2012 Հունիսյան ռազմական նոր բախում
2012 Հունիսյան ռազմական նոր բախում
ՀՈՒՆԻՍԻ 4. Ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խմբերը 2 ուղղություններով (Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղեր) փորձել են ներթափանցել Հայաստանի Հանրապետության տարածք։ Բերդավանի ուղղությամբ հետախուզա-դիվերսիոն ներթափանցման գործողություն սկսած 8 հոգանոց ադրբեջանական դիվերսիոն խումբը Հայաստանի խորքերը թափանցելու նպատակ է ունեցել։ ՀՀ Զինված ուժերի 3 հոգուց բաղկացած պարեկային խումբը հակառակորդին «նկատել» է ականապատ դաշտն անցնելու ժամանակ: Սկսված մարտի ընթացքում ավագ պարեկն անմիջապես զոհվել է հակառակորդի դիմահար կրակոցից, խմբի 1 այլ հայ զինծառայող վիրավորվել է: Թշնամական դիվերսիոն խմբի անցումը կանխվել է՝ անվնաս մնացած 3-րդ հայ զինծառայողի կողմից։
Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդը գործողության մեջ է դրել հետախուզա-դիվերսիոն 2 խմբեր: 5-6 հոգանոց գրոհային խումբը նպատակ է ունեցել 15-20 հոգուց բաղկացած 2-րդ խմբի կրակային աջակցությամբ գրավել հայկական առաջնային դիրքի խրամատը։ Հակառակորդի նպատակադրվածության իրականացումը կանխվել է հայ դիրքապահների զգոն ու աչալուրջ ծառայության շնորհիվ։ Թշնամու ծպտյալ առաջխաղացումը նկատած դիտորդի ժամանակին ու ճշգրիտ գործողության և բարձրացված տագնապից հետո հայ զինծառայողները զբաղեցրել են իրենց կրակային դիրքերն ու արժանապատվորեն կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Ծավալված մարտի ընթացքում զոհվել է 1 հայ զինծառայող, մի քանիսը՝ վիրավորվել են: Ծանր կորուստներ է կրել նաև հակառակորդը։
ՀՈՒՆԻՍԻ 5. Գիշերը 15-20 հոգանոց ադրբեջանական դիվերսիոն խումբը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ փորձել է խախտել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Մարտավարական ճշգրիտ ու նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզա-դիվերսիոն խումբը վնասազերծվել է։ Թշնամին կորցրել է 7 զինծառայող, վիրավորվել է ևս 4-ը։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չեն եղել:
ՀՈՒՆԻՍԻ 6. Ժամը 4:15-ին Արցախի պաշտպանական բնագծերի հարավային ուղղությունում (Հորադիս) ադրբեջանական զինված կազմավորումները հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել։ Թշնամին, կրելով կորուստներ, ետ է քաշվել։ Զոհվել է Պաշտպանության բանակի 1, վիրավորվել՝ 2 հայ զինծառայող։
Ժամը 17-00-ին, հակառակորդը հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի ուղղությամբ: Ձեռնարկված գործողությունների արդյունքում թշնամին նահանջել է՝ կրելով կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Բրիտանական հետազոտական «Oxford Analitica» կենտրոնը ռազմական բախում հրահրելու համար մեղադրել է Ադրբեջանին:
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը Անդրկովկաս կատարած շրջայցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի համար, հորդորել զերծ մնալ ուժի կիրառումից:
Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնի կոնֆլիկտաբանների կարծիքով հակամարտության լուծման համար պետք է շտապ միջամտություն։
Ամերիկացի կոնգրեսականներ Բարմեն Հովարդը, Ֆրենկ Պալլոն, Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը հանդես են եկել Հայաստանի սահմանին Ադրբեջանի ագրեսիվ դիվերսիոն գործողությունները դատապարտող հայտարարությամբ: