Jump to content

1988. «Մի-ա-ցում»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1988. «Մի-ա-ցում»
Արցախյան շարժումը և 1991 - 94 թթ. արցախահայության համաժողովրդական պատերազմը (1988-1994 թթ.)
Աղբյուր՝ Արիս Արսենի, Օր օրի, ժամ առ ժամ , Ստեփանակերտ, 2022, էջ 8-23։

1988. «ՄԻ-Ա-ՑՈՒՄ»[1]


Այո, արցախյան առաջին հանրահավաքների աոաջին և գլխավոր կարգախոսը դա էր, որովհետև հավատավոր արցախցին հավատում էր իր նվիրական իղձի իրականացմանը։
Հունվար-փետրվար ամիսներին մարզի հիմնարկ-ձեռնարկություններում, կոլտնտեսություններում ու պետտնտեսություններում տեղի են ունեցել կոլեկտիվների, սկզբնական կուսկազմակերպությունների ընդհանուր ժողովներ, ժողովրդական պատգամավորների գյուղական, ավանային, շրջանային ու քաղաքային խորհուրդների նստաշրջաններ, որոնցում աշխատավորության պահանջով քննարկվել է ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը։ Բոլոր կազմակերպություններում միաձայն որոշվել է հարցն արդարացիորեն լուծելու խնդրանքով դիմել վերադաս մարմիններին։ Կուսակցության քաղկոմների ու շրջկոմների բյուրոներն ու պլենումները ևս նույնանման որոշումներ են ընդունել։

ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը և ԽՄԿԿ Կենտկոմի ազգամիջյան հարաբերությունների ենթաբաժնի վարիչ Վ.Միխայլովը ընդունել են Արցախը Մայր-Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով հունվարի 5-ից 12-ը Մոսկվայում գտնվող արցախահայության երկրորդ պատվիրակությանը։ Փետրվարի 9-ից 17-ը Մոսկվայում գտնվող արցախահայության երրորդ պատվիրակությանը կրկին ընդունել է Վ.Միխայլովը։

Իսկ դրան զուգահեռ սկսել են նաև ադրբեջանական կողմի «լայնածավալ գործողությունները», հատկապես՝ պատմագրության ասպարեզում։ Որոշ «ականավոր» գիտնականներ ու ակադեմիկոսներ գրել ու տպագրել են մի շարք «արժեքավոր» աշխատություններ, որոնցով «պարզվում» է, որ Արցախի բնակչությունը ոչ թե հայեր են, այլ՝ աղվաններ, և նրանց վանքերն ու եկեղեցիներն էլ, բնականաբար, աղվանական են, ոչ թե՝ հայկական։ Օրինակ, Մարտակերտի շրջանում «կան» 18, Մարտունիում՝ 14, Հադրութում՝ 9, Ասկերանում՝ 6 «ալբանական» վանքեր ու եկեղեցիներ։

Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմն էլ իր հերթին ստեղծված իրավիճակում անում էր հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի ձայնը լռեցնելու համար։ Կուսակցության ԼՂ մարզկոմի աոաջին քարտուղար Բ. Կևորկովը փետրվարի 11-ին հավաքել է մարզի պատասխանատու աշխատողներին ու տեղեկացրել նրանց Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի տեսակետին, այն է՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը ԽՄԿԿ Կենտկոմում չի քննարկվում և չի քննարկվելու, իսկ մարզի աշխատավորների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություններին Մոսկվայում չեն ընդունել ու չեն ընդունելու։

Նույն օրը Ատեփանակերտ է ժամանել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովը, որպեսզի կանխի ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու շարժումը։ Կուսմարզկոմի բյուրոյում Վ. Կոնովալովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին անհրաժեշտ է մարզի բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում անցկացնել կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, ուր պիտի դատապարտվի շարժումը։ Նրան ուղեկցում էին Ադր. ԿԿ Կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մ. Ասադովը և Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Ն. Իմրանովը։

Այդպիսի ժողովներ փետրվարի 12-ին իրոք կայացել են Արցախի շրջաններում, սակայն, հակառակ Ադրբեջանի ղեկավարության ցանկության, պաշտպանվել է հայ ագգաբնակչության ձգտումը՝ մարզը Մայր Հայաստանի հետ վերամիավորելու վերաբերյալ, իսկ շրջկենտրոններում ու մայրաքաղաքում ավելի տարերայնորեն են դարձել աշխատավորների հանրահավաքներն ու երթերը։

Նույն օրը Ստեփանակերտ՝ Վ. Կոնովալովին օգնության են շտապել Ադր. ԿԿ Կենտկոմի քարտուղարներ Թ. Օրուջևը և Ռ. Մեհթիևը։

ՓԵՏՐՎԱՐԻ 13. Առավոտյան ժ. 11։00-ին Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակում՝ կուսմարզկոմի շենքի առաջ, տեղի է ունեցել քաղաքի աշխատավորների մոտ մեկ ու կես ժամ տևած հանրահավաքը, որի ընթացքում պահանջվել է ԼՂԻՄ-ը վերամիավորել Հայաստանի հետ, վանկարկվել են կարգախոսներ՝ ի աջակցություն վերակառուցման, հրապարակայնության, ժողովուրդների բարեկամության, Մ.Գորբաչովի և լենինյան ազգային քաղաքականության։ Դրան ի պատասխան՝ նույն օրը Ստեփանակերտ է ժամանել ներքին զորքերի մեկ դիվիզիա՝ գեներալ-մայորներ Գրիգորևի և Սաֆոնովի հրամանատարությամբ։

Ստեփանակերտում ու շրջկենտրոններում փետրվարի 15-ին կրկին հանրահավաքներ ու ցույցեր են կայացել, որոնց ընթացքում պահանջվել է հրավիրել ժողովրդական պատգամավորների խորհուրդների նստաշրջաններ։ Նույն օրը կայացել է Ստեփանակերտի քաղխորհրդի, Ասկ երանի, Հադրութի, Մարտակերտի ու Մարտունու շրջխորհուրդների նստաշրջաններ, ուր ընդունվել են ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու մասին որոշումներ։

Ադրբեջանի ղեկավարությունը Ստեփանակերտ և մարզի շրջաններ է մտցրել միլիցիայի լրացուցիչ ուժեր՝ մարզին հարակից ադրբեջանաբնակ շրջաններից, ինչն էլ տեղի է տվել մարզի աշխատավորների արդարացի բողոքին։ Ահավասիկ՝

ՓԵՏՐՎԱՐԻ 16. Վաղ առավոտից քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունների բանվորները, լքելով իրենց աշխատատեղերը՝ հավաքվել են կենտրոնական հրապարակում (մինչ այդ, հանրահավաքներն անց էին կացվում աշխատանքային օրն ավարտվելուց հետո միայն)։ Հանրահավաքի թիվ մեկ պահանջը ժողպատգամավորների մարգային խորհրդի նստաշրջանի հրավիրումն է, ուր պիտի վերջնականապես քննարկվի մարզը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը։ Հրապարակում հավաքվածները երեկոյան չեն ցրվել, ոչ ոք չի շտապել տուն, հանրահավաքն անընդմեջ շարունակվել է մինչև մարտի 2-ը։ Գիշեր ու ցերեկ՝ վանկարկվել է «Պահանջում ենք», «Միացում», «Հայաստան»՝ արցախահայության այդ օրերի ամենանվիրական բառերը։

ՓԵՏՐՎԱՐԻ 19. Հրապապակվել է Ազերինֆորմի հաղորդագրությունն այն մասին, որ ԽՄԿԿ Կենտկոմում տարածքային ոչ մի հարց չի քննարկվել ու չի քննարկվելու։

ՓԵՏՐՎԱՐԻ 20. Ստեփանակերտ է ժամանել Ադր. ԿԿ Կենտկոմի աոաջին քարտուղար Ք. Բաղիրովը՝ Ադր. ԿԿ Կենտկոմի բյուրոյի մի քանի անդամների և ԽՄԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատող Վ. Յաշինի ուղեկցությամբ։

Լենինի հրապարակում ու մերձակա փողոցներում հավաքված մարդկանց թիվն անցնում էր մոտ 70 հազարից։ Սակայն ժողովրդի պահանջը՝ հրավիրել մարզային խորհրդի նստաշրջան և ընդունել մարդկանց իղձերն արտահայտող որոշում՝ արժանացել է մերժման, ինչը դրդել է նրանց գործադուլ հայտարարել։

Ք. Բաղիրովի նախագահությամբ կայացել է կուսմարզկոմի բյուրոյի նիստ, ուր նա համառորեն ձգտել է հաստատել տալ Բաքվից իր հետ բերած որոշման նախագիծը, բայց մարզկոմի բյուրոյի անդամները չեն համաձայնվել ու նախագիծը չի ընդունվել։

Նախօրոք հայտարարված ժամը 16։00-ի փոխարեն, ծայր աստիճան դժվարին պայմաններում, ժողպատգամավորների ԼՂ մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը ժամը 20։00-ին սկսել է իր աշխատանքը. 149 ժողպատգամավորներից մասնակցել են 110-ը։ Նստաշրջանը որոշել է. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցկացնելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ–ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցկացնելու հարցի դրական լուծման մասին»։

ՓԵՏՐՎԱՐԻ 21. Հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին» որոշումը, որով արցախահայերն անվանարկվել են «ազգայնամոլներ», «ծայրահեղականներ» և նման այլ պիտակներով։

Կեսօրից հետո տագնապալի լուրեր են ստացվել մարզին հարակից ադրբեջանաբնակ շրջաններում տեղի ունեցող հայերի հալածանքների ու ջարդերի, հայերին պատկանող փոխադրամիջոցների վրա կատարված հարձակումների մասին։

ՓԵՏՐՎԱՐԻ 22. Ատեփանակերտ են ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածուներ, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի աոաջին տեղակալ Պ. Դեմիչևը, որոնց մասնակցությամբ Ստեփանակերտում անց է կացվել մարզի կուսակական-տնտեսական ակտիվի ժողով, ուր քննարկվել է ԽՄԿԿ Կենտկոմի փետրվարի 21-ի որոշումը։ Բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ արցախյան շարժման մասին ԽՄԿԿ Կենտկոմի գնահատականներն օբյեկտիվ չեն և պահանջել են խորապես ուսումնասիրել այն։ Ժողովին չեն կարողացել մասնակցել Ասկերանի և Մարտակերտի շրջանների ներկայացուցիչները, քանի որ ադրբեջանցիների կողմից խափանված էր տրանսպորտային հաղորդակցությունը։

Առավոտյան Աղդամի շրջանի տարածքից մի խումբ «քաղաքակիրթ» ադրբեջանցիներ իրենց շուրջն են համախմբել մոտ ութ հազար մարդ, որոնք արշավել են դեպի Ասկերանի շրջան՝ «կարգուկանոն հաստատելու» համար[2]։ Եվ ստացել արժանի հակահարված։

ՓԵՏՐՎԱՐԻ 23. Տեղի է ունեցել կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումը, աշխատանքում տեղ գտած լուրջ թերությունների համար Բ. Կևորկովին ազատել են կուսմարզկոմի աոաջին քարտուղարի պաշտոնից։ Կուսմարզկոմի աոաջին քարտուղար է նշանակվել Հ. Պոդոսյանը։ Պլենումի արդյունքների մասին, հարյուր հազարանոց հանրահավաքի մասնակիցների աոաջ, հաղորդումով հանդես է եկել մարզկոմին աոընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Վ. Հարությունյանը։ Ցանկացել է ելույթ ունենալ նաև Ք. Բաղիրովը, սակայն ցուցարարները լռեցրել են նրան։

ՓԵՏՐՎԱՐԻ 24. Հանրահավաքներն ու գործադուլը շարունակվել են։

ՓԵՏՐՎԱՐԻ 25. «Պրավդա», «Իզվեստիա», կենտրոնական այլ թերթերում տպագրվել են արցախյան իրադարձությունները ոչ ճշմարտացիորեն արտացոլող հոդվածներ, որոնք տեղի են տվել մադկանց արդարացի դժգոհությանը:

ՓԵՏՐՎԱՐԻ 26. Ժամը 12։00-ին Ադրբեջանի հեռուստատեսությամբ հանդես է եկել Գ. Ռազումովսկին և ընթերցել Մ. Գորբաչովի դիմումը Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին ու աշխատավորներին։

ՓԵՏՐՎԱՐԻ 27. Ստեփանակերտ է ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Կ.Բրուտենցը, «Նորություններ» մամուլի գործակալության նախագահի տեղակալ Կ. Խաչատուրովը և ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիգմ-լենինիզմի ինստիտուտի տնօրենի տեղակալ Մ. Մչեդլովը։

ՓԵՏՐՎԱՐԻ 27-29. Սումգայիթում կազմակերպվել է հայերի ցեղասպանություն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 26, վիրավորվել՝ 400 հայ, թալանվել է 200 բնակարան։ Երկրի ղեկավարությունը եղեռնագործության միայն երրորդ օրն է զորք մտցել Սումգայիթ և դադարեցրել հետագա արյունահեղությունը։

ՓԵՏՐՎԱՐԻ 29. Պ. Դեմիչևը կրկին ժամանել է Ստեփանակերտ և...

...Այստեղ ընդհատենք ժամանակագրությունը, որովհետև ինչքան հավաստիացումները շատացել են, այնքան ավելի լկտիորեն են գործել մեր հակառակորդները։ Սումգայիթում կատարված հրեշավոր գործողությունների մասին ստացված առաջին տեղեկություններն ահավոր էին։ Բայց... մեծահոգի արցախցին ցուցաբերել է հերթական... մեծահոգությունը՝ մարտի 2-ին շնորհավորական հեռագիր է ուղարկել Մ. Գորբաչովին՝ ծննդյան օրվա առթիվ, դադարեցրել գործադուլն ու կրկին սպասել իր պահանջի արդարացի լուծմանը, իսկ ժողովրդի հետագա պայքարն աո֊աջնորդելու համար ընտրվել է «Կռունկ» կոմիտեն։

Ստեփանակերտում սուգ է հայտարարվել Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի առթիվ։ Եղբայրական գերեզմանոցում կանգնեցվել է հուշաքար, բայց և այնպես, շարունակվել են հանրապետության ղեկավար մարմինների ներկայացուցիչների այցելությունները, որոնց ընթացքում կրկին փորձ է արվել պարտադրել իրենց կամքը և ձգտումը՝ ղարաբաղյան հարցը քաղաքական ասպարեզից տեղախոխել սոցիալ-տնտեսական ոլորտ։

Սակայն բոլոր հանձնաժողովներն էլ՝ թե՛ հանրապետական և թե՛ միութենական, ձեռնունայն են մեկնել Ստեփանակերտից. ամեն անգամ նրանց դեմ-հանդիման հառնել են արցախցու անկոտրում ոգին ու մշտնջենական պահանջը՝ «Միացում»։ Արցախյան իրադարձությունները շարունակվել են խեղաթյուրվել մամուլում, հատկապես՝ կենտրոնական, ուր տպագրվում էին կազիմիրովյան «նրբանկատությամբ» լեցուն ադրբեջանահաճո հոդվածներ, որոնք ավելի էին շիկացնում առանց այն էլ լարված մթնոլորտը, տեղի տալիս բողոքի նոր ցույցերի ու գործադուլների, արգելվել է «Կռունկ» կոմիտեն, չարտոնված հանրահավաքների ու ցուցերի անցկացումը։ Սակայն այդքանը՝ հանրապետության ղեկավարության կողմից։ Արցախցին շարունակել է կրել իր խաչը, մինչև...

ԱՊՐԻԼԻ 2. Ադրբեջանաբնակ Խոջալու գյուղի բնակիչները ջարդել են քաղաքացի Սարգսյանի ավտոմեքենան ու հասցրել նրան մարմնական վնասվածքներ։
Կամ՝

ԱՊՐԻԼԻ 3. «Մոսկովսկիե նովոստի» թերթի թիվ 14-ում տպագրվել է մեծանուն գիտնական և հումանիստ, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հոդվածը։

Ահա, այսպիսի հակասական պայմաններում շարունակվել է կյանքը։ Մարդիկ աստիճանաբար վերադարձել են աշխատանքային նորմալ ռիթմին, հրավիրվել են կուսմարզկոմի բյուրոյի նիստեր, քննարկվել երկրի ղեկավարության որոշումներն ու մարզի կուսկազմակերպության անելիքները, քաղաքակիրթ նամակներ հղվել գերագույն ատյաններ, սակայն պատկերը մշտապես մնացել է նույնը՝ չի լուծվել արցախցիների պահանջը, ավելին՝ շարունակվել են ադրբեջանցիների կողմից անօրինական գործողությունները։

ՄԱՅԻՍԻ 5. Շուշի քաղաքում ադրբեջանցիները դաժանորեն ծեծել են պատանի Վիտալի Պետրոսյանին, որը 4 օր անց ստացված վերքերից մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ՄԱՅԻՍԻ 6. Ստեփանակերտ քաղաքում քաղաքացի Թ.Աբասովը կատարել է խուլիգանական արարք, կոտրել է քաղաքացի Ռ.Զաքարյանին պատկանող ավտոմեքենայի ապակին և մարմնական վնասվածքներ հասցրել նրան ու Ա. Դանիելյանին։ Փաստի առթիվ հարուցվել է...

Եվ՝ վերջ։ Դրանով էլ սահմանափակվել է օրինապահների գործունեությունը։ Միայն թե՝ մարդիկ իմանան, որ «հարուցված է», որ տարվում է «հետաքննություն»։ Եվ՝ վերջ։
Շարունակվել է դիմումների ու նամակների հոսքը հանրապետական ու կենտրոնական իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններ, ուր ներկայացվել էր իրականության ճշմարտացի պատկերն ու խնդրվել հասկանալ «ինչպես որ է», սակայն դրանք միշտ էլ հնչել են որպես «ձայն բարբառո հանապատի»։

ՀՈՒՆԻՍԻ 9. ԽՄԿԿ Կենտկոմ են հրավիրվել կուսմարզկոմի աոաջին քարտուղար Հ. Պողոսյանը, Հայաստանի և Ադրբեջանի ԿԿ ԿԿ աոաջին քարտուղարներ Ս. Հարությունյանն ու Ա. Վեզիրովը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու համար, սակայն մարզում այդպես էլ հայտնի չէր, թե ինչ որոշում է ընդունվել այդ հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկումների արդյունքում։

Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ նախագահությունը և Հայկական ԽՍՀ ԳԽ 7-րդ նստաշրջանը հունիսի 13-ին ու 15-ին քննարկել են ԼՂ մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանի՝ մարզը Ադր. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մեջ անցկացնելու համար միջնորդության խնդրանքը և ընդունել իրարամերժ որոշումներ։

Ու շարունակվել են հայերի նկատմամբ անօրինական արարքները մարզի հարակից ադրբեջանաբնակ շրջաններում։ Դրանք տեղի են տվել մարդկանց արդարացի դժգոհությանը, ինչն էլ կրկին բանվորներին կտրել է աշխատատեղերից... Կրկին՝ գործադուլ, բողոքի բազմահազարանոց ցույցեր, երթեր, հանրահավաքներ...

Կրկին պահանջվել է գումարել ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան։ Հունիսի 21-ին կայացած նստաշրջանը նախ իր անհամաձայնությունն է հայտնել Ադր. ԽՍՀ ԳԽ նախագահության հունիսի 13-ի և ԳԽ 7-րդ նստաշրջանի հունիսի 17-ի ընդունած որոշումներին, խնդրել կրկին անդրադառնալ հարցին՝ ճիշտ և արդարացի որոշման հանգելու համար։

Նստաշրջանը խնդրել է ԽՍՀՄ ԳԽ նախագահությանը՝ մինչև ԼՂԻՄ-ի հարցի վերջնական ու դրական լուծումը, մարզը ժամանակավորապես դուրս բերել Ադր. ԽՍՀ կազմից և դնել կենտրոնական ենթակայության տակ։

Նստաշրջանը միաժամանակ հեռագրել է Մ. Գորբաչովին, ուր հավանություն է տրվում երկրի ղեկավարի կողմից վարվող վերակառուցման քաղաքականությանը։ Ու թեև հեռագրի մեջ նշվեք է, որ որոշվել է վերջ տալ գործադուլներին, այնուամենայնիվ, դրանք շարունակվել են, ուղեկցվելով ցույցերով ու հանրահավաքներով։

ՀՈՒՆԻՍԻ 28. ԽՄԿԿ 19-րդ համամիութենական կոնֆերանսի բացման օրը Ստեփանակերտի մի շարք ձեռնարկությունների շատ բանվորներ վերադառնալով աշխատանքի՝ հույս են փայփայել, որ գոնե այս անգամ «վերևներում» կանսան ժողովրդի ձայնին, բայց հուսախաբված զգալով իրենց՝ միացել են գործադուլավոր ընկերներին։

ՀՈՒԼԻՍԻ 12. Գումարվել է ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային խորհրդի 20-րդ գումարման 8-րդ նստաշրջանը, ուր հռչակվել է ԼՂԻՄ-ի դուրս գալը Ադր. ԽՍՀ կազմից և մարզը վերանվանվել է Արցախի հայկական ինքնավար մարզ։

ՀՈՒԼԻՍԻ 18. Կայացել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ, ուր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը, սակայն վերջնականապես լուծել այն՝ կրկին անգամ չի հաջողվել։ Նիստի ընթացքում որոշվել է Լեռնային Ղարաբաղ ուղարկել ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ ԳԽ նախագահության ներկայացուցիչներ, որոնք ընդունված որոշումներն անվերապահորեն կատարելու համար սերտորեն կհամագործակցեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

ՀՈՒԼԻՍԻ 27. ԽՄԿԿ Կենտկոմը և ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը ընդունել են նոր որոշում Լեռնային Ղարաբաղի մասին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ ԳԽ նախագահության ներկայացուցիչ է նշանակվել ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ Արկադի Վոլսկին։

Ա. Վոլսկին նույն օրը ժամանել է Ստեփանակերտ։ Ադրբեջանցիները, սակայն,շարունակել են առաջ տանել իրենցը։ Ավելին, նրանք խուլիգանական արարքներին զուգընթաց հեռագնա նպատակներ հետապնդող գործողությունների են ձեռնամուխ եղել, օրինակ, մարզի ադրբեջանաբնակ գյուղերի արագ կառուցապատում, Ղարաբաղում Հայաստանից փախած ադրբեջանցիների, մեսխեթցի թուրքերի վերաբնակեցում և այլն։

Այդուհանդերձ, ժողովուրդը ետ չկանգնելով իր արդար պահանջից, ձգտել է վերականգնել աշխատանքային բնականոն ռիթմը, ապրել նորմալ կյանքով, բայց միշտ սպասողական վիճակում, միշտ՝ լարված։ Այդպես է անցել օգոստոսը, իսկ աշնանը կրկին սրվել է իրավիճակն ու մինչև տարեվերջ շարունակ մնացել լարված։

Դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժն անասելի ուժով ու անդառնալիորեն բազմապատկել է երիցս տառապած հայ ժողովրդի մեծ ցավը։ Հազարավոր մարդիկ մնացել են անապաստան, շատ-շատերը հարազատներին ու մոտիկներին են կորցրել, րայց, այնուամենայնիվ, անկոտրում է մնացել հայ ոգու ուժը և՝ անպարտելի՛...


  1. ↑ ՕՐ ԱՌ ՕՐ, ՈԳԻ ԱՌ ՈԳԻ (1988-1998, համառոտ արձանագրություններ), 1988. «Մի-ա-ցում», «Մարտիկ» շաբաթաթերթ (ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնաթերթ), 14 - 20 հունվարի 1998 թ., No 3 (248), էջ 4-5,
  2. ↑ Աղդամից ադրբեջանական գրոհ Ասկերանի ուղղությամբ. 1988-ի փետրվարի 22