...նաև Սպիտակ Եղեռն/1908 թ․ էկզեկուցիան Ջավախքի Գանձա, Մեծ եւ Փոքր Արագյալներ, Սաթխա գյուղերում եւ Վահան Տերյանի գործունեությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայերը Ջավախքում 1908 թ․ էկզեկուցիան Ջավախքի Գանձա, Մեծ եւ Փոքր Արագյալներ, Սաթխա գյուղերում եւ Վահան Տերյանի գործունեությունը

Արտյուշ Սանոսյան

Ջավախքցիների գողգոթան

1908 թ. էկզեկուցիան Ջսվսխքի Գանձս,
Սեծ և Փոքր Արագյսլներ, Սսթխա գյուղերում
և Վահան Տերյանի գործունեությունը


«Հայք»

թիվ 88

16 մայիսի 1997թ.


1908թ. ամռանը, հունիսի վերջերին սպանել էին Ախալքալաքի գավառի Սաթխայի գյուղական հասարակության Սաղամո թուրքաբնակ գյուղի չորս կալվածատերերից մեկին մեծահարուստ Ասլան֊աղային։ Ինչպես գրում է «Մշակ» թերթը («Մշակ» թիվ 149, հուլիսի 11), գավառի այդ հարուստ բեկերից մեկը բորչալվեցի երեք բեկերի հետ միասին Ախալքալաք քաղաքից Սաղամո վերադառնալիս ճանապարհին, Գանձա, Հեշտիա և Արագյալ գյուղերի միջև ընկած տարածքում հարձակման էր ենթարկվել Մաշադի-Ակոբի գլխավորած հնչակյան 5 հոգուց բաղկացած խմբի կողմից։ Սպանվում են Ասլան-աղան և նրա հյուրերը բորչալվեցի 3 բեկերը։ Չնայած թերթում, հասկանալի պատճառներով, հարձակումը բնորոշվում է որպես ավազակային, իսկ հարձակվող խումբը ավազակախումբ, սակայն իրականում միանգամայն հակառակն էր։ Ինչպես վկայում են ժամանակակից տեղաբնակները, Մաշադի-Ակոբի այդ ֆիդայական խումբը տարիներ շարունակ շրջում էր Ջավախքի լեռնաշխարհում և հայ գյուղացիներին պաշտպանում թուրք ավազակախմբերից և արժանանում էր տեղի հայության համակրանքին ու օժանդակությանը։ Ի դեպ, այդ ժամանակ նմանատիպ խումբ էր նաև ախալցխացի հայ խմբապետ Ասլան Ասլանյանի խումբը, որը նույնիսկ Ախալքալաքի գավառապետի կողմից զենք էր ստացել և արտոնություն հայտնի թուրք ավազակապետ էյիբին ու նրա ավազակախումբը ոչնչացնելու համար։ Որը և հայ խմբապետ Ասլան Ասլանյանը կատարել էր մեծ հաջողությամբ։

Ասլան-ադայի վախեցած որդիներն ու ազգականները միայն 40 գանձացի հեծյալների ուղեկցությամբ են գնում դեպքի վայրը։ Անձամբ դեպքի վայր է ժամանում նաև գավառապետ Մանդրիկինը և ոստիկանական քննություն կատարելով ձերբակալում գանձացիներ Արտաշես Պարիշյանցին, Աոդոմոն Խելառ-Սկոյանցին, յուզբաշուն, գյուղի մի խանութպանի, խանութպանի, մի քանի արագյալցու, հեշտիացի հանդապահին եւ ուրիշների։ Ձերբակալում են նաեւ խմբապետ Ասլան Ասլանյանին։ Ձերբակալվածները քննությունից հետո անմեղ ճանաչվելով, շուտով ազատ են արձակվում:

Գավառապետը, որպես պատժամիջոց, որոշում է վերոհիշյալ գյուղերը էկզեկուցիա ուղարկել։ Սովորաբար էկզեկուցիան տվյալ վայրը կամ վայրերը զորք ուղարկելը, տներում տեղավորելը, բնակիչների հաշվին կերակրելը, կատարվում էր իշխանությունների կողմից որեւէ կարգի ըմբոստություն (խռովություն եւ այլն) ճնշելու նպատակով։ Նշանակում է այս դեպքը գավառապետի կողմից դիտվել է որպես ըմբոստություն։ Դա պատահական չէր, որովհետեւ 1905–07թթ. հեղափոխության ազդեցության տակ, գանձացի, սաթխացի, արագյալցի գյուղացիները, որոնք մշակում էին սաղամոյի թուրք 4 աղաների ու բեկերի հողերը, հաճախակի էին ըմբոստանում նրանց դեմ բարձր պարհակների պատճառով (բահրան այն ժամանակ կազմում էր բերքի 1/3-ը), առանձնապես Մաշադի-Ակոբի խմբի անմիջական հովանավորությամբ եւ աջակցությամբ։

Հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանը, որ այդ ժամանակ գտնվում էր հայրենի Գանձա գյուղում, էկզեկուցիայի մասին 1908թ. հուլիսի 28–ին Ցոլակ Խանզադյանին հղած նամակում գրում է. «… Մեր գյուղը էկզեկուցիա են ուղարկում… Օգոստոսի 10-15-ին մտադիր եմ գնալ այստեղից… Մերոնք բոլորը հեռացել են գյուղից էկզեկուցիայի պատճառով։ Ես ու հայրս ենք։ Երկու կին ահից մեռել են, իսկ կազակները միայն վաղը դեռ պիտի գան գյուղ…»։ Իսկ օգոստոսի 9-ին Ալ. Ծատուրյանին գրում է. «… Այժմ մեր գյուղում այնպիսի խառը դրություն է, որ դժվարանում եմ ընդարձակ գրել, մեր գյուղը էկզեկուցիա են ուղարկել մի թուրք սպանելու պատճառով, թեեւ սպանողը մեր գյուղացիք չեն…»։ Հ. Կուսիկյանին օգոստոսի 12-ին գրած նամակից պարզվում է, որ նա ամբողջովին էկզեկուցիայով զբաղված լինելու պատճառով օգոստոսի 15-20-ը չի կարող գնալ (« … Մեր գյուղում էկզեկուցիա են արել, այնպես որ առայժմ չեմ կարող գալ մինչեւ ամսի 15-20-ը։ Գլուխս ամբողջովին զբաղված է այդ անիծյալ էկզեկուցիայով…») (Տես Վ. Տերյան, Երկերի ժող., հա. 3-րդ, Երեւան, 1963թ., էջ 209-211)։

Էկզեկուցիայի կապակցությամբ գրականագետ Մ. Սուքիասյանն իր գրքում («Էջեր Վահան Տերյանի կյանքից», Ե., 1959թ., էջ 220-221) գրում է հետեւյալը. «… Տեղական իշխանությանը չի հաջողվում բռնել սպանողներին, եւ քանի որ դեպքը տեղի է ունեցել չորս հայաբնակ գյուղերի Սաթխա, Գանձա, Մեծ ու Փոքր Արագյալների սահմաններում, նախ փորձում են ճնշում գործ դնել բազմամարդ բնակչությամբ լեցուն Գանձայի վրա։ Ոստիկանությունը գալիս պահանջում է իրեն հանձնել սպանողին։ Պահանջը մնում է անկատար։ Եվ ահա, 200 կազակ, յուրաքանչյուրը 2-ական ձիով, որպես էկզեկուցիա, տեղավորվում են հիշյալ գյուղերում, մեծ ավերածության մատնելով տեղացիների տնտեսությունը»։ Ս. Սուքիասյանի վկայությամբ, կազակները, բացի իրենց ուտելիքներից ու ձիերի կերից, նույնիսկ պահանջել են կանայք եւ աղջիկներ։ Որպեսզի այս բարբարոսություններին վերջ տրվի, հիշյալ գյուղերից ներկայացուցիչներ են գնում Գանձա Տեր-Սուքիասի (Վ. Տերյանի հայրը-Ա.Ս.) տունը եւ նրա իրավաբան որդուն Արամ Տեր-Գրիգորյանին խնդրում, որ նա գնա Թիֆլիս եւ բողոքի իրենց անունից։ Այդ ժամանակ, ինչպես վերեւում տեսանք, գյուղում էր նաեւ Վ. Տերյանը եւ մեծ քնարերգուն չէր կարող անտարբեր մնալ եւ իր եղբոր հետ միասին, ինչպես պարզվում է նրա նամակներից, իր ակտիվ մասնակցությունն է բերում էկզեկուցիայի վերացման գործին։

«Մշակի» 1908թ. օգոստոսի 6-ի համարում տպագրված Արամ Տեր-Գրիգորյանի հուլիսի 20-ի նամակից իմանում ենք, որ գավառում տարածված են եղել հերյուրանքներ, թե իբր գյուղացիները 1500 ռուբլի գումար են տվել Գանձա գյուղի հավատարմատար Արամ Տեր-Գրիգորյանին տվյալ գործով զբաղվելու համար, սակայն իրականում գումարը կազմել էր 100 ռուբլի, որը եւ 24 օրվա ընթացքում վերջինս ծախսել է միանգամայն օրինական ճանապարհով...

Ինչպես վկայում է իր հուշերում Ս. Սուքիասյանը, Արամ Տեր-Գրիգորյանի (ինչո՞ւ չէ, նաեւ Վ. Տերյանի-Ա.Ս.) եռանդուն ջանքերի շնորհիվ շատ շուտով անձամբ Գանձա է գալիս այն ժամանակվա Թիֆլիսի նահանգի նահանգապետ Լոզինո Լոզինսկին։ Թե երբ է նահանգապետը եղել Գանձայում, Սուքիասյանը չի գրում այդ մասին։ Այդ մասին մենք իմանում ենք «Մշակի» 1908թ. օգոստոսի 14-ի համարում հրապարակված հաղորդագրությունից, որով տեղեկացվում է, որ Ախալքալաքի գավառ է մեկնել Թիֆլիսի նահանգապետ Լ. Լոզինսկին, մեկ շաբաթ ժամկետով։ Եթե օգոստոսի 14-ին է նա դուրս եկել Թիֆլիսից, ապա հավանաբար ամսի 16-ին կամ 17-ին հասած կլինի Գանձա։ Գանձայում Տեր-Սուքիասի տանը նրան պատշաճ ընդունելություն է ցույց տրվում։ Նահանգապետը տեղեկանալով իրերի դրության մասին, անմիջապես կարգադրում է վերացնել երեք շաբաթ տեւած էկզեկուցիան։ Ի դեպ, ըստ Սուքիասյանի, էկզեկուցիան մոտ երկու շաբաթ է տևել։ Սակայն ճիշտը երեք շաբաթն է, որովհետև, ինչպես տեսանք Վ. Տերյանի Ց. Խանզադյանին գրած նամակից, այն սկսվելու էր հուլիսի 29-ին։ Եվ այն, ինչպես պարզվում է «Մշակի» օգոստոսի 14-ի հաղորդագրությունից, ավարտված կլինի օգոստոսի 17-ին կամ 18-ին։ Իսկ սաթխացի երկու ժամանակակիցներ այդ ժամկետը ավելի երկար են համարում. մեկը 4 ամիս, մյուսը ավելի երկար...