Jump to content

1994. «Սա մե՛ր պատերազմն է...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1994. «Սա մե՛ր պատերազմն է...»
Արցախյան շարժումը և 1991 - 94 թթ. արցախահայության համաժողովրդական պատերազմը (1988-1994 թթ.)
Աղբյուր՝ Արիս Արսենի, Օր օրի, ժամ առ ժամ , Ստեփանակերտ, 2022, էջ 150-155։

1994. «ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ է...»[1]


...Մեր հողի վրա, մեր խաղաղ երկնքի տակ մեզ ստիպեցին զենք վերցնել ու պատերազմել։ Արևը՝ մշտավառ և հողը՝ հնավանդ ու բարեբեր՝ ազատ ու անկաշկանդ։
Ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ադրբեջանցի հրոսակները 1993-ի դեկտեմբերից ձեռնարկել են աննախադեպ ռազմագործողություն, փորձելով մի քանի հատվածներում ճեղքել մեր պաշտպանական գիծը։ Սրությունն առավելս զգացվել է հարավ-արևելյան հատվածում, ուր մեր զորամիավորումները ետ են քաշվել երկրորդ պաշտպանական գիծ՝ համալրվելու նոր ուժերով և կասեցրելու թշնամու առաջխաղացումը։

Հունվար ամսվա ընթացքում թշնամին բազմիցս փորձել է ճեղքել մեր զորքերի պաշտպանական գիծը, հունվարի 3-ին՝ Լևոնարխում, 4-ին՝ Մարտունու ուղղությամբ, 5-ին՝ Բոյուկ-Բահմանլիի մոտ, 6-ին՝ Մատաղիսում, 7-ին՝ Մարտունու և Հադրութի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, Սալահլի-Քենգերլիում՝ 8-ին, 9-ին, 10-ին... շարունակ համառ մարտեր էին մղվում ամեն թիզ հողի համար և ամենուր էլ ազերի հրոսակների դեմ-հանդիման հառնում էր հայ ոգու անհաղթելի ուժը։

Հակառակորդի օդուժը սկսել է հաճախակի խախտել ԼՂՀ օդային տարածքը, սակայն դա ևս անկարող էր որևէ ձևով անդրադառնալ պատերազմի ընթացքի վրա։ Ավելին՝ ռազմաճակատի առանձին հատվածներում կասեցնելով հակառակորդի գրոհները և անցնելով հակահարձակման՝ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները զգալիորեն ետ են մղել հակառակորդին, պատվով կատարելով իրենց առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները։

Հունվարի 20-ին Ստեփանակերտ է ժամանել Ռուսաստանի գրողների միության պատվիրակությունը, որի կազմում էին Վալենտին Օսկոցկին, Օլեգ Շեստինսկին, Անաիդա Բեստալաշվիլին և ուրիշներ։

ՌԴ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը կրկին այցելել է տարածաշրջան և հունվարի 28-29-ին Ստեփանակերտում հանդիպումներ ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ. քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանակսւն հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնագրի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը և այդ առնչությամբ կատարվել է դիրքերի ճշգրտում։

Հաջողության չհասնելով հունվարին ձեռնարկած միաժամանակյա հարվածի հիմնական ուղղություններից և ոչ մեկում, հակառակորդը փետրվարին ուժի գերակշիռ մասը ուղղել է դեպի
Մարտունու պաշտպանական շրջան, սակայն բոլոր գրոհներն էլ ստացել են արժանի հակահարված։ Փետրվարի 19-ին վերջնականապես ազատագրվել է Քելբաջարը և լրիվությամբ վնասազերծվել ադրբեջանցիների օմարյան խմբավորումը։ Իսկ, ընդհանրապես, փետրվար ամսում հակառակորդը կորցրել է մոտ 5 հազար զինվոր, 5 տասնյակից ավելի Տ-72 հրասայլ 2 ռազմական ինքնաթիռ։

Պատերազմական գործողություններին զուգընթաց, շարունակվել են խաղաղարար ջանքերը Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից՝ տարածաշրջանում հրադադարի վերահաստատման ուղղությամբ։

Պատերազմական դեկտեմբեր-հունվար-փետրվար շղթան ձգվում էր. և մարտ ամիսը չէր կարող հերթական օղը չլինել այդ շղթայի վրա։ Խոշորամասշտաբ ռազմագործոդությունների, կենդանի ուժի ու զրահատեխնիկայի կորուստների թվով մարտը ևս չի զիջել նախորդ ամիսներին։

ՓԵՏՐՎԱՐԻ 19. Վերստին ազատագրվել են Օմարի լեռնանցքը և Քարվաճաոը։

Մարտ և ապրիլ ամիսներին շարունակվել են մարտական գործողությունները։

Ապրիլի առաջին տասնօրյակն անցել է գրեթե առանց խոշոր ռազմագործոդությունների։

Անարդյունք են անցել նաև խաղաղարար ջանքերը։ Անարդյունք, որովհետև չեն դադարել մարտական գործողությունները հակամարտության գոտում։ Ապրիլի 15-ին, Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ընդունվել է նոր հայտարարություն դարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ ղարաբաղա-ադրբեջանական ճակատային գծում շարունակվում էին թեժ մարտերը։

ԱՊՐԻԼԻ 11. Ազատագրվել են Մարտակերտի շրջանի Թալիշ և Գյուլաթաղ գյուղերը։

ԱՊՐԻԼԻ 16-17. Ազատագրվել են Մարտակերտի շրջանի Լեոնարխ և Վերին Չայլու գյուղերը։

Ապրիլ ամսին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներն ազատագրել են նաև Մարտակերտի շրջանի Մատաղիս, Դաստակերտ, Թալիշ, Լեոնարխ, Վերին Չայլու, Յարմջա գյուղերը և վնասազերծել Աղդամի շրջանի Գյուլիջա, Շոթլանլու, Ումութլու, Նամիրլի, Շուրաբադ, Թալիշբեյլի, Ջավահիրլի, Շիխլյար, Օրթա-Քարվենդ, Բաշ-Քարվենդ և այլ բնակավայրերում տեղակայված թշնամական կրակակետերը։ Ապրիլյան մարտերում հակառակորդը կորցրել է մոտ երկու հազարից ավելի զինծառայող, խփվել ու առգրավվել է Տ-72 տիպի 12 տանկ, տասնյակ այլ զրահամեքենաներ։ Հակառակորդը կրկին կիրառել է օդուժ և ապրիլի 13-ին և 23-ին հայ հակաօդայինների կողմից խփվել է ևս 2 ինքնաթիռ։
Մայիս ամսվա առաջին օրերին ռազմաճակատում վերսկսվել են մարտական գործողությունները։ Մայիսի 4-5-ին, Ղըրղըզստանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում ստորագրվել է մի արձանագրություն, որով հակամարտող կողմերին կոչ է արվել վերջ տալ զինված ընդհարմանը ղարաբադա-ադրբեջանական հակամարտության գոտում։ Պատերազմը, սակայն, շարունակվել է իր բոլոր օրենքներին համապատասխան։ Համարյա ամեն օր ադրբեջանական կողմը սկսել է նոր ռազմագործողություն։ Շատ անգամ մեր մարտիկները, կասեցնելով հակառակորդի գրոհն ու անցնելով հակահարձակման՝ տիրացել են հակառակորդի նոր դիրքերի։ Նման ելք է ունեցել նաև մայիսի 11-ի մարտը, երբ, ետ մղելով հակառակորդի հարձակումը և անցնելով հակագրոհի մեր մարտիկներն ազատագրել են Սեյսուլան գյուղն ու վնասազերծել Ղափանլու բնակավայրում տեղակայված թշնամական կրակակետերը։ Ու թեև Մոսկվայում, ՈԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ, հակամարտող կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում է կայացել, ռազմաճակատի բոլոր հատվածներում շարունակվել են դիրքային մարտերն ու փոխհրաձգությունները։

Մայիսի 12-ին հայտարարված հրադադարը պաշտպանական դիրքերում կանգնած մեր զինվորները շատ ուշ են զգացել, քանի որ անընդհատ գնդակոծվում ու հրետակոծվում էին հակառակորդի կողմից։ Գնդակոծություններն ու հրետակոծությունները շարունակվել են ամբողջ մայիս ամսվա ընթացքում։

ՄԱՅԻՍԻ 24. Հրապարակվել է ԼՂՀ ԳԽ նախագահության հրամանագիրը ԼՂՀ Պաշտպանության բանակի համար հրամանատարական կադրերի և զինվորական մասնագետների պատրաստման լրացուցիչ միջոցառումների մասին։

ՀՈՒՆԻՍԻ 3. ԼՂՀ ԳԽ նախագահության հրամանագրով ԼՂՀ ՊԲ հրամանատար, գնդապետ Սամվել Բաբայանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

ՀՈՒԼԻՍԻ 4. Հակառակորդի օդուժը երկու անդամ փորձել է խախտել ԼՂՀ օդային սահմանները։ Շարունակվել են առանձին ուղղություններում հակառակորդի զորքերի կուտակումներն ու տեղաշարժերը, իսկ ընդհանուր առմամբ, հունիսի կեսերից սկսած հարաբերական անդորրը պահպանվել է։

ՕԳՈՍՏՈՍԻ 24-25. Աշխատանքային այցով Ստեփանակերտում էր գտնվում ԵԱՀԽ պատվիրակությունը՝ Մինսկի խմբի նախագահ Յան էլյասոնի գլխավորությամբ։ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտող կողմերի դիրքորոշումները և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԽ կողմից արված առաջարկները։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Հանդիսավորությամբ նշվել է ԼՂ Հանրապետության հռչակման 3-րդ տարեդարձը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-14. Ավստրիայի մայրաքաղաքում սկսվել է ԵԱՀԽ Մինսկի խմբի հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով։ Հանդիպմանը, Ադրբեջանից ու Հայաստանից բացի, մասնակցում էր նաև ԼՂՀ-ի պատվիրակությունը՝ հանրապետության արտգործնախարար Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ Քննարկման են ներկայացվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում ստեղծված վիճակը և հրադադարի ամրապնդման ու անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ հետագա անելիքները։ .

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21. Հայաստանի անկախության օրը ԼՂՀ ԳԽ-ի և ԼՂՀ ՊՊԿ-ի կողմից շնորհավորական հեռադիր է ուղարկվել Հայաստանի ղեկավարությանը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13. Ստեփանակերտ է ժամանել ԵԱՀԽ պատվիրակությունը՝ Մինսկի խմբի փոխնախագահ Պյեռ Անդերմանի գլխավորությամբ։ ԼՂՀ արտգործնախարար Ա. Ղուկապանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, հակամարտության կարգավորմանը և ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերը, շոշափվել է նաև ռազմագերիների ու պատանդների հիմնախնդիրը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. ԵԱՀԽ Մինսկի խմբի նորընտիր նախագահ Անդերս Բյուրները ժամանել է Ստեփանակերտ և հանդիպում ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-24. Կայացել է ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը, ուր հաստատվել է ԼՂՀ պետական զինանշանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7. Հայոց մեծ երկրաշարժի վեցերորդ տարելիցի օրը ստեփանակերտցիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել ահավոր աղետի անմեղ զոհերի հիշատակին։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21. ԼՂՀ ԳԽ նստաշրջանում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մասին» օրենքը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22. ԼՂՀ առաջին նախագահ է ընտրվել Ոոբերտ Սեդրակի Քոչարյանը (51 կողմ, 2 դեմ):

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27. ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանի արձակած առաջին հրամանագրով ԼՂՀ վարչապետ է նշանակվել Լեոնարդ Պետրոսյանը։

Եվ այսպես, պատմության գիրկն է անցել ևս մեկ պատերազմական տարի՝ դժվար ու խորդուբորդ, հակասական ու կայունության որոշակի երաշխիքներ խոստացող։ Շարունակվող հրադադարի պայմաններում կատարելագործվել են երկրի կառավարման մարմինները, ավելին՝ հանրապետությունն անցել է կառավարման նախագահական ձևին։ Ընդունվել են պետական զինանշանը, օրհներգը, դրոշը... Եվ աշխարհին պարզվել է մեր նորանկախ հանրապետության ինքնության առհավատչյան։

Տևական հրադադարի պայմաններում ավելի է հզորացել և կազմակերպական գործընթաց ապրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, նոր թափով է ընթացել բանակային շինարարությունը՝ ստեղծվել ու կատարելագործվել են ուսումնական կենտրոնները՝ զինվորական մասնագետների պատրաստման համար։ Երիտասարդ զինվորները, զորամասերում կարճ ժամանակահատվածում կարողանում են տիրապետել ռազմական գործին ու տեխնիկային, զինատեսակներին, ձեռք են բերում տոկունության, դիմացկունության, արիության հմտություններ։

Այսօր ԼՂՀ Պաշտպանության բանակը Արցախի ժողովրդի պաշտպանունակության երաշխավորն է։ Թշնամական նոր որոգայթների սպասումով՝ հայ զորամիավորումների կուռ շարքերում մարտնչող քաջարի զինվորներն ու սպաները զգոն աչքով հսկողության տակ են պահում մեր պաշտպանական բնագծերը և պատրաստ են ետ մղել հակառակորդի ռազմական ցանկացած ոտնձգություն։


  1. ↑ ՕՐ ԱՌ ՕՐ, ՈԳԻ ԱՌ ՈԳԻ (1988-1998, համառոտ արձանագրություններ), 1994. «Սա մեր պատերազմն է...», «Մարտիկ» շաբաթաթերթ (ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնաթերթ), 24 փետրվարի 1998 թ., No 6 (251), էջ 4-5,