Քո ձեռքերը
Քո ձեռքերը
Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի՛ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե՛ն... բանտարկում.
Ինձ աշխարհի տե՛րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
այլ՝ լոկ փրկո՜ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողի՛ն...
Քո ձեռքե՛րը, -
Նո՜ւրբ,
Ասողի՜կ,
Ու երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես՝ չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ քո ձեռքերը...
«Մարգարի'տ եմ քիչ-քիչ դառնում...»-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜, -
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ... միշտ... կրցքիդ վրա՛ պահես, -
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրո՛ւց ու կրծքից հեռո՛ւ),
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ, -
Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, -
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա՛նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...
Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարվե՜ն քո դեմ լռին՝
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բնե՛րն անմեռ,
Որ լռել են, բայց չե՛ն հանգել,
Քեզ լավայո՛վ կարձագանքեն,
Որ լեռնե՛ր է քշում-տանում...