1990. «Պայքար, պայքար՝ մինչև վերջ»
1990. «ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»[1]
ժողովուրդը երբեք մտադիր չէր ետ կանգնել իր նախնընտրած ճանապարհից։ Նահանջել՝ երբեք, և քայլ առ քայլ առաջանալով այդ տառապալից ճանապարհով, գնում էր առաջ՝ այնտեղյակ սպասվող որոգայթներին ու դավերին։ Գնում էր իր արդար պահանջով, «մահ կամ ազատությունն» աչքերի մեջ առած և զգում էր, որ այդ երթն անվերջ է, այդ պայքարը հարատև...
...Նոր տարին կրկին արյունով է սկսվել:
ՀՈՒՆՎԱՐԻ 2. ԽՍՀՄ ՆԳՆ կուրսանտի գնդակի զոհն է դարձել Արցախյան շարժման ակտիվ մասնակից, քանդակագործ Արմեն Հակոբյանը:
ՀՈՒՆՎԱՐԻ 13-19. Բաքվում, մեկ շաբաթ շարունակ, հայ ժողովրդի այդ հատվածի` բաքվաբնակ հայության նկատմամբ սպանդ է իրականացվել: Բաքվից, Կասպից ծովով, Հայաստան ու Հյուսիսային Կովկաս են տեղափոխվել անմարդկային խոշտանգումների ենթարկված գաղթականների քարավանները:
ՀՈՒՆՎԱՐԻ 20. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով Բաքվում արտակարգ դրություն է հայտարարվել և մտցվել սահմանափակ քանակությամբ զինված ուժ, ինչով էլ կանխվել է հետագա արյունահեղությունը, թեև ադրբեջանցիներն արդեն արել էին իրենց սև գործը բաքվաբնակ հայության նկատմամբ: (Ակամա մտաբերում ես ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի` դեռևս Արցախյան համաժողովրդական շարժման առաջին օրերին արտահայտած միտքը, որ ասես հրահանգի պես էր հնչում` «Իսկ դուք չե՞ք մտածում Բաքվում ապրող 200 հազար հայերի մասին»):
ՀՈՒՆՎԱՐԻ 27. Ստեփանակերտ է ժամանել, այսպես կոչված, հանրապետական կազմկոմիտեն, որը պիտի ստանձներ մարզի ամբողջ իշխանությունը: Ի նշան բողոքիª քաղաքում կրկին գործադուլ է հայտարարվել:
ՓԵՏՐՎԱՐԻ 1. Կազմկոմիտեն սկսել է արդեն կոնկրետ ձեռնարկումների դիմել` մարզը Ադրբեջանին վերաենթարկեցնելու նպատակով փորձվել են բոլոր հնարավոր միջոցները (Շարժման ակտիվիստների ու հիմնարկ-ձեռնարկությունների որոշ ղեկավարների ձերբակալումներ, մամուլի և լրատվության միջոցների ենթարկեցում կազմկոմիտեին և այլն):
Փետրվար ամսվա ընթացքում մարզի մի խումբ ղեկավար աշխատողներ բազմիցս մեկնել են Մոսկվա, հանդիպել ԳԽ նախագահի տեղակալ Անատոլի Լուկյանովի, Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի, պաշտոնատար այլ անձանց հետ։ Հանդիպումների ընթացքում վերլուծվել է Ղարաբաղի քաղաքական կացությունը, տնտեսական վիճակը, դժվարությունները հաղթահարելու համար օգնություն է խոստացվել, բայց ամենուր չէ, որ հանդիպումները ծառայել են իրենց նպատակին, օրինակ, ԽՍՀՄ ԳԽ Միության խորհրդի նախագահ Ե. Պրիմակովը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 1989-ի նոյեմբերի 28-ի որոշումը մնում է ուժի մեջ և այն պետք է իրագործվի։
Իսկ արտակարգ դրության շրջանի պարետ Վ. Սաֆոնովը շարունակել է իր սադրանքները՝ մեկը մյուսի հետևից։ Այս անգամ հերթական զոհը արտաքին աշխարհից կտրված Բերդաձորի ենթաշրջանն էր, ուր «անձնագրային ռեժիմի ստուգումներ» է նախաձեռնվել։ «Ստուգումների» անվան տակ խուզարկվել են հայկական գյուղերը, շարունակվել անօրինական ձերբակալությունները, որոնց ընթացքում վիրավորվել է բնակչության ո՛չ միայն ազգային արժանապատվությունը։
Օրինակ՝
ՄԱՐՏԻ 14. Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում գեներալ Սաֆոնովի զինվորները «անձնագրային ռեժիմի ստուգումներ» անցկացնելու ժամանակ գնդակահարել են 12-ամյա դպրոցական Արմեն Ռուբենի Մկրտչյանին։
Այդ ամենն արվել է ԽԱՀՄ ԳԽ վերստուգիչ-դիտորդ հանձնաժողովի նախագահ Վ. Ֆոտեևի աչքի առաջ, կամ էլ հենց նրա համաձայնությամբ։
ՄԱՐՏԻ 27. Կայացել է ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանը, թեև «Կազմկոմիտեն» ու Սաֆոնովի պարետատունն ամեն կերպ ջանացել են թույլ չտալ։ Նստաշրջանում որոշվել է վերականգնել ԼՂԻՄ 20-րդ գումարման ժողպատգամավորների խորհրդի գործունեությունն ու նրա գործադիր կոմիտեն։
ԱՊՐԻԼԻ 2. Դադարեցվել է մոտ երկու ամիս տևած գործադուլը, քաղաքում վերականգնվել նորմալ աշխատանքային ռիթմը։
...Բայց ցավն ու դժգոհությունը շարունակել են հետապնդել մարդկանց, ինչո՞ւ «վերին ատյանները» այսպես են վերաբերվում մեր արդարացի պահանջին, ինչո՞ւ է երկակի քաղաքականություն վարվում պետության կողմից՝ ներքին և արտաքին ոլորտներում, օրինակ, ԽՍՀՄ-ը կողմնակից է գերմանացիների միասին ապրելու գաղափարին, բայց հայերի՝ ոչ, ինչո՞ւ։ Սրանք հարցեր են, որոնց ոչ-ոք չէր կարողանում պատասխան գտնել։
Ադրբեջանի ԳԽ նախագահության հրամանագրով որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև մարզի վարչատարածքային կառուցվածքը. Խոջալուն «դարձել է» շրջանային ենթակայության քաղաք, մարզի մի շարք ադրբեջանաբնակ գյուղերում ձևավորվել են ավանային խորհուրդներ, իսկ Ստեփանակերտի Կրկժան թաղամասը ստացել է... քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Այդ ամենն արվել է առանց տեղական իշխանությունների իմացության, ինչն էլ կրկին անգամ տեղիք է տվել մարզի բնակչության արդարացի դժգոհությանը և բողոքին՝ վերացնել արտակարգ դրությունը, ցրել «կազմկոմիտեն», մարզի տարածքից դուրս բերել ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումները, բայց, ինչպես միշտ, ի պատասխան, ավելի է դաժանացել սաֆոնովա-պոլյանիչկոյական խաժամուժը։
Այդպես են անցել գարունն ու ամառը, իսկ դրան հակադրվել է հայ ընդհատակայինների լայն ծավալում ստացած գործունեությունը՝ ՀԽՍՀ տարածքում ՀՅԴ-ի բացահայտվելուց հետո հեղափոխական կուսակցությունն Արցախում սկսել է ընդհատակյա աշխույժ ու ծավալուն գործունեություն իրականցնել՝ «Հայոց Ընկերվարական Արցախական կուսակցություն» ծածկագիր անվանումով և ընդհատակյա պարբերական մամուլով («Պայքար», խմբագիր՝ Արիս Գրիգորյան՝ Դավիթ Ջրաբերդ կուսակցական ծածկանունով)։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5. Ընդհատակյա պայմաններում լույս է ընծայվել «Պայքար» հասարակական-քաղաքական մշակութային (ընդհատակյա) պարբերականի առաջին համարը։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9. Զանգվածային լրատվության միջոցները հրապարակել են տագնապալի լուր՝ Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում անժամկետ հացադուլ է հայտարարել ԽՍՀՄ ժողպատգմավոր Զորի Բալայանը, հետո նրան են միացել ևս երեք պատգամավորներ՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը և Արցախի Ազգային խորհրդի նախագահ Վաչագան Գրիգորյանը։ Հացադուլը դադարեցվել է երեք շաբաթ անց, Ամենայն Հայոց կաթողիկոս Վագգեն Առաջինի խնդրանքից հետո միայն։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3. «Լիտերատուրնայա գազետա»-ում տպագրվել է Խաղաղության պաշտպանության Խորհրդային կոմիտեի դիմումը ԽԱՀՄ Գերագույն խորհրդին, ուր խնդրվել և պահանջվել է վերականգնել իշխանության ընտրովի մարմինները Լեռնային Ղարաբաղում։ Դա ևս երկրի ղեկավարության կողմից անուշադրության է մատնվել։
Մարզը շարունակում էր մնալ քաղաքական, տնտեսական և լրատվական շրջափակման մեջ, անջատված է գազը, ղադարեցված՝ վառելիքի և քսանյութերի ներկրումը, արդյունաբերական ձեռնարկությունները չեն ստանում անհրաժեշտ հումք և այլ օժանդակ նյութեր։ Իսկ ադրբեջանական երկաթուղու կայարաններում «բանտարկված» էին մնում Ստեփանակերտ ուղարկված վագոնները, որոնց թիվը միայն չորրորդ եռամսյակում հասել է 200-ի։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25. Ադրբեջանական ՕՄՕՆ-ն առևանգել է ԽՍՀՄ ժողպատգամավոր Բորիս Դադամյանին և դա ավելի է խորացրել Արցախի ժողովրդի դժգոհությունը։
Արցախահայությունն անցնող տարվա ընթացքում նման շատ տհաճ, նաև դառը փորձությունների է հանդիպել, միշտ էլ դրանց հակադրել իր անկոտրում կամքն ու վճռականությունը՝ մինչև վերջ մնալ իր ուխտին հավատարիմ։
- ↑ ՕՐ ԱՌ ՕՐ, ՈԳԻ ԱՌ ՈԳԻ (1988-1998, համառոտ արձանագրություններ), 1990. «Պայքար, պայքար, մինչև վերջ», «Մարտիկ» շաբաթաթերթ (ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնաթերթ), 21 - 27 հունվարի 1998 թ., No 4 (249), էջ 4,