք օր էր նրանք նույն ժամին այցելում էին և չէին հաջողում Միքայելին տեսնել։ Իր սենյակում փակված՝ նա ոչ ոքի չէր ընդունում։

Տիկին Մարթան սկսեց հայհոյել Հաբեթյանի մորը, քույրերին ու բոլոր ազգականուհիներին, հայտնի չէր ինչու, հանգիստ թողնելով արական սեռը։ Նրա կարմրախայտ այտերի շուրջը կապտեց, երկարավուն քթի պնչերը դողացին, բարակ շրթունքները դեղնեցին։ Այդ կինը, որ նոր էր սգից դուրս եկել, հագնված էր ամենավերջին տարազով, բայց որպես մի անշնորհք, սակայն գեղեցիկ դերասանուհի կամ առաջին կարգի կոկետուհի։ Նրա ահագին գլխարկը զարդարված էր ամեն գույնի փետուրներով ու ծաղիկներով, իսկ մետաքսյա վարդագույն կիռասի թևերն այնքան լայն էին ուսերի կողմում և նեղ բազուկների վրա, որ նա նմանում էր չինական ծաղկամանի։

Մարութխանյանը նույն կարծիքի էր, ինչ որ իրավաբան Փեյքարյանը. պետք է գանգատվել դատարանին։

— Ամեն բան դատարանի ձեռքով, ամեն բան,- կրկնեց նա խորհրդավոր եղանակով,- ժամանակներս այսպես են, ինչ արած։

— Չէ՛, Իսակ, չէ, դա շատ քիչ է,— գոչեց Մարթան, որ բազկաթոռի վրա հանդարտ չէր կարողանում նստել, մերթ պտտում էր եղբոր, մերթ ամուսնու ու մերթ Սուլյանի կողմը, ինչպես լարված պաճուճապատանք։

— Այդ գյադային մի լավ պիտի ծեծել տալ։ Գիտե՞ս ինչպես. գցել հենց կլուբում, ուրիշների առաջ, ծեծել, ծեծել ու ծեծել։ Այնպես չէ՞, պարոն Սուլյան։

Սուլյանը մի ինչ-որ անորոշ շարժում արավ գլխով։ Ով գիտե՝ Իսակ Մարութխանյանն ինչ մարդ է, հանկարծ դրսում մի անզգույշ խոսք կասի, և Հաբեթյանը լսելով, կարող է Սուլյանին էլ թշնամի համարել։ Այժմ նա մտածում էր տիկին Մարթայի մասին, մերթ ընդ մերթ նրա վրա գաղտուկ իմաստալի հայացքներ ձգելով։ Նա չէր ուզում, որ տիկինը կատաղի, որովհետև այդ տգեղացնում էր նրա դեմքը։ Երբ Մարթան, ազատվելով սրտի առաջին մաղձից, հանդարտվեց, սկսեց սիրալիր ժպտալ ինժեներին, աշխատելով, սակայն, որ իր ժպիտները չնկատվեն ամուսնուց ու եղբորից։ Եվ խորամանկ ամուսինը, որի սրատես աչքերից առևտրական աշխարհում ոչ մի չնչին երևույթ խույս չէր տալիս, իր կնոջ վերաբերմամբ առհասարակ բավական կարճատես էր…

Իբրև զգույշ և հասկացող մարդ, Սուլյանր զգաց, որ այժմ ինքն ավելորդ է ընտանեկան շրջանում։ Հրաժեշտ տալիս նրա փոքրիկ աչքերը մի քանի վայրկյան սևեռվեցին Մարթայի աչքերին այն պահին, երբ տիկնոջ չոր-չոր մատները ցնցվեցին նրա ձեռքի մեջ։

— Հիմա կարող ենք մեր մեջ խոսել մեր ընտանեկան ցավերի մասին, — ասաց տիկինը, Սուլյանի դուրս գնալուց հետո։ — Արի, Միքայել, խոստովանիր, որ մեր եղբայրը մարդ չէ։ Եթե մարդ լիներ, հենց այսօր թշնամուդ գլուխը ջարդ ու փշուր կաներ։ Ա՜խ, Մեխակ, ուրիշներն էլ եղբայր ունեն, մենք էլ… Զրկում է մեզ հերիք չէ, պատիվներս էլ ուրիշների մոտ չի պաշտպանում։ Է՜հ, տերը նրա հետ, թող ինքն իր պատիվը պաշտպանի, եթե կարող է,- շարունակեց տիկինը, իսկույն փոխելով խոսքը,- միայն մեզ հանգիստ թողնի։ Հենց այդ է, որ հանգիստ չի թողնում, ինչ կա, բերել է ու մեր գլխին ձգել այդ կնոջն իր լակոտներով։ Աչքս լույս, իմ խեղճ հայրն արյուն-քրտինքով փող աշխատի, մի օտարուհի գա, տիրանա՞… Հապա դա աստված կվերցնի՞, Մեխակ… դու՛ ասա…

Իսակ Մարութխանյանը լսում էր լուռ, թույլ տալով կնոջը շարունակել նույն ուղղությամբ։ Նա գիտեր իր լարած մեքենայի զորությունը, գիտեր, որ Մարթան մինչև որ Միքայելին նորից չգրգռի Սմբատի դեմ, չպիտի լռի։

— Ինչո՞ւ մինչև հիմա մեզ վիզիտ չի անում,— շարունակեց Մարթան, նորից, հետզհետե տաքանալով,— հարցնող լինի, ո՞վ է, ո՞ւմ աղջիկն է։ եկել է թե չէ, մեր մոր օրը սևացրել է։ Խեղճ ծնողս ամեն օր աղի արտասուք է թափոմ։ Մեխա՛կ ջան, պետք է Սմբատին խելքի բերել։ նա մեր անունը խայտառակեց հայերի մեջ։ Ի՞նչ է քո վզին նստեցրել այդ քոծին…

Նա զարմացավ։ Այս անգամ Միքայելն անուշադիր էր դեպի իր դրդումները։ Կատաղեց և սկսեց ավելի պարսավել Անտոնինա Իվանովնային։ Բանն այնտեղ հասավ, որ չխնայեց եղբոր կնոջ բարոյական վարքն անգամ և ուղղակի կասկած հայտնեց նրա անցյալի մասին…

— Մարթա՛,— գոչեց, վերջապես, Միքայելը,— մի քիչ քաղաքավարի խոսիր. այդ կինը մեր եղբոր ամուսինն է, նրա երեխաների մայրը…

— Օհօ՜, օհօ՜, օհօ՜,— կրկնեց Մարթան, գրեթե նստած տեղը պարելով,—ա՜յ նոր բան։ Դու նրանց կող՞մն ես անցել, ուրեմն այդ կնիկը քեզ էլ է կախարդել…

Իսակը նոր միայն սկսեց կամաց-կամաց հանել ձախ ձեռքի ձեռնոցը։ Դա նշան էր, որ պատրաստվում է արդեն կնոջն օգնելու։

— Այսօր ես,— սկսեց նա հանդարտ, աչքով անելով Մարթային, որ լռի,— այսօր ես փաստաբանին ասացի, որ դատարանին խնդիր տա։

— Ինչի՞ մասին,— հարցրեց Միքայելը, թեև գիտեր փեսան ինչի մասին էր խոսում։

— Մեր դատի. կարծում եմ արդեն ժամանակն է։

— Չի՞ կարելի, արդյոք, մի քիչ էլ հետաձգել։

— Ինչու չէ, կարելի է,— պատասխանեց Մարութխանյանը, վարտիքի ծնկները սրբելով, թեև այնտեղ ոչինչ չկար,— երևի, խոստանում է կամավոր մեր բաժինը տալ, հը՞մ…

Մինչև այժմ Միքայելն անցուդարձ էր անում։ Լսելով փեսայի վերջին խոսքերը նայեց նրա երեսին, նստեց դեմուդեմ և, ոտը ձգելով ոտի վրա, ասաց.

— Ամոթ չլինի հարցնելը, ի՞նչ բաժնի մասին ես խոսում։

Մարդ ու կին նայեցին միմյանց երեսի, անշուշտ, Միքայելին մի բան է պատահել։

— Մեր հալալ բաժնի,— պատասխանեց Իսակը, ուսերը վեր քաշելով։

— Գիտես ի՞նչ, փեսա, ես Սմբատի հետ չեմ ուզում վեճի բռնվել, զուր եք մարդ ու կին ուզում ինձ խելքից հանել…

— Ի՞նչ, ի՞նչ,— գոչեց Մարթան,— դու չես ուզում, ես ուզում եմ, իմ երեխաներն ուզում են։

— Դու ժառանգ չես և իրավունք չունիս բաժին պահանջելու…

— Էհե՜, այդ էր պակաս։ Չէ՛, Իսակ, եղբորս խելքից հանել են…

— Կարելի է բոլորովի՞ն չես ուզում դատ սկսել,— հարցրեց Իսակը։

— Եթե կամենում ես ճիշտն իմանալ, այո՛, բոլորովին,— պատասխանեց Միքայելը։

— Հետաքրքրական է իմանալ, ինչո՞ւ։

— Հենց այնպես, քեֆս չի տալիս։

Մարութխանյանը մի սուր, երկարատև հայացք ձգեց Միքայելի աչքերի մեջ։

— Ի՞նչ ես այդպես մտիկ անում,— բարկացավ Միքայելը կանաչ-դեղնագույն աչքերի անախորժ փայլից — մի՞թե կարծում էիր՝ այնքան ընկած եմ, որ խարդախության կդիմեմ եղբորս դեմ՝ գրպանդ հարստացնելու համար։ Սխալվում ես, ես սրիկա չեմ…

Մարութխանյանն սկսեց անհանգիստ շարժումներ անել։ Բանն այն է, որ նա իր կնոջը հավատացրել էր, թե կոնտրկտակն իսկական է։

— Եթե չես ուզում դատ սկսել,— ասաց նա,— ի՞նչ հարկավոր է ավելորդ խոսելը։ Մարթա՛, վեր կա՛ց, գնանք… Միխայիլ Մարկիչն այսօր քեֆ չունի…

Միքայելը նրա աչքերի մեջ կարդաց կծու հեգնության հետ և մի չար դիտավորություն։ Թվաց նրան, որ այդ աչքերի մեջ նստած մի զույգ զազրելի սողուններն ինչ-որ դավ են սարքում իր դեմ։

— Գիտե՞ս ինչ, փեսա, արտասանեց նա ակամա, չկարողանալով զսպել նողկանքը,— դու… դու լավ մարդ չես, ներիր ինձ…

Մարութխանյանը հեգնաբար ծիծաղեց բարձրաձայն։ Նրա չոր ձայնը հնչեց որպես մի ցուրտ, անախորժ քամի։ Լամպարի լույսն ընկել էր ուղիղ նրա դեմքի վրա և լուսավորում նրա մի քիչ երկայնաձև գլուխը, որ դդումի ձև ուներ։

— Ես լավ մարդ չեմ, հա՜, հա՜, ա՜,— կրկին ծիծաղեց նա և ոտի կանգնեց.— Մարթա՛, առաջ ընկիր… Ես իմ հաշիվները գիտեմ, լավ մարդ չեմ, բայց իմ հաշիվները գիտեմ…

— Մեխակ,— գոչեց Մարթան, որ զարմացած մերթ նայում էր ամուսնուն, մերթ եղբորը, լավ չըմբռնելով նրանց վեճի իսկական իմաստը,— դու իմ մարդուն վիրավորում ես, խելքդ գլխի՞դ է…

— Առաջ — ո՛չ, այժմ, փառք աստծու, գլխիս է, միայն վախենում եմ, որ այդ մարդը քո խելքը չուտի։ Գիտե՞ս, նա շատ ագահ է, о՜о, շատ ագահ, ամեն բան ուտում է…

— Տեսնենք,— ասաց Իսակը, գլխարկը բազկաթոռի վրայից վերցնելով,— վախենում եմ մի օր այդ խոսքերի համար չփոշմանես, Միխայիլ Մարկիչ։

— Դե լավ, թո՛ղ ինձ հանգիստ, գնա՛ բանիդ…

— Ի՞նչ, դու Մարութխանյանին դո՞ւրս ես անում տնիցդ,— արտասանեց հյուրը, աջ ձեռով գլխարկի եզրը խփելով ձախ ձեռքին,— а что же, վատ մարդ եմ, ես էլ ցույց կտամ իմ վատությունը… Մարթա՛ , գնանք, ես սկանդալիստ չեմ…

Միքայելը լուռ ու վրդովված նայեց քրոջ ու փեսայի հետևից, մինչև որ դուրս գնացին,— կինը հուզված, մարդը սատանայաբար ժպտալով։

–Օ՛ձ,— թռավ ակամա նրա բերանից։

Նա զգաց մի տեսակ թեթևություն։ Հնարովի կտակի խնդիրը նրա համար մի ակամա բեռ էր։ Հոգու խորքում վաղուց էր զգում նրանից ազատվելու պահանջ։ Այժմ ուրախ էր, որ միանգամից դեն ձգեց ուսերից այդ բեռը։ Դա մի համարձակ քայլ էր նրա համար։ Մի քայլ, որ ներշնչեց նրան եռանդ մի ուրիշ ավելի համարձակ քայլ անելու։ Նայեց ժամացույցին. դեռ նոր էր լրացել ութ ժամը։ Բութ մատի ծայրը սեղմեց ատամներին, նայեց հատակին, ձախ բռունցքը կողքին հենած։

Նա գործեց մի վճռական շարժում, մոտեցավ սեղանին, մատը սեղմեց զանգակի կոճակին։

— Սմբատը տա՞նն է,— հարցրեց Բաղդասարին։

— Հենց էս սհաթիս դուրս գնաց։

— Տուր ինձ վերարկուս։

Նա շտապով հագնվեց և դուրս եկավ հաստատ քայլերով։ Երեք օր էր՝ մտածում էր ու տատանվում։ Այժմ ուզեց, վերջապես, մի հարվածով լուծել հանգույցը։ Թող ինչ լինելու է, լինի։ Նա իր պատիվը մի անգամ արդեն դրել է թղթախաղի, այլևս կանգ առնելը երեխայություն է։ Թող ինչ ուզում են ուրիշները մտածեն։ Նա կանի այն, ինչ որ թելադրում է իր սիրտը։ Նրան տիրել էր անսովոր համարձակություն։ Այն, ինչ որ ուզում էր անել, այլևս նրան չէր թվում այնքան ծանր ու անախորժ, որքան մեկէլ օրը, երեկ, նույնիսկ մի ժամ առաջ։ Վռնդելով իր տնից Մարութխանյանին, նրան թվում էր, թե վռնդեց իր սրտից ամեն մի վեհերություն…

Եղանակը ցուրտ էր, երեկոն սաստիկ մութ։ Թանձր մառախուղի մեջ փողոցային լապտերները ներկայացնում էին մի տեսակ մոխրագույն կետեր։ Բարակ անձրևը սալահատակները թրջել էր և դարձրել լպրծուն։ Նա ստեպ-ստեպ սայթաքում էր, բայց կառք չէր ուզում նստել։ Հաճելի էր նրան թրջվել անձրևի տակ, ծծել խոնավ օդը, դողդողալ ցրտից։

Քառորդ ժամ անցած, կանգ առավ մի նորաշեն տան առջև, մտածեց մի վայրկյան և մատը սեղմեց զանգակի կոճակին։ Դռները բացվեցին այն վայրկյանին, երբ մի հանկարծակի մտքից դրդված ուզում էր հեռանալ։

— Տա՞նն է պարոնդ,— հարցրեց ռուս աղախնին, որ երևաց դռան շեմքի վրա։

— Տանն է։

Մտավ ներս, բարձրացավ մի փոքրիկ սանդուղքով, անցավ էլեկտրական փոքրիկ լապտերով լուսավորված նախասենյակը։ Նրա մարմնին տիրեց անսովոր ջերմություն, զգաց, որ արյունն ուժգին հոսում է դեպի գլուխը, սիրտն արագ-արագ բաբախում։ Բայց հետ չդարձավ։ Մատներով զարկեց դռներին։ Եվ ներսից լսվեց ծանոթ ձայնը։

— Մտե՛ք։