Օ՜, կար ժամանակ…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օ՜, կար ժամանակ…

Ալեքսեյ Պլեշչեև

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Օ՜, կար ժամանակ…


                                        «В надежде славы и добра,
                                        Гляжу вперед я без боязни.
                                                                   Пушкин

Օ՜, կա՛ր ժամանակ—հայրենի աշխարհ
Մարտի էր կոչում իր զավակներին
Ոսոխների դեմ անբա՜վ, անհասա՜ր.
Եվ ոտքի ելած զորքեր խրոխտագին,
Փողեր հընչելով զվարթ ընթանում,
Մա՛հ էին տալիս և մա՛հ ըստանում։

Բայց լըռեց զենքի ձայն-շառաչն ուժգին
Եվ պաշտպանելով երկիրն հարազատ՝
Ազգը շո՜ւնչ քաշեց. ո՜ւժ առավ հոգին.
Եվ ա՛յդ մարտից էլ նա ելավ ազատ.
Ելավ հա՛ղթ ու քա՛ջ. ինչպես անցյալում
Հաղթող էր եղած նա շա՜տ կռիվներում։

Եվ ահա դարձյա՛լ իր զավակներին
Համառ կըռվի է կոչում հայրենիք,
Բայց սա նըման չէ էլ ա՛յն կռիվներին.
Դիմադրե՜լ կեղծին, հալածե՜լ չարիք.
Հաղթե՜լ խավարը—ահա՛ մեր այժմյան
Նո՛ր մարտը՝ հանուն սո՜ւրբ ճշմարտության։

Բայց չէ՛ ահավոր և՛ նոր թըշնամին,
Նրա՛ն էլ կընկճե հայրենի աշխարհ.
Նայեցե՛ք, արդեն ցանկալի՜ ափին
Շողո՜ւմ է չորս կողմ. նոսրանո՜ւմ խավար.
Եվ ահ ու դողով ոգին չարության
Զգում է անկո՜ւմն իր իշխանության…