Jump to content

Քաոս/Երկրորդ մաս/V

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

V


Նույն պահին, երբ կատարվում էր այս վայրենի գործողությունը, Ալիմյան ընտանիքի գլխին մի ուրիշ դժբախտություն էր եկել։

Քաղաք վերադառնալով, Սմբատը լսեց, որ Արշակն առավոտից անհետացել է, հայտնի չէ ուր։ Այն մարդը, որ նշանակված էր նրա վրա հսկիչ կամ, ինչպես Սրաֆիոն Գասպարիչը նրան անվանում էր «լյալա», ամբողջ օրը փնտրել էր, չէր գտել։ Բանը պատահել էր այսպես. առավոտն Արշակը Սրաֆիոն Գասպարիչից փող է խնդրում. ծերունին, փողը նրան տալու փոխարեն, տալիս է հսկիչին։ Արշակը կատաղում է, կռվում բոլորի հետ և բոլորին հայհոյում փողոցային հիշոցներով։ Հետո վազում է և փակվում Սմբատի առանձնասենյակում։ Հսկիչը չի համարձակվում նրա հետևից գնալ։ Մի քիչ անցած, պատանին դուրս է գալիս այնտեղից գողնովի. ոչ ոք չի տեսնում նրան, բացի Անտոնինա Իվանովնայի աղախնից։ Արշակը գունատված և հուզված գոչում է. «կասես բոլորին, որ էլ երեսս չեն տեսնիլ»։ Աղախինն անմիջապես վազում է և այրի Ոսկեհատին հայտնում։ Այրին իսկույն հսկիչին ուղարկում է որդու հետևից։ Ամեն տեղ խեղճ մարդը փնտրում է պատանուն և չի գտնում։

Լսելով անախորժ լուրը, Սմբատը ձեռը խփեց ճակատին և շտապով անցավ իր սենյակը։ Մոտեցավ գրասեղանին, շարժեց դարանը, որ իսկույն բացվեց առանց բանալիի։ Նայեց և ապշած հետ կանգնեց մի քայլ։ Միջին դարանը կոտրած էր, թղթերը տակն ու վրա արած։

Սմբատը նայեց դարանի անկյունները, խառնեց թղթերը, բաց արավ մյուս դարանները, որոնեց սեղանի վրա, թղթապանակների մեջ և, որոնածը չգտնելով, թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա։ Առավոտը բանկից բերել էր տվել բավական խոշոր մի գումար, որ հանքերից վերադառնալուց հետո, նույն երեկո պիտի բաժաներ նոր շինության վրա աշխատող կապալառուներին և արհեստավորներին։

Դրամի կապոցն անհետացել էր։ Կասկած չկար, որ գողացել էր Արշակը։ Ահա, ուրեմն, նրա փախչելու պատճառը. պակասում էր գողությունը - այս էլ արավ։

Նա թղթերը ժողովեց, դրեց դարանը, իջավ գրասենյակ և սպասող արհեստավորներին խնդրեց վաղը գալ վարձ ստանալու։ Հետո կանչեց գործակատարներին, և պատվիրեց Արշակին որոնել ամենուրեք, նույնիսկ անառականոցներում։ Արդեն այնքան վատ գաղափար ուներ եղբոր մասին, որ կարծում էր, թե միայն անառակ կանանց համար պիտի շռայլի գողացած փողերը։ Նա ոչ ոքի չհայտնեց գողության մասին, նույնիսկ Սրաֆիոն Գասպարիչին։

Նորից բարձրացավ վերև, ենթարկվեց մոր կծու կշտամբանքին։ Այրին ասում էր։ թե Արշակը մեղավոր չէ, որ տնից փախչում է։ Վերջին ժամանակ նրան կատարելապես տանջում էին․ բանտարկել էին, ոտով-ձեռով կապել ինչ-որ «լյալայի» հետ։ Ծախսի փող չէին տալիս «խեղճ երեխային»։ Արշակը մազերը փետտում էր, լաց լինում, սպառնում էր իրեն սպանել։ Նա կատարել է իր սպառնալիքը․ կամ ծովն է ընկել, կամ պարանով խեղդվել, կամ ռեվոլվերով իրեն սպանել։ Տաքարյուն տղա է, կանի, անպտաճառ կանի…

— Իսկի էլ չի անիլ,— գոչեց Սմբատը վշտացած մոր կշտամբանքից,— նա ինքնասպանություն գործող տղա չէ։ Կարող եմ հավատացնել, որ այժմ, անառակների հետ շնթռած, քեֆ է անում։

— Ո՛չ, խելոք է որդիս, ո՛չ գիժ,— ասաց այրին, արտասուքը սրբելով,— մեկը փչացավ, մյուսն էլ նրա ճանապարհով է գնում։ Իսկ դու, դու նրանցից ավելի վատ դուրս եկար, ավելի խորը խոցոտեցիր սիրտս…

Ազատվելով մոր ձեռքից, Սմբատն ընկավ քրոջ ձեռքը։ Ներս մտավ թե չէ, տիկին Մարթան սկսեց ուղղակի հարձակվել նրա վրա։

— Դու հորս որդուն չես թողնում օր տեսնի։ Ընկել ես կնոջդ կոշիկների տակ, ինչ ուզում է, անում ես։ Քանդեց իմ ծնողների տունն այդ կնիկը։

— Մարթա, թո՛ղ այդ կնոջը հանգիստ, խոսք ունիս ասելու, ինձ ասա։

— Քեզ ասելու ոչինչ չունեմ, կռիվս նրա հետ է, նա է քանդում մեր տունը։ Մարկոս աղայի սիրած որդին գրպանում ծախսի փող չունենա, գնա իրենը ծո՞վը գցե, բաս այս կվերցնի՞ աստված…

— Այո՛, գրպանում փող չունի, բայց սիրուհիներ պահում է,— ասաց Սմբատը դառն հեգնությամբ,— ինձանից թաքուն մորից ստացած փողերով։

— Աոաջինը սուտ է, Արշակը սիրուհիներ չունի, երկրորդը, եթե ունի էլ, շատ լավ է անում՝ պահում է, թշնամիների աչքն էլ է հանում։ Ո՞վ չունի մեր ժամանակում սիրուհիներ։ Եթե իմ մարդը, ինձ պես կնիկ ունենալով, պահում է սիրուհիներ, ինչո՞ւ Արշակի պես ջահելը չպիտի պահի… Ժամանակիս սովորությունն է։

Սմբատը զայրացած և ապշած նայեց քրոջ երեսին։ Այդ հանդուգն պարզախոսությունը վիրավորեց նրան մինչև հոգու խորքը, դիպչելով արյունակցական զգացմանը։ Նա ամաչեց։

— Լռի՛ր, լռի՛ր, Մարթա…

Բայց Մարթան արդեն կորցրել էր չափավորության զգացումը։

— Ո՜ւխ,— արտասանեց նա,— սուրբը դու ես, դո՛ւ ոտից մինչև գլուխ։ «Լռի՛ր». իսկի էլ չեմ լռիլ։ Ի՞նչ կա, ումի՞ց պիտի քաշվեմ։ Չլինի՞ թե քեզանից։ Ինչպե՞ս չէ, քեզ էլ ենք լավ ճանաչում։ Դու որքան կարող ես, շուտ-շուտ գնա Բալախանի…

Ակնարկն այնքան հանդուգն էր, որ Սմբատը չկարողացավ իրեն զսպել և բարձրաձայն գոռաց.

— Լռելո՞ւ ես, հիմար կին, թե՞ չէ…

— Ի՞նչ է, սրտիդ դիպան, հաա՞։ Մի՛ վախենա, ես իսկի էլ քեզ չեմ նախատում։ Այդ տեսակ կնիկ ունեցողը կարող է անել, ինչ որ քեֆն է…

Այրի Ոսկեհատն ընկավ աղջկա ու որդու մեջ և աղերսեց վերջ տալ կոպիտ վեճին։

Սմբատը դուրս գնաց, բայց նրան սպասում էր ուրիշ տեսարան։ Անտոնինա Իվանովնան սաստիկ հուզված էր։ Մի փոքր առաջ սկեսուրը նրան վիրավորել էր։ Վշտացած մայրն իր սրտի թույնը թափում էր առաջին պատահողի գլխին։ Հանդիպելով հարսին բնակարանները բաժանող միջանցքում, նա անխոհեմաբար արտասանել էր մի քանի վիրավորական խոսքեր ռուսերեն լեզվով: Խոսքեր, որոնց իսկական իմաստը չգիտեր։ Հարսը հասկացել էր միայն կոպիտ հիշոցները, առանց հասկանալու նրանց շարժառիթը։ Իսկ շարժառիթը սովորական էր այն օրից, երբ նա ոտ է դրել Ալիմյանների տունը, ընտանիքի թշվառություններին վերջ չկա։

Անտոնինա Իվանովնան ներվային կին չէր, բայց այս անգամ այնքան վիրավորվել էր, որ տեսնելով Սմբատին հեկեկաց։

— Այս կյանք չէ, այլ դժոխք,— կրկնում էր նա։

— Ո՛չ, դժոխք չէ, այլ քաոս,— արտասանեց Սմբատը։

Նյարդերն այլևս անզոր էին դիմանալ ընտանեկան փոթորկին։ Գլուխը պտտում էր, արյունը պղտորվել էր։ Վախեցավ, մի գուցե ընդհարումն ավելի սուր կերպարանք ստանա և ակամա կրկնակի վշտացնի կնոջը, որին այս դեպքում անմեղ վիրավորված էր համարում սկեսուրի կողմից։

Նա շտապեց դուրս։ Նա փախչում էր և՛ կնոջից, և՛ մորից, և՛ եղբայրներից ու քրոջից։ Ի՜նչ չնչին և ծաղրելի կյանք - գտնվել երկու հակառակ տարրերի մեջ և կատարել ինչ-որ անզոր նշանակի դեր՝ երկու կողմից տեղացող կրակի համար։ Ահա՛ թե կյանքի դրաման երբեմն որպիսի, ըստ երևույթին, չնչին բաներից է հյուսվում։ Ի՞նչ անել, արդյոք, բաժանվել մորի՞ց, թե՞ կնոջից։ Ո՛չ այս կարող է անել, ո՛չ այն։ Մեկի հետ կապված է հայրական կտակով և որդիական սիրով, մյուսի հետ՝ զավակներով։ Թող փիլիսոփաները տեսականորեն վճռեն դիլեման, բայց Սմբատն անզոր է նրան վճռելու…

Նա կառք նստեց, դիմեց դեպի ծովեզրը, գնաց Բաիլով թերակղզին։ Սառը և լուսնկա երեկո էր։ Ծովը հանդարտ էր, միայն եզերքի թեթև ալիքները, շփվելով ավազոտ ափերին, տարածում էին մեղմիկ շառաչյուն, որ հիշեցնում էր մետաքսի խշխշյուն։ Նոսր կաթնագույն մշուշով տոգորված մթնոլորտը խոնավ է։ Պայծառ լուսնի շողերը, անցնելով այդ մշուշի միջով, ծավի մակերևույթը չէին լուսավորում, այլ սքողում էին մի նուրբ շղարշով, սրի ներքո նավերի անթիվ կայմերը ներկայացնում էին խորհրդավոր անտառ։ Մերթընդմերթ լսվում էին շոգեշարմ նավակների շվիկների սուլոցները, որ, սուր նետերի պես օդը ճեղքելով, տարածվում էին հեռու ու հեռու։

Գործնական քաղաքը դեռ չէր նիրհել։ Այնտեղ տիրում էր խուլ դղրդյուն։ Այդ դղրդյունի միջից լսվեց մի զիլ ձայն, որ հետզհետե սաստկանալով, իջավ ցած ու ցած և կորավ, չքացավ մթնոլորտի մեջ։ Ո՞վ գիտե ուր երգում էր մի պարսիկ, իր սրտի ուրախությունը թե վիշտը բարձրաձայն հաղորդելով ամենակուլ տարածությանը։

Սմբատի կառքը բարձրանում էր մի բարձրավանդակով, և քանի գնում, ծովն ավելի ու ավելի ընդարձակվում է նրա առջև։ Երկու կառք սլացան նրա մոտով և առաջեցին։ Մի խումբ զվարճամոլներ, ով գիտե ինչ քեֆից հետո, դուրս էին եկել մաքուր օդ շնչելու։ Մեկը տեղական հասարակ շվու վրա նվագում էր Cavaliera rusticana-յից մի թախծալի կտոր։ Նվագողը ոգևորված էր։ Մեղմ և ախորժալուր հնչյունները թափանցում էին մարդու սիրտը։ Կարծես, այդ հնչյունները լուսնից էին գալիս և կազմում աննման մի ներդաշնակություն մելամաղձիկ երկնի հետ։

Եվ այս բոլորն ազդում էր Սմբատի գրգռված հոգու վրա, բորբոքում նրա սրտի վերքերը։ Թվում էր նրան, որ այս պահին բոլորը բախտավոր են, բացի իրենից։

Հասնելով թերակղզու ծայրը, կառապանը կառքը հետ դարձրեց, առանց հարցնելու Սմբատի կամքը։

Նա վերադարձավ տուն։ Ուղարկված գործակատարները դեռ ոչ մի լուր չէին բերել Արշակի մասին։ Ոսկեհատը լալիս էր և անիծում իր վիճակը։ Մարթան, մի անգամ ևս մորը լարելով Անտոնինա Իվանովնայի դեմ, հեռացել էր։ Իսկ Անտոնինա Իվանովնան քաշվել էր իր սենյակը և խորհրրդակցում էր եղբոր հետ՝ իր անելիքի մասին։

Տանը տիրում էր մի անհյուրընկալ սառնություն, որ ճնշեց Սմբատի հոգին։ Նա շտապեց դուրս գալ նորից։ Այս անգամ, ոտով մի քանի փողոցներ անցնելով, մտավ քաղաքի առաջին ճաշարաններից մեկը։ Նստեց ընդարձակ սենյակի մի խուլ անկյունում և պահանջեց մի շիշ գարեջուր։ Մյուս սենյակից լսվում էր բիլիարդի գնդակների չխչխկոցը։ Շուրջը նստած էին փոքրիկ սեղանների քով թվով մոտ քսան եվրոպացիներ, մեծ մասամբ շվեդացիներ ու գերմանացիներ։ Խմում էին, ընթրում, զվարճախոսում, ծխելով իրենց կարճլիկ ծխաքարշերից։

Սմբատի զգացումները շուտով սկսեցին բթանալ թմրեցուցիչ գարեջրի ազդեցությամբ։ Մի պահ նրա աչքերից հեռացավ այն սև ուրվականը, որին համարում էր իր անհաջող սկսված ու դժբախտ շարունակվող ամուսնական կյանքը։ Մոռացավ նաև Արշակին։ Արժե՞ միթե մտածել նրա մասին։ Կվատնի փողերն ու վաղ թե ուշ կվերադառնա տուն։ Ի՞նչ ասել է եղբայրական սեր, եթե ոչ մի հին նախապաշարում։ Նույնն է և՛ որդիական սերը։ Բոլորը դատարկ, անիմաստ զգացումներ են, որ մարդիկ արվեստականորեն զարգացրել են իրենց մեջ դեռ վայրենության դարերում։ Այո՛, կեղծ են բոլոր արյունակցական զգացումները, ինչպես կեղծ է առհասարակ մարդկային զգացումների իննսուն տոկոսը։ Միայն մի զգացում է արմատական, անկեղծ, բնածին և անջնջելի - եսասիրությունը։ Հեռո՜ւ նախապաշարումներ, պետք է եսամոլ լինել։ Սպասավո՛ր, գարեջուր։ Այս լավ չէ, ուրիշը բեր, բե՛ր և մի բաժակ կոնյակ, բե՛ր երկրորդը, երրորդը։

Նա խմում էր բաժակ-բաժակի հետևից։ Մենակ Էր, ազատ՝ կնոջ անախորժ ձայնից, մոր անվերջ բողոքներից, երեխաների աղմուկից։ Ա՜խ, երանի ամուրիներին։ Ի՜նչ հաճելի է ռեստորանի մթնոլորտը, այս անծանոթ հյուրերի զվարթ դեմքերը։ Այստեղ ամեն ինչ պարզ է և հասկանալի, իսկ տանը՝ բարդ, մթին։

Նա գլուխը դրեց կռների վրա՝ սեղանի եզրին։ Մտքերը խառնաշփոթվել էին, այլևս չգիտեր ում մասին մտածի։ Բոլորը և ամեն ինչ խառնվել էին նրա գլխում և դարձել անթափանցելի քաոս…

Մեկը ծխախոտի թանձր ծխի միջից մոտեցավ նրան, գդակը ձեռին, և կամացուկ արտասանեց նրա անունը։ Նա գլուխը բարձրացրեց և տեսավ այն գործակատարներից մեկին, որոնց պատվիրել էր Արշակին գտնել։

— Գտա՞ք այն անպիտանին,— հարցրեց նա, շիշը բարձրացնելով, որ բաժակը լցնի։

— Այսօր տասներկու ժամին նրան տեսել են երկաթուղու կայարանում մի կնոջ հետ, գնացքի ժամանակ։

— Մի կնոջ հե՞տ,— կրկնեց Սմբատը,— ախ, անպիտա՜ն գարշելի՜… Պետք է փնտրել ու գտնել, անպատճառ գտնել։ Է՜ է, ինչո՞ւ եք եկել, ո՞վ ասաց, որ առանց գտնելու գաք…

— Եկել եմ հայտնելու, որ հանքերից ձեզ խնդրում են…

— Հրդե՞հ,— գոչեց Սմբատը,— է՛, ի՞նչ անեմ թող այրվի ամեն բան, թող այրվի, ոչնչանա…

— Հրդեհ չկա, ուրիշ բանի համար են կանչում։

— Շատ լավ, շատ լավ։ Ասում եք՝ Արշակին տեսել են կայարանո՞ւմ։ Ուրեմն, նա փախել է այդ կնոջ հետ։ Պետք է ոստիկանությանը հայտնել, ամեն կողմ հեռագիրներ տալ, մարդիկ ուղարկել։ Ա՜խ, անբարոյակա՜ն, փչացա՜ծ մանուկ։ Սպասավո՛ր, ստացիր խմածիս փողը… Ես իսկույն կգնամ ոստիկանատուն։ Ոստիկանատո՞ւն,— ավելացրեց նա, հանկարծ եղանակը փոխելով,— ի՞նչ հիմարություն։ Ինչո՞ւ պիտի գնամ, մի՞թե պարտավոր եմ գնալու։ Էհ, թող կորչի անիծվածը․ նա իմ եղբայրը չէ, ես եղբայր չունեմ։ Դուք էլ հեռացե՛ք այստեղից, լսո՞ւմ եք, հեռացեք, թողեք ինձ հանգիստ։ Սպասավոր, կոնյակ բեր…

Գործակատարն ապշած նայում էր, առաջին անգամն էր տիրոջը տեսնում այդպես հարբած։

— Եթե կամենաք, ես կգնամ ոստիկանատուն,— ասաց նա, գդակը ձեռների մեջ ճմլտելով,— իսկ ձեզ խնդրում են անպատճառ և իսկույն գնալ հանքերը…

— Է՜հ, հանքերը, հանքերը, ձանձրացրին ինձ այդ հանքերը։ Սպասավոր, տելեֆոն ունե՞ք։

— Կա։

Գործակատարը տելեֆոնի թելը միացնել տվեց Ալիմյանների հանքերի հետ, կանչեց Սուլյանին։ Սմբատը խոսեց ինժեների հետ և իմացավ Միքայելին պատահած դժբախտությունը։

— Ծեծե՞լ են․ էէ՜յ, վիրավորե՞լ են, բայց ո՞վ,— գոչեց նա, մոլոր քայլերով հեռանալով տելեֆոնից։

Լուրը բավական սթափեցրեց նրան։ Տրորեց ճակատը, կարծես, քնից արթնանալու համար, հրամայեց գործակատարին գնալ, ոստիկանատանը հայտնել Արշակի կորստյան մասին, իսկ ինքը դուրս եկավ, կառք նստեց և հրամայեց քշել դեպի հանքերը։

Սառն օդն արթնացրեց նրա թմրած ուղեղը։ Եղբոր ծեծվելու լուրը նոր միայն սկսեց ազդել նրա վրա։ Ո՞վ գիտե, գուցե սպանված է, Սուլյանը թաքցրեց։ Կարող էր ինքնասպանություն գործել, վերջին ժամանակ շատ էր խորասուզվել ինքն իր մեջ։ Հարկավ, տանջվում էր վիրավորված պատվի զգացումից։ Տեր աստված, այս ի՞նչ խայտառակ դրություն է. մեկը ծեծված և անպատիվ եղած ամբողջ քաղաքում, մյուսը՝ հիվանդոտ, գող և փախստական, քույրը՝ կռվարար, չարասիրտ, մայրը՝ թույլ իր զավակների բարք ու վարքերի վերաբերմամբ։ Իսկ ի՞նքը. ի՞նչ էր անում այն ճաշարանում։ Հարբում էր իր վշտերը մոռանալու համար։ Այդ ի՞նչ չար ոգի է մտել Ալիմյան ընտանիքի մեջ և քայքայում է նրան։ Ո՞վ է անիծել այդ խեղճ ընտանիքին։ Ինչո՞ւ հարստությունը երջանկացնելու փոխարեն դժբախտացնում է նրան։ Վերջապես , այս ի՞նչ ընտանիք է, ավանդությունները մոռացված, բարոյական կապերը խախտված, ի՞նչ պիտի լինի այս քաոտիկ դրության վերջը…

Այս ծանր մտքերի տակ Սմբատը հասավ հանքերը։

Ծեծն այնքան սաստիկ էր եղել, որ Միքայելի կյանքին վտանգ էր սպառնում։ Բաց օդի տակ նա մնացել էր ուշաթափ երկար ժամանակ։ Ուշքի գալով, իրեն տեսել էր մի քանի մշակների ձեռների վրա։ Նորից ուշաթափվելով և նորից ուշքի գալով, աչքերը բաց էր արել և գլխի վրա նշմարել էր Սուլյանի ու Դավիթ Զարգարյանի հուզված դեմքերը, նաև մի զույգ անկեղծ ցավակցությամբ լի սիրուն աչքեր։

Անմիջապես լուր էին տվել տեղական ոստիկանությանը, բժիշկ էին հրավիրել վերքերը կապելու։ Նա խնդրել էր, որ ոստիկանապետն իրեն քննության չենթարկի․ անհայտ չարագործներ էին, կողոպտելու համար ծեծեցին և անհետացան։ Ոչ մեկին չի ճանաչում։

Տեսնելով Սմբատին, նա արտասվեց երեխայի պես։

— Երեքը մեկի վրա, երեքը մեկի վրա,— կրկնեց նա, կարծես վախենալով, որ եղբայրը կմեղադրի իրեն պարտության համար։

Նրա ամբողջ մարմինը ծածկված էր կապույտ բծերով, բազուկը դանակի հարվածով վիրավորված, դեմքն անխնա ճանկռոտված։ Ամենից վտանգավորը գլխի վերքն էր։ Բժիշկն ասում էր, թե այդ վերքից կարող է առաջանալ արյան բորբոքում։ Անհրաժեշտ է համարում անպայման անդորրությունը։

Զարգարյան ընտանիքը շրջապատել էր նրան, ամեն ոք աշխատում էր մի բանով օգտակար լինել։

Հետևելով հոգու բնական բարի ձգտումներին, Շուշանիկը մոռացավ իր վիրավորանքը և սկսեց հարազատ քրոջ խնամքով ծառայել հիվանդին այնպես, ինչպես շատ հիվանդ բանվորների էր ծառայել։ Դեպքը բացառիկ էր. ներելի էր մի օրիորդի ցավակցել մի օտար երիտասարդի, որ պառկած էր կից սենյակում, ջարդված, վիրավոր և հուսահատ։ Ուստի տնեցիները դեմ չէին, որ նա ծառայի հիվանդին։

Հետևյալ օրը ճակատի վերքն սկսեց Միքայելին նեղել։ Հարկավոր եղավ քաղաքից հրավիրել վիրաբույժ։ Զննեց և գլուխը տարակուսաբար շարժեց, վերքը բավական խոշոր էր և խորը. վտանգը ուղեղին էր սպառնում։ Հիվանդը ստեպ-ստեպ ուշաթափվում էր։

Սմբատն ուղևորվեց քաղաք՝ դժբախտ լուրը մորն զգուշությամբ հաղորդելու։ Այրին տակավին հուսահատ դրության մեջ էր։ Նա չէր հավատում, թե Արշակին տեսնող է եղել կայարանում։ Շարունակ կրկնում էր. «աշխարհը տակն ու վրա արեք, խեղճ երեխայիս մարմինը գտեք»։ Նույնը կրկնում էր և՛ նրա աղջիկը։ Եվ երկուսն էլ իրենց սրտի թույնը թափում էին Անտոնինա Իվանովնայի գլխին, տեղի անտեղի բարձրաձայն հայհոյելով նրան, որ իր հետ մի շարք դժբախտություններ բերեց ընտանիքի գլխին։

Նոր լուրը, հարկավ, սաստիկ ներգործեց այրիի վրա։ Նա ուշաթափվեց։ Նրան ուշքի բերեց Մարթան, և իսկույն մայր ու աղջիկ ճանապարհ ընկան դեպի հանքերը՝ Իսահակի ուղեկցությամբ։ Հասան այն ժամանակ, երբ բժիշկները սպասում էին ուղեղի բորբոքման։

Իսահակ Մարութխանյանը, չափազանց հետաքրքրված, թաքուն հարցնում էր բժիշկներին, կմեռնի՞ արդյոք Միքայելը, թե՞ կապրի։ Բժիշկներից մեկը հուսահատությամբ գլուխը շարժեց։ Եվ ոչ ոք Մարութխանյանի կանաչ-դեղնագույն աչքերի մեջ չնշմարեց ուրախության փայլը։

Իրիկնադեմին Միքայելը գիտակցությունը կորցրեց, սկսեց զառանցել սաստիկ տաքությունից։ Ամբողջ մի ժամ ինքն իրեն խոսում էր, տրորվելով անկողնի մեջ։ Մերթ նստում էր, մերթ պառկում, շարունակ վերմակը վրայից հեռացնելով։ Նրա անկապ խոսքերն այրիի համար մասամբ պարզեցին զգուշաբար թաքցրած գաղտնիքը։ Արդեն Մարթան մի քանի անգամ ակնարկել էր նրա մոտ եղբոր և տիկին Ղուլամյանի մեջ եղած հանցավոր կապի մասին։ Այրին մի առանձին նշանակություն չէր տվել լուրին, ժամանակները փոխվել են, այն շատ առաջ էր, երբ կինը հավատարիմ էր ամուսնուն։ Այժմ ամենքը դավաճանում են։ Ինչ անենք, որ Անուշ Ղույումյանի թուլությունից օգտվողը նրա որդին է։ Երիտասարդ է, ամուրի, «տաքարյուն», թող ապրի, «քեֆ անի»։ Նա մտքում դեռ մի փոքր էլ պարծեցավ որդու քաջությամբ։ Ղոչաղ տղա է, որ կարողանում է կնոջը մարդու ծոցից հանել, միայն պետք է զգույշ լինի, «թաքուն անի» ամեն բան, որ ոչ ոք չիմանա։

Միքայելն իր զառանցանքի մեջ կրկնում էր. «կորի՛ր, խայտառակ, անպատկառ, դու ինձ անպատվեցիր, դու ինձ կեղտոտեցիր, սպանեցիր բարոյապես, կորի՜ր, կորի՜ր»… Հաջորդ խոսքերից Սմբատն արդեն հասկացավ, որ Պետրոս Ղուլամյանն է ծեծել տվել Միքայելին։

Զառանցանքն անցավ կես գիշերից հետո։ Հիվանդը լռեց ու նիրհեց։ Առավոտը, աչքերը բանալով, պղտոր հայացքը հառեց մոր երեսին։ Չնայելով տակավին շարունակվող տագնապին, զգում էր ինչ-որ թեթևություն։ Գլխի վերքը երեկվա չափ ցավ չէր պատճառում։ Երբեք մայրական դեմքն այնքան հաճելի չէր թվացել նրան, երբեք այնքան գգվանքի կարոտ չէր զգացել, որքան այդ օրը։ Նա զգացվեց, բռնեց մոր ձեռը և սեղմեց կրծքին։

Ներս մտավ Շուշանիկը՝ թեյի սկուտեղը ձեռին, մոխրագույն շալն ուսերին գցած։ Նրա այլևս մտախոհ դարձած աչքերը կարեկցաբար դարձան դժբախտ մոր կողմը, լռիկ հարցնելով, արդյոք, ինչպե՞ս է այսօր հիվանդը։ Այրին գաղտնի սրբում էր տամուկ աչքերը սև մետաքսյա թաշկինակով։ Հիվանդի դեմքով սահեց խորին երախտագիտության ժպիտ։ Սպիտակ թաշկինակով կապված ճակատի տակից կարմրած աչքերը հառեց օրիորդի վրա։ Մտաբերեց այն օրը, երբ հանդգնել էր այդ անարատ և բարեսիրտ էակի վերաբերմամբ արտահայտել կեղտոտ միտումներ։ Բարկացավ մտքում ինքն իր դեմ, որ դեռ երեկ զարմանում էր, թե ինչու այդ աղջիկն աղքատության մեջ այնքան հպարտ է, ինքնասեր, անմատչելի։ Ա՜խ, ինչպե՞ս հասկացնի այժմ, թե պատրաստ է հենց այս դրության մեջ չոքել նրա առջև, հազար անգամ ներում խնդրել, նույնիսկ համբուրել հագուստի փեշերը, ինչպես սրբություն։

Երբ Շուշանիկը, սովորական «բարի լույս» ասելով, սկուտեղը դրեց սեղանի վրա և հանդարտ քայլերով դուրս գնաց, հիվանդը դարձավ մորը.

— Հավանո՞ւմ ես այդ աղջկան։

— Շատ…

Հիվանդի պղտոր աչքերի մեջ փայլեց ուրախություն, որ սակայն, նույն վայրկյանին փոխվեց տրտմության։ Ուրիշ ոչինչ չասեց, երեսը դարձրեց պատին և հառաչանքը խեղդեց վերմակի տակ։ Մի փոքր անցած, մայրը լսեց նրա զսպված հեկեկանքը։

Իրիկնադեմին նորից սկսեց զառանցել։ Վիրաբույժը նոր էր փոխել վերքերի սպեղանին և քաղաք վերադարձել։ Հիվանդը մի քիչ նիրհել էր։ Այրին, վիշտը փարատելու համար, խնդրել էր Շուշանիկի մորն ու հորաքրոջն իր մոտ, և նրանց հետ կամացուկ զրուցում էր։

Հիվանդը նախ սկսեց տնքտնքալ, հետո վերմակը դեն շպրտեց և առողջ ձեռը զարկեց պատին։ Այժմ զառանցանքի միտքն ա՛յլ էր։ Տիկին Աննան — Շուշանիկի մայրը — լսեց իր աղջկա անունը, զարմացավ, կրկին լսեց — ցնցվեց։ «Ե՞ս ներում խնդրեմ, ե՞ս, ե՞ս, Միքայել Ալիմայա՞նս, Շուշանիկ, Շուշանիկ, ֆի, ի՛նչ վատ անուն է»։ Եվ, մի փոքր անցած, «սուս, գալիս է շալն ուսերին գցած, ճակատը բաց, աղքատ ու հպարտ. չեմ տալ քեզ, չեզ տալ, Սմբատ»։ Այնուհետև լռեց և հետո, ձայնն ավելի բարձրացնելով, գոչեց. «սուտ եք ասում, այո՛, սուտ եք ասում, ոչինչ զանազանություն չկա մեր մեջ, Սմբատն ինձանից լավ չէ, ես վատ մարդ չեմ»։

Ճիշտ այդ վայրկյանին ներս մտավ Սմբատը, մոտեցավ անկողնակալին, լսելիքը լարեց։ Հատուկտոր դարձվածները շաղկապելով, կազմեց ամբողջ գաղափար եղբոր գաղտնի զգացումների մասին, գուշակեց, որ նա հափշտակված է Շուշանիկով։ Նա և՛ խղճաց եղբորը, և՛ զգաց դարձյալ նախանձ։ Ինչո՞ւ, մի՞թե կա որևէ նախանձի արժանի բան այդ բարոյապես ընկած, խայտառակված, ծեծված և կիսամահ երիտասարդի մեջ։

Ամբողջ գիշեր Սմբատը մոր հետ անքուն անցկացրեց հիվանդի անկողնակալի մոտ։ Եղան վայրկյաններ, երբ կարծում էր, թե եղբայրը մեռնում է։ Նրա սիրտն էր մորմոքվում այն մտքից, թե Միքայելը կարող է երիտասարդ կյանքը վերջացնել այդպես խայտառակ։

Հետևյալ օրը բժիշկների նոր քննությունը հաստատեց, որ տագնապն անցել է, բայց պահանջվում է անդորրություն։ Սմբատն ուղևորվեց քաղաք՝ Արշակի մասին լուր իմանալու։

Ամբողջ օրը հիվանդի դրությունը լավ էր, գիշերը նա քնեց անվրդով, իսկ մյուս առավոտ զարթնեց բավական կազդուրված։ Կեսօրվա դեմ նրան պաշարեց ինշ-որ տենդային ոգևորություն։ Շարունակ խոսում էր մոր հետ, ներումն էր խնդրում, որ այնքան ցավ ու տանջանք էր պատճառել նրան իր վատ կյանքով։ Ասում էր, թե այսուհետև այլևս աշխատելու է ուղղել իրեն, թե ամեն բանից ձանձրացել է, միայն թե առողջանա… Օ՜օ, նա չի ուզում մեռնել…

Ճաշից հետո եկան բժիշկները և հայտնեցին, թե այլևս հիվանդն առողջանում է։ Այրին մի փոքր հանգստացավ։ Շտապեց Սմբատի հետ ուղևորվել քաղաք։ Նրան թվում էր, թե Արշակի մասին քաղաքում վատ լուր է ստացվել, իրենից թաքցնում են և թե ինքը կարող է անձամբ իմանալ այդ լուրը։

Հիվանդին հանձնեցին Դավիթ Զարգարյանի խնամքին, հակառակ Սուլյանի ցանկության, որ ձգտում էր ամեն կերպ ծառայել իր տիրոջը՝ նրա սիրտը շահելու համար։ Հոգու խորքում ինժեներն ուրախացավ, երբ մի քանի օր առաջ լսեց բժիշկների կարծիքը։ Այժմ, երբ Միքայելն առողջանում էր, նա բարվոք էր համարում ցույց տալ նրան անսահման կարեկցություն։

Մի գիշեր ևս խաղաղ քնելուց հետո, հիվանդը զարթնեց այնքան կազդուրված, որ կամեցավ ոտքի վեր կենալ։ Սակայն բժիշկը պատվիրեց մի օր էլ պառկած մնալ։

Իրիկնադեմին խմբովին այցելեցին նրան իր նախկին ընկերները, բոլորն էլ բավական հարբած, բացի Պապաշայից։ Այդ օրը Պապաշան իր հանքերում ճաշ էր տվել մի եկվոր խմբագրի, որի լրագրում հաճախ նա անվանվում էր «հայտնի բարեգործ»։

Քյազիմ-բեգը ցույց տվեց, թե կատաղած է անհայտ սրիկաների դեմ։ О՜о, նա անպատճառ կիմանա ովքեր են այդ չարագործները և մի լավ պատժել կտա։ Իշխան Նիասամիձեն, ձեռը դնելով դաշույնի կոթի վրա, երդվում էր բոլորին կոտորել։ Մելքոնն ու Մոսիկոն դեմքերով զանազան նշաններ էին անում միմյանց և հեգնաբար ժպտում։ Բանն այն է, որ նրանք գուշակում էին, թե ով պիտի լինի Միքայելին ծեծել տվողը։

Իրավաբան Փեյքարյանը պնդում էր, թե եթե չարագործները գտնվեն, անպատճառ կաքսորվեն «За покушение на убийство».

— Գտնելը դժվար չէ, հաստատելն է դժվար,— երկդիմի ակնարկեց Մոսիկոն և, բութ մատները թաքուն դնելով ականջների ծակերը, ցուցամատները բարձրացրեց վերև։

— Ես էլի կասեմ, վըեր, ըըը, խաղաղությունը լյավ պեն ա,— ասաց Պապաշան։

Չնայելով տխուր այցելության, պատկառելի ամուրին շատ ուրախ էր տրամադրված։ Խումբն սկսեց նրա վերաբերմամբ սրախոսել, հետո նրա հետ կատակներ անել։ Գրկում էին նրան, կողերին բոթում, համբուրում, բարձրացնում վերև։ Իսկ նա, ժպիտը երեսին, կրկնում էր․

— Նուշ ա, նուշ ա…

Այդ ասել էր, թե ընկերների կատակները հաճելի են իրեն։

— Շտապիր շուտով վեր կենալ, Մեխակ,— ասաց Մոսիկոն,— Պապաշան մեծ ճաշկերույթ պիտի տա այս օրերս։ Իռլանդիայից երկու գիտնական ճանապարհորդներ են գալիս, նրանց համար ուզում է բանկետ սարքել և, եթե կարելի է, իր վիճելի նավթահողերը նրանց վզին կապել։ Ճառ պիտի ասի Բագվի համաշխարհային նշանակության մասին… Պապաշան այժմ կոսմոպոլիտ է դարձել… Ազգասիրությունը խեր չբերեց…

Միքայելը սկզբում քաղաքավարության համար կեղծ ժպտում էր։ Բայց շուտով ձանձրացավ խմբի շաղակրատանքից. զգում էր պարզ, որ շատերն իրեն ծաղրելու համար են եկել, մանավանդ Մոսիկոն, որին նա չէր սիրել։ Նա չափից դուրս վրդովվեց, երբ քնահարբ թղթամոլը, գիտակցաբար թե անզգուշությամբ, հիշեց Գրիշայի անունը և ակնարկեց հաշտության մասին։

— Երևի, սրախոսությանդ նյութը սպառվել է,— ասաց նա խորին տրտմտությամբ։

— Ինչո՞ւ, բավական կա, եթե կամենաս։

— Ուրեմն, ինձ հանգիստ թող…

— Ձերդ պայծառափայլութուն, գնանք, մեր բարեկամը վատ է տրամադրված,— դարձավ Մոսիկոն իշխան Նիասամիձեին։

Միքայելին թվաց, թե Մոսիկոն ինչ-որ ծաղրական նշան արավ Նիասամիձեին իր վերաբերմամբ։ Նրա նրբացած նյարդերն արդեն անզոր էին հանդուրժել ամենաթեթև ծաղրը, ուստի չկարողացավ իրեն զսպել և ասաց.

— Այո՛, շատ վատ եմ տրամադրված, միայն ոչ վեհանձն մարդկանց դեմ։

— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց Մոսիկոն։

— Այն, որ հետևիցս հազար ու մի բան ես ասում, ծաղրում ինձ իբրև վախկոտի և գալիս ես առերես ցավակցություն հայտնելու։ Դա մարդավարություն չէ, բարեկամ…

Նկատողությունն արդարացի էր։ Մոսիկոն զգաց իր մեղքը. նա իր լեզուն չէր զսպել ընկերոջ վերաբերմամբ նույնիսկ Սուլյանի մոտ, որ այժմ ներկա էր և որ անզգուշութտյուն էր ունեցել իր լսածը Միքայելին հաղորդելու։ Այնուամենայնիվ, նա չուզեց խոսքի տակ մնալ և պատասխանեց.

— Եթե մարդավարության մասին սկսենք խոսել, կարող ենք շատ հեռու գնալ, այն ժամանակ, ով գիտե, ինչ բաներ կբացվեն։ Լավն էն է, որ ե՛ս լռեմ։

— Ո՛չ, կարող ես խոսել, ասա, ինչ ուզում ես,— շեշտեց Միքայելը գրգռված,— լավ կլինի, որ մի օր անկեղծ լինենք։

— Անկեղծ. ո՛չ, բարեկամ, անկեղծությունը հնացած բան է, ես փտած ապրանք առնող չեմ։ Չեմ ուզում ձեռներս կեղտոտել։ Փորձիր մի րոպե անկեղծ լինել և կտեսնես տակից ինչ հոտած ձկներ են դուրս գալիս։

Ակնարկը պարզ էր և հասկանալի։ Միքայելն ավելի վրդովվեց։

— Ձերդ պայծառափայլություն,— դարձավ նա կծու հեգնությամբ իշխան Նիասամիձեին,— այս խոսակցությանը վերջ տալու համար չե՞ք կարող մի բան պատմել Թիֆլիսի անգլիական կլուբի կյանքից։

Մոսիկոն ցնցվեց։ Պատմում էին, որ մի օր նա անգլիական կլուբում թղթախաղի ժամանակ ինչ-որ թեթև զեղծումն է թույլ տվել իրեն։ Նկատել են և քաղաքավարությամբ վռնդել կլուբից։

— Մեր Բագվումն այնքան խոսելու նյութ կա,— նկատեց չափազանց վիրավորված,— որ կարծեմ Թիֆլիս գնալն ավելորդ է։

— Օրինա՞կ,— հարցրեց Միքայելը, շրթունքները կրծոտելով։

— Օրինակ, մի՞թե խոսակցության առարկա չի՛ կարող լինել, թե ինչո՞ւ մեզանում կանայք երբեմն բեղեր են ունենում, կամ ինչո՞ւ մի բռի խանութպան կարողանում է սրիկաների միջոցով Օթելոյի դեր կատարել…

Բոլորը լուռ նայեցին միմյանց երեսին, հետո Միքայելին։ Նկատողությունը վերին աստիճանի հանդուգն էր և թունալի։ Ամենքը սպասում էին Միքայելի ավելի վիրավորական պատասխանին։ Քյազիմ-բեգը բեղերը հաճույքից սրում էր, որ վեճի ամենախիստ պահին պիտի առիթ ունենար միջամտելու և ընկերներին նախատելու։ Իշխան Նիասամիձեն դեմքով նշաններ էր անում Մոսիկոյին, որ լռի։ Իսկ Պապաշան, շոգից հոգնած ոչխարի պես, գլուխը դեսուդեն էր ծռում։ Նա ուրախ կլիներ ազատվել անախորժ վեճին վկա լինելուց, զարմանալի մարդիկ են այդ «ջահելները», ամեն մի չնչին բան նրանց սրտին դիպչում է։

Միքայելը մի վայրկյան դողալով, գրգռված, նայեց հակառակորդի երեսին, ապա նրա կատաղությունն ավելի ընդարձակվեց և տարածվեց դեպի բոլոր ընկերները։

— Ի՞նչ եք ուզում ինձանից,— գոչեց նա, ինքն իրեն մոռանալով,— ինչո՞ւ եք եկել, ո՞վ է ձեզ խնդրել գալու։ Գնացե՛ք… ձեր բոլորի բարեկամությունը ինձ ձանձրացրել է, գնացեք… Դուք իմ ընկերները չեք…

Այս անսպասելի հարձակումը բոլորին ապշեցրեց. վիրավորողը մեկն էր, իսկ Միքայելը կատաղում էր ամենքի դեմ։

— Յավաշ, յավաշ,— ասաց Քյազիմ-բեգը հեգնաբար,— մենք ի՞նչ մեղք ունենք։

— Դուք բոլորդ նման եք միմյանց, բոլորդ…

— Աֆերիմ, սիրեցի պարզախոսությունդ, աֆերիմ, իմ արևը, դրուստն ես ասում։

— Իհարկե, ըըը, դրուստն է ասում,— փորձեց Պապաշան վեճը կատակի դարձնելու,— մենք լա, ըըը, մարդ չենք, մարդանման վըեր ըըը…

— Պարոննե՛ր,— մեջ մտավ Մելքոնը վիրավորված,— ես հասկանում եմ ինչու է մեր ընկերությունն Ալիմյանին ձանձրացրել։ Ես այստեղ սև նավթի փոխարեն, այսպես ասած, մանիշակի անուշ բուրմունք եմ զգում, թարմություն, անմեղություն։ Հըմ, Սուլյան, ինչո՞ւ ես դեսուդեն մտիկ անում։ Կարծեմ, ամենից առաջ դու ես հասկացել բանի էությունը։ Հիշո՞ւմ ես ասածներդ…

Ինժեները նեղն ընկավ։ Բանն այն է, որ նա հարուստ երիտասարդների անչափ հետաքրքրությանը գոհացում տալու, նրանց դուր գալու և, որ ամենագլխավորն է, Դավիթ Զարգարյանին մի քիչ վրեժխնդիր լինելու համար, ինչ-որ վատ ակնարկներ էր արել Շուշանիկի վերաբերմամբ։

Մելքոնի անզգույշ խոսքերը նրան վախեցրին։ Շփոթված նայեց Միքայելի այլայլված դեմքին և խոսակցությունը կտրելու համար ասաց.

— Պարոննե՛ր, ինչո՞վ կկամենաք ձեզ հյուրասիրեմ։

— Բավական է, ինչքան հյուրասիրվեցինք, գնա՞նք,— ասաց Քյազիմ-բեգը։

— Յոլա գնա, ըըը, ջահելներ եք, ըըը, ցտեսություն, Մեխակ ջան, վաղը երկաց, ըըը, մոտս եկ,— արտասանեց Պապաշան, տակավին չկամենալով լուրջ նշանակություն տալ ընկերների վեճին։

Բոլորը դուրս գնացին։ Քյազիմ–բեգը երգում էր․

— Բըլ մուժ սը ռագամի՛, բիլ օն մալաթցա՛…

Միքայելը ոտքի կանգնեց կատաղած։ Բայց ուշ էր, Քայազիմ–բեգի ձայնը արդեն դրսից էր լսվում․

— Անպիտաննե՜ր,— գոռաց Միքայելն այնպես, որ բոլորը լսեցին նրա ձայնը…