1943

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայրենի քաղաք Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (1943)

Վարդան Հակոբյան

Զինվորի այրու երգը
1943


Սովորական մի պատմություն.
հայրը եկավ՝
        Ձեռքը հատած,
        Ոտքը հատած,
Լրիվություն տեսանք միայն
Ժպիտներում,
        կարոտի մեջ,
        սպասումներում։
Մայրը որդուն անկյուն քաշեց՝
Լացն աչքերում,
Ու հեկեկաց ինչ-որ բաներ...
Որդին զգաց -
Այսուհետեւ պիտի այնպես
        այնպես քայլել,
Որ հայրիկը
Հանկարծ ոտքի պակաս չզգա.
Դժվարացավ քայլելն այդպես...
Այնպես պիտի փարվել նրա
Թոռնիկներին,
        Քույրիկներին,
Որ նա թեւի պակաս չզգա.
Դժվարացավ փարվե՜լն անգամ...
Անցնող օրվա շեղբը սուր էր,
Տարին ձեռքի,
        Ոտքի,
        Սրտի,
Ամբողջությա՛ն պակաս ուներ։