2008. Մարտակերտում` Լևոնարխի ուղղությամբ
2008. Մարտակերտում` Լևոնարխի ուղղությամբ
Հակամարտության գոտում 1994-ի մայիսին հաստատված զինադադարից հետո, որոշ ժամանակ անց, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղ են գտել համարյա ամենօրյա դիրքային առանձին փոխհրաձգություններ, իսկ այնուհետև դրանց հաջորդել են այսպես կոչված՝ «դիպուկահարային մենամարտերը»։
2008 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո աննախադեպ ցույցեր ու անհնազանդության դրսևորումներ են սկսվել Երևանում ու հանրապետության մարզերում, ինչն էլ օրեր անց, իսկ ավելի կոնկրետ՝ նույն թվականի մարտի 1-ին, ցուցարարների և ուժային կառույցների միջև զինված բախում է առաջացրել։ Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվել։
Ադրբեջանը փորձել է օգտագործել Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակն ու ռազմական բախում հրահրել Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով՝ արցախա-ադրբեջանական հակամարտությունն ուժի կիրառման միջոցով լուծելու համար:
ՄԱՐՏԻ 4. Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մերձակա մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդին հաջողվել է կարճ ժամանակով գրավել Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային մի քանի դիրքեր, որոնք մի քանի ժամ անց ետ են գրավվել: Հակառակորդը դիմել է փախուստի՝ մարտի դաշտում թողնելով 8 դիակ, զենք ու զինամթերք: Վիրավորվել է 2 հայ զինծառայող: