1989. «Արդար պահանջ, ոչ մի նահանջ»
1989.«ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋ, ՈՉ ՄԻ ՆԱՀԱՆՋ»[1]
Թեև հարարերական լարվածությունն անընդհատ իրեն զգացնել էր տալիս, այս հունվարին համեմատաբար որոշ առաջընթաց է արձանագրվել։ Նախ, մարզում «Ամարաս» բարեգործական ընկերության ստեղծման համար կազմկոմիտեի ձևավորումը որոշ չափով առաջադիմական քայլ էր, քանի որ ստեղծված պայմաններում մարդկանց բարոյապես, ինչու չէ՝ նաև նյութապես աջակից լինելն արդեն ժամանակի պահանջ էր։ Եվ երկրորդ՝ ԼՂԻՄ-ում կառավարման հատուկ ձև մտցնելու հանգամանքը։
ՀՈՒՆՎԱՐԻ 12. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության[2] հրամանագրով[3] ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ ձև։
ՀՈՒՆՎԱՐԻ 15. Ստեփանակերտի Հուշահամալիրում բացվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի Հայոց մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը[4] (գործ՝ քանդակագործ Արմեն Հակոբյանի)։
ՀՈՒՆՎԱՐԻ 20. ԼՂԻՄ-ում իր գործունեությունն է սկսել Հատուկ կառավարման կոմիտեն[5] (նախագահ՝ Արկադի Իվանովիչ Վոլսկի, անդամներ՝ Մ. Միշին, Վ. Սիդորով, Մ. Կուպրև, Վ. Պլիսով, Ս. Բաբայան, Վ. Թովմասյան, Վ. Ջաֆարով[6])։
Տեղում ծանոթանալով իրադրությանը, Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին հունվարի 26-ին մեկնել է Բաքու, հանդիպում ունեցել Ադր. ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂԻՄ-ում իրադրության նորմալացման և ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարմանն առնչվող հարցերը։
Հունվարի 26-ին Արկադի Վոլսկին մեկնել է Երևան և հանդիպել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հետ։ Նա Ղարաբաղի ժողովրդի անունից կրկին անգամ վշտակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդին՝ տեղի ունեցած ահավոր երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր է խլել։ Այնուհետև Ա. Վոլսկին ներկայացրել է Հատուկ կառավարման կոմիտեի հիմնական նպատակներն ու խնդիրները, հույս հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ սերտ կապեր կստեղծվեն երկու հանրապետությունների և Հատուկ կառավարման կոմիտեի միջև։
Կառավարման հատուկ ձև մտցնելն Արցախում, իրոք, ժամանակի առաջադիմական քայլերից մեկն էր։ Հայաստանի հետ փաստացի միավորվելը քանի դեռ հնարավոր չէր՝ ժողովուրդն ըմբռնումով էր մոտենում կոմիտեի գործունեությանը, նշմարվում էր հույսի որոշակի նշույլ, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։
Իսկ մինչ այդ, զգալի էին համագործակցության առաջին քայլերը. ԽՍՀՄ մամուլի պետական կոմիտեի թիվ 30 հրամանով հունվարի 27-ից Ատեփանակերտում արդեն գործում էր ԼՂՀ տարածքային խմբագրահրատարակչական միավորումը, հունվարի կեսերին Ստեփանակերտ է ժամանել ԽՍՀՄ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Վ. Բակատինը և որոշվել է ներքին գործերի ԼՂ մարզային վարչությունը օպերատիվ կերպով ենթարկեցնել ԽՍՀՄ ՆԳ նախարարությանը։
Բայց կառավարման հատուկ ձև մտցնելով՝ մարզում դադարեցվել է տեղական իշխանության մարմինների գործունեությունը, ինչն էլ տեղիք է տվել ժողովրդի արժանի դժգոհությանը։
ՓԵՏՐՎԱՐԻ 13. Արցախում մեկօրյա գործադուլ է հայտարարվել Ղարաբաղյան շարժման ակտիվիստների ազատ արձակման և ԼՂ մարզային խորհրդի իրավասությունների վերականգնման պահանջով։
ՓԵՏՐՎԱՐԻ 16. Հրապարակվել է Հայաստանի նախարարների խորհրդի տեղեկագիրը, ըստ որի՝ գաղթականների թիվը հասել է 166 հազարի։ Շարունակվել է գաղթականների հոսքը Ադրբեջանից։
ՓԵՏՐՎԱՐԻ 19. Երևանում մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ Իգոր Մուրադյանի (բանտարկյալ) պաշտպանության կոմիտե։
ՓԵՏՐՎԱՐԻ 26. Ստեփանակերտում ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Ա. Վոլսկու մասնակցությամբ կատարվել է Սումգայիթի եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացումը։
ՄԱՐՏԻ 2. ժնևում ոչ-կառավարական կազմակերպությունները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբին՝ Երևանում, Մոսկվայում և Կիբովաբադում բանտարկված արցախյան շարժման ղեկավարներին ազատ արձակելու խնդրանքով։
ՄԱՐՏԻ 6-15. Արցախահայությունը գործադուլ է հայտարարել և պահանջել, որ Հատուկ կառավարման կոմիտեն իր անելիքների ու արածի մասին պարբերաբար զեկուցի ժողովրդին, վերջ տա Արցախի ժողովրդական տնտեսությունը կրկին Ադրբեջանին կապելու փորձերին, թույլ տա ժողովրդին ընտրել իր ցանկացած թեկնածուներին, վերջ տա պարետային ժամին։
Հայկական ԽՍՀ պետական աղբյուրների համաձայն, Ադրբեջանից գաղթած հայերի թիվը մարտի վերջին կազմել է շուրջ 168 հագար 408 մարդ։
ՄԱՐՏԻ 26. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների ընթացքում Արցախից ժողովրդական պատգամավորներ են ընտրվել Արկադի Վոլսկին, Զորի Բալայանը, Հենրիկ Պողոսյանը, Վաչագան Գրիգորյանը, Վահան Գաբրիելյանը, Բորիս Դադամյանը և Վագիֆ Ջաֆարովը։
ԱՊՐԻԼԻ 23. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ ապրիլի 24-ը հայկական ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հայտարարվել։ Իսկ ներքին գործերի նախարարությունը ծանուցել է, որ Երևանի քաղաքային խորհուրդը արգելում է ապրիլի 24-ին որևէ հանրահավաք կամ ցույց անցկացնել։
ԱՊՐԻԼԻ 24. ժողովուրդը կրկին շարժվել է դեպի Ծիծեռնակաբերդի հուշակոթող՝ պարզելով եռագույն դրոշն ու Հայաստանի Հանրապետության զինանշանը։
ՄԱՅԻՍԻ 1. Հարյուր հազարանոց ցույց է տեղի ունեցել Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակման և Ղարաբաղը Հայաստանի հետ անհապաղ վերամիավորելու պահանջով։
ՄԱՅԻՍԻ 2. Արցախահայությունը կրկին դիմել է ընդհանուր գործադուլի՝ պահանջելով ԼՂՒՄ-ը վերամիավորել Հայաստանի հետ, վերացնել պարետային ժամը, դադարեցնել ադրբեջանցիների կողմից սկսված շինարարական աշխատանքները։
ՄԱՅԻՍԻ 27. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունել 1918 թվականի մայիսի 28-ը հայտարարել Հայոց պետականության վերականգնման օր, իսկ եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն) այդ պետականությունը խորհրդանշող ազգային դրոշ։
ՄԱՅԻՍԻ 28. Պահանջվել է չեղյալ հայտարարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը և Կոմունիստական կուսակցության՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության նկատմամբ ընդունած 1926 թվականի որոշումը, որով Դաշնակցությունը որակվել է իբրև «ցեղապաշտ և ֆաշիստական կուսակցություն»։
Մայիսի վերջին օրերին ագատ արծակվել ու Երևան են վերադարձել «Ղարաբաղ» կոմիտեի անդամները։
Հունիսի առաջին օրերին շարունակվել է արցախահայության համընդհանուր գործադուլը։
ՀՈՒՆԻՍԻ 9. ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարը մերժել է Հայաստանի և Արցախի պատգամավորների Արցախում հանրաքվե անցկացնելու առաջարկը։
ՀՈՒՆԻՍԻ 17. Երևանում տեղի է ունեցել «Հայոց համազգային շարժման» հիմնադիր ժողովը, ընտրվել է համագումարի նախապատրաստության խումբ, որի մեջ ընդգրկվել են գլխավորապես «Ղարաբաղ» կոմիտեի անդամները։
ՀՈՒՆԻՍԻ 20. Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում 22 հոգի դիմել են նստացույցի՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին, պարետային ժամի վերացումը և Արկադի Աանուչարովի ազատ արձակումը։
ՀՈՒՆԻՍԻ 30. Արցախում հիմնադրվել է «Միացում» ժողովրդական շարժում-կազմակերպությունը, որը փաստորեն մտնում է Հայոց համազգային շարժման կառուցվածքի մեջ։
Հուլիսի առաջին օրերին Հայաստանից Արցախ մեկնող ավտոմեքենաները անընդհատ հարձակման են ենթարկվել, իսկ Արցախում շարունակվել է համընդհանուր գործադուլը։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովը, որը պիտի Արցախ ժամաներ իրադրությունը տեղում ուսումնասիրելու համար, շարունակում էր ուշանալ։ Արցախում ադրբեջանական զինված խմբերը կրկին իրենց գործողություններով ձգտել են ազգամիջյան բախումների, որոնցից մեկը հուլիսի 5-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում զինվորականների կողմից կանխվել է։
Բայց, այնուամենայնիվ, հուլիսի 6-ի գիշերը նրանք հասել են իրենց նպատակին՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասում հրդեհելով հայերին պատկանող մի քանի առանձնատներ։ Իսկ ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն, իբր Կրկժանում ադրբեջանցիներն են ենթարկվել հարձակման, որն ավելի է բորբոքել կրքերը։
Ավելին՝
ՀՈՒԼԻՍԻ 12. Շուշի քաղաքում ադրբեջանցիները հարձակվել են հայերին պատկանող մի բնակարանի վրա ու ծեծել տանտերերին։
ՀՈՒԼԻՍԻ 16. Բաքվում տեղի է ունեցել հակահայկական հանրահավաք, որից հետո ցուցարարները հարձակվել են հայերի բնակարանների վրա։
ՀՈՒԼԻՍԻ 18. ԼՂԻՄ և հարակից շրջանների հատուկ դրության շրջանի զինվորական պարետ, գնդապետ Մուսաթովին փոխարինելու համար Ստեփանակերտ է ժամանել գեներալ-մայոր Սաֆոնովը։
ՀՈՒԼԻՍԻ 26. Շահումյանի (Հյուսիսային Արցախ) շրջանային խորհուրդը ԼՂԻՄ-ի հետ վերամիավորվելու մասին որոշում է ընդունել։
Դրության նորմալանալու միտում, սակայն, մինչև հուլիսի վերջը չի նկատվել։
Օգոստոսը ևս լարված էր ու անհանգիստ։ Ադրբեջանցիների կողմից շարունակվել է ԼՂԻՄ-ի շրջափակումը, Բաքվում ադրբեջանցի խաժաճուժները հարձակվել են Խուտորի հայ ազգաբնակչության վրա։
Երևանում 30 հազար հայեր են մասնակցել «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքին, ուր քննարկվել է Արցախի կացությունը և «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման փակման հարցը։
Ստեփանակերտում լույս է ընծայվել «Միացում» ժողովրդական շարժման «Միացում» տեղեկագրի անդրանիկ համարը։
Ամիսն ավելի հատկանշական էր նրանով, որ ընտրվել է Արցախի ազգային խորհուրդը (նախագահ՝ Վ. Գրիգորյան, տեղակալներ՝ Վ. Աթաջանյան և Վլ. Թովմասյան)։
ՕԳՈՍՏՈՍԻ 23. Ընդառաջելով Ազգային խորհրդի կոչին՝ Արցախի հայությունը դադարեցրել է մայիսի 3-ից սկսված գործադուլը։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Զինված ադրբեջանցիները, մոտ 1000 հոգի, Աղդամից շարժվել են դեպի Ասկերան։ Խառնամբոխը ետ է շպրտվել։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4. Արցախի Ազգային խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, խնդրելով հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար զինված ուժեր մտցնել տարածաշրջան։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1. Հայերի կողմից շրջափակման են ենթարկվել Շուշին ու Քելբաջարը։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի վերաբացված թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցել է առաջին պատարագը։
...Իսկ Հայաստանի ու Արցախի շրջափակումը շարունակվել է, Բաքվում և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում անընդհատ արձանագրվել են հայ ազգաբնակչության վրա հարձակումների բազմաթիվ դեպքեր։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովն էլ իբր իր պարտականություններն է «կատարել» Արցախի հարցի քննարկման ուղղությամբ, ընդունվել են որոշումներ, որոնք, սակայն, անգործունակ են գտնվել։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. Վերացվել է Հատուկ կառավարման կոմիտեն և Արցախում վերականգնվել է ադրբեջանական իշխանությունը։
...Բայց նման փաստի հետ Արցախի ժողովուրդը ոչ մի կերպ չէր կարող համակերպվել: Եվ տեղի է ունեցել անխուսափելին`
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստում հայտարարվել է Միացյալ Հայկական Հանրապետություն:
- ↑ ՕՐ ԱՌ ՕՐ, ՈԳԻ ԱՌ ՈԳԻ (1988-1998, համառոտ արձանագրություններ), 1989. «Արդար պահանջ, ոչ մի նահանջ», «Մարտիկ» շաբաթաթերթ (ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնաթերթ), 21 - 27 հունվարի 1998 թ., No 4 (249), էջ 4,
- ↑ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նիստը
- ↑ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1989 թվականի հունվարի 12-ի հրամանագիրը Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կառավարման հատուկ ձև սահմանելու մասին
- ↑ Մեր ցավն ու հույսը
- ↑ Հրանտ Աբրահամյան, ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի ձախողումը
- ↑ Հատուկ կառավարման կոմիտե (ԼՂԻՄ)