2016. Չհաջողված «բլից-կրիգ»
2016. Չհաջողված «բլից-կրիգ»
Ադրբեջանական կողմը, դեռևս ռազմական հերթական բախում սկսելու վերաբերյալ որոշում չունենալով, անընդհատ սադրիչ գործողությունների է դիմել, իսկ 2014 թվականի մայիսից արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային (Տոնաշեն) և հյուսիս-արևելյան (Մատաղիս) ուղղություններում սկսել է աննախադեպ, չընդհատվող և ծավալուն հետախուզա-դիվերսիոն գործողություններ իրականացնել:
Տարածաշրջանում ստատուս-քվոն փոփոխելու համար հակառակորդը հարմար պահի էր սպասում և 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 3։00-ին, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, բլիցկրիգային ռազմական գործողության է դիմել՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով Արցախի Հանրապետության դեմ: Մարտերն առավել թեժ բնույթ են ստացել հատկապես հակամարտ կողմերի շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղություններում:
Հակամարտության ընթացքում տուժել են նաև երկու կողմերի սահմանային խաղաղ բնակավայրերը:
Արդյունքում, այնուամենայնիվ, պահպանվել է ստատուս-քվոն, թեև տարածքային որոշակի փոփոխություններ են գրանցվել, հայկական կողմը հյուսիս-արևելքում (Թալիշ) և հարավային ուղղությունում (Վարազաթումբ՝ Լելե Թեփե), ընդհանուր առմամբ, կորցրել է 800 հա տարածք: Պաշտպանության բանակը Լելե Թեփեում կորցրել է 1,5 - 2 կմ ընդհանուր երկարությամբ և 0,5 - 1 կմ խորությամբ 7 դիրք, ունեցել մի քանի տասնյակ զոհ ու վիրավոր: (Ապրիլյան հակամարտության արդյունքներից ելնելով, հակամարտ կողմերի միջև կրակի դադարեցումից հետո, Հայաստանի և Արցախի զինված ուժերում բարեփոխումների որոշակի իրականացում է սկսվել):
Հայկական կողմի տվյալներով զոհվել է 93 հայ զինծառայող (որոշ տեղեկությունների համաձայն՝ ապրիլ ամսվա ընթացքում զոհվել է 110 և վիրավորվել 121 հայ զինծառայող ու կամավորական), 4 խաղաղ բնակիչ, ոչնչացվել 14 տանկ։ Միաժամանակ՝ հայտնվել է ադրբեջանցի 300 - 1500 զոհի, 2000 - 2700 վիրավորի, խոցված 2 ուղղաթիռի, 14 անօդաչու թռչող սարքի, ոչնչացված 26 տանկի, 4 ՀՄՄ-ի, սակրավորական 1 մեքենայի և հեռակառավարվող 1 ռեակտիվ համակարգի մասին:
Ադրբեջանական կողմի պնդումներով՝ քառօրյա պատերազմի ընթացքում զոհվել է 320, վիրավորվել` 500 հայ զինծառայող, ոչնչացվել է 30 տանկ և զրահամեքենա, 25 հրետանային հարմարանք:
Ադրբեջանական կողմը հայտնել է նաև ադրբեջանցի 31-94 սպանված, 2 անհետ կորած և 39 վիրավոր զինծառայողի, 6 զոհված, 26 վիրավոր խաղաղ բնակչի, ոչնչացված 1 «Մի-24» ուղղաթիռի, 1 ԱԹՍ-ի և 1 տանկի մասին:
Հետմահու Արցախի հերոսի կոչման են արժանացել կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը (2016 թ.) և կապիտան Արմենակ Ուրֆանյանը (2020 թ.)։ Մի շարք զինծառայողներ (նաև` հետմահու)` շարքայիններ Քյարամ Քյալաշի Սլոյանը (ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան), Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանը (ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալ), ավագ սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանը (ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան), Նարեկ Սիրեկանի Մալխասյանը («Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան), Ժորա Աֆրիկյանը («Նելսոն Ստեփանյան» մեդալ), շարքային Գևորգ Մանուկյանը («Արիության համար» մեդալ), սերժանտ Մարատ Պետրոսյանը, շարքային Սեյրան Գագիկի Մարգարյանը, և ուրիշ շատ այլ զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի և Արցախի մարտական շքանշաններով ու մեդալներով:
ԱՊՐԻԼԻ 2. Գիշերը ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով զինանոցում ունեցած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր միջոցները, Արցախի Հանրապետության դեմ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:
Շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի վրա գիշերը հակառակորդը հատուկ ջոկատայիններից բաղկացած փոքր խմբով դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել և ետ շպրտվել՝ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի և դիրքապահ անձնակազմի կողմից: Կարճ ժամանակ անց, վաշտի հրամանատարի ու նրա 6 զինվորի դեմ, հակառակորդը երկրորդ գրոհն է ձեռնարկել՝ զուգակցելով ինտենսիվ հրետակոծությամբ, գրոհելով տանկերով և մոտ 300 հոգուց կազմված խմբերով: Տեսնելով թշնամու չափազանց գերակշիռ ուժը՝ վաշտի հրամանատարն անձնակազմին թիկունք նահանջելու հրաման է տվել։ Ետ են քաշվել միայն 3-ը։ Մյուսները մնացել են հրամանատարի հետ։ Մարտական դիրքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհվել են կապիտան Արմենակ Ուրֆանյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, շարքայիններ Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը: 30 րոպե անց թշնամին դուրս է շպրտվել այդ դիրքից։
Ժամը 9:10-ին հայկական կողմը հայտնել է հակառակորդի մարդկային կորուստների, ինչպես նաև հակամարտ կողմերի շփման գծի հյուսիսային՝ Տոնաշեն-Թալիշ հատվածում 1 մարտական «Մի-8» ուղղաթիռի ոչնչացմած մասին: Որոշ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրների կողմից հայտնվել է նաև ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին:
Մոտ ժամը 10:00-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետակոծություն են սկսել Արցախի խաղաղ բնակավայրերի և որոշ զորամասերի մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով Մարտունու շրջանի Զորավան բնակավայրում տուժել է հայ երեխա (զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, նրա 2 ընկերները (11-ամյա Գևորգ Գրիգորյանն ու 12-ամյա Վարդան Անդրեասյանը) վիրավորվել և տեղափոխվել են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն):
Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ, մոտ ժամը 12:30-ին, խոցվել է թշնամական 2 տանկ և «ՄԻ-24 G» տիպի 1 ռազմական ուղղաթիռ: (Ուղղաթիռը խոցվել է հակատանկային «ՁՀՆ-7» նռնականետով` շարքային Նարեկ Մալխասյանի կողմից)։
Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատի ոչնչացման և հակառակորդի կրած այլ կորուստների մասին:
Թշնամին հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ կարևոր հենակետեր է գրավել:
Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժը տվել է կենդանի ուժի զգալի կորուստ՝ 200-ից ավելի զինծառայող: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության «Յաշմա» ջոկատի մոտ 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք:
ԱՊՐԻԼԻ 3. Առաջնային գծի հարավային ուղղությամբ, ժամը 06:00-ին, Ադրբեջանի զինված ուժերը, հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ, վերսկսել են ագրեսիվ ռազմական գործողությունները, միաժամանակ, հայտարարելով կրակի միակողմանի դադարեցման մասին, թեև, այնուամենայնիվ, շարունակել են մարտական գործողությունները, ինչպես նաև՝ հյուսիս-արևելքում հրետակոծել Մարտակերտ քաղաքը:
Հայկական ստորաբաժանումները Թալիշ գյուղի ուղղությամբ ետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, վիրավորվել է 2 հայ զինծառայող: Հարավային ռազմաճակատային գծում ոչնչացվել է հակառակորդի 2 տանկ և հետևակի մարտական 1 մեքենա:
ԱՊՐԻԼԻ 4. Շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը գիշերն ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական խաղաղ բնակավայրերը:
Ռազմաճակատի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով հակառակորդի կողմից առավել ինտենսիվ հրետակոծությունները սկսվել են Ժամը 07:00-ից: Թշնամին կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում` ՀԿՌՀ (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր: Հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:
Մարտակերտ տանող ճանապարհին անօդաչու թռչող սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ և վիրավորներ:
ԱՊՐԻԼԻ 5. Առաջնային գծի հարավային ուղղությամբ գիշերն ադրբեջանական զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Հրադադար հաստատելու ուղղությամբ Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմով, ծավալուն բանակցային գործընթացներ են իրականացվել:
Ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:
Ըստ հայկական կողմի (այդ թվում՝ Արցախի ԶԼՄ-ներում տարածված տեսակետների)՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի Դաշնության գործադրած ջանքերի շնորհիվ:
ԱՊՐԻԼԻ 6. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում գիշերը հիմնականում պահպանվել է նախորդ օրը ձեռք բերված պայմանավորվածությունը` կրակի դադարեցման վերաբերյալ:
Ժամը 18:30-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
ԱՊՐԻԼԻ 7. Հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գիշերը ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողություն: Տալով մեկ զոհ՝ թշնամին ետ է շպրտվել:
ԱՊՐԻԼԻ 8. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերը զոհված զինծառայողների դիակների հայտնաբերման և դուրսբերման ուղղությամբ որոնողական աշխատանքներ են իրականացրել: Այդ ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի գրանցվել:
ԱՊՐԻԼԻ 9. Շարունակվել են որոնողական աշխատանքները, պահպանվել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
ԱՊՐԻԼԻ 10. Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը դիակների փոխանակում է իրականացրել: 18 զինծառայողի մարմին է հանձնվել հայկական կողմին:
31 օգոստոսի 2021 թ., ժամը 12:48
Գեղարքունիքի մարզ, գյուղ Դպրաբակ