2022. Արցախահայության փետրվար-մարտյան ահաբեկման ադրբեջանական նոր մարտավարությունը
2022. Արցախահայության փետրվար-մարտյան ահաբեկման ադրբեջանական նոր մարտավարությունը
Ադրբեջանական կողմը արցախահայությանն ահաբեկելու նոր մարտավարություն է որդեգրել։ 2022 թ. փետրվար-մարտ ամիսներին Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջևանիկ և Փառուխ, Մարտունու շրջանի Նորշեն, Խնուշինակ, Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ հրաձգային զենքերից սկսված ու շարունակվող ինտենսիվ կրակոցներին այս անգամ ավելացել են նաև ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ, մասամբ՝ 60 մմ ականանետեր։ Դրանց գումարվել են նաև խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները։
ՀՈՒՆՎԱՐԻ 10. Հակառակորդի հերթական հրազենային գնդակոծումից Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանում, մանկապարտեզի հարևանությամբ կայանված 1 ավտոմեքենա է հրկիզվել։ Տուժածներ չկան։
ՓԵՏՐՎԱՐԻ 11. Ադրբեջանական մարտական դիրքերից վաղ առավոտյան հրազենային կրակահերթեր են արձակվել Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա բնակավայրերի ուղղությամբ։ Թիրախավորվել են հիմնականում բնակելի տները։ Գնդակոծումից փշրվել են ննջասենյակների պատուհանների ապակիները։ Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
ՓԵՏՐՎԱՐԻ 15. Ժամը 15։30-ի սահմաններում ադրբեջանցիները, ռուս խաղաղապահների ներկայությամբ թիրախավորել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա դաշտում տրակտորով հերկ կատարող խնապատցի Կարեն Մելքումյանին (1983 թ. ծնվ.)։ Կրակոցից վնասվել է տրակտորի հետևի անվադողերից մեկը։
ՓԵՏՐՎԱՐԻ 16. Զինված ադրբեջանցիները, առանց կրակոցի, զենքի սպառնալիքով, ռուս խաղաղապահների ներկայությամբ, 100 մետր հեռավորության վրա գտնվող իրենց դիրքերից մոտեցել են Խրամորթ գյուղի 20 հեկտարանոց խաղողայգիներում աշխատող խրամորթցիներին և արգելել նրանց շարունակել աշխատանքը, սպառնացել, որ այդ տարածքներ այլևս չգան։ *https://www.azatutyun.am/a/31706392.html
ՓԵՏՐՎԱՐԻ 18. Ադրբեջանցիները հրազենային զինատեսակներից մոտ ժամը 17։00-ին գնդակոծել են Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակելի տները։ Կրակոցներից վնասվել են տների արտաքին մասերը։ Արձակված գնդակներից մեկը խոցել է 62-ամյա թաղավարդցի Սերգեյ Գևորգյանի տան 2-րդ հարկի պատուհաններից մեկը։
ՓԵՏՐՎԱՐԻ 21. Խախտելով հրադադարը՝ ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել Ասկերանի շրջանի Շոշ և Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղերի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ տեղեկություն է հաղորդվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ՓԵՏՐՎԱՐԻ 23. Հրավիրվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման օրակարգով։ Խորհրդարանի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից քվորում չապահովվելու պատճառով նիստը չի կայացել։
ՓԵՏՐՎԱՐԻ 24. Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
ՓԵՏՐՎԱՐԻ 25. Սկսած ժամը 18։00-ից՝ ադրբեջանցիները խրամորթցիներին բարձրախոսով, գրական հայերենով «հորդորել են» չզբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով և լքել գյուղի տարածքը՝ եթե թանկ են իրենց երեխաների կյանքը։ Միջադեպի մասին տեղյակ է պահվել ռուս խաղաղապահներին։
ՓԵՏՐՎԱՐԻ 26. Գյուղից հեռանալու վերաբերյալ ադրբեջանցիների սպառնալիքները Խրամորթի ուղղությամբ՝ շարունակվել են։ Ռուս խաղաղապահների միջոցով վարվել են բանակցություններ։
ՄԱՐՏԻ 3. Անկանոն կրակահերթերով և բարձրախոսով՝ շրջանը լքելու կոչերով ադրբեջանցիներն իրենց հերթական սադրանքն են իրականացրել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի մերձակայքից՝ գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելու և բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։ Ռուս խաղաղապահները փորձել են զսպել ադրբեջանցիների ագրեսիվ պահվածքը։
ՄԱՐՏԻ 3-5. Ադրբեջանցի զինվորականներն իրենց մարտական դիրքերից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ մոտ 1 կիլոմետր խորացել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, վրաններ խփել, նշանառության տակ առել գյուղի գերեզմանոցը, եկեղեցին, խմելու ջրի ակունքը, գյուղատնտեսական նշանակության մոտ 50 հա հողատարածք։
ՄԱՐՏԻ 5. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն Արցախ կատարած այցի շրջանակներում եղել է նաև Խրամորթ գյուղում, տեղում ծանոթացել առկա իրավիճակին։
ՄԱՐՏԻ 6. Առավոտյան, ժամը 8։00-ի սահմաններում, Խրամորթ գյուղի մերձակա ադրբեջանական մարտական դիրքից մոտ 5-6 րոպե կրակահերթեր են արձակվել գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը լռել է՝ պատասխան գործողություններից հետո միայն։ Ռուս խաղաղապահները դեպքի վայր են հասել՝ երբ իրավիճակը որոշակիորեն հանդարտվել էր։ Տուժածներ չկան։
ՄԱՐՏԻ 7. Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել Խրամորթի գյուղական գերեզմանոցի ուղղությամբ՝ արձակվել է 60 մմ ականանետի 2 ական։ Տուժածներ չկան։ Հայկական կողմը հերքել է ադրբեջանցիների տարածած ապատեղեկատվությունը՝ Խրամորթից խաղաղ բնակչության տարհանման մասին։
ՄԱՐՏԻ 8. Գիշերը, մոտավորապես ժամը 1։00-ին, ուժգին պայթյունի հետևանքով վնասվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։
Ժամը 23։00-ին 60 մմ տրամաչափի ականանետի 3 ական է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
ՄԱՐՏԻ 9. «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետներն անմիջապես են դեպքի վայր մեկնելու պատրաստակամություն հայտնել։ Պարզվել է, որ վնասված խողովակի շրջակայքն ականապատված է և գտնվում է ադրբեջանական մարտական դիրքի դիմաց։ Ադրբեջանցի զինվորականներն արգելել են ինչպես հայ մասնագետների, այնպես էլ սակրավորների մուտքը վնասված գազատարի մերձակա տարածք։
Հակառակորդի կողմից ականանետային կրակի վարումը Ասկերանի շրջանի Խրամորթի ուղղությամբ՝ շարունակվել է։
Ժամը 14։00-ից 14։30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական դիրքերից 60 մմ տրամաչափի ականանետի 4 ական է արձակվել Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
ՄԱՐՏԻ 10. Առավոտյան ադրբեջանցիները կրկին ականանետային կրակ են բացել Խրամորթ գյուղի ուղղությամբ։ Վիրավորվել է համայնքի բնակիչ Սուրեն Բաղրյանը (1971 թ. ծնվ.)։ Քրեադատավարական համապատասխան միջոցառումներ են իրականցվել իրավապահ մարմինների կողմից։
Արցախի Ազգային ժողովն իր արտահերթ նիստում ընդունած հայտարարությամբ խստորեն դատապարտել է «Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը»։
ԱՀ ԱԺ-ն հորդորով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին՝ իրավիճակն ըստ ամենայնի ճիշտ գնահատելու և արցախցիների ապրելու իրավունքի դեմ Ադրբեջանի հանցավոր ոտնձգությունները սանձելու ուղղությամբ որոշակի «ջանքեր գործադրել»։
ՄԱՐՏԻ 11. Առավոտյան ադրբեջանցիները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործել ականանետեր ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ կրակ բացելով Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով։ ԱՀ ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ Խնապատի ուղղությամբ արձակվել է ականանետի 3, Փառուխի ուղղությամբ՝ 2 ական։ Տուժածներ չկան։
ՄԱՐՏԻ 14. Թաղավարդում ռուս խաղաղապահները հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն կոչեր են հղել ադրբեջանցիներին։
Հանրակրթական հաստատություններում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ մեկնարկել են գարնանային արձակուրդները։
ՄԱՐՏԻ 16. Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 8-օրյա բանակցություններից հետո հայտարարվել է ադրբեջանցիների կողմից գազատարի նորոգումը սկսելու մասին:
ՄԱՐՏԻ 18. Հայտարարվել է ադրբեջանցիների կողմից պայթեցված գազատար խողովակի նորոգման աշխատանքների ավարտի մասին:*https://panarmenian.net/arm/news/299157
ՄԱՐՏԻ 17. ՀՅԴ և ՀԿԿ ներկայացուցիչների կողմից Արցախի հումանիտար աղետի (արցախահայության՝ բնական գազ ունենալու իրավունքից փաստացի զրկվելու) առումով Հայաստանի իշխանությունների անգործության վերաբերյալ բողոքի ակցիա է կազմակերպվել ՀՀ Կառավարության շենքի դիմաց։
Խրամորթ, Թաղավարդ և այլ գյուղերում հայ բնակչությունը ազգագրական-հայրենասիրական երգեր են հնչեցրել՝ ի պատասխան ադրբեջանցիների մուղամների, նամազի և հայերենով՝ բնակավայրը լքելու սպառնալիքների։
ՄԱՐՏԻ 18. Արցախում սկսել է աննախադեպ առատ ձյուն տեղալ։
Օրեր առաջ Խրամորթից անվտանգության նկատառումներից ելնելով տարհանված կանայք ու երեխաները վերադարձել են հայրենի գյուղ։
ՄԱՐՏԻ 19. Վերջապես վերականգնվել է վնասված գազատարը և 10-օրյա ընդմիջումից հետո երկնագույն վառելիքը կրկին մուտք է գործել Արցախ։ Օրվա ընթացքում Ստեփանակերտում ամբողջությամբ վերականգնվել է բնակչության գազամատակարարումը։ (Պայթեցված խողովակը նորոգել են ադրբեջանցիները)։
Արցախում ձյան տեսքով աննախադեպ առատ տեղումները շարունակվել են։ Ստեփանակերտում ձյան շերտի հաստությունը հասել է 50 սմ-ի, հանրապետության շրջաններում՝ տեղ-տեղ՝ 1 մետրի։ Վերջին 20 տարում նման առատությամբ ձյուն չէր տեղացել։ Փակ կամ դժվարանցանելի են Արցախի Հանրապետության բոլոր ներքին ճանապարհները։ Ողջ օրը Ստեփանակերտում չի աշխատել հասարակական տրանսպորտը։ Փակ էր նաև Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհահատվածը։
ՄԱՐՏԻ 20. Համացանցում տարածվել է Ասկերանի շրջանի վարչակազմի հայտարարությունը՝ շփման գծին մոտ շրջանի մի շարք հայաբնակ գյուղերում պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, խաղաղ բնակչության լիարժեք անվտանգության ապահովման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու մասին։
Տեղացած առատ ձյան պատճառով Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
ՄԱՐՏԻ 21. Ժամը մոտ 23։00-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել «ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով» հանրապետության ողջ տարածքում գազամատակարարումը կրկին դադարեցվելու մասին։ Ենթադրվում է, որ գազատարը նորոգելիս՝ ադրբեջանցիները փական են տեղադրել խողովակի վրա ու երբ խելքներին փչի՝ կարող են դադարեցնել Արցախի գազամատակարարումը։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղեկացված է ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ *https://panarmenian.net/arm/news/299157
Եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ Արցախում դադարեցվել են պարապմունքները նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։
ՄԱՐՏԻ 22. Գազամատակարարման դադարեցման կապակցությամբ Ադրբեջանի քաղաքականությունը համարելով մարդատյաց, ատելության ու ազգայնամոլության հերթական դրսևորում, Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարությամբ դիմել է միջազգային հանրությանը՝ ակնկալելով համարժեք գնահատական։
ՄԱՐՏԻ 23. Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ադրբեջանական զինված կազմավորումները ժամը 10։05-ին հրազենային կրակ են բացել։ Տուժածներ չկան։
ՄԱՐՏԻ 24. Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ շարունակվել են ռուս խաղաղապահների անարդյունք բանակցությունները ադրբեջանական կողմի հետ։
Արցախցի կանայք ու երեխաները Ստեփանակերտի «Արևիկ» մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բակում անցկացված խաղաղ հավաքի ընթացքում միջազգային կառույցներից պահանջել են պարտադրել Ադրբեջանին՝ վերականգնել գազամատակարարումն Արցախում, վերացնել արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Ժամը 16.00-ին ադրբեջանցիները ներխուժել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և վերահսկողության տակ վերցրել Ասկերանի շրջանի հայաբնակ Փառուխ բնակավայրն ու շրջակա բարձունքները։ Բնակիչներն անվտանգ վայրեր են տարհանվել։ Հայաբնակ գյուղում միայն ադրբեջանցիներ են և ռուս խաղաղապահներ։ Թշնամուն ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ վարված բանակցություններն արդյունք չեն տվել։
Խրամորթ գյուղից ևս տարհանվել են կանայք ու երեխաները։ *https://www.azatutyun.am/a/31768673.html
ՄԱՐՏԻ 25. Գիշերվա ընթացքում հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում 5 հայ զինծառայող վիրավորվել է։ Հայկական կողմի տվյալներով թշնամին 5 սպանված զինծառայող ունի։ *https://www.azatutyun.am/a/31769818.html
Կեսօրից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակել են կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը։ Բացի հրաձգային զինատեսակներից թշնամին կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Bayraktar TB-2» տիպի։*https://www.hetq.am/hy/article/142678 Արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել են պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (1978 թ. ծնվ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (1994 թ. ծնվ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (1990 թ. ծնվ.), տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել և հոսպիտալացվել ևս 14 հայ զինծառայողներ։ Ժամեր տևած բանակցություններն արդյունք չեն տվել՝ թշնամին չի վերադարձել ելման դիրքեր։ Իրադրությունը ծայրաստիճան լարված է։
Ստեփանակերտում տեղի ունեցած Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում որոշում է ընդունվել Ադրբեջանի կողմից Արցախում մարտի 8-ից իրականացվող հումանիտար ու հոգեբանական ճնշումներին, ինչպես նաև ռազմական ագրեսիային արդյունավետորեն դիմակայելու համար դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին։
ՄԱՐՏԻ 26. Նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը կանխելու նպատակով «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք են կազմակերպել։ Նրանք ակցիայի շրջանակներում աշխարհին ու համայն հայությանը հորդորել են չլռել և բարձրաձայնել իրենց արդար բողոքը՝ արցախահայության անվտանգության խնդրի բարձրաձայնման և ԱՀ ինքնության ճանաչման նպատակով։
Արցախի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման, գործադուլների արգելման, երկրի պաշտպանունակության և անվտանգության դեմ ուղղված քարոզչության կասեցման վերաբերյալ։
...Ահա՝ այսպես։ Իսկ մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են։ Ադրբեջանցիներն էլ ազգամիջյան հակամարտությունը շարունակելու նոր, ավելի հեշտ գործածելի, հարմար ու արդյունավետ մարտավարական գործիքներ են գտել։ Եվ՝ օգտագործում են, պատեհ ու անպատեհ։
Իսկ Արցախում գարունը դեռ սպասում է։ Ադրբեջանական սադրանքներին գումարված ձյունառատ մարտն էլ տեղի չի տալիս թուրքավարի։ Այնպիսի տպավորություն է՝ ասես ցուրտն ու թուրքը միացել են իրար և միասին են ուզում կոտրել արցախցու համառությունը։ Բայց արցախցին ո°չ միայն համառ է։ նաև՝ տոկուն է ու անզիջում։
26 մարտի 2022 թ.
Ստեփանակերտ