2020. Ռազմական բախում՝ Հայաստանի պետական սահմանի վրա
2020. Ռազմական բախում՝ Հայաստանի պետական սահմանի վրա
ՀՈՒԼԻՍԻ 12. Առավոտյան, հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում, հակառակորդի կողմից հրետանային հարձակման են ենթարկվել հայկական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը: Վիրավորվել է 2 հայ ոստիկան և 3 պայմանագրային զինծառայող:
Մոտ ժամը 12:30-ին, ադրբեջանցի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ընդհուպ մոտեցել են հայկական դիրքերին: Հայկական կողմի նախազգուշական կրակից հետո ադրբեջանցիները, թողել են ավտոմեքենան և վերադարձել ելման դիրքեր, որից հետո հրետանային կրակի տակ են առել հայկական ուժերի հսկողության տակ գտնվող դիրքերը, հակամարտ կողմերի միջև կարճատև զինված ընդհարում է տեղի ունեցել:
Ժամը 13:45-ին, կիրառելով հրետանի և ռազմական ծանր տեխնիկա, հակառակորդի կողմից կրկին փորձ է արվել գրավել հայկական նույն սահմանային դիրքը: Զինված ընդհարման հետևանքով հայկական կողմը մարդկային կորուստ չի կրել, չճշտված տվյալներով հակառակորդն ունեցել է 2 սպանված, 5 վիրավոր:
ՀՈՒԼԻՍԻ 13. Գիշերը կարճ ժամանակով վերսկսվել է զինված ընդհարումը և շարունակվել առավոտյան:
Հակառակորդը հայկական Չինարի գյուղի ուղղությամբ 82 մմ տրամաչափի ականանետից 7 և 120 մմ ականանետից 3 արկ է արձակել, 1 արկն ընկել է բնակելի տներից մեկի տանիքին, 2-ը՝ բակում: Հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, կա 5 վիրավոր:
Սոցիալական ցանցերում իրականությանը չհամապատասխանող նպատակաուղղված սադրիչ տեղեկություններ տարածելու, քաղաքացիներին անկարգությունների և պետական մարմինները գրավելու կոչեր անելու մեղադրանքով Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը։
ՀՈՒԼԻՍԻ 14. Գիշերը հակառակորդի տանկային շարժ է նկատվել և կասեցվել հայկական ուժերի կողմից:
Կեսօրին մոտ հակառակորդը Բերդ բնագավառի քաղաքացիական ենթակառուցվածքներն է թիրախավորել անօդաչու թռչող սարքի միջոցով, կա 2 զոհ, ոչնչացվել է հակառակորդի կրակի կառավարման համակարգ հանդիսացող անօդաչու թռչող սարքը:
Օրվա ընթացքում հակառակորդը հրետակոծել է նաև Այգեպար գյուղը, ինչի հետևանքով վնասվել է 7 տուն, բռնկվել են հրդեհներ, վնասվել են վերգետնյա գազատար խողովակներ, ինչի հետևանքով դադարեցվել է մի շարք բնակավայրերի (Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի) գազամատակարարումը։
Օրվա ընթացքում հայկական կողմն ունեցել է 4 զոհ։
Ադրբեջանցիները Հայաստանի դեմ ձեռնարկել են նաև պատերազմի նոր՝ թվային տարբերակ, հակերային հարձակումներ գործելով հայկական պաշտոնական ու գերատեսչական կայքէջերի վրա, ինչը շարունակվել է նաև հետագա օրերի ընթացքում։
Հայկական հաքերային խմբերը դիմել են համարժեք գործողությունների, արդյունքում՝ հայ հաքերներին հասանելի են դարձել ադրբեջանական ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներն ու հաջողությամբ կազմակերպվել է դրանց արտահոսքը, ինչպես նաև՝ կոտրվել է 2 հազար ադրբեջանական տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքեր, փոխվել դրանց DNS կարգավորումները։
ՀՈՒԼԻՍԻ 15. Գիշերը և օրվա ընթացքում սահմանային գոտում համեմատաբար պահպանվել է հարաբերական անդորրը: Թեև այն տեղ-տեղ խախտվել է։ Հայկական կողմն ունեցել է 10 վիրավոր (1-ը՝ ծայրահեղ ծանր, 5-ը՝ միջին ծանրության)։
ՀՈՒԼԻՍԻ 16. Ժամը 03:40-ին հակառակորդի շարժ է նկատվել սահմանային գոտում։ Հակառակորդը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայողների ներգրավմամբ ու հրետանային կրակի աջակցությամբ հետախուզա-դիվերսիոն հարձակման փորձ է ձեռնարկել հայ-ադրբեջանակական սահմանագոտու «Անհաղթ» մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի ներթափանցումների ու հարձակողական բոլոր փորձերը ձախողվել են հայկական կողմի ճշգրիտ ու գրագետ գործողությունների շնորհիվ:
Սկսած ժամը 05:20-ից, կիրառելով ականանետ և «Դ-30» հաուբից, հակառակորդը հրետակոծել է Այգեպար և Մովսես գյուղերն ու հայկական սահմանային դիրքերը, հայկական կողմից զոհեր չկան, խոցվել են հակառակորդի 1 տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:
Պաշտոնանկ է արվել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
ՀՈՒԼԻՍԻ 21. Գիշերը ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից 2-րդ հարձակումն է իրականացվել հայ-ադրբեջանակական սահմանագոտու «Անհաղթ» մարտական դիրքերի ուղղությամբ: Հարձակումը կանխվել է, չհաստատված տվյալներով՝ թշնամին ունի կորուստներ: