Քառյակներ (Հովհաննես Թումանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Քառյակներ

Հովհաննես Թումանյան



Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890


Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

1890


Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս


Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

1916, Հունիս


Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

1916, Հունիս


Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցավի արանքում։

1917, Հունվարի 15


Առատ կլինի կինը արդ,
Կընկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։

1917 Հունվարի 16


Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

1917, Հունվարի 16


Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

1917, Փետրվարի 9


Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

1917, Նոյեմբերի 7


Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ -
Մահը բռնում հանցավոր։

1917, Նոյեմբերի 10


Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

1917, Նոյեմբերի 11


Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

1917, Նոյեմբերի 11


Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

1917, Նոյեմբերի 30


Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

1917, Դեկտեմբերի 24


Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

1917, Դեկտեմբերի 24


Երազումս մի մաքի
Մոտս եկավ Հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

1917, Դեկտեմբերի 24


Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

1917, Դեկտեմբերի 26


Հոգիս` տանը հաստատվել -
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

1917, Դեկտեմբերի 27


Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

1918, Հունվարի 4


Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։

1918, Հունվարի 25


Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։

1918, Հունվարի 26


Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։

1918, Փետրվարի 2


Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

1918, Փետրվարի 2


Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։

1918, Փետրվարի 4


Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
- Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

1918, Փետրվար


Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

1918, Փետրվար


Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։

1918, Հունիս
 


…Կյանքն ահա.-
Սընունդ, ծընունդ մինչև մահ,
Մընացածը ողջ նըրանց
Կամ հաճույքն են և կամ ահ։

1918, Օգոստոսի 30


Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

1918, Նոյեմբեր


Նա մի առյուծ, ես մի գառ
Իմ սրտի հետ խելագար
Անհավասար կռվի մեջ,
Քարշ եմ գալի ես տկար։

1919, Հունվարի 25


Մեռա՜ն, մեռա՜ն … Եվ, ահա,
Խառնվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չկան» ես հիմա։

1919, Հոկտեմբերի 8


Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

1919 Նոյեմբերի 21


Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

1919, Նոյեմբեր


Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

1919, Նոյեմբեր


Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

1919, Նոյեմբեր


Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։

1919, Դեկտեմբերի 6


Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

1919, Դեկտեմբերի 8


Մեր կյանքը- կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն
տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ - հոգիանալու նորեն,
Նյութից զատված, անմահ աստած- վերադառնալ դեպ իրեն։

1919


Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

1920, Փետրվարի 4


Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

1920, Մայիսի 12


Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։

1920, Նոյեմբերի 24


Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգն էլ եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։

1921, Փետրվարի 7


Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։

1921, Փետրվարի 14


Արյունալի աղետներով,
աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները
մեքենայի և ոսկու`
Իրենց հոգու անապատից
խուսափում են խուռներամ
Դէպ Արևելքն աստվածային`
հայրենիքը իմ հոգու…

1921, Մայիսի 1


Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

1921, Մայիսի 2


Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

1921, Մայիսի 3


Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»…
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
- Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես:

1921, Մայիսի 6


Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ…

1921, Մայիսի 16


Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար։

1921, Մայիսի 21


Ո՜վ անճառ մին, որ ամենին
միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում
անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ`
Էս աշխարհքում քեզանով,
Ողջը քո մեջ` անմա՜հ, անվերջ`
քեզ են երգում քո ձենով…

1921, Օգոստոսի 3


Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

1921, Օգոստոսի 25


Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

1921, Սեպտեմբերի 5


Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

1921, Հոկտեմբեր


Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

1921


Աղբյուրները հընչում են
ու անց կենում,
Ծարավները տենչում են
ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին
երազուն`
Պոետները կանչում են
ու անց կենում։

1922, Հունիսի 9


Ի՜նչ իմանաս ըստեղծողի
գաղտնիքները անմեկին.
Ընկեր տըվավ, իրար կապեց
Էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ,
մե՜ն ու մենակ իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի
ամեն մեկին ու կյանքին։

1920, Մարտի 30


Էնքան շատ են ցավերն,
ավերն իմ սըրտում,
Էնքան տըրտում կորան լավերն
իմ սըրտում…
Չեմ էլ հիշում չար ու խավար
էս ժամին`
Ե՛րբ են փայլել ուրախ օրերն
իմ սըրտում։

1922, Հուլիսի 12


Խայամն ասավ իր սիրուհուն.- «Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմա…»:
Հեյ ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

1920, Ապրիլի 6


Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։

1922


― Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

1922, Հուլիսի 8


- Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

1922, Օգոստոսի 24
 


Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ.
Ո՞ւմ մոտ գնաս, ծանոթդ, ընկերդ արյունոտ.
Ո՞նց մոռանաս էս աշխարհքը արյունոտ,
Երգ ես լսում, լսած երգերդ արյունոտ։

1918, Հուլիսի 12