717

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երեկ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (717)

Վարդան Հակոբյան

Աշուն-5
717


Մասիսները աստղապտուկ կապույտներում խունկ են վառել. -
լուսնի շողը թեւերիս մեջ դալարում է մեջքն իր եղեգ,
պահը թռչող ծաղկաթերթի նման իջավ հոգուս վրա,
հեզամարմին սահանքը քո եթերինն է մեղրամոմիկ
եւ ես անհաղթ, հզոր, անքեն արքան եմ ողջ տիեզերքի։

Իմ մանկության աղբյուրները եկել են ինձ այցելության,-
քո շուրթերի վրա քաղցրիկ մանուշակը կապույտ թողեց,
ամբրոսվել է իմ երեսը թանձրաթեժիկ քո ծոցի մեջ,
սիրտը զուլալ լույս է քամում երկնածարիր ընծայումից
եւ փիրուզյա փետուրներդ անմեկնելի երգ են ցրում։

Նվիրումը հազար թեւ է տվել ցավին անպարագիծ,-
պախրայի թավ եղջյուրներում բույն է դրել հավքն Աստծո,
ձեռքերն, ասես, մեհյանաշող ընձյուղվել են կրակի շուրջ,
մեն-միակը, անկրկնելին բռնկվել է մի հրաշքում
եւ մթան մեջ՝ շորիկն ընկած, բուրվառում է - ճերմակ շուշան։

Ահագնացող այրումի մեջ շիվ է տալիս գիշերն անկուշտ,-
Սերոբն Աղբյուր իր Սոսեի կանչի վրա ելնում է սար,
անբառ-անխոսք, անիրական երազի մեջ կորցրել եմ ինձ,
կանգ առ, վայրկյա՛ն, գեղեցիկ ես... Ա՜խ, դո՛ւ, Գյոթե, շու՜ն շան որդի.
սուրբ խաչքարի նախշից հավքը կտուց-կտուց ջուր է խմում...