Քառյակներ (Վարդան Վարդազարյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարնանային սեր Վիրավոր ժամանակ (Քառյակներ)

Վարդան Վարդազարյան

Վիրավոր ժամանակ


Մեջս ինչ-որ բան փլվեց,
Աչքս արցունքով լցվեց,
Հոգիս երկնային հեռու,
Անուշ աշխարհի հպվեց:


Այս ամենը անդարձ անցած խաղ համարիր,
Մեռելածին ու մոռացված դավ համարիր,
Ճամփեդ անցիր քո սրտախինդ բարությունը բաժանելով,
Ինչ քեզ հասավ` բարիք, չարիք, մի տրտնջա, բավ համարիր:


Կյանքի գինը չիմացա,
Անդարդ ապրել չիմացա,
Ինչո՞ւ աշխարհ ես եկա,
Ես այդպես էլ չիմացա:


Ես` նժդեհս, թշվառ, անտեր, անընկեր,
Թափառում եմ հին ճամփեքում անընկեր,
Ինձ պես խենթին և ոչ մի տեղ չեմ գտնում,
Դեռ ապրում եմ անապաստան, անընկեր:


Մահս... ինձ հետ նա ծնվեց,
Մահս իմ մեջ բնակվեց,
Մահս իմ մեջ ծերացավ,
Մահս ինձ հետ համբարձվեց:


Օրերի խորհուրդը թլվատ,
Օրերի խորհուրդն անցողիկ,
Հնացավ ու ջնջվեց իսպառ,
Օրերը դարձան ունայնաձայն:


Գլուխս առնեմ ուր գնամ,
Այս աշխարհից դուրս գնամ,
Քեզ մնացի հավերժ պարտք,
Մա՜յր իմ, ասա՜, ուր գնամ:


Մոլոր ճամփեն առաջն արած` գնում ենք,
Տուն-տեղ թողած ու վիրավուր` գնում ենք,
Ո՞ւր կհասնենք և ո՞ւմ հողում կպառկենք,
Մեզ բոլորիս դեռ անհայտ է, գնում ենք:


Երբ մարդը ծեր է ու հարյուրամյա,
Մահը մի թագ է արդեն իսկ ոսկյա,
Նա կյանքի նրբին ու նաև խրթին
Օրից բաժանվեց ճամփին իր մթին:


Իմ մահվամ երգի մեջ
          կյանքի կարոտ կա,
Իմ դժգոհանքի մեջ
          կյանքի կարոտ կա,
Այսպես ապրում եմ,
          ափեափ զարկվում,
Ամեն բառիս մեջ
          կյանքի կարոտ կա:


Քաղցում եմ ես հողիս համար,
Իմ կորուսյալ մեծ տան համար,
Կորուստների վարար գետը
Վիշտ է բերում դեռ ինձ համար:


Իմ դառնահա՜մ ժամանակ,
Սիրտս կոտրա՜ծ ժամանակ,
Արյունում ես ամեն ժամ,
Իմ վիրավո՜ր ժամանակ:


Հնձաններում գինին կեռա, ես չեմ լինի,
Գինու գավը կբարձրացնենք, ես չեմ լինի,
Ինձ հիշելով՝ գավերն ըմպեք միշտ ցմրուր,
Փույթ չէ, որ ես էլ չեմ լինի: