Jump to content

2014. Զինված միջադեպերով հուլիս, ռազմական բախումով օգոստոս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
2014. Զինված միջադեպերով հուլիս, ռազմական բախումով օգոստոս
Զինված միջադեպեր և ռազմական բախումներ (2008-2014 թթ.)
Աղբյուր՝ Արիս Արսենի, Օր օրի, ժամ առ ժամ , Ստեփանակերտ, 2022, էջ 161-166։

2014. Զինված միջադեպերով հուլիս, ռազմական բախումով օգոստոս


ՀՈՒԼԻՍԻ 9. Տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառի տարածք (Շահումյանի շրջան) է ներթափանցել ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խումբ: Անմիջապես սկսվել են որոնողական և վնասազերծման գործողություններ։
ՀՈՒԼԻՍԻ 10. Հայտաբերվել է Քարվաճառի տարածք ներթափանցած ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խումբը՝ 3 հոգու կազմով։ Ծավալված մարտի ընթացքում ձերբակալվել են դիվերսանտներից 2-ը, 1-ը դիմել է փախուստի։ Ձերբակալված դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի (1968 թ. ծնվ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի (1960 թ. ծնվ.) հանդեպ քրեական գործ է հարուցվել՝ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա և Արցախի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ։ Արցախի դատախազության հրապարակած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր, որ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը զինված են եղել գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգներով (դդ «ՏԴ 2042» և «ՏՖ 7373», համարները` համապատասխանաբար)՝ համապատասխան խլացուցիչների հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակներով (դդ «ՎԱ 0033» և «ՍՆ 3478», համարները` համապատասխանաբար)՝ համապատասխան խլացուցիչների հետ, երկու «Ֆ-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով: Արցախի Ազգային անվտանգության ծառայության վարույթում սկսվել է նախաքննությունը:
Համացանցում հրապարակվել է Քարվաճառում վնասազերծված հետախուզա-դիվերսիոն խմբի անդամների մոտ առկա ողջ սպառազինության՝ զենքի ու զինամթերքի, ինչպես նաև՝ խմբի ձերբակալված անդամների լուսանկարները:
ՀՈՒԼԻՍԻ 11. Հակառակորդի հետախուզա-դիվերսիոն խմբի՝ փախուստի դիմած անդամի հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ ծավալված գործողությունների ընթացքում դիմադրություն ցուցաբերած ադրբեջանցի դիվերսանտը վնասազերծվել է։ Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 1 վիրավոր։ Զոհվել է ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Աբրահամյանը (1972 թ. ծնվ.): Վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանը (1977 թ. ծնվ.), կյանքի հետ համատեղելի առողջական կայուն ծանր վիճակով, տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՀՈՒԼԻՍԻ 15. Համացանցում տեղեկություն է հայտնվել ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խմբի կողմից հուլիսի 10-ին գերեվարված Քարվաճառի 17-ամյա բնակչի՝ Սմբատ Մեխակի Ցականյանի դիակի՝ Քարվաճառի գերեզմատան մոտ («Թուրքի գերեզման» կոչվող տարածքում), հայտնաբերման մասին:
ՀՈՒԼԻՍԻ 27. Գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակման հետևանքով հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Լևոնի Բադասյանը:
ՀՈՒԼԻՍԻ 29. Ղրղզստանի Ալա-Թոո զորավարժարանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զորախմբերի մասնակցությամբ անցկացվող «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժությունը, որին Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից շուրջ 700 զինծառայող է մասնակցել: Քառօրյա զորավարժության նպատակը ՀԱՊԿ միացյալ ուժերի մարտունակության աստիճանը ստուգելը և առկա ցուցանիշն է°լ ավելի բարձրացնելու ուղղությամբ համապատասխան գործողությունները նախանշելն էր:
ՀՈՒԼԻՍԻ 30. ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի 49-ամյա բնակիչ Վալեր Ճաղարյանն անասուններին արոտավայր էր տարել: Ավանակի վրա փայտ բարձելու պահին հայ խաղաղ բնակչի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից հրազենային կրակ է արձակվել։ Ուսից վիրավոր Վալեր Ճաղարյանը (ստացել է կյանքին վտանգ չսպառնացող վիրավորում) տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՈՒԼԻՍԻ 31. Հակառակորդը, հետախուզա-դիվերսիոն ներթափանցումով, հարձակում է ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմը, ցուցաբերելով կազմակերպված դիմադրություն, ետ է շպրտել հակառակորդին՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Գործողության արդյունքում, զոհվել են նաև ՊԲ զինծառայողներ Արարատ Վաչիկի Խանոյանը (1994 թ. ծնվ.) և Աշոտ Արթուրի Ասոյանը (1994 թ. ծնվ.): Հակառակորդի հետախուզա-դիվերսիոն գործողությունը կասեցնելիս, դեմ առ դեմ դուրս գալով, ՊԲ շարքային զինծառայող Նորայր Միքայելի Քամալյանը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի դիվերսիոն խմբի անդամի հետ և շարունակել պայքարը՝ նույնիսկ դանակով ստացած վնասվածքներից և ծնոտի կոտրվածքից հետո: Վիրավոր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ: Պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով:
Գիշերը, առաջնագծի հարավային ուղղությունում, ականի պայթյունից, զոհվել է կապիտան Արմեն Յուրիի Հայրապետյանը:
ՕԳՈՍՏՈՍԻ 1. Հայկական կողմը պատժիչ գործողությամբ է պատասխանել հակառակորդի նախորդ օրվա հարձակմանը: Ադրբեջանական զինված ուժերն ունեցել են 7 սպանված և 5 վիրավոր։
ՕԳՈՍՏՈՍԻ 2. Գիշերը արցախա-ադրբեջանական ռազմաճակատային գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հեթական անգամ հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Հայ դիրքապահներին հաջողվել է կասեցնել ներթափանցման գործողությունը՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի կորուստ (զինված միջադեպի հետևանքով սպանվել է 4 ադրբեջանցի դիվերսանտ): Զոհվել է ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը (հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով): Հակառակորդի հարձակումը կասեցնելիս ծանր վիրավորում է ստացել կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը (1994 թ. ծնվ.), ով հաջորդ օրը մահացել է հոսպիտալում: Թեթև վիրավորումներով հոսպիտալացվել են ՊԲ ևս 2 զինծառայողներ։
Գիշերվա ընթացքում, հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հեթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի ձեռնարկմանը զուգընթաց, հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել նաև շփման գծի հյուսիսային (Տոնաշեն) և արևելյան (Ասկերան) ուղղություններով: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները կարողացել են ոչ միայն ետ մղել, նաև արժանի հակահարված են հասցրել հակառակորդին՝ ետ շպրտելով մինչև ելման դիրքերը: Պաշտպանության բանակը կենդանի ուժի կորուստ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին ճշգրիտ տվյալներ չկան:
Գիշերը և առավոտյան ժամերին իրավիճակը համեմատաբար լարվել է Տավուշի մարզի սահմանային առանձին հատվածներում, հակամարտ կողմերի միջև ծավալված փոխհրաձգության ընթացքում հայկական կողմը լիարժեքորեն է պատասխանել հակառակորդի սադրիչ նկրտումներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված միջադեպի վերաբերյալ հրապարակել է համապատասխան հայտարարություն։
ՕԳՈՍՏՈՍԻ 3. Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը շարունակել է մնալ լարված: Կողմերի միջև փոխհրաձգությունը շարունակվել է մինչև առավոտ: Մեծ ուժերի ներգրավումով և տարբեր զինատեսակների կիրառմամբ, թեև՝ կրելով նոր կորուստներ, թշնամին կարողացել է միջդիրքային (չեզոք) գոտուց սպանված ասկյարի դիակը հանել:
Ասկերանի ուղղության շփման գծում հակառակորդի կողմից մոտ ժամը 23:00-ին ձեռնարկված հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվել է հաջողությամբ ու ետ շպրտվել ելման դիրքերը։ Թշնամին ունեցել է կենդանի ուժի կորուստ (սպանվել է հակառակորդի 1 զինվոր)։
ՕԳՈՍՏՈՍԻ 4. Թեև հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հակառակորդը շարունակել է խախտել այն: Մռավի դիրքերում, հակառակորդի դիպուկահարի գնդակից, զոհվել է պայմանագրային զինծառայող Արամ Մկրտչի Գրիգորյանը (1971 թ. ծնվ.):
ՕԳՈՍՏՈՍԻ 5. Առաջնագծում շարունակվել են հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության խախտումները:
Մոտ ժամը 23:00-ին, արցախա-ադրբեջանական շփման գծի Աղդամ-Մարտունի հատվածում, Յուսիֆջանլի գյուղի ուղղությամբ, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն-ներթափանցման փորձն է ձեռնարկել: Հակառակորդն ունի 1 սպանված։ Պաշտպանության բանակի կողմից կենդանի ուժի կորուստ չկա:
ՕԳՈՍՏՈՍԻ 6. Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի մասին պայմանավորվածությունը։
Գիշերվա մոտ ժամը 02:20 - 02:45-ի սահմաններում Ակնայի (Աղդամ) շրջանի Յուսիֆջանլի գյուղի, իսկ առավոտյան ժամը 7:30-ին՝ Բաշ Քարվենդ գյուղի կողմից, շփման գծի արևելյան ուղղությամբ (Ասկերանի ՊՇ), ծավալվել են դիրքային մարտեր։ Թշնամին ունի կենդանի ուժի կորուստ (սպանվածների ու վիրավորների մասին հավաստի տեղեկություններ չկան)։
ՕԳՈՍՏՈՍԻ 7. Ակտիվ փոխհրաձգությունն առաջնագծում շարունակվել է, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Վիկտոր Շուբերտի Աբրաամովը (1995 թ. ծնվ.):
Շփոթվել ու սխալմամբ Ադրբեջանի տարածք է անցել Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Հակառակորդը գերեվարել է քաղաքացիական հագուստով, անզեն հայ գյուղացուն և փորձել հետախուզության նպատակով Ադրբեջանի տարածք ներթափանցած հայ դիվեսանտ ներկայացնել նրան:
ՕԳՈՍՏՈՍԻ 8. Հրադադարի խախտումներն առաջնագծում ակտիվորեն շարունակվել են, սակայն կորուստների մասին տվյալներ չկան:
ՕԳՈՍՏՈՍԻ 9. Գիշերը, ժամը 04:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հետախուզա-դիվերսիոն նոր ներթափանցումներ է ձեռնարկել արևելյան (Հադրութ) և հարավ-արևելյան (Մարտունի) ուղղություններով:
Երեկոյան ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ունեցել է 1 զոհ, 1 վիրավոր։ Հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չեն եղել։
ՕԳՈՍՏՈՍԻ 10. Գիշերվա ընթացքում հակառակորդը շարունակել է դիվերսիոն հարձակումները:
Ժամը 04:20-ի սահմաններում շփման գծի հարավային (Հադրութ) և հարավ-արևելյան (Մարտունի) ուղղություններով ձեռնարկված հարձակումները թշնամուն ոչ մի հաջողություն չեն բերել:
Առավոտյան թշնամին շարունակել է հարձակողական նույն գործողությունները։ Հակառակորդի կողմից կան տուժածներ։
Ադրբեջանցիներն անազատության վայրում սպանել են որպես դիվերսանտ ձերբակալված հայ գյուղացի Կարեն Պետրոսյանին ու հայտարարել, թե իբր Կ. Պետրոսյանը մահացել է սրտի կաթվածից: Կ. Պետրոսյանի դին 2 ամիս շարունակ մնացել է Ադրբեջանում:
Առավոտյան Սոչիում կայացած Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը մեղադրել են միմյանց՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը չկատարելու համար: Ռուսաստանի կողմից հորդորը, հասկանալի է, մեկն էր՝ կողմերը պետք է փորձեն կոնֆլիկտը լուծել միմիայն խաղաղ ճանապարհով:
Սոչիի հանդիպումով էլ ավարտվել է օգոստոսյան լարվածության փուլը, որի ընթացքում հայկական կողմն ունեցել է 5 զոհ, 4 վիրավոր, գերեվարվել և սպանվել է 1 քաղաքացիական անձ: Ադրբեջանական կողմից սպանվել է 17, վիրավորել՝ 9 զինծառայող: