...նաև Սպիտակ Եղեռն/Թշնամու դեմ՝ ուս ուսի (Ախալքալաքի ինքնապաշտպանությունը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թշնամու դեմ՝ ուս ուսի (Ախալցխայի 1918թ․ հերոսամարտը) Թշնամու դեմ՝ ուս ուսի (Ախալքալաքի ինքնապաշտպանությունը)

Արտյուշ Սանոսյան

Զորի Զորյանը՝ «Քաղաքի գործունյա և քաջ պահապանը»
ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ՝ ՈՒՍ ՈՒՍԻ
«Խորհրդային Հայաստան»

թիվ 278,

1 դեկտեմբերի 1989թ.

Ախալքալաքի ինքնապաշտպանությունը

Ախալցխայի 1917թ. դեկտեմբերի 27-30-ը տեղի ունեցած դեպքերը (տեղական թուրքերի կողմից հազար հոգով քաղաքի շրջապատումը) տագնապ առաջացրին նաեւ Ախալքալաքի գավառում, որտեղ ապրում էին նաեւ մեծաթիվ թուրքեր։ Մահմեդականների 24 գյուղերը հիմնականում կենտրոնացած էին գավառի հարավ-արեւմտյան մասում Կուր գետի աջ ափին Խերթվիսի եւ Կարծախի գյուղական հասարակություններում, Ախալցխայի գավառի թուրքերի անմիջական հարեւանությամբ եւ պատրաստ էին նրանց, ինչպես նաեւ Չըլդըրի (Զարիշատ) և Աղբաբայի (այժմ Ամասիայի շրջան), թուրքերի հետ միասին հարձակվել Ախալքալաքի հայության (նաեւ վրացիների) վրա։

Ջավախցիներն անհանգստացած էին ոչ միայն այս պատճառով։ Նրանց խիստ մտահոգում էր նաեւ Ախալցխայի գավառի իրենց արյունակից եղբայրների անասելի ծանր վիճակը…

Ախալքալաքի գավառի ղեկավարությունն սկսեց ձեռք առնել մի շարք միջոցառումներ ի պաշտպանություն Ախալցխայի շրջապատման մեջ գտնվող հայության եւ վրացիների։ Այս իրադարձությունների կապակցությամբ Ախալքալաք քաղաքում դեկտեմբերի 27-ին քաղաքագլուխ Մ. Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ բազմամարդ միտինգ։ Այստեղ ճարտասանների ոգևորիչ, հայրենասիրական ճառերից հետո որոշվեց ազգի համար ճակատագրական այդ պահին կոչ անել ամբողջ աշխարհի հայերին համախմբվել ազգային խորհրդի շուրջը։ Կոչ արվեց ոտքի ելնել կյանքի գնով պաշւոպանելու ազգի պատիվը, նրա գոյությունը եւ բարձրացնել հայրենիքի փրկության սրբազան դրոշը։ Ինչպես տեղեկանում ենք 1917 թվականի դեկտեմբերի 31–ի և 1918 թվականի հունվարի 2-ի Թիֆլիսի հայկական ազգային խորհրդին Ախալքալաքի գավառի պաշտպանության կոմիտեի նախագահ Մ. Մարգարյանի հղած հեռագրերից, գավառում այդ օրերին ստեղծվել էր պաշտպանության կոմիտե։

Վերոհիշյալ հեռագրերից պարզվում է նաեւ, որ գավառի հայ երիտասարդությունը ինքնապաշտպանության նպատակով հայրենասիրության եւ ազգի առաջ պատասխանատվության վեհ զգացումներով տոգորված, հոծ մասսաներով գյուղերից գալիս էր Ախալքալաք եւ մտնում այնտեղ ստեղծվող հայկական ազգային զորամասի շարքերը: Այդ հայրենասեր տղաների թիվը կարող էր հասնել մի քանի հազարի։

Խանդավառ երիտասարդությանը հարկավոր էր զենք ու հանդերձանք։ Դրանց պակասը շատ էր անհանգստացնում գավառի պաշտպանության ժամանակավոր կոմիտեին։ Ի տարբերություն Ախալցխայի ռուսական կայազորի, որը հեռանալուց հետո տեղացիներին թողեց իր զենքն ու զինամթերքը (հատկապես հրետանին), այստեղի կայազորը կազմացրվելով իր հետ տանում էր ամեն ինչ…

Թիֆլիսի հայկական ազգային խորհուրդը աջակցում էր Ջավախքի հայկական գնդի ստեղծմանը, սակայն նրա հնարավորությունները սահմանափակ էին, ինչի մասին ասում է հենց այն փաստը, որ գունդը կազմավորելու համար գավառ ուղարկեցին միայն մեկ փոխգնդապետի (գնդի հրամանատար Առաքելովին) եւ 10-15 ցածրաստիճան սպաների, հանդերձանք 1200 զինվորի համար, 550 հրացան եւ 6600 փամփուշտ, 4 գնդացիր։ Ընդամենը այսքանը 2000 զինվորից բաղկացած գնդի համար։ Դա, իհարկե, անչափ քիչ էր, որը եւ հետագայում, ինչպես կտեսնենք, իր խիստ բացասական ազդեցությունն ունեցավ գավառի ինքնապաշտպանության գործի վրա... Հայ կամավորները մեծամասամբ ծառայել էին ցարական բանակի շարքերում, կռվել տարբեր ռազմաճակատներում եւ հմուտ զինվորներ էին։ Նրանց մեծ մասը կրում էր ռազմաճակատից իր հետ բերած զենքը։

Բացի այս կամավորական գնդից, 1918թ. հունվարին թուրքական գյուղախմբերին սահմանակից հայկական եւ վրացական գյուղերում ստեղծվում էին ինքնապաշտպանական խմբեր։ Առաջինը զինվեցին Դամալա գյուղի բնակիչները մի քաջարի երիտասարդի Մատո (Մարտիրոս) Սահակյանի գլխավորությամբ։ Ստեղծվեց 250 հոգուց բաղկացած վաշտ։ Գյուղը մտնում էր Ախալցխայի գավառի մեջ, սակայն այն քաղաքից հեռու լինելով 33 վերստ եւ շրջապատված 20 թուրքական գյուղերով, աջակցություն էր ստանում Ախալքալաքից, որի սահմաններին մոտ էր գտնվում։ Գյուղի հայ քաջերը, որոնք իրենց համեմատում էին զեյթունցիների հետ, վեց ամիս գտնվելով շրջապատման մեջ, կռվեցին իսկական առյուծների պես հավատարիմ մնալով իրենց «զեյթունցի» կոչմանը։ Իր քաջությամբ աչքի ընկավ խմբապետ Արսեն Պետրոսյանը, որն իր 19 կտրիճ զինվորներով կռիվներից մեկի ժամանակ 1918թ. ապրիլի 4-ին պարտության մատնեց 300 հոգուց բաղկացած թուրքական հրոսակախմբին 3 Ժամ տեւած մարտի ընթացքում սպանելով ութին եւ վիրավորելով հինգին, տալով մեկ զոհ միայն։

Կռիվներում աչքի ընկան նաեւ խմբապետ Ղարա Մատոն եւ իր երիտասարդ կինը: Ախալքալաքի գավառում առաջինը զինվեցին Ազարվեթ եւ Ալաստան հայկական գյուղերը։ Ալաստանում 300 հոգուց կազմված կամավորական խումբ ստեղծվեց Պետրոս (Պետուշ) Դարբինյանի գլխավորությամբ։

Վրացաբնակ (ծագումով հայ կաթոլիկներ են) Խիզաբավրա եւ Սարո գյուղերում ստեղծվեց ինքնապաշտպանական «հազարյակ» Ալեքսանդրե Խուցիշվիլու գլխավորությամբ Ախալքալաքի գավառի վրացական գյուղերի երիտասարդներից։ Այն բաժանվեց չորս «հարյուրյակի»։ «Հազարյակը» լավ էր զինված։ Հրացաններից բացի, ունեին բավականաչափ գնդացիրներ եւ 4 թնդանոթ։ Հետագայում, երբ Թուրքիան 1918թ. փետրվարի 12-ին, խախտելով 1917թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարը, անցավ հարձակման, Ախալքալաքի գավառի մյուս հայկական գյուղերում եւս ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժեր։ Այս պրոցեսն ավելի արագացավ, երբ տեղական (Ախալցխայի եւ Ախալքալաքի) թուրքերը թուրքական բանակների հարձակման հետ միաժամանակ սկսեցին հարձակվել Ախալքալաքի գավառի արեւելյան մասի վրացական գյուղերի վրա եւ ավերեցին ու թալանեցին, կոտորեցին բնակչությանը, բռնաբարեցին կանանց։ Այդ դեպքերը տեղի ունեցան փետրվարի 14-15-ին։ Ախալքալաքի հայկական գյուղերի բնակիչներն անտարբեր չէին կարող մնալ իրենց եղբայրների այդ ծանր վիճակի նկատմամբ։ 800 զինված հայեր, հակահարված տալով թուրքերին, նրանց ճիրաններից ազատեցին վրացիների ունեցվածքը եւ ամենագլխավորը գերված կանանց ու երեխաներին: Օգնության հասած հայերի շնորհիվ շրջապատումից ազատվեցին նաեւ Ախալքալաքի գավառի վրացական Սարո եւ Խիզաբավրա գյուղերը։ Փետրվարի 15-ին վերոհիշյալ վրացական գյուղերից 300 գյուղացիներ Ախալքալաք գալով, երախտիք ու շնորհակալություն էին հայտնում հայ եղբայրներին իրենց փրկության համար։ Նրանք դիմելով Ախալքալաքի հայոց ազգային խորհրդին, խնդրում են այնուհետեւ եւս իր պաշտպանության տակ վերցնել վրացական գյուղերը կամ թույլ տալ բնակչությանը վերաբնակվելու հայերի գյուղերում...

Միջազգային դրությունը հայերի եւ վրացիների համար անբարենպաստ էր։ Մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանն ստիպված ստորագրեց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը։ Այդ պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն ռուսական զորքերը դուրս պետք է գային Արդահանի, Կարսի եւ Բաթումի օկրուգներից (այդ բանն արդեն տեղի էր ունեցել փաստորեն հունվարին)։

Անդրկովկասյան սեյմը հրաժարվելով Բրեստի պայմանագիրը ճանաչելուց, մարտի 1 (14)–ին Տրապիզոնում Թուրքիայի հետ սկսեց անջատ բանակցություններ «պատվավոր» հաշտություն կնքելու համար։ Սակայն սեյմի պատվիրակությունը (Ս. Չխենկելի, Հ. Քաջազնունի, Ալ. Խատիսյան, Լեո), բնականաբար, ձեռնունայն վերադարձավ։

Թուրքիան, ունենալով ռազմական եւ դիվանագիտական առավելություններ հայերի եւ վրացիների նկատմամբ, շարունակում էր առաջ շարժվել դեպի Անդրկովկասի խորքերը։ Ինչպես գիտենք, օսմանյան թուրքերը մեծ աջակցություն էին ստանում այդ ընթացքում Անդրկովկասի իրենց արյունակից հավատակիցներից, որոնք կատարելով «հինգերորդ զորասյան» իրենց դերը, թիկունքից հարվածում էին հայերին ու վրացիներին: Ախալցխան պաշարման մեջ էր, իսկ Ախալքալաքի գավառի գլխին կուտակվում էին սև ամպերը։ Ախալցխայի արևելյան շրջանների, Ախալքալաքի, Չըլդըրի թուրքերը մինչև ատամները զինված հարձակվել էին գավառի հարավ-արևմտյան շրջանում թուրքական գյուղերով շրջապատված Կարծախ ու Մրակոլ հայկական գյուղերի վրա։

Կարծախցիները Գրիգոր Մնոյանի (Բաղդասարյան) և Բագրատ Մելիքյանի հրամանատարությամբ կռվում էին արիաբար: Կարծախցիների կորուստները չնչին էին 6 վիրավոր, իսկ թշնամիներինը անհամեմատ մեծ։ Աղբաբայի թրքությունը, որը դամոկլյան սրի նման կախված էր Ջավախքի հայության գլխին, նույնպես սպասում էր հարմար պահի ոստնելու համար։ Նրանց ներկայացուցիչները մարտ ամսին օգնություն խնդրելու նպատակով Ալեքսանդրապոլում գտնվող ախալքալաքցիների պատվիրակությանը պատկերավոր արտահայտությամբ բնաջնջման սպառնալիք են անում. «Այս լեռների ձյան տևողության չափով միայն դուք կյանք կունենաք» («Հառաջ», 1919թ., թիվ 14)։

Արդահանի հայ բնակչությունը գազանաբար սրի էր քաշվել։ Հրաշքով կենդանի մնացած փախստականները (բռնաբարված կանայք ու երեխաներ) դեռ չէին հասել Ախալքալաք, որոնց կյանքն ապահովելու համար գավառի հայոց ազգային խորհուրդը դիմել էր Ախալցխայի գավառի թուրք բեգերին… Թուրքական Կոկիագյուղի զինված ուժերը հաճախակի հարձակվում էին գյուղի մոտով անցնող հայ զինվորների վրա…

Այս հանգամանքները լցրին քրիստոնյաների հայերի, վրացիների և օսերի համբերության բաժակը։ Նրանք 1000 զինյալ մարդկանցով հարձակվեցին Կոկիայի, ինչպես և մի շարք այլ թուրքական գյուղերի վրա։ Կոկիայի տղամարդիկ փախան Չըլդըր, իսկ կանայք ու երեխաները գերվեցին եւ տեղավորվեցին Ալաստան գյուղում, որի բնակիչները նրանց, ինչպես նաև այլ գյուղերի թուրք գերիների հետ վարվում էին հային հատուկ մեծահոգությամբ։ Եվ երբ, ապրիլի 9-ին, Սարո գյուղի մոտ այդ գերիներին փոխանակեցին Արդահանից գաղթած 1500 հոշոտված, բզկտված, սոված, նիհար հայերի հետ, մերոնցից մեկը նույնիսկ կատակեց կշիռով փոխենք…

Այդ օրերին նորանոր հայկական գյուղեր էին զինվում ու անմիջապես դիմում ինքնապաշտպանության։ Սուլդայում ստեղծված ինքնապաշտպանական խումբը Եղիազար Աբգարյանի (Սաթխա գյուղի Բրոյաններից է) գլխավորությամբ օգնության հասավ Կարծախին եւ միաժամանակ պաշտպանվում էր թուրքական Խավեթ, Դավնիա, Էրինջա, Ծղարիստան, Հոգամ գյուղերի հարձակումներից։ Այս գյուղերի զինյալ ուժերը հարձակվում են նաեւ Վաչիան հայկական գյուղի վրա։ Գյուղում Աշոտ Տեր-Սիմոնյանի գլխավորությամբ ստեղծվեց 300 հոգուց բաղկացած ջոկատ։ Ինչպես պատմում է ականատես Լեւոն Զաքարյանը, զինյալների առաջին մարտին տարավ Շողան անունով Սաթխա գյուղացի մի երիտասարդ կին եղանը ձեռքին։

Գավառի այս հարավ-արեւմտյան հատվածում փոխադարձ հաջողություններով էին շարունակվում ռազմական գործողությունները։

Զատկի տոնակատարության օրերին Կուր գետի ձախ ափի (Ախալցխայի գավառի) թուրքերը մեծ ուժով հարձակվելով վրացական Զեդա-Թմոգվի (գտնվում է Վարձիա նշանավոր պատմական հուշարձանի մոտ) եւ Ագարա գյուղերի վրա ստիպեցին նրանց տեղահան լինել եւ շարժվել դեպի Քուռ գետը, անցնելու աջ ափը, սակայն նրանց ճանապարհը փակել էին Քուռ գետի աջ ափին գտնվող Մարգաստան եւ Նաքալաքեւ գյուղերի քրդերը, եւ սպասվում էր վրացիների լրիվ ոչնչացում։

Ահա այդ դժվարին պահին էր, որ վրաց եղբայրներին օգնության հասան հայկական Գյումբուրդա մեծ գյուղի պաշտպանները։ Այս գյուղի բնակիչները միշտ աչքի էին ընկել իրենց խիզախությամբ ու ասպետականությամբ, որոնք դեռեւս ձմռանը Զարմայր Խանոյանի գլխավորությամբ ստեղծել էին իրենց 300 հոգուց բաղկացած զինված խումբը եւ մեծ հաջողությամբ պաշտպանվում էին եւ պաշտպանում հարեւան վրացական փոքր գյուղերի (Քիլդա, Չուրչխել, Գոգաշեն, Ափնիա) բնակչությանը։ Մարտի կեսերին, ինչպես գրում է «Հորիզոնը» (1918թ. թիվ 66), երբ վրացական Գոգաշեն գյուղի մարդիկ Թիֆիլիսից զենք են բերում (35 հրացան եւ 5250 փամփուշտ) եւ անցնում թուրքական Տանկալ գյուղով տանկալցիները խլում են նրանց ձեռքից զենքը։ Կրակոցների ձայնը լսելով գյումբուրդացիները հասնում են դեպքի վայրը եւ զենքը վերադարձնում գոգաշենցիներին։

Այս անգամ էլ լսելով, որ զեդաթմոգվեցիների եւ ագարացիների վիճակն օրհասական է, նրանք գրոհեցին Նաքալաքեփ եւ Մարգաստանի մուսուլմանների վրա, տեղահան արեցին, քշեցին Քուռ գետի ձախ ափը եւ այն ափից ազատագրված վրացիներին բերին բնակեցրին վրացական Քիլդա եւ Չուրչխել գյուղերում։

Երբ ապրիլի 9-ին (22-ին) Անդրկովկասյան սեյմն իրեն անկախ հռչակեց, դրանով փաստորեն ազատ արձակեց Թուրքիայի թեւերը, որի համար արդեն 1877թ. սահմանի պրոբլեմը ի չիք դարձավ։ Մնացածը թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշայի համար, մարզական լեզվով ասած, տեխնիկայի հարց էր, որին էլ նա հմտորեն էր տիրապետում... Թուրքերը հեշտությամբ ապրիլին գրավեցին Սարիղամիշը, Բաթումը եւ Կարսը։ Վերջինս գրավվեց գրեթե առանց կռվի Անդրկովկասյան կառավարության գլուխ կանգնած մենշեւիկ-պարագլուխների դավաճանության հետեւանքով։ Այս հանգամանքներում Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների հայության եւ վրացիների վիճակն ավելի ծանրացավ։ Տեղական թուրքերն իրենց «մեծ եղբոր» բազմակողմանի աջակցությամբ հզորացած եւ ոգեւորված նորանոր չարիքներ ու ոճիրներ էին գործում։ Այսպես, Խըրթըզի (Խերթվիս) գյուղական հասարակության թուրքերը մայիսի 7-ին (ապրիլի 25-ին) հարձակվեցին վրացական Սարո, Խիզաբավրա գյուղերի վրա։ Վրաց քաջորդիները կասեցրին թշնամու առաջխաղացումը։ Այդ ժամանակ թշնամու թիկունքին հարվածեցին Գյումբուրդայի, Դիլիսկայի հայերը։ Խերթվիսի թուրքերը երեք կողմից շրջապատվեցին եւ հինգօրյա դաժան մարտերից հետո ոչ միայն թողին Սարո գյուղի պաշարումը, այլեւ տալով հսկայական կորուստներ լքեցին իրենց գյուղերն ու փախան Քոի ձախ ափը։ Գյումբուրդացիներն այս փայլուն հաղթանակից հետո պարտության մատնեցին նաեւ Հոգամի թուրքերին եւ տեղահան արին նրանց։

Իհարկե, այս եւ մյուս հաղթանակներն ունեին տեղական նշանակություն, իսկ ընդհանուր դրության տերը Թուրքիան էր, որը սողալով առաջ էր շարժվում։ Թուրքական բանակները 1918թ. մայիսի 15-ին համարյա առանց դիմադրության հանդիպելու գրավեցին նաեւ Ալեքսանդրապոլը։ Այդ ընթացքում Վեհիբ փաշան մտադիր էր, դեպի Բաքու եւ Երեւան արշավելիս ապահով թիկունք ունենալու համար, լուծել նաեւ Ախալքալաքի հարցը։ Նրա ուղարկած կանոնավոր զորքերը մայիսի 7-ին (20-ին) Չըլդըրի թուրքերի հետ միասին հարձակվեցին Կարծախի վրա։ Այդ ժամանակ Կարծախ եւ Սուլդա գյուղերում էր գտնվում Ախալքալաքի հայկական գունդը։ Թշնամին զգալով, որ պաշտպանների զգոնությունը թուլացած է, գիշերային գրոհով հանկարծակիի բերեց նրանց եւ գրավեց Կարծախի բարձունքներին տեղադրված երկու թնդանոթները։ Վաղ առավոտյան «ուշքի եկած» հայկական զորքերը ցույց տվին համառ դիմադրություն։ Կռվեցին մինչեւ վերջին փամփուշտը (այնքան քիչ էր, որ երկու օր հազիվ հերիքեց)։ Մայիսի 8-ին (21-ին) մեր զորքերը ստիպված նահանջեցին։

Թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին գավառի հարավ-արեւելյան հատվածի Սաթխայի գյուղական հասարակության գյուղերի վրա։ Մեծ Խանչալի գյուղի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ: Մեծխանչալեցիներին օգնության հասած Սաթխայի զինված ուժերը, Հ. Խանոյանի և Գ. Սուքիասյանի հրամանատարությամբ, փայլուն հաղթանակ տարան թշնամու դեմ և ստիպեցին նրան նահանջել 1877թ. սահմանից այն կողմ։ Թշնամին տվեց բազմաթիվ կորուստներ սպանված, վիրավոր, գերի։

Մայիսի 8-ին Սաթխայի 220 հոգրւց բաղկացպծ կանոնավոր զորքին միացավ Կարծախից նահանջած հայկական գնդի այն վաշտը, որը կազմված էր Սաթխայի գյուղական հասարակության գյուղերի (Սաթխա, Խոջաբեկ, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Գանձա, Փոկա) քաջորդիներից։ Վաշտն իր հետ բերեց թնդանոթ եւ գնդացիր։ Վաշտի հրամանատարն էր սաթխացի սպա Ստեփան Կոպալյանը։

Վերջապես, մայիսի 13-ին (26-ին), Սաթխայի վրա ոստնեց Աղբաբան թուրքական բազմաքանակ կանոնավոր զորքերի հետ միասին։ Առավոտից մինչև երեկո տևած ճակատամարտն ավարտվեց Սաթխայի փայլուն հաղթանակով։ Թշնամին բազմաթիվ կորուստներ տալով փախավ իր որջը։ Սաթխայի այս փառահեղ հաղթանակների շնորհիվ էր, որ Չլդրի թրքությունը, թուրքական կանոնավոր զորքերի հետ միասին, սիրտ չէր անում Կարծախից առաջ շարժվել դեպի գավառի խորքերը…

Թուրքական զորքերի հրամանատարությունը այնքան մեծ նշանակություն էր տալիս Ախալքալաքի գրավմանը, որ Թիֆլիսի գրավման համար նախապատրաստած 5-րդ դիվիվիզիայից, որը գտնվում էր Լոռիում, հանեց մի զորամաս և բազմամբոխ թուրք եւ քուրդ բաշիբոզուկների ուղեկցությամբ մայիսի 17-ին (30-ին) ուղարկեց Սաթխայի դեմ։ Մայիսի 17-ի (30-ի) առավոտյան ժամը 4-ից անձրևի ու ձյան տակ սկսվեց մի անհավասար ու ահավոր ճակատամարտ, որը տևեց մինչեւ ուշ երեկո։ Հայ քաջերը չերկնչեցին թշնամու բազմաքանակ կանոնավոր ու մինչև ատամները զինված զորքերի առաջ։ Հայրենասիրության, քաջության, զայրույթի ու ցասման, արժանապատվության զգացմունքներով էր համակված ամբողջ գյուղի բնակչությունը 3250 մարդ: Ժողովուրդը 17-ի երեկոյան ազգային խորհրդի հետ միասին որոշել էր մնալ ամբողջ գյուղով եւ կռվել մինչեւ վերջին մարդը... Դաժան որոշում էր, իհարկե, բայց արժանապատվությամբ մեռնելը սաթխացին գերադասում էր ստրկական կյանքից... Բայց երեկոյան, երբ արդեն սպառվում էր ռազմամթերքը, ազգային խորհուրդը որոշեց գաղթեցնել կանանց ու երեխաներին, որոնց հորդացած Թափարավան գետն այն կողմ անցնելուց հետո միայն այրերը հեռացան մեծ ափսոսանքով լքելով դիրքերը...

Երկուստեք ահռելի թվով գոհեր տվեցին։ Գերիների վկայության համաձայն, թուրքերի զոհերին հաշիվ չկար։

Թուրքական զորքը շարժվեց Ախալքալաք: Մաջադիա գյուղի մոտ, գետի ափին մայիսի 19-ին (հունիսի 1-ին) դիրքեր բռնած հայկական գնդի զինվորները, գյումբուրդացիները եւ մյուս գյուղերի զինված ուժերը չկարողացան դիմանալ թշնամու գրոհին եւ նահանջեցին դեպի Բակուրիան եւ Ծալկա...