Օրորք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սևագիր և անավարտ բանաստեղծությունների ցանկ Օրորք

Հովհաննես Թումանյան

Հայ վաճառական


ՕՐՈՐՔ


Քնե՛, քնե՛, իմ որդի,
Աչերըդ խուփ, չըբանաս,
Որ քո թշվառ հայ ազգի
Դառն ցավերը չըտեսնաս.

Քնե՛, գուցե երազում
Տիրոջ բարի հրեշտակը
Քեզի պատմե, թե ինչպես
Պիտի փրկվի քո ազգը.

Քնե՛, գուցե քեզ ասե

Նրա խղճության պատճառը,
Քնե՛, գուցե նա ասե
Նրա փրկության ճարը.

Գիտե՞ս արդյոք, գառնուկս,
Անցան դարեր այն օրից,

Երբ քո ազգը զրկվեցավ
Իրան շքեղ աթոռից.

Տարիք ու դարեր անցան,
Այլոց է լուռ ծառայող,
Այդ առթիվ դառնաճաճան

Վիճակն էլ կա անփոփոխ.

Քնե՛, քնե՛, հոգվույս հատոր,
Ուրախություն իմ միակ,
Քնե՛, կասեմ քեզ օրոր,
Չըտեսնես նրան ավերակ.

Մի պատկեր է նա տխուր,
Աչքերն արցունք, ինքը լուռ,
Մի սուր է մեր սրտի մեջ,
Մեզ այրելու հուր անշեջ.

Նրա հիմքը քանդելու

Շատ, շատ դարեր տանջեցին
Տաճիկ, պարսիկ, հույն և քուրդ
Մինչև վերջը քանդեցին.

Եվ այն օրից մինչ այսօր
Տկլոր, բոբիկ ու քաղցած

Թափառում է սարե ձոր
Անգութներից հալածված.

Ապա, քնի՛ր, անուշ զավակ,
Աչքդ խփիր, չըբանաս,
Որ քո թշվառ հայ ազգիդ

Դառն ցավերը չըտեսնաս։


1882