Քաոս/Երրորդ մաս
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
I
Հանքային նոր կացարանների կառուցումն ավարտվեց բարեկենդանին։ Տեղափոխվելու նախընթաց երեկո Զարգարյանը գնաց քաղաք։ Սմբատը տվեց նրան մի բուռ թղթադրամ և պատվիրեց մյուս օրը մշակներին հյուրասիրել։
Գումարը բավական մեծ էր․ կարելի էր հանդիսավոր խնջույք սարքել։ Զարգարյանը այսպես էլ որոշեց անել։
— Ինչպես կամենաք,— ասաց Միքայելը,— բայց, իմ կարծիքով, չարժե հասարակ դեպքից ինչ-որ տոնախմբություն շինել։
— Հասարակ դե՞պք,— զարմացավ Զարգարյանը,— կարծեմ մշակների համար այդպիսի պալատներ տեղափոխվելը փոքր բան չէ։ Տեսեք ուրիշ հանքատերերի մշակներն ինչ խոզաբներում են բնակվում։
Նոր կացարանների թիվը երեք էր — ամեն մի հանքախմբի մշակների համար առանձին։ Դավիթը որոշեց հանդեսը սարքել այն տանը, որ ամենից մեծն էր և ավելի մոտիկ գրասենյակին։ Դա մի երկարաձև շինություն էր, մի հարկանի, բայց գետնից բաժանված նկուղներով, որոնք չպիտի երկրի խոնավությունը և գազը թույլ տային վերև թափանցելու։ Առաստաղները բարձր էին, լուսամուտները լայն, պատերը ծածկված յուղաներկով։ Յուրաքանչյուր մշակի համար դրված էին առանձին անկողնակալ ու նստարան։ Տունը շրջապատված էր լայն պատշգամբով, որ հարմարեցրած էր ամառային կացության համար։ Չորս կողմը տարածվում էր մաքուր, ընդարձակ ու հարթ բակը, շուրջը պատած քարե պարսպով։ Բակի մի ծայրում կառուցված էր մի մեծ դահլիճ, որ կարող էր ծառայել թե՛ իբրև ուսումնարան և թե՛ իբրև թատրոն։ Մյուս ծայրում մի փոքրիկ բաղնիք, մի բան, որ նույնպես նորություն էր հանքային մշակների համար։
— Միայն այս մեկ տունը մեզ նստել է հիսուն հազար ռուբլի,— ասում էր Զարգարյանը։
Վաղ առավոտից պատշգամբի վրա դարսվեցին մրոտ տոպրակներ, զամբյուղներ և թաշկինակներ՝ լի զանազան պաշարեղենով։ Բակում արհեստավորներն իսկույն շինեցին ժամանակավոր սեղաններ՝ երկայն տախտակներից։ Եղանակը բավական տաք էր, մշակները կամեցան դրսում ճաշել։
Զարգարյանի կոր մեջքն այսօր, կարծես, ուղղվել էր, դեմքի վրա խաղում էր գոհունակության ժպիտը, նիհար ոտներն ուրախությունից ծռվում էին ման գալիս։ Նա մշակների հետ կատակներ էր անում և պատվիրում, որ այսօր կրակի հետ զգույշ վարվեն։
Տասնումեկ ժամին բոլոր շվիկները սուլեցին, թե ժամանակն է գործերը դադարեցնել։ Կես ժամ անցած՝ բակը լցվեց սև ուրվականներով։ Մրոտ դեմքերի վրա նշմարելի էր անսովոր զվարճություն, դեղնած շրջանակների մեջ աչքերի բիբերը փայլում էին տենդային ուրախությամբ։ Շատերն օրվա հանդեսը նմանեցնում էին գյուղական ուխտագնացության, հառաչում էին, ախ քաշում, հիշելով իրենց ծննդավայրը, բայց և՛ միմյանց հրում էին, ծիծաղում, և՛ Ալիմյաններին օրհնում։
Դա մարդկային ամբոխ չէ, այլ ինքը դառն աշխատանքը, հազար ու մի կենսական հոգսերի ու վշտերի մարմնացումը։ Եկել էր գեթ մի քանի ժամով թոթափելու իր հոգուց մռայլության փոշին, և կեղտի, մրի ու ցնցոտիների տակից ծիծաղելու։ Սակայն ուր ոտք էր դնում, այնտեղ մտցնում էր սևություն ու մռայլ։ Նույնիսկ արեգակի պայծառ շողերը մթնում էին՝ ընկնելով մարդկային մթին ծովի վրա։ Բայց փույթ չէ․ մթին ծովն այսօր գոհ է շատ քչից, գոհ՝ եղանակի ջերմությունից, երկնի պայծառությունից և մանավանդ այն փշրանքից, որ պարգևում է նրան հարուստ տերերի քիմքը։
Միքայելը լուռ, գունատ, անցնում էր լուսնոտի պես, սենյակից սենյակ, գավիթ, փողոց, ամենուրեք ակամա որոնելով մի կերպարանք, որ անհաղթելի տիրել էր նրա հոգուն։ Իսկ այդ կերպարանքը արդեն տասն օր էր չէր երևում ո՛չ պատշգամբի վրա, ո՛չ լուսամուտների առջև։ Նա ամաչում էր ինքն իրեն խոստովանել, թե այսօրվա հանդեսին չհակառակեց՝ հենց Շուշանիկին տեսնելու գաղտնի հույսից դրդված։
Քաղաքից եկան — Սրաֆիոն Գասպարիչը, գլխավոր հաշվապահի հետ, հետո Արշակը՝ Սուլյանի և, փոքր անցած, Անտոնինա Իվանովնան՝ իր եղբոր հետ։
Դավիթը նրանց համար տանը պատվիրել էր առանձին նախաճաշ։ Նա շտապեց Շուշանիկին կանչելու, որ գա Անտոնինա Իվանովնային զբաղեցնի։ Մի քանի րոպե անցած՝ ամբոխը հարգանքով ճանապարհ էր տալիս այն աղջկան, որ շատերի համար էր նամակներ գրել ու կարդացել, շատերի համար կարել ու կարկատել է և շատերի վերքերի սպեղանին փոխել այդ կարճ միջոցում։ Օդը բարձրացան ֆուրաժկաներն ու փափախները, դեմքերը ժպտացին այնպես, որպես միայն կարող է ժպտալ նավթային ծովը լուսնի շողերից։
— Добрая, славная барышня,— լսեց Անտոնինա Իվանովնան երախտագետ մուժիկների ձայնը։
Եվ նրան թվաց, որ նույնիսկ արեգակը կարող է նախանձել այն տպավորությանը, որ գործեց մի համեստ աղջկա երևալն այդ կոպիտ ամբոխի վրա։
Շուշանիկը մոտեցավ նրան, հարգանքով բարևեց։ Նա չէր ուզում այսօր տնից դուրս գալ, բայց դուրս եկավ, չէր ուզում Սմբատին հանդիպել, բայց եկավ հենց նրան տեսնելու հույսով։ Սակայն ցնցվեց, երբ Անտոնինա Իվանովնան անկեղծ բարեկամությամբ սեղմեց նրա ձեռը։ Ամոթի զգացումը նրա մեջ տեղի տվեց խղճի խայթոցին. չէ՞ որ այդ կնոջ առջև մեղավոր էր իր ապօրինի զգացումներով։ Նա ավելի ցնցվեց, երբ տիկինը բռնեց նրա թևն ընկերաբար և խնդրեց միասին շրջել ամբոխի մեջ։
Հենց առաջին հայացքից տիկինը հետաքրքրվել էր տարօրինակ հասարակությամբ։ Նրա աչքերի առջև տարածվել էր սև կերպարանքների մի բանակ, ուր տիրում էր ազգերի, կրոնների, լեզուների ու տարազների խառնուրդ։ Խառնուրդ, որ առաջին անգամն էր նա տեսնում։ Նա փափագեց մերձենալ մթին ծովին, նայել խորը, տեսնել, ինչ է կատարվում հատակում։
— Ֆո՛ւ, սատանան տանի, այստեղ ամեն ինչ ապականվում է,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը։
Նա շինելի փեշերը հավաքել էր ու բռնել փորի վրա, որպեսզի չշփվեն նավթահոտ ցնցոտիների հետ։
— Այո՛, բայց միայն դրսից,— նկատեց Շուշանիկը լուրջ։
— Կերա՞ր,— շշնջաց Անտոնինա Իվանովնան եղբոր ականջին,— պետք է զգույշ խոսել այդ աղջկա մոտ։
— Բայց բավական պիկանտ է,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը։
Անտոնինա Իվանովնան մի սաստող հայացք ձգեց նրա երեսին և ունքերը կիտեց։ Շուշանիկը նրան ներշնչում էր համակրանք և հարգանք։ Այդ աղջիկը նրան թվում էր սև աշխարհում մենակ բուսած մի հազվագյուտ ծաղիկ։ Այսօր, ավելի ուշադիր դիտելով նրան, դատապարտում էր մտքում իրեն, որ առաջին հանդիպման ժամանակ հետը վարվել էր անփույթ, հեգնաբար։ Ո՛չ, այդ աղջիկը նման չէր իր շրջանի կանանց։ Ռուսիայից գալուց հետո առաջին անգամ է տեսնում այդպիսի խոհուն կանացի դեմք, որ կրում է մտավոր զարգացման դրոշմ։
Նա սկսեց խոսել Շուշանիկի հետ ամբոխի մասին, աշխատելով ծանոթանալ օրիորդի մտավոր ու բարոյական աշխարհի հետ։ Հարցուփորձ էր անում մշակների նիստ ու կացի, տնտեսական ու բարոյական վիճակի մասին։ Շուշանիկը պատմում էր, ինչ որ գիտեր, պարզ խոսքերով, առանց սև գույնի նկարագրելու դառն աշխատանքի տակ հեծող ամբոխի դրությունը։ Տիկինն իր անկեղծ վարմունքով կամաց-կամաց գրավում էր նրա համակրանքը և ակամա, անգիտակցաբար ենթարկում նրան իր մտավոր գերազանցության հրապույրին։ Նա նույնպես օրիորդին թվում էր դրամի գործնական աշխարհը ճակատագրի քմքով ընկած մի բացառիկ էակ, որից միայն և միայն Սմբատը կարող է բարձր լինել։ Եվ Շուշանիկը չէր սխալվում. ուսումով, կրթությամբ, ընտանեկան վիճակով Անտոնինա Իվանովնան ամբողջ քաղաքում ներկայացնում էր բացառություն։ Գլխավորապես հենց այս էր պատճառը, որ նա բոլորի խոսակցության առարկան էր դարձել։
Ամբոխը, Դավթի նշանով, բազմեց սեղանների քով և կազմեց մի քանի երկայնաձև մթին քառակուսիներ։ Անտոնինա Իվանովնան շարունակ, թևը Շուշանիկի թևին գցած, շրջում էր, անցնում սեղանից սեղան, դիտում, ուսումնասիրում, խնդրելով օրիորդին թարգմանել տեղացի մշակների ասածները։ Իսկ մշակները հրում էին միմյանց, բարձրաձայն ծիծաղում ուրախ-ուրախ, ավելի ու ավելի հարմարեցնելով իրենց տեղերը։ «Մեծամեծների» ներկայությունը նրանց չէր նեղում. բոլորն էլ կամենում էին ազատություն տալ իրենց տարիներով կաշկանդված կամքին։ Իսկ սրա համար հարկավոր էր դիմել ըմպելիների օգնության։
Դավիթը մոտենում էր սեղաններին ու կրկնում.
— Տղերք, խմեցեք, ինչքան քեֆներդ է, գինի, արաղ շատ եմ բերել տվել, բայց չհարբեք հա՜ա՜, էս է ասում եմ…
Այնինչ, մշակները շտապում էին շշերը միմյանց հետևից դատարկել։ Սրախոսում էին խմելու մասին մի ժարգոնով, որ միայն նավթահանքերի բնակչությանն էր հասկանալի։
— Ադա,— ասում էր մեկը, ցույց տալով իր կոկորդը,— տրուբաս զըսարիցա[1] իլավ, ռըզշիրիդելը[2] դես տուր, լենացնեմ…
— Ադա, կռանդ[3] բեց ըրա, վըեր չանս լեցնեմ,—ասում էր մյուսը։
— Տղերք, ղզղաններդ լյավ տքացրեք, էլ ըտենց տոպկա[4] չեք տեսնիլ…
— Յավաշ, պառը[5] գլխներիդ չի կյա…
— Ադա, շուռ տուր բըրաբանը[6]…
Հայ մշակների մեջ կար մի պատկառելի ծերունի՝ Գասպար անունով։ Նա մի ժամանակ եղել էր գյուղական տանուտեր ու հարուստ և «գիտեր մեծամեծների հետ նստել, վեր-կենալը»։ Նա մեկ-մեկ առաջարկում էր «աղաների» կենացները և գոռում՝ «հուռա՜ա՜»։ Ամբոխը ձայնակցում էր նրան, բաժակները վերև բարձրացնելով։ Երբ հերթը հասավ ինժեներ Սուլյանի կենացին, տիրեց անհարմար լռություն։ Ամբոխը չկարողացավ կեղծել։ Ոմանք մի քիչ գինի կում անելով, բաժակները հետ դրեցին, իսկ շատերը բոլորովին չխմեցին։
— Գյադա մարդ է,— շշնջում էին միմյանց ականջին,— մեջն աղայություն չկա։
Այնինչ, Սուլյանը, ժպիտը երեսին, մի ձեռը կողքին հենած, մյուսով բեղերը ոլորելով նայում էր քծնությամբ Միքայելի դեմքին, շարունակ հետևելով նրան։ Այսօր ինժեները մտադիր էր նրա միջոցով Սմբատին խնդրել, որ Ալիմյան ֆիրմն իր համար գնե մի բաժին ինչ-որ նոր կազմվող նավթային ընկերության մեջ։
Դարբասի առջև կանգնեց Սմբատի կառքը։ Սև ծովը խլրտվեց, ոտքի կանգնեց։ Գալիս էր այն մարդը, որը, հանքերը ոտ դնելու օրից, աշխատել էր բանվոր դասի կյանքը բարվոքել։ Ա՜խ, որքան նա փոխվել է վերջին ժամանակ. դեմքը կարմրել է և մի փոքր ուռել, աչքերը լայնացել են ու արյունով լցվել։ Մի՞թե այդպես շուտ են ազդել նրա վրա անքուն գիշերներն ու սուր ըմպելիքները։
— Հուռռա՜,— գոչեց ամբոխը Գասպարի նշանով։Սմբատը ձեռով նշան արավ, որ ոչ ոք տեղից չշարժվի։
Բայց հոգով ուրախ էր, որ ամբոխն այսպես հարգում ու սիրում էր իրեն։ Մոտեցավ Միքայելին, հարցրեց՝ արդյոք, գո՞հ է իր կարգադրությունից։
— Ո՛չ,— պատասխանեց Միքայելը հակիրճ։
— Ինչո՞ւ։
— Ես կեղծ բաներ չեմ սիրում։
— Կե՞ղծ,— զարմացավ Սմբատը։
— Այո՛, ես այդ բոլորը կեղծ եմ համարում։ Իրենց փողերով խեղճերի համար տոնախմբություն եք սարքում ու կարծում եք՝ մեծ բարություն եք անում։
— Ես բնավ այդպես չեմ կարծում։
— Ո՛չ, կարծում ես։ Դուք, բոլոր դեմոկրատներդ, այդպես եք… Ես բուրժուա եմ, ես այդպիսի բաներ չեմ սիրում…
Նա հեռացավ։ Սմբատը զարմացած նայեց հետևից, ուսերը վեր քաշելով։
Անտոնինա Իվանովնան շարունակ դիտում էր ամբոխը։ Վաղաժամ թառամած դեմքերը, կոր մեջքերը, ներս ընկած կրծքերը նրան ներշնչում էին կարեկցություն։ Առհասարակ մի ժամ էր նրան պաշարել էին անսովոր մտքեր ու զգացումներ։ Ամբոխի մթին արտաքինի տակ տեսնում էր ավելի մթին հոգեկան աշխարհ, կարոտ լուսո ամենաթույլ շողերին։ Նա մտածում էր. ինչո՞ւ օգնության չգալ այդ խեղճերին։ Այլևս մարդիկ ո՞ր օրվա համար են ուսում ստանում, եթե չեն կարող կամ չեն ուզում ստացած լուսո գեթ թույլ շողերը տարածել այս մութ աշխարհը։
Եվ այստեղ, այդ պահին, նա առաջին անգամ սկսեց նախատել իրեն, որ մինչև հիմա նշանակություն էր տվել ազգերի ու կրոնների տարբերությանը։ Ամաչեց այն բոլորից, ինչ որ գրգռված րոպեներին ասել էր Սմբատին։ Իսկ նա շատ բան էր ասել, շատ վիրավորական խոսքեր։ Ի՞նչ, մի՞թե միայն ինքն էր ասել, առանց որևէ շարժառիթի։ Ո՛չ, ինչո՞ւ է այսքան իրեն մեղադրում, մի՞թե ինքը պակաս է վիրավորվել Սմբատից։
Նրա մռայլ ճակատը հետզհետե պարզվում էր, կապույտ աչքերը վառվում էին անսովոր հրով։ Նրա մտքում սկսեցին պատկերանալ այն բոլոր վիպական հերոսուհիները, որոնց սիրել էր մայրենի վեպերում և որոնցով մի ժամանակ հափշտակվել էր։ Ահա այն աշխարհը, որին օգնելու գաղափարը դրվատել են իր ազգի ամենաընտիր հեղինակները, ամենամաքուր մտածողները։Նրա սիրտն սկսեց բաբախել բարձր մարդասիրական զգացումներից։ Եվ այդ պահին նա պատրաստ էր ներել սկեսուրին, տալոջն ու բոլոր ազգականուհիներին, որոնցից նա իրեն արհամարհված էր զգում։ Նա տեսնում էր ազգերի ու լեզուների մի խառնուրդ, տոգորված միևնույն ցավերով ու վշտերով։ Մրի ու նավթի սև քողը սփռվել էր հավասար ամենքի վրա ու կազմել տխուր միօրինակություն։ Մի՞թե մանրակրկիտ չէ այն մարդը, որ այդ մռայլ հարթության տակ տեսնում է ինչ-որ խորդուբորդեր, մեկին սիրում, մյուսին արհամարհում, մեկին օգնում, մյուսին բարձիթող անում, համարելով իր արյանն «օտար»։
— Օրիորդ,— դարձավ Շուշանիկին,— հանքերում դժբախտություններ պատահո՞ւմ են մարդկանց։
— Շատ։
— Մեծ մասամբ, իհարկե, հրդեհից։
Շուշանիկը պատասխանեց, թե հրդեհներն ինքնըստինքյան, բայց առհասարակ այստեղ մարդկային կյանքն ապահով չէ։ Կան ուրիշ անթիվ պատահարներ։ Երեկ մեկի մատը մնաց պարանի տակ և արմատից թռավ, մեկէլ օրը մի անփորձ մշակի մեքենայի փոկը ոլորեց, ջարդեց ու սպանեց։ Իսկ սովորական հիվանդությունները տանում են մեծ թվով զոհեր։
— Լսել եմ, դուք միշտ օգնում եք մշակներին, և նրանք ձեզ պաշտում են, ինչպես մի բարի հրեշտակի,— ասաց տիկինը կես-հեգնությամբ և կես-լուրջ։
Շուշանիկը շփոթված, ակամա, երեսը մի կողմ դարձրեց։ Երբեք նա իր չնչին ծառայությունների մասին չէր մտածել։
— Գիտեք ինչ,— շարունակեց Անտոնինա Իվանովնան, նայելով օրիորդի աչքերին,— ինձ թվում է, որ դուք, եթե կամենաք, շատ բաներ կարող եք անել մշակների համար։ Օրինակ, կարող եք Միքայել Մարկիչին համոզել, որ նա հիվանդանոց էլ բաց անի։
— Ես իրավունք չունեմ նրա գործերին խառնվելու։
— Այդ այդպես է, բայց մի՞թե բարի գործեր կատարելու համար իրավունք է հարկավոր։ Ես էլ իրավունք չունիմ, բայց պիտի խառնվեմ… ձեր կողմից էլ։ Ո՛չ, խնդրեմ, խնդրեմ… ինձ թվում է, որ նա ձեր խնդիրն ավելի շուտ կկատարի, քան իմը… Այո՛, այո՛, պիտի խնդրեմ ինքս էլ, ձեր կողմից էլ, թեկուզ թույլ էլ չտաք… Աա՜, դուք կարմրեցի՞ք, կնշանակե — ես ճշմարիտ եմ ասում։
Դավիթը Շուշանիկին կանչեց՝ քաղաքից եկած հյուրերի համար սեղանը պատրաստեու։
Քառորդ ժամ անցած, հյուրերը հրավիրվեցին առանձին սենյակ։ Սրաֆիոն Գասպարիչը բաժակ առաջարկեց Ալիմյան ֆիրմայի գործերի աջողության մասին։ Տա աստված, որ ֆիրման օր-օրի վրա ծաղկի, մեծանա և «հազարավոր մարդկանց կերակրի»։
— Մեր ֆիրման ոչ ոքի չի կերակրում և չի էլ կերակրել,— ասաց Միքայելը տարօրինակ սրտմտությամբ։
— Այդ միայն ես գիտեմ,— նկատեց Սրաֆիոն Գասպարիչը խորհրդավոր։
— Ո՛չ, դու չգիտես, քեռի… ես այսօրվա ճաշն էլ օյինբազություն եմ համարում…
Բոլորը զարմացած նայեցին նրան։ Սմբատը չգիտեր ինչպես բացատրի եղբոր անսովոր տրամադրությունը։
— Այո՛, օյինբազություն եմ համարում,— կրկնեց Միքայելն ավելի տաքացած,— այստեղ ես անկեղծություն չեմ տեսնում։
— Միքայե՛լ,— ասաց Սրաֆիոն Գասպարիչը,— ջահել ես, ականջ դիր մի բան պատմեմ։ Երբ ես ույեզդնի նաչալնիկ էի, նորին գերազանցություն Վիսսարիոն Պրակոֆիևիչ Աֆանասևը, աստված հոգին լուսավորի… մի օր…
Մշակների միաձայն աղաղակներն ընդհատեցին նրա խոսքը։ Դավիթը Սրաֆիոն Գասպարիչի խոսքերը հաղորդել էր նրանց, և այժմ աղաղակում էին «հուռռա՜…»։
— Դե՛հ, ուրախացեք,— գոչեց Միքայելը և, դուրս վազելով գոռաց — լռի՛ր, հիմար ամբոխ…Նախաճաշը տևեց շատ կարճ միջոց. ուտում էին ոտքի վրա կանգնած։ Միքայելի տարօրինակ տրամադրությունը խլեց բոլորի ախորժակը։ Անտոնինա Իվանովնան դուրս եկավ պատշգամբ, առավ Միքայելի թևը և սկսեց նրա հետ խոսել։
Հյուրերը դուրս եկան բակը։
— Տղերք, դո՛ւրս,— գոչեց Դավիթը,— այժմ պիտի տեսնեմ, ով կարող է գործի գնա…
Ամբոխը միահամուռ հետևեց նրան, դուրս եկավ փողոց։
— Գասպար ապեր,— դարձավ Դավիթը նախկին տանուտերին,— դու հին չոբան ես, այծերին ոչխարներից ջոկիր…
— Աչքիս վրա։ Տղերք, էն մեծ տախտակներից երկուսը բերեք այստեղ։
Փողոցում կար մի փոքրիկ և շատ նոսր նավթային լճակ, շրջապատված հողային թմբով։ Գասպարը հրամայեց հաստ ու երկայն տախտակները ձգել մի ափից մինչև մյուսը և ծայրերն ամրացնել հողով ու քարով։ Գոյացավ մի կամուրջ։ Գասպարն ասաց, թե մշակները, բացի թուրքերից, մեկ-մեկ պիտի անցնեն այդ կամուրջով։ Ով ընկավ — հարբած է։
Կատակը շատ դուր եկավ մշակներին, որ իսկույն բարձրացրին անասելի աղաղակ։
— Դե՛հ, մեկ, երկու, երեք,— գոչեց Գասպարը զորավարի եղանակով, և առաջինն ինքն անցավ աջող։
Սկսվեցին ծիծաղ, քրքիջ, հրումներ, ոստոստումներ, բոթոցներ, գոռում-գոչյուններ։ Մեկ-մեկու հետևից մշակները զգույշ անցնում էին կամրջով։ Աշխատում էին չսայթաքել, օրորվելով աջ ու ձախ։ Նրանց սև պատկերներն անդրադառնում էին լճակի անշարժ մակերևույթի վրա, որպես միգային ստվերագծեր։ Ժամանակ առ ժամանակ հարբածները կորցնում էին հավասարակշռությունը, երերվում լարագնացի պես և ընկնում։ Սև հեղուկի թանձր շիթերը բարձրանում էին նրանց անկումից և սփռվում ափերում կանգնածների վրա։ Բոլորը ծիծաղում էին, և ամենից ավելի ընկնողները։ Երբեմն այս կամ այն կատակասերն սկսում էր պարել լճակի մեջ, ինքն իրեն ծափահարելով։
— Քաշեք մի կողմ, բանը պրծած է,— հրամայում էր Գասպարը։
Ամբոխը գոռաց.
— Չուպրո՜վը, Չուպրո՜վը։
Կամրջի ծայրին հայտնվեց մի ռուս բանվոր, բարձրահասակ, լայն թիկունքով։ Նա աջ ուսի վրա նստեցրել էր մի հայ բանվորի, ձախի վրա՝ մի լեզգի բանվորի։— Երկուսն էլ հարբած էին և գրկել էին միմյանց։ Չուպրովը խլեց մեկից «հարմոնիան» և սկսեց նվագելով անցնել կամուրջով, իր կապտագույն փոքրիկ ուրախ աչքերը հառած մյուս ափին։ Նրա թևերը հոլանի էին, կուրծքը բաց, կարմիր շիլա շապիկն ուռել էր թեթև քամուց. նա ինքն էլ բավական հարբած էր, բայց հավասարակշռությունը պահում էր։ Այնինչ, կամուրջը չէր դիմանում ծանրությանը։ Չուպրովը ցած եկավ և մի քանի հսկայական քայլեր անելով լճակի մեջ, անցավ իր բեռան հետ մյուս ափը։
Ամբոխը դարձյալ բարձրացրեց աղաղակ.
— Ռասո՜ւլը, Ռասո՜ւլը…
Դա մի բարեկազմ լեզգի էր։ Հասնելով կամրջի մեջտեղը, հանեց պատյանից դաշույնը և սկսեց պարել ոգևորված Չուպրովի հարմոնիայից։ Սուրը փայլում էր նրա շուրջը, ծնկների տակ, գլխի վրա, այտերի մոտ։ Մի վայրկյան նա կանգ առավ հոգնած, երերվեց, քիչ էր մնում — ընկնի։ Այդ պահին մի մեծ ձեռ բռնեց նրա ոտներից, մի ուրիշը կռնատակից և, բարձրացնելով նրան, անցկացրեց մյուս ափը։
— Մալադե՛ց Կարապետ,— գոչեց Չուպրովը…
Տարբեր կրոնների, տարբեր լեզուների, տարբեր ցեղերի պատկանող այս երեք բանվորների մեջ կար մի ամենին հայտնի մտերմություն։ Նրանք հռչակված էին իրենց անվախությամբ, վայելում էին բոլոր մշակների հարգանքն ու նախանձը։ Գործի էին գնում միասին, վերադառնում էին միաժամանակ, բնակվում էին միևնույն սենյակում, գիշերում միևնույն թախտի վրա։ Հրդեհների ժամանակ միշտ նրանց կարելի էր տեսնել ամենից առաջ, ամենավտանգավոր տեղերում։ Երբ նրանք երևում էին հրդեհի վայրում, ամբոխին տիրում էր ոգևորություն, բոլորը սիրտ էին առնում։ Երբ մեկը վտանգի էր ենթարկվում, մյուսները իրենց կյանքի գնով ձգտում էին ազատել նրան կորստից։ Երբ ուրախ էր մեկը, ուրախ էին և մյուսները, և ընդհակառակը։ Նրանք իրարու հետ կատակներ էին անում, միմյանց ծաղրում, բայց վա՜յ այն մշակին, որ կհանդգներ նրանցից մեկին վիրավորել։ Իսկույն փայլում է Ռասուլի դաշույնը, ասպարեզ էին գալիս Չուպրովի հուժկու բազուկները և Կարապետի լայն թիկունքները։ Մի անգամ նրանք ընդհարվեցին հարևան հանքատիրոջ մշակների հետ և երեք հոգի քսան մարդու դիմադրեցին։
Այդ բոլորը պատմեց Դավիթ Զարգարյանն Անտոնինա Իվանովնային և պատմեց, կարծես, ոչ առանց նպատակի։ Տիկինը լսում էր հետաքրքրված և… մտածում։
Ամբոխը ցրվեց։ Մյուս օրն առավոտը նա կտեղափոխվի նոր կացարանները։
Դավիթը հյուրերին առաջարկեց մյուս շինությունները ևս նայել։ Դրսում սպասում էին մի քանի կառքեր։ Բոլորն ընդունեցին նրա հրավերը։ Բակն ու պատշգամբը դատարկվեցին։
Արդեն մի ամբողջ ժամ էր Միքայելն առիթ էր որոնում Շուշանիկի հետ առանձին տեսնվելու։ Օգտվելով հյուրերի բացակայությունից, նա անցավ այն սենյակը, ուր օրիորդը մի մշակի օգնությամբ հավաքում էր սեղանը։
Նա ներս մտավ տենդային հուզման մեջ, նշան արավ մշակին հեռանալ և դռները փակեց։
Շուշանիկը ցնցվեց։ Տեր աստված, էլի այդ մարդն ի՞նչ է ուզում նրանից։ Նա ամոթից և երկյուղից սկսեց դողալ այնպես, որ ձեռքից բաց թողեց բաժակները և կոտրեց։ Փախչե՞լ, թե՞ մնալ։ Բայց դռները փակ են։ Էհ, թող ինչ լինելու է՝ լինի։ Նա չպիտի վախենա, նա կարող է իրեն պաշտպանել։
Միքայելը մոտեցավ, կանգնեց դեմուդեմ, սեղանի մյուս կողմում։
— Ասացեք խնդրեմ,— ասաց նա երերուն ձայնով,— դուք ո՞վ եք, որ մեր գործերին խառնվում եք, հը՞ը, ո՞վ եք։ Դուք ի՞նչ իրավունքով եք Անտոնինա Իվանովնայի միջոցով ինձ խնդրում այս անել, այն անել մշակների համար, ըըը՞։ Չլինի՞ կարծում եք, թե ես էլ ձեր սիրած մարդասերներից կամ դեմոկրատներից եմ։ Ո՛չ, ես ատելով ատում եմ բոլոր բարեգործներին, ես ոչինչ, ոչինչ չեմ ուզում անել բանվորների համար և չեմ անիլ։ Ես իմ քեֆի մարդ եմ, ուզածս եմ անում։ Կամենաք հենց վաղը կհրամայեմ քանդել Սմբատի շինել տված տները և մշակներին կթողնեմ բաց օդի տակ։ Այո՛, կանեմ… Կամենաք ձեր տունն էլ քանդել կտամ, այդ բոլոր հանքերն էլ կրակ կգցեմ։ Ինձ համար գրոշի գին չունի մարդկանց կարծիքը… Ի՞նչ իրավունքով եք ինձ խորհուրդներ տալիս…— Սպասեցե՛ք, պարոն Ալիմյան, ես երբեք…
— Մի՛ կեղծեք, աստված սիրեք։ Դուք Անտոնինա Իվանովնայի հետ խոսել եք։ Կարելի է դուք այն էլ ասեք, թե ինձանից չե՞ք փախչում կամ Սմբատին չե՞ք սիրում։ Էէ՜, ամաչո՞ւմ եք… Իսկ ես ոչնչից չեմ ամաչում, բոլորը կասեմ… Լսեցե՛ք… Դուք կամեցաք, որ ես ստորանամ — ստորացա, կամեցաք՝ արժանանամ ընկերներիս արհամարհանքին — արժանացա, փախչեմ հասարակությունից՝ փախա։ Այժմ ուզում եք, որ ձեր գործակատա՞րը դառնամ։ Ներեցե՛ք, չեմ կարող…
Շուշանիկը չգիտեր ինչպես պատասխանի այդ անկապ խոսքերին։ Նա ուզում էր խոսել, բայց գրգռված Միքայելը չէր թույլ տալիս նրան՝ բերանն անգամ բանալու։
— Ո՞վ եք դուք, ո՞վ է ձեր հորեղբայրը, ձեր բոլոր ընտանիքը կամ հենց ամբողջ հասարակությունն ինձ համար։— Ոչնչություն, քամի, այ, իմ նավթահորերի գազը… Ես արհամարհում եմ մարդկանց կարծիքները։ Ես Միքայել Ալիմյանն եմ, հարուստ, ինքնագլուխ իշխան։ Քեֆս կտա, կօգնեմ մարդկանց, չի տա — կջարդեմ, ոտնատակ կանեմ։ Ես ատելով ատում եմ բոլոր կանանց… Հա՜-հա՜-հա՜. «որքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։ Իմ և Սմբատի՞ մեջ։ Այո՛, կա։ Նա խելոք է՝ ես հիմար, նա կրթված է՝ ես անկիրթ, նա բարոյական մարդ է՝ ես անբարոյական։ Հետո, ինչ եք ուզում դրանով ասել։ Բայց… բայց ես էլի ձեզ արհամարհում եմ… Հա՜—հա՜—հա՜, կոտր ընկած մի վաճառականի աղջիկ, ժամանակակից օրիորդ, գեղեցկուհի, համեստ, հրեշտակի պես հեզ, ինտելիգենտ իդեալներ երազող, հա՜—հա՜—հա՜…
Նրա ծիծաղն անբնական էր, նույնիսկ երկյուղալի Շուշանիկի համար։ Նա, կարծես, զառանցում էր, չգիտեր իր ասածների միտքը։ Շունչը հետզհետե սպառվում էր, մերթ նստում էր, մերթ վեր կենում, անգամ ձեռն ուժգին զարկելով սեղանին։
Նա շարունակեց նույն ուղղությամբ, նույն անկապ խոսքերով, օ՜օ, նա գիտե, այժմ Շուշանիկը ինչ է մտածում։ Թող այնքան հիմար չհամարի Միքայել Ալիմյանին։ Ո՞ւմ չի հայտնի, որ անփորձ կանայք այն տղամարդկանց են սիրում, որոնք «խորհրդավոր» են կամ դժբախտ, կամ քիչ են խոսում, կամ խելոք են ձևանում։ Բայց բոլոր տղամարդիկ միմյանց նման են, եթե լավ ճանաչես։ Ինքը՝ Միքայել Ալիմյանը կարող է վատ էլ լինել, լավ էլ, չար էլ, բարի էլ, վախկոտ էլ, քաջ էլ։ Բոլորը կախված է հանգամանքներից։ Նա րոպեի մարդ է, շատ անգամ մի բան մտածում է, անում է հակառակը։
— Հենց այն օրն էլ այդպես էի, հիշո՞ւմ եք այն օրը։ Իհարկե, չեք մոռանալ։ Բայց ես… ես իսկույն մոռանում եմ վիրավորանքը։ Գիտեք, ես փչացած եմ, ընկած, զզվելի, ինչ կամենաք, բայց այստեղ, ա՜յ, այս կրծքի տակ զգացմունք կա, հասկանո՞ւմ եք։ Ես ընդունակ եմ մի ժամում ձեզ և՛ ստորացնել, և՛ բարձրացնել, և՛ տապալել, և՛ ձեր ոտների տակ տապալվել։ Հասկացե՛ք այս բանը, ճանաչեցե՛ք ինձ, վերջապես։ Հայրս ինձ գիժ էր համարում, բայց տեսա՜ք ես քանի՜—քանի՜ վիրավորանքներ ստացա և ինձ զսպեցի։ Ես օրինավոր մարդ չեմ, էէ՜, շատ հարկավո՞րս է։ Բայց, համբերեցե՛ք, մի օր ինձ համար… Ուզո՞ւմ էի գրազ գալ, որ դուք ինձ հաղթել չեք կարող… դուք բարոյական, ես անբարոյական…
— Ես ձեզ հետ մրցելու ո՛չ ուժ ունիմ, ո՛չ ցանկություն։
— Դուք ինձ զզվանք եք ցույց տալիս։— Իմ զզվանքը ձեզ համար չի կարող նշանակություն ունենալ։ Դուք հարուստ եք, ես աղքատ…
— Ես ձեզ խնդրում եմ հարստության և աղքատության մասին չխոսել…
— Ինչպե՞ս չխոսել, քանի որ ինքներդ մի քիչ առաջ պարծեցաք, թե հարուստ եք, ամեն բան կարող եք անել։ Բա՛ց արեք դռները…
— Ես ձեզ այդ ասացի՞… Ի՞նչ է նշանակում… Ես ոչինչ չասացի, բայց կարելի է, ո՞վ գիտե… Ես այնքան գրգռված եմ, որ չգիտեմ ինչ եմ խոսում։
— Այդ երևում է։ Բա՛ց արեք դռները։ Տանն ինձ սպասում է կոտր ընկած վաճառականը, անդամալույծ հայրս։
Այս խոսքերը բոլորովին զինաթափ արին Միքայելին։
— Օրիորդ,— արտասանեց նա, այժմ ինքն իր դեմ բարկանալով,— ես չգիտեի, որ ձեզ կարող է վիրավորել ամեն մի խոսք… Ներեցեք, ես ամեն մի բառ չեմ կարող մի Ժամ մտածելուց հետո ասել… բերանիցս թռավ։ Իսկ եթե կամենում եք ճշմարտությունն իմանալ, լսեցե՛ք․ հարստությունը շատ մարդկանց փչացնում է… Երևի, այժմ կհավատաք…
— Մի՞թե,— արտասանեց Շուշանիկն աներկյուղ հեգնությամբ,— ինչո՞ւ բոլորին չի փչացնում…
— Գիտեմ, իմ եղբոր մասին եք խոսում… բայց դեռ վաղ է, սպասեցե՛ք, ո՞վ գիտե, ինչ կպատահի… նա դեռ նոր է փողի համն առնում… Իսկ ես արդեն զզվել եմ…
Քանի գնում՝ այդ մարդն անհասկանալի էր դառնում։ Մերթ հանկարծ կատաղում էր ու ձայնը բարձրացնում, մերթ շփոթվում ու բառերը շփոթում։ Եվ Շուշանիկը չգիտեր նրա ո՛ր խոսքին կամ տոնին հավատա, որին՝ ո՛չ։ Միևնույն ժամանակ, այժմ նա ակամա հետաքրքրվում էր հենց նրա անհասկանալիությամբ։ Մի՞թե բոլորը, ինչ որ ասում է, կեղծ է։ Կոմեդիա։ Վերջապես, ի՞նչն է ստիպում այդ մարդուն խոսել այդպես։ Մի փչացած մարդ, առանց խորին պատճառի այդպես չի բորբոքվիլ։ Ի՞նչ է նշանակում այդ։ Վիրավորված ինքնասիրությո՞ւն, սե՞ր, կի՞րք, ատելությnւ՞ն, թե՞ զղջում։ Կարծես, բոլորն էլ խառնվել են միմյանց։ Նրա դեմքն անգամ անհասկանալի է դարձել, մերթ թվում է տգեղ ու հրող, մերթ գեղեցիկ։ Իսկ այդ սպին նրա ճակատի վրա, խայտառակության այդ անշնչելի դրոշմը, կարծես, այլևս գարշ տպավորություն չի անում…
Բայց այդ ի՞նչ է։ Այն մարդը, որ կատաղի արտահայտում էր սրտի թույնը, այժմ բոլորովին անհասկանալի դարձավ։ Թուլացած, ընկճված, նստեց աթոռի վրա, նայեց մոլոր հայացքով Շուշանիկի երեսին, դրեց գլուխը սեղանի ծայրին և հեկեկում է։ Այո՛, հեկեկում է, ինչպես երեխա։ Այդ արդեն կոմեդիա չէ, մարդ չի կարող արհեստական կերպով այդպես արտասվել։ Բայց արտասուք և Միքայել Ալիմյան — ի՜նչ հակադրություններ։
Ձեռները հենած աթոռի մեջքին, աչքերը լայն բաց արած Շուշանիկն ապշած նայում էր։ Եվ այն, ինչ որ տեսնում էր․ թվում էր նրան երազ, այնքան անբնական էր նրա աչքում։
Միքայելն արագությամբ ոտքի կանգնեց, աչքերը սրբեց։ Նա բաց արավ դռները և ասաց․
— Գնացե՛ք, այսուհետև ձեզ հանգիստ կթողնեմ, գնացե՛ք… Բայց մոռացեք բոլոր ասածներս… Հենց այնպես, հիմար էի, անքնությունից էր, հիվանդ եմ…
Եվ դարձյալ մոտենալով սեղանին, ընկղմվեց աթոռի վրա։
— Տեր աստված,— դիմավորեց Շուշանիկին Անտոնինա Իվանովնան, կառքից ցած գալով,— այսօր դուք կատարելապես հիվանդ եք։ Գնանք ձեր տուն, ես ուզում եմ ձերոնց հետ ծանոթանալ։ Տվե՛ք ինձ ձեր թևը…
— Իմ թևը մի՛ առնեք, արժանի չէ,— ասաց Շուշանիկը, ձեռը ցնցողաբար խլելով տիկնոջից։
Անտոնինա Իվանովնան նայեց նրա երեսին զարմացած և հետո ներքևի շուրթը սեղմեց ատամներով, գլուխը խորհրդավոր շարժելով։ Նա բոլորովին սխալ հասկացավ օրիորդի հոգեկան դրությունը, սխալ և վիրավորական… II
Անցավ երկու-երեք շաբաթ։ Քաղաքում կյանքը շարունակվում էր նույն ուղղությամբ։ Տիկին Մարթան գրեթե ամեն օր գալիս էր և մորը լարում հարսի դեմ։ Ոսկեհատը ստեպ-ստեպ ընդհարվում էր Անտոնինա Իվանովնայի հետ։ Ընդհարման առիթները շատ էին, բայց մշտականը երեխաներն էին։ Մայրն աշխատում էր նրանց հեռու պահել ընտանիքի վատ ազդեցությունից, տատը ձգտում էր տիրանալ նրանց։ Այստեղից առաջանում էին ընտանեկան անընդհատ փոթորիկներ, որոնց դեմ Սմբատը միանգամայն իրեն անզոր էր զգում։ Մերթ մորն էր հանդիմանում, մերթ կնոջը։ Երկու կողմն էլ պաշտպանում էին իրենց իրավունքները եռանդով։
— Նա մեզ բոլորիս ատում է, ուռած ու փքված է,— ասում էր այրին,— վիզիտներ չի անում, երեխաներին տանը փակած է պահում, ոչ ոքի մոտ չի թողնում գնան։ Մոտս մի բարեկամ կնիկ գալիս, առաջը չի դուրս գալիս, մի բաժակ թեյ չի առաջարկում։ Ինձ ծաղրում են ազգականներս… Ես ապրուստ չունեմ, որդի, դու էլ չունես, ձեռ քաշիր այդ կնոջից։
Անտոնինա Իվանովնան բացատրում էր իրողությունն այլ կերպ։ Նա ոչ ոքի չի ատում, չի արհամարհում, պատրաստ է բոլորի հետ հաշտվել, բայց թող նրանից անկարելին չպահանջեն։ Նա ունի իր հայացքները, ճաշակը, ինքնասիրությունը։ Չի կարող ժամերով նստել այս ու այն անկիրթ ազգականուհու հետ, լսել նրա բամբասանքները, ինքն էլ բամբասել։ Նա չգիտե նրանց հետ վարվելու, մինչև անգամ խոսելու ձևը։ Նա չի ուզում իր սիրտը բացատրել այդ կանանց, որոնք ուժով ներմուծում են նրա հոգեկան աշխարհը, կամենում են իմանալ՝ ո՛ր ժամին է քնում, ո՛ր ժամին զարթնում, ի՛նչ է մտածում, ո՛ւմ սիրում, ի՛նչ ատում։ Պահանջում են, որ նա այցելի աննպատակ, շռայլ ընտանեկան երեկույթներն ու ճաշերը, հագնվի այնպես, ինչպես ուրիշները, սիրե այն կերակուրները, որ սիրում են ազգականուհիները, չարախոսի նրանց թշնամիներին, կեղծավորի բարեկամներին, նույնիսկ թուղթ խաղա…
— Ես ինձ վերստեղծել չեմ կարող, թեկուզ կամենամ էլ։ Իմ և այդ կանանց մեջ ահագին անդունդ կա, չեմ ուզում և չեմ կարող կեղծիքով լցնել այդ անդունդը։ Եվ ոչ էլ ձեր մայրն է կարող։ Ուրեմն ինչու միմյանց խաբենք…Սմբատը փախչում էր տնից՝ այս գանգատներից ազատվելու համար։ Առավոտն իջնում էր գրասենյակ, կարգադրում էր անհրաժեշտ գործերը և անհայտանում։ Ոչ ոքի չէր հաղորդում սրտի դառնությունները և անվայել էր համարում հաղորդելը։ Ո՞վ կհասկանա նրա կյանքի ամբողջ դրաման՝ իր բոլոր նրբություններով։ Միայն նա, ով համանման վիճակի մեջ է։ Իսկ այսպիսի մի երկրորդը դեռ չկա ամբողջ քաղաքում։ Ուրիշ տեղերում շատ կան, բայց այստեղ միակն է, թող միայն ինքն իմանա իր ցավերը։
Արշակը Զինաիդային գտնելու հույսը թողել էր և, Ալեքսեյ Իվանովիչի շնորհիվ, գտել Էլմիրային։ Դա մի նորեկ կոկետուհի էր — մայրաքաղաքի հաճույքների դպրոցն անցած մի գեղեցկուհի։ Մի արկածախնդիր, որ եկել էր «ոսկե քաղաքում» բախտ որոնելու։ Տեսնվելով նոր սիրուհու հետ գիշերները, ցերեկներն Արշակը թափառում էր հյուրանոցից հյուրանոց և ամենուրեք որոնում նորանոր զվարճություններ։ Ալեքսեյ Իվանովիչի պաշարն անսպառ էր. ամեն օր իր աշակերտի համար պարզվում էր աշխարհային մի որևէ նոր գաղտնիք, ծանոթացնելով նրան «կյանքը սիրողների» ամենանուրբ և ամենահուզիչ հաճույքների հետ։ Այժմ պատանին փողի պակասություն չուներ։ Սմբատը տալիս էր առատ, մասամբ մոր անվերջ թախանձանքներից ու արցունքներից հարկադրված, մասամբ իր գլուխն ազատելու համար։
Իսահակ Մարութխանյանը դադարել էր Ալիմյաններին այցելել. չէ՞ որ Միքայելը նրան «անամոթաբար» վռնդեց իր տնից։ Նա այլևս այդ ընտանիքի հետ ոչինչ կապ չունի, բայց սպասիր «անպատկառ մանուկ», մի օր Մարութխանյանը ցույց կտա քեզ իր ասեղները։
Ամեն երեկո նա իր կաբինետում համարակալի վրա զանազան հաշիվներ էր անում։ Հանում էր երկաթե սնդուկից ինչ-որ թղթեր, նայում ստորագրությանը, կարդում, հրճվում և հետո ծալում խնամքով ու դնում նորից իրենց տեղը, կրկնելով.
«Հիմա՜ր տղա…»։
Երբեմն կնոջից տեղեկություններ էր հարցնում Ալիմյանների ընտանեկան գործերի մասին (առևտրականը նրանցից լավ գիտեր)։ Հետաքրքրվում էր եղբայրների հարաբերություններով, մասնավորապես հարցնում էր Միքայելի մասին. ինչո՞ւ քաղաք չի գալիս, մի՞թե հանքային գործերն են նրան այդչափ զբաղեցնում։
— Մեջտեղ անպատճառ մի և կլինի,— ասում էր խորհրդավոր։
Նա մի առանձին հաճույքով վերագրում էր Միքայելին ամենագարշ հատկանիշներ, ամենաստոր միտումներ։ Մի օր Մարթան հաղորդեց, թե Անտոնինա Իվանովնան տեղափոխվում է հանքերը։ Իսահակը, կանաչ-դեղնագույն աչքերն ակնոցների տակից սևեռելով կնոջ երեսին, ասաց․
— Չե՞ս տեսնում, որ մեջտեղ մի և կա։
Նա կարծում էր, որ իր կինը, չափից դուրս ատելով Անտոնինա Իվանովնային, չի խղճահարվիլ մի ամենակեղտոտ ակնարկ ընդունելու եղբոր կնոջ վերաբերմամբ։ Բայց Մարթան վրդովվեց մինչև հոգու խորքն՝ ամուսնու ակնարկից և բորբոքված գոչեց․
— Չհամարձակվե՛ս, իմ եղբայրը քեզ պես մարդ չէ…
— Ես ոչինչ չասացի… Ես միայն ուզում եմ, որ եղբայրդ ամուսնանա։
Եվ այդ օրից նա նույնը կրկնում էր ամեն օր, ստիպելով Մարթային, որ համոզի Միքայելին ամուսնանալ։ Մի անգամ, վերջապես, կինը զարմացած հարցրեց․
— Չեմ հասկանում, ինչո՞ւ ես դու այդպես հոգս անում նրա ամուսնանալու մասին…
— Հաշիվներ ունեմ…
— Ի՞նչ հաշիվներ։
— Է՜հ, մի օր կիմանաս էլի, դեռ վաղ է…
Այնինչ, Միքայելը ոչ միայն ամուսնանալու տրամադրություն չուներ, այլև կյանքի սերը, կարծես, օր-օրի վրա թուլանում էր նրա մեջ։ Նա գործերը ամբողջովին հանձնել էր Դավիթ Զարգարյանին, որից հաշիվ անգամ չէր ուզում ընդունել։ Նա ոչ միայն քաղաք չէր գնում, շատ անգամ տնից էլ դուրս չէր գալիս։
«Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց այս մարդուն» հարցնում էր մտքում Դավիթը և պատասխանը փորձում էր կարդալ Միքայելի դեմքի վրա։ Ա՜խ, նա կույր չէր և ոչ հիմար. վաղուց արդեն զգում էր, որ Միքայելը հետամուտ է Շուշանիկին, որ օրիորդը ոչ միայն չի քաջալերում նրան, այլև փախչում է նրանից։ Նա մտքում գովում էր իր եղբոր աղջկա հպարտությունը, բայց միևնույն ժամանակ, վախենում էր։ Միքայելը կանանց վերաբերմամբ անզուսպ է, կարող է խիստ միջոցների դիմել՝ մի աղքատ աղջկա անտարբերությունը պատժելու համար։ Ի՜նչ ստորության ընդունակ չէ մի բարոյապես ընկած մարդ, մանավանդ, երբ ձեռքում ունի փողի պես ամենազոր միջոց։ Օ՜օ, ո՛չ, ո՛չ, թող միայն համարձակվի այդ մարդը, Դավիթը կյանքը չի խնայիլ՝ Շուշանիկի պատիվը պաշտպանելու համար։
Բայց գլխավորն այս չէ, կա ավելի լուրջ բան։ Բոլոր նշաններից երևում է, որ Շուշանիկը դեպի մյուս Ալիմյանը տածում է խուլ համակրություն։ Ահա վտանգավորը, ահա ինչի առաջը պիտի առներ։ Ճշմարիտ է, Սմբատն ազնիվ մարդ է, Շուշանիկը խելոք աղջիկ է, բայց ո՞վ կարող է երաշխավորել նրանց զգաստության մասին, եթե հանկարծ համակրությունը փոխվի փոխադարձ սիրո։ Չէ՞ որ այդ հնարավոր է. ինչ անենք, որ Սմբատը հարուստ է, Շուշանիկն աղքատ, այս տեսակ դեպքեր քի՞չ են պատահել։ Պետք է զգույշ լինել, հետևել նրանց…
Դավիթն ուրախացավ, երբ Սմբատը դադարեց այցելել հանքերը։ Սակայն շուտով զգաց, որ այդ ավելի է ազդում Շուշանիկի վրա։ Նկատում էր, որ օրիորդն օրեցօր թառամում է, մաշվում ու մռայլանում, դառնալով, միևնույն ժամանակ ներվային, դյուրագրգիռ, որպես թոքախտավոր։
Աննան ամեն օր ասում էր.
— Երեխաս մոմի պես հալվում է, աստված սիրես, Դավի՛թ, իմացիր նրա ցավը։
Մի գիշեր Անանն, անդամալույծին ջուր մատուցանելիս, լսեց մյուս սենյակից Շուշանիկի գոռոցը։ Անցավ այնտեղ լամպարը ձեռին, նայեց։ Աղջիկը քնած էր և երազում խոսում էր։ Աննան ցնցվեց, լսելով երազողի բերանից մի քանի անգամ Սմբատի անունը։ Հետևյալ օրը նա տեսածը պատմեց Դավթին և կրկին թախանձեց նրան «իմանալ երեխայի ցավը»։
— Շուշան,— ասաց Դավիթը նույն օրը երեկոյան՝ ընթրիքից հետո․— գնանք սենյակդ, ուզում եմ քեզ հետ մի բանի մասին խոսել։
Շուշանիկը կամեցավ ծալել ձեռի գիրքը և վեր կենալ։ Սարգիսն ընդդիմացավ։
— Չհամարձակվես, կարդա՛ մինչև քնելս…
Եվ մի ժամու չափ անդամալույծ եսամոլը տանջեց անձնվեր աղջկան, մինչև որ նիրհեց նրա քաղցրահնչյուն ձայնի օրորով։
Մտնելով օրիորդի սենյակը, Դավիթը մի հարատև, սուր ու թափանցող հայացք ձգեց նրա վրա։ Եվ սկսելով հեռվից, շատ հեռվից զգուշաբար մոտեցավ էականին։ Սիրող հովանավորի իրավունքով հորդորում էր Շուշանիկին խելքի գալ, դառնալ առաջվանը։ Նա շատ է փոխվել… էէ՜, մարդ ապահով չէ զանազան «ներելի և աններելի» զգացումներից երիտասարդ հասակում։ Միայն Շուշանիկը չպիտի թույլ տա, որ ծնողներն անիծեն այն օրը, երբ դրվեց իրենց նյութական ապահովության հիմքը, այսինքն երբ հանքերը տեղափոխվեցին։ Սմբատ Ալիմյանը շատ արժանավոր մարդ է, ո՜վ է հակառակում, նրան կարելի է սիրել, բայց…
— Սպասի՛ր,— ընդհատեց Շուշանիկը, ցնցվելով,— ինչու՞ համար ես այդ ասում…
Դավիթը շարունակեց ավելի պարզ։ Այո՛, Սմբատ Ալիմյանին կարելի է սիրել, բայց ամեն սեր պիտի որևէ արդարացուցիչ հիմք ունենա։ Օօ՜, Շուշան, մի՛ ամաչիր. մի՛ կարմրիր, մի՛ ընդհատիր հորեղբորդ խոսքը։ Նա գիտե, ինչ է խոսում։ Ներիր, որ չի թաքցնում իր կասկածները։ Երբ մեկին սիրում ես հարազատ հոր պես, պարտավոր ես նրա հետ, հարկը պահանջելիս, նույնիսկ խիստ վարվել։ Լսի՛ր, Շուշան, լավ մտածիր, դու հասարակական կարծիքի հետ մաքառելու ուժ չունիս, իսկ հասարակական կարծիքը քեզ կհալածի։ Ոչ ոք չի ասիլ, թե դու մի խեղճ, աղքատ մարդու աղջիկ, սիրում ես Սմբատ Ալիմյանին և ոչ նրա հարստությանը։ Օօ՜, ո՛չ, մարդիկ այդպիսի դեպքերում միշտ տրամադիր են մտածելու ամենավատը, ամենագարշելին. այս արդեն նրանց հատկանիշն է…
Շուշանիկը կատարելապես տանջվում էր։ Օօ՜, նա չի ուզում այդքան հոգացողություն հորեղբոր կողմից։ Թողեք նրան իր գաղտնի վշտերի հետ, մի՛ խառնվեք նրա հոգեկան գործերին։ Տեր աստված, այս ի՞նչ փորձանք է, ինչո՞ւ է այդ մարդն այդչափ հավաստիացած խոսում նրա սիրո մասին։ Նա երբեք ոչնչով չի արտահայտել Սմբատին որևէ զգացում, մինչև անգամ մտերմական խոսակցություն չի ունեցել նրա հետ։ Ինչի՞ց է եզրակացնում, թե սիրում է նրան։
— Կա լռություն, որ խոսքերից պերճախոս է։ Շուշան, մի՛ խաբիր ինձ և քեզ։ Դու այդ մարդով հափշտակված ես, վաղուց գիտեմ, դու գիշեր-ցերեկ նրա մասին ես մտածում, ինձ համար պարզ է, ինչպես այդ լամպի լույսը։ Ինչո՞ւ հեռու գնանք։ Այսօր պատահաբար բաց եմ անում քո կարդացած գրքերից մեկը… Ահա, սպասիր, կարծեմ հենց այստեղ է…
Նա բարձրացավ տեղից և սեղանի վրայից վերցրեց մի հաստ գիրք, որ Դիկկենսի վեպերից մեկն էր, թերթեց…
— Նայիր,— շարունակեց, գիրքը դնելով օրիորդի առջև,— դու ընդգծել ես այդ տողերը։ Նայիր մյուս երեսը, այդ ո՞ւմ անունն է գրված լուսանցքների վրա մատիտով։ Այս արդեն բավական պարզում է քո տրամադրությունն առանց քո կամքի։ Բայց մտածի՛ր, Շուշան, ի՞նչ հետևանք կարող է ունենալ մի սեր՝ ազատ աղջկա և ամուսնացած տղամարդի մեջ։ Դու կդժբախտանաս, իսկ ես այդ չեմ ուզում։ Դու խելոք ես, զարգացած, լավ սիրտ ունիս… Պարծենալով կարող եմ ասել, որ դու իմ աշակերտուհին ես…
Յոթ տարի աշխատել է նրանից պատրաստել մի օրինակելի աղջիկ։ Առաջին հոգսն է եղել սովորեցնել համբերությամբ տանելու կյանքի տառապանքները։ Ձգտել է ներշնչել նրան սեր դեպի մերձավորները, հեզություն, սովորեցրել է սիրել կյանքն իր ամենամռայլ գույներով անգամ։ Եվ համոզված էր, որ նա, վերջապես, հասել է նպատակին։ Այժմ մի՞թե Շուշանիկը թույլ կտա նրան կարծելու, թե այդ համեստ կերպարանքի տակ թաքնված են հանդուգն ձգտումներ։
Նա կանգ առավ։ Նրա նիհար ու երկայն մատները ցնցողաբար թերթում էին գիրքը։ Վաղաժամ թառամած դեմքի վրա հայտնվեց մի նոր, տակավին Շուշանիկին անծանոթ մռայլ գիծ։ Ներվային արագ շարժումով դեն շպրտեց գիրքը, կոր մեջքն ուղղեց և երերվող ձայնով շարունակեց։ Թող չկարծի Շուշանիկը, թե նրա հորեղբայրը դեմ է առհասարակ սիրո զգացմանը։ Ո՛չ, նա էլ քիչ թե շատ հասկանում է ու զգում։ Նրա սիրտը մարմնի պես չոր չէ։ Երբեմն այդ սիրտը բաբախել է։ Եվ եթե այսօր այսպես նա ընկճված է, պատճառը հենց սերն է… դժբախտ սերը։ Նա մի խեղճ վարժապետ էր Թիֆլիսում, դաս էր տալիս մի հարուստ վաճառականի երեխաներին։ Դա մի կոպիտ բռնակալ էր ընտանեկան կյանքում։ Առաջին կնոջը թաղելուց մի տարի անցած ամուսնացել էր մի թարմ օրիորդի հետ, որի ծնողները շատ աղքատ էին։ Դավիթը, հենց առաջին տեսնելուց, թույլ տվեց իրեն աններելի տկարություն։ Տիկինն անտարբեր էր կամ գուցե այդպես էր ձևանում։ Դավիթը հափշտակվեց, երևակայեց աններելի բաներ, հետո անգիտակցաբար նրա մեջ զարգացավ մի անհավասար սեր, գուցե ճիշտ այնպիսին, ինչպես ներկա դեպքում… Եվ դժբախտացավ։
— Շուշա՛ն, սիրելը լավ է, բայց երբ չեն սիրվում, այդ է վատը։ Սմբատ Ալիմյանը քեզ սիրել չի կարող, որովհետև նրա սիրտը պատկանում է իր զավակներին։ Նա ազնիվ մարդ է, քեզ չի մոլորեցնիլ…
Այլևս Շուշանիկը չկարողացավ իրեն զսպել։ Հորեղբոր խոսքերն արտահայտում էին այն, ինչ որ ինքը ևս զգում էր։ Բողոքելով ձեռների բացասական շարժումներով, թույլ ճիչերով ու ջղաձգական ցնցումներով, նա, միևնույն ժամանակ, չէր կարողանում հերքել իր սերը դեպի Սմբատ Ալիմյանը, որովհետև չգիտեր ստել ու կեղծել։ Նրա կոկորդի երակները փքվեցին, կուրծքն ուռավ, բարձրացավ։ Չդիմացավ բուռն զգացումներին, որ արձագանք էին տալիս հորեղբոր անսքող խոսքերին, թուլացավ, ընկղմվեց գահավորակի վրա։ Գլուխը դրեց ասեղնագործ բարձիկին և հեկեկաց այնպես, որպես երբեք չէր հեկեկել։
Դավիթը խղճաց նրան, մոտեցավ, բռնեց ձեռներից։ Ինչո՞ւ այդպես շուտ և այդպես անզգույշ դիպավ ամոթխած աղջկա սրտի նվիրական զգացմանը։ Շուշանիկի հեկեկանքը փոխվեց հիստերիկայի։ Այժմ նրա աչքերից արցունքներ չէին գալիս, չոր հեծկլտանքը խեղդում էր կոկորդը։ Շրթունքները կապտել էին, այտերը կարմրել, աչքերն արյունով լցվել…
— Բավական է, բավական է, երեխա չես,— հանգստացնում էր Դավիթը։
Ներս մտավ տիկին Աննան։ Մյուս սենյակում անքուն սպասել էր յուր եղբոր բացատրության հետևանքն իմանալու։ Գրկեց Շուշանիկի գլուխն ու արտասվեց։ Միամի՜տ կին. նա կարծում էր, թե դստեր վշտի պատճառը Միքայել Ալիմյանն է…
Այդ օրից հետո Շուշանիկը լուսնոտի պես չէր շրջում սենյակից-սենյակ, չէր հառաչում այնքան տխուր ու ցածր։ Աշխատում էր միայն չհանդիպել հորեղբորը ամոթից։ Նա սկսեց դարձյալ պարապել տնային գործերով նախկին եռանդով։ Ձգտում էր նորից գրավել հոր սիրտը, որ վերջին ժամանակ բավական սառել էր դեպի անձնվեր աղջիկը։ Սակայն այդ արդեն այնքան էլ դյուրին չէր։
Օր չէր անցնում, որ Սարգիսը չանիծեր աղջկան։ Նա կրկնում էր, թե Շուշանիկը խոսք է կապել մոր, հորեղբոր ու հորաքրոջ հետ՝ կամաց-կամաց սպանելու հարազատ հորը։ Ինչպես բոլորի, նույնպես և Շուշանիկի յուրաքանչյուր քայլին վերաբերվում էր կասկածով։ Երբեմն հրաժարվում էր կերակուր ճաշակելուց, ասելով, թե դեղած է։ Հայհոյում էր բոլորին ամենաանվայել հիշոցներով, հիշոցներ, որ խեղճ աղջկա ամոթխածությունը վիրավորում էին և ստիպում նրան, երեսը ծածկելով, փախչել դուրս։
Մի առավոտ Սարգիսը քնից զարթնեց կանուխ, բարձրաձայն գոռալով։ Նա սոսկալի երազ էր տեսել։ Իբր թե բակում, ահա այն երկու երկաթե ամբարների մեջտեղում, վառել էին մի մեծ խարույկ։ Դավիթը կապկապել էր նրան և, տնեցիների օգնությամբ, տանում էր, որ ձգի նրան խարույկի վրա, այրի։
— Հեռացե՛ք աչքիցս, հեռացե՜ք,— գոչեց նա, ցույց տալով երկաթե ամբարները, որ կանգնում էին հուժկու ժայռերի պես։
Այդ օրից միշտ կրկնում էր նույնը, միշտ սոսկալով ցույց տալով գմբեթաձև նավթամբարները, որոնք հալածում էին նրան, որպես չար երազի մարմնացում։ Վերջապես, նրա թախտը տեղափոխեցին։ Այժմ այլևս չէր տեսնում սարսափի առարկան։ Սակայն պարզ օրերին, իրիկնադեմին նրա դիմացի պատի վրա, նկատվում էր մի լայն ստվեր սուր ծայրով, հետո երկրորդը, և հանդարտ, դանդաղ սահում էին առաջ։
— Էլի եկան, անիծվածները,— գոռում էր Սարգիսը, գլուխը ծածկելով վերմակով։
Նա սարսափում էր նավթամբարների ստվերներից անգամ: Նա վախենում էր շոգու աղմուկից, մեքենաների դղրդյունից, շվիկների սուլոցներից, նավթի խշշյուններից։
— Դժոխք է, դժոխք,— գոչում էր նա,— այստեղ դևեր են ապրում…
Նայելով անդամալույծի պլշած աչքերին, Շուշանիկը նրանց մեջ պարզ տեսնում էր խելքի պղտորում։ Նա վախեցած փախչում էր յուր սենյակը և այնտեղ աշխատում ընթերցանության մեջ խեղդել սոսկալի մտորումները։ Բայց քայքայված հոգեկան հանգիստը չէր վերականգնվում, և նրա պայծառ ճակատի վրա վիշտը փորում էր վաղաժամ ակոսները։
Մի երեկո Դավիթը նրան կանչեց գրասենյակ և ասաց, թե քաղաքից Անտոնինա Իվանովնան ուզում է խոսել նրա հետ։ Նա առավ տելեֆոնի փողը, դրեց ականջին։
— Այդ դո՞ւք եք, օրիորդ,— ճանաչեց նա տիկնոջ ձայնը։
— Ես եմ։
— Խնդրեմ վաղը գաք քաղաք ինձ մոտ, կարևոր գործ ունիմ։
— Չեմ կարող, տիկին, վախենում եմ հորս մենակ թողնել։ Նա միայն ինձ տեսնելիս է հանգստանում։
— Աղաչում եմ, գոնե մի ժամով եկեք, եթե մի փոքր հարգում եք ինձ։Ճար չկար, Շուշանիկն այլևս չկարողացավ մերժել։
Հետևյալ օրը նա առավոտը գնաց երկաթուղով քաղաք մի մեքենավարի ուղեկցությամբ։ Առաջին անգամ ոտ դնելով Ալիմյանների տունը, օրիորդը շփոթվեց, այլայլվեց։ Նա վախենում էր հանդիպել Սմբատին և բարեբախտաբար չհանդիպեց։
— Սիրելի՛ս,— դիմավորեց նրան Անտոնինա Իվանովնան յուր բնակարանում,— շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Ես կամենում եմ ձեզ հետ խոսել մի ձեռնարկության մասին։
Նա ասաց, թե Միքայելից իրավունք է ստացել մշակների համար բանալ մի գրադարան-ընթերցարան, նաև հիմնել իրիկնային կուրսեր անգրագետ չափահասների համար։ Կուրսերի համար թույլտվություն պիտի ձեռք բերել, իսկ գրադարանի մասին պիտի հոգալ հենց այժմ։ Գործը բավական մեծ է, իսկ ինքը մենակ, խնդրում է Շուշանիկին օգնել իրեն։
— Ուրախությամբ կօգնեմ, ինչով կարող եմ,— հանձն առավ Շուշանիկը։
— Ես արդեն կազմել եմ ռուսերեն գրքերի ու լրագրերի ցուցակը։ Իսկ դուք կազմեցեք հայերեն գրքերինն ու լրագրերինը։ Դուք, իհարկե, գիտեք, թե ինչ գրքեր են հարմար հասարակ ամբոխի ընթերցանության համար։ Կարո՞ղ եք։
— Կփորձեմ հորեղբորս օգնությամբ։
— Այո՛, շատ լավ, ձեր հորեղբայրը հասկացող մարդու է նման։ Նա կարծեմ, ժողովրդական ուսուցիչ է եղել, չէ՞։
— Այո՛։
— Այդ շատ լավ է, շատ լավ։ Նա կհասկանա ժողովրդի մտավոր և բարոյական պահանջները։
Նա առաջարկեց Շուշանիկին կակաո, շարունակ ոգևորված խոսելով յուր ձեռնարկության մասին։ Թախանձեց օրիորդին մնալ ճաշին։ Բայց Շուշանիկի հոգին ձգտում էր հանքերը, մերժեց և տիկնոջ աղախնի ուղեկցությամբ շտապեց երկաթուղու կայարանը։
Անտոնինա Իվանովնան շատ ուրախ էր, որ Շուշանիկը հանձն առավ յուր օգնականը լինելու։ Նա հույսով էր, թե աղջիկը կդառնա յուր անկեղծ բարեկամուհին։ Ախ, ի՜նչ համակրելի և խելոք դեմք ունի, երևում է, որ մտածող ու զարգացած աղջիկ է։ Ի՜նչ անսպասելի գյուտ ասիական երկրում։
Նա այնքան ոգևորված էր, այնքան տրամադիր ներողամիտ և անհիշաչար լինելու, որ երեկոյան առաջին անգամ Սմբատին խոսք տվեց մյուս օրը գնալու նրա մի ազգականի տունը հյուր։ Այդ ազգականը այրի Ոսկեհատի հորեղբոր որդին էր։ Մի խոշոր վաճառական, որ Պարսկաստանի հետ բամբակի և գորգերի առևտուր ուներ։ Ամեն տարի նա տալիս էր շքեղ տոնախմբություն յուր միակ աղջկա ծննդյան տարեդարձի պատվին։
Հետևյալ օրը երկու ժամին տիկինը Սմբատի հետ մտավ մի ընդարձակ հյուրասենյակ, որ կահավորված էր ամենայն շռայլությամբ։ Այստեղ ամեն ինչ կար, բացի ճաշակից ու նրբությունից։ Արդեն հավաքվել էին բավական թվով հյուրեր, և շարունակ գալիս էին նորերը։ Սմբատը ներկայացրեց ամուսնուն բոլորին, որ մեծ մասամբ նրա ազգականներն ու ազգականուհիներն էին։ Շուտով Անտոնինա Իվանովնան շրջապատվեց հետաքրքիր տիկինների ու օրիորդների մի խմբով։ Սկսեցին կշտամբել իրանց «հարսին», որ ճգնավորի կյանք է վարում, ոչ մի տեղ չի երևում, «մարդու տեղ չի դնում» ազգականներին։ Անտոնինա Իվանովնան պաշտպանվում էր, որքան կարող էր։ Այս անծանոթ շրջանում, ուր խորին ասիական տարազների հետ խառնվել էին եվրոպական վերջին տարազի զգեստները, նա զգում էր իրան մի տեսակ քաոսի մեջ։ Չգիտեր ինչ խոսեր, ինչպես պահեր իրեն, ինչով հետաքրքրեր իրան զբաղեցնողներին։
Փոքր առ փոքր շրջապատոողները հեռացան։ Նա մնաց մենակ։ Նա այնքան նրբազգաց էր դարձել, որ իսկույն գուշակեց, թե կանայք խումբ-խումբ հավաքված, յուր մասին են խոսում։ Տանտիրուհին, որ երեսուն տարեկան հասակումն էր միայն ասիական տարազը եվրոպականի փոխել, քննադատում էր նրա հագուստն իսկ և գտնում «շատ հասարակ»։ Մյուսները սրախոսում էին նրա տարիքի, հասակի, աչքերի ու մազերի գույնի մասին։ Կային և պաշտպանողներ, բայց նրանց ձայները խլանում էին մեծամասնության կարծիքների մեջ։
— Քի՞չ աղջիկ կար մեր քաղաքում, մեր մեջ,— ասում էր մեկը։
— Սմբատն էր, է՜լի, իրան անբախտացրեց,— ասում էր մյուսը։
— Ծնողներն են մեղավոր, ինչո՞ւ երեխա հասակում տարան գցեցին օտար երկիր։
— Ամեն բան մոռացավ, անուն, պատիվ, ազգ, հավատ… խայտառակեց իրեն էլ, մեզ էլ…
Անտոնինա Իվանովնան տխրում էր։ Ահագին բազմության մեջ զգում էր իրան մենակ և օտար…
— Նայեցեք,— գանգատվեց նա Սմբատին, շշնջալով,— կարծես, ես վայրենի եմ դրանց մեջ։ Տեսեք, ինչ խորթ աչքով են նայում։ Բոլորի, բոլորի դեմքերն արտահայտում են կամ արհամարհանք, կամ ներողամտություն։ Հավատացեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ ինձանից պահանջում եք, որ այդ խորթությունը ես մարսեմ։ Դրանք ինձ հետ երբեք չեն հաշտվիլ, ինչպե՞ս հաշտվեմ ես…
— Տգետ են, ներողամիտ եղեք։
— Գիտեմ, բայց չեմ կարողանում, ոչ, չեմ կարողանո… թույլ տվեք ինձ հեռանալ… շնորհավորեցի տոնը, բավական է, ճաշի մնալ չեմ կարող։
— Ես ձեզ ստիպելու իրավունք չունեմ…
Անտոնինա Իվանովնան ոչ մի թախանձանքի չզիջեց, հրաժեշտ տվեց։ Դուրս գալով փողոց, նա կրծքի խորքից արձակեց երկարատև մի հառաչանք։ Կարծես, սուղ ու ծանր մթնոլորտից ազատվեց։
Եվ, իրավ, սուղ ու ծանր էր նրա համար խորթ շրջանի մթնոլորտը։ Սուղ, ինչպես դրսում, նույնպես և տանը։
Հետևյալ օրը նա տելեֆոնով Միքայելին խնդրեց յուր համար հանքերում պատրաստել բնակարան երկու կամ երեք սենյակից։ Նա վճռեց տեղափոխվել երեխաների հետ հանքերը։ Սմբատը չհակառակեց։
Միքայելը յուր բնակարանը դատարկեց, մաքրել և նորից կահավորել տվեց, իսկ ինքը տեղափոխվեց նոր կառուցված կացարաններից մեկը։
Մի շաբաթ անցած Անտոնինա Իվանովնան երեխաների ու աղախնի հետ գնաց հանքերը։
Շուշանիկն ուրախացավ։ Եվ այդ օրից նրա ու տիկնոջ մեջ առաջացավ բարեկամություն։ Նրանք ամբողջ ժամերով խոսում էին ու խորհրդակցում տիկնոջ ձեռնարկությունների մասին։ Քանդում էին, շինում, օգնում էին, աշխատում, մտածում, զգում ու ապրում։ Երբեմն խոսում էին իրանց անձնականի մասին։ Տիկինը սիրում էր պատմել յուր ուսանողական կյանքից (նա երեք տարի եղել էր Բեստուժյան կուրսերի հաճախորդ)։ Ախ, երանելի՜ ժամանակներ, որ անցաք, գնացիք, ձեզ հետ տանելով ամենավառ հույսեր։ Բայց փույթ չէ. Անտոնինան կաշխատի կորուստը վերադարձնել այժմ, այսուհետև։
Շուշանիկը լսում էր լուռ և ուշադիր։ Հաճելի էր Անտոնինա Իվանովնային նրա հետաքրքրությունը։ Թվում էր նրան, որ յուր զրույցներով ներգործում է մի դեռևս չկազմակերպված հոգու վրա և տալիս նրան յուր ցանկացած ուղղությունը։
Շուշանիկը հարգում էր նրա խելքը, կամքի ուժը, կրթությունը, զարգացումը, բայց մտերմանալ… ոչ… դեռ չէր կարողանում։ Եվ ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով մտերմանալ։ Երբեմն նա խղճում էր տիկնոջը, որ չի սիրվում ամուսնուց։ Ինչո՞ւ արդյոք, կրթված մայր, առաքինի կին, ոչ տգեղ, ոչ հակակրելի, ոչ ծեր — մի՞թե կարող էր կյանքի ավելի լավ ընկերուհի ունենալ Սմբատ Ալիմյանը։ Ա՜խ, չլինի թե այդ մարդու արտաքին շիտակության տակ թաքնված է վատ հոգի։
Մի օր անսպասելի ներս մտավ Սմբատը։ Եկել էր երեխաներին քաղաք տանելու։ Մյուս օրը ծաղկազարդ էր, Ոսկեհատը պահաջել էր, որ առավոտը թոռները եկեղեցի գնան։
Անտոնինա Իվանովնան չհակառակեց, թող տանեն, ո՛ր եկեղեցին ուզում են, միևնույնն է։
Տեսնելով կնոջ սեղանի վրա մի հայերեն ձեռնարկ, Սմբատը վերցրեց թերթեց, նայելով Շուշանիկին, և հասկացավ, որ օրիորդը դաս էր տալիս Անտոնինա Իվանովնային։ Ոչինչ չասաց. միայն դառն հեգնության ժպիտն աղավաղեց նրա դեմքը։
Հետևյալ օրը երեխաներին հետ բերեց այն միջոցին, երբ դարձյալ Շուշանիկը տիկնոջ մոտ էր։ Օրիորդը կամեցավ հեռանալ։ Տիկինը չթողեց։ Օրիորդն սկսեց խաղալ երեխաների հետ։ Սմբատը գաղտնի դիտում էր նրան։ Ա՜խ, որքա՜ն նրա հեզ կերպարանքը ներդաշնակում է այդ անմեղ զույգին։ Ինչո՞ւ նա չէ նրանց մայրը, նա, որ արյունով ու հոգով մի է Սմբատի հետ։
Եվ այս մտածելով Սմբատը չէր կարողանում հայացքը հեռացնել Շուշանիկից։ Նա ակամա հառաչեց, հիշելով քեռու խոսքը. «ճիպոտդ քոլիցդ պետք է կտրեիր»…
Վերջին ժամանակ նրա մեջ սկսել էր մի նոր հոգեկան փոփոխություն։ Արդեն զգում էր, որ շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում է, անկարելի է, ամոթալի։ Մի՞թե նա պիտի թույլ տա իրեն աստիճանաբար ընկնել ու ընկնել մինչև անդունդ։ Կյանքի ուղին ոտների տակ դառնում է լպրծուն։ Մոռանա՞լ հայրական կտակը — ոչ, մոր վշտերը — ոչ, եղբայրական պարտականությունները — ոչ, զավակների՞ն — մանավանդ ոչ։ Պետք է ուրեմն կանգ առնել և լուրջ խորհել։ Մի՞թե գտավ որևէ սփոփանք այս հյուրանոցային արբեցուցիչ մթնոլորտում։ Այդ շռայլ սեղանները, անքուն գիշերները, ըմպելիքների սուր հոտը, բացի րոպեական թմրությունից, պարգևեցի՞ն նրա հոգուն որոնած անդորրությունը։ Իհարկե ոչ։ Նրա վիշտն անսպառ լավա է. արհեստական պատնեշնե՞րը պիտի կապեն նրա հոսանքը։ Հեռո՜ւ, տկարամտություն, նա չի ուզում վերջապես կործանվել մի սխալի պատճառով։ Թող այս քաղաքում լինի նրա դրությունը բացառիկ, իսկ ուրիշ տեղերում քանի-քանի մարդիկ կան նրա նման։ Ինչո՞ւ նրանք հաշտվել են իրանց սխալի հետ, եթե միայն զգում են այդպիսի մի սխալի հոգեբանական ծանրությունը։ Նա, որ աշխատում էր յուր եղբայրներին բարոյական կորստից ազատել, ի՞նքը պիտի կորչի։ Նա՞, որ ոչ Արշակի պես պատանի է, ոչ Միքայելի պես անզուսպ։ Օ, ոչ, պետք է սթափվե…
Նա տեսնում էր, որ Միքայելը, որին անդառնալի կորած էր համարել հոգու խորքում, օրեցօր դառնում է լրջամիտ. երես դարձնելով քաղաքային կյանքից, կարծես, խորասուզվել է ինքն յուր մեջ և այնտեղ մաքրվում յուր անցյալ կեղտերից։ Ո՞վ է պատճառն այդ արմատական փոփոխության։ Իհարկե, ոչ յուր խրատներն ու քարոզները, այլ ուրիշ, ավելի զորավոր բան։ Եվ մի ներքին ձայն նրան ներշնչում էր՝ «Շուշանիկը»։Իսկապես Սմբատը մի լուրջ փաստ չուներ, թե կա Միքայելի սրտում սիրո զգացում դեպի այդ աղջիկը, բայց դարձյալ համոզված էր, որ կա։ Է՜է, թող լինի. կնշանակե այն, ինչ որ նրա մեջ ապականել են ուրիշ կանայք, դարմանում և առողջացնում է մի համեստ աղջկա հրապույրը։ Հարկավ պիտի ուրախանալ, որ ախտավոր եղբայրը բարոյապես բուժվում է։ Բայց ինչո՞ւ դարձյալ մի անմիտ նախանձի զգացում հանգիստ չի թողնում նրան։ Միթե ներելի՞ է նախանձել հարազատ եղբորը, միթե առհասարակ վայե՞լ է նախանձը կրթված մարդուն։ Թող սիրեն միմյանց, եթե միայն սիրում են. նա պիտի ուրախանա, պարտավոր է ուրախանալ։ Չէ՞ որ նրա համար ամեն ինչ վերջացած է, և մնում է միայն միշտ կրկնել յուր քեռու խորհրդավոր խոսքը.
— Ինչո՞ւ ճիպոտդ քոլիցդ չկտրեցիր…
III
Սմբատ Ալիմյանը որքան ևս նախապաշարումներից ու սնահավատությունից զերծ լիներ, ուներ նախազգացումներ, որոնց կամա-ակամա հավատում էր։ Երբ նրան հանկարծ տիրում էր տխրություն, գիտեր, որ իրեն սպասում է որևէ ուրախալի լուր։ Ընդհակառակը, երբ զգում էր հոգեկան թեթևություն, գուշակում էր, որ իրեն սպառնում է որևէ անախորժ բան։
Այն օրը հանկարծ նրան պաշարեց ուրախություն։ Նա երգում էր, շվացնում, մոռացած մշտական վիշտը։ Նա խմեց մի բաժակ սուրճ, հանդիմանեց մորը, որ միշտ, ձեռները կրծքին դարսած, տխուր ու մռայլ, ուրիշներին էլ տխրեցնում է։ Նույն տրամադրությամբ իջավ գրասենյակ։ Այնտեղ արդեն բոլոր ծառայողները հավաքվել էին, իսկ յուր սենյակում սպասում էին մի քանի այցելուներ։ Նա կարգադրեց սովորական գործերը. ճանապարհ դրեց այցելուներին, ուրախացավ, երբ լսեց, որ նավթի գինը կես կոպեկ փթին ավելացել է։ Նա հաշվեց, որ եթե գործերն այսպես ընթանան, կարող է հորերի թիվը կրկնապատկել, երեք միլիոնը դարձնել տասը-տասնուհինգ միլիոն։ Զգաց փողի արժեքն ավելի, քան երբևէ զգացել էր, ամաչեց յուր նախկին «երեխայական գաղափարներից»։ Նա նույն տրամադրությամբ կամեցավ դուրս գալ, մի քիչ զբոսնել։ Հանկարծ ներս մտավ Իսահակ Մարութխանյանը, այն մարդը, որ երեք-չորս ամիս էր՝ երես էր դարձրել Ալիմյաններից։
— Ներեցեք, Սմբատ Մարկիչ,— լուրջ ու հանդիսավոր եղանակով ասաց անսպասելի հյուրը,— ես ձեզ հետ մի շատ կարևոր գործ ունիմ։
— «Մի շատ կարևոր գործ».— ուրիշ կերպ չէր կարող կարծել Սմբատը։ Անկասկած շարժառիթը շատ մեծ է, որ այդ մարդուն դրդել է գալու։ Իսահակը նայեց շուրջը, հավաստիանալու համար, արդյոք, երրորդ անձ ներկա չէ՞։ Մոտեցավ միջին դռներին, հարցնելով.
— Կարելի՞ է փակել բանալիով։
— Բայց ինչո՞ւ։
— Անհրաժեշտ է։
Սմբատը ձեռով նշան արավ նրան նստելու։ Ինքն էլ նստեց։
— Գիտե՞ք ինչ, Սմբատ Մարկիչ,— սկսեց հյուրը, ձեռնոցները հանելով,— դուք պետք է սառնասիրտ լինեք, համբերությամբ լսեք ինձ։
Որքան նա ինքը սառն լիներ, այնուամենայնիվ բարակ ու պաղ ձայնի մեջ զգացվում էր ինչ-որ անսովոր հուզում։
— Ի՞նչ եք կամենում, կարճ ասացեք,— գոչեց Սմբատը անհամբեր։
— Դուք գիտեք, որ Իսահակ Մարութխանյանը երկար խոսել չի սիրում։ Եկել եմ իմանալու, ձեր եղբայր Միխայիլ Մարկիչը ե՞րբ պիտի վճարի իմ փողերը։— Ձեր փողե՞րը…
— Իմ հալալ փողերը։ Հերիք է, որքան սպասեցի։ Ասենք, մի բան չեմ կորցնում, տոկոսներն ավելանում են, բայց վերջապես, ե՞րբ պետք է տա պարտքը…
— Ի՞նչ պարտք, չեմ հասկանում։
— Չե՞ք հասկանում,— զարմացավ Իսահակն այնքան ճարպիկ, որ դժվար էր կեղծիքը զգալ,— միթե ձեզ չի՞ էլ ասել։ Զարմանալի է, շատ զարմանալի, մարդ մոտ կես միլիոն պարտք ունենա և հարազատ եղբորից թաքցնի՞, այն էլ մեծ եղբորից։ Իմ արևը, Միխայիլ Մարկիչը շատ բախտավոր մարդ է… Իսկ ես, խեղճս, երբ մի քանի ռուբլի պարտք եմ ունենում, գիշերները քունս չի տանում։
Կես միլիո՜ն… Սմբատը նայեց հյուրի կանաչ-դեղնագույն աչքերին, որ ակնոցների տակից ժպտում էին անզսպելի չարախնդությամբ. արդյոք այդ մարդը չի՞ խելագարվել։ Բայց խելագարության ոչ մի նշույլ. ընդհակառակը, երբեք Մարութխանյանի դեմքն այնքան խորամանկ չէր թվացել Սմբատին, որքան այժմ։
— Կես միլիո՜ն,— կրկնեց Սմբատը,— գիտեք, մենք միմյանց հետ հանաք չենք կարող անել այն օրից հետո, երբ դուք…
— Աստված հեռու տանի,— ընդհատեց հյուրը,— ես իսկի հանաք չեմ անում։ Միխայիչ Մարկիչ Ալիմովը մասնավոր պարտաթղթերով ինձ, Իսահակ Սեմյոնովիչ Մարութխանովիս, պարտական է երեք հարյուր քսան հազար ռուբլի։ Տոկոսներն էլ վրեն գանք, կանի մոտ կես միլիոն կամ մի բան էլ ավելի։— Ես հենց մտքումս ասում էի, Սմբատ Մարկիչը չի հավատալ խոսքիս, կզարմանա։ Անունս վատ է դուրս եկել ձեզ մոտ, գիտեմ։ Բայց խնդրեմ այս երեկո շնորհ բերեք չային մեր տուն, ցույց կտամ պարտաթղթերը։
— Երևի, էլի այնպիսի մի թուղթ, ինչպես ձեր խարդախած կոնտր-կտակը…
— Սմբատ Մարկիչ, այդ ձեր եղբոր գործն էր։ Բայց այս երեկո, հենց այս երեկո, կտեսնեք ձեր աչքով։ Միխայիլ Մարկիչին էլ բերեք — եթե ինքը յուր բերանով չխոստովանի, այն ժամանակ թեկուզ երեսիս թքեցեք։ Սպասե՞մ այս երեկո։— Բավական է, ես ժամանակ չունեմ կոմեդիա խաղալու…
Այս ասելով՝ Սմբատը ոտքի կանգնեց։ Մարութխանյանը ձեռնոցը հանդարտ ձգեց գլխարկի մեջ, որ դրած էր սեղանի վրա, հանեց ծոցի գրպանից մի ծրար, դուրս բերեց այնտեղից մի քառածալ հասարակ թուղթ։ Բաց արավ թուղթը, պահեց Սմբատի առջև՝ ասելով.
— Կարդացե՛ք…
Սմբատը կարդաց, զննեց եղբոր ստորագրությունը։ Այս մեկ թղթով պարտքի գումարը երեսուն հազար էր առանց տոկոսների։ Նա որոնեց գրասեղանի դարանները, գտավ Միքայելի հին մուրհակներից մեկը, համեմատեց ստորագրությունը և ակամա արտասանեց.
— Այո՛, կարծես Միքայելի ձեռն է։
— Կարծելու բան չկա, հաստատ է,— ասաց Մարութխանյանը թուղթը հետ առնելով հանդարտ և դնելով ծոցի գրպանը։
— Բայց կեղծած է,— ավելացրեց Սմբատը,— Միքայելը ձեզ ոչինչ պարտ չէ։
— Է՜հ, որ այդպես է, ուրեմն դատարանը ցույց կտա։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես են գոյացել այս պարտքերը։
— Պատմեցե՛ք,— ասաց Սմբատը, նստելով և թիկն տալով բազկաթոռին։— Սուտ պատմվածքն էլ ունի իր որոշ գեղեցկությունը։
— Սրանից վեց տարի առաջ Միքայելը հափշտակվում է մի ծովային սպայի գեղեցկուհի կնոջով։ Այդ կինը գցում է նրան յուր ցանցերի մեջ։ Միքայելն սկսում է պարտքեր անել գեղեցկուհուն հագեցնելու համար։ Դիմում է Մարութխանյանին։ Ուրիշ «ո՞ր հիմարը» նրան պիտի հավատար այդքան փող։ Գեղեցկուհին խոստանում է Միքայելին փախչել նրա հետ արտասահման։ Մարութխանյանը նրանց տալիս է ճանապարհածախս և երկու տարվա ապրուստի փող։ Այս բոլոր պարտքերը տալիս է, Մարկոս աղայի մահից հետո ստանալու պայմանով։ Ինչ անպիտանություն որդու կողմից, այնպես չէ՞։ Գեղեցկուհին խաբում է Միքայելին, փողերն առնում ձեռքից ու… մի ուրիշի հետ փախչում Ֆինլանդիա։ Այս մեկ… Հետո, մի տարի անցած, ասպարեզ է գալիս ուրիշ գեղեցկուհի — մի ինչ-որ կոմիսիոների կին։ Դա նույնպես բավական «քամում է խելոքի գրպանը»։ Իսկ խելոքը միշտ դիմում է փեսային։ Տե՜ր աստված, այժմ էլ Իսահակը, հիշում է, թե ինչպես էր աղաչում Միքայելը, ինչպես էր լալիս։ Այնուհետև մեռնում է Մարկոս աղան, Միքայելը ձեռ չի քաշում փեսայից և հին պարտքերը տալու տեղ, նոր պարտքեր է անում… Ահա ամբողջ պատմությունը երեք հարյուր քսան հազար ռուբլու…
— Բավական է,— գոչեց Սմբատը, հուզված ոտքի կանգնելով,— դուք երևելի դարվիշ եք, ձեր ֆանտազիան խիստ հարուստ է։ Այդ բոլորը, ինչ որ պատմեցիք, ինքներդ եք հնարել։
— Կարճ ասացեք. ուզո՞ւմ եք փողերս տալ, թե՞ չէ։
— Ո՛չ։
Մարութխանյանը վեր կացավ տեղից, հեգնական ժպիտը կարմրախայտ երեսին ու հաստլիկ շրթունքների վրա։ Նա չկարողացավ Սմբատին համոզել խոսքով, կհամոզի դատարանի միջոցով։ Էքսպերտները չեն կարող չվավերացնել պարտաթղթերի իսկությունը. ինքը Միքայելը նույնպես չի հրաժարվում յուր ստորագրությունից. այս մասին նա ապահով էր։ Բայց, այնուամենայնիվ, չէր կամենալ գործը դատարանը գցել։ Ով գիտե, ինչ կարող է պատահել։
— Նեղություն քաշեք, տելեֆոնով հայտնեցեք Միքայել Մարկիչին, որ այս երեկո գա քաղաք։ Կգաք մոտս — լավ, չեք գալ, դուք եք իմանում։ Ց՚տեսություն։
Նա դուրս եկավ այնքան հանգիստ, որքան հանգիստ ներս էր մտել։
Երեկոյան նա նստած էր յուր առանձնասենյակում երկայն կանաչագույն մետաքսյա խալաթը հագին։ Գրում էր, ջնջում, հաշիվներ անում. գումարում էր յուր հարստությունը, որ իմանա՝ որքան մեծ է ուժը տնտեսական աշխարհում։ Որքա՜ն հետ է մնացել նա. եթե Ալիմյաններից լիովին ստանա բոլոր «պարտքերը», դարձյալ ամբողջ կարողությունը հազիվ կազմի մի միլիոն։ Չնչի՜ն բան այնտեղ, ուր ուրիշները միլիոնը վաստակում են մի շատրվանից…
Դռները բացվեցին, ներս մտավ Մարթան փոքր երեխային գրկած, մեծի ձեռից բռնած։ Երկուսն էլ դեղնած էին, արյունաքամ, հիվանդոտ։ Մեծը, որի վեց տարին շուտով պիտի լրանար, դեռ չէր կարողանում կանոնավոր ման գալ և հազիվ հազ հետևում էր մորը։
— Էլի ինչո՞ւ բերեցիր դրանց,— գոչեց Իսահակը սրտմտությամբ։
— Բերեցի, որ տեսնես ու ուրախանաս, այս րոպեիս մեծի քթից էլի արյուն գնաց։
— Էհ, ես ի՞նչ անեմ, բժիշկ կանչիր։
— Բժիշկ, բժիշկ, տեսնո՞ւմ ես, որ ոչ մի բժիշկ չի օգնում։
— Որ չի օգնում, ես ի՞նչ կարող եմ անել։
— Խորհուրդ են տալիս արտասահման տանել։ Եկ այս տարի տանենք։
— Ի՞նչ, գործերի այս տաք ժամանակը վեր կենամ, արտասահմա՞ն գնամ։
— Գործեր, գործեր։ Չեմ իմանում՝ ո՞ւմ համար ես հավաքում այդ փողերը…
— Հա՜ հա՜ հա՜,— լսվեց Իսահակի չոր ծիծաղը,— ինչ խելոքացել ես, հա՜ հա՜ հա՜։ Ո՞ւմ համար… փառքի համար, սիրելի՛ս, փառքի… Կապրեն երեխաներս,— կուտեն, չեն ապրիլ, աստծու կամքն է, բայց փո՜ղը, փողը միշտ հարկավոր է…
Լսվեց դռան զանգի ձայնը։ Եկողը Սուլյանն էր, որ ներս մտավ ժպիտը երեսին, փոքրիկ աչքերն արագ-արագ ճպճպելով։
Մարութխանյանը նրա միջոցով բանակցություն էր սկսել մի թուրք հանքատիրոջ հետ, որի հանքերն ուզում էր գնել։
— Էհ, նոր խաբա՞ր,— հարցրեց նա, ձեռով նշան անելով հյուրին, որ նստի։— Պետք է շտապել։ Ուրիշ գնողներ են հայտնվել։ Թուրքը քիթը բարձրացնում է։
— Կշտապենք։ Այսօր կվճռվի։ Ինչ լավ եղավ, որ եկաք. դուք վկա կլինեք մի գործում… Մարթա՛, այ, իմ քեֆի մարդ, այ, իսկական ուսում առած երիտասարդ։ Հասկանում է մեր ժամանակի ոգին։ Հարցրու, նա քեզ կասի մարդիկ ինչու համար են ուզում հարստանալ։
— Միթե տիկինը հերքո՞ւմ է հարստության նշանակությունը։
Փոքր երեխան սկսեց լաց լինել։
— Տար, աստված սիրես, զուռնա լսելու ժամանակ չէ,— ասաց Իսահակը,— բայց սպասիր, թող համբուրեմ… Այսօր առավոտ չեմ համբուրել։
Ամեն առավոտ, տնից դուրս գալիս, նա համբուրում էր երկուսին էլ, և սրանով սահմանափակվում էր նրա ծնողական զգացումը։ Մինչ նա, փոքրիկին գրկած ուզում էր հանգստացնել, որ դադարի լաց լինել, տիկինը ժպտում էր, նայելով Սուլյանին։ Եվ նրա աչքերը պարզ արտահայտում էին ծաղր Իսահակի հայրական փաղաքշանքին դեպի զավակները։
Նա խլեց երեխային ամուսնուց, բռնեց մեծի ձեռից և տարավ նրանց դուրս։
Մի փոքր անցած, ներս մտան Սմբատ ու Միքայել Ալիմյանները։ Սուլյանը, որ դեռ ոչինչ չգիտեր և չէր սպասում յուր պարոններին այստեղ, շփոթվեց։ Մարութխանյանը, թեթև գլուխ տալով, ձեռով նշան արավ հյուրերին նստել, ճիշտ այնպես, ինչպես առավոտը վարվեց նրա հետ Սմբատը։ Թող հասկանան, որ Մարութխանյանն էլ գիտե արհամարհել, երբ կամենում է։
Սմբատն ամեն բան պատմել էր եղբորը։ Ինչ որ Մարութխանյանն ասել էր ծովային սպայի և կոմիսիոների կանանց մասին, ճիշտ էր, Միքայելը հաստատեց։ Բայց նա այդ մարդուց փող, մանավանդ այդքան մեծ գումար, չի վերցրել, այստեղ կա մի դավադրություն…
— Մարտիրո՜ս,— գոչեց Մարութխանյանը։Ներս մտավ բեղերը ներկած ու երեսը սափրած մի մարդ կես-ասիական և կես-եվրոպական հագուստով։ Դա Մարութխանյանի հավատարիմ ծառան էր, որ շատ բան գիտեր յուր տիրոջ անցյալից։
— Չայ բեր աղաների համար։
— Աս սահաթիս,— ասաց Մարտիրոսը, Շամախու բարբառով։
— Պարտաթղթերս,— գոչեց Միքայելն անհամբեր։
— Մի՛ վռազիր, մի բաժակ չայ խմենք, հետո… Նստեցեք…
Սմբատը նստեց. Միքայելը՝ ոչ։
— Պարտաթղթե՜րս,— կրկնեց նա։
— Հեր օրհնած, պարտք ունեցողներն արքունական բանկումն էլ են նստում, իսկ ես ազգականդ եմ, փեսադ։
Նա ավելացրեց լամպայի լույսը։ Ձեռը տարավ խալաթի գրպանը, հանեց մի մեծ բանալի։ Սուլյանը մեկ ուզում էր հրաժեշտ տալ, մեկ էլ այնքան հետաքրքրվել էր, որ տեղից չէր շարժվում։
— Այս մարդը,— ասաց Մարութխանյանը,— նոր եկավ, թողնենք, որ վկա լինի, հը՞մ…
— Կարող է մնալ,— պատասխանեց Սմբատը։
Միքայելը հազիվ զսպում էր իրան։ Մարութխանյանի դանդաղության մեջ տեսնում էր եզվիտական միտում՝ տանջել իրան, որքան կարելի է երկար։
Վերջապես տանտերը հանդարտ մոտեցավ երկաթե սնդուկին, բաց արավ, հանեց մի մեծ ծրար և նորից նստեց յուր տեղը։
— Համեցեք, եղբայր, կարդացեք ու մեկ-մեկ միտներդ բերեք ձեր պարտքերը։
Նա հանեց չորս պարտաթուղթ, տվեց մեկ-մեկ Սմբատին։ Միքայելը կարդաց բոլորը ծայրեծայր, զննեց յուր ստորագրությունները։ Քանի խորն էր նայում, այնքան շնչառությունն արագանում էր, քթի պնչերի դողոցը սաստկանում։ Նա չէր նկատում յուր հետևում կանգնած Մարտիրոսին, որ աչքերը սևեռել էր յուր տիրոջ երեսին, կարծես, պատրաստ՝ նրա դեմքի մի նշանով խեղդել Միքայելին, եթե հարկը պահանջի։
— Այս ստորագրությունները կեղծ չեն,— գոչեց Միքայելն ակամա։
— Տեսար,— դարձավ Մարութխանյանը Սմբատին, առնելով նրանից վերջին պարտաթուղթը։
Մարտիրոսը տիրոջ նշանով դուրս գնաց։ Միքայելը ձեռը սեղմեց ճակատին, սկսեց անցուդարձ անել։ Հերքել անկարելի էր. այդ չորս թղթի տակ էլ ինքն էր ստորագրել։ Բայց ե՞րբ, ի՞նչպես և ինչո՞ւ, ահա հարց։ Նա կանգ առավ գրասեղանի առջև, բութ մատն անխնա սեղմելով ատամների մեջ։ Սմբատն ու Սուլյանը լուռ հետևում էին նրա դեմքի արտահայտությանը։ Թիկն տված բազկաթոռին, Մարութխանյանը ձեռների մեջ խաղացնում էր խալաթի դեղնագույն ծոպերը։
— Աա՜,— գոչեց Միքայելը հանկարծ,— հիմա քիչ-քիչ մտաբերում եմ…
— Ես կարծում եմ,— ասաց պարտատերը հեգնորեն,— երեք հարյուր հազարը հանաք բան չէ…
Նա կամացուկ վեր կացավ տեղից, պարտաթղթերը դրեց սնդուկը։ Մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս, ինչ-որ շշնջաց Մարտիրոսին, որ դրսում սպասում էր, դարձյալ հետ եկավ, նստեց։
— Անազնի՛վ,— արտասանեց Միքայելը։
— Կամաց, քույրդ կլսի, ի՞նչ հարկավոր է գոռալ։
— Անազնի՛վ,— կրկնեց Միքայելը։
— Լսո՞ւմ եք, պարոն Սուլյան, այս է աշխարհս, ա՜յ։ Փող տվողը ե՛ս, նեղությունից ազատողը ե՛ս, անազնիվը ե՛ս, էլ աստծու արդարությունը որտե՞ղ մնաց։
Սուլյանը, որ արդեն հասկացել էր բանի էությունը, աչքերը արագ-արագ ճպճպելով, նայում էր մերթ Մարութխանյանին, մերթ Ալիմյաններին, չիմանալով, ինչպես պահպանել իր հավասարակշռությունը երկու կողմի մեջ։
— Հիմա լսիր, Սմբատ, ինչպես է պատահել բանը,— խոսեց Միքայելը,— միտքս պարզվում է, քիչ-քիչ հիշում եմ բոլորը։
Եվ նա պատմեց եղելությունր։ Հայտնի է, թե ինչ ներգործություն ունեցավ նրա վրա հանգուցյալ հոր կտակը։ Նրա բոլոր հույսերն օդը ցնդվեցին այդ կտակով։ Նա կորցրեց բանականությունը, ենթարկվեց ինչ-որ չար ուժի զորության։ Սկսեց այնպիսի բաներ անել, որ ուրիշ ժամանակ չէր անիլ։ Թշնամացավ մեծ եղբոր հետ, դիմեց Մարութխանյանի խորհուրդներին։ Միասին հնարեցին այն կեղծ կոնտր-կտակը։ Նա այդ կտակով սպառնաց Սմբատին։ Սպառնալիքը չազդեց։ Նա ավելի կատաղեց։ Ուղեղը մթնեց, չգիտեր ինչ էր անում։ Իսկ Մարութխանյանը շարունակ նրան լարում էր հարազատ եղբոր դեմ։ Հենց այդ ժամանակները պատահեց մի բան, որ ավելի մթագնեց նրա խելքը։ Նա կրքերից հարբեց, գիշեր ու ցերեկ միացան նրա համար։ Իսկ Մարութխանյանը շարունակ նրան լարում էր։ Նա միշտ համոզում էր Միքայելին՝ դատ բանալ եղբոր դեմ։ Մի օր, վերջապես, գլուխն ազատելու համար, Միքայելն ասաց նրան. «արա, ինչ որ ուզում ես, ես քեզ իրավունք եմ տալիս»։ Ահա հենց այդ իրավունքը դեպի չարը գործ դրեց Մարութխանյանը։ Այդ օրից նա ամեն օր բերում էր Միքայելի մոտ տեսակ-տեսակ թղթեր և ստորագրել տալիս։ Շատ անգամ Միքայելը հարբած էր լինում, իսկ այդ մարդը հենց այդ միջոցներին էր գալիս նրա մոտ։ Նա հիմար էր, չէր կարդում շատ թղթեր և միայն ստորագրում էր։ Կարող էր մտածել, որ նրա թեթևամտությունից այդ մարդը պիտի օգտվի, բայց այդպես, այդ անամոթությամբ, այդ լրբությամբ — երբեք չէր կարող երևակայել։— Ահա երբ եմ ստորագրել պարտաթղթերը…
Նա բորբոքված դեմքը դարձրեց փեսային և ատամները սաստիկ կրճտելով՝ արտասանեց.
— Անազնի՛վ, և դու ուզում ես այս տեսակ փողերով կերակրել իմ քրոջը…
— Եվ բժշկել նրա հիվանդ երեխաներին,— ավելացրեց Մարութխանյանը, տակավին սառնարյուն,— ինչո՞ւ արյուն քրտինքով աշխատած փողերովս չպիտի պահեմ ընտանիքս։ Սիրելի՛ս, փառք աստծու, այստեղ երեխաներ չեն նստած, որ ասածներիդ հավատան։ Մարդ հասարակ նամակն էլ գրելիս՝ կարդում է ու հետո ստորագրում։ Դու չորս պարտաթուղթ ստորագրեցիր և ոչ մեկն էլ չկարդացի՞ր, հա-հա-հա, երեխա մի՛ համարիր այս ուսումնական մարդկանց։ Ինքդ աչքերովդ կարդացիր, որ թղթերից երեքը ստորագրված են Մարկոս աղայի մահից շատ առաջ և միայն մեկն է հետո ստորագրված։
— Այո՛, բայց դու ժամանակն էլ ես խարդախել։
— Հա-հա-հա, ժամանակն էլ եմ խարդախել… Կարելի է ասես, որ ես ե՛ս չեմ, դու դո՛ւ չես, որ այդ մարդու ազգանունը Սուլյան չէ, որ Սմբատ Մարկիչը եղբայրդ չէ… Միխայիլ Մարկիչ, ինչո՞ւ չես ուզում խոստովանել, որ փողի գինը չես իմացել, շպրտել ես աջ ու ձախ։
— Շպրտել եմ, բայց ոչ քո փողերը։ Դատարանը թանաքը քիմիական անալիզի կենթարկի և կտեսնի, որ բոլոր թղթերը ստորագրված են մոտ ժամանակում։
Սուլյանը ներքուստ ծիծաղեց Միքայելի միամիտ սպառնալիքի վրա։
— Էհ,— ասաց Մարութխանյանը,— ուրեմն կդիմենք դատարանին, ինչո՞ւ ենք գլուխ ցավացնում։
Միքայելին ավելի ու ավելի գրգռում էր նրա սառնությունը։ Բայց վճռեց մեղմ խոսել, զգում էր, որ բարկանալը վնասում է գործին։ Եվ, հակառակ հպարտության զգացմանը, սկսեց համոզել անողոք պարտատիրոջը՝ խնայել իրեն, խոստովանել ճշմարտությունը։
Խոստովանել ճշմարտությունը — ահա մի բան, որ երբեք չէր կարող անել Մարութխանյանը։ Գործի սկիզբը դրված էր, մի՞թե հնարավոր էր հետ կանգնել։
Միքայելը խոստացավ վճարել տասը, տասնուհինգ, քսան տոկոս, միայն թե Մարութխանյանը ասի, որ կատակ էր անում, որ ոչինչ ստանալիք չունի։ Պարտատերը շարունակ ժպտում էր հեգնորեն, ուսերը վեր քաշելով։
Միքայելը հուսահատ նայեց եղբոր երեսին, կարծես, հարցնելով, արդյոք դեռ էլի՞ պարտավոր է իրեն զսպել։ Սմբատի դեմքը մռայլվել էր, ինչպես աշնանային գիշեր։ Նա ոչինչ չասաց, հայացքը հառեց հատակի մի կետին։
Միքայելը շարունակեց խնդրել պարտատիրոջը, որ իրեն չհուսահատեցնի։ Ամենը գիտեն, որ նա եղել է շռայլ, բայց երեք հարյուր քսան հազա՜ր… ո՛չ, այդքան փող նա երբեք չի ունեցել։
— Լա՛վ, ես քեզ չեմ խեղդում,— ասաց պարտատերը,— ժամանակ կտամ, որ քիչ-քիչ վճարես պարտքդ,— մի, երկու, էհ, երեք տարի, հերիք է։
— Իսահակ,— կրկնեց Միքայելը և ձայնը դավաճանեց կամքին։
— Բավական է. ազգականությունն իր տեղն ունի, հաշիվն իր տեղը։ Պարոննե՛ր, խոսեցե՛ք, ինչո՞ւ եք լռում։
Սուլյանը տակավին չգիտեր՝ ում կողմը բռնի։ Հոգով Միքայելին էր հավատում, բայց ինչո՞ւ չլռել, քանի որ խոսելը կարող է գրգռել կամ մեկին, կամ մյուսին։ Ավելի խելացի է միամիտ ձևանալ, նայել ապշած մերթ մեկին, մերթ մյուսին, ցույց տալ, թե դեռ ոչինչ չի հասկանում վեճից։
Սմբատն աշխատեց համոզել փեսային՝ լավ մտածել արածի մասին։ Չէ՞ որ նա քրեական հանցանք է գործում, կարող է աքսորվել։
— Էէ, թող աքսորվեմ,— ասաց պարտատերը,— եթե աշխարհի երեսին արդարադատություն չկա։ Հավատացեք, ես ոչինչ չէի պահանջիլ, մի բան էլ գրպանիցս կբաշխեի, եթե Ալիմյանները միլիոններ չունենային։ Ունեն, ուրեմն կստանամ հալալ փողերս, ինչպես արքունական բանկից։
— Որ այդպես է,— կատաղեց Միքայելը, չկարողանալով այլևս ստորանալ հակառակորդի առջև,— մի հատ ասեղ չես ստանալ, որ ագահ աչքդ կոխես։ Դու մոռանում ես, որ ես հավասար ժառանգ չեմ և միայն այն ժամանակ կդառնամ, երբ կամուսնանամ։ Իսկ ես երբեք չեմ ամուսնանալ։ Գնա, տեսնեմ ումից կառնես փողերդ։
Մարութխանյանը հեգնորեն ժպտաց, ոտը ոտի վրա գցելով՝ հաստլիկ բեղերի ծայրերը ոլորելով։ Նա ապահով է. Սմբատը երբեք չի թույլ տա, որ եղբայրն «անկարող պարտապան» հրապարակվի։ Նա կտա եղբոր պարտքերը։ Այդ էր արտահայտում նրա դիվային ժպիտը, որ օձի պես խայթեց Միքայելին։
— Լի՛րբ, քանիսի՞ն ես կողոպտել, քանի՞ խեղճերի ես հացից զրկել…— Օօ՜, շատ շատերին, մինչև անգամ հանգուցյալ հորդ։
— Խնդրեմ, մեր հոր մասին, ոչ մի խոսք,— գոչեց Սմբատը խորին սրտմտությամբ։
— Գո՛ղ, ավազա՛կ, վախկո՛տ,— մռնչաց, Միքայելը, ոտն ուժգին զարկելով հատակին,— գոնե տաքացիր, բարկացիր, վախկո՛տ…
Այս արդեն չափազանցություն էր։ Մարութխանյանը վիրավորվեց, որովհետև կողմնակի անձ էր ներկա։ Նա ասաց.
— Ես սկանդալիստ չեմ, վախկոտ եմ։ Կռվել ես ուզում, գնա Գրիգոր Հաբեթյանի մոտ… Նա քեզ պատասխան կտա…
Ակնարկը պարզ էր։ Նա սպառեց Միքայելի համբերության վերջին կաթիլը։ Առանց այդ էլ, արդեն շատ էր զսպել իրեն։ Արյունը խփեց գլխին։ Վերջին ամիսներում կրած վիրավորանքներն ու դառն վշտերը մի վայրկյանում կուտակվեցին նրա սրտում։ Առերևույթ մեղմացած հոգին բորբոքվեց նախկին կրակով, որ դեռ վառ էր։ Դա այլևս այն Միքայելը չէր, որ սեփական հանցանքից ընկճված, այնպես կաշկանդվեց Գրիգոր Հաբեթյանի առջև։ Այնտեղ նրան զսպողը խղճի սուր խայթոցն էր և այն հեզ կերպարանքը. այստեղ արդար էր, ոչ մի տարր չկար, որ զսպեր նրան։
Նա մի ակնթարթում վերցրեց մոմկալը սեղանի վրայից և շպրտեց այն մարդու վրա, որ այդ պահին պատկերացավ նրա աչքում կենդանի մարմնացում բոլոր թշնամիների թշնամության։ Գործողությունը կատարվեց այնքան արագ, որ Մարութխանյանը ժամանակ չունեցավ դռների հետևում դրված Մարտիրոսին կանչելու։ Մոմկալը մի պտույտ գործեց Սուլյանի գլխի վրա և տակի կողմով դիպավ տանտիրոջ ճակատին։ Արյունը դուրս ցայտեց, թափվեց երեսի վրա, հոսաց ներքև, շաղախեց թանկագին խալաթը։ Վիրավորվածը ձեռները սեղանին հենելով, կամեցավ վեր կենալ, չկարողացավ, նորից ընկղմվեց բազկաթոռի վրա, արձակելով մի խուլ ճիչ։
Ներս վազեց Մարտիրոսը և հետևից բռնեց Միքայելի ձեռները։ Սուլյանը մոտեցավ վիրավորվածին оգնելու։ Ի՜նչ վայրենություն, տեր աստված, ահա ի՜նչ ասել է տգիտություն, անկրթություն։Վերքը բավական մեծ էր, արյունը չէր դադարում։
Դռների մեջ երևաց տիկին Մարթան։ Մի վայրկյան ապշած նայեց տեսարանին և տեսնելով ամուսնուն արյունաթաթախ, ճչաց ու հարձակվեց նրա վրա։
Միքայելը նայում էր տեսարանին, անշարժ կանգնած։ Մարտիրոսը նրան բաց էր թողել, ուշքի էր բերում տիրոջը։ Լսելով քրոջ հուսահատ ճիչը, ցնցվեց, արձակեց խուլ հառաչանք և ընկղմվեց աթոռի վրա ուժասպառ։
Սմբատը բռնեց նրա թևից, դուրս տարավ։
IV
Փողոցի սառն օդը սթափեցրեց Միքայելին։ Անսահման զղջումից կրծոտում էր շրթունքները մինչև արյուն։ Հարձակվեց մի մարդու վրա, որ որքան վատ, որքան ստոր և անխիղճ լիներ, իր քրոջ ամուսինն էր։ Եվ մի՞թե ասպետություն էր վախկոտի վրա ձեռ բարձրացնելը։
Նրա ականջներին հնչում էր սարսափած քրոջ ճիչը, հետո — անեծքները։ Ինչո՞ւ, ի՞նչ մի մեծ բանի համար։ Փողի՞։ Ի՞նչ ստորություն, ի՜նչ հիմարություն անգամ։ Չէ՞ որ նա ոչինչ չունի, ոչ մի կոպեկ, ի՞նչն էր պաշտպանում։
Բայց, զղջալով հանդերձ, արտաքուստ ցույց էր տալիս, թե դեռ կատաղած է հակառակորդի դեմ։ Սմբատի լռությունը կրկնապատկում էր նրա տանջանքը։ Նա չգիտեր՝ ինչպես արդարացներ իր վայրենի վարմունքը, բայց և չէր էլ ուզում խոստովանել զղջումը։ Ուրախ կլիներ, եթե Սմբատը հանդիմաներ, պարսավեր, հայհոյեր, նույնիսկ ծեծեր իրեն ինչպես մի վատ, անպիտան երեխայի, միայն չլռեր։
Նա խլեց թևը եղբորից, կանգ առավ, գլուխը հենեց փողոցային լապտերի սյունին, մի ձեռով գրկելով սյունը։ Լսվեց նրա խուլ հեկեկանքը։ Երբեք իրեն այդչափ դժբախտ չէր զգացել։ Նա ուրախ կլիներ մնալ քաղցած ու մերկ, միայն թե այդպես վայրենի վարված չլիներ նույնիսկ այն մարդու հետ, որ բացարձակ կողոպտում էր նրան, ինչպես երդվյալ ավազակ։
— Գնա՛ իմացիր, ինչպես է վերքը,— գոչեց նա Սմբատին։
— Առաջ հարկավոր է քեզ տուն տանել։ Անցնողներն ուշադրություն են դարձնում։ Նստենք կառք։
— Թող ինձ այստեղ, գնա, ուր ուզում ես։
Նա քայլերն ուղղեց փողոցի մյուս մայթը, որ ծովափն էր։ Սմբատը հետևեց նրան, գրեթե ուժով կառք նստեցրեց և բերեց տուն։ Մինչև կես գիշեր չէր հեռանում նրանից։ Միշտ լուռ էր և չգիտեր՝ որքան իր լռությամբ տանջում է եղբորը։
— Խոսելո՞ւ ես, թե չէ,— գոչեց, վերջապես, Միքայելը…
— Ի՞նչ խոսեմ։ Այս կարճ միջոցում դու երկու անգամ ծեծվում ես, մի անգամ ծեծում։ Մի՞թե միայն բռունցքն է ազդում մեզ վրա, մի՞թե դեռ այդքան վայրենի ենք։
Սուլյանը լուր բերեց, թե հրավիրված բժիշկը Մարութխանյանի վերքը թեև մեծ, բայց անվտանգ է համարում։ Եթե մոմկալը հատակի տափակ կողմով դիպած չլիներ, վիրավորը չէր ապրիլ։
Ամբողջ գիշեր Միքայելը չկարողացավ քնել։ Մարութխանյանի արյունը հալածում էր նրան, բորբոքում երևակայությունը, ինչպես մի ժամանակ Հաբեթյանի ապտակը։ Ա՜խ, ճշմարիտ, որքա՜ն դեռ վայրենի է։ Եվ դեռ զարմանում էլ է, որ մի հեզ, հրեշտականման էակ ատում, արհամարհում է իրեն։
Հազիվ լույսը բացված, ուղևորվեց հանքերը։ Մի քանի ժամ անցած եկավ Սմբատը։ Առավոտը կանուխ Մարթան արտասուքն աչքերին եկել է, բոլորը պատմել մորը։ Այժմ այրին մազերը փետտում է, կուրծքը ծեծում, ողբալով Ալիմյան գերդաստանի բարոյական անկումը։
— Ի՞նչ ես մտածում անել,— հարցրեց Սմբատը, այս բոլորը հաղորդելուց հետո։
— Վճարել նրա պարտքերը։ Գիտեմ, ես ժառանգ չեմ, բայց պետք է վճարել։Սմբատը զարմացավ, ի՞նչ, մի՞թե ուզում է օրը ցերեկով կողոպտվել։
— Այո՛։
Սմբատն ընկավ մտատանջության մեջ։ Միքայելն ունի իրավունք այս կամ այն կերպ վարվել «պարտաթղթերի» հետ, վճարել, մերժել կամ դատարանին թողնել գործը, բայց առանց շեղվելու հոր կտակից։
— Եթե ուզում ես վճարել, պիտի ամուսնանաս։
— Այդ չեմ կարող անել։
— Ինչո՞ւ։
— Հենց այնպես, չեմ կարող ամուսնանալ։
— Հասկացա,— արտասանեց Սմբատը,— դու սիրում ես մեկին, որ քեզ չի սիրում։
— Իհարկե, կհասկանաս, որովհետև գիտես, որ այդ մեկը քեզ է սիրում։
— Միքայե՛լ…
— Էհ, խորամանկությունը թող մի կողմ։ Մի՛ փորձիր ինձ։ Այո՛, դու ինձանից բարձր ես բարոյապես։
— Այդ աղջկան ես առիթ չեմ տվել ոչ ինձ սիրելու, ոչ մանավանդ քեզ ատելու։
— Հավատում եմ։
Միքայելը նստեց սեղանի քով, գլուխը դրեց ձեռների վրա։
— Կկամենա՞ս, որ ես խոսեմ այդ աղջկա հետ,— հարցրեց Սմբատը։
— Երևի, բարոյական կշիռս նրա աչքում բարձրացնելու համար, չէէ՞։ Շնորհակալ եմ։ Գիտեմ, որ վեհանձն ես, բայց ես ողորմություն չեմ ուզում։ Բավական է, չեմ ուզում այդ մասին երկար խոսել։ Սիրում եմ, թե չեմ սիրում, իմ գործն է, իսկ ամուսնանալ չեմ կարող։ Գրավ դիր ինձ, քանդիր հորս կտակը, ընդունիր ինձ քեզ մոտ ծառա, բայց վճարիր այդ փողերը։
— Ես հանգուցյալի կտակից մազու չափ չեմ շեղվի։
— Ինչո՞ւ միայն իմ վերաբերմամբ։ Իսկ դու իրավունք ունե՞ս մեր հոր կամքն անկատար թողնելու։— Միքայե՜լ…
— Մի՛ վիրավորվիր։ Չէ՞ որ դեռ չես բաժանվել կնոջիցդ…
— Ես երեխաներ ունիմ, որոնց սիրում եմ։
— Եվ որոնք քո ժառանգներն են, էլի հակառակ հանգուցյալի կտակին։
— Երբե՛ք։
— Օրենքով, այո՛, բայց կողմնակի կերպով դու նրանց կդարձնես ժառանգ։
— Միքայել, դու դեռ իրավունք չունիս այդպես խոսելու։
— Դեռ չունիմ, բայց, երևի մի օր կունենամ, չէ՞։ Ներիր, ես այսպես չէի խոսիլ, եթե դու առաջվա Սմբատը լինեիր։ Վերջին ժամանակ սկսել ես փողը հարգել… Ես կույր չեմ շատ էլ։ Բավական է, վճարի՛ր իմ պարտքերը, եթե չես ուզում թշնամանալ ինձ հետ։
Եվ նա, գդակը վերցնելով, շտապեց դուրս։ Սմբատն ընկավ խորին մտատանջության մեջ։ Նա չէր կարողանում բացատրել Միքայելի համառությունը՝ վճարել անարդար, հնարովի պարտքերը։ Չլինի՞ թե վախենում է, որ դատարանում բացվի մի կեղտոտ գաղտնիք… Եվ ի՞նչ կարող է լինել այդ գաղտնիքը։
Դրությունը տագնապալի էր։ Նա իրավունք չուներ կես միլիոնի չափ մի գումար բաժանել հայրական ժառանգությունից։ Եվ եթե ունենար էլ, դյուրի՞ն է այդպես շուտով զրկվել ահագին գումարից։ Այո՛, ճիշտ ասաց Միքայելը. նա այժմ զգում է փողի նշանակությունը, ավելի՜, նա սկսել է սիրել մետաղը։ Գոնե այնչափ է սիրում, որ զգում է վեց-յոթ միլիոնից կես միլիոն դեն շպրտելու անկարելիությունը… Եվ ինչո՞ւ շպրտել, ի՞նչ հիմարություն։
Նա փորձեց համոզել Մարութխանյանին, որ հետ կանգնի անարդար պահանջից։ Սակայն պարտատերն անողոք էր։ Ի՞նչ, մի՞թե նա հիմար է, որ աչքերը բաց թողնի՝ «օրը ցերեկով իրեն կողոպտեն»։ Նա զուտ փող է տվել Միքայել Ալիմյանին և պետք է ստանա։ Առաջ նա դեռ կհամաձայնվեր «մի բան էլ դրամագլխից բաշխել», իսկ այժմ, Միքայելի վարմունքից հետո, տոկոսի տոկոսն էլ կառնի…
Սմբատն սպառնաց, թե ամեն ջանք գործ կդնի ապացուցելու, որ պարտաթղթերը խարդախ են, կհրավիրի Պետերբուրգից ամենաառաջին փաստաբանին, կծախսի կես միլիոն, բայց կապացուցի։ Սակայն Մարութխանյանին այսպիսի սպառնալիքներով վախեցնելը դյուրին չէր։ Նա ինքը հենց վճռել էր Պետերբուրգից փաստաբան հրավիրել։ Էհ, բոլորը գիտեն, որ Միքայելը եղել է շռայլ, փողը ծախսել է ջրի պես։ Գիտեն նույնպես, որ Մարկոս աղան ժլատ էր։ Որտեղի՞ց կարող էր Միքայելն այնքան փող ծախսել, եթե «բարեսիրտ ազգականը պարտք չտար»։
Վերջապես, Սմբատի համբերությունը սպառվեց։ Նա ասաց, թե կվճարի եղբոր պարտքերը, բայց կհամոզի հասարակության, որ պարտատերը խարդախ էր։ Այն ժամանակ տեսնենք՝ ինչ երեսով Մարութխանյանը կերևա հասարակության մեջ։ Բայց ավելի երեխայական սպառնալիք չէր կարող լինել պարտատիրոջ համար։ Նա բարձրաձայն ծիծաղեց։ Թող Մարութխանյանը դառնա կլորիկ միլիոնի տեր, մարդիկ կարող են նրա մասին խոսել, ինչ ուզում են և որքան ուզում։ Հասարակությո՞ւն, հա-հա-հա, հետաքրքրական է իմանալ, ո՞ր Սուլյանը, ո՞ր Սրաֆիոնը, ո՞ր Ղուլամյանը, ո՞ր Առաքելյանն այնուհետև մեջքը չի ծռիլ նրա առջև։ Նա մարդկանց շատ լավ է ճանաչում. մի ձեռով նրանց գրպանը ոսկի դիր, մյուսով խփիր գլխներին, էլի կժպտան։ Ահա թե նա ինչ կարծիք ունի հասարակության մասին։ Եվ մի՞թե քիչ կան քաղաքում խարդախներ, մաքսանենգներ, կեղծ սնանկությամբ հարստացածներ, նախկին գող գործակատարներ, որոնք այսօր պատիվ ու հարգանք են վայելում։ Իսկ Մարութխանյանը գողություն չի անում, էէ՜, նա իր «հալալ փողերն է» պահանջում։
— Սխալվում եք,— ասաց Սմբատը,— հասարակության մեջ ազնիվ մարդիկ էլ կան…
— Թող լինեն։ Հետո նրանք էլ կբարեկամանան։ Ահա, օրինակ, դուք, ազնիվ մարդ եք, չէ՞։ Եթե փող չեք սիրում, ինչո՞ւ այդպես պինդ կպել եք ձեր հոր միլիոններին։ Չէ՞ որ առաջ ասում էիք, թե Մարկոս աղան, չգիտեմ, տնտեսական այսինչ-այնինչ օրենքներով ուրիշների աշխատանքի վարձն է վայելում։ Հիմա այդ միլիոնները հալալ են։ Կարծում եք, ես ձեզ մեղադրո՞ւմ եմ։ Աստված ոչ անի, ես հիմար չեմ։ Բարեկա՛մ, աշխարհում գողերը երկու տեսակ են. ազնիվ և անազնիվ։ Ազնիվն ինքն է գողանում, անազնիվն ուրիշի գողացածներն է ուտում։ Ես այս ասում եմ հենց այնպես, չնեղանաք… Ուզում եմ ասել, որ բառի իսկական նշանակությամբ ազնիվ վաճառականն այնքան հազվագյուտ է, որքան չգողացող խոհարարը։
Սմբատը տեսնում էր, որ այդ մարդը ոչ միայն չի մեղմանում, այլև հետզհետե ավելի ու ավելի հանդուգն ու աներես է դառնում։ Մնում է մի ելք, թույլ տալ նրան, որ դիմե դատարանին։ Այնտեղ թող գործը վճռվի նրա օգտին։ Միքայելը կհրատարակվի «սնանկ» կամ «անկարող պարտապան», իբրև ոչ-ժառանգ Ալիմյան հարստության, այն ժամանակ Մարութխանյանն ումի՞ց կստանա կես միլիոնը։ Սմբատի՞ց։ Չի տալ և սրանով կպատժի նրան։ Բայց այս միջոցը պիտի առմիշտ վայր գցեր Միքայելի առանց այն էլ արատավորված վարկը։ Մի՞թե կարելի է այդչափ խիստ վարվել հարազատ եղբոր հետ։
Սմբատը հրամայեց գրասենյակում հաշիվ կազմել Ալիմյանների ընդհանուր կարողության մասին։ Հայտնվեց, որ պարտքերը վճարել կարելի է միայն անշարժ կալվածներին ձեռնամուխ լինելով։ Իսկ ծախել կամ գրավ դնել անշարժ կալվածները Մարկոսի կտակով արգելված էր։ Բայց պարտքերը կարելի էր վճարել մաս-մաս մի քանի տարվա ընթացքում։ Վճարե՞լ, արդյոք։ Երբե՜ք։ Սմբատը չի կարող և չի կամենում ենթարկվել պարզ խաբեբայության։ Նա ծաղրի առարկա կդառնա, եթե խաբվելը հայտնվի հասարակության…
Նա սկսեց համոզել Միքայելին, թե միակ ելքը դարձյալ դատարանն է։
Միքայելը մի անգամ ևս դրականորեն հայտնեց, թե վճռել է պարտքերը վճարել։ Թող նրա բաժինն անցնի քրոջ զավակներին, թող ինքն աղքատանա, բավական է որքան օգտվել է հայրական հարստությունից, այժմ ուզում է յուր աշխատանքով ապրել։
— Տեսնելով համառությունդ,— ասաց Սմբատը,— մարդ կամա-ակամա մտածում է, չլինի՞ թե դու իսկապես պարտական ես Մարութխանյանին։
— Մտածիր, ինչ որ ուզում ես, թող բոլորն այդպես մտածեն, բայց լսի՛ր, Սմբատ, ինձ ոչ միայն հարստությունը, այլ կյանքն էլ է ձանձրացրել… Վե՜րջ տուր այդ անտանելի գործին։
Նա չէր կեղծում, կյանքն այժմ, արդարև, դարձել էր նրա համար մի ծանր բեռ, որ կրում էր ավտոմատի պես։ Բայց անցյալը տակավին հալածում էր նրան, և ոչ միայն յուր տխուր հիշողություններով, այլև կենդանի կապերով։ Նա հանգստություն չուներ ընկերներից, որոնք դեռ հույս ունեին նրան վերադարձնել իրենց շրջանը։ Այս կողմից առանձին ջանք էին ցույց տալիս իրավաբան Փեյքարյանը, իշխան Նիասամիձեն, մանավանդ «Պապաշան»։
— Կա՛ց, մի՛ փախչիր,— բռնեց նրան մի օր պատկառելի ամուրին հանքերի միջին ճանապարհում։
Նա ցած իջավ կառքից մի տափակ դեմքով, դժգույն այտերով, սև միրուքով, մեծ բերանով երիտասարդի հետ։
— Այ տղա, ըըը, գժվե՜լ ես, էդ հի՞նչ ճգնավորութոն ա, վըեր, ըըը…
Նա հայտնեց, որ վաղն արդեն ուղևորվում է արտասահման երկար ժամանակով։
— Եկ ըըը, սատանին նահլաթ ասի, ըըը, միասին քինանք Պարիժ, ըըը…
— Ո՛չ, Պապաշա, չեմ կարող, բարի ճանապարհ քեզ…
— Ըմբո… Յավաշ, ա տղա, մղդսի Սամսոնի չա՜փ էլ ըըը, չկաս, նա կյամ ա, ըըը, Պարիժ…
Մղդսի Սամսոնը տափակ դեմքով երիտասարդն էր, քաղաքի առաջին հարուստներից մեկը, հայտնի հանքատեր, նավատեր, կալվածատեր։ «Մղդսի» ածականն ստացել էր մի քանի պառավական հատկությունների շնորհիվ, ժլատ էր, չէր խմում, չէր ծխում, ծաղրում էր բոլոր զվարճասերներին…
— Հա, բաս, քինում ըմ, քինում ըմ, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, լոխ էլ պիտի ման կյամ,— ավելացրեց Սամսոնը, բառերը միմյանց հետևից արագ-արագ դուրս տալով իր ձեռի «տերողորմյայի» հատիկների պես կլորիկ ու ամուր։Միքայելը վաղուց էր ճանաչում այդ երիտասարդին, ատում էր նրան։ Դա մի տեսակ Մարութխանյան էր իր եղբայրների ու քույրերի վերաբերմամբ. գրկում ու կողոպտում էր նրանց հոր մահից հետո։
— Հա, հինչ ըմ ասըմ,— շարունակեց մղդսի Սամսոնը, համրիչը բռնելով Միքայելի կրծքի վրա,— երեկ փեսադ ասում էր կլուբում, վըեր հինչ-որ գենգատ ունի քեզ վրա… Էդ հի՞նչ նաղլ ա…
— Չգիտեմ,— ասաց Միքայելը դժկամությամբ և, առանց ձեռ տալու, հեռացավ ձանձրալի խոսակիցներից։
— Պենըդ պյուրթ ա, մեր տղա,— արտասանեց նրա հետևից մղդսի Սամսոնը և, կառք նստելով, պատմեց Պապաշային Մարութխանյանի պահանջի մասին։
Այժմ Միքայելը Շուշանիկին հանդիպում էր հաճախ, բայց Անտոնինա Իվանովնայի ներկայությամբ և նրա բնակարանում։ Օրը մի անգամ գալիս էր տիկնոջ մոտ այն ժամանակ, երբ սովորաբար օրիորդն այնտեղ էր լինում։ Նրանք բարևում էին միմյանց սառն քաղաքավարությամբ, և ուրիշ ոչինչ։ Միքայելն անցնում էր երեխաների սենյակը և նրանց հետ խաղում, Շուշանիկը շարունակում էր պարապել տիկնոջ հետ։
Մի օր Անտոնինա Իվանովնան Միքայելին հաղորդեց, թե Շուշանիկի հայրը գրեթե խելագարվել է։ Նա այժմ տանջվում է սարսափի մանիայից, և սարսափի առարկան կրակն է։ Ամեն օր քնից զարթնում է թե չէ, սկսում է գոռալ և լաց լինել երեխայի պես։ Նա միշտ կրկնում է, թե Դավիթն ուզում է իրեն դուրս տանել, ձգել կրակի մեջ, այրել։ Անտոնինա Իվանովնան խորհուրդ է տալիս տնեցիներին՝ հիվանդին տեղափոխել քաղաք, բայց հիվանդը չի ուզում սենյակից անգամ դուրս գալ, կարծելով, թե իրեն պիտի ձգեն խարույկի մեջ։
Շուշանիկը դադարեց այցելել տիկնոջը։ Այժմ Անտոնինա Իվանովնան ինքն էր օրը մի կամ երկու անգամ գնում նրա մոտ, սիրտ տալիս, մխիթարում։ Դեռ մի շաբաթ առաջ նրա սրտում կար մի թեթև կասկած Շուշանիկի և Սմբատի վերաբերմամբ։ Այժմ կասկածը ջնջվել էր։ Ա՜խ, այդ աղջիկն այնքան համեստ է և ամոթխած, որ երբեք չի կարող տածել հանդուգն զգացումներ դեպի մի ամուսնացած մարդ։ Ինչո՞ւ չշարունակել կարծել, որ նրա տխրության պատճառը Միքայելն է։ Ինչե՜ր չի կարող անել մի երիտասարդ այդպիսի անցյալով, և ո՞ր համեստ աղջիկն է մեր ժամանակում պատրանքներից ապահով։ Վերջապես, այդ առանձնությունն այս ամայի տեղում…Երբեմն նա փափագում էր թափանցել Շուշանիկի հոգեկան աշխարհի խորքերը, բայց, զուր, այդ աղջիկն իր անհատական մտորումների վերաբերմամբ այնքան գաղտնապահ էր, որ ժամանակ-ժամանակ շարժում էր տիկնոջ զայրույթը։ Եվ այս պատճառով տիկինը չէր կարողանում իմանալ նրա մռայլության հիմքը։
Գրադարան-ընթերցարանն արդեն բացվել էր։ Տիկինը սպասում էր իրիկնային կուրսերի թույլտվության։ Նա տեսնում էր, որ իր գործերը, առանց Շուշանիկի, շատ էլ հաջող չեն ընթանում։ Միայն օրիորդը գիտեր մշակների հետ վարվելու եղանակը, և այժմ, երբ նա տնից դուրս չէր գալիս, շատ քչերն էին գրադարան մտնում՝ գիրք վերցնելու։ Տիկինն զգում էր, որ նրանց գրավելու ձևը դեռ չի սովորել, և սրա պատճառը բացատրում էր յուրովի։ Նա գործում է խելքով, իսկ Շուշանիկը՝ զգացումներով։ Այդ աղջիկը, որպես գթության քույր, խնամում է հիվանդներին ու վիրավորներին, կարում ու կարկատում անտուն-անտերների համար, գրում ու կարդում անգրագետների համար ոչ իբրև օգնող, այլ իբրև մերձավոր, արյունակից։ Նա երբեք չի մտածում, թե մի որևէ կարևոր գործ է կատարում։ Անում է այն, ինչ որ թելադրում է սիրտը, և անում է այնքան հասարակ, այնքան անփույթ, որքան իր ծնողների, հորեղբոր ու հորաքրոջ համար։ Այնինչ, իր՝ Անտոնինա Իվանովնայի գործունեության մեջ կա սիստեմ, հաջորդականություն, հասուն և զարգացած մտքի ձգտում։ Ո՛չ, այսքանը բավական չէ, պետք է գործի մեջ մտցնել ավելի զգացում, քան խելք, ավելի ցանկություն, քան կամքի ուժ։ Բացի դրանից, չպիտի միշտ մտածել, արդյոք, արածդ կարևո՞ր է, թե՞ ջուր ծեծելով ես զբաղված։
Անտոնինա Իվանովնայի գործունեության մեջ չկար կեղծիքի նշույլ անգամ, բայց հենց այս անկեղծությունն էլ, անձնվեր դառնալու փափագն էլ խելքի և ոչ զգացումների ծնունդ էին։ Նա չէր խորշում ամբոխի կեղտից ու մրից, ոչ էլ նրա անախորժ գռեհկությունից, բայց և չէր էլ կարողանում առանց քննության մերձենալ նրան։ Նա մտածում էր. մի՞թե այժմ արդեն այն հասակումն է, որ չի կարող այնպես շուտ ընտելանալ մի նոր շրջանի կամ գործի, որպես Շուշանիկը։ Նա տեսնում էր, երբ օրիորդն է երևում, մշակների դեմքերը փայլում են ուրախ ժպիտով, երբ ինքն է երևում, միայն խորին հարգանքի և պատկառանքի է արժանանում։ Եվ երբ այս տարբերությունը, հակառակ յուր կամքի, վերագրում էր Շուշանիկի և յուր հասակների մեջ եղած տարբերությանը, զգում էր նախանձ։ Մի զգացում, որին դեմ էր ամբողջ հոգով և որի համար դատապարտում էր իրեն, որպես խելոք ու ազնիվ կին։
Բայց ինչ ևս լիներ, Անտոնինա Իվանովնան հոգով անհամեմատ հանգիստ էր քան քաղաքում։ Նրան այլևս չէին հալածում սկեսրի անվերջ տրտունջները, տալոջ կոպիտ ակնարկները, ազգականուհիների արհամարհական ժպիտները։ Սակայն միթե ա՞յս էր միայն նրա դժբախտության հիմքը։ Չէ՞ որ նա մի քանի ամիս առաջ ավելի հեռու էր նոր շրջանից։ Բախտավո՞ր էր այն ժամանակ… Երբե՛ք։ Նա դժբախտ է իբրև կին— այս է գլխավորը։ Եվ ահա գարնան մերձավորությունը նրա մեջ զարթեցնում է ինչ-որ փոթորիկ։ Արյունը երակներում եռում է երբեմն այնպես, որպես քսան տարեկան հասակում։ Տեր աստված, չէ՞ որ նա կին է և տակավին երիտասարդ կին։ Պատահում է, որ նրան տիրում է հոգեկան թուլություն, աշխարհը թվում է նրան այնքան ամայի, այնքան անհյուրընկալ, որ մտածում է. «արժե՞ արդյոք, էլի ապրել»։ Մայրական զգացումները չեն լցնում այդ ամայությունը, նրա հոգին զգում է ուրիշ զգացումների պահանջ ևս։ Նա փափագում է սիրել և սիրվել։ Սակայն նրա աշխարհայացքը, նրա բարոյական էութունը չեն թույլ տալիս մտածել, թե կարող է սիրել ապօրինի սիրով։ Ահա ինչու, զգալով հանդերձ սիրո փափագ, չի զգում ամուսնական առագաստի դեմ մեղանչելու պահանջ։ Եվ այստեղ մեծ դեր է խաղում անձնասիրությունը, սեփական պատվի զգացումը։ Թող նրան մեղադրեն, որքան ուզում են, և ինչ բանում ուզում են, նա պիտի արդար մնա յուր խղճի առջև։ Բարոյական անարատություն— ահա այն զենքը, որ խելացի կինը չպիտի զոհի որևէ մոլորեցուցիչ զգացման։ Այս զենքով և միայն այս զենքով նա պիտի մաքառի յուր հակառակորդների դեմ…
Մի երեկո նա քաղաքից սպասում էր երեխաներին։ Այժմ նրանց աղախինն էր տանում Ոսկեհատի մոտ և հետ բերում. Սմբատը չէր գալիս հանքերը։ Աղախինը վերադարձավ մենակ։ Անտոնինա Իվանովնան վախեցավ։ Արդեն նա այնքան կասկածամիտ էր դարձել սկեսրի վերաբերմամբ, որ միշտ երկյուղով էր երեխաներին քաղաք ուղարկում։
— Ինչո՞ւ մենակ եկար,— հարցրեց նա, վազելով պատշգամբ։
— Պարոնը հրամայեց թողնել երեխաներին քաղաքում։ Վաղն ինքը կբերի։ Ա՜, տիրուհի, եթե տեսնեիք, պարոնը ինչքան տխուր էր… Ես իսկի նրան այդպես չէի տեսել…
Հասարակ կնոջ պարզ խոսքերը գործեցին անսովոր տպավորություն տիրուհու վրա։ Նրա դեմքը մռայլվեց․ կապտագույն աչքերի մեջ երևաց տարօրինակ թախիծ։
Երեկոն նա անցկացրեց Շուշանիկի մոտ։ Նա տխրում էր առանց երեխաների— այսպես էր ասում ինքը։ Բայց տխրության պատճառը միայն մայրական կարոտը չէր։ Նա հուզված էր և շարունակ խոսում էր յուր ձեռնարկությունների մասին, կարծես, աշխատելով մոռանալ մի միտք, խեղդել սրտում մի զգացում։ Վերջն սկսեց արտահայտել յուր համակրանքը Շուշանիկին։ Խոստովանեց պարզ, թե իսկապես նոր է ճանաչում նրան, թե երբեմն սխալմամբ նրա վերաբերմամբ ունեցել է անտեղի կասկածներ։ Չասաց, թե ինչ կասկածներ է ունեցել, բայց Շուշանիկը գուշակեց և այլայլվեց։
Հրաժեշտ տալիս, տիկինն ուղիղ նայեց նրա աչքերին և արտասանեց.
— Ես համոզված եմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող խափանել մեր բարեկամությունը…
Նրա ձայնի մեջ զգացվեց խորին հուզում…
V
Դարձյա՜լ մի անքուն գիշեր Շուշանիկի համար։ Նրա ականջներին շարունակ հնչում էին Անտոնինա Իվանովնայի խոսքերը. «Ես համոզված եմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող խափանել մեր բարեկամությունը»։ Անշուշտ դա մի կծու ակնարկ էր, անշուշտ, տիկինը գիտե, ինչ է կատարվում նրա սրտում։ Օ՜օ, ամոթալի՜ դրություն։ Եվ նա, համեստ համարված մի աղջիկ, դեռ կարողանո՞ւմ է նայել այդ անբախտ կնոջ երեսին։ Նա՞, որ կրում է սրտում մեղսալի զգացումներ, թեկուզ ակամա, թեկուզ հակառակ յուր ամբողջ էության. տեր աստված, մի՞թե երբեք չի ունենալ ուժ սպանելու յուր սրտում այդ որդը։ Ահա լսեց, որ վաղը նա հանքերումն է լինելու, և այժմվանից արդեն սիրտը թրթռում է։ Երևի, նա կգա հիվանդին տեսնելու. նա միշտ գալիս է, այնքան բարի է դեպի Զարգարյանները։ Պետք է փախչել տնից, չլսել նրա բարեհնչյուն ձայնը, չտեսնել նրա թախծալի աչքերը…
Բայց ոչ. ինչո՞ւ փախչել և գեթ մի անգամ չխոսել նրա հետ պարզ։ Մի՞թե միշտ լուռ ու մունջ պիտի կրի վիշտը և, չկարողանալով հաղթել, ընկճվի ու ոչնչանա նրա ծանրության տակ։ Հարկավ, նա չի հայտնիլ այդ մարդուն յուր զգացումները։ Օ՜օ, ոչ, այդ կլիներ հիմարություն. մի՞թե նա կորցրել է ամոթի վերջին կաթիլը։ Բայց ինչո՞ւ չփորձել երես առ երես կանգնել իրականության հետ։ Ով գիտե, գուցե այդ մարդը նրան ասի մի դառն ճշմարտություն, որից նա սթափվի, ուղիղ ճանապարհի գա։ Պետք է լինել մի փոքր համարձակ, հենց փորձի համար, հենց ինքն իրան համոզելու համար, թե կարող է Սմբատ Ալիմյանի հետ խոսել աներկյուղ, նույնիսկ անտարբեր։ Նա ոչինչ ակնկալություն չունի յուր սիրուց. հափշտակվել է անշահ, այնպես, ինքն էլ չգիտե ինչո՞ւ։ Եվ երբեք, երբեք չի ունեցել հանդուգն փափագ՝ տիրանալ մի անձի, որ օրենքով ուրիշին է պատկանում, այն էլ մի խելոք, բարի, առաքինի կնոջ։ Մի կնոջ, որ ուզում է նրա անկեղծ բարեկամուհին դառնալ։ Ոչ, նրա համեստությունը, աշխարհայացքը, նրա ամբողջ բարոյական կազմը դեմ են այս հանցավոր մտքին։
Հոր առավոտյան աղաղակը սթափեցրեց նրան։ Մի՞թե արդեն լուսացել է, և նա դեռ անքուն է։ Այս արդեն խելագարություն է։ Ախ, հիվանդի այդ սոսկալի մրմունջներն անգամ չեն խլացնում նրա սրտի վիշտը գեթ մի քանի րոպե։ Ախ, այս տանը երկու հիվանդ կա. մեկին հալածում է կրակի սարսափը, մյուսին՝ հանցավոր սիրո ահը։ Տարբերությունն այն է, որ մեկը յուր կսկիծն արտահայտում է աղաղակներով, մյուսն այրվում է ներքուստ և ստիպված է լռել, միշտ լռել։ Այլևս բավական է. թող նա կործանվի, բայց կործանվի գեթ մի անգամ տանջված կրծքից սուր ճիչ արձակելով։
— Մամա, հանգիստ թող ինձ, մամա, ես հիվանդ չեմ։
— Երանի միայն հիվանդ լինեիր, որդի, դու ուրիշ ցավ ունիս…
Շուշանիկը բաց արավ լուսամուտները, նայեց դեպի դուրս։
Մի շաբաթ էր անձրևները դադարել էին, գետինը չորացել էր։ Տեղ-տեղ երևում էին օազիսների պես կանաչ տարածություններ, ուր չկային սև նավթի հետքեր, երկիրը ծածկվել էր նոսր խոտով։ Փույթ չէ, որ բնությունն այստեղ խղճուկ է — մթնոլորտը տոգորվել էր գարնան արբեցուցիչ ոգով։
Շուշանիկն ուղղեց ճակատի վրա սփռված մազերը, անցավ հոր սենյակը։ Հիվանդը դեռ մրմնջում էր, երկյուղած աչքերը դռներին հառած։ Ամեն րոպե սպասում էր, թե ահա, ահա պիտի գան «անաստվածները» և իրեն տանեն դուրս, ձգեն կրակի մեջ։
Նա առողջ ձեռը փաթաթեց աղջկա պարանոցին, սկսեց հեկեկալ առանց արտասուքի, մի տեսակ մեքենայի պես։ Ազատի՛ր նրան, Շուշան, էլի միայն դու սիրտ ունես, ազատի՛ր։Հիմա նա առողջ է, բայց մայրդ, հորաքույրդ և այն «չար սատանա Դավիթն» ուզում են նրան կենդանի-կենդանի խորովել, ասում են ավելորդ բերան է։ Այ, դրսում կրակ են պատրաստել։ Է՜է, բայց զուր են սպասում։ Սարգսի խելքը դեռ գլխին է, երբեք ոտը տնից դուրս չի դնիլ, թեկուզ ամբողջ աշխարհը գա։
Բառերը դուրս էին գալիս հիվանդի կոկորդից ուժով։ Նա հազից կապտում էր, խեղդվում։ Նա կատաղեց ինքն յուր դեմ և սկսեց երեսը ճանկռտել, մազերը փետտել։ Շուշանիկը չոքեց նրա առջև, բռնեց ձեռը, սեղմեց յուր ձեռների մեջ և սկսեց աղերսել, որ հանգստանա։ Փոքր առ փոքր նրա մեղմիկ հորդորների ազդեցությամբ հիվանդը լռեց, հանդարտվեց, թեյ պահանջեց։
Այդ միջոցին կից բնակարանում կատարվում էր ուրիշ տեսարան։ Սմբատը երեխաների հետ քաղաքից եկավ բավական կանուխ։ Անտոնինա Իվանովնան վազեց առաջ, գրկեց Վասյային ու Ալյոշային այնպես, որ կարծես, մի ամիս չէր տեսել նրանց։
Սմբատը դիտում էր սրտաշարժ տեսարանը և զսպում հառաչանքը, չէ՞ որ կարող էր բախտավոր ընտանետեր լինել, եթե սիրեր այդ կնոջը և սիրվեր նրանից, մեկ էլ՝ չլինեին այն «նախապաշարումները»։ Անտոնինա Իվանովնայի լուրջ ու մտախոհ ճակատի վրա այսօր նշմարում էր մի նոր մռայլ։ Նրան թվում էր, որ վերջին օրերը կինը տանջվել է բոլորովին մի նոր վշտից, որ, վերջապես, այժմ նա այն չէ, ինչ որ մի ամիս առաջ։ Նա զգաց կարեկցության պես մի բան։ Ախ, այդ կինը մենակ է այստեղ, յուր ծննդավայրից հեռու, մի՞թե վայրենություն չէ նրա հետ այնքան խիստ վարվելը։ Թող նա լինի համառ, բայց ինչո՞ւ չխնայել նրան թեկուզ սոսկ մարդասիրական զգացումներից շարժված։
Մի վայրկյան նա քիչ էր մնում ենթարկվեր սրտի տկարությանը և հաշտության մի խոսք ասեր։ Բայց զսպեց իրան. ինչո՞ւ ինքը պիտի ասի և ոչ նա. չէ՞ որ նրանք հավասար միմյանց վշտացրել են և միմյանց կյանքը թունավորել։ Թող նա մի թույլ ակնարկ անի, թե զղջում է, ինքն առաջինը ներում կխնդրի։
Երբ Անտոնինա Իվանովնան, աղախնի խոսքերից դրդված մի ակնթարթ նայեց Սմբատին, նկատեց նրա դեմքի վրա խիստ փոփոխություն։ Նրան թվաց, որ վերջին ժամանակ ամուսինը բավական գիրացել է, առողջացել։ Թվաց նույնպես, որ նրա աչքերն այժմ արտահայտում են մի տեսակ կենսասիրություն, որ նրա ճակատի վրա չկա այլևս առաջվա մռայլը։
Աղախինը ներս բերեց մի քանի կապոցներ, որ Սմբատը թողել էր կառքում։
— Սպասիր,— վազեց առաջ Վասյան և, խլելով կապոցները, սկսեց արագ-արագ բաց անել,— չխառնե՛ք. պապան մեզ համար ջոկ-ջոկ նվերներ է գնել։ Ալյոշա, այս քոնն է. այս իմն է, այս էլ քոնն է, վերցրու, չէ, չէ, այդ մեկն իմն է։
Սմբատը միջամտեց, իրերը բաժանեց, որ մանուկները չկռվեն։ Մեջտեղ մնաց ամենից մեծ կապոցը։
— Այդ քոնն է, մամա,— ասաց Ալյոշան, կապոցը տալով մորը։
Տիկինը զարմացավ։
— Ձեզ համար ուսնոց է,— բացատրեց Սմբատը, երեսը մի կողմ դարձնելով։
— Ես գարնանային ուսնոց ունիմ։
— Հավանեցի, գնեցի. կամենա՛ք, վերցրեք, չկամենաք,— թողեք…
Նվե՛ր, ի՞նչ է նշանակում այդ։
— Մամա, վերցրու՛, լավն է,— ասաց Վասյան։
— Մամա, վերցրու՛, լավն է,— կրկնեց Ալյոշան։
Անտոնինա Իվանովնան, լուռ, ձեռով նշան արավ աղախնին, որ կապոցը տանի մյուս սենյակ։
Երկուսն էլ զգում էին անհարմարություն, երկուսն էլ ուզում էին այսօր ուղիղ նայել միմյանց երեսին և չէին նայում։ Իսկ երեխաները զբաղված էին իրանց խաղալիքներով, նայում էին մեկ մեկ, հրճվում, բացականչում։ Նրանց մանկական մետաղահնչյուն ձայների մեջ ծնողները զգում էին սուր կշտամբանք։ Անտոնինա Իվանովնան մտածում էր. արդյոք անիրավ չի՞ վարվում այդ մարդու հետ, արդյոք մշտական դժբախտությունների գլխավոր պատճառն ի՞նքը չէ։ Մի՞թե չէր կարող լինել ավելի զիջող, քան հակաճառող։ Ինչո՞վ են մեղավոր այդ մանուկները, որոնց քաշքշում են հանքերից քաղաք և քաղաքից հանքերը, ստիպում վարել ինչ-որ անապատային կյանք։ Ինչո՞վ պիտի, վերջապես, պսակվի այս անորոշ կացությունը։ Նրանք սխալվել են, էհ, ի՞նչ արած, մի՞թե համառությամբ պիտի բարդացնեն սխալի հետևանքները։
— Ասում են՝ անդամալույծը խելագարվել է, ճի՞շտ է,— հարցրեց Սմբատը։
— Համարյա թե։
— Հարմա՞ր կլինի իմ այցելությունը։
— Չգիտեմ, միայն վաղ է, դեռ նոր է զարթնել։
Սմբատը դուրս եկավ, գնաց Միքայելի բնակարանը։ Բակով անցնելիս, մի անգամ հետ նայեց և լուսամուտի առջև տեսավ Շուշանիկի գլուխը։
Օրիորդը նրան չնկատեց։ Նա զբաղված էր գրասեղանի քով։ Մի քանի քայլ հեռու կանգնած էր հաղթանդամ Չուպրովը, և ֆուրաժկան ձեռների մեջ պտտացնելով, թելադրում էր նամակ «տան» վրա։ Ծննդավայրի հիշողությունները վառվել էին նրա մեջ, առանց հուզման չէր կարողանում թելադրել նամակը։ Երբ հերթը հասավ «բարևներին», նա հիշեց բոլոր տնեցիների, բոլոր ազգականների, նույնիսկ հարևանների անունները։
Նամակն ավարտեց, Շուշանիկը գրեց հասցեն՝ Սարատովի նահանգի այսինչ գավառի, այնինչ շրջանի, այնինչ գյուղը։ Չուպրովն առավ ծրարը, փաթաթեց թաշկինակի մեջ և դուրս գնաց, խոր գլուխ տալով։ Շուշանիկը վերցրեց սեղանի վրայից գիրքը, շարունակեց կարդալ։ Կես ժամ անցած հոգնեց, սկսեց անցուդարձ անել։ Հետո դարձյալ նստեց սեղանի քով և անորոշ հայացքը դարձրեց դեպի կանաչ դաշտերը։
Նա աշխատում էր համոզել իրեն, թե չպիտի իր համար լինի ավելի մեծ վիշտ, քան հարազատ հոր հուսահատական վիճակը։ Նա վեր կացավ, որ անցնի հիվանդի սենյակը, բայց դռների մոտ լսեց Սմբատի ձայնը։ Ձեռները թուլացան, գլուխն անզոր թեքվեց կրծքին, այնքա՜ն այդ ձայնն ազդեց նրա վրա։ Ո՛չ, նա իր սենյակից չի դուրս գալ, թեկուզ հայրն էլ կանչի։ Նա կփակի ականջները, որ չլսի վտանգավոր ձայնը, կգոցի աչքերը, որ չտեսնի առնական կերպարանքը։Պատերազմն անտանելի էր։ Նա չէր ուզում լսել այդ ձայնը, բայց ականջ էր դնում, որ լսի։ Այս վատ է, շատ վատ, պետք է տնից փախչել։ Նա դուրս եկավ պատշգամբ։ Չգնա՞լ արդյոք, Անտոնինա Իվանովնայի մոտ։ Այնտեղ խղճի խայթը կսթափեցնի նրան։ Ցույց տալով սառնասրտությունը, տիկնոջ սրտից կջնջի կասկածը։ Թող ենթարկի իրեն դառն փորձի, բայց փորձը կմաքրի, կզտի նրա սիրտը։
Սակայն տիկինը տանը չէր, գնացել էր գրադարան-ընթերցարան։ Իսկ երեխաներն աղախնի հետ դրսում, մի կանաչ տափարակի վրա uերսո էին խաղում։
— Բարև ձեզ, օրիորդ,— լսեց Շուշանիկն այն մարդու ձայնը, որից փախչում էր։— Ներեցեք, կարծես վախեցրի ձեզ։ Բայց լավ բռնեցի, ձեզ հետ խոսելիք ունեմ…
Նա շտապեց ներս, բերեց երկու աթոռ, դրեց պատշգամբի մի խուլ անկյունում, որ ավելի ապահով էր օտար աչքերից։ Շուշանիկը չկարողացավ հակառակել․ միշտ Սմբատի ձայնը կաշկանդում էր նրա կամքը։
— Օրիորդ,— սկսեց Սմբատը ռուսերեն լեզվով,— դուք խելոք և զարգացած եք, հուսով եմ, որ թույլ կտաք ինձ եղբայրաբար մի հարց առաջարկել ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչ կարծիք ունեք իմ եղբոր, Միքայելի մասին։
Հարցը միանգամայն անսպասելի էր, Շուշանիկը նեղն ընկավ։ Բայց չէ՞ որ Սմբատ Ալիմյանը նրան համարում է «խելոք ու զարգացած», պետք է ուրեմն չշփոթվել։
— Ինչո՞ւ համար եք հարցնում,— ասաց նա։
— Ձեր պատասխանից շատ բան է կախված։ Ուզում եմ իմանալ արդյոք իմ եղբոր մեջ որևէ արժանավորություն գտնո՞ւմ եք։
— Արժանավորությո՞ւն,— կրկնեց Շուշանիկը,— իմ կարծիքով չկա մի մարդ առանց որևէ արժանավորության։
— Բոլորովին ճիշտ է, բայց ես կկամենայի, որ դուք Միքայելին ինչպե՜ս ասեմ, ըըը… ավելի արժանավոր մարդ համարեիք, քան ում ևէ…
Արդեն այս խոսքերը բավական էին, որպեսզի Շուշանիկն իմանար, թե ինչ է Սմբատի նպատակը։ Նա վճռեց լինել պարզ, աներկյուղ։ Նա հարցրեց, արդյոք, ի՞նչ նշանակություն կարող է ունենալ իր կարծիքը մի «օտար» մարդու մասին։
Սմբատը աններելի համարեց խոսել մութ ակնարկներով։ Նա խնդիրը դրեց պարզ հողի վրա։ Կես ժամ առաջ նա Միքայելին թողեց հուսահատ դրության մեջ. պետք է այսպես թե այնպես խնդիրը լուծել։ Նա ասաց, թե գիտե, որ օրիորդը Միքայելին համարում է անարժան, նույնիսկ անբարոյական մարդ։ Այո՛, թող չշփոթվի. նա ասում է այն, ինչ որ վաղուց գիտե։ Եվ այդ բոլորովին չի վիրավորում նրա եղբայրական զգացումը։ Մի «վերին աստիճանի համեստ ու մաքուր էակ» ուրիշ կարծիք չէր կարող ունենալ այն մարդու մասին, որ կյանքն անց է կացրել աննպատակ, շռայլ ու զեխ։
— Երբ ես Ռուսաստանից եկա, Միքայելը քաղաքի ամենաապականված երիտասարդներից մեկն էր։ Հայրս ինձ կտակեց ուղիղ ճանապարհի բերել մոլորված եղբորս։ Ես պարտավոր էի կատարել հանգուցյալի կամքը, թեև ինքս շատ էլ հնազանդ որդի չէի եղել… Աստծուն է հայտնի, թե որքան աշխատեցի համոզել Միքայելին, որ իր կյանքը փոխի։ Բայց իմ բոլոր ջանքերն անցան զուր։ Միքայելն ուղղվելու փոխարեն, ավելի ու ավելի փչացավ։ Ձեզ էլ հայտնի է, որ թե ինչ վիրավորանքներ ստացավ նա, որչափ անպատվվեց և խայտառակվեց։ Ես չկարողացա ազատել նրան բարոյական անկումից, որովհետև այդ իմ ուժերից բարձր էր։ Բայց այն, ինչ որ ինձ համար դժվար էր, մի ուրիշի համար դարձավ շատ դյուրին բան… Ծայրահեղ ապականված մարդը, մի մարդ, որին բոլորը կորած էին համարում, հանկարծ, կարծես, մի գերբնական ուժով սկսեց փոխվել։ Նա թողեց անբարոյական շրջանները, հեռացավ բոլորից և ամփոփվեց ինքն իր մեջ։ Առաջվա Միքայելին տեսնողը չի ճանաչիլ այժմյան Միքայելին։ Այժմ նա բոլորովին ուրիշ մարդ է։ Սկզբում, օրիորդ, այս ինձ համար մի առեղծված էր… Այդպիսի արմատական փոփոխություն կյանքումս չէի տեսել ոչ մի մարդու մեջ, շատ-շատ կարդացել էի միայն վեպերում։ Այժմ գործն ինձ համար պարզվում է։ Խոսելով Միքայելի հետ, դիտելով հեռվից հեռու, ես այժմ գտնում եմ նրա անսպասելի, կարող եմ ասել, գերբնական փոփոխության հեղինակին… Այդ դո՛ւք եք…
Նա կանգ առավ, որովհետև նկատեց, որ իր խոսքերը խորը ներգործություն են անում օրիորդի վրա։
— Բավակա՜ն է,— արտասանեց Շուշանիկը երերուն ձայնով։
— Ինչո՞ւ ճշմարտությունը թաքցնել, քանի որ ինքներդ էլ զգում եք։ Օրիորդ, դուք ազատեցիք իմ եղբորը, և ես պարտավոր եմ հայտնել շնորհակալություն։ Բայց մի բան. մի՛ թողնեք նրան կես ճանապարհի վրա, շարունակեցեք ձեր բարերար ազդեցությունը… Սիրեցեք նրան…
Շուշանիկը ցնցվեց և, կիսով չափ տեղից վեր կենալով, խորին սրտմտությամբ արտասանեց.
— Պարոն, ի՞նչ իրավունքով եք ինձ վիրավորում…
— Ա՜խ, օրիորդ, ի սեր աստծու, իմ խոսքերը մի՛ ընդունեք վատ մտքով։ Այդ ձեզ չի սազում։ Սիրեցեք Միքայելին, որովհետև նա ձեզ սիրում է խելագարի պես։
Ա՜խ, նրան առաջարկում են սիրել մի մարդու, որի վերաբերմամբ դեռ չի հաղթել սրտում բոլոր զզվանքը։ Եվ ո՞վ է առաջարկում… Մի՞թե այս էր նրա սրտի իղձը։ Ի՞նչ պատասխանել, երբ քո անհուն տենչանքների միակ առարկան, քո երազների կենտրոնը, քո գաղտնի պաշտեցյալը, այժմ, դեմուդեմ նստած, ուրիշի զգացումների թարգման և պաշտպան է հանդիսանում։ Մի՞թե այդ մարդը ոչինչ չգիտե…
Չգիտե՞։ Ո՛չ, Սմբատը կույր չէ։ Եթե չհավատար Միքայելի նախանձին, եթե չհավատար իր նկատածներին և զգացածներին իսկ, այժմ բավական էին Շուշանիկի ակամա ցնցումները, որպեսզի զգար, թե ում համար է բաբախում օրիորդի սիրտը։
Ա՜խ, նա կարող էր արձագանք տալ այդ աղջկա զգացումներին, նա ինքը շատ անգամ է մտածել նրա մասին։ Բայց ի՞նչ իրավունքով և ի՞նչ նպատակով։ Նա կաշկանդված է հավիտյան և հենց այս պատճառով ժամանակին խեղդեց իր մեջ հղացած համակրության առաջին զգացումները, որպեսզի հետո խեղդելը դժվար չլինի։ Այժմ, իբրև ազնիվ մարդ, պարտավոր է սթափեցնել մոլորված աղջկան։
Եվ նա սկսեց նրբորեն մերձենալ խնդրի այս ամենաէական կողմին։ Նա վճռեց զոհել անձնականը, պաշտպանել Միքայելին։ Միակ միջոցն էր համեմատությունը։ Գովելով եղբորը, նա պիտի նսեմացներ իրեն։ Այսպես էլ արավ։ Հարկավ, թաքցրեց, իրեն նսեմացնելու պատճառը, բայց գիտեր, որ իր խոսքերը կունենան ցանկալի հետևանք։ Միքայելն ընդունակ է սիրել կրակոտ սիրով, չնայելով վատ անցյալին, սիրել ու տանջվել, նույնիսկ զոհվել սիրո անունով։ Դա մի հազվագյուտ հատկություն է, որով այժմ շատ քիչ երիտասարդներ կարող են պարծենալ։ Նրա հոգու մեջ կա մի չապականված անկյուն։ Այնտեղ թաքնված են ավելի խոր զգացումներ, քան մի ուրիշի ամբողջ հոգում։ Հաճախ Սմբատը համեմատում էր իրեն Միքայելի հետ և միշտ նրան է գերազանցություն տալիս։ Ո՛չ, թող չկարծի Շուշանիկը, թե նա կեղծ համեստությունից է ասում այս բոլորը։ Մի մարդ, որ ընդունակ է ծայրահեղ զգացումների, միշտ գերադասելի է մի ուրիշից, որի զգացումները «սառել են վաղուց»։ Նա, որ զգում է — ապրում է և տանջվում. նա, որ մտածում է — նիրհում է։ Բարվոք է վատ անցյալ ունենալ և մաքրել այդ անցյալը ներկայի տանջանքներով, քան ապրել հարթ ու հավասար կյանքով։ Հաճախ պատահում է, որ «լավ սկսողը վատ է վերջացնում, վատ սկսողը — լավ»։
Շուշանիկը լսում էր լուռ, աչքերը հառած դեպի անորոշ տարածություն։ Նա գուշակում էր Սմբատի միտքը։ Նա չէր հավատում այդ մարդու կողմնակի ինքնաստորացման անկեղծությանը, բայց զգում էր նրա խոսքերի նպատակը։ Նա ուզում էր ասել, թե չի կարող սիրել, ուզում է սառը ջուր ածել դիմացինի կրած տանջանքների վրա։ Ահա թե որքան դժբախտ է Շուշանիկը։ Բայց ինչու՞, մի՞թե Շուշանիկը երբևէ հանդգնել է կարծել, թե Սմբատ Ալիմյանը կարող է սիրել իրեն, «տանջվել, նույնիսկ զոհվել սիրո անունով»։ Նա ինքը և միայն ինքն է սիրել և սիրել է գաղտնի, երկյուղով։ Այժմ… նրան հասկացնում են, թե խաբված է։
— Ասացեք, ի՞նչ եք պահանջում ինձանից,— արտասանեց նա, ոտքի կանգնելով։
— Ազատեցեք եղբորս… Նա առանց ձեր սիրո չի կարող երկար ապրել։
— Ա՜հ, պարոն Սմբատ, առասպելներ մի՛ հնարեք,— գոչեց հանկարծ Շուշանիկն այնպիսի տոնով, որ դժվար էր իմանալ, ո՛րն է ավելի զորեղ նրա մեջ՝ ամոթի՞, թե՞ բարկության ձայնը։— Ձեր եղբոր համար աշխարհն ամայի չէ, որ իմ մասին մտածի… Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ… իսկ ես ո՞վ եմ…
— Դուք նա եք, որի նման երկրորդը չկա մեր քաղաքում։ Դուք, երևի, ինքներդ չգիտեք՝ ո՛վ եք…
Շուշանիկը դողում էր տերևի պես։
— Ներեցեք, ես լսում եմ հորս աղաղակը… Ներեցե՛ք, չեմ կարող այստեղ մնալ… Կտեսնեն… բավական է, որքան ծաղրեցիք ինձ…
Նա հեռացավ հաստատ քայլերով, գլուխը հպարտ բարձր պահած։
Սմբատը նայեց նրա հետևից։ Որքա՜ն հպարտ է այդ աղջիկը, որքա՜ն գաղտնապահ և որքա՜ն համեստ իր արժանավորությունների վերաբերմամբ։ «Ինչո՞ւ մի տասը տարի առաջ չպատահեցի մի այդպիսի աղջկա». անցավ Սմբատի մտքով։
VI
— Սիրելիս, այդ բոլորը դատարկ բաներ են։ Մեր ժամանակի ոգին քեզ վարակել է, այսպես ասած, մինչև ոսկորներիդ ծուծը։ Բայց մի՛ վախենար, բոլորը կանցնի։ Ո՞վ
չի քեզ նման հիվանդ եղել և ո՞վ չի առողջացել։ Այսօր անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ արտասահման գնալու մասին։
Սակայն ոչ մի բժիշկ և ոչ մի դեղ այլևս չի կարող Արշակ Ալիմյանին ազատել այն բարոյական ախտից, որից առաջացել և այժմ բարդանում էր նրա մարմնավոր ախտը։ Դեղերը ընդունելով հանդերձ, նա շարունակում էր նույն վատ կենցաղը և արագ-արագ քայքայվում ու փտում։ Նույնիսկ Ալեքսեյ Իվանովիչը այժմ հորդորում էր նրան լուրջ դարմանվել, կատարել բժիշկների բոլոր պատվերները։ Բայց զուր։
Այժմ Արշակն ուզում էր առանձին բնակարան վարձել և Էլմիրայի հետ հրապարակորեն կենակցել։ Ալեքսեյ Իվանովիչը, որ ինքն այժմ տեղափոխվել էր հյուրանոց, թախանձում էր նրան այդ չանել։ Նա ասում էր, թե ներկայումս ընդունված չէ սիրուհու հետ մի տան մեջ ապրել, մովե տոն է համարվում։
Արշակը մտավ Քյազիմ-բեգի, Մոսիկոյի, Նիասամիձեի շրջանը, դարձավ նրանց հետ հավասար ընկեր, չնայելով հասակին։ Առայժմ խույս էր տալիս միայն Գրիգոր Հաբեթյանից, վախենալով նրանից։ Բարեբախտաբար, հաստամարմին զվարճամոլը չէր երևում ընկերական շրջաններում։
Այն օրից, երբ քույրը տեղափոխվեց ծնողների տունը, նա փախչում էր հասարակությունից։ Անուշի արատավորված վարկը նրան պատճառում էր ամոթ և ցավ։
Պետրոս Ղուլամյանն ապահարզանի խնդիր էր բարձրացրել, աշխատում էր առաջնորդի միջոցով թույլտվություն ձեռք բերել՝ մի ինչ-որ երիտասարդ ու գեղեցիկ այրիի հետ ամուսնանալու։ Հարկավ, նա պիտի հրապարակորեն ապացուցաներ կնոջ դավաճանությունը։ Բայց ինչպե՞ս. Անուշը չէր ուզում մեղքն իր վրա առնել։ Նա տանջվում էր ամոթից, թող այդ մարդն էլ տանջվի «իր այրիի» համար։
Իսկ Անուշը, արդարև, տանջվում էր, և ոչ միայն ամոթից։ Նրա գլխավոր ցավը Միքայելի անտարբերությունն էր։ Անխի՛ղճ մարդ, դու չգնահատեցիր նրա սերը, թող այդպես լինի։ Նա էլ կաշխատի քեզ մոռանալ։ Դու կարծում ես, նա կամավոր իրեն կենթարկի անվերջ տանջանքների՜։ Օ՜օ, ո՛չ, նա այնքան էլ հիմար չէ։ Երեխանե՞րը։ Այո՛, նրանց կարոտն անհաղթելի է։ Բայց… Բայց քի՞չ կան մայրեր, որոնք թողնում են իրենց զավակներին ու փախչում սիրականների հետ։ Անուշն էլ կանի, և ինչո՞ւ չանի, ինչո՞ւ խավարեցնի իր երիտասարդ կյանքը։ Բավական է, պետք է վերջ տալ այս անօգուտ հառաչանքներին, պառավական «ախ ու վախին», թուլամտության արցունքներին։ Պետք է ապրել, թեկուզ թշնամիների ջգրու։
Եվ Անուշը վճռեց փոքր առ փոքր երևալ հասարակության մեջ։ Թող չկարծեն, թե իրեն բոլորովին մեղավոր է զգում և ամոթից թաքնվում։ Սկզբում նրան թվում էր, որ բոլորն իրենով են զբաղված։ Եվ այսպես էլ էր։ Նախկին բարեկամուհիները և ծանոթներն արհամարհանքով երես դարձրին նրանից։ Սակայն շուտով այս սկսեց նրան ավելի գրգռել և ավելի համարձակ դարձնել։ Աա՜, որ այդպես է, նա բոլորովին ուշ չի դարձնիլ ուրիշների վրա։
Անուշը ծանոթացավ մի շարք երիտասարդների հետ, որոնցից առաջ խորշում էր, ինչպես և բոլոր առաքինի կանայք։ Այդպիսով ուզում էր ցույց տալ արհամարհանք դեպի հասարակական կարծիքը։ Նոր ծանոթները նրան վերաբերվում էին ոչ միայն հարգանքով, այլև մի տեսակ ակնածությամբ։ Ցույց էին տալիս, թե գիտեն նրա տխուր պատմությունը, համարում են նրան բռնակալության զոհ, նույնիսկ հերոսուհի, որի առջև պարտավոր է խոնարհվել «կանանց ազատության» պաշտպան ամեն մի երիտասարդ։
Անուշը հավատում էր նրանց շողոքորթություններին և ավելի ու ավելի սիրտ առնում։ Նա սկսեց պարսավել առաքինի կանանց։ Հավատացեք, աշխարհիս երեսին չկան բարոյական և անբարոյական կանայք, այլ կան խորամանկ և պարզասիրտ կանայք։ Եվ միշտ, միշտ տուժողն անկեղծն է… Իսկ խորամանկը գիտե «իր գործը խելոք տանել»։
Նա բարեկամացավ իր նախկին դիմացի հարևանուհու հետ, որի համարձակությունն այնքան գրգռել էր նրա նախանձը։ Տիկին Վիշնևսկայան — այսպես էր օտարուհու ազգանունը — ուրիշների պես գոռոզ ու մանրակրկիտ չէր կանանց բարոյականության վերաբերմամբ։ Ընդունում էր Անուշին իր տանը բարեկամաբար, ծանոթացնում էր իր ընկերուհիների հետ։ Ահա ինչ ասել է չլինել ասիացի, անկիրթ ու կոպիտ, մտածում էր Անուշը։ Հայուհիները երես են դարձնում, իսկ օտարուհին բարեկամանում է, նույնիսկ պաշտպանում նրան։
— Գիտե՞ս ինչ, սիրելիս,— ասում էր մի օր տիկին Վիշնևսկայան,— տղամարդուն պետք է հենց իր զենքով պատժել։ Ինչո՞ւ երես տալ մեկին այնքան, որ նա, աստված գիտե, ինչեր երևակայի իր մասին։ Հավատարիմ է ինձ, ես էլ հավատարիմ կմնամ, չէ — «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Էհ, սիրելիս, մենք երկրորդ անգամ աշխարհ չենք գալու։ Ապրենք, քանի որ կարելի է ապրել։ Իսկ երբ կծերանանք, սև կձգենք գլխներիս, աչքներս կծռենք դեպի վեր ու կերգենք. «Ալելույա, ալելույա, տեր, դու թողություն տուր մեր մեղքերին»։ Կարծում ես՝ աստված չի՞ ներիլ։ Հավատա, կների։ Նա բարի է, մարդկանց պես նեղսիրտ չէ…
Անուշը մտածեց Միքայելից վրեժ առնել։ Ո՞ւր է նա, թող գա, տեսնի քանի-քանի գեղեցիկ, երիտասարդ երկրպագուներ ունի այժմ Անուշը։ Մի օր, ծովափում զբոսնելիս, հենց այս մասին էր մտածում, երբ հեռվից տեսավ Միքայելին։ Նրան ուղեկցում էր մի ջերմ երկրպագու, հագնված վերջին տարազով։ Նա ձեռը մտցրեց երիտասարդ ուղեկցի թևի տակ, սկսեց ժպտալ և ինչ-որ շշնջալ։ Նա ուզում էր պարզ ցույց տալ, թե այդ մարդու հետ շատ մտերիմ է։
Միքայելը գալիս էր մի գործարանատիրոջ գրասենյակից, որի հետ նավթային հաշիվներ ուներ։ Նախ չիմացավ՝ բարևի Անուշին, թե՞ չէ։ Ապա վճռեց բարևել։ Բայց դեռ չմոտեցած, նկատեց տիկնոջ աչք ծակող ձևերը, լսեց նրա համարձակ քրքիջը, ձեռը հեռացրեց գդակից և երեսը զզվանքով հետ դարձրեց։
Անուշը գրեթե ոչնչացավ։ Վրեժ լուծելու փոխարեն՝ արժանացավ բացարձակ արհամարհանքի։ Գունատվեց, կորցրեց ինքն իրեն և, երբ բոլորովին հավասարվեց Միքայելին, արտասանեց.
— Լի՜րբ։Տղամարդկային ձայնով արտասանած կոպիտ հիշոցը Միքայելի զզվանքը փոխեց ցավակցության դեպի մի կին, որի բարոյական այժմյան անկման սկզբնապատճառն էր եղել։
Հասնելով հանքերը՝ նա Սմբատին հանդիպեց գրասենյակում։ Այստեղ իմացավ, որ Մարութխանյանն արդեն դիմել է դատարանին, և շուտով կստացվի կոչնագիր։ Ի՛նչ, մի՞թե նա չաղաչեց Սմբատին, որ գործը վերջացնի առանց դատարանի։ Սմբատը պնդեց, թե չէր կարող այդ անել, թե հանաք բան չէ վերցնել կես միլիոն և դեն շպրտել։
— Որ այդպես է, ես դատարան չեմ գնալ,— ասաց Միքայելը գրգռված։
— Էհ, ե՛ս կգնամ քո փոխարեն։
— Լիազորություն չեմ տալ։
— Միքայել, դու բոլորովին գժվել ես։
— Իսկ դու խելոքացել ես ավելի։ Թո՛ղ ինձ հանգիստ…
— Ուրեմն այդ քո վերջի՞ն խոսքն է։
— Վերջին և դրական։
Սմբատը մտածեց մի քանի վայրկյան և վճռապես հայտնեց, թե Մարութխանյանին մի կոպեկ անգամ չի տալ։
— Այն ժամանակ, թող ինձ բանտ գցեն, դրան էլ հոժար եմ,— ասաց Միքայելը և անցավ իր սենյակը։
Այսօր, իր հանցանքի առարկային հանդիպելուց հետո, զգում էր անասելի տանջանք։ Եթե նա այնքան իրեն վայր է գցել, որ մի կին փողոցում շպրտում է «լի՜րբ» բառը, և նա լռում է — մի՞թե միևնույնը չէ այսուհետև։ Կարծես, բարոյապես սնանկի համար նյութական սնանկությունն զգալի՞ պիտի լինի։ Այո՛, թող նրան գցեն բանտ, միևնույն է։
— Կանչի՛ր այստեղ Դավիթին,— հրամայեց նա ծառային։
Ներս մտավ հաշվապահը գրիչը ձեռին։
— Եղբայրս գնա՞ց։
— Գնաց։
— Ի՞նչ գործի եք։
— Ամսահաշիվ եմ պատրաստում։— Շտապո՞ւմ եք։
— Ուշացել է․ երեկոյան անպատճառ պիտի ուղարկել քաղաք։
— Վաղը կարող եք ուղարկել։ Նստեցեք, մի փոքր խոսենք։
Նա ստիպեց հաշվապահին ճաշել իր հետ։ Նա շարունակ խոսում էր։ Այդ մարդը, որ երբեք անձնականից դուրս մի բանով չէր հետաքրքրվել, գտնվում էր ինչ-որ փիլիսոփայական տրամադրության մեջ։ Դավիթը զարմացած էր և ավելի զարմացավ, երբ նա սկսեց քննադատել հասարակական կյանքի կարգ ու կանոնը։ Առանձնապես հարձակվում էր տնտեսական «անարդար» կազմակերպության վրա։ Ինչու՞ հարյուրավոր մարդիկ աշխատում են մեկին կամ երկուսին կշտացնելու համար, ինչու՞ բնության բերքերը հավասար բոլորին չեն պատկանում։ Ինչու՞, օրինակ, ինքը պիտի այստեղ հանգիստ ճաշի, իսկ այնտեղ, նավթի ու կրակի միջավայրում հարյուրավոր մարդիկ պիտի նրա համար իրենց կյանքը վտանգի տակ պահեն գիշեր-ցերեկ։
— Բայց ո՛չ, ինձ համար չեն աշխատում։ Այժմ ես էլ ձեզ պես մի հասարակ աշխատավոր եմ։ Ոչինչ չունիմ, գիտեք ոչինչ։
Եվ պատմեց, որ ինքն այժմ սնանկ է, զուրկ վերջին կոպեկից։
— Ահա ինչո՛ւ, ուրեմն, դուք այժմ հետաքրքրվում եք դրամից զուրկ մարդկանց կյանքով,— չկարողացավ զսպել լեզուն Զարգարյանը։
— Դուք իրավունք ունիք։ Բայց այդ չէ պատճառը։ Եթե կամենամ, դեռ կարող եմ հարուստ մնալ։ Բայց չեմ ուզում։ Ինձ ամեն ինչ ձանձրացրել է, գիտեք, ամեն ինչ…
Վերջացնելով ճաշը, նա դուրս եկավ մի փոքր զբոսնելու։ Ամեն բան այժմ նրան թվում էր դատարկ, սնոտի, անմիտ։ Զարմանում էր, որ Սմբատն այնպես ամուր է կպել հայրական հարստությանը։ Հիշում էր նրա նամակները, նրա անցյալ գաղափարները և մտքում ժպտում։ Ահա թե որքան զորեղ է դրամի հրապույրը. այն մարդը, որ հոր հարստությունը մի ժամանակ քիչ էր մնում կողոպուտ համարեր, այժմ դարձել է այդ հարստության ջերմ պաշտպանը։ Էհ, երևի նա ուզում է կատարել հոր կամքը։
Վերադառնալով իր սենյակը՝ նա դարձյալ կանչեց Դավթին։ Այս անգամ նա բաց չթողեց հաշվապահին մինչև ընթրիքը, նաև ընթրեց նրա հետ միասին։
Գիշեր էր։ Նա անկողնի մեջ պտտում էր մի կողմից մյուսի վրա և չէր կարողանում քնել։ Շոգու աղմուկը նրան հիշեցնում էր մշակների դժոխային աշխատանքը։ Նրա աչքերի առջև պատկերանում էին մրոտ ու նավթոտ բանվորների վտիտ դեմքերը, մթին ու մռայլ, ինչպես նավթահորերի խորքը։ Նույնիսկ Չուպրովի, Ռասուլի ու Կարապետի պես առողջ աշխատավորները նրան թվում էին հիվանդոտ։ Մի՞թե այդ մարդիկ սիրտ չունի՞ն, հոգի չունի՞ն, չե՞ն մտածում, չե՞ն զգում, չե՞ն սիրում, չե՞ն ատում, չե՞ն նախանձում։ Մի՞թե մի կտոր հացի հոգսը սպանել է նրանց մեջ բոլոր մարդկայինը և դարձրել նրանց անշունչ մեքենա։ Ինչո՞ւ չհետաքրքրվել այս բոլորով։ Նրա շուրջը ապրում են հարյուրավոր մարդիկ, չարչարվում, տանջվում, իսկ ինքը զբաղված է միայն իր փոքրիկ աշխարհով։ Այդ ի՞նչ է լսվում։ Ա՜ա, Զարգարյանի համարակալի չխչխկոցը։ Խե՜ղճ հաշվապահ, նա մոռացել է քունը և կես գիշերին, կոր մեջքը ծռած, գրում է, ջնջում, հաշվում, թե ինչ է՝ Ալիմյանները պիտի ապրեն ապահով ու անհոգ։ Եվ դեռ Ալիմյանները կարծում են՝ մեծ բարություն են անում այդ մարդուն, տալով նրան ամսական մի քանի տասնյակ ռուբլի։ Իսկ այդ աղջի՞կը, որ սովոր էր անհոգ ու ապահով կյանքին։ Այժմ կրում է կամավոր աղախնի կյանք, գիշեր-ցերեկ բևեռված անդամալույծ հոր մահճակալին։ Ինչո՞ւ, ինչով է մեղավոր նա, այդ հեզ ու հպարտ էակը, որի համեստությանը հանդգնեց ձեռնամուխ լինել կյանքի հաճույքներից լիացած մի մարդ։
Ա՜խ, ամոթալի օր, երբեք Միքայելը չի ներիլ իրեն իր այդ անվայել վարմունքը, ամեն բան կների, բացի այդ մեկից։ Այո՛, այդ աղջիկն իրավունք ուներ ասելու, թե միայն հարստությունը ներշնչեց Միքայելին հանդգնություն վիրավորելու նրա ամոթխածությունը։ Բայց թող այդպես լինի։ Այժմ Միքայելն ինքն աղքատ է գրեթե այնչափ, որչափ Դավիթը։ Աղքա՞տ։ Այո՛, իհարկե, աղքատ է։ Վճռված է, ոչ մի կոպեկ հայրական հարստությունից, ոչ մի կոպեկ։ Եվ այդ բոլորի փոխարեն նա միայն մի բան է ցանկանում. ազատվել այդ աղքատ աղջկա արհամարհանքից, համոզել նրան, թե այժմ ինքն էլ զզվում է իր անցյալից։
Փոքր առ փոքր գլուխը հոգնեց ծանր մտքերից, նյարդերը թուլացան և աչքերը փակվեցին։ Երազը ձուլվեց իրականության հետ, Շուշանիկի կերպարանքը պատկերացավ նաև երազի մեջ։ Այժմ նա գտնվում է մի մթին վայրում։ Չորս կողմ մինչև երկինք բարձրանում են ինչ-որ սև ծառեր, սուր գագաթներով, հաստ բներով։ Իսկ այնտեղ, հեռու, շատ հեռու խավարի մեջ պսպղում է մի պայծառ լույս։ Նա ձգտում է դուրս գալ խավարից, դիմում է դեպի լույս։ Բայց ոտները կաշկանդվել են։ Նա ամեն քայլափոխում խրվում է ինչ-որ կեղտոտ տիղմի մեջ, հազիվ կարողանալով ոտքի վրա մնալ։ Իսկ հեռավոր լույսի մեջ պարզվում է հեզ ու հպարտ կերպարանքը, այո, հեզ ու հպարտ, հեզ, իրենից ավելի աղքատների վերաբերմամբ, հպարտ — հարուստների հետ։ Հպա՜րտ. իսկ այդ ո՞վ է։ Սմբատը, մի՞թե նա հարուստ չէ, ինչո՞ւ Շուշանիկը խոնարհվում էր նրա առջև։ Տեր աստված, այդ ի՞նչ է, նրանք գրկվում են, համբուրվում։ Ո՛չ, այդ անկարելի է։ Լույսը մեծացավ, ընդարձակվեց, գույնը փոխեց, շուրջը տարածվեց բոսորագույն շողեր՝ արյունի հեղեղի պես։ Այդ ի՞նչ տարօրինակ ձայն է։ Աա՜, Շուշանիկի հոր աղաղակը։ Ո՛չ, դա մարդկային ձայն չէ, այլ ինչ-որ գազանային մռնչյուն, որին արձագանք է տալիս անտառի խորքերից մի ուրիշը, հետո երրորդը, չորրորդը և ամբողջ անտառը թնդում է այդ մռնչյուններից։
Նա զարթնեց, նստեց անկողնի մեջ, աչքերը տրորեց։ Այդ ի՞նչ է. մի՞թե այդպես շուտ լուսացավ, այդ ի՞նչ բոսորագույն լույս է, որ հեղեղել է նրա սենյակը։ Մռնչյունները շարունակվում են։ Բա՜, այդ հանքային մեքենաների շվիկներն են։ Նրանք արձակում են անսովոր, անհանգիստ սուլոցներ։ Այդպես սուլում են միայն հրդեհի ժամանակ։
Կայծակի արագությամբ նա ցած թռավ անկողնից, մոտեցավ լուսամուտին։ Սկզբում թվաց նրան, որ այրվում է այն տունը, ուր գտնվում էր ինքը։ Նա այնքան շփոթվեց, որ չիմացավ հագնվի, թե մերկությամբ դուրս վազե։ Մի՞թե, ճշմարիտ, հրդեհ է, թե երազ։ Նա բաց արավ լուսամուտի փեղկերը, նայեց կրակի կողմ, ցնցվեց, արձանացած մի վայրկյան։ Կրակը հեռու չէր այն բնակարանից, ուր կենում էր Անտոնինա Իվանովնան՝ երեխաների հետ և Զարգարյանները։
Սարսափն անցավ ուղեղին, խելքը մթագնեց։ Սակայն զգում էր, որ այդպիսի դեպքերում սառնասրտությունն է առաջին անհրաժեշտ պայմանը։ Նա մի կերպ շտապով հագնվեց և վազեց դուրս։ Իսկ սուլոցները շարունակվում էին ավելի ու ավելի զորանալով, որպես մարդկային աղերսանքներ, հուսահատական, ահարկու։ Դա մի տեսակ դիվային համերգ էր, որքան զորավոր, նույնքան աններդաշնակ և իր աններդաշնակության մեջ զարհուրելի գիշերվա խավարում։
Գրասենյակում լամպարը դեռ վառ էր, բայց Դավիթ Զարգարյանը այնտեղ չէր։ Անտարակույս կրակն Ալիմյանների հանքերի վրա է։ Մշակներն արդեն զարթնել էին և շփոթված վազում էին դեպի կրակը ցիրուցան, որպես մրջյուններ, որոնց բնի վրա մի չար ձեռ ջուր է թափել։
— Մեզ մո՞տ է,— հարցրեց Միքայելը բարձրաձայն։
— Նոմեր հինգերորդն է այրվում,— պատասխանեցին խավարի միջից մի քանի քնահարբ ձայներ։
Հինգերորդ համար բուրգը, այն, որ գտնվում է Անտոնինա Իվանովնայի բնակարանից ընդամենը քսան քայլ հեռու։
Ընդարձակ բակը լցվել էր սև ուրվականներով։ Նրանք նկուղներից դուրս էին բերում բահեր, թիեր, դույլեր, երկաթե ձողեր, ջրմուղներ և այլ հրդեհաշեջ գործիքներ։
Մի պահ Միքայելն իրարու հակասող կարգադրություններ էր անում, տակավին անտեղյակ կրակի ուղղությանը։ Երբ հասավ հրդեհի վայրը, արդեն ահարկու վայնասուն էին տալիս բոլոր հանքերը՝ քսան քառակուսի վերստ տարածության վրա։ Թվում էր, որ այդ սոսկալի «ույվույները» գալիս էին մթին երկնքից, թվում էր, որ դա քաղցած գիշակերների մի արշավանք էր։ Այդպես էր ընդունված, երբ մի հանքից գալիս է հրդեհի ազդ, մյուս հանքերը պիտի հետևեն նրան՝ հանքային բնակչությանն զգուշացնելու համար։
Հրդեհն արդեն բավական ընդարձակվել էր։ Այրվում էր ամենաարդյունաբեր հորերից մեկի բուրգը։ Կրակը վիթխարի աշտարակի վրայի մասից սրընթաց բարձրանալով շտապում էր ընդգրկել ամբողջությունը։ Երկնքի հորիզոնի վրա ձգվել էր մթին ծխի մի լայն ժապավեն, որ քամու ուղղությամբ տարածվում էր հեռու ու հեռու։
Մշակները շրջապատել էին հսկա խարույկը և կազմել կենդանի օղակ զարհուրած դեմքերի, ապշած աչքերի։ Աշխատում էր միայն մի խումբ, որ ճիգն էր անում այրվող բուրգի տակից դուրս քաշել մեքենան, միակ բանը, որ հնարավոր էր ազատել կրակի լափից։
Միքայելի առաջին միտքն էր գտնել եղբոր զավակներին ու կնոջը։ Կար մի ուրիշ ավելի զորավոր միտք, բայց նա վայրկենաբար վճռեց, որ պարտավոր է ամենից առաջ արյան մերձավորներին օգնության հասնել, իսկ հետո… Առանց տատանվելու նա վազեց այն պատշգամբը, ուր այնքան հառաչանքներ էր արձակել կրծքից, նայելով դիմացի լուսամուտներին։ Կրակը դեռ չէր մերձեցել բնակարանին, բայց նրա հրեղեն լեզուներն արդեն ձգտում էին դեպի այն կողմ։ Մշակներն աշխատում էին բուրգի և բնակարանի միջև զարնվող նավթային լճակն ապահովել կրակից, եթե նա վառվեր, բոլոր շինությունները կորած էին։
— Տղե՛րք, հետևեցեք ինձ,— բոռաց Միքայելը, ճեղքելով մշակների շարքը և վազելով առաջ։
Շրջանից բաժանվեցին երեք հոգի — Չուպրովը, Ռասուլը և Կարապետը, որ տակավին չգիտեին, թե վտանգը որ կողմումն է վտանգավոր մարդկային կյանքի համար, որ նրանց համար առաջին տեղն էր բռնում։ Ամենից առաջ երևաց Չուպրովը, հրելով ընկերներին աջ ու ձախ իր հուժկու բազուկներով։ Ամբոխը, տեսնելով հսկային սանդուղքի վրա, ոգևորվեց։ Խիզախ աշխատավորի կերպարանքի, քայլվածքի ու կեցվածքի մեջ կար մի տեսակ ասպետական գեղեցկություն, արժանի Ֆիդիասի ստեղծագործությանը։ Քանի մի վայրկյան կարմիր շապիկը, որ, կարծես, բոցերից էր հյուսված, փայլփլեց բոսորագույն լուսո ներքո և չքացավ, որպես օդային երևույթ։
Ծուխն արդեն շրջապատել էր ամբողջ տունը։ Քանի մի րոպե ևս, ամեն մի օգնություն կլիներ ապարդյուն։ Եթե անգամ հուրը չներխուժեր շինության մեջ, այնտեղ գտնվող թշվառները պիտի խեղդվեին ծխից։ Սոսկալի է նավթային հրդեհը, բնավ, ոչ նման սովորական հրդեհներին։ Հանքերում ու գործարաններում կրակը տարածվում է հողմի արագությամբ, իր ճամփին լափելով ամեն ինչ, վասնզի այդտեղ չկա իր, որ չայրվի՝ ամենուրեք տարածված և ամենուրեք թափանցող նավթի ու գազի շնորհիվ։ Երբեմն մարդիկ հազիվ լսում են ահարկու ազդը սուլոցների, երբ արդեն նրանց կյանքը վտանգի մեջ է։ Դեռ լավ է, երբ կրակն սկսում է բուրգից կամ որևէ շինությունից, իսկ եթե սկսվել է նավթամբարից, կորուստն անխուսափելի է։ Ամբարների ազատ տարածության մեջ կուտակված գազը, ընդհարվելով մի չնչին կայծի, պայթում է հարյուրավոր թնդանոթների զորությամբ և բոցերի հեղեղը վայրկենաբար տարածում է ամենուրեք, որպես արգելաններից ազատված ծով։
Չուպրովը պատշգամբի վրա հետ մղեց Միքայելին ասելով.
— Այս ձեր տեղը չէ։
Նա շտապեց ներս։ Այլևս նա գիտեր, որ այնտեղ կան մարդկային արարածներ, որոնց պետք է փրկել։ Ովքեր են այդ մարդիկ, միևնույն է նրա համար, պետք է ազատել։ Արհամարհել ամեն վտանգ և ազատել — այս էր հեռավոր հյուսիսից եկած մուժիկի պարզ սկզբունքը։
Լճակը բռնկվեց բուրգից տարափող կայծերից։ Կրակն անմիջապես կլանեց նրան, չորս կողմ տարածելով ծխի սև ու թանձր ամպերը։
Չուպրովը լսեց ամբոխի աղաղակը և բնազդմամբ զգաց, որ վտանգը գալիս է բնակարանի ներսը։ Նա առաջին սենյակումն էր, ուր ոչ ոք չկար։ Երեսը խաչակնքելով, վազեց հաջորդ սենյակը…
Անտոնինա Իվանովնան առաջին անգամն էր տեսնում նավթային հրդեհ։ Կես գիշերին, զարթնելով շվիկների ձայներից, միանգամից չհասկացավ նրանց նշանակությունը։ Չէ՞ որ ամեն գիշեր տասներկու ժամին սուլում են, երբ բանվորների հերթափոխն է։ Նա այն ժամանակ սթափվեց, երբ լուսամուտներից ներս հոսացին կրակի ծիրանագույն շողերը։ Շտապով հագնվեց մի կերպ, վազեց խոհանոց, զարթեցրեց ծառային, հետո աղախնին և երբ վերադարձավ, արդեն վտանգի մեջ էր։ Նա չկամեցավ երեխաներին դուրս տանել մերկ, չըմբռնելով, որ նավթային հրդեհի ժամանակ ամեն ուշացած շարժում վտանգ է սպառնում։ Սկսեց հագցնել նրանց, չնայելով ծառայի և աղախնի թախանձներին՝ շտապել դուրս։ Ծառան փախավ՝ իր անձն ազատելու…Չուպրովն առաջին ու երկրորդ սենյակների դռների մեջ ընդհարվեց Դավիթ Զարգարյանի հետ։ Նա մի ձեռով բռնել էր Վասյային, մյուսով գրկել Ալյոշային։ Ծուխն արդեն կուրացնում էր նրան, ոչինչ չէր տեսնում, քայլում էր առաջ մթության մեջ։ Մի վայրկյան ևս, և պիտի շփոթվեր ու ուղին կորցներ։ Չուպրովը մի ձեռով խլեց նրանից Ալյոշային, մյուսով փետուրի պես բարձրացրեց Վասյային։ Մանուկներն ապշել էին, չգիտեին ինչ է կատարվում։ Չէին լալիս սարսափի զորությունից կաշկանդված։
— Մամա՜,— գոռաց Վասյան, ամուր գրկելով Չուպրովի պարանոցը։
Դավիթը, շունչն ուղղելով, հետ գնաց։ Մեկը բռնեց նրա թևերից և հետ մղեց։ Ո՛վ էր, չգիտցավ։ Քանի մի վայրկյան անցած դռների մեջ երևաց Կարապետը, որ ուսերի վրա դուրս էր բերում Անտոնինա Իվանովնային։ Կարապետի հետևից երևաց Ռասուլը, տիկնոջ աղախնին շալակած։
Միքայելը պատշգամբից իջավ ցած այն ժամանակ, երբ համոզվեց, որ ներսում ոչ ոք չմնաց։
Այժմ դուրսը տիրում էր դժոխային խառնաշփոթություն։ Մշակներն ավելի գոռում ու աղաղակում էին, քան գործ կատարում։ Միմյանց հրամայելով, վազում էին հետ ու առաջ, վայր ընկնում, վեր կենում նավթի ու տիղմի մեջ թրջված ու ցեխոտված։ Եվ նրանց նավթաթաթախ ու մրոտ դեմքերը բոցերի լուսո ներքո փայլում էին հղկած բրոնզի գույնով։
Ուրախության մի աղաղակ բարձրացավ, երբ դրսում երևացին՝ Չուպրովը երկու երեխաներին իր կրծքին սեղմած, Ռասուլն՝ աղախնին շալակած և Կարապետն իր գլխից վեր Անտոնինա Իվանովնային բարձրացրած։ Երեք հսկաներ, օրվա անձնազոհ հերոսներ, որ փրկել էին «մեծ աղայի» ընտանիքը։ Այնինչ, չգիտեին, որ կա մի ուրիշ ընտանիք ավելի մեծ վտանգի մեջ…
VII
Կիզանուտ հեղուկով տոգորված փայտաշեն բուրգն այժմ մի հսկայական ջահ էր, ծայրե ի ծայր վառված, կույր տարերքի զորությանը նվիրված վիթխարի մի կերոն։ Կրակն արագ-արագ լափում էր բուրգի տախտակները, որոնք ճարճատելով արձակում էին դեպի երկինք բյուրավոր կայծեր։ Փամփուշտների պես վեր բարձրանալով, կայծերը ծխերի մեջ գործում էին կատաղի պտույտներ և թափվում աջ ու ձախ։ Գոյացել էր մի զմայլելի հրեղեն տարափ։ Երկրի վրա հողմը կայծերը ժողովում էր և, ավլելով, տանում կիտում շինությունների պատերի տակ, անկյուններում ու խոռոչներում այնպես, որպես կիտում է ձյունը փոթորկի ժամանակ։
Կային միամիտ մշակներ, որ ճգնում էին բուրգը հանգցնել ջրով, մի բան, որ անհնարին էր. կրակը ծիծաղում էր ջրի մի մազաչափ հոսանքի վրա, որ կարկաչելով դուրս էր վազում ռետինե խողովակներից, ձեռնաշարժ ջրմուղի միջոցով։ Բոցերի ահռելի լեզուները, ընդհարվելով բնության հակառակ տարրի հետ, արձակում էին դիվային քրքիջներ, կարծես, ծաղրելով թշնամու անզորությունը։ Ջուրը մի վայրկյանում շոգի դառնալով, ավելի բորբոքում էր կրակը, քան կռվում նրա հետ։
Փորձառու բանվորներն աշխատում էին նավթամբարներն ազատել հրեղեն անձրևից, առանձնապես բուրգից ոչ հեռու գտնվող գետնափոր շտեմարանը։ Մոռանալով ամեն վտանգ, նրանք ժողովվել էին հողային տանիքի վրա և թրջված թաղիքներով ծածկում էին բաց տեղերը, ուսկից դուրս էր գալիս նավթային գազը։ Մի թույլ շփում բոցի, և նավթամբարը պիտի պայթեր, օդը ցնդելով քառասուն մարդկային դիակներ։ Մի ուրիշ խումբ զբաղված էր այն երկաթե ամբարների շուրջը, որ այնքան սարսափներ էին պատճառել Շուշանիկի հիվանդ հորը։
Ազատելով Սմբատի ընտանիքը, Դավիթն անցավ տան մյուս բաժինը։ Այդ մասը բավական հեռու էր հրդեհից. այս էր պատճառը, որ Դավիթը կարևոր համարեց նախ ուրիշներին օգնություն հասցնել, ապա իր մերձավորներին։
Պատշգամբի ծայրում Դավիթը հանդիպեց քրոջը։ Այրին փոքրիկներին դուրս էր բերել այդտեղ և այժմ զբաղված էր իր լաթերով։ Նա գոռաց շփոթված այրիի վրա, բռնեց ձեռքից, ձգեց սանդուղքից ցած, գրկեց փոքրիկներից մեկին, մյուսի ձեռքից բռնեց, շտապեց դեպի բակը։ Հետո նորեն բարձրացավ պատշգամբ։ Խոհանոցի առջև տեսավ պառավ աղախնին, որ ճգնում էր դռների միջից դուրս բերել իր սնդուկը։
— Կորի՛ր, հիմար, թող այդ, ինքդ ազատվիր,— գոչեց Դավիթը,— ո՞վ կա ներսում։
— Կան, կան,— պատասխանեց պառավը, շնչասպառ և ավելի ամուր կպավ սնդուկին, որ պարունակում էր նրա լաթերը։
Հրդեհն սկսվելիս ընտանիքը քնած էր, Շուշանիկը նույնպես։ Առաջինը զարթնեց օրիորդը և զարթնեցրեց մորն ու հորաքրոջը։ Նա կարող էր իսկույն դուրս բերել փոքրիկներին, բայց մայրը չթողեց, չվստահանալով նրան։ Տիկին Աննային մեծ ջանք էր հարկավոր զարթեցնել անդամալույծին, ապա մի կերպ հագցնել վերարկուն Շուշանիկի օգնությամբ։ Մինչ նրանք զբաղված էին Սարգսով, կրակն արագ-արագ մոտենում էր։
Դավիթը վազեց ներս։ Այստեղ ծուխն այնքան թանձր չէր, որքան Անտոնինա Իվանովնայի բնակարանում։ Դավիթն անցավ եղբոր սենյակը, հավատացած լինելով, որ Շուշանիկն ու իր քույրն էլ այնտեղ են։ Այդտեղ, սեղանի վրա լամպարի մթագնած լուսո ներքո նրա աչքերի առջև բացվեց հետևյալ տեսարանը.— Աննան գրկել էր Շուշանիկին և ճգնում էր անջատել նրան Սարգսից։ Այնինչ՝ անդամալույծն առողջ ձեռը փաթաթել էր թախտի մի ոտին և գոռում էր.
— Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ…
Արդեն քառորդ ժամ էր, որ նրանք կռվում էին, և ոչինչ չէր օգնում։ Կիսախելագարն այժմ հավատացած էր, որ հասել է օրհասական վայրկյանը և ահա նրան ուժով տանում են դուրս՝ խարույկի մեջ ձգելու։
Դավիթը հետ մղեց Աննային, բռնեց Շուշանիկի թևից և մի ուժգին թափով անջատեց նրան Սարգսից։ Պետք էր նախ առողջներին փրկել, ապա հիվանդին, որի կյանքն այլևս արժեք չուներ։ Առանց ուշ դարձնելու Շուշանիկի հուսահատական ճիչերի վրա, նա քաշեց օրիորդին դեպի դուրս։ Բայց դռների մոտ Շուշանիկն ազատվեց, հետ վազեց և նորեն գրկեց հորը։ Այժմ Սարգիսը թավալվել էր հատակի վրա։ Նրա դեմքը կորցրել էր բոլորը, ինչ որ բնական էր ու մարդկային։ Նա մի մարմնացած անասնական սարսափ էր, զոհի մատնված կենդանի, որ անիմաստ աչքերը հառած դահճի երեսին, սպասում է դանակի օրհասական հարվածին։
— Դուք փախեք, ես կբերեմ սրան,— գոչեց Դավիթը։
Եվ ուժով դուրս մղեց Աննային ու Շուշանիկին։
Այդ վայրկյանին դեպի փողոց նայող լուսամուտի ապակիները կրակի ուժից դղրդյունով փշրվեցին։ Ծուխը հեղեղի պես ներս հոսաց։ Աննան դուրս փախավ սարսափի բնազդից դրդված։ Շուշանիկը մնաց անշարժ։
Սկսվեց նորեն մի անօրինակ պայքար երեքի մեջ։ Շուշանիկը ճգնում էր հորը բարձրացնել հատակից, հայրն ամուր կպել էր թախտի ոտներին։ Դավիթն աշխատում էր նրանց անջատել միմյանցից։ Այնինչ, բոցերի առաջին ալիքներն արդեն լիզում էին լուսամուտի առաստաղը, իսկ ծուխը հետզհետե թանձրանում էր ու դառնում հեղձուցիչ։ Դավթի ուժերն սպառվում էին։ Այժմ անդամալույծն ինքն էր գրկել աղջկան իր առողջ ձեռով և այնպես ամուր, որպես երկաթե գոտի։ Այդ միակ ձեռի մեջ էր կենտրոնացել նրա քայքայված կյանքի ամբողջ ուժը, որ այնքան զորեղ է մահամերձի մեջ։ Մնում էր երկուսին միասին քաշել դուրս։ Սարգիսը կրծոտում էր Դավթի ձեռները, գլուխն ուժգին զարնում էր հատակին, գոռալով.
— Անաստված, ավազակ, մարդասպան, դահիճ, և այլն, և այլն…
Վերջապես, Դավթին հաջողվեց մի կերպ դուրս քաշել երկուսին միասին մյուս սենյակ, երբ անդամալույծի ննջարանի առաստաղն արդեն վառվել էր։ Առաջին վտանգն անցավ, բայց նրանք դեռ ազատված չէին։ Ծուխը մթագնեց նրանց աչքերը։ Ազատվելով հոր երկաթե բազկից, Շուշանիկը գոչեց.
— Դու բռնիր գլխից, ես ոտներից։ Այդպե՛ս… շո՛ւտ… շո՛ւտ… ոչինչ չեմ տեսնում…
Հազիվ նրանք երկու քայլ էին արել, Սարգիսը վերջին թափով ազատվեց նրանց ձեռներից և փռվեց հատակի վրա։ Օգտվելով վայրկյանից, Դավիթը գրկեց Շուշանիկին և բարձրացրեց ուսերի վրա, բայց ծխի թանձրության մեջ չգիտեր որ կողմն են դռները։
Ճիշտ այդ վայրկյանին երկու ձեռներ խլեցին նրանից Շուշանիկին…
Միքայելը չդիմացավ տիկին Աննայի հուսահատական աղաղակներին ու փոքրիկների լացին, վազեց վտանգի վայրը՝ հետ թողնելով Չուպրովին ու նրա ընկերներին։ Նա, այդ եսամոլ, մինչև ոսկորների ծուծն ապականված համարված երիտասարդը դիմեց դեպի մահ՝ կրակի ճանկերից խլելու համար մի աննշան, աղքատ աղջիկ…
Ամբոխը սանդուղքի վրա տեսնելով իր տիրոջը, աղաղակեց ուրախությունից ու հիացումից։ Տասնյակ ձեռներ տարածվեցին առաջ՝ նրա կենդանի բեռը խլելու։ Շուշանիկն ուշաթափվել էր Միքայելի ուսերի վրա և չէր զգում ում ձեռների մեջ է գտնվում իր կյանքը։ Նրա խիտ մազերը հերկալներից ազատվել էին ու թափվել Միքայելի ուսերի վրա, նրա տնային թեթև ու ճերմակ շրջազգեստը մրոտվել էր ու պատառոտվել։ Հոլանի բազուկներն անզոր ընկած էին Միքայելի մեջքի վրա։
Միքայելը ոչ ոքի չտվեց անշունչ մարմինը։ Իջնելով սանդուղքից, մոտեցավ Աննային և Շուշանիկին դրեց նրա ոտների առջև։
Բուրգն արդեն մերկացել էր։ Ընկավ նրա գագաթին տեղավորված երկաթե անիվը, ընկան կողերի այրվող տախտակները, և օդի մեջ ցցվեցին չորս հսկայական հրեղեն սյուներ։ Այժմ ամբոխը դիտում էր արդյոք ո՞ր կողմը պիտի ընկնեն այդ սյուները։ Մեկը թեքվել էր դեպի ստորերկրյա նավթամբարի կողմը։ Նման դեպքերում հրեղեն սյուները վարի կողմից սղոցում են նրանց անկմանն անվտանգ ուղղություն տալու համար։ Մի խումբ մշակներ, սղոցներով զինված փորձեցին մոտենալ բոցերի ահարկու աշտարակին և հետ ցատկեցին կիզիչ տաքությունից։Միքայելն ուշադրություն չէր դարձնում հրդեհի վրա, իսկ ամեհի գազանը քանի գնում ուռչում էր ու մեծանում։ Ա՜հ, թող այրվի բոլորը, բոլորն ինչ որ այրվող է, նախ պետք է մարդկային կյանքերն ազատել։
Բոսորագույն լուսո հեղեղի մեջ նա ճանաչեց Անտոնինա Իվանովնային, վազեց դեպի նա և հարցրեց.
— Որտե՞ղ են երեխաները։
— Ուղարկեցի մի ապահով վայր։
— Բայց ինքներդ վտանգավոր տեղումն եք, փախե՛ք։
— Բոլո՞րն էլ ազատված են։
— Դավիթը ներսն է անդամալույծի հետ։
Քրտինքը հոսում էր Միքայելի երեսից։ Հագուստը թրջվել, նավթոտվել էր ու ցեխոտվել ոտքից մինչև գլուխ։ Ոչնչով չէր տարբերվում մշակներից։ Հոգնածություն չէր զգում։ Վազում էր մերթ աջ, մերթ ձախ՝ տեսնելու համար՝ որ կողմից պիտի դուրս գա Դավիթն անդամալույծի հետ։ Շուշանիկին ազատելով, զգում էր անձնազոհության մի նոր ավելի զորավոր պահանջ. փրկելով մեկի կյանքը, փափագում էր փրկել և՛ մյուսներին։
Մեկը, ամբոխը ճեղքելով մոտեցավ նրան գունատ, շնչասպառ և դողալով։
Սմբատն էր։
— Մի՛ վախենար,— ասաց Միքայելը,— թե՛ տիկինը և թե՛ երեխաներդ ազատված են։ Ահա տիկինը ամբոխի մեջ է։
Սմբատը մոտեցավ ամուսնուն։ Դավիթը ժամանակին տելեֆոնով հրդեհի մասին իմաց էր տվել քաղաք։ Սմբատը կլուբից շտապել էր հանքերը։
Անտոնինա Իվանովնայի ատամներն ահից զարկվում էին իրարու. դողում էր ամբողջ մարմնով։ Բայց չէր ուզում հեռանալ հրդեհի վայրից։ Չէ՞ որ նրա զավակներին ազատողն այժմ ինքն էր վտանգի մեջ, չէ՞ որ տմարդություն կլինի թողնել նրան անօգնական։ Կրակի ճարճատյունը, խորտակվող ու փլչող շինությունների դղրդյունը, կայծերի տարափը, ամբոխի աղաղակները, ծուխը, մուրը, արնագույն լույսերը, երկնի խավարը, երկրի ժխորը նրա աչքերի համար զարհուրելի քաոս էին գոյացրել, որի նմանը երազել անգամ չէր։ Քաոս, ուր միայն մի բան պարզ էր նրա համար— մարդու ապիկարությունը կույր տարերքների զորության դեմ։ Այժմ նավթային ճահիճը ներկայացնում էր մի հսկայական թոնիր, ուսկից բոցերը վազում էին վեր, արձակելով մի տեսակ ստորերկրյա խուլ թնդյուններ, և կորչում անհետանում երկնի սևության մեջ։
Որքան հրդեհն ընդարձակվում էր, այնքան ամբոխի շարժուն օղակը մեծանում էր ու լայնանում, որպես ծովի ալիքները մրրկի մեջ պտտվող նավի շուրջը։ Հրդեհի ու մարդկանց մեջ բացված տարածությունը ծածկվել էր տիղմի, մրի ու նավթի լպրծուն զանգվածով։ Մարդիկ սլկվում էին, սայթաքում, ընկնում, երբեմն երկնչելով որպես դիվահարներ, երբեմն բարձրաձայն գոռալով երկյուղից, մի գուցե ջարդվեն հազարավոր ոտների տակ։
Աննան շարունակ աղաղակում էր. «օգնեցեք, оգնեցեք».— նրա այրի տալը կուրծքն էր ծեծում, այս ու այն կողմ վազելով։ Ահ, ազատեցեք նրա եղբորը, որբերի միակ սննդարարին ու հովանավորին։ Չէ՞ որ նա, բացի այդ մարդուց, ուրիշ պաշտպան չունի։
Ուշքի գալով, Շուշանիկի առաջին ձգտումը եղավ, վերադառնալ նորեն այնտեղ, ուր մաքառում էր կրակի դեմ հորեղբայրն իր հորն ազատելու համար։ Բայց մայրը, բռնելով նրա թևերից, հետ քաշեց։ Նրա խիտ մազերը թափվել էին ուսերի վրա, երեսը մրոտվել էր, աչքերը, կարծես, սպառնում էին դուրս գալ շրջանակներից։ Նա ոտները զարկում էր գետնին, կատաղած կրծոտում էր արգելողների ձեռները, որ ազատվի և վազե առաջ ու ընկնե կրակի կոկորդը։ Այլևս դա այն ամոթխած, լռիկ աղջիկը չէր։ Մերձավորների վտանգալի վիճակը նրան ներշնչել էր առնական անվեհերություն։ Մերթ կատաղում էր, մերթ անիծում մարդկանց, մերթ աղերսում։ Եվ թվում էր նրան, որ ոչ ոք սիրտ ու խիղճ չունի, ոչ ոք չի կարեկցում նրան։ Ամբոխը, որ այնքան սիրել էր նրան և որին սիրել էր ինքը, նայում էր հուսահատ աղջկան և տեղից չէր շարժվում։ Իսկ կրակն արագ-արագ կլանում էր կացարանը։ Տաքությունն այնքան սաստիկ էր, որ պատշգամբին մերձենալու հնար չկար, ուր մնաց ներս մտնելը։ Նույնիսկ Չուպրովը, Ռասուլը և Կարապետը տատանվում էին, թեև բարի և համակրելի աղջկա աղեկտուր աղաղակները մորմոքում էին նրանց անվեհեր սրտերը։
Անտոնինա Իվանովնան գրկեց Շուշանիկին, բայց ի՛նչպես հանգստացներ մի զգայուն էակի, որի մերձավորներն աչքերի առջև այրվում են և գուցե արդեն այրվել են։
Նայում էր Սմբատի երեսին. մի՞թե չի կարելի որևէ խելացի կարգադրություն անել։ Սմբատը չէր համարձակվում հրամայել մշակներին՝ վտանգն արհամարհել ու նետվել կրակի մեջ։ Գիտեր, որ ոչ ոք չի լսիլ նրա հրամանը և յուրաքանչյուրի համար նախ և առաջ սեփական կյանքն է թանկ։ Մի պահ Շուշանիկի աղերսալի ձայնն այնքան ներգործեց նրա վրա, որ մտածեց. «արժե՞ այսքան ամուր կառչել կյանքին»։ Նա մի վճռական շարժումն արավ դեպի առաջ և նույն վայրկյանին նրա աչքերի առջև պատկերացան որբացած Վասյան ու Ալյոշան, պառավ մայրն արցունքն աչքերին, քույրը, եղբայրները, ամբողջ էգոիզմը մարդկային։ Ահ, ո՛չ, նա ինքնիշխան չէ, նա իրավունք չունի սեփական կյանքի վրա։
— Տղերք,— գոռաց նա բարձրաձայն,— ազատողին հազար ռուբլի…
Դարձվածն անցավ բերանե բերան։ Կիսամերկ և կիսանոթի ամբոխի համար դա մի մեծ հրապույր էր, բայց ոչ ոք չենթարկվեց նրան։
— Տղերք, երկու հազար, երեք հազար…Դարձյալ աղմուկ, իրարանցում և ոչ մի օգնություն։
Այժմ կարող էր աճուրդը բարձրացնել՝ որքան կամենար։ Ամբոխը մի րոպեում ընտելացավ հրապույրին, մարսեց, բայց չենթարկվեց։ Նա հենց այդ առատ խոստման մեջ զգում էր վտանգի մեծությունը։ Նույնիսկ Չուպրովը հեգնորեն ժպտում էր, ցույց տալով կրակի ահարկու ալիքները։
Հանկարծ ամբոխի օղակից անջատվեց մեկը։ Նա ոտից մինչև գլուխ ներկայացնում էր նավթից ու մրից կազմված մի զանգված։ Վազեց քանի մի քայլ առաջ և, հանդիպելով բոցերի հարվածին, հետ ցատկեց։ Խլեց մի մշակից մի թրջված թաղիք, փաթաթվեց նրա մեջ և, տան շուրջը մի կիսաշրջան անելով, անհայտացավ ծխերի թանձրության մեջ։
Ամենից առաջ Անտոնինա Իվանովնան ճանաչեց նրան, ճչաց և Շուշանիկին ամուր սեղմեց կրծքին։ Քանի մի ակնթարթ անցած ասպարիզում փայլեց Չուպրովի կարմիր շապիկը և նույն վայրկյանին երևացին Ռասուլն ու Կարապետը։
Բայց ինչ էր կատարվում ներսում։
Հանձնելով Շուշանիկին Միքայելի պաշտպանությանը, Դավիթը հետ դարձավ, գրկեց անդամալույծին և ճիգն արավ նրան բարձրացնելու։ Այժմ Սարգիսը փաթաթվել էր Շուշանիկի գրասեղանի ոտքերին։ Այստեղ արդեն մութը փարատվել էր բոցերի լույսից։ Սեղանն ընկավ, բայց Սարգիսը չբաժանվեց նրանից։ Դավիթը քաշեց եղբորը սեղանի հետ միասին մինչև դռները, բայց այդ կողմից այլևս հնար չկար դուրս գալու, իսկ հակառակ կողմն արդեն կրակի մեջ էր։ Մնում էր մի ելք— քաշել Սարգսին ծայրի սենյակը, որ Դավթի ննջարանն էր։ Այնտեղից դեպի հրդեհի հակառակ կողմը կար մի լուսամուտ, փրկության միակ ճանապարհը։ Հարկավոր էր միայն չհուսահատվել և չշփոթվել։ Դավիթը սառնարյուն էր, բայց ուժերն արդեն դավաճանում էին նրան։
Նա Սարգսին մի կերպ պոկեց գրասեղանից և հիշոցների տարափի տակ քաշեց նրան ու տարավ իր սենյակը։ Այդտեղ ծուխը համեմատաբար նոսր էր։ Դավիթը մի փոքր շունչ առավ, հետո գրկեց եղբորը, բարձրացրեց և դիմեց դեպի լուսամուտ, որի փեղկերը բարեբախտաբար բաց էին։ Նույն պահին, երբ ուզում էր Սարգսին դնել լուսամուտի հատակի վրա և ինքն էլ բարձրանալ, անդամալույծը թարթափելով, աշխատեց ազատվել նրա ձեռներից ու նրան էլ թեքեց մինչև հատակ։ Գոնե ուշաթափվեր այդ մարդը։ Բայց խելագարի անասնական սարսափը նրան տվել էր գերբնական ուժ։ Կարծես, այժմ գործում էր նրա երկու ձեռն անգամ։ Երբեք Դավիթն այդ կենդանի կմախքի մեջ չէր երևակայել այդչափ ուժ. նրա ձեռները թուլացան, բաց թողեցին անդամալույծին։ Թողնել եղբորը և ազատել սեփական կյանքը, օօ՜, ոչ, նա չի կարող, ի՞նչ պիտի պատասխանե Շուշանիկին։ Իսկ դուրս տանել այդ կենդանի դիակը — այլևս անհնարին էր։ Այնինչ, բոցերը կից սենյակից մերթ ցույց էին տալիս իրենց բոսորագույն լեզուները, մերթ հետ սուզվում օձերի պես։
Լսվեց մի զորեղ ճայթյուն։ Դավիթը նայեց վեր։ Առաստաղը դեռ չէր բռնկվել. բայց միջին դռներն արդեն այրվում էին։ Վայրկյանը ճակատագրային էր։ Վերջին ուժերը ժողովելով, Դավիթը բռնեց եղբորը, բարձրացրեց, դրեց լուսամուտի հատակի վրա։ Այս արդեն մի մեծ քայլ էր դեպի փրկություն։ Դավիթը խրախուսվեց, այնինչ բոցերը, մաքառելով օդի ներհակ հոսանքի հետ, կամաց-կամաց կլանում էին հատակն ու առաստաղը։
Քրտինքը ողողել էր Դավթի ամբողջ մարմինը։ Նա բարձրացավ վերև, ձեռներից բաց չթողնելով եղբորը։ Այդ վայրկյանին լսվեց մի թնդյուն, որին հետևեցին ամբոխի աղաղակները։ Մի պահ տիրեց խավար, ապա երկիրն ավելի պայծառ լուսավորվեց։ Պարզ էր, որ կրակը բռնկել էր նավթային ամբարներից որևէ մեկն ու պայթեցրել։
Հարկավոր էր Սարգսին իջեցնել, բայց ինչպե՞ս։ Ձգել նրան վար վտանգավոր էր, լուսամուտը գետնի մակերեսից այնքան բարձր էր, որ կարող էր Սարգսի գլուխը դիպչել քարերին ու ջարդվել։ Կամ իջնել և հետո նրան իջեցնել — ավելի վտանգավոր էր. Սարգիսը վայրկյանից օգտվելով՝ պիտի թավալվեր հետ և այնուհետև այլևս փրկության և՛ ոչ մի հույս։
— Ո՞վ կա, оգնեցեք,— գոռաց Դավիթը։
Բայց ո՞վ պիտի լսեր նրա ձայնը խլացուցիչ գանգյունների մեջ, թանձր ծխի ու կրակի փոթորկված օվկիանոսում։ Այնուամենայնիվ Դավիթը հույսը չկորցրեց, գոռաց երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ, գոռաց այնքան, որ, վերջապես, ձայնը խեղդվեց կոկորդում։ Այլևս նրա ձեռները թուլացան, հուսահատ գլուխը թեքվեց կրծքին։ Փրկության եզրում նա տեսավ իր և իր եղբոր գերեզմանը մոխիրների մեջ ու մոխիրներից։
Բայց մի վերջին ճիգ ու վերջին աղաղակ ևս և ահա հրաշք. ժխորի միջից, կարծես, մեկն արձագանք է տալիս նրա ձայնին։ Այո, այդ իրականություն է։ Ահա լուսամուտի առջև նկատեց մի մարդկային կերպարանք։
Միքայելն էր. թաղիքի մեջ փաթաթված, ցեխոտ ու մրոտ ոտքից մինչև գլուխ։ Նա բռնեց անդամալույծի ոտներից, և ազատվողն իր մարմնի ամբողջ ծանրությամբ ընկավ ազատողի վրա։ Դավիթն անմիջապես վար ցատկեց, ընկավ գետնի վրա, ոտքի ելավ։ Մի վայրկյան նայեց Միքայելի դեմքին, ապշեց։ Նրա սիրտը լցվեց երախտագիտության զգացումով. ի՜նչ, այդքան բազմության մեջ միայն նա՞ եղավ անվեհեր, միայն նա՞ վճռեց նետվել դժոխքի մեջ՝ ինչ-որ երկու կիսամահ մարդկային արարածներ փրկելու։
Դավիթը կամեցավ բարձրացնել եղբորը։ Անդամալույծն արդեն ուշաթափվել էր։ Միքայելը բարձրացրեց նրա ոտները, Դավիթը՝ գլուխը, և շտապեցին դուրս բերել նրան ծխի սահմաններից։ Երկուսն էլ հոգնած էին չարաչար։ Երկիրը լպրծուն էր․ մեծ ջանք էր հարկավոր չսայթաքելու համար։ Ազատում էին մի մարդ, որի կյանքը ոչ մի բանի պետք չէր և ընդհակառակը թույն էր մերձավորների համար։
Բայց ոչ. այնտեղ, կրակից հեռու ողբում էր այդ մարդուն մի էակ, որ հավասարորեն թանկ էր Դավիթի և Միքայելի համար։
Նրանք հասան մի տեղ, ուր ծուխը հանկարծ թանձրացավ։ Բա՜, մի՞թե փրկության համար նրանք պիտի խեղդամահ լինեն։ Դեպի ո՞ր կողմ գնալ.— ա՞ջ, թե ձախ, առա՞ջ, թե հետ։ Մթություն ամենուրեք։
Միքայելն աղաղակեց և իսկույն նրա աչքերի առջև նկատվեցին երեք հսկա պատկեր։ Դարձյալ Չուպրովը, Ռասուլն ու Կարապետը։
Այլևս դժվարություն չկար։ Սարգսի անշունչ մարմինը վերցրեց Կարապետը, Ռասուլն օգնեց Դավթին։ Չուպրովը կամեցավ Միքայելին բարձրացնել իր ուսերի վրա, բայց հետ նայեց ու տեսավ, որ երիտասարդն ընկել է գետին երեսն ի վար և չի կարողանում վեր կենալ։
Նա ոտքի կանգնեցրեց Միքայելին։
— Թևիս ձեռ մի տուր,— ասաց Միքայելը և ինքը հենվեց հսկայի թևին։
Մի րոպե անցած ամենքն արդեն կրակի սահմաններից դուրս էին…
VIII
Հինգերորդ բուրգի սյուներն ընկան մեկը մյուսի հետևից, ճարճատելով և չորս կողմ տարածելով կայծերի հեղեղ։ Ամբոխը ցրվեց մրրկից հալածված փոշու պես։ Նավթի մուգ մեխակագույն ծխին հաջորդեց փայտի կապտագույն ծուխը։ Լուր տարածվեց, թե հինգ մշակներ, բոլորն էլ երիտասարդ, մնացին հրեղեն սյուների տակ ու սպանվեցին։ Սարսափ տիրեց ամենքին, բայց ոչ երկար ժամանակ։ Դժոխային աշխատանքը ծխերի և մրերի գեհենում վաղուց էր բթացրել ամբոխի ներվերը։ Ի՞նչ է նշանակում հինգ մարդկանց մահը կենդանի դիակների աշխարհում։ Այդ արդեն աշխատավորի ճակատագիրն է՝ հալածված ոչ միայն մարդկային ագահության մագիլներից, այլև կույր տարերքների ճիրաններից։
— Էժան պրծանք,— ասաց մի ծերունի մշակ, որի աչքերը վաղուց էին կուրացել անթիվ ոճիրների ու մահերի տեսքից։
Այնինչ այնտեղ, քսան-երեսուն քայլ հեռու արդեն մերկանում է մի ուրիշ բուրգ, հետո, երրորդը, չորրորդը, հինգերորդը և, ահա գոյացել է վիթխարի ջահերի մի ամբողջ անտառ։ Երկաթե նավթամբարները մեկը մյուսի հետևից պայթելով աջ ու ձախ տարածել են բոցերի ծով և իրանք ընկել են կողերի վրա։ Գոյացել է հրեղեն մի գետ, որի առաջն առնելու համար չկա մարդկային ոչ մի հնարավորություն։ Բացի մեկից — թողնել նրան իր քմահաճույքին և անշարժ դիրքը, նրա ամենակործան ընթացքը։ Նա դիմում է մի մեծ ճահիճ, որ գոյացել է հորդառատ անձրևներից և հորերից դուրս բերված ջրերից։ Այստեղ կատաղի կռիվ են մղում երկու թշնամի տարրերը։ Ճահիճը կլանում է բոցերի ալիքները և ինքն էլ արագ-արագ շոգիանում, եռալով և արձակելով ճարճատյուններ, նման մարդկային հուսահատական ճչերին։
Գիշերն անցավ, աշնանային արեգակը սփռեց երկրի վրա իր առաջին շողերը, հետզհետե աղոտացնելով հրդեհի լույսը։ Ամբոխը՝ ցեխոտված, մրոտված ու նավթոտված բանակը տաժանակիր աշխատանքի՝ տակավին շարունակում էր գոռգոռալ, վազվզել, քանդել, խորտակել, այս ու այնտեղ տանել ջարդոտված մեքենաները, ջրմուղները ու հազար ու մի տեսակ գործիքներ։ Օդի մեջ պսպղում են հազարավոր թիեր, բահեր, լինգեր, ձողեր, և ինչ. հուրն արհամարհում է ամեն ինչ և իր ավերիչ դեբոշը շարունակում ավելի ու ավելի կատաղությամբ։ Ջրմուղները գործում են ծուլորեն, կարծես զգալով իրենց անզորությունը։ Այլևս մշակները չեն հոգում, թե որ կողմն են մղում ջուրը, այնքան հոգնել էին։ Արեգակը ջրեղեն կամարներին տալիս էր ծիածանի երանգներ և դա ավելի մի տեսակ դեկոր է հրդեհի համար, քան նրան ոչնչացնող զորություն։ Թուրքերն աղաղակում են. «Ալլահ», «ալլահ» և ոչինչ չեն անում։ Լեզգիներն արձակում են ինչ-որ կոկորդային հնչյուններ նման ճայերի կանչերին։ Ռուսների դեմքերն արտահայտում են մռայլ լրջություն մեջտեղ դրված հինգ խանձված դիակների տպավորության ներքո։ Հայերը միմյանց վրա գոռում են, միմյանց հրամայում և ոչ մեկը մյուսին չի լսում։ Քաղաքից եկել են մի խումբ անգլիացիներ և շվեդացիներ,— սիգարներն ու ծխամորճները բերաններին ու ձեռները վարտիքների գրպանները դրած, անտարբեր դիտում են իրենց երկրներում չտեսնված տեսարանը։
Հինգ տարի էր այդպիսի մեծ հրդեհ չէր եղել։ Քաղաքից շարունակ գալիս էին հանքատերեր, գործարանատերեր, գործակատարներ։ Որին քնից էին զարթնեցրել, որոնք գալիս էին թղթախաղի սեղանից, քեֆից, արբեցողությունից, սիրուհիների գրկից կամ անառականոցներից։Սմբատն այլայլված վազում էր դեսուդեն և կարգադրություններ անում, անօգուտ հրամաններ արձակում։ Նա հոգնել էր գոռալուց, սպառնալուց, աղերսելուց։ Հրամայեց, որ սպանված աշխատավորների դիակներն ասպարեզից հեռացվեն։ Ողբալի դեպք, բայց այդ մասին նա հետո կմտածե, իսկ առայժմ պետք է հոգալ կրակից, լափից ազատելու այն, ինչ որ հնարավոր է ազատել։ Բայց այլևս ուշ էր, այլևս ոչ մի բուրդ և ոչ մի շինություն չի ազատվիլ այրվելուց, բացի նորակառույց շինությունից։
Անտոնինա Իվանովնան մի քանի մշակների օգնությամբ դուրս էր բերում գրադարանի գրքերը։
— Երեխաներին ուղարկեցի՞ք քաղաք,— հարցրեց նա Սմբատին։
— Այո։
— Ձեր եղբոր մի կուռը կոտրվել է Զարգարյաններին ազատելիս։
— Գիտեմ,— արտասանեց Սմբատը և չքացավ ամբոխի մեջ։
Միքայելը պառկած էր մի փոքրիկ կեղտոտ սենյակում, մերկ անկողնակալի վրա։
Նրան շրջապատել էին Զարգարյանները։ Մի ձեռը դրած գլխատակին, մյուսն անզոր ձգած կրծքի վրա, շրթունքները կրծոտելով, աշխատում էր զսպել անտանելի ցավերը։ Շուշանիկը լուսամուտի առջև օգնում էր բժշկին ինչ-որ փաթաթան պատրաստելու։ Նա հոգնած էր, ուժասպառ, հազիվ կարողանում էր կանգնել ոտքի վրա։ Ահ, որքա՜ն նա զգացել էր ու ապրել այս մի քանի ժամվա ընթացքում և ո՜րպիսի հեղաշրջում էր տեղի ունեցել նրա հոգու մեջ։
Ահա ի՜նչ. ուրեմն, նա, որից ոչինչ լավ բան չէր սպասում, որին գրեթե արհամարհել էր, որից փախել էր որպես ժանտախտից — ցույց տվեց այդքան հերոսություն։ Ուրեմն, նրան, այդ փչացած ու ապականված մարդո՞ւն է պարտական իր հոր, հորեղբոր, նույնիսկ իր կյանքը, ի՞նչ է նշանակում այդ անձնազոհությունը։ Ո՞վ կամ ի՞նչը ներշնչեց այդ մարդուն այդչափ անվեհերություն և արհամարհանք դեպի սեփական կյանքը։ Դա երազ չէր, այլ իրականություն ու անսպասելի, աներևակայելի, և՛ երկյուղալի, և՛ ուրախալի։ Գեղեցիկ էր նա այն պահին, երբ թանձր ծխի միջից դուրս եկավ Չուպրովի թևին հենված, գեղեցիկ ասպետական գեղեցկությամբ։ Օօ՜, ոչ. երբեք, երբեք Շուշանիկը չի մոռանալ այն վայրկյանը, որ մոգական լապտերով խորին մթության մեջ պայծառացրեց զմայլելի մի պատկեր։ Արժե՞ր նրա զգացած վիրավորանքն այդ ասպետական վարձատրության։ Ոչ, ոչ և ոչ։ Կարծես անցնելով կրակների ու ծխերի միջով, այդ մարդն անհետք այրեց իր բոլոր անցյալը և դուրս եկավ հնոցից՝ ապականությունից մաքրված ու զտված։ Իսկ այն մյու՞սը, որ այնքան հոգեկան տվայտանքներ էր պատճառել նրան և որին իր մոլոր երևակայության մեջ այնպես իդեալացրել էր։ Այո՛, նա նույնպես կամեցավ հերոսանալ, բայց ուրիշների ձեռքով, բայց ոսկու միջոցով։ «Տղերք, երեք հազար, չորս հազար, հինգ հազար ազատողին», ի՜նչ կծու հեգնությամբ են հնչում այժմ այդ բառերը նրա ականջներին։ Ի՜նչ ահռելի վիհ երկուսի մեջ և ո՞րն է բարձր — եթե ոչ նա, որ ահա այնտեղ, մերկ անկողնակալի վրա ընկած, տառապում է ցավերից։ Մեկը ոսկով, մյուսը կյանքով, և ո՞ր ոսկին կարող է փոխարինել կյանքը։ Ովքե՞ր են Զարգարյանները նրա համար, այդ անդամալույծը, այդ աննշան գործակատարը։ Իսկ ի՞նքը՝ Շուշանիկը։ Մեկը՝ ոչնչություն, մյուսը՝ կյանքի հեգնանքներից ծնված միայն և միայն աշխատելու ու տառապելու համար։ Մինչդեռ նա, ոսկեհյուս խանձարուրի մեջ սնվածը և շուքի ու շռայլության մեջ օրորվածը, ոչնչով, ոչնչով պարտական չէր մի աննշան, մի աղքատիկ աղջկա ազատելու կրակի ճանկերից։
Մյուսը դիմեց դրամի օգնության ազատելու համար այն մարդուն, որ ազատել էր իր զավակներին։ Դառը հեգնանք՝ շպրտված չքավորության երեսին, որպես թունավոր թուք։ Հե՜, կարծես, այդ մարդիկ, որոնց նա հրամայում էր կրակի մեջ նետվել, կյանք չունեն, զուրկ են ապրելու ցանկությունից։ Փոքրոգություն։ Սարսափել մահից այն ժամանակ, երբ ուրիշները չէին սարսափել, նետվելով կրակի մեջ, որպեսզի ազատեն նրա զավակներին։
Իդեալացրածի կերպարանքից ընկնում էր խորհրդավորության քողը, անզուգականը դառնում էր առօրյա հասարակ արարած — վաճառական։ Նողկանք — ահա այդպիսի մեկի արժանավոր վարձը։ Դառն է բաժանվել երևակայականից, բայց և ցանկալի։ Չէ՞ որ այն, ինչ որ ստեղծել էին երազները, երբեք, երբեք չպիտի պատկաներ իրան։ Էէ՜, թող ուրեմն սթափվե, տեսնելով բացված աչքերով մերկ իրականությունը։ Այժմ Շուշանիկը ոչ միայն պարտավոր է մոռանալ այդ մարդուն, այլև կարող է մոռանալ։ Ահա նա, վազվզում է ամբոխի մեջ, մերթ հրամայելով, և մերթ աղերսելով փրկել կրակի լափից մնացորդն իր կայքերի։ Այժմ նրա դեմքն այլևս չունի նախկին առնականությունն ու հուրը, և ձայնը զրկվել է իր թովչությունից արդեն այն վայրկյանից, երբ աղաղակեց. «տղերք, ազատողին հինգ հազար ռուբլի»…
Միքայելը, հեզ ու խոնարհ երեխայի պես, թույլ տվեց բանալ իր կուռը և փաթաթանը փոխել։ Մի վայրկյան վարեն վեր նայելով, կարդաց Շուշանիկի աչքերի մեջ խորին կարեկցության հետք և մի ուրիշ բան։ Կռան ցավերն անտանելի էին, բայց գրեթե ոչինչ չզգաց։ Օ՜о, նա իր թևն անվերջ կթողներ բժշկի ձեռների մեջ, Շուշանիկը մնար ներկա և նույն հայացքով նայեր նրան։ Բայց ոչ, վերջացնելով իր գործը, օրիորդը հեռացավ և մեղմիկ քայլերով դուրս գնաց։
Այնտեղ, կից սենյակում պառկած էր կրակից ազատված անդամալույծը։ Նա քնած էր անխռով քնով։ Շուշանիկը նստեց նրա գլխի մոտ, փոքրիկ նստարանի վրա։ Նրա սիրտը պաշարել էին անորոշ զգացումներ, մտքերը շփոթվում էին. հոգնած գլուխը չէր կարողանում տակավին պարզ հաշիվ տալ մերձավոր անցյալի մասին։ Նա հեռու էր ամբոխից, բայց աղաղակները հնչում էին նրա ականջներին, հրդեհը չէր տեսնում, բայց տարերքների անթափանցելի քաոսը կանգնած էր նրա աչքերի առջև։ Այնտեղ թանձր ծխերի մեջ անօգնական մերձավորները, այստեղ մոր ու հորաքրոջ հուսահատ պատկերները։ Այնտեղ բոսորագույն կրակն իր բյուրավոր ճյուղերով ու ահարկու լեզուներով, այստեղ սև ուրվականներ, ինչ-որ վայրենի ճիչեր, ինչ-որ գոռում-գոչյուններ, հինգ կիսով չափ այրված դիակներ, մուր, ցեխ, նավթ, կեղտի ու խավարի, կյանքի ու մահվան մի զանգված։ Եվ այդ քաոսի մեջ երկու տարբեր պատկերներ.— մեկը բարձրահասակ, առնական կերպարանքով, քաղաքային մաքուր հագուստով, մյուսը՝ մի միջահասակ, ոտից մինչև գլուխ նավթի, մրի, տիղմի մեջ. մեկն ինչպես արտաքինով, նույնպես և բարոյականով մաքուր, մյուսի անցյալը կեղտոտ, ներկան անորոշ։ Եվ հանկարծ նա, որ բարոյական է, որ մաքուր է, կամաց-կամաց աղոտանում է և չքանում ինչպես միրաժ, իսկ մյուսն արագ-արագ բարձրանում է, մաքրվում իր անցյալի ապականություններից, և ահա երևան է գալիս մի լուսապայծառ մեծության մեջ։
Հոգնած գլուխը թեքվեց կրծքին, ձեռները թուլացան, ընկան վար։ Բայց դեռ հնչում էին նրա ականջներին ամբոխի աղաղակները… Իրականությունը դանդաղորեն աղոտացավ և հետո փոխվեց մղձավանջի։ Վերստին նա կրակների սահմանումն է, ամեն կողմից վտանգով շրջապատված։ Երկնքից թափվում են կայծեր, վայրենի մռնչյուններ արձակելով, և ոտների առջև բացված են մթին գերեզմաններ լի մարդկային կմախքներով, որոնք իրանց ատամնազուրկ բերաններով քրքջում են նրա երեսին և ձգտում են իրանց ոսկրային ձեռներով քաշել վար, վար։ Նա ձեռները տարածած օգնություն է աղերսում և ոչ ոք, ոչ ոք չի գալիս ազատելու, նույնիսկ հորեղբայրը, նույնիսկ մայրը։ Նա դիմում է մեկին, որ կանգնած է հեռու, հեռու և ժպիտն երեսին գրկում ու համբուրում է քովը կանգնած մի կնոջ, այժմ այս սոսկալի պահին․— բայց ահա կեղտերի, մրի ու խավարի քաոսից բարձրանում է մի սև կերպարանք և առաջ շարժվում, մոտենում է նրան։ Եվ որքան մոտենում է, այնքան կերպարանքը լուսավորվում է ու պայծառանում, կարծես բոցերի մեջ կեղտերից լվացվելով։ Եվ երևան է գալիս մի խոշոր սպի ճակատի վրա։ Նա աներկյուղ մի ոստյունով անցնում է կմախքներով լեցուն գերեզմանները, մերձենում է Շուշանիկին, բռնում է նրա թևից այն վայրկյանին, երբ արդեն զգում էր իրեն կործանված։
Նա զարթնեց սարսափից, ոտքի ելավ, աչքերը տրորելով։ Նայեց շուրջը, ո՞րտեղ է գտնվում, մի՞թե իրականություն է այս, մի՞թե ազատված է։ Ներս մտավ մայրը, որ դեռ դողում էր սարսափից։
— Զարթնեցի՞ր, ինչո՞ւ այդպես շուտ։
— Մի՞թե ես քնած էի…
— Այո՛, շատ խորը… Քնի՛ր, քնի՛ր, զավակս…
— Մամա, մամա, մի՞թե հայրիկս կենդանի է, մի՞թե հորեղբայրս փրկված է,— գոչեց հանկարծ Շուշանիկը և, հեկեկալով, փաթաթվեց մոր պարանոցին։
— Հանգստացի՛ր, սիրելիս, փրկված ենք մենք ամենքս…
— Ոչ, ոչ այն հինգ խանձված ու սևացած դիակները…
— Այն աստծու կամքն էր…
Քաղաքից եկան՝ Արշակը, Ալեքսեյ Իվանովիչը, Քյազիմ-բեգը, Մոսիկոն, Նիասամիձեն և մի քանի ուրիշ զվարճամոլներ։ Նրանք քեֆից էին գալիս։ Փոքրիկ, կեղտոտ սենյակը լցվեց այցելուներով։ Բոլորը լսել էին Միքայելի հերոսության լուրը, որն այժմ քաղաքում բերանե բերան էր անցնում։ Քյազիմ-բեգը գրկեց ու համբուրեց նրան անկեղծաբար. տղամարդու քաջությունը միշտ ոգևորում էր այդ մարդուն։ Նրա օրինակին հետևեց Նիասամիձեն, որ նույնպես հերոսության երկրպագու էր։ Մոսիկոն ասաց․
— Ես հարազատ եղբորս համար կրակի մեջ չէի ընկնիլ…
— Էգոիստ,— գոչեց Քյազիմ-բեգը և նորեն համբուրեց Միքայելին։
Ներս մտավ Սմբատը բժշկի հետ։ Հայտնվեց, որ Միքայելի կուռը չի կոտրվել, այլ ոսկորն է դուրս ընկել տեղից և արդեն բժիշկը ուղղել է։ Դժբախտությունը պատահել էր այն րոպեին, երբ, անդամալույծին Չուպրովին հանձնելուց հետո, սայթաքեց և ընկավ գետին։
— Շա՞տ է ցավում,— հարցրեց Արշակը։
— Ո՛չ, դատարկ բան է,— պատասխանեց Միքայելը, որ իրապես տառապում էր ցավերից։
— Կեցցե՛ս,— ասաց Քյազիմ-բեգը հիացած,— մի անգամ իմ մի ոտի ոսկորը դուրս էր ընկել, երեք օր բառաչում էի տավարի պես։
Եկան Սրաֆիոն Գասպարիչն ու Սուլյանը։ Ինժեները հոգու խորքում ուրախ էր հրդեհին։ Նրա կառավարության ժամանակ Ալիմյանների հանքերում պատահել էին հրդեհներ, բայց ոչ այդչափ խոշոր։ Այժմ թող Սմբատը զգա, թե ումից խլեց կառավարչի պաշտոնը և ում հանձնեց։
Դռների մեջ երևեցան ակնավաճառ Բարսեղն ու թղթակից Մարզպետունին։ Երկուսն էլ իրենց մի քիչ մեղավոր էին զգում Միքայելի առջև և ամաչեցին ուղղակի մոտենալ նրան։ Թղթակիցը դուրս բերեց գրպանից հուշատետրը և սկսեց մատիտով ինչ-որ գրել։ Պարզ էր, որ հրդեհի նկարագրությունն էր անում։ Եթե Միքայելն ուշադրություն դարձներ նրա վրա, երկու օրից հետո պիտի կարդար իր հերոսության նկարագիրը և հետո ընդուներ հեղինակի այցելությունը…
Սակայն Միքայելը ոչ նայում էր ներկա եղողներին և ոչ լսում նրանց խոսածները։ Թեև ցավերը մեղմացել էին, և նա այժմ քնելու պահանջ էր զգում։ Բոլոր անցքը նրան թվում էր երազ, պարզ հիշում էր միայն Շուշանիկի աղեկտուր ճիչերը, մարմնացած հուսահատության պատկերը, գեղեցիկ աչքերի աղերսալի նայվածքը։ Ահ, ինչպես էր աղաղակում, ինչպես էր ճիգն անում ազատել իրեն բռնողների ձեռներից՝ կրակի մեջ նետվելու համար։ Եվ որքան աներկյուղ էր, որքան հուսահատ, նույնքան գեղեցիկ։ Նրա հրափայլ աչքերը, դուրս ցցված կուրծքը, կոկորդի լարված երակները, ուսերի վրա անկանոն սփռված մազերը — դա ինքը հրդեհն էր։ Սոսկալի չէր նրա համար հսկայական խարույկը, վասնզի կար նրա մեջ ավելի զորավոր խարույկ։ Եվ նա պիտի այրվե՞ր, նա, այդ զմայլելի էակը մի անդամալույծի, մի մահամերձի՞ համար։ Օօ՜, ո՛չ երբեք, Միքայելը չէր կարող թույլ տալ, որքան ևս ատված ու արհամարհված լիներ նրանից։ Ահ, ինչ լավ արավ, որ աչքերը փակեց և նետվեց կրակի մեջ և որքան հաճելի է հակառակորդին պատժել վեհանձնությամբ։
Նրա աչքերը փակվեցին։ Նա նիրհեց խաղաղ, անվրդով նիրհով։ Նախկին բարեկամները դուրս գնացին, և դա եղավ նրանց վերջին այցելությունը և վերջը բարեկամության։
Մի րոպե անցած հուշիկ քայլերով ներս մտավ մի գունատ պատկեր։ Կամացուկ մոտեցավ, նայեց Միքայելի փակ աչքերին և նստեց նրա գլխի կողմում։
Հրդեհը մոտենում էր վախճանին։ Մի քանի բուրգեր ևս ոչնչացնելով և ամբարներ պայթեցնելով, նա, կարծես, հագուրդ ստացավ և այլևս ճանկերը հեռու չէր տարածում։
Իրիկնադեմին Սմբատը հրամայեց Միքայելին տեղափոխել իր բնակարանը։ Նորաշեն տունը հրդեհից ազատվել էր, և այժմ նրան վտանգ չէր սպառնում։ Միքայելը եկավ ինքն իր ոտքով, վնասված կուռը պարանոցին կապած մի թաշկինակով, որ արդեն կեղտոտվել էր նավթից։ Սմբատն օգնեց նրան լվացվել և հագուստը փոխել։ Թևը գրեթե չէր ցավում. բժիշկը լավ էր ուղղել տեղահան ոսկորը։ Նա դուրս եկավ պատշգամբ հանգստացած ու թարմացած։ Նա իր բնակարանն առաջարկեց Անտոնինա Իվանովնային, իսկ Դավթին հրամայեց իսկույն անդամալույծին տեղափոխել գրասենյակ առժամանակ, մինչև որ բոլորը կարգի կբերվի։
Ամբողջ օրը ոչ ոք ոչինչ չէր կերել, բոլորը քաղցած էին։ Միքայելը խնդրեց ամենքին միասին ճաշել պատշգամբի վրա։
Արևն արդեն թեքվել էր դեպի մուտքը, իր վերջին ճառագայթներով շողշողացնելով ընդարձակ պատշգամբի ապակիները։ Հեռվում մխում էին այրված շինությունների բեկորները։
Սմբատը հրամայեց Դավիթ Զարգարյանին՝ սպանված, նաև վիրավորված մշակների ընտանեկան կեցության մասին մանրամասն տեղեկություններ ժողովել ու հաղորդել իրեն։
— Պետք է աշխատեմ սպանվածների որբերին վարձատրել,— ավելացրեց նա։
— Պիտի աշխատե՜ս,— կրկնեց Միքայելը մեղմիկ հեգնանքով,— ո՛չ, հարկավոր է բոլորին ապահովել կենսաթոշակով։— Դյուրին է ասել։ Հրդեհի տված վնասը հասնում է երեք հարյուր հազար ռուբլու։
— Ի՞նչ շուտ հաշվեցիր,— գոչեց Միքայելը նույն մեղմիկ հեգնանքով։— Այո՛, վնասը մեծ է, բայց ավելի մեծ է մարդկային կյանքը։
— Իհարկե, ինչ ասել կուզե։
Շուշանիկը գաղտուկ նայեց Սմբատին։ Եվ ի՛նչ փոփոխություն․ թվաց նրան, որ այդ մարդուն զբաղեցնում են ո՛չ այնքան մարդկային թշվառությունն ու վշտերը, որքան իր նյութական կորուստը։
Խոսք բացվեց Չուպրովի, Ռասուլի և Կարապետի մասին․ Սմբատն ասաց, թե որոշել է յուրաքանչյուրին նվիրել երկու-երկու հարյուր ռուբլի։
— Միայն այդքա՞նը,— զարմացավ Միքայելը — էէ, եղբայր, շատ քիչ ես գնահատում ընտանիքիդ կյանքը։
— Իմ երեխաների գլխավոր ազատիչը նրանք չեն… կա ուրիշը։
— Գիտեմ, բայց նրա մասին պետք է լինի առանձին կարգադրություն։
— Ձեր ընտանիքն ազատել են այդ երեք մշակները,— ասաց Դավիթը հասկանալով Միքայելի ակնարկը,— ուրիշ մեկը չկա։
— Դուք համեստություն չե՞ք ցույց տալիս, արդյոք,— հարցրեց Սմբատը բարեկամական հեգնանքով։
— Համարձակվում եմ ասել, որ ես միշտ դեմ եմ եղել կեղծ համեստությանը։ Նա նույնն է, ինչ որ իսկական անհամեստությունը։ Ճիշտ է, ամենից առաջ ես եմ օգնության վազել, բայց ձեր ընտանիքի իսկական ազատարարներն այն երեք անձնվեր մշակներն են… Գալով ինձ, ես արդեն վարձատրված եմ ավելի քան առատորեն…
— Թողնենք առայժմ այդ խոսակցությունը,— ընդհատեց Միքայելը։
— Ո՛չ, ներեցեք, ես պարզ մարդ եմ․ շատ էլ ուզենամ չեմ կարող թաքցնել։ Պարոն Միքայել, դուք ցույց տվեցիք այսօր աննման հերոսություն, փրկելով երեք հոգի։ Ահ, ներեցեք, զգացված եմ, չգիտեմ ինչպես ամփոփել իմ մտքերը… Շուշանիկը, նա՛ միայն կգտնե խոսքեր իր և իմ երախտագիտությունը ձեզ արտահայտելու…
Եվ խորին հուզումից նրա ձայնը խեղդվեց, նիհար ձեռներն սկսեցին դողդողալ։
Շուշանիկը ոչինչ չասաց։ Նա միայն մի խորը հայացք ձգեց Միքայելի երեսին, և, շառագունելով, գլուխը թեքեց կրծքին։ Սմբատը լուռ մտախոհության մեջ էր։ Նրան բոլորովին ուրիշ միտք էր զբաղեցնում։ Երբեմն նրա դեմքով սահում էր տարօրինակ ժպիտ։ Հանկարծ նա դարձավ Անտոնիա Իվանովնային.
— Ովքե՞ր են Չուպրովը, Ռասուլը, Կարապետը և ահա այդ մարդը, ի՞նչ կապ կա նրանց մեջ։
Տիկինը հասկացավ հարցի բուն իմաստը։ Նա նույնն էր մտածում ինչ որ ամուսինը։
— Այո՛,— ասաց նա, հառաչելով ու գլուխը խորհրդավոր շարժելով,— ունիք իրավունք, ես համաձայն եմ։
Եվ մի մեղմ ժպիտ լուսավորեց Անտոնինա Իվանովնայի դեմքը։ Ժպիտ, որի նմանը Սմբատը յոթ տարի էր՝ չէր տեսել այդ մշտապես խոհուն դեմքի վրա։
Արեգակը մայր մտավ՝ ժողովելով իր վերջին շողերը բուրգերի բարձր գագաթներից։ Իսկ այնտեղ լայնածավալ բակում խռնվել էր բազմալեզու, բազմակրոն ամբոխը և հավասար վշտով համակված լուռ ողբում էր սյուների տակ ջարդված ու այրված ընկերներին։ Երեքը սպանվածներից հայեր էին, մեկը՝ ռուս, հինգերորդը՝ թուրք։ Եվ ամենքի մահվան մեջ ամբոխն անխտիր տեսնում էր իր ճակատագրի դաժանությունը…
Ճաշից հետո Սմբատը հարցրեց Անտոնինա Իվանովնային․
— Այսօր կգնա՞ք ինձ հետ քաղաք։
Տիկինը ընկավ մտատանջության մեջ։ Այժմ նա ինքը ցանկանում էր գնալ, բայց հիշեց սկեսրի ու տալոջ ատելությունը դեպի ինքը և տատանվեց։
— Դեռ ո՛չ,— պատասխանեց նա։
— Բայց գիտցեք, որ այլևս երեխաներին այստեղ չեմ վերադարձնելու։ Այսուհետև մայրս նրանցից չի բաժանվելու։
— Լավ,— արտասանեց տիկինը, դառնորեն ժպտալով,— թող չբաժանվի։
Նա երեսը դարձրեց ամուսնուց՝ արցունքը թաքցնելու համար։ Բայց Սմբատը նկատեց ու հասկացավ նրա վիշտը։
— Գիտե՞ք ինչ,— ասաց նա, ճակատը շփելով,— մենք սիրում ենք մեր երեխաներին հավասար սիրով… մոռանանք մեր ինքնասիրությունը հանուն այդ սիրո… Ուրիշ ելք չունենք, բացի հետևելուց այդ ռամիկ աշխատավորների զմայլելի օրինակին…
— Այո՛, այդ ճիշտ է, բայց ոչ այդքան շուտ, ոչ այդքան շուտ… Տվեք ինձ ժամանակ խորհելու և զգալու…
— Շատ բարի, խորհեցեք… մենք հաշտվել չենք կարող, բայց հարգել իրարու, մոռանալ մեր եսը պարտավոր ենք հանուն մեր զավակների։
Ասաց Սմբատը և շտապով հեռացավ։
«Հարգե՛լ, մտածեց Անտոնինա Իվանովնան, այո՛, կարող ենք, բայց այդքանը բավական չէ ընտանեկան կյանքի ամրության համար»։
IX
Սարգիս Զարգարյանը, կրակից ազատվելով, մահից չփրկվեց։ Նրա նեխված մարմինը և քայքայված հոգին ավարտում էին վերջին հաշիվներն աշխարհի հետ։ Ժամ առ ժամ սպասում էին նրա մեռնելուն։ Նա արդեն զրկվել էր բոլորովին խոսելու ընդունակությունից, և ապուշ աչքերը լուռ հառում էր սրա ու նրա երեսին։
Այժմ Շուշանիկը չէր հեռանում նրա մահճակալից։ Թանկ գնով ձեռք բերված կյանքի ապարդյուն մնացորդը նրա աչքում ստացել էր ավելի արժեք։ Այդ մնացորդը նա համարում էր ինչ-որ երկնային տուրք, որի մեջ զգում էր իր ճակատագրի խորհրդանշանը։ Նայելով մահամերձի արդեն հողի գույն ստացած դեմքին, խորասուզվում էր անսովոր մտքերի մեջ։ Մի միստիկ երանգ ուներ նրա համար մահի մերձավորությունը։ Նա ինքը գտնվելով կյանքի և ոչնչության միջև, զգացել էր սոսկալի շունչը չքացման և տեսել նրա պաղ աչքերի ձգողական նայվածքը։ Այն րոպեներին մահն այնքան ահարկու չէր, որքան այժմ։ Այժմ, մերձավորի մահճակալի քով։ Եվ մերթ ընդ մերթ սարսռում էր ու դողդողում։ Թռչուն էր մրրիկի բերանն ընկած։ Նրան ազատեցին ուժով, հակառակ իր կամքի, ինչպես այդ անդամալույծին, վասնզի չէր ուզում փրկվել առանց փրկելու։ Եթե չաներ այդ, պիտի հավիտյան տանջվեր խղճի սուր խայթերից և, ով գիտե, գուցե և՛ մահանար անփառունակ մահով որպես մի զազրելի որդ։ Այժմ նա մի էակ է ինքն իր աչքում, մարդկային արարած, դուստր արժանի այդ կոչման։ Այժմ նա ավելի ճիշտ էր ըմբռնում կյանքի խորհուրդը, ավելի հասկանում և ավելի մտածում ու զգում։ Տեսարաններ են բացվում նրա հոգեկան աչքերի առջև, որ առաջ չկային կամ կային խորին խավարի մեջ։ Այժմ անցյալի խոհերն ու զգացումները նրան թվում էին մերթ ծաղրելի, մերթ երկյուղալի, մերթ ամոթալի, բայց և միշտ խառն, անորոշ։ Սիրե՞լ է, արդյոք Սմբատ Ալիմյանին, թե սիրել է իր ամպամած երևակայության ստեղծագործությունը, երազողի իդեալը։ Եթե սիրել է այդ մարդուն, իբրև մարդու, հապա ո՞ւր է այժմ նախկին պատկերը։ Չկա, միրաժն անցավ, իլյուզիան չքացավ, մնաց մի առօրյա, մի սովորական մահկանացու, որ ոչնչով չի տարբերվում իր նմաններից։ Չկա ոչ առնականությունը նրա դեմքի վրա և ոչ թովիչ երաժշտությունը նրա ձայնի մեջ։ «Երեք հազար, չորս հազար, հինգ հազար, ազատողին», մարդկային կյանքի ամոթալի աճուրդ։ Օ՜հ, մանկական խաբեություն, չքացած երազ ընտիր գրքերով սնված ուղեղի։ Այժմ մի այլ կերպարանք է պատկերանում նիրհերից սթափված էակի առջև։ Ահա այդ է իսկականը և այդ կերպարանքն է կրում իր դեմքի վրա բուն առնականությունը։ Այդ գունատ ճակատի վրա է դրոշմված հերոսությունը և այդ թախծալի աչքերի մեջ է բազմած արծիվը։ Իսկ այն մյուսը խաբուսիկ տեսիլ էր, հայտնվեց վայրկենաբար և շոգիացավ, չթողնելով նրա սրտի վրա և ոչ մի ծանրություն, խղճի վրա և ոչ մի սպի…
Շուշանիկը գլուխը թեքեց, ականջ դրեց հոր շնչառությանը, շոշափեց նրա ճակատը, դեռ կյանք կար հյուծված մարմնի մեջ։ Եվ նորեն նա խորասուզվեց իր մտքերի մեջ։ Արդյոք, չի՞ սխալվում, արդյոք, սե՞րը ներշնչեց Միքայել Ալիմյանին այնքան անվեհերություն, այնքան անձնազոհություն։ Անհույս սե՞րը դեպի մի աննշան աղջիկ։ Եթե այդպես է, ուրեմն նա երջանիկ է, այդ աննշան էակը, ուրեմն ճիշտ էին այդ մարդու խոսքերը. «կարող եմ լինել և՛ շատ բարի, և՛ շատ չար, և՛ շատ լավ, և՛ շատ վատ, և՛ շատ երկչոտ, և՛ շատ քաջ»։ Ճիշտ, մի՞թե այսուհետև էլ պիտի կասկածել, մի՞թե նա այդ չապացուցեց իր ասպետական քայլով։ Եվ ահա ինչ. այդ տեսակ մի ապացույցից հետո Շուշանիկը չպիտի՞ զղջա, որ այնպես խիստ վարվեց այդ մարդու հետ, չթաքցնելով նրանից իր ատելությունն ու արհամարհանքը։ Ի՜նչ էր արել իսկապես նա, գրեթե ոչինչ։ Մերձեցավ նրան վատ զգացումներով ու սխալվեց։ Էհ, չէ՞ որ մոլորությունը ոչ ոքի համար խուսափելի չէ, մանավանդ մի երիտասարդ մարդու համար, որին հոռի կանայք իրավունք էին տվել մերձենալ իրենց անմաքուր միտումներով։ Նա հանդիպեց (գուցե կյանքում առաջին անգամ) ընդդիմության և սթափվեց մոլի կրքերից։ Նա զղջաց, նա խոնարհվեց, ներումն խնդրեց։ Նա վարվեց անկեղծ, համարձակ, իսկ ինքը՝ Շուշանիկը արտաքուստ ներողամիտ ձևանալով, չկարողացավ լինել վեհանձն ու մոռանալ նրա սխալը, ատեց հոգու խորքում, հետո արհամարհեց։ Ինչո՞ւ։ Մի՞թե չպիտի պարծենար, տեսնելով իր առջև խոնարհված մի գոռոզ հոգի։ Կույր էր, չկարողացավ տեսնել, որ ինքն անգիտակցաբար ուղիղ ճանապարհի է բերում մի մոլորված մարդու և մաքրում ու զտում է կեղտերից մի ապականված հոգի։ Այո՛, նա ինքը ոչ միայն սխալվեց, այլև գոռոզացավ իր մաքրության մեջ…
Կես գիշեր էր, և նա դեռ անքուն նստած էր հոր մահճակալի քով։ Սենյակի մի անկյունում, մերկ հատակի վրա հագստով քնած էին նրա մայրն ու հորաքույրը։ Դավիթը քնած էր կից սենյակում երեխաների մոտ։ Մահամերձը բաց արավ աչքերը, նայեց շուրջը, Շուշանիկին էր փնտրում։
— Ի՞նչ ես կամենում, հայր,— հարցրեց օրիորդը հանդարտիկ։
Անդամալույծը նայեց։ Նրա աչքերը այս անգամ զարմանալիորեն իմաստալի էին։ Կարծես, մահամերձի ամբողջ հոգին անցել էր այնտեղ, իր վերջին կացարանը։ Նա գլուխը թեքեց Շուշանիկի կողմը, արյունաքամ շրթունքները երկարացնելով։
Շուշանիկը հասկացավ, որ նա ուզում է համբուրվել և ինքը թեքվեց և համբուրեց նրան։ Նա շոշափեց հոր չորացած ձեռները և սարսափած ոտքի ելավ. այլևս անդամալույծի կյանքի վերջին վայրկյաններն էին. նա շտապեց զարթեցնել տնեցիներին։ Մի պահ մահամերձի աչքերը նորեն բացվեցին։ Նայեց քրոջը, կնոջը, եղբորը, և վերջապես, իմաստալի հայացքը սևեռեց Շուշանիկի դեմքին։ Թշվառը չկարողացավ վերջին կամքն արտահայտել, ներումն խնդրել մերձավորներից՝ նրանց պատճառած տվայտանքների համար։ Արդեն նա շատ էր մաքառել մահի դեմ, բայց մեռավ այնչափ հանգիստ, որչափ անհանգիստ ապրել էր յոթ ու կես տարի։ Հոգին անջատվեց քայքայված մարմնից միայն քանի մի թեթև ցնցումներ պատճառելով նրան։ Եվ երբ այրի քույրը թաշկինակը սեղմեց նրա քարացող կոպերին, սենյակն աղմկվեց Շուշանիկի հեկեկանքով։ Կարծես, յոթ ու կես տարվա արցունքները բավական չէին։
Մյուս օրը Սարգսի դիակը տեղափոխեցին քաղաք։ Տիկին Աննան չկամեցավ, որ նա թաղվի առանց պատարագի։ Միքայելը պատվիրեց Դավթին ոչինչ չխնայել թաղման հանդեսը շքով կատարելու համար։ Բայց այրին մերժեց, ի՞նչ կարիք կա, Սարգիսը վաղուց է մեռել։
Հանքերից Շուշանիկը քաղաք եկավ Անտոնինա Իվանովնայի հետ։
— Բավական է Սուսաննա, մի՞թե չեք կարող զսպել ձեր հեկեկանքը,— հորդորում էր տիկինը,— մի՞թե քիչ էր տառապել յոթ տարի… Նա պիտի մեռներ, ուրախ եղիր, որ մեռավ բնական մահով։
— Այո՛, բնական մահով, դա իմ միակ սփոփանքն է։Թաղման հանդեսն ավարտվելուց հետո Դավիթը Սմբատի ու Միքայելի հետ եկավ Ալիմյանների տունը, ուր այրի Ոսկեհատը սգվորների համար ճաշ էր պատրաստել տվել։
Շուշանիկի լուռ ու մեղմիկ արցունքները շարժում էին այրի Ոսկեհատի գութը։ Նա սիրեց այդ սիրուն աղջկան դեռ այն ժամանակ, երբ Շուշանիկը ծառայում էր հիվանդ Միքայելին այն խայտառակ ծեծից հետո։ Այժմ նայում էր մայրական գգվանքով, մխիթարում և երբեմն շքեղ մազերը շոյելով համբուրում էր նրան։ Կողբա՞ն, արդյոք իր մահն այդպիսի կսկիծով նրա հարազատները։ Ահ, ի՜նչ սիրող դուստր, ի՜նչ զգայուն սիրտ։ Ինչո՞ւ նա չէ Ոսկեհատի հարսը, Սմբատի կինը, այո՜, հենց այդ աղքատ աղջիկը, որ իր ավելի քան համեստ սգազգեստի մեջ որքան հեզ է, նույնքան գեղեցիկ։ Ինչո՞ւ այդ օտարուհին է նրա թոռների մայրը․ նա, որին ատել է և երբեք, երբեք չի կարող սիրել։ Նրանք միմյանց չեն հասկանում և չպիտի հասկանան հավիտյան։
Ճաշից հետո եկավ Արշակը՝ Ալեքսեյ Իվանովիչի հետ և հայտնեց, թե այս երեկո ուղևորվում է արտասահման։ Ոսկեհատն արդեն գիտեր կրտսեր որդու սոսկալի ախտի մասին, և այժմ ինքն էր շտապեցնում նրան գնալ, բժշկվել։
Ալեքսեյ Իվանովիչը կանչեց քրոջն առանձին սենյակ և ասաց․
— Դեհ, այժմ կարող ես հանգիստ լինել, ես գնում եմ…
— Ո՞ւր։
— Արտասահման։
— Ինչո՞ւ։
— Արշակի հետ եմ գնում…
— Որպես ի՞նչ։
— Որպես ուղեկից և հովանավոր։
— Ալեքսեյ, ունեցիր ինքնասիրություն, աղաչում եմ,— գոչեց Անտոնինա Իվանովնան։
— Զարմանալի էակ ես դու, քույր։ Կարծես, ես որևէ մեկի վզին ծանրություն եմ։ Ինքը՝ քո պատվարժան ամուսինն է ինձ խնդրում՝ Արշակին ուղեկցել։ Տղան լեզուներ չգիտե, երբեք չի ճամփորդել, հիվանդ է ու անփորձ, մի՞թե նրան հարկավոր չէ մի, այսպես ասած, պատվավոր գիդ։ Երևակայիր, այժմ Սմբատ Մարկիչը ոչ միայն հաշտ աչքով է նայում ինձ, այլև սկսել է սիրել։ Իսկ ես խղճում եմ Արշակին։ Նրա հիվանդությունը թեև բուժելի է, բայց շատ ծանր։ Ես պիտի ամեն կերպ աշխատեմ նրան փրկել, եթե միայն ուշ չէ…
— Իսկ պաշտո՞նդ Մոսկվայում։
— Ես արդեն ուղարկել եմ իմ հրաժարականը։
— Հետո՞,— գոչեց Անտոնինա Իվանովնան, զայրանալով։
— Հետո, ինչ հետո. մնում եմ Սմբատ Մարկիչի տրամադրության տակ…
Անտոնինա Իվանովնան վերադարձավ մյուս սենյակը, կանչեց Սմբատին մի կողմ և հարցրեց.
— Եղբայրս ձեր ցանկությա՞մբ է ուղեկցում Արշակին արտասահման։
— Այո՛։
— Եվ դուք կարծում եք, որ նա հարմա՞ր է այդ պաշտոնի համար։
— Լիովին։ Ուրիշ ավելի հարմար մարդ ես չեմ ճանաչում։
— Հայտնում եմ, որ ես պատասխանատու չեմ եղբորս մասին…
— Անտոնինա Իվանովնա, հասկանում եմ ձեր միտքը և գովում ձեր հպարտությունը։ Բայց մարդիկ ապրում են ոչ այնպես, ինչպես ցանկանում են, այլ այնպես, ինչպես կարող են։
Այս խոսքերի մեջ կինը զգաց մարդու հետին միտքը։ Դա մի տեսակ ակնարկ էր հաշտության մասին։ Հաշտություն, որ ստիպողական էր և անհրաժեշտ։ Պարզ էր, որ նրանք պիտի «ապրեն, ինչպես կարող են»։ Նրանք պարտավոր են կրել իրենց խաչը և չեն կարող չկրել, քանի որ երկուսն էլ սիրում են իրենց զավակներին հավասար սիրով։
Մի ժամ անցած Անտոնինա Իվանովնան Զարգարյանների հետ ուղևորվեց հանքերը, երեխաներին թողնելով սկեսրի մոտ։ Ճանապարհին նա խոսում էր Շուշանիկի հետ մշակների մասին։ Նա լուր էր ստացել, թե իրիկնային կուրսերը թույլատրված են և մտադիր էր անմիջապես դիմել գործի։
— Մենք այսուհետև էլ միասին կաշխատենք,— ասաց նա։
— Ինչպես կամենաք,— պատասխանեց Շուշանիկը։
— Ոչ միայն կամենում եմ, այլև խնդրում, Սուսաննա։ Ահ, լավ բան է ազնիվ և անկեղծ բարեկամ ունենալը, այնպես չէ՞, Սուսաննա։
Եվ նա մի անգամ ևս գրկեց ու համբուրեց Շուշանիկին մայրական գգվանքով։ Եվ Շուշանիկը զգացվեց նրա անկեզծությունից, այլևս նրա խիղճը հանգիստ էր։
Սմբատն ու Միքայելը գնացին երկաթուղու կայարան՝ Արշակին ճանապարհ դնելու։ Խնդրեցին Ալեքսեյ Իվանովիչին՝ ամեն կերպ ազդել Արշակի վրա մի անգամ առ միշտ թողնելու կործանիչ կենցաղը։
— Ազնիվ խոսք եմ տալիս, որ պիտի աշխատեմ,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը և ասաց ամենայն անկեղծությամբ։
Սակայն Սմբատն ու Միքայելը իրենց հոգու խորքում չունեին հույս՝ Արշակի բժշկվելու վրա և զգում էին, որ ախտն արդեն շատ է առաջացել։
Ապագայի մթության մեջ Միքայելը տեսնում էր կիսով չափ մեռած մի մարմին վերքերով պատած, զուրկ կենսական ուժերից։ Օրինակներ շատ էր տեսել նույնիսկ իր ընկերների շրջանում ու զարմանում և ուրախանում էր, որ ինքն ազատվել է այդ ախտից մինչև այդ օրը, չնայելով, որ նույնպես տասը տարով վաղ էր սկսել ճաշակել շվայտության կործանիչ հաճույքները, բայց նա տակավին ապահով չէ վտանգից, եթե նորեն սկսե ապրել այնպես, ինչպես ապրում էր ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նա հիշում էր այն մոտիկ անցյալը և ցնցվում։ Որպիսի՜ ատելություն և նողկանք դեպի այդ աննպատակ, անիմաստ և սպանիչ կենցաղը։
— Ավելի քան հարյուր հազար ռուբլի պիտի ծախսել նոր բուրգերի ու ամբարների շինության վրա։
Միքայելը սթափվեց իր մտքերից։ Նա Սմբատի հետ կառքով վերադառնում էր տուն։Նայեց եղբոր երեսին անորոշ հայացքով և ոչինչ չասաց.
— Դեռ չեմ հաշվում քարե շինությունները, մեքենաներն ու կաթսաները,— շարունակեց Սմբատը,— ոչ, ոչ ավելի, ավելի քան կես միլիոն վնաս տվեց մեզ այդ անիծյալ հրդեհը։
— Քեզ շա՞տ է վշտացնում այդ վնասը,— հարցրեց Միքայելը։
— Իսկ քեզ, ո՞չ։
— Դու Դավիթ Զարգարյանին վարձատրե՞լ ես,— արտասանեց Միքայելը, կարծես, չլսելով եղբոր հարցը։
— Նա ասաց քո ներկայությամբ, որ իր վարձն ստացել է ավելորդով։
— Նա շատ բան կարող է ասել, նա շահասեր չէ։ Իսկ դու մի՞թե չես զգում, որ պարտավոր ես մի բան պարգևել նրան։
— Որքա՞ն պիտի տալ քո կարծիքով։
— Գոնե այնքան, որ լիովին ապահովվին նրա եղբոր ու քրոջ ընտանիքները։
— Ահա թե ի՜նչ,— գոչեց Սմբատը զարմացած,— շատ առատաձեռն ես։
Միքայելը լռեց և ոչինչ չասաց։ Հասնելով տուն, նա մտավ Սմբատի սենյակը, նստեց գրասեղանի քով, գրեց մի քանի տող մի թերթ թղթի վրա։
— Վերցրո՛ւ,— ասաց նա, թուղթն անփույթ ձևով ձգելով Սմբատի առաջ և ոտքի ելնելով։
— Այդ ի՞նչ է։
Սմբատը կարդաց թուղթը։
— Այս թղթով դու հրաժարվում ես քո բաժին ժառանգությունի՞ց։
— Ինչպես տեսնում ես — այո։
— Երեխա ես, կատարյալ երեխա,— ասաց Սմբատը և թուղթը հեռացրեց իրենից։
— Երեխա եմ, թե չէ, վերցրու այդ թուղթը, պահիր մոտդ, իսկ փոխարենը վճարիր պարտքերս Մարութխանյանին — ահա բոլորը, ինչ որ պահանջում եմ քեզնից։
— Հիմարություն մի՛ արա։ Եթե վիրավորվելուդ պատճառը Դավիթ Զարգարյանի վարձատրությունն է, կարող ես վճարել՝ որքան կամենաս, տալիս եմ քեզ կատարյալ իրավունք։ Ահա, այս էլ քեզ չեկերի տետրակը։
Եվ այս ասելով, Սմբատը դրեց Միքայելի առջև չեկերի տետրակը։
— Լավ,— ասաց Միքայելը,— այդ մասին վաղը, իսկ այդ թուղթը համենայն դեպս թող քեզ մոտ մնա։
Եվ անցնելով իր սենյակները, ուր չորս-հինգ ամիս էր ոտք չէր դրել։ Այստեղ ամեն ինչ իր տեղումն էր։ Նա նայեց շքեղ կահ-կարասիին, արդ ու զարդին և դառը հեգնությամբ ժպտաց։ Այժմ նրան ծաղր էր թվում ամեն ինչ, որ կապված էր իր անցյալի հետ։ Նա փակեց սենյակների դուռը և վերադարձավ եղբոր սենյակը։
— Թող այս բանալին էլ քեզ մոտ մնա,— ասաց նա։
— Դու ինձ ծաղրո՞ւմ ես։
— Ես անում եմ իմ սրտի կամեցածը։ Ասել եմ, որ գործակատարդ եմ — ահա բոլորը։ Այժմ ես ոչինչ պահանջ չունեմ այս տնից, բոլորը քոնն է…
Ասաց և անմիջապես դուրս գնաց, բանալին թողնելով սեղանի վրա։
Սմբատը նայեց նրա հետևից ապշած, ապա խորհեց մի քանի վայրկյան և, մի վճռական շարժում անելով, բանալին և թուղթը դրեց իր գրասեղանի մեջ։ Հետևյալ օրը նա Սրաֆիոն Գասպարիչին ուղարկեց Մարութխանյանի մոտ, որ դատը հաշտությամբ վերջացնեն։ Նա խոստանում էր վճարել Միքայելի պարտքերի կեսը նրա ստորագրած պարտագրերը ոչնչացնելու պայմանով։
— Համաձայն եմ,— ասաց Մարութխանյանը. եթե այդ հրդեհը չլիներ, մի կոպեկ չէի զեղչիլ։
Նույն օրը նա կանչեց Սուլյանին իր մոտ և ասաց.
— Բարեկամս, այժմ մենք կարող ենք գնել այն թուրքի հողերը։ Դու ընկեր ես արդյունքի մի հինգերորդականով։
Դեհ, տեսնենք, դու քո ուսումով — ես իմ փողով ու խելքով։Մի շաբաթ անցած Սուլյանր թողեց իր պաշտոնը Ալիմյանների մոտ և ընկերացավ Մարութխանյանին։
Անցան սգի առաջին օրերը։ Շուշանիկի վիշտն սկսեց մեղմանալ։ Այժմ նա ամբողջ օրն անց էր կացնում Անտոնինա Իվանովնայի բնակարանում։ Միասին ծրագրում էին, վիճաբանում, որոշում և միմյանց ոգևորում։ Ամառվա ամենատաք օրերը մոտենում էին, ուստի իրիկնային կուրսերի բացումը հետաձգեցին աշնան, մանավանդ որ Անտոնինա Իվանովնան երեխաներին պիտի տաներ ամառանոց։
Շուշանիկի աչքերը որոնում էին Միքայելին ամենուրեք։ Շատ անգամ նա իր բարեկամուհու բնակարանը գնում էր նրան հանդիպելու գաղտնի հույսով։ Այնինչ, Միքայելը դադարել էր այցելել իր եղբոր ամուսնուն, չէր երևում ոչ մի տեղ։ Հայտնվեց, որ նա տեղափոխվել էր հեռավոր հանքերը։ Ի՞նչ է նշանակում այդ. մի՞թե այժմ նա է փախչում, մի՞թե արհամարհելու հերթը նրան է անցել։ Գուցե նա վիրավորվել է, որ Շուշանիկը մինչև այժմ շնորհակալության մի խոսք չի ասել։ Բայց մի՞թե անսահման երախտագիտությունը խոսքերով է միայն արտահայտվում, մի՞թե Միքայելը չի զգում, թե ինչ է կատարվում Շուշանիկի սրտի մեջ, մի՞թե չի նկատում արմատական հեղաշրջումը նրա հոգեկան աշխարհում։
Մի օր իրիկնադեմին Շուշանիկը մենակ նստած էր ընդարձակ պատշգամբի ծայրում, իր սենյակի առջև։ Մոտեցան նրա հորաքրոջ զավակները և, մի պատկերազարդ գրքույկ դնելով նրա ծնկների վրա, խնդրեցին, որ նա բացատրե նկարների բովանդակությունը։ Այդ գրքույկը, երեկ, Անտոնինա Իվանովնան էր նվիրել նրանց։ Շուշանիկն սկսեց թերթել ու բացատրել, մի ձեռով գրկած երկու մանուկների գլուխները։ Մի վայրկյան նա գլուխը բարձրացրեց, հայացքը ձգեց առջև տարածված ազատ նավթահողերի վրա և ցնցվեց այնպես, որ գրքույկն ընկավ ծնկներից։ Այնտեղ, հեռվում, մի խումբ արհեստավորներով շրջապատված Միքայելն ինչ-որ պատվերներ էր տալիս։ Նրա թևը դեռ կապած էր պարանոցին։
Շուշանիկը մանուկներին հեռացրեց սենյակ և բոլոր ուշադրությունը լարեց դեպի խումբը։ Մի քանի րոպե անցած խումբը ցրվեց, Միքայելը մնաց մենակ։ Նա հանդարտ քայլերով մոտեցավ մի հողակույտի և նստեց մի մեծ քարի վրա։ Վերջմայիսյան արեգակի վերջին ծիրանագույն ճառագայթները ողողել էին նրան և այդ կացության մեջ նա Շուշանիկին թվաց այնչափ առնական, այնչափ գեղեցիկ, որչափ այն վայրկյանին, երբ Չուպրովի թևին հենված դուրս էր գալիս ծխերի միջից, լուսավորված հուրերի բոսորագույն լույսով։ Նա նայում էր դեպի արևմուտք երկա՜ր, երկա՜ր, մինչև որ հրեղեն գունդը թաքնվեց հեռավոր բլուրների հետևում։ Հետո նա վեր կացավ քարի վրայից և քայլերն ուղղեց դեպի Անտոնինա Իվանովնայի բնակարանը։ Որքան նա մերձենում էր, այնքան ներքին անհաղթելի ուժը Շուշանիկին մղում էր դեպի նա։
Վերջապես, նա նկատեց Շուշանիկին և մոտեցավ։ Մի ախորժելի ջերմություն զգաց օրիորդը, սեղմելով նրա ձեռը, որ ազատել էր իրեն կրակի ճիրաններից։ Այժմ Միքայելի դեմքի վրա չէր նկատվում նախկին վշտի մութ ստվերը։ Այժմ նրա աչքերի մեջ չերևաց նախկին մռայլությունը, որ Շուշանիկին թվում էր չարություն։
— Ներեցեք, որ ես մինչև այսօր չեմ արտահայտել ձեզ իմ շնորհակալությունը,— արտասանեց օրիորդը և զգաց, որ իր ձայնը դողում է։
— Ինչո՞ւ համար։
— Եվ դուք դեռ հարցնո՞ւմ եք…
Դա բառ առ բառ նույն խոսքերն էին, որ մի քանի ամիս առաջ փոխանակեցին, երբ Միքայելը շնորհակալություն էր հայտնում Շուշանիկին, որ այդպիսի հոգատարությամբ խնամել էր նրան հիվանդության ժամանակ։ Այն օրը Միքայելն էր առիթ փնտրում խոսելու — այսօր Շուշանիկը։
— Դուք ազատեցիք հորս և միջոց տվեցիք նրան մեռնելու բնական մահով։ Դուք փրկեցիք հորեղբորս… դուք…— չկարողացավ վերջացնել իր խոսքը Շուշանիկը։
Մի մեղմ կիսահեգնական ժպիտ անցավ Միքայելի գունատ դեմքով։— Օրիորդ,— ասաց նա մտազբաղ,— ես ոչ ոքի չեմ ազատել, բացի գուցե — մեկից։
— Ո՞վ է այդ մեկը։
— Ես ինքս։
Շուշանիկը նայեց նրա երեսին զարմացած։
— Չգիտեմ ի՛նչ եք ուզում ասել, բայց ես… ես իմ կյանքը ձեզ եմ պարտական։
— Ո՛չ, օրիորդ, այդպես չէ,— գոչեց Միքայելը,— ձեր կյանքի փրկությունը ձեզ և միայն ձեզ եք պարտական, իսկ ես եղել եմ ճակատագրի մի կույր գործիք։ Թույլ կտա՞ք,— ավելացրեց նա անվստահ շարժումով իր առողջ ձեռը սահեցնելով օրիորդի թևի տակ։
Շուշանիկն ինքն էր փափագում բռնել նրա թևը, բայց չէր համարձակվում, ուստի հաճույքով ընդունեց նրա ձեռը։ Նրանք հեռացան բնակարաններից և քանի մի րոպե ընթանում էին լուռ, յուրաքանչյուրն իր մտքերով զբաղված։
— Լսեցե՛ք, օրիորդ,— խոսեց, վերջապես, Միքայելը,— ես ուզում եմ ձեզ պատմել մի բան, որ պատահեց մի քանի րոպե սրանից առաջ։ Նստած էի այն մեծ քարի վրա և դիտում էի արեգակի մուտքը։ Մտածում էի շատ բաների մասին, որոնք երբեք-երբեք չեն զբաղեցրել իմ գլուխը։ Տեսնո՞ւմ եք այն մթին բուրգերն իրենց սուր ու եռանկյունի գագաթներով, շոգիի, ծխի ու մրի այդ խառնուրդը, բոլոր առարկաների, բոլոր մարդկանց և բոլոր կենդանիների ու թռչունների սևությունը, այդ ցեխը, տիղմը և ամեն տեսակի ապականությունները։ Դա մի տարօրինակ քաոս է։ Ես համեմատում էի այդ քաոսը մեր կյանքի, մեր միջավայրի և առանձնապես իմ միջավայրի հետ և նույնը տեսնում էի այնտեղ։ Միայն մի տարբերություն կա այդ երկու քաոսների մեջ, այն, որ մեր հանքերը, մեր գործարանները նախ տալիս են ծուխ ու մուր, ապա լույս, մինչդեռ մեր միջավայրն առայժմ տալիս է միայն և միմիայն ապականություն, որի կատարյալ մարմնացումը ես եմ ու ինձ նմանները, որոնց թիվը շա՜տ, շա՜տ է։ Հիշում եմ աննպատակ ու նողկալի կյանքը։ Զգում էի ինձ մինչև կոկորդս թաղված կեղտերի մեջ։ Հիշո՞ւմ եք իմ կրած վիրավորանքները և ստորացումներն ու այն բոլոր բարոյական վերքերը, որ ես եմ տվել ուրիշներին… Հետո հիշեցի վերջին ամիսներում իմ բոլոր զգացումներն ու մտածածները։ Եվ այս խառնիխուռն մտքերի մեջ իմ հայացքը չէր բաժանվում արևմուտքից։ Արդյոք, այնտեղի՞ց պիտի գա մեր բարոյական փրկությունը, թե՞ մեր լույսը պիտի ծագե մեր մթությունից ու խավարից…
Նա կանգ առավ, մի քանի վայրկյան լռեց և ապա մի ծանր հառաչանք արձակելով շարունակեց.
— Մայր մտնող արեգակն ինձ հիշեցրեց այն սոսկալի հրդեհը։ Եվ կենդանի վերականգնեց իմ աչքերի առջև մի տեսարան, որ երբեք-երբեք չպիտի ջնջվի իմ հիշողության մեջ։ Ես լսեցի հուսահատական աղաղակներ, որոնք մորմոքում էին սիրտս։ Տեսա մի ծնողասեր զավակ, որ ձգտում էր գլխիկոր վազել ու նետվել կրակի մեջ իր այրվող ծնողին փրկելու համար։ Մտաբերո՞ւմ եք այն վայրկյանը, երբ իմ հայացքը հանդիպեց մի զույգ աղերսալի աչքերի։ Ահ, այդ աչքերը, այդ աղիողորմ նայվածքն էին, որ մի ակնթարթում փոթորկեցին իմ հոգեկան ու բարոյական աշխարհը։ Ես մոռացա ամեն ինչ և միևնույն ժամանակ զգացի, որ սթափվում եմ մի ծանր, երկարատև քնից, մի մղձավանջից։ Երբ վազում էի դեպի կրակը, թվաց ինձ, որ վազում եմ խավարից դեպի լույս։ Երբ ինձ տեսա ամեն կողմերից վտանգի մեջ, զգացի, որ վտանգն ինձ փրկում է մի այլ, ավելի անխուսափելի, ավելի զորավոր վտանգից։ Դուրս գալով կրակի միջից, զգացի հոգեկան այնպիսի մի թեթևություն, որ երբեք-երբեք չէի զգացել իմ քսանութ տարվա կյանքի ընթացքում։ Թվաց ինձ, որ սրտիս վրայից դեն ձգեցի մի կապարային ծանրություն, և այն, ինչ որ ձգեցի, իսկույն այրվեց իմ հետևում, կրակի մեջ, ու ոչնչացավ… Օրիորդ, կրկնում եմ. ձե՛զ չէ, որ ազատեցի, այլ ինձ։ Օրիորդ, այլևս անզոր եմ թաքցնելու ձեզանից այն, ինչ որ զգում եմ ու մտածում։ Գուցե մոլորվում եմ, բայց թվում է ինձ, որ այդ հրդեհը վերջ տվեց իմ կյանքի խավարին, որ նա մաքրեց ինձ իմ աչքում, որ նա փրկեց ինձ անխուսափելի կործանումից։ Օրիորդ, ոչ ոք և ոչինչ չէր կարող անել այն, ինչ որ դուք արիք ինձ համար, դուք՝ ձեր մեջ թաքնված այն խորհրդավոր զորությամբ, որը ես չեմ կարող բացատրել։ Դուք վերջ տվեցիք իմ կյանքի խավարին, կրակների միջով ինձ տանելով մինչև այնտեղ, ուսկից պիտի սկսվի ինձ համար մի նոր կյանք։ Ես դեռ մաքրված չեմ իմ կեղտերից, բայց համոզված եմ և զգում եմ, որ պիտի մաքրվեմ, պիտի զտվեմ, եթե դրա համար հարկավոր լինի անցնել նոր կրակների ու վտանգների միջով։
Նա լռեց, առողջ ձեռով շփեց ճակատը։ Արդեն նրանք հասել էին մի վայր, ուր ապահով էին անհամեստ աչքերից։ Շուշանիկին երազ էր թվում և՛ այն, ինչ որ լսում էր, և՛ այն, ինչ որ զգում էր։ Նա չէր վստահանում ուղիղ նայել Միքայելի աչքերին, բայց զգում էր, որ այժմ այլ է այդ աչքերի արտահայտությունը, ինչպես այլ են այդ ձայնի հնչյունները։ Ո՛չ, դա նախկին Միքայել Ալիմյանը չէ, նա, որից փախչում էր։ Ո՛չ, այն չկա այլևս, անհետացավ, և այժմ նրա առջև կանգնած է մի բոլորովին ջոկ մարդ։ Իսկ նա, այն մյուսը, որ դեռ մի ամիս առաջ լցրել էր նրա երևակայությունը և այնպես գերել նրա հոգին։ Այն էր երազ, այն էր խաբեություն, իսկ այս իրականություն է, պարզ, անհերքելի իրականություն։ Նա լսում է շոշափում է բուն տղամարդու մերձավորությունը։
Եվ նա լռին հեզությամբ թեքեց իր գլուխը, թույլ տալով Միքայելին իրեն համբուրել։
Երկինքը գունատվեց, հորիզոնի վրա պարզվեց կիսալուսինը։ Զմայլելի երեկո մի երջանիկ զույգի համար։
Մի քանի րոպե անցած Միքայելը մոտենում էր իր օթևանին ուրախ, բախտավոր, սիրտը լեցուն բուռն զգացումներով։ Զգացումներ, որոնք այլևս արձագանք էին գտել այն էակի սրտում, որի պատճառով նա այնքան տանջվում էր և որի շնորհիվ իրեն մաքրված էր զգում։
Իսկ այնտեղ, պատշգամբի ծայրում Շուշանիկը, փաթաթվելով մոր պարանոցին, հեկեկում էր, արտասանելով…
— Մայրիկ, ես երջանիկ եմ… մայրիկ, ես առաջ անբախտ էի, այժմ երջանիկ եմ…
Հետևյալ առավոտ Միքայելը տելեֆոնով Սմբատին ասաց.— Ես կատարում եմ մեր հոր վերջին կամքը։ Վճարիր Մարութխանյանի պարտքերն իմ ժառանգությունից…
Դարձվածը հասկանալի էր՝ «մեր հոր վերջին կամքը»։ Միքայելը ամուսնանում է և պարզ է՝ ում հետ։
«Նա բախտավորվեց,— ասաց Սմբատը մտքում,— իսկ ես միշտ կմնամ անբախտ»…