Քառյակներ (Արիս Արսենի)
Արիս Արսենի |
ԱՉՔԵՐԴ ՏԱՆՈՒՄ ԵՆ...[խմբագրել]
Աչքերդ տանում են՝ չգիտեմ՝ թե ուր,
Գլխիկոր գնում եմ՝ չգիտեմ՝ թե ուր,
Անդարձ է իմ ուղին, բայց՝ ոչ անիմաստ,
Կհասնե՞մ, գնում եմ՝ չգիտեմ՝ թե ուր։
08.07.2020, Ստեփանակերտ
ԱՍԱ՜, ԻՆՉՈ՞Ւ...[խմբագրել]
Ասա՜, ինչո՞ւ քեզ սիրեցի երազներով անսպառ,
Ես քեզ կյա՜նքս նվիրեցի ու ապրեցի քեզ համար,
Բայց անհաղորդ մնացիր դու սրտիս անհուն վշտերին,
Ես` անսահման սիրով լեցուն, ես` մշտապես քո գերին:
1977, Դիլիջան
ԱՍԱ՜, Ո՞ՒՐ...[խմբագրել]
Ասա՜, ո՞ւր,
Ո՞ւր գնացիր, ասա՜, ո՞ւր,
Ծիծաղելով հեռացել,
Ինձ թողել ես դու տխուր...
1977, Դիլիջան
ԱՐԻ ՍԻՐԵ՜ՆՔ...[խմբագրել]
Արի սիրե՛նք մենք մեկմեկու,
Որ մեր մեկը դառնա երկու,
Հետո՝ երեք, չորս, հինգ, վեց, յոթ...
Ու... սարսափի մահն ահարկու։
2008
ԴՐՍՈՒՄ՝ ԱՐԵՎ ԿԻԶԻՉ...[խմբագրել]
Դրսում՝ արև կիզիչ,
Ներսում՝ հով է մի քիչ,
Ամառն է մեզ այրում,
Սակայն` ոչի՜նչ, ոչի՜նչ...
14.08.2019, Ստեփանակերտ
ԴՈՒ ԱՏԵԼՈՎ ԱՏՈՒՄ ԵՍ...[խմբագրել]
Դու ատելով ատում ես ի՜նձ,
Ես` սիրելով սիրում քե՜զ,
Եվ թախծում է քո կարոտից
Սիրտս` դառն ու վշտակեզ...
1977, Դիլիջան
ԴՈՒ ՄԻՇՏ ԳՈՂՈՒՆԻ...[խմբագրել]
Դու միշտ գողունի դեպ ինձ ես նայում,
Նայվածքով քո նուրբ` սիրտս հմայում,
Բայց ես ինչո՞ւ եմ անտարբեր այսպես`
Նայում եմ տխուր ու լուռ հեռանում:
1977, Դիլիջան
ԴՈՒ ՄՆԱ՜...[խմբագրել]
Դու մնա՜,
Անվերջ ուրա՜խ դու մնա,
Երազներով, տխրությամբ
Ես գնում եմ, դու մնա՜:
1977, Դիլիջան
ԴՈՒ ՆԱՅԵՑԻՐ...[խմբագրել]
Դու նայեցիր աչքերիս մեջ, ու՝ անցար,
Ցավ, տխրություն՝ աչքերիս մեջ, ու՝ անցար,
Հուզում, թախիծ, տանջանք, զղջում, ու՝ անցար,
Լուռ էր կարո՛տն աչքերիս մեջ ու... անցա՛ր...
1977, Դիլիջան
ԵՐԿԱ՜Ր ՆԱՅԵՑԻ...[խմբագրել]
Ես քո ետևից երկա՜ր նայեցի,
Բայց դու, դու ինչո՞ւ ետ չնայեցիր,
Անցար, հեռացար` հպարտ, ծիծաղով,
Իսկ ե՞ս... ինչո՞ւ ինձ վհատ թողեցիր:
1977, Դիլիջան
ԷԼ ՄԻ՜ ՏԵՆՉԱ...[խմբագրել]
-Էլ մի՜ տենչա ինձ,- ասում ես,- մոռացի՜ր,
Դու իմ սրտին արդեն խո՜րթ ես, հեռացի՜ր...
-Ո՞նց չտենչամ ախր ես քեզ, ի՜մ անգին,
Ախր սրտիս մեջ լոկ դո՜ւ ես, իմացի՜ր...
1977, Դիլիջան
Ի՞ՆՉ ԱՆԵՄ...[խմբագրել]
Ի՞նչ անեմ,
Ծո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ,
Ծովածավալ մի սիրո
Սո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ...
1977, Դիլիջան
ԻՐԱՐ ՀԱՄԱՐ...[խմբագրել]
Իրար համար տենչանք էինք,
Իրար համար` երազ,
Երկու աստղ մի երկնքում
Ու միշտ իրար... անհաս:
1977, Դիլիջան
ՆԱ ԵՐԱԶ ԷՐ...[խմբագրել]
Նա երազ էր և երազի պես անցավ,
Չէի ուզում, բայց թողեց ու հեռացավ,
Մոռացության բավիղներում չքացավ,
Գնաց` հոգու խորքում պահած հազար ցավ:
1977, Դիլիջան
ՇԱ՜Տ ՄԱՆ ԱՐԻ...[խմբագրել]
Շա՜տ ման արի ու ինձ տես,
Միշտ մտածիր քեզ ու քեզ,
Որ դու իմն ես, ես` քոնը,
Որ սիրում եմ միայն քե՜զ:
1977, Դիլիջան
ՇԻԿԱՆՈՒՄ-ՄԱՐՈՒՄ ԵՆ...[խմբագրել]
Շիկանում-մարո՜ւմ են երգերս,
Ու հանդարտ մխո՜ւմ են վերքերս,
Թեկուզև գարուն է իմ սրտում,
Բայց էլի թոշնո՜ւմ են վարդերս:
1977, Դիլիջան
Ո՞Վ ԱՍԱՑ...[խմբագրել]
Ո՞վ ասաց` սերը չկա,
Ո՞ւր մնաց, ասե՜ք, սիրելը,
Իմ կորսված սերը վկա`
Աշխարհում սուրբ է սերը...
1977, Դիլիջան
ՍԱ ՀՈՒԼԻ՞Ս Է...[խմբագրել]
Սա հուլի՞ս է, թե՞ հոկտեմբեր-նոյեմբեր է,
Ամպ ու զամպ է՝ անձրևաբեր-ձյունաբեր է,
Իսկ մենք մի շոգ օգոստոսի հույս ունեինք,
Ախր աշունն ինչո՞ւ այսքան անհամբեր է:
18.07.2015, Գորիս
ՎԵՐՋԱՑԱ՞Վ...[խմբագրել]
Վերջացա՞վ...
Մի՞թե սերը վերջացավ,
Գուցե խաբկա՞նք էր սերդ,
Որ մարեց ու... երազ դարձավ...
1977, Դիլիջան
ՏԽՈ՜ՒՐ ԵՄ ՄԻՇՏ ԷԼ...[խմբագրել]
Տխո՜ւր եմ միշտ էլ անջատման օրից,
Ոչ-ոք չի կանչում ինձ սիրո ձորից,
Այնքա՜ն եմ թախծել քո սիրո համար,
Որ չեմ հավատում, թե կգաս նորից:
1977, Կոճողոտ