Օրեր են գալիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օրեր են գալիս

Ալեքսանդր Ծատուրյան

ՕՐԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ

(Նվեր Յուրի Վեսելովսկուն)

Օրեր են գալիս և օրեր գընում,
Անվե՜րջ են մարդկանց ցավերն ու հոգսեր.
Եվ նա՛ է կյանքի հարատև կռվում
Մարտնչում, որպես զինվոր անվեհեր,

Ով լույսի սիրով սիրտը բորբոքած,
Ուխտել է լինել մշակ աշխարհի.
Ապրե՜լ — վեհ գործի հերո՛ս անձնուրաց,
Մեռնե՜լ — մարտիրո՛ս վեհ գաղափարի…