Երկիր Նաիրի/Մասն առաջին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Առաջաբան Երկիր Նաիրի (Մասն առաջին)

Եղիշե Չարենց

Մասն երկրորդ


ՔԱՂԱՔԸ ԵՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ


Այստեղ նաիրյանն է նազում...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ


Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.- փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են -գավառական հետամնաց քաղաք: Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը -աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ.- գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ: Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող... Էյֆելյան աշտարակին: Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն - մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս -և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ: Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն՝ արևելյան գյուղում:

Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը. դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում:

Տները, ինչպես ասացի, նաիրյան այդ քաղաքում ցածլիկ են, մեծ մասամբ միհարկանի, տափակ կտուրներով,- բայց տների ու խանութների այդ միօրինակ տափակության ծովում, քաղաքի ճիշտ կենտրոնում, որպես ուրիշ մի աշխարհից կամ երկընքից ընկած քարե մի հրաշք-կանգնած կա, երևակայո՞ւմ եք... հինգհարկանի մի հսկա, քարե մի թյուրիմացություն... Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ. Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նաիրյան այդ քաղաքում, ամեն անգամ այդ շինության մոտից անցնելիս ասում է ինքնիրեն կամ, եթե խոսակիցներ է ունենում -նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ -եվրոպացիք... Ա՛յ»: Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ-- փոքրիկ քառակուսի պատուհաններին: «Դեռ մենք շատ ենք հետամնաց», - ասում է նա: Այսպես է մտածում պ. Մարուքեն-և նա, իհարկե, ունի իրավունք.- պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերումով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում.- գոնե այսպես է հավատացնում ինքը, պ. Մարուքեն: Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը -և չի կարող տանել ոչ մի հնություն: Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նաիրյան այդ քաղաքում և բոլորը, մեծ թե փոքր, բացի երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանից, հարգում են նրան:

Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք-շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ, որոնցով դժբախտաբար չէր հետաքրքրվում պ. Դրաստամատյանը: Սակայն ինչ ուզում է պ. Մարուքեն կարծե -առանց այդ հրաշալիքների նաիրյան այդ քաղաքը եթե ոչ իր ամբողջ հմայքը, գոնե իր հմայքի կեսից ավելին անպայման կկորցներ -հենց իրենց, այդ քաղաքի բնակիչների աչքում: Եվ ճիշտ որ. ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել - թեկուզ հենց Բերդը կամ, ասենք,-- Վարդանի կամուրջը կամ վերջապես -Առաքելոց եկեղեցին... Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը,- ո՞րը թվեմ:- Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք:

Սկսենք բերդից:

Քաղաքի արևմտյան ծայրում, վերը, ժայռակուռ, դեղին բլուրի վրա-- խիստ, խոժոռ, որպես արևելյան քարե մի բռնակալ -բազմել է բերդը: Ժայռե իր գահի, աթոռի վրայից նայում է քաղաքին: Քարե մի վիթխարի արկղ լինի կարծես՝ ծանր՝ ընկել է վերից ու կախված մնացել է բլուրի վրա, նստել է՝ ծանր ու հաստատ:-Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես -և հետո, մեկը մյուսի հետևից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթև, զանազանաձև սնդուկներ՝ մեկը մեկի վրա, կողք կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն: Ասում են, որ այդ բերդը շինելիս նաիրցի վարպետները ձվի սպիտակուց են գործածել շաղախի փոխարեն -ահա, թե ինչու է այդ բերդը անխորտակելի: Անառիկ է այդ բերդը -ամենքը այդ գիտեն,-- և դավաճանությունն է, նենգ, ստոր, նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին: Հիմարները միայն կարող են չզարմանալ այդ բերդի վրա -և այդպիսի հիմարներից է, թող թույլ տրվի ասեմ, պ. Մարուքեն: Եվ թող ասի խնդրեմ պ. Դրաստամատյանը, այդ մեծամիտ «եվրոպացին». ինչո՞վ, ինչո՞վ պիտի պաշտպանվեր հնամյա այդ քաղաքը առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ: Այնտեղից, այո -բերդի անխորտակելի պատերի վրայից պիտի ռումբեր տեղան, եթե պատերազմ լինի: Այնտեղից -բերդի ժայռակերտ պատնեշների վրայից իջնի պիտի մի օր, որպես երկաթե մի բռունցք, պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի:- Որպես երկաթե մի բռունցք -իջնի պիտի մի օր թշնամու գլխին:- Ահա՛ թե ինչ է այդ բերդը -իհարկե, հասկացողի համար: Եվ ահա՛ թե ինչու -վարը, քաղաքում հանգիստ են տները՝ նիրհել են անհոգ ու անտարբեր: Իսկ խանութների առաջ նստել է նաիրցի խանութպանը և ծույլ, անփույթ հորանջելով սպասում է գնորդի: Եվ ի՜նչ նշանակություն ունի այն հիմար, միանգամայն պատահական և ժամանակավոր հանգամանքը, որ հիմա, 1913 թվին, բերդի ամենաբարձր աշտարակի վրա ծածանվում է ո՛չ նաիրյան, արծվազարդ մի դրոշ: Բերդը շինել են նաիրցիները, բայց, դժբախտաբար, այդ նույն բերդն է հիմա եկվոր սրիկաներին -սոխերին -պաշտպանում թե մեզնից, բերդի և քաղաքի իսկական տերերից -և թե ամեն մի թշնամուց: Օրը կգա -և նրանք կգնան: Եվ նորից, բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք -կելնե, կհառնե ահասաստ, նաիրյան ոգին. կորովը, ուժը հազարամյա -նաիրյան աշխարհի... Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա -երկիրը Նաիրի... Այսպես էին մտածում այդ բերդի մասին նաիրյան այդ քաղաքում ապրող իսկական նաիրցիները -և այս փաստի հանդեպ ի՞նչ կարող էր անել մի, թեկուզ և եվրոպացի, պ. Դրաստամատյան...

Բերդից, քարե այդ վիթխարի սնդուկի երկու կողքերից սկսվելով՝ ծուռումուռ, հսկա սապատավոր ուղտերի նման, դեպի վար, դեպի քաղաքն են իջնում քաղաքի երբեմնի պարիսպների հիմիկվա մնացորդները: Առաջ, շատ հնում, քարե ուղտերի անընդհատ ձգվող մի քարավան է եղել, ամրակուռ մի պարիսպ, որ բերդից իջնելով՝ անցնելիս է եղել գետը և ամբողջ քաղաքը իր մեջ առնելով՝ տարիներ շարունակ պաշտպանել է բնակիչներին չարից ու ոսոխից: Բայց հիմա քարե այն հսկա ուղտերի սապատներն են միայն -ծուռ, կոշկոճ բլուրների նման -տեղ-տեղ մնացել: Մնացել են հիմա այն հին պարիսպների զարմանք հետքերը միայն - մեկն այնտեղ ահա, բերդի պատերին կպած, մյուսն այնտեղ, գետեզերքին, մեկն էլ՝ հեռո՛ւ-հեռուն՝ քաղաքից դուրս: Ամեն մեկը հիմա մամռապատ մի պատ է կատարյալ, չիմացողը կասի՝ ո՞վ է այս բլուրի քարերը հղկել, ազնվացրել և մամուռով պատել... Իսկ մի վիթխարի կտորը այդ առասպելական պարիսպի մինչև օրս էլ մնացել է քաղաքի միջով անցնող գետի ճիշտ մեջտեղը. գետի մեջտեղը մնացած պարիսպի այդ կտորն է ահա, որ կոչվում է հիմա Վարդանի կամուրջ: Կարծում են՝ կամուրջ է եղել և համոզված են, որ այդպիսի մի կամուրջ Վարդան զորավարը միայն կարող էր շինել, որովհետև այսօրվա միամիտ նաիրցին այն ամենը, որ մե՛ծ է և զարմանալի, ինչ որ նաիրյան է ու հաղթական -վերագրում է Վարդան Մամիկոնյանին, վերջին այդ արքայակերպ նաիրցուն, որի մասին այսօր ամեն մի հասարակ նաիրցի այնքանը միայն գիտե, որ բարեկենդանի հինգշաբթի օրը բոլոր նաիրյան եկեղեցիներում պատարագ է լինում նրա հիշատակին, երգվում է «Լռեց ամպերը», և այդ օրը բոլոր նաիրցիները «տոն» ունեն, այսինքն -անվանակոչություն... Բայց այդ չէ, իհարկե, պատճառը, որ Վարդանի կամուրջը նաիրցիների աչքին դարձել է խորհրդավոր մի հրաշք՝ ահռելի գեղեցկություն: Ասում են -և այդ բոլորը գիտեն -որ գետում խեղդվածները գալիս հավաքվում են կամուրջի տակ գտնվող ահռելի վիհերում. վիհի՛ վրա է կանգնած այդ հսկա քարակույտը -ահա՛ թե ինչ: Նրա տակ դատարկ է, բոլորովին դատարկ: Եվ այդ դատարկության վրա, որպես նաիրյան հնամենի զարմանք, եղել է կամուրջը, կախվել է, ծանր ու հաստատ, վիհերի վրա: Վարդանի կամուրջը: Եվ այդ անհուն, անհատակ վիհերում, որոնց մեջ ջուրն անգամ վարանում է լցվել - ապրում են ջրային գազաններ, պառավներ, մարդագլուխ գոմեշներ, ջրային հսկա մի օձ, որ կամուրջի «տերն» է, կամուրջի բարի ոգին և երկու ջրահարս: Ահա թե ինչու ոչ մի քաղաքացի չի համարձակվում լողանալ կամուրջի մոտերքը. քանի՜-քանի անգամ եղել են դեպքեր, երբ մի առաքինի, խելոք, բարի նաիրցի գիշեր ժամանակ Վարդանի կամուրջի մոտերքից անցնելիս զգացել է հանկարծ, որ քաշում են իրեն վար, դեպի վիհերը Վարդանի կամուրջի,- կանչում են, հմայում են, ուզում են խեղդեն: Եվ քանի՜-քանի անգամ Վարդանանց տոնին սուրբ Գևորգ եկեղեցու քարե ամբիոնից տեր Հուսիկ քահանան զգուշացրել է քաղաքացիներին, որ նման դեպքերում ամեն մի իսկական նաիրցի իսկույն պետք է հիշի Վարդան զորավար քաջին և ամրապնդվի պապերի հավատքով: Պիտի մտաբերի այն մեծ նպատակը, որի համար ընկել է նա Ավարայրի դաշտում -և չվարանի: Եվ եթե չվարանի՝ կցնդի, քամի կդառնա այն չար զորությունը, որ թշնամու ցանկությամբ կախվել է Վարդանի կամուրջի վրա: Եվ Վարդանի կամուրջը կդառնա հավատքի մի խորան՝ բարի մի զորություն:- Հարության սյուն կդառնա Վարդանի կամուրջը հավատացողի համար -ասել է հաճախ տեր Հուսիկ քահանան: Բայց միշտ այնպես է պատահում, որ ամենավտանգավոր վայրկյանին թռչում է Վարդանի անունը վարանոտ քաղաքացու ճղճիմ ուղեղից ու մնում է տեղը -դատարկ տարածություն, սարսափելի զարզանդ, որ, ի դեպս ասած, ավելի է բարձրացնում Վարդանի կամուրջի հրաշալի հմայքը քաղաքացիների աչքին: Եվ ես չգիտեմ, չեմ կարող պատկերացնել, թե որքա՜ն խղճուկ ու անհետաքրքիր պիտի թվար նաիրյան այդ քաղաքը նրանում ապրողների աչքին, եթե այդ կամուրջը չլիներ: Բայց արի տես, որ այդքան հետաքրքիր ու զարմանալի հնամյա այդ քաղաքում միայն կամուրջը չէ: Եվ եթե առաջարկվեր բնակիչներին ձեռք քաշել քաղաքի հրաշալիքներից մեկն ու մեկից, հարց է դեռ՝ չէի՞ն զիջի նրանք Վարդանի կամուրջը -հօգուտ Առաքելոց եկեղեցու: Ուզում եմ ասած լինեմ, որ չնայած Վարդանի կամուրջը քաղաքացիների սրտին չափազանց մոտ լինելու հանգամանքին -ուրի՛շ բան է այդ նույն քաղաքացիների համար Առաքելոց եկեղեցին: Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի -և բացի նրանից չկա մի ուրիշ ավելի հմայիչ զարմանք քաղաքացիների համար:- Ինչ որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ է ուղեղը, աչքը կամ սիրտը՝ մարդու կազմվածքում -նո՛ւյնն է Առաքելոց եկեղեցին նաիրյան այդ քաղաքում:- Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար -նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին -Առաքելոց եկեղեցին:

Բերդից դեպի հյուսիս, վարը, բլուրի լանջին, ծվարել է Առաքելոց եկեղեցին, որպես քարից շինած մոխրագույն մի թռչուն: Առաքելոց եկեղեցին թռչունի է նման վերից -բերդից նայելիս. բայց դեմից նայելիս նա թողնում է նստած վարդապետի տպավորություն: Քարե ծեր մի վարդապետ է կարծես, նստել է բլուրի լանջին ու մնացել է նստած -դարեր, ու կմնա նստած, քանի դեռ կա աշխարհը և անհուն աշխարհում -երկիրը Նաիրի: Վերը, գմբեթի ծայրին, խաչն է՝ պարզ, երկաթե նաիրյան մի խաչ: Ու խաչից սկսվելով՝ ծայրը վեր տնկած կոնաձև հոլի մի նման իջնում է գմբեթը քարե մի ահռելի սնդուկի վրա: -Ահա՛ Առաքելոց եկեղեցին: Հրաշք է, չես հասկանում -այնքան է պարզ: Բայց որպեսզի ընթերցողը պարզ, ակնհայտնի կերպով կարողանա պատկերացնել Առաքելոց եկեղեցու հմայիչ պարզությունը -ես կնկարեմ այստեղ, մոտավորապես, նրա արտաքին տեսքը.


-ահա՛: Հասարակ է, պարզ է՝ նաիրյան ոգին է կարծես՝ կերպարանք ստացած:- Անպաճույճ է, պարզ է -դրսից, բայց հասկացողի համար նա որքա՜ն է անհուն ու բազմահրաշ...

Ճիշտ այնպես, ինչպես պատմել են, պատմեմ ես էլ քեզ, ընթերցո՛ղ: Առաքելոց եկեղեցու մասին. ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ ծիծաղիր: Բայց ես մոռացա ասել, թե ինչու է այդ եկեղեցին կոչվում -Առաքելոց եկեղեցի:- Եվ հենց այստեղից է ահա, որ սկսվում է այդ եկեղեցու զարմանալին ու րաշալին:

Քարե այդ եկեղեցու քարաշեն գմբեթի պատերի վրա դրսից քանդակել է նաիրցի վարդապետը տասներկու առաքյալների դեմքերը՝ մեկ-մեկ, կողք կողքի -տասներկու առաքյալ: Հասկանո՞ւմ եք՝ քարի՛ մեջ փորել է հրաշալի դեմքեր: Նրանք հիմա էլ պարզ նայում են դիտողին գմբեթի հնաբույր, մամռոտ պատերից՝ կարծր, չոր, նաիրյան լեռնաքարի մեջ փորած հրաշալի դեմքեր: Եվ այն էլ կնկատի ուշադիր դիտողը, որ առաքյալներից մեկի բոլոր դիմագծերը փորփրած են անխնամ. քիթը չկա, իսկ աչքերի փոխարեն նայում են վերևից երկու սև ու այլանդակ խոռոչներ:-Հուդայի դեմքն է դա, կասի ձեզ իմացողը,- որին նաիրցի քրիստոնյա վարդապետը տվել է հրեշի կերպարանք: Բայց Հուդայի այդ դեմքը իսկի էլ կարծես քանդակված չլինի եկեղեցու վրա, որովհետև եկեղեցին թեկուզ և պաշտոնապես կոչվում է Տասներկու Առաքելոց, բայց ժողովուրդը համառորեն ասում է՝ Տասնմեկ Առաքելոց -և նա իրավունք ունի. նա չի հաշվում Հուդային. չի՛ ուզում հաշվել: Սակայն եթե ժողովուրդը տասներկու առաքյալներին էլ չհաշվեր -էլի Առաքելոց եկեղեցին ոչինչ չէր կորցնի իր դարավոր հմայքից: Որովհետև այլ է նրա կոչումը, և հմայքը -այլ: Եվ այն, ինչ որ ես հիմա պիտի քեզ պատմեմ, սիրելի ընթերցող, թող քեզ դատարկ հեքիաթ կամ զրույց չթվա: Եթե մի անգամ պատահմամբ այդ քաղաքն ընկնես՝ հարցրո՛ւ Առաքելոց եկեղեցու մասին և քեզ ամեն մի տեղացի նույնը կպատմե, ինչ որ ես պիտի պատմեմ, գուցե և ավելին:

Դեպքը պատահել է այսպես:

Առաքելոց եկեղեցուց երկու-երեք հարյուր քայլաչափ հեռու, եկեղեցի տանող ճանապարհի վրա հիմա էլ կանգնած կա կիսավեր մի տնակ: Պատերը կանգնած են դեռ, բայց կտուրը փուլ է եկել. հողակույտ է հիմա այդ տնակը, անդուռ ավերակ: Ընդամենը քսան-քսաներկու տարի առաջ այդ տնակը թե դուռ ուներ և թե լուսամուտներ, և նրա խոնավ, ցածլիկ սենյակներում ապրում էր մի գաղթական նաիրցի՝ հիմա ամենքին անունով հայտնի Մշեցի Թաթոն: Այդ մարդը դժբախտ է եղել. նաիրյան հեռու մի քաղաքում ջարդի ժամանակ կորցրել է իր ընտանիքը և մերկ, բոբիկ, հասել է այդ քաղաքը և բախտի բերումով բնակություն գտել եկեղեցուն մոտիկ այդ խարխուլ տնակում: Ապրել է Մշեցի Թաթոն այդ խարխուլ տնակում մի քանի տարի, ոչինչ չի նկատել: Եվ ահա մի օր շուկայում հանդիպում է նա իր հայրենակիցներից մեկին. նոր է եկած լինում հեռու հայրենիքից: Պատմում է այնտեղի մասին քստմնելի բաներ: Եվ պատմությունը նույնն է լինում՝ կոտորած, կոտորած, կոտորած:- Բռնաբարված կին, կորած երեխաներ: Ու փախուստ -օտարություն՝ մուրացկանի վիճակ: Լսում է Մշեցի Թաթոն և հիշում է իրը. հիշում է կնոջը, երեխաներին: Մտնում են միասին գինետուն և սկսում են խմել դառն, արնահամ նաիրյան օղի: Եվ ահա Թաթոն սկսում է պատմել ընկերոջը քաղաքի մասին. դուրս են գալիս օրորվելով. տեսնում են բերդը, Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին: Ասում է ընկերը՝ օրը կգա և նորից կելնե, կհառնե մշուշից -նաիրյան ոգին: Հաղթ, հաստատ, կիջնի թշնամու գլխին -երկաթե վրեժ: Այսպես զրուցելով գալիս են Թաթոյի տնակը, պառկում են քնելու: Եվ ահա կեսգիշերին թվում է Թաթոյին՝ մեկը, անուշ ձայնով, կանչում է իրեն: Ներքևից, տան ներքնահարկից, կանչում է մեկը, ծանոթ, կանչում է վար: Ելնում է վեր և ասում է ընկերոջը՝ արի: Եվ նրանք միասին վերցնում են ճրագը՝ իջնում են վար: Իջնում են ներքնատուն: Խոնավ, գաղջ օդով լցված, զարհուրելի: Մի վայրկյան մնում են շվարած. պարզ, լսելի՝ կանչում է տխուր մի ձայն հատակից, ներքևից: Աչքերը գետնին են հառում -տեսնում են՝ գետնի մեջ, ծանր, թաղվել է մի ջրաղացքար: Մտածում են՝ դուռ է: Դնում է Թաթոն ոտքը ջրաղացքարի վրա. շարժվում է: Կռանում, բարձրացնում են քարը -բացվում է նրանց առաջ մի մութ ներքնահարկ: Մութ, խոնավ՝ փչում է դեմքներին թավ, խոնավ մի քամի: Նայում են ճրագով -աստիճաններ: Վերցնում են ճրագը և իջնում են վար: Ահա վերջանում են աստիճանները, և դեմը խավար մի անցք տանում է -ո՞ւր: Գնում են անցքով -գալիս, գալիս -լայնանում է անցքը: Եվ ահա նորից -աստիճաններ: Ելնում են վեր -և դուրս են գալիս հանկարծ... Կանգնած են Առաքելոց եկեղեցում: Բեմը, խորանը ահա, վարագույրն ահա -մութ -կապույտ վարագույրը՝ վրան ոսկե մի խաչ: Ավազանը ահա, որտեղ երեխաներ են «կնքում»... Մնում են շվարած: Մոտենում են դռներին, ուզում են դուրս ելնել -փակ է: Զարհուրած փախչում են ետ: Միևնույն անցքերով քայլում, քայլում են երկար և ահա նորից - աստիճաններ: Եվ հանկարծ, գլխների վերևում, վերը, ներքևում, իրենց շուրջը, չորս կողմը լսում են -խուլ, հեռու ջրերի խշշոց: Ելնում են աստիճաններով և դուրս են գալիս... Քիչ է մնում հովից ու խոնավությունից ճրագը մարի: Ո՞ւր են -չեն հասկանում: Զգում են միայն, որ կանգնած են բարձր մի տեղ, ինչ-որ զարհուրելի խոնավության վրա: Ներքևում, վարը -գետ է, հեղհեղուկ հոսանք: Ջրերի խշշոց: Ու հորդ, հեղհեղուկ հոսանքի վրա, վերը- երկինք է. մութ. խոնավ գիշեր: Եվ Թաթոն հիշում է հանկարծ՝ կանգնած են ճիշտ այն բլուրանման պարսպի մնացորդի վրա, գետի մեջտեղում:-Կամուրջն է. տեղացիք ասում են՝ Վարդանիկամուրջ: Ահա ջրերի միջից, վարը, երգում են պառավները. ե՞րգ է, թե՞ ջրերի խշշոց: Ու հորդ, հեղհեղուկ խավարում շողշողում է վարը, ծփում է պսպղուն -օձը, Կամուրջի բարի ոգին: Եվ ահա խոնավ, խշշացող ջրերի միջից ելնում են, ահավոր բառաչում խռպոտ -ջրային գոմեշները.- ահ է. զազրելի զարմանք... Արագ իջնում են վար, փախչում են անցքերով. ու էլի ահա -աստիճաններ: Շատ են, ինչքա՜ն են շատ... Ելնում են, ելնում են, ելնում են. և ահա -դուրսն են նորից: Շուրջը -երկինք է. աստղային մշուշ: Վարը -քաղաքն է երևի. առկայծում են դեղին, տարտամ կրակներ: Հեռուն, շատ հեռուն, լսվում է խուլ, տխուր-- խշշոցը գետի. ոտքերի տակ իրենց -բերդն է. քարե սնդուկները ծանր շնթռկել են, քնել են ահավոր: Կանգնած են իրենք բերդի ամենաբարձր աշտարակի վրա. փչում է սուր, սարսուռ, սառը մի քամի: Ու մոտիկ-- մոտիկ ծածանվում է լաթի մի կտոր. դրոշակն է բերդի: Մութ է ափսոս: Եթե ցերեկ լիներ՝ կտեսնեին դեղին կտավի վրա -երկգլխանի մի արծիվ՝ ոսկենկար զարզանդ: Մութ է, գիշեր է, չի երևում: Փչում է կատաղի -հրում է քամին. հիմա կընկնեն: Ինչո՞ւ են այստեղ -ի՛նչ են ուզում: Սարսափից խելագար՝ աստիճաններով կրկին իջնում են վար, ընկնում են գետնափոր անցքերը. վազում են շնչակտուր: Եվ քրտինք կտրած՝ հանկարծ, երևի պատահմամբ -ելնում են իրենց ներքնահարկը նորից. բարձրանում են Թաթոյի սենյակը և քնում են մեռելանման: Քնում են դառը, աներազ, ծանր մի քնով, բայց առավոտը զարթնում են կայտառ, ոգևորված: Պատմում են բոլորին անցքերի մասին -և բոլորը մնում են ապշած ու շվարած: Լինում են մարդիկ, որ այդ պատահական գյուտը համարում են խորհրդավոր նշան, զարթնումի սկզբնավորում: Մոտ է -ասելիս են եղել նրանք -վայրկյանը վերածնության: Եվ կանչել են նրանք Թաթոյին ու ընկերոջը. խըստիվ արգելել են այդ մասին զրուցել ու խոսել: Բայց հիմա, այդ նշանավոր անցքից քսան-քսանհինգ տարի հետո, բերդի, Առաքելոց եկեղեցու և Վարդանի կամուրջի մեջ գտնվող այդ անցքերի և աստիճանների մասին -բոլորը, նույնիսկ երեխաները գիտեն:-Բայց այդ մասին, իհարկե, չեն խոսում երբեք. այդ մասին խստիվ արգելված է խոսել: Այն էլ մոռացա ասեմ, որ երբ Թաթոյի և ընկերոջ անուշադիր լինելու շնորհիվ կառավարությունն իմանում է Առաքելոց եկեղեցու գաղտնիքը -խլում է Առաքելոց եկեղեցին նաիրցիների ձեռքից, իսկ Թաթոն ու ընկերն աքսորվում են Սիբիր և փտում այնտեղի խոնավ զնդաններում: Ահա՛ թե ինչ է իրենից ներկայացնում Առաքելոց եկեղեցին... Եվ դեռ ես այն էլ մոռացա ասեմ, որ բացի վերոհիշյալ հրաշքներից՝ նաիրյան արքանե՛ր կան թաղված Առաքելոց եկեղեցում և երբ, եկեղեցին գրավելուց հետո, սոխերը քանդել են եկեղեցու հատակը -վեմքարի ներքևում գտել են անթիվ-- անհամար գանձեր ու անգնություններ... Էհ, հին ու մութ պատմություն է, ընթերցո՛ղ,- ո՞րը թվեմ: Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել նաիրյան արքաները. այդպիսի արքաներ հիմա չկան: Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան. եթե ոչ... ինչո՞ւ պիտի կորչեր արքայությունը նրանց և ավերակի վերածվեր երկիրը Նաիրի... Ո՞ւր են հրաշագործ նաիրցիները հիմա -ո՞ւր է հազարամյա Նաիրին... Չկա, ոչինչ չկա հիմա: Անգամ հնուց մնացած այդպիսի զարմանք -հրաշալիքներ ունեցող նաիրյան այդ քաղաքը, որ առաջ արքայանիստ է եղել, մայր-քաղաք, հնամենի կենտրոն -այդ քաղաքն անգամ դարձել է հիմա սոխերի տիրապետության օրով -գավառական հետամնաց մի որջ, ուր պատժվելու համար մայրաքաղաքներից աքսոր են ուղարկվում զանազան զեղծումների մեջ բռնված ավազակ պաշտոնյաներ...

Քաղաքի այդ երեք հին հրաշալիքները նկարագրելուց հետո անցնենք հիմա քաղաքի նոր հրաշալիքներին: Այդպիսով մենք կամաց- կամաց կմոտենանք քաղաքի առօրյա կենցաղին, և հետըզհետե մեր դեմ կելնեն հնամյա այդ քաղաքում այժմ ապրող բոլոր նշանավոր ու աննշան նաիրցիները -քաղաքի հիմիկվա բնակիչները:

Ամենամեծ նորությունը, որ նաիրյան չէ և նույնիսկ անընտել, անհասկանալի է թվացել սկզբում տեղացիների աչքին -երկաթուղագիծն է՝ ձգված սոխերի տիրապետության օրով՝ քսան տարի առաջ: Քաղաքի բնակչության կեսից ավելին դեռ մինչև հիմա էլ հիշում է անմոռանալի այն օրը, երբ անհայտ հեռուներից մինչև այդ քաղաքը ձգված երկաթե գծերի վրայով առաջին անգամ մոտեցել է գնացքը նորակառույց կայարանին: Եղել է -խնդուն խրախճանք, զարմանալի զարմանք: Եղել են մարդիկ, որ զարմանքից ու հիացմունքից չեն կարողացել խոսել. առնվել է լեզուները զարմանքից ու հիացմունքից: Շատերը հիշում են այն հետաքրքիր մանրամասնությունն անգամ, որ գնացքի շոգեկառքը զարդարված է եղել ծառերով ու ծաղիկներով: Իսկ շոգեկառքի ճակատին, ճիշտ լապտերի վերևը, ծածանվելիս է եղել կապույտ մի դրոշակ՝ վրան ոսկենկար երկգլխանի մի արծիվ: Այդպիսի՛ ահա շուքով ու ցնծությամբ է մոտեցել գնացքը քաղաքի կայարանին, որտեղ քաղաքի համարյա ամբողջ բնակչությունը հավաքված է եղել-- ուրախ, տոնական զգեստներով -գնացքին դիմավորելու: Կայարանի առաջ նվագելիս է եղել զինվորական երաժշտախումբը և նրա մոտ կանգնած դիմավորել ե՛ն գնացքը մի շարք պատկառելի նաիրցիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ. գավառապետը, օգնականը, զինվորական ատյանի պետը, գեներալ Ալոշը, Մազութի Համոյի հայրը՝ Առաքել աղան -ո՞րը հիշես... Չնայած, սակայն, նրան, որ այդ զարմանահիշատակ օրվանից քսան- քսաներկու տարի է անցել, չնայած, ասում ենք, այդ երկար ու ձիգ քսան-քսաներկու տարիներին -մինչև օրս էլ կան այդ քաղաքում շատ և շատ պատկառելի ու անպատկառ նաիրցիներ, որոնք, երևակայո՞ւմ եք, ոչ միայն գնացք չեն նստել, այլև նայում են շոգեկառքին, որպես մի զարմանալի հրաշքի: Օրինակ, քաղաքում ամենին հայտնի դագաղագործ Մեռելի Ենոքին մինչև օրս էլ զարմանալի է թվում, թե էդ ինչպե՞ս են մարդիկ, անշունչ երկաթների վրայով, անձի -անգոմեշ վագոնների մեջ նստած՝ տեղիցտեղ ճանապարհվում: Դեռ մինչև օրս էլ կիրակի օրերը շատ անգամ կարելի է հանդիպել երկու պատկառելի նաիրցիների, որոնք կիրակնօրյա պտույտի ելած (երկաթուղու կայարանը քաղաքային այգուց հետո երկրորդ զբոսավայրն է նաիրյան այդ քաղաքում) -կանգնել են երկաթուղագծի առաջ և զբաղված են այսպիսի մի զրույցով.

-Էս տնաքանդի սոխը տես մի ինչեր արաց... -ասում է մեկը, ոտքով ծուլորեն խփելով երկաթուղագծին և յուղոտ մի ժպիտ երեսին՝ լսելով երկաթուղագծի ախորժ զնգոցը:

-Էսպես որ նստիս -տեյի ո՞ւր կերթաս...

-Ուր օր կուզես,- պատասխանում է մյուսը:

-Մոսկով կերթա՞ս:

-Հըլբըթ կերթաս:

-Կի՞վ...

-Կիվ էլ կերթաս...:

Ու տիրում է լռություն՝ ակնածանք ու զարմանք:

Երկրորդ նորությունը, որ նույնպես նաիրյան չէ և դեպի որը հատուկ մի ակնածանք են զգում բոլոր քաղաքացիներն անխտիր և որով այնքան հիանում է միշտ ծխական դպրոցի ուսուցիչ պ. Դրաստամատյանը -հինգհարկանի այն հսկա շինությունն է, որ կանգնած է քաղաքի մեջտեղում, որպես ահռելի մի վեհություն, քարե ակնածանք: Այո, քարե մի ակնածանք, որովհետև այդ շենքը, բացի իր վիթխարի լինելը, նշանակալից է և մի ուրիշ, ավելի կարևոր -ամենակարևոր հանգամանքի շնորհիվ.- այդտե՛ղ, այդ միակ շենքումն են կենտրոնացած քաղաքի և նույնիսկ գավառի ամենաազդեցիկ հիմնարկությունները: Այդտեղ են նստում՝ գավառապետը, ոստիկանապետը,- այդտեղ է զորակոչային գավառական ատյանը և այդ շենքում են, վերջապես, գտնվում՝ փոստ-հեռագիրը և պետական գանձարանը: Եվ էլի՛ բոլորը չկարողացա թվել: Մոռացա ամենակարևոր հիմնարկությունը -այն, առանց որի այդ առասպելական շինությունն իր հմայքի և մանավանդ սարսափելի ակնածանքի կեսից ավելին կկորցներ... Բանն այն է, որ այդ հինգհարկանի շենքի առաջին հարկում, միջանցքի ամենածայրը, կարելի է ասել՝ շենքի ամենահետընկած անկյունում կա մի փոքրիկ սենյակ... Աստված չանի, ընթերցող, այդ սենյակն ընկնես. որ ընկար -ազատվելիք չկա: «Մութ տեղը»,-- այսպես են անվանում քաղաքացիք այդ սենյակը, թեկուզ սենյակը բոլորովին լույս է՝ երկու պատուհան ունի և երեք էլեկտրական լամպ: Իսկի էլ լուսավորություն չունենալը չէ, որ դարձրել է սենյակը այդ խորհըրդավոր ակնարկին արժանի, այլ թերևս այն, որ այդտեղ մտնողի աչքերը մթնում են սարսափից. ահա՛ թե ինչ հատկություն ունի այդ խորհրդավոր սենյակը, սիրելի ընթերցող... Եվ մեծ չափով այդ սենյակին պետք է վերագրել այն խորհըրդավոր հարգանքը, որ զգում է ամեն մի քաղաքացի այդ շենքի մոտով անցնելիս: Եվ նա չէ՞ արդյոք պատճառը, որ այդ հինգհարկանի տունը դարձել է մի ամենակարող կենտրոն, կամ, ավելի լավ է ասել՝ առանցք, որի շուրջն են դառնում քաղաքն ու գավառը և չեն կարող չդառնալ: Այն միանգամայն ճշմարիտ ակսիոման, որ տիեզերքում ամեն մի կետ կարող է կենտրոն համարվել -ամենայն հեշտությամբ հերքվում է այս դեպքում, ինչպես և բոլոր նման դեպքերում, երբ խոսքը վերաբերում է վարչական և ոչ թե աստղային համակարգություններին: Այդ հինգհարկանի շենքն է, այո, քաղաքի կենտրոնը և միակ կենտրոնը -և նա, այդ քաղաքը, միևնույն ժամանակ ուրիշ ո՛չ մի կենտրոն չի կարող ունենալ: Թող որքան կուզե ծխական դպրոցի ուսուցիչ ընկեր Վառոդյանը համոզե օրիորդներին, որ տիեզերքի նկատմամբ կենտրոն կարող է համարվել Բոչկա Նիկոլայի պանդոկը անգամ -թող ինչ ուզում է ընկ. Վառոդյանն ասե -մենք չենք փոխի մեր կարծիքը և հաստատ կպնդենք, որ հինգհարկանի այդ տունն է, այո, միակ կենտրոնը նաիրյան այդ քաղաքի և ամբողջ գավառի և այնտեղից է, այո, որ ելնում են, էլեկտրական կապույտ կայծերի նման և տարածվում ամեն ուղղությամբ -վճիռներ ու ճակատագրեր: Ընկ. Վառոդյանն այդ բանը, իհարկե, մեզանից լավ գիտե, բայց նա օրիորդներին հաճելի, հանդուգն, խիզախ երևալու համար սոփեստություններ է անում: Եվ ինչպե՞ս կարող է ընկ. Վառոդյանն այդ չիմանալ, երբ իր կաշվի վրա է զգացել այդ ամենակարող կենտրոնի անմիջական ազդեցությունը: Հարկավոր է ասել, որ «Կաշվի վրա» դարձվածքը պետք է բառացի հասկանալ. ամենքին լավ հայտնի սրճարանատեր Տելեֆոն Սեթոն -նա, որ սրճարան ունի Լորիս-Մելիքյան կոչվող փողոցի վրա,- երդվում է Հիսուսի անունով, որ բաղանիքում պատահմամբ տեսել է ընկեր Վառոդյանի կռնակի վրա... հետաքրքիր հետքեր: Որտե՞ղ, ասացեք խնդրեմ, եթե ոչ այդ ամենակարող կենտրոնում, կարող էր ընկ. Վառոդյանի կռնակն այդպիսի հետաքրքիր դրոշմներ ստանալ՝ կապո՜ւյտ- կապո՜ւյտ գծեր: Իսկ եթե ընկ. Վառոդյանն այդ էլ չի ընդունում և խորհրդավոր կերպով ակնարկում է իր «Ընկերության» անդամ լինելու հանգամանքը... դժվար է այդ դեպքում որևէ հակաճառություն անել ընկ. Վառոդյանին: Նույնիսկ երեխաները գիտեն, որ «Ընկերությունը» կենտրոն է, մի ավելի ամենակարող և ահռելի կենտրոն, որ սուլթաններ, շահեր և կայսրեր պիտ տապալե -այդ անգո, ավելի լավ է ասել՝ մաթեմատիկական այդ «Կենտրոնը»... Ասում ենք «մաթեմատիկական», որովհետև ընկ. Վառոդյանի ասելով՝ ի նկատի ունենալով այն միանգամայն անհերքելի հանգամանքը, որ հինգհարկանի «Կենտրոնը» կառուցված է վախի, բըռնության, արյան ու թյուրիմացության վրա,-«Ընկերության» կենտրոնը քարե՛ է, գրանիտե՝ կառուցված գիտական սոցիալիզմի անհողդողդ հիմունքների վրա:- Ուրեմն երկու անգամ երկու հավասար է չորսի պես պարզ պետք է լինի, որ ոչինչ է հինգհարկանի կենտրոնը, իսկ «Ընկերությունը»- փաստ, անողոք ճշմարտություն -մերկ ճշմարտություն: Այսպես է տրամաբանում ընկ. Վառոդյանը -և նա իրավունք ունի. հարցրեք ամեն մի երեխայի, այո, նույնիսկ երեխայի, և նա անվրեպ կերպով տեղն անգամ ցույց կտա այդ «Գերկենտրոնի»,- այո.-Վարդանի կամուրջը: Այսինքն՝ ոչ թե կամուրջը բառացի, այլ նրա դիմացը, գետափին շինված մի տնակ, որ կիսաքանդ է հիմա, ավերակ, և որի քանդելու խորհրդավոր պատմության հետ է կապված ընկեր Վառոդյանի կռնակի պատմությունը...

Ահա՛ այդ պատմությունը, սիրելի ընթերցող:

Մի օր, այսինքն՝ մի գիշեր, ժամը մոտավորապես երեքին, քաղաքի բոլոր տների պատուհանների ապակիները հանկարծ զրնգում են թափով և նույն վայրկյանին լսվում է մի ահռեցուցիչ, ահռելի մի պայթյուն: Սարսափած քաղաքացիք դուրս են թափվում տներից և սկսում են դեպի դաշտը, դեպի գերեզմանոցը փախչել. կարծում են երկրաշարժ է, ժաժք՝ Աստծու պատիժ: Բայց այդ լուրը հերքվել է շուտով և տարածվել է մի ուրիշ սարսափելի կարծիք, որ պայթել է բերդը՝ ամբողջ բերդը մի րոպեում թռել է երկինք: Շատերն էլ այն կարծիքին են եղել, որ պայթել է Առաքելոց եկեղեցին. ամեն ոք գիտե, որ նրա վեմ-քարի ներքևում նաիրցի վարպետները պահած են եղել հազար փութ դինամիտ... Իսկ հայտնի պանդոկապետ Բոչկա Նիկոլայը, նա, որ հանրամատչելի դուխան է պահում Լորիս- Մելիքյան փողոցի վրա, ասել է իր հարևան Մեռելի Ենոքին, որ, երևի, պատերազմ է սկսվել, բայց իրենք չգիտեն. հասարակ մարդիկ են -ի՞նչ իմանան: Բայց շուտով պարզվել է, որ ո՛չ բերդն է պայթել, ո՛չ Առաքելոց եկեղեցին, և ո՛չ էլ պատերազմ է սկսվել:- Երանի այդ լիներ,- ինքն իրեն տղայաբար հերքելով ասում է մինչև օրս ընկ. Վառոդյանը,- բայց, մեր կարծիքով, բարեբախտաբար այդ չի եղել, այլ պայթել է, երևակայո՞ւմ եք... Վարդանի կամուրջը, այսինքն՝ ոչ թե ինքը կամուրջը, այլ նրա դիմաց գտնվող այն հողե խրճիթը, որի մասին քիչ վերը խորհրդավոր կերպով հիշատակեցինք:- Խրճիթում պայթել է երեք փութ... դինամիտ... ահա՛ թե ինչ... Եվ հետևյալ օրն այդ խրճիթի տակից զինվորներն ու ոստիկանները հանել են չորս կիսավառ դիակներ, ավելի ճիշտ՝ դիերի մնացորդներ: Եղել են բոլորին ծանոթ Ղարաբաղցի Նիկոլը, ուսուցիչ,-Մշեցի Մարգարը, սրճարանատեր,-Ռուս Աբրահամը, գաղտնի ոստիկանության պաշտոնյա,- և Վարժապետ Կարոն,- նա, որի մասին խոսելիս ընկ. Վառոդյանը միշտ ակնածանքով ասում է ընկեր Կարոն:- Ահա՛ թե ինչո՞ւ է Ընկերությունը կենտրոն և նույնիսկ -Գեր- Կենտրոն, սիրելի ընթերցող: Եվ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, բացի դրականից, այն հանգամանքը, որ հողե այդ խրճիթում պայթած դինամիտի ազդեցությունը կողմնակի կերպով արտահայտվել է ընկ. Վառոդյանի կռնակի վրա, որպես կապույտ գծերի նրբահյուս մի նկար: Այն մյուս, սոխի գլխի չափ անգամ ընկ. Վառոդյանի աչքին նշանակություն չունեցող «Դառնության կենտրոնում» (ինչպես անվանում է ինքը ընկ. Վառոդյանը հինգհարկանի շենքը),- եղել է -հերոսական պայքար, անպարտ ընդվզում -մի կողմից (կարդա՝ ընկ. Վառոդյանի կողմից),- իսկ մյուս սոխերի կողմից -բռնություն, մղձավանջ, դեղին ստրկություն: Իջել է, իջել է, որպես կարմիր ամոթ, «շոմպոլը» ընկ. Վառոդյանի կռնակին,- և նա ելել է վեր՝ զտված, կարծրացած,- որպես սրբած դաշույն՝ ելել է դառնության, զազրանքի կենտրոնից,- հառել է, հաղթական, նաիրյան ըմբոստ ոգին... Այսպե՛ս է եղել:

Բայց մի բան դեռ մինչև օրս էլ ընկ. Վառոդյանը չի կարող մոռանալ և իրեն ներել. այն, որ այնտեղ, «Դառնության կենտրոնում» կամ -ինչպես ժողովուրդն է ակնածանքով ասում -«մութ տեղը», -ինքը, ընկ. Վառոդյանը, ինչպես ծեծից առաջ, նույնպես և, մանավանդ, ծեծի ընթացքում, երևակայո՞ւմ եք -զղջացել է երեխայաբար, որ ինքը խառնվել է, միանգամայն պատահական կերպով, այդ հիմար պատմությանը: Եվ ի՞նչ է արել վերջ ի վերջո. մի միամիտ երկտող է գրել ընկեր Կարոյին և խնդրել է նրանից «Ամբոխային տրամաբանությունը»- ահա՛ և ամբողջը: Երկտողը գտել են Կարոյի գրպանում, և ինքը պետք է տուժե. ի՜նչ թյուրիմացություն: «Հիմար հեղափոխականի անզգուշություն»,- մտածել է զայրացած ընկ. Վառոդյանը փորձության վայրկյանին:- Եվ նա երկար ժամանակ չի ների իրեն ոչխարային այդ վախը, այդ ամոթաբեր թուլությունը, որ սև բիծ կարող է դնել ամեն մի իսկական հեղափոխականի անկաշառ խղճին: Փառք աստծու, որ այդ մասին գոնե ոչ ոք չգիտե, ընկ. Վառոդյանը խոսք է տվել իրեն, որ այդ սև արատը մի օր լվանա իր խղճից մի իսկական հեղափոխական գործով,- բայց մենք արդեն չափազանց երկարացրինք ընկ. Վառոդյանի խղճի պատմությունը. անցնենք քաղաքին:

Բացի հինգհարկանի շենքից -այդ, այսպես թե այնպես -ամենակարող կենտրոնից -քաղաքում կան այստեղ ու այնտեղ հաստատված մի շարք ուրիշ, քիչ թե շատ նշանավոր և աննշան կենտրոններ, ինչպիսիք են՝ հիվանդանոցը, քաղաքային ակումբը, տղայոց գիմնազը, իգական գիմնազը, քաղաքային և երկու ծխական դպրոցները. մոռացանք հաշտարար դատավորի ատյանը, բանտը և «հասարակաց տունը», որի մասին խորապես խնդրում ենք ներողամիտ լինեք: Զորանոցները քաղաքին չեն վերաբերվում. նրանք գտնվում են երկաթուղագծի այն կողմը, գերեզմանատան մոտ, այնպես որ այդ երկու «հիմնարկությունները» թողնում ենք, միանգամայն հասկանալի պատճառով, անուշադիր: Քաղաքային հիվանդանոցն էլ, ասենք, համարյա թե քաղաքից դուրս է գտնվում. միհարկանի ցածլիկ մի տնակ է այդ, որ գտնվում է քաղաքի ծայրում, մի ցեխոտ ու նեղլիկ փողոցի անկյունը՝ ինքն էլ ցեխոտ ու խոնավ, ինչպես այդ փողոցը: Հիվանդանոցի բժիշկ պ. Սերգեյ Կասպարիչը քանիցս մտադիր է եղել հիվանդանոցը տեղափոխել քաղաք, բայց դժբախտաբար միշտ այնպես է պատահել, որ որևէ կարևոր մի հանգամանք խանգարել է նրան:- Կամ ինքն է հիվանդացել, կամ գավառապետի կինը, իսկ վերջին անգամ, երբ թե շենքն էր պատրաստ և թե սկսված էին բանակցություններ ինչպես շենքի տիրոջ, այնպես էլ հինգհարկանի կենտրոնի հետ,- երբ, որտեղից- որտեղ, բժշկի համար միանգամայն անսպասելի, իսկ քաղաքացիների համար չափազանց սպասելի կերպով՝ պայթեց բժշկի գլխին աներևակայելի մի դժբախտություն. բժշկի Լեդայի գեղեցկություն ունեցող մանկահասակ կինը ինքնասպանություն գործեց... երևակայո՞ւմ եք՝ իրենց տան... արտաքնոցում: Մերկ, բոլորովին մերկ, ինչպես ասում են՝ Ադամի (Եվայի) զգեստներով մտել էր արտաքնոցը և ինքնասպանություն էր գործել ոչ թե ատրճանակի, ինչպես նման դեպքերում ընդունված է, որևէ թույնի օգնությամբ, այլ... շշմեցնող, անհասկանալի մի բան. քանդել էր արտաքնոցի հատակի տախտակը և նետել էր իրեն... հասկանո՞ւմ եք, թե ո՞ւր: Այս զարհուրելի, քստմնելի, այլանդակ, անհասկանալի, համարյա դիվային դժբախտությունից հետո բժիշկը ընդմիշտ ձեռք քաշեց իր մարդասիրական տրամադրություններից և սկսեց ակումբում, որտեղ նա դըժբախտությունից առաջ միայն «պրաֆերանս» էր խաղում ժամանցի և ջղերի հանգստության համար,-սկսեց դժբախտությունից հետո «բակարա», «մակաո» կամ տեղական «ցխրա» խաղը խաղալ, որով բավականին հանգստացնել կարողացավ իր այնքա՜ն քայքայված ջղերը: Եվ երբ այդ դեպքից հետո բժշկի կառապանը, որ լիովին վարձատրվում էր հիվանդանոցի կողմից, սկսեց բժշկին տուն հրավիրող պացիենտներից «կառքի փող» վերցնել -հիսունական կոպեկ -ոչ մի քաղաքացի սիրտ չունեցավ բարկանալու կառապանի վրա: Եվ ինչո՞ւ բարկանար. չափազանց էր մեծ բժշկի գըլխին պայթած ընտանեկան դժբախտությունը, որից հետո, հարկավոր է ասել, ո՛չ միայն այդ փոփոխությունն էր, որ առաջ եկավ բժշկի գործերում, այլ պատահեց և այն, որ հիվանդանոցում մինչ այդ հասարակ ծառայի պարտականություններ կատարող բիթլիսցի Արշակն ստանձնեց նույն հիվանդանոցի պատասխանատու, կամ, ինչպես ասում են՝ հերթապահ ֆելդշերի պաշտոնը, որով հնարավորություն ստեղծվեց բժշկական օգնություն հասցնելու ամեն դիմողի և ամեն ժամանակ:- Մի հանգամանք, որի գոյություն չունենալուց առաջ շատ և շատ չքավոր հիվանդներ օրերով սպասում էին հիվանդանոցի պատերի տակ ընկած՝ իզուր երազելով օգնություն և կարեկցություն: Չիք չարիք առանց բարյաց -ասում է իմաստությունը, և այս դեպքը մի անգամ ևս հաստատեց այդ դարավոր իմաստության անքնին ճշմարտությունը: Մանավանդ չպետք է մոռանալ, որ այդ մարդասիրական քայլը անելով (բիթլիսցի Արշակին ֆելդշեր նշանակելով) բժիշկն էապես de jure հաստատեց այն, ինչ de facto վաղուց արդեն գոյություն ուներ և անխանգար կերպով ծավալում էր իր գործունեությունը հիվանդանոցում ու քաղաքում: Բանն այն է, որ բիթլիսցի Արշակը վաղուց հետե զբաղվում բժշկական պրակտիկայով և նույնիսկ բավականին հռչակ էր վայելում ոչ միայն քաղաքի հետամնաց թաղերում, դեպի որոնք հաճախ բժշկական տուրնեներ էր կատարում բիթլիսցի Արշակը, կամ, ինչպես գյուղացիներն էին նրան հորջորջում՝ «դոխտուր Արշակը»: Պարբերաբար ամեն տարի Մեծ Պասի երրորդ շաբաթվա երկուշաբթի օրը կարելի էր տեսնել բիթլիսցի Արշակին՝ գյուղական երկանիվ սայլի վրա նստած՝ դեպի մոտակա գյուղերը տուրնեի գնալիս, որից նա միշտ վերադառնում էր ավագ երեքշաբթի օրը նույն երկանիվ սայլի վրա յուղ, պանիր, ձու և մի քանի սպիտակահեր գառնուկներ բարձած, որոնցից բավականին պատկառելի մասը բժշկի տունն էր ուղարկվում, որպես նրա երախտապարտ ծառայի կողմից խոնարհաբար մատուցած զատկական «ռուշվաթ» (նվիրաբերություն): Այնպես որ բժիշկն իր այդ մարդասիրական քայլն անելու համար ամենայն բարոյական և իրավական իրավունք ունենալուց բացի՝ ի դեպս իր ամենավերջին պաշտոնյային ըստ արժանյաց վարձատրելով հանդերձ՝ ազատեց իր վտիտ ուսերը քաղաքային բժշկի չափազանց ծանր ու պատասխանատու պարտականությունների մի փոքրիկ մասից՝ ուսերի ազատ մնացած մասը տրամադրելով ընտանեկան վերոհիշյալ դժբախտության ահռելի ծանրությանը, որը կրել կարողանալու համար ճիշտ որ հարկավոր էին այդպիսի քիչ թե շատ թեթևացնող միջոցներ: Եվ այդ միջոցները գտնելու գործում, ասում են, մեծ բարոյական օգնություն է ցույց տվել բժիշկ Սերգեյ Կասպարիչին նրա վաղեմի բարեկամ և թղթախաղային պարտնյոր՝ քաղաքի հաշտարար դատավոր պ. Օսեփ Նարիմանովը, նա, որ մոտիկ բարեկամն է մի անգամ արդեն պատմությանս սկզբում հիշված, քաղաքի ամենահարգելի հարուստ գեներալ Ալոշի, որի ասելով Օսեփ Նարիմանովը «հոգի է, իսկական հոգի»...

Նրա ատյանը գտնվում է քաղաքի ամենամեծ -Ալեքսանդրյան փողոցի վրա: Մի թիթեղե ցուցանակ ունի, որի վրա գրված է ռուսերեն՝ «Հաշտարար դատավոր»: Օսեփ Նարիմանովը նստում է այդտեղ: Նրա ատյանին կից երեքհարկանի շենքը ռեալական դպրոցն է, նրանից երկու տուն այն կողմը -օրիորդաց գիմնազը, իսկ օրիորդաց գիմնազից երեք տուն այն կողմը -ա՛յն պալատ- շինությունն է, որ պատկանում է մեզ արդեն բավականին ծանոթ գեներալ Ալոշին: Քաղաքի ամենամեծ հարուստն է գեներալ Ալոշը, որ թեկուզ և գեներալ չէ և ոչ էլ զինվորական, բայց քաղաքում ունեցած իր դիրքի և ազդեցության շնորհիվ ստացել է այդ պատվավոր հորջորջումը: Իսկ գեներալ Ալոշի դիրքի մասին մոտավոր գաղափար տալու համար բավական է ասել, որ նրա բնակարանում է իջևանում նահանգապետը՝ ամեն անգամ այդ քաղաքն այցելելիս.- ահա՛ թե ով է գեներալ Ալոշը:-Հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, որ ապրում է գեներալ Ալոշի պալատ- բնակարանի ներքևի հարկում, սիրում է պատմել ակումբում -նրա, գեներալ Ալոշի ներկայությամբ, թե ինչպես նահանգապետը, առաջին անգամ գեներալ Ալոշի բնակարանը մտնելիս, բարեհաճել է այն կարծիքը հայտնել, որ այդպիսի մի ճաշակավոր բնակարան պատիվ կարող էր բերել... նույնիսկ Պետերբուրգին, այո, անգամ Պետերբուրգին... Եվ այս պատմությունն անելիս հաճույքով չփչփացնում է շրթունքները հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, իսկ ներկա գտնվող գեներալ Ալոշը հաճույքից թարթում է աչքերն ու նայում է հատակին, համեստությամբ ասես ուզում է գետինը մըտնի: «Հոգի մարդ է այդ Օսեփ Նարիմանովը»,- մտածում է նա:

Եվ ճիշտ որ՝ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, ինչպես ռուսներն են ասում, հոգի է, կատարյալ հոգի: Չնայած որ նա ծնվել է Հաշտարխանում, բայց, երևակայո՞ւմ եք, այնպես է ընտելացել նաիրյան այդ քաղաքին, որ ասես այդտեղացի լինի: Ահա սա է պատճառը, որ նա շատ գործեր՝ վեճեր, ընտանեկան կռիվներ, ամուսնական անախորժություններ և նման այլ և այլ փոքրիկ դատեր սիրում է հարթել ո՛չ որպես պաշտոնյա, այլ, այսպես ասած՝ ընտանեբար, կամ, ավելի ճիշտ՝ հայրաբար -որի համար և նա ամենաիրավացի կերպով վայելում է բոլոր քաղաքացիների հարգանքը, իսկ շրջակայքում բնակվող գյուղացիների կողմից այդ հանգամանքն արտահայտվում է, որպես խորին ակնածանքով նվիրաբերած մի քանի տասնյակ ձու, տասը- տասներկու ֆունտ «անքաշ» պանիր, կամ, երբեմն էլ, եթե գործը քննվում է զատկական տոների նախօրյակին՝ մի- երկու գառ կամ ուլ: Նա չի սիրում գործերը ձգձգել՝ զզվում է պաշտոնական եռուզեռից: Օսեփ Նարիմանովն այդպիսի մարդ չէ և չի՛ էլ ուզում լինի: Եթե նա հնարավորություն ունենար և մի քիչ էլ ֆիզիկականը ներեր -ամենամեծ ուրախությամբ կթողներ քաղաքն էլ, հաշտարար դատավորի պաշտոնն էլ և որևէ մի գյուղ կտեղափոխվեր՝ երկրագործությամբ զբաղվելու: Օսեփ Նարիմանովը շատ է սիրում երկրագործությունը, մանավանդ այդ աստվածային զբաղմունքի կենարար բարիքները և հողային հարցի մասին սիրում է հայտնել բավականին ազատամիտ կարծիքներ: Հետաքրքիր անձնավորություն է Օսեփ Նարիմանովը -Օսեփ Նարիմանովին հարկավոր է հասկանալ:

Հաշտարար դատավորի ատյանին կից շենքը, ինչպես ասացինք, ռեալական դպրոցն է, իսկ երկու տուն այն կողմը -օրիորդաց գիմնազը: Հարկավոր է ասել, որ քաղաքի այդ մասը ներկայացնում է իրենից -իսկական մի «կրթական կենտրոն»: Երկու դպրոցի էլ շենքերը պատկանում են մեզ արդեն հայտնի գեներալ Ալոշին և ամեն առավոտ, երբ նա հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հետ անցնում է դպրոցների առաջից -ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչ -«Փուքսը» (այսպես են անվանում դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչին չարաճճի աշակերտները՝ նրա փորի բավականին պատկառելի մեծության պատճառով) -բացականչում է վերից՝ տեսչանոցի պատուհանից. «Խորի՜ն հարգանքներս Ալոշա Նիկիտիչին. Օսեփ Կարպիչին -նույնպես»: Դպրոցի աշակերտները շատ անգամ են լսել իրենց խոժոռ տեսչի սիրալիր այս բացականչությունը վերոհիշյալների հասցեին -և թերևս մի քիչ էլ այս է պատճառը, որ նրանք՝ դպրոցի աշակերտները, մի առանձին հարգանք են տածում դեպի գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը: Ասում եմ «մի քիչ», որովհետև հիշյալ պատկառելի քաղաքացիներին հարգելու ուրիշ պատճառներ և միանգամայն արդարացի հիմքեր ևս ունեն ռեալական դպրոցի չափահաս աշակերտները: Երբ, Զատկին կամ Ծննդին, դպրոցական երեկույթներ են լինում դպրոցի սրահում -ովքե՞ր են բազմում առաջին կարգի նստարանների վրա, գավառապետի կողքին.-Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը: Եվ երբ տոնածառի լուսազարդ ճյուղերից կախված շաքարե թիթեռնիկներն ու գույնըզգույն կանֆետները ստանալուց հետո աշակերտները գնում են տուն և միայն հյուրերն ու ուսուցիչներն են մնում ընթրիքի -ովքե՞ր են բացակայում միշտ՝ ելնում են սեղանի վրայից ու քչփչալով շրջում մութ դասարաններում.- տեսչի կին Օլգա Վասիլևնան -Շիկահեր Դդումը (ինչպես անվանում էին նրան աշակերտները) և Օսեփ Նարիմանովը -մեկ,- և հետո՝ Ալյոշա Նիկիտիչը՝ մերթ օրիորդաց գիմնազիայի վարժուհի Վառյա-հոգյակի հետ թևանցուկ, մերթ էլ՝ թվաբանության ուսուցիչ Բարսեղ Աբգարիչի կնոջ -«Ճուտ»-ի իրանը գրկած: Այս ամենն իր սեփական աչքերով տեսել է հինգերորդ դասարանի աշակերտ Վարդանյան Սերգուշը և պատմել է ընկերներին ամենայն մանրամասնությամբ: Իսկ նման դեպքերից մի շաբաթ անց սովորաբար ռեալական դպրոցի և օրիորդաց գիմնազիայի արտաքնոցի պատերին լույս են տեսնում վերոհիշյալ անցքերին վերաբերյալ բավականին հետաքրքիր հանգավոր և անհանգ գրություններ, որոնք շատ շուտով տարածվում և բերանից բերան են անցնում ո՛չ միայն հիշյալ դպրոցի պատերում, այլ այդ պատերից բավականին հեռու գտնվող շատ և շատ ընտանեկան հարկերի ներքո, նույնիսկ Տելեֆոն Սեթոյի սրճարանում: Եվ արդյոք նրանք չե՞ն մեղավոր (գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը), որ մինչև օրս էլ «պսակի չարժանացած» ծխական դպրոցի ուսուցչուհի օր. Սաթոն ունի ընդամենը հինգդասյան կրթություն և որպես ոչ միջնակարգավարտ ստանում է պակաս ռոճիկ.- նրանք են, նրանք են միշտ՝ գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը:- Հետաքրքիր քաղաք է նաիրյան այս քաղաքը և բազում խորհրդավոր ու հետաքրքիր դեմքեր ու պատմություններ ունի...

Սակայն վերոհիշյալ պաշտոնական կենտրոններից ավելի հետաքրքիր և ուշագրավ են քաղաքի, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ «անպաշտոն» կենտրոնները, թեպետև նրանք, ըստ մեծի մասի, չեն վայելում հանրության կողմից այն խորհրդավոր հարգանքը, որ վիճակվել է պաշտոնական կենտրոններին: Բայց ինչո՞վ, ինչո՞վ է պակաս և ինչո՞ւ համար հասարակական հիմնարկություն չպետք է համարվի թեկուզ հենց, օրինակի համար, եկեղեցական մոմավաճառքի խանութը, որտեղից դուրս ելած բոլոր մոմերը կնքված են լինում, այո՛,-իսկական նաիրյան կնիքով: Կրկնում եմ՝ իզուր են միամիտ քաղաքացիք եկեղեցական մոմավաճառքի խանութի վրա աչքի ծայրով նայում. նա կենտրոն է. և որքան էլ ասածս չափազանցություն թվա -կարևոր կենտրոն:-Եկեղեցիներին և ծխական դպրոցներին վերաբերյալ բոլոր խնդիրներն այդտեղ են արծարծվում և սանկցիա ստանում: Մոմավաճառքի՝ արտաքինից այդ քոսոտ խանութը, որ այնպես համեստ պահվել է փողոցի ամենախուլ անկյունում -էապես այն նշանակալից դերն է խաղում քաղաքի հասարակական կյանքում, ինչ դեր որ խաղում են քաղաքակրթված երկրներում քաղաքական ակումբները և սալոնները: Եվ այդպիսի մի դեր խաղալու համար ամեն հարմարություններ ունի մոմավաճառքի խանութը.- տաք է, քաղաքի կենտրոնում է գտնվում և, որ ամենակարևորն է՝ ազատ է կողմնակի այցելուներից. շաբաթը մի կամ շատ-շատ երկու այցելու հազիվ է մտնում այդ խանութը մոմ գնելու նպատակով, այնպես որ ո՛չ մի կողմնակի անձնավորություն չի խանգարում այդտեղ հավաքված վարժապետներին և հոգաբարձուներին: Եվ նրանք էլ, լիովին օգտվելով խանութի այդ հարմարություններից, հաճախ նարդի կամ թուղթ են խաղում որևէ ուտելիքի, կամ մի- երկու շիշ գինու վրա, ով որ տարվեց- գնի: Բայց գիտե՞ք, թե ինչո՞ւ, ի միջի այլոց, մոմավաճառքի խանութը կողմնակի այցելուներ չունի. այդ մասին կարող է տեղեկացնել քաղաքում շատ հայտնի սրճարանատեր Սեթոն, որ ամեն ինչից տեղեկություններ ունենալու շնորհիվ քաղաքացիների կողմից արժանացել է «Տելեֆոն Սեթո» հորջորջման: Այդ հարգելի քաղաքացին պատմում է, որ երբ կոշկակար Սիմոնի երեխան կնքելիս ինքը, որպես կնքահայր, ուզեցել է մտնել մոմավաճառքի խանութը մի զույգ կերոն գնելու -ս. Գևորգ եկեղեցու քահանա տեր Հուսիկ Խաչագողը զգույշ քաշել է նրա փեշից. մոմավաճառքից կերոն գնելու ոչ մի կարիք չկա,- ասել է տեր Հուսիկ խաչագողը Տելեֆոն Սեթոյին,- կարող է եկեղեցուց վերցնել. թե էժան կնստի և թե եկեղեցին կօգտվի, ասել է Տելեֆոն Սեթոյին տեր Հուսիկ քահանան: Ահա՛ թե ինչու ազգային այդ հիմնարկությունը -եկեղեցական մոմավաճառքի խանութը -այցելուներ չունի:

Բայց որպես մի իսկական «քաղաքական ակումբ»- և այն էլ ոչ միայն վարժապետների և հոգաբարձուների, այլև ազգային գործերով բոլոր հետաքրքրվողների համար,- որպես այդպիսի ահա մի հասարակական կենտրոն հայտնի է քաղաքում «Լույս» նավթարդյունաբերության ընկերության այդտեղի ներկայացուցչի գրասենյակը,- մի հիմնարկություն, որ ամենայն իրավունքով կարող էր անվանվել -«Նաիրյան գործերի կենտրոն»: Եվ այդ էլ՝ «Լույս» ընկերության ներկայացուցիչ Համո Ասատուրովի շնորհիվ, այն Համո Ասատուրովի, որին, նավթի հետ գործ ունենալու պատճառով, քաղաքում կարճ անվանում են -«Մազութի Համո»: Չնայած այն հանգամանքին, որ «Լույսի» ներկայացուցիչ Համո Ասատուրովը -Մազութի Համոն -գավառապետի ամենամոտիկ բարեկամն է և նրա տարիքավոր կնոջ՝ Ագրիպպինա Վլադիսլավովնայի միակ մխիթարանքը այդ «տաղտուկ, զզվելի, հիմար քաղաքում» -մյուս կողմից՝ չնայած որ գավառապետն իր հերթին մշտական հյուրն է Համո Համբարձումովիչի հյուրընկալ ընտանիքում՝ մանավանդ երբ տանն է լինում ոչ թե ինքը՝ Մազութի Համոն կամ նրա կինը՝ Անգինա Բարսեղովնան, այլ նրանց աղջիկը՝ տասնութ տարեկան «սևաչյա պրիմադոննան»,- չնայած, կրկնում ենք, Մազութի Համոյի ընտանեկան այս բարդ հանգամանքներին -գուցե և շնորհիվ հենց այդ հանգամանքների - Մազութի Համոն է և կմնա միակ կենտրոնական անձնավորությունը նաիրյան այդ քաղաքի -և ո՛չ մի ազգային կամ հասարակական խնդիր չի կարող արծարծվել կամ ընթացք ստանալ առանց նրա՝ Մազութի Համոյի սանկցիայի: Որովհետև, բացի վերոհիշյալ հանգամանքները, Մազութի Համոն ամենախելացի և գործունյա անձնավորությունն է ամբողջ քաղաքում, դիրքի տեր է, ռոճիկավոր պաշտոնյա է թեկուզ՝ բայց սեփական տուն ունի և մի քիչ էլ հող,- մի խոսքով՝ հարուստ է, խելացի, հասարակական լայն կապեր ունի, և որ ամենագլխավորն է՝ Մազութի Համոն անդամ է... «Ընկերության»- և այն էլ՝ ազդեցիկ անդամ... Չե՞ք հավատում.- բայց ես այդ ամենահաստատ աղբյուրից գիտեմ: Հայտնի է և այն, որ նա՝ Մազութի Համոն, արտասահմանից «Դրոշակ» է ստանում և գաղտնի կերպով տարածում ժողովրդի ստորին խավերում: Եվ այս հանգամանքը ոչ միայն ինձ, հասարակ մահկանացուիս է հայտնի, այլև նույնիսկ իրեն -գավառապետին,- և այս է ահա ամենազարմանալին: Գավառապետը Համո Համբարձումովիչի հեղափոխական գործունեության վրա մատների արանքից է նայում և, հայտնի չէ, թե ինչու, նրա հեղափոխական գործունեությունը համարում է «միամիտ չարաճճիություն»: Համո Համբարձումովիչը կրակ էլ լինի -հոգի է և միանգամայն անվնաս անձնավորություն,- ասում է գավառապետը: «Դուր է եկել մարդուն»,- մտածում են քաղաքացիք.-«Ի՞նչ ասես»: Բայց թե իրոք որքա՞ն է դուր եկել գավառապետին Մազութի Համոն -դժվար է մի քիչ պատկերացնել. քանի որ հայտնի է բոլորին, որ Վարդանի կամուրջի դիմացը գտնվող այն հողե խրճիթը պայթելու ժամանակ, երբ գործը պետական քննության հանձնվեց՝ վարժապետ Կարոյի գրպանում գտնվեցին... Մազութի Համոյի ձեռքով գրված մի շարք նամակներ... Եվ եթե գավառապետը չլիներ և չծածկեր այդ գործը -Համո Համբարձումովիչը հիմա Սիբիրում կլիներ, Մազութի Համոյի ոսկորներն անգամ հիմա փտած կլինեին...

Բայց արի տես որ՝ չնայած Մազութի Համոյի այդքան մեծ դիրքին ու հռչակին, մի ժամանակ քիչ մնաց, որ նրա գրասենյակը, որպես «նաիրյան գործերի կենտրոն», իր առաջնությունը զիջեր -երևակայո՞ւմ եք՝ Ալեքսանդրյան կոչված փողոցում գտնվող չնչին մի խանութի, որի ցուցանակի վրա նկարված կային երկու հրացան, երկու փախչող նապաստակներ, մի ձիու պայտ և մի հատ էլ չգիտես -ձիու թե շան գլուխ՝ պայտի մեջ մտցրած: Այսպիսի մի նշանավոր ցուցանակ ուներ այդ խանութը և ցուցանակի վրա, վերոհիշյալ նկարների մեջտեղը, գրված էր ռուսերեն՝.

Այս նշանավոր ցուցանակը կպցրած էր խանութի ճակատին, սակայն խանութի լայն վիտրինի աջ և ձախ կողմը կպցրած կային երկու ուրիշ ցուցանակներ, որոնց վրա, թեկուզ նկարներ չկային, բայց գրությունը հայերեն էր. «Ծախում եմ որսորդական զանազան»,-գրված էր մեկի, և «Ապրանքներ Նշան Մառանկոզյան»- մյուսի վրա: Որսորդական ապրանքներ վաճառող Մառանկոզ Նշանի այս չնչին խանութն էր ահա, որ մի ժամանակ մրցել էր ուզում Մազութի Համոյի գրասենյակի հետ և կամենում էր դառնալ... «Նաիրյան գործերի կենտրոն».- ծիծաղելի է, չէ՞: Բայց Մառանկոզ Նշանի այդ անխոհեմ վարմունքը, ինչպես և կարելի էր ենթադրել, վերջացավ կատարյալ անհաջողությամբ և գործի նման վախճանը Մառանկոզ Նշանի համար ունեցավ բավականին ողբերգական նշանակություն... Գործիչ ընկերների մշտական ել ու մուտը և գործնական հավաքույթներն ի վերջո հիմնովին քայքայեցին Մառանկոզ Նշանի տնտեսական - ֆինանսականը, որովհետև հո չէ՞ր կարելի հավաքել մարդկանց և դատարկ զրույցներով կերակրել, հարկավոր էր և որոշ հյուրասիրություն, ինչպես այդ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրների քաղաքական ակումբներում. մի բաժակ թեյ, մի- երկու ֆունտ խաղող, մի թաս արաղ կամ գինի, իսկ երբեմն էլ, փոփոխության համար -մի-երկու ռյումկա կոնյակ: Մի ամիս միայն Մառանկոզ Նշանի տնտեսականը կարողացավ դիմանալ գործիչ-ընկերների բարձրապատիվ գրոհին. մի ամիս միայն նրա խղճուկ խանութը կարողացավ «նաիրյան գործերի կենտրոն» հանդիսանալու բարձր պատվին արժանանալ: Մի ամիս հետո, ցավոք իր սրտի և ի մեծ հաճույք Մազութի Համոյի -Մառանկոզ Նշանն ստիպված եղավ ծախել իր խանութը, թեկուզ բան էլ չէր մնացել, ինչպես ասում են, ծախելու,- և գնաց Պուլկարիա՝ ամբողջովին հեղափոխական գործին նվիրվելու: Եվ հիմա նրա խանութը, թեկուզ ցուցանակները դեռ մնացել են անփոփոխ, միայն հիասթափություն կարող է առաջացնել, եթե մեկը՝ ցուցանակներին նայելով, ներս մտնի որսորդական պիտույքներ գնելու: Ներս մտնողը հիմա այդ նշանավոր խանութում կտեսնի -նախ՝ խանութի մի պատից մյուսը ձգվող փայտե մի նեղ դազգահ, որ խանութը բաժանում է երկու անհավասար մասի, իսկ դազգահի այն կողմը՝ դեմը, կողք կողքի շարված՝ թիթեղե մի չինացի, ձեռքին կլոր մի վահան,- ավստրիական, նույնպես թիթեղե, կանաչագույն մի զինվոր, նույնպես վահանը ձեռին,- ֆեսավոր մի ասկյար, նա էլ թիթեղե ու վահանավոր,- և մի շարք ուրիշ նման արարածներ -բոլորը թիթեղե, բոլորը վահանավոր: Իսկ խանութի առաստաղներից այդ թիթեղե արարածների գլխին բարակ թելերով կախված գույնզգույն ձվերն ու լուցկիները, խորքում, դիմացի պատին հենած կարտոնե դեկորացիան, որ իբր թե անտառ է ներկայացնում, դազգահի վրա դրված հսկա գրամաֆոնը և բախտախաղի կլոր սեղանը՝ վրան էժանագին սապոններ, աղամաններ և մի քանի հատ թղթադրամներ շարած -այս բոլոր հեքիաթային երևույթները հասկանալու համար հարկավոր է գիտենալ, որ Նշան Մառանկոզյանի այնքան նշանավոր, պատմական անցյալ ունեցող հեղափոխական խանութում հիմա մեզ արդեն հայտնի Բիթլիսցի Արշակի եղբայրը՝ Ամերիկայից վերադարձած Բիթլիսցի Մանուկը հիմնել է «Տիր» կոչված հիմնարկությունը, որ վերջին նորությունն է, նաիրյան այդ քաղաքի վերջին ամերիկական նորությունը, ուր կիրակի օրերը շատ պատկառելի քաղաքացիներ զբաղվում են հոգեշահ բախտախաղով, իսկ գիշերները ծխական դպրոցի ուսուցիչներից մի քանիսը, կոշկակար Սիմոնը, Մեռելի Ենոքը, Տելեֆոն Սեթոն և ռեալական դպրոցի բարձր դասարանի աշակերտներից շատերը հավաքվում են գաղտնի թղթախաղի:

Հիմա ամեն անգամ այդ խանութի մոտից անցնելիս Համո Համբարձումովիչի -Մազութի Համոյի սիրտը լցվում է մարդասիրական տխուր զգացմունքով. նա հիշում է Մառանկոզ Նշանին և խղճում է մարդկանց: Եվ այդ խեղճ, անճարակ, գռեհիկ վանեցին ուզում էր իր՝ Համո Համբարձումովիչի հետ մրցության ելնել... Ո՞վ էր նա և ո՞վ է ինքը, «Լույսի» ներկայացուցիչ Մազութի Համոն... Այս համեմատությունն անելիս Համո Համբարձումովիչը հիշում է միշտ, ինքն էլ չգիտե ինչու, գավառապետի կնոջը -Ագրիպպինա Վլադիսլավովնային և նրա սիրտը հալչում է մի անուշ ջերմությունից, ինչպես թեյի մեջ գցած ռաֆինադ-շաքար: «Դժվար է Մազութի Համոյի հետ մրցել, շատ է դժվար»,- մտածում է նա:

Եվ ճիշտ որ՝ ինչո՞ւ մրցել: Ինքը ամենամոտիկ բարեկամն է -գավառապետի, բժշկի, Օսեփ Նարիմանովի, գեներալ Ալոշի և այլն, և այլն, և այլն -քաղաքի բոլոր ազդեցիկ և դիրքի տեր մարդկանց: Վերջապես ինքը -այո -նախագահն է տեղական «Կոմիտեի», և նույնիսկ երևակայո՞ւմ եք -«Կենտրոնական Կոմիտեի», թեկուզ այս մասին գավառապետը չգիտե և չի էլ ենթադրում... Գիտենա էլ -ի՞նչ պիտի անե. դժվար է, դժվար է Համո Համբարձումովիչի հետ մրցելը՝ խելացի մարդ է գավառապետը, նա հո չի՞ կարող այդ բանը չհասկանալ... Իսկ այն, որ նա ներկայացուցիչն է «Լույս» նավթարդյունաբերական ընկերության. նավթը հո «որսորդական ապրանք» չէ, որ իսկույն սպառվի. քանի դեռ ապրում է ինքը և կանգուն է Բաքուն, Համո Համբարձումովիչի գրասենյակը կա և կմնա իսկական «Նաիրյան գործերի կենտրոն» և ո՞վ գիտե նրա՝ Համո Համբարձումովիչի գրասենյակից չէ՞, որ պիտի ելնե խանդավառ առաջին «ողջույնը ազատ նաիրցիներին»- երբ ցրվի մի օր մուժը, մշուշը դարավոր Նաիրիի դեմքից և զվարթ ու խնդուն, որպես ինքնակալ մի արքա- ժողովուրդ, ելնե դարերի փոշուց ազա՜տ Նաիրին...

Այսպիսի մտքեր է ահա ունենում ամեն անգամ Նշան Մառանկոզյանի նախկին խանութի առաջից անցնելիս Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն:

Բայց բավական է, կարծեմ, որքան խոսեցինք նաիրյան քաղաքի զանազան նշանավոր ու աննշան կենտրոնների մասին. եթե այդ քաղաքի բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող կենտրոնների մասին խոսելու լինեինք՝ նախ երբեք չէինք վերջացնի, և, երկրորդ՝ ընկեր Սուրեն Վառոդյանի նման դեմ կառնեինք այն թյուրիմաց հարցին, թե ինչո՞ւ, վերջապես, կենտրոն չի՛ կարող համարվել թեկուզ Եգոռ Արզումանովի գինետունը, կամ Տելեֆոն Սեթոյի հայտնի սրճարանը, որ ունի հայերեն գրված այսպիսի մի ցուցանակ.

ՂԱՀՎԵ, ՉԱՅ, ՃԱՇԱՐԱՆ ՍԵԹՐԱԿ ՖԱԼԻԱՆ

Թողնենք, ուրեմն բոլոր այդ կենտրոնները և անցնենք քաղաքի առօրյա կենցաղին:

Ինչպես ամեն տեղ աշխարհիս երեսին, այնպես էլ նաիրյան այդ փոքրիկ քաղաքում -կանուխ, մութլուսուն ելնում է նաիրցի խանութպանը, ոմն Կարապետյան կամ Մարտիրոսյան, իր տնից, և գնում է գործի: Քաղաքի առևտրական մասը Լորիս-Մելիքյան կոչված փողոցն է, ուր երկու շարք, կողք կողքի ձգված են ցածլիկ, միհարկանի խանութները՝ երկար-երկար, մինչև կայարան: Քաղաքի ամենաբանուկ փողոցն է այդ և որպես այդպիսին՝ ամենափոշոտն ու ամենացեխոտը: Եթե անձրևային է լինում եղանակը՝ փողոցի մի մայթից մյուսն անցնելու համար հարկավոր է ձեռք քաշել կրկնակոշիկից կամ կոշիկից, եթե մեծ է այն ոտքիդ. անպայման ցեխում կմնա:- Այդ փոշոտ, ցեխոտ, նեղլիկ փողոցում են կենտրոնացած քաղաքի առևտրական հիմնարկությունները և ուրիշ ոչ մի տեղ, եթե, իհարկե, չհաշվենք թաղերում գտնվող այն մի-երկու տուն- խանութները, որոնցում առևտուրը տեղի է ունենում նահապետական ձևով՝ ապրանքների փոխանակությամբ: Մի ձուն -մի ասեղ՝ ահա այդ խանութների առևտուրը:

Ինչպես ասացի՛նք՝ առավոտ կանուխ, համարյա մութլուսուն, ելնում է նաիրցի խանութպանը տնից և գնում է գործի: Նա -ահա -անցնում է առավոտվա մշուշի միջով, ելնում է մշուշից՝ միջահասակ, ծուռ, աջ ուսը միշտ մի քիչ բարձր ձախից. մոխիրե ուրվական: Լուրջ է՝ դեմքը թուխս նստած հավի է նման. հոգսեր, հոգսեր, հոգսեր -աշխարքի հանելուկ: Ելնում են, ելնում են տներից ու քայլում են դանդաղ, անշտապ, ու բացվում են խանութներն իրար հետևից. հացագործ, մանրավաճառ, կոշկակար. կողքին՝ մրգեղենի խանութ, կողքին՝ կտորեղեն, խալիներ, բրինձ: Համարյա ոչ մի խանութ չկա, որ մի գործով զբաղվի. հացթուխի խանութում միևնույն ժամանակ նավթ էլ է ծախվում՝ Մազութի Համոյից մի փութ նավթ է գնել և գրվանքաներով ծախում է ուզողին: Կտորեղեն ծախողը -հակերով բրինձ է վաճառում կամ շաքար, կամ լուցկի: Խանութը կոշկակարի է, բայց խանութի անկյունում դրված է մի սեղան, որի դեմը կանգնած եկվոր մի նաիրցի վարսավիրությամբ է զբաղվում: Կամ մտնում ես ներս -վարսավիր է, բայց պատուհանի առաջ, անկյունում, ակնոցավոր մի մարդ սեղանի դեմը նստած՝ ժամացույցներ է տնտղում. ժամագործ է:

Կամ այստեղ, նպարավաճառի կողքին, աղյուսե բավականին ընդարձակ խանութ է ահա, մեծ, ապակեպատ դռներով, նույնիսկ վիտրին ունի, ուր շարված են՝ տղամարդու և կանացի պատրաստի կոստյումներ, սանրեր, մկրատներ, արտասահմանյան օծանելիքներ: Իսկ ցուցանա՞կը. Փարիզից է բերված.- սև ֆոնի վրա ոսկեզօծ տառերով գրված է ֆրանսերեն՝ «A bon marche»: Տերը՝ երեսունն անց սափրված եվրոպացի է՝ պենսնեն նաիրյան քթին, անբեղ- անմորուք. դերասան է ասես, որ զբաղվում է առևտրով: Նրան անվանում են քաղաքում -պ. Աբոմարշ:

Աբոմարշի հարևանը սափրիչ է. չէ, եվրոպական վարսավիր, ինչպես հայտարարված է նրա ցուցանակի վրա: Անունն է պ. Վասիլ: Միջահասակ է, լայնաթիկունք. չիլ այտեր ունի, դեղին մորուք: Սիրում է ածիլելիս շրթունքներն այնքան մոտեցնել սափրվողի դեմքին, որ նրա մասին քաղաքում պատմում են զանազան առասպելներ:

Նրա հարևանը -կոշկակար է, հայտնի է քաղաքում, որպես սքանչելի «կինտաուրի» պարող: Բարեկենդանի հինգշաբթի երեկոները, երբ քաղաքի ակումբում, որ մի փոքր բեմական հարմարություն ունի, որևէ եկվոր մի դերասան տեղական սիրողների հետ խաղում է «Վարդանանց Պատերազմը»- բոլորը գնում են ակումբ ո՛չ այնքան «Վարդանանց Պատերազմը», որքան կոշկակար Սիմոնի «կինտաուրին» տեսնելու: Բոլորը սիրում են նրան, բացի վարսավիր Վասիլից, որ չարախնդաբար անվանում է նրան կամ «կինտաուրի Սիմոն», որ դեռ էլի ոչինչ,- կամ... «Կլուբի մեյմուն».- կատարյալ խայտառակություն:

Բայց ամենից հետաքրքիրը կոշկակարի հարևանն է՝ պարսկաստանցի մի վաճառական, որ զբաղվում է գորգի, քիշմիշի, մորթեղենի և շաքարի առևտուրով: Եթե խանութը մտնեք՝ կտեսնեք.- գորգեր, գորգեր, գորգեր՝ հին, փոշոտ, զանազան: Աղվեսի, սանսարի, վագրի ու արջի մորթիներ: Պարկերով իրար վրա դարսած շաքար: Արկղերով քիշմիշ: Մեծ խանութ է. Պարսկաստանի և Եվրոպայի հետ առևտրական կապեր ունի:

Հարևան խանութը -մեզ արդեն բավականին ծանոթ Ղահվեճի Սեթոյի խանութն է, ուր նա չոր սուրճ է ծախում: Ինչպես այս խանութը, այնպես էլ իրան՝ Ղահվեճի Սեթոյին չպետք է շփոթել Տելեֆոն Սեթոյի և նրա այն հայտնի սրճարանի հետ, որը գտնվում է մի քանի խանութ այն կողմը, և որի ցուցանակի վրա, ինչպես ասված է արդեն, գրված է՝ «Չայ, Ղահվե, Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»: Չնայած որ երկուսի էլ անունը Սեթո է և երկուսն էլ գործ ունեն սուրճի հետ, սակայն մեկը չոր սուրճ ծախող է, իսկ մյուսը -սրճարանատեր: Բացի այս,- չհաշված այս երկու արգո նաիրցիների հիշյալ զուտ-- պրոֆեսիոնալ տարբերությանը՝ նրանց մեջ կա և, եթե կարելի է այսպես ասել, անձնական տարբերություն.-Ղահվեճի Սեթոն միջահասակ է, գիրուկ, անբեղ-անմիրուք, թորշոմած դեմք ունի, ներքինու կերպարանք.- այնինչ Տելեֆոն Սեթոն չոր է, բարձրահասակ, գլուխը ֆեսի է նման, չոր բեղեր ունի, ցանցառ միրուք. այծի կերպարանք: Եվ, վերջապես, տարբեր է այս երկուսի, այսպես ասած՝ հասարակական դիրքը.- Ղահվեճի Սեթոյի խանութը -աննշան մի որջ է, մի ողորմելի անկյուն, ուր մկները միայն կարող են հավաքվել, եթե միայն նրանք, այսինքն՝ մկները, ընդհանրապես կարող են հետաքրքրվել չոր սուրճով,- այնինչ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, թեկուզ և «ճաշարան» բառը զուր տեղն է տեղ գրավել նրա ցուցանակի վրա, քանի որ այդտեղ ոչինչ էլ չի տրվում, բացի սուրճից ու թեյից,-բայց, չնայած դրան, այդ սըրճարանը նույնն է քաղաքի ցածր խավերի համար, ինչ որ է վերին խավերի համար Մազութի Համոյի գրասենյակը.- քաղաքական ակումբ է, կատարյալ ակումբ:

Հաջորդ խանութը... Այդտեղ Հաջի էֆենդի Մանուկոֆը մանուֆակտուրա է ծախում, այսինքն՝ Սամարղանդի փուշիներ, զանազան կերպասեղեն (չիթ, յազմա, չլվարի), «բրոցկի» շաքար, «լապշինի» լուցկի: Միևնույն ժամանակ սարաֆություն էլ է անում. անգլիերեն գիտե. և որպես միակը քաղաքում՝ վայելում է քաղաքացիների առանձին հարգանքը: Կատաղի հայասեր է Հաճի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, ինչպես իրեն սիրում է հորջորջել հենց ինքը՝ այդ հայտնի հայասերը:

Խանութները շատ են, բոլորը հո չի՞ կարելի թվել. մենք պատահմամբ մի քանիսի մասին միայն երկու խոսք ասացինք: Մնացածների մասին թող նրանց ցուցանակներն ասեն՝ ճիշտ այն հերթով, ինչ հերթով որ շարված են նրանք Լորիս-Մելիքյան փողոցի մի ծայրից մյուս ծայրը՝ մինչև կայարան:

«Մանրուքի խանութ. Պողոս Կոլոպոտյան»- «Գինի, արաղ, կոնյակ. Համբարձումով Նիկոլայ» (սա իր բավականին ընդարձակ փորի պատճառով քաղաքում կոչվում է Բոչկա Նիկոլայ)-«Դագաղագործ. ընդունում եմ պատվերներ. Ենոք Կարապետյան» (սա հենց ինքն է՝ Մեռելի Ենոքը)-«Ճաշարան Եվրոպա». Եգոռ Արզումանով -և էլի մանրավաճառ, կոշկակար, մանրավաճառ, վարսավիր, մանրավաճառ, մանրավաճառ և հանկարծ -«Դեղատուն Ժգենտի» -ու էլի՝ մանրավաճառ, ու էլի՝ մանր, մունր խանութներ -մինչև կայարան:

Կանուխ, մութլուսուն, բացվում են խանութներն իրար հետևից -ու ծույլ, դանդաղ, միապաղաղ՝ սկսվում է քաղաքի գործնական եռուզեռը՝ գործնական առօրյան:

Սովորաբար առավոտվա այդ վաղ պահերին մայթերը բավականին դատարկ են լինում, այնինչ փողոցի մեջտեղով, խուռն ու բազմերանգ, հոսում են բավականին ստվար բազմություններ: Անցնում են փողոցի մեջտեղով՝ սայլեր, ոչխարի և տնային այլ անասունների բազմագլուխ նախիրներ, մշակներ, որ մեծ խմբերով գնում են քաղաքից դուրս՝ երկաթուղագծի վրա աշխատելու, գյուղացիներ, որ գյուղական այլ և այլ բարիքներ են բերում քաղաքում վաճառելու: Սայլերի, նախիրների և գյուղացիների այդ խուռներամ հոսանքը հոսում է Լորիս-Մելիքյան փողոցի մեջտեղով դեպի մեյդանը, այսինքն՝ շուկան, որ գտնվում է փողոցի և կայարանի մեջտեղն ընկնող այն դաշտանման տեղում, որ տեղացիների լեզվով կոչվում է «գյոլ» կամ «լիճ», որովհետև գարնան սկզբին այդտեղ է հավաքվում բլուրներից հոսող ջուրը, որը և մնում է այդտեղ լճացած, մինչև որ չորանա: Անցնում են, անցնում են. առավոտները հաճախ մշուշ է լինում,-ու մշուշի միջից դանդաղ առաջացող, կարծես մշուշից ելնող սայլերից, նախիրներից ու գյուղացիներից կազմված հորդածուփ այդ հոսանքը արժանանում է իրենց խանութների առաջ նստած կամ կանգնած գնորդի սպասող խանութպանների զանազան նկատողություններին: Պետք է ասել, որ առավոտվա այդ կանուխ պահերին, երբ գյուղերից եկած հոսանքը դեպի մեյդան է շտապում, փողոցի երկու կողմը շարված խանութները շատ չնչին ուշադրության են արժանանում դեպի մեյդան շտապող գյուղացիների կողմից. վերջը, կեսօրից հետո, երբ իր բարիքը ծախած գյուղացին՝ ետ դեպի գյուղ է շտապում նույն Լորիս-Մելիքյան փողոցով -այս անգամ ոչ թե մեջտեղով, ինչպես այդ վայել է սայլերին ու նախիրներին, այլ մայթերի վրայով,- այդ ժամանակ միայն եռում, կատաղի ճակատամարտի տեսք է ստանում մանրուքի խանութների առևտուրը: Իսկ մինչ այդ, մանավանդ առավոտյան այդ վաղ պահերին, երբ նոր է սկսվում գյուղացիների հոսանքը դեպի մեյդան,- նաիրցի խանութպանները խաղաղ նստած են լինում իրենց խանութների առաջ և փողոցի մեջտեղով դանդաղ առաջացող եռուզեռին նայելով՝ հաղորդում են իրար իրենց պատահական մտքերն ու տպավորությունները: Օրինակ.-«Ան օչխարը, նայե՛. մեկ-մեկ փութ դմակ կախված է հետվեն»,- ասում է Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը Ղահվեճի Սեթոյին: «Ես յաղլու մը կլլած եմ առտուս»,- տեղի-անտեղի պատասխանում է ղահվեճին, ինչպես երևում է, բոլորովին տարբեր տրամադրություններով տարված: Եվ Հաջի Օնիկ էֆենդին, միանգամայն բավարարված այդպիսի մի պատասխանով, լռում է խորհըրդավոր և շարունակում է նայել փողոցով անցնող սպիտակ ոչխարների ծանր դմակներին: Ղահվեճին, որ ընդհանրապես սիրում է խոսակցությունը, ուզում է զրույց սկսել քաղաքի նորությունների մասին, բայց Հաջին, նկատելով փողոցի ծայրից առաջացող իր երեխային, որ ամեն առավոտ իր համար հաց ու պանիր է բերում տնից (շաքար խանութում կա)- մտնում է իր խանութը թեյելու: Ղահվեճին, մենակ մնալով, մտածում է ինքն էլ մտնի իր խանութը թեյելու, բայց այդ պահուն կոշկակար Սիմոնը դուրս է ելնում խանութից և ձեռքը մեկնելով նրան՝ «Բարի լույս, պ. Սեդրակ»,- ասում է քաղաքավարի: «Գիշերս լա՞վ ես քնե»,- հարցնում է կոշկակար Սիմոնը, և միակն է քաղաքում, որ »պ. Սեդրակ» է անվանում Ղահվեճի Սեթոյին: Ուստի և այս վերջին հանգամանքից չափազանց զգացված՝ «Աղեկ եմ», - պատասխանում է ժպտալով ղահվեճի Սեթոն. «Առավոտ յաղլու մը կլլած եմ, ըստ սովորության»:-- «Անուշներ»,-- կտրուկ կըտրում է Սիմոնը և նորից մտնում է խանութը՝ թողնելով անուշ հիացմունքի մեջ Ղահվեճի Սեթոյին: «Ի՞նչ կըսեր էլի կլուբի մեյմունը»,- յուղոտ ժպիտը դեմքին, դանդաղ մոտենալով, հարցնում է վարսավիր Վասիլը: «Գործ չկա»,-պատասխանում է հորանջելով Ղահվեճի Սեթոն, և երկուսը միասին, տխուր-տխուր աչքերով, սկսում են նայել փողոցի մեջտեղով անցնող անասուններին ու գյուղացիներին: «Ես չեմ հասկնար, թե դուն ինչո՞ւ չես հարգեր սաբոժնիկ Սիմոնը»,- ասում է ղահվեճին. «Ես անոր ոտքերը ունենայի նե- հիմա սանկ թխլիկ կնիկ մը տունս նստած կլլար. սատանայի պես կպարե շանորդին...»: «Չի ըսե մեյմունի պես, կըսե սատանայի»,- լինում է վարսավիրի կտրուկ պատասխանը: Ղահվեճին վիրավորվում է իր մեջ, բայց վախենում է վարսավիրի հեգնող լեզվից և ոչ մի բառով կամ ակնարկով չի արտահայտում իր դժգոհությունը: «Ի՞նչ կըհասկնա այդ աղտոտ ուշաղբազը»,- հայհոյում է մտքում վիրավորված ղահվեճին և մի վախլուկ ժպիտ սահեցնելով դեմքին՝ մտնում է խանութը: Եվ այս պատմությունը կրկնվում է ամեն օր համարյա, ամեն առավոտ: «Վատ, չարախոս լեզու ունի ուշաղբազ պերպերը»,- մտածում է, խանութի մի անկյունը նստած, Ղահվեճի Սեթոն:

Արևը կամաց-կամաց սկսում է բարձրանալ և ահա մյուս, ոչ խանութպան, քաղաքացիները ևս ելնում են տներից և մայթերի վրայով գնում են՝ մի մասը «պրովիզ» գնելու, մի մասը -գործի: Պաշտոնյաները շտապում են պաշտոնատեղի, պ. Մարուքեն շտապում է դպրոց: Խանութներում գործը հետզհետե սկսում է եռալ և գուցե միայն դագաղագործը և «Եվրոպա» ճաշարանի տնօրեն Եգոռ Արզումանովն են հիմա անգործ նստած իրենց խանութների առաջ, ձանձրույթից հորանջում: Սակայն նրանք էլ կամաց-կամաց սկսում են զբաղվել. դագաղագործը ձանձրույթից ձանձրացած՝ սկսում է թղթե արծաթազօծ հրեշտակներ կպցնել դագաղների վրա, իսկ Դուքանչի Եգոռը, իր բավականին մաքուր սրբիչը վերցնելով, սկսում է ճաշարանի սեղանները սրբել: Սրբում, սրբում է Դուքանչի Եգոռը և շվվացնելով «Վասադուլի» ռուսական երգը, մտածում է, որ հարկավոր է մի մեծ քաղաք տեղափոխվել -Ռաստով կամ Կատինդար -և այնտեղ կարգին «ստալավո» պահել: Եվ հանկարծ, ինքն էլ չգիտե ինչու, հիշում է, որ Ղահվեճի Սեթոն մի անգամ բարեկենդանին մի ֆունտ լվացքի սապոն միանգամից կերավ՝ տասը ռուբլի գրազի համար: «Թյո՛ւ քու գալած ճամփեն...»,- զզվանքով հայհոյում է Եգոռ Արզումանովը և սրբիչը մի կողմ նետելով՝ ելնում է փողոց:

Այդ նույն վայրկյանին պ. Մարուքեն մտնում է վարսավիր Վասիլի վարսավիրանոցը՝ ածիլվելու: Ամեն օր դպրոց գնալուց առաջ անպայման ածիլվում է պ. Մարուքեն: Ահա թե ինչու վարսավիր Վասիլը մի առանձին հարգանք է տածում դեպի պ. Մարուքեն. ածիլելիս այնքան է մոտեցնում իր արաղահոտ շրթունքները պ. Մարուքեի այտերին, որ միանգամայն հավանական է դարձնում Ղահվեճի Սեթոյի կասկածները վարսավիրի բարոյականի նկատմամբ: Պ. Մարուքեն, իհարկե, երիտասարդ չէ, երեսուն-երեսուներկու տարեկան կլինի -թեպետ, մյուս կողմից՝ դեմքը թուխ է, հաճախ սափրվելուց և պուդրա գործածելուց այտերը հաճելի քնքշություն են ստացել, իսկ քթի ծայրը համարյա միշտ կարմրած է լինում հարբուխից կամ օղուց:

«Խորին հարգանքներս պ. Մարուքեին»,- ասում է վարսավիր Վասիլը, գլուխ տալով, երբ պ. Մարուքեն մտնում է ներս: Պ. Մարուքեն թեթև գլխով է անում և լուրջ, սփրթնած դեմքով նստում է հայելու առաջ: Աչքերը փակում ու, ծույլ, փափկաթոռի մեջ ընկղմած, սպասում է, մինչև տաք, կակուղ խոզանակը սապոնոտ սահելով՝ քսվի դեմքին և իր այտերի վրա շոգ, տաք՝ զգա վարսավիր Վասիլի արաղահամ շնչառությունը: «Զգուշ»,- բարկացած վեր է թռչում պ. Մարուքեն, երբ վարսավիրի տաք շրթունքները համարյա քսվում են նրա դեմքին: «Ինչ գռեհիկ են այստեղի վարսավիրները»,- տխուր մտածում է պ. Մարուքեն: «Ուրիշ բան է, օրինակ, եվրոպական քաղաքներում՝ կամ, թեկուզ, Ռուսաստանում. այնտեղ մարդիկ քաղաքավարի, մաքուր են ավելի, այնպես են ածիլվում, որ հաճույք ես զգում: Իսկ պ. Վասիլը... Նու, քիչ է մնում բերանդ մտնի. հիմար, գռեհիկ նաիրցի...»:

«Անուշներ»,- ասում է պ. Վասիլը, երբ, մազերը սանրելուց հետո, սպիտակ սրբիչով մաքրում է պ. Մարուքեի դեմքի պուդրան և խոզանակով սկսում է նրա օձիքը մաքրել: «Էսօր աչքիս քիչ տխուր կերևաս, ի՞նչ է պատահե»,- հարցնում է վարսավիր Վասիլը՝ խորամանկ ժպտալով:-«Առանձին բան չկա»,-խռպոտ, լուրջ ձայնով պատասխանում է պ. Մարուքեն և գլխարկը վերցնելով՝ շտապում է դպրոց:

Մարդիկ անցնում են դանդաղ, անշտապ անցնում են մարդիկ, կանայք, երեխաներ -ելել են փողոց, որ գնան՝ պաշտոնի, գնումներ անելու, բաղանիք, գործի: Բաղանիք, ասենք, առավոտվա վաղ ժամերին միայն կանայք են գնում նաիրյան այդ փոքրիկ քաղաքում. քաղաքում կա միայն երկու բաղանիք, երկուսն էլ ասիական, թեկուզ մեկի անունն է «Ճերմակ», որովհետև նրա պատերը սպիտակացրած են կիրով,- իսկ մյուսը, որ մեչեթի նման ձմերուկաձև գմբեթ ունի, կոչվում է «Ֆանտազիա բաղանիք- առանձին համարներով»: Ընդամենը երկու համար ունի այդ եվրոպականացրած բաղանիքը, բայց դրությունը դրանից, իհարկե, չի փոխվում. համարներում գնում են լողանալու քաղաքացիներից միմիայն -առաջին քաղաքամասի պրիստավը, նրա կինը, աղջիկները, էլի մի քանի պաշտոնյա ռուսներ և մեկ էլ հայտնի մանուֆակտուրիստ Հաջի Օնիկ աղա Մանուկոֆը. նա էլ, լինելով հմուտ անգլիագետ, համարները գերադասում է ընդհանուր լողարանից:-«Ինչ կընես ըրե- մարդ չի տեսնար»,-ասում է նա այդ առթիվ, թեկուզ մեզ արդեն ծանոթ ղահվեճի Սիմոնը նրա մասին էլ, ինչպես և վարսավիր Վասիլի մասին, ունի առանձին կարծիք: «Հաջի Օնիկ աղան չի ուզեր հարևանները տեսնեն, որ ինքը դեղին սապոնով կլողանա»,- ասում է նա:

Առավոտվա այդ վաղ պահերին բաղանիք են գնում, ինչպես ասացինք, բացառապես կանայք, որովհետև քաղաքում գտնվող երկու բաղանիքներն էլ, առանց բացառության, մինչև ցերեկվա ժամը չորսը բաց են կանանց, իսկ չորսից հետո -տղամարդկանց համար: Բաղանիք այդ քաղաքում կանայք գնում են առանձին մի շուքով, կարծես գնում են ծիսակատարության: Գնում են, ընդհանրապես, մի քանի ազգական -կանայք, աղջիկներ և երեխաներ միասին. մենակ ընդունված չէ բաղանիք գնալ նաիրյան այդ քաղաքում: Առջևից, գնացքի ավանգարդը կազմելով, գնում է սովորաբար գզգզված մի մշակ՝ շալակին պղնձե մի մեծ ջրաման, որի մեջ դրված են լինում պղնձե կլոր թասեր, փայտե նալըններ, սանր, սապոն -մի խոսքով՝ լողանալու զանազան պարագաներ: Եթե ընտանիքում ծծկեր երեխա է լինում -նրան էլ սովորաբար գրկում է նույն մշակը, որի երկու կողքից հաղթական քայլերով արշավում են երեխաները, տղաներ ու աղջիկներ, տղաները -մինչև յոթը տարեկան, իսկ աղջիկների համար տարիքը նշանակություն չունի: Երեխաների համար առանձին օրենք է ընդունված նաիրյան բաղանիքներում. ընդունված է կանանց հետ բաղանիք թողնել մինչև յոթը տարեկան տղաների, բայց եթե ընտանիքում, որ բաղանիք է գնում, հիվանդ է տասնևմեկ տարեկան մի տղա -նրան էլ մայրն իրավունք ունի հետը բաղանիք տանելու. հո չի՞ կարող հիվանդ երեխան տանն սպասել և անլվա մնալ: Այսպիսի բաղանիքային կարգեր կան, հնուց մնացած, նաիրյան այդ քաղաքում:

Եթե ամառ է, աշուն, մի խոսքով -մրգի ժամանակ՝ բաղանիք գնացող ընտանիքի հայրը, լինի նա վարսավիր Վասիլը, թե Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կամ Դուքանչի Եգոռը -ցերեկվա տասներկուսին մոտիկ պետք է բաղանիք ուղարկե, լողացող ընտանիքին նվեր՝ ձմերուկ, սեխ, խաղող, և դա սովորաբար արվում է հրապարակավ, բոլորին ի տես, մանավանդ երբ բաղանիք է գնացած լինում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի հանըմը՝ երեխաներով հանդերձ: «Էսօր էլի Հաջին բաղանիք է ղրկե Նունուֆար հանըմին»,-ասում են հարևանները քմծիծաղ: «Խեյր էղնի»,- ասում է այդպիսի օրերին Եգոռ Համբարձումովը, «Եվրոպա» ճաշարանի տերը, Հաջի Օնիկին. «Էսօր Հաջին մեզ մոտ պիտի ճաշե. լավ բոզբաշ եմ շինել տվե, իսկական դամաշնի՝ պամիդորով ու սոխով»: Բայց հաջին չի սիրում ընտանիքից դուրս- ճաշարաններում ճաշել. երբ տնից ճաշ չեն ուղարկում, նա յոլա է գնում հացով ու պանիրով, իսկ եթե մրգի ժամանակ է՝ սիրում է ձմերուկ կամ սեխ ունենալ մսի փոխարեն: «Շատ բան պետք չէ մարդու մը կշտացնելու համար»,- մտածում է Հաջին. «Անգլեթերում լորտերը սև հացով կբավականանան. սակայն այդ հանգամանքը չի խանգարեր անոնց, որ անոնք ըլլան ազնիվ ու հայրենասեր»:- Եվ հարևանները, չնայած որ բնավ չեն էլ մտածում հավատալ, որ լորդերը Անգլեթերում սև հաց են ուտում,- այնուամենայնիվ հավանություն են տալիս Հաջու խոսքերին: «Մարդս ինչով ասես կարող է կշտանալ, մանավանդ Հաջի Օնիկ էֆենդին»,-մտածում են նրանք:

Երբ արևը բավականին բարձրանում է վեր և կեսօրից սկսում է դեպի արևմուտք թեքվել, Լորիս-- Մելիքյան փողոցի վրա գտնվող խանութներում գործնական եռուզեռը հասնում է իր գագաթնակետին.- Հաջին շուկայից վերադարձող գյուղացիներին մանուֆակտուրա, շաքար, փոշիներ է ծախում, վարսավիր Վասիլը սափրում է ու խուզում: «Եվրոպա» ճաշարանում բորշչ են սկսում ուտել զինվորներն ու գյուղացիները, իսկ մանրավաճառները շունչ քաշելու անգամ ժամանակ չեն ունենում: Ասեղ, թել, կողպեք, քառորդ ֆ. սպիտակ հալվա, ֆուրգոնի մազութ, Լապշինի լուցկի,- գնում են, գնում են, ում ինչ հարկավոր է օրվա համար, և ծախում ու հարստանում են -Կոլոպոտյանը, Զարգար Հովհաննեսի տղան, որ հիմա մանրուքի խանութ ունի, քաչալ Թաթոսը, կաթոլիկ Սիմոն աղան և մնացած չարչիներն ու խանութպանները.- խեղճ Աբոմարշն է միայն, որ անգործ, աչքը խանութի պատերից կախած եվրոպական գույնզգույն հագուստներին հառած, սպասում է գնորդի: Երևի նաիրցիները չեն հասկանում, որ ինչպես իր ցուցանակի վրա գրված, այնպես էլ իրեն կպցրած ֆրանսերեն «Աբոն մարշ»-ն ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ -բարի գալուստ,- մտածում է նա:-Եթե այդ հասկանային, գոնե ներս կմտնեին, գնելը դեռ մի կողմ: Պետք է ցուցանակները ռուսերենի վերածել -որոշում է նա մտքում և սկսում է իր նոր ցուցանակի համար անուն մտածել:

Տասներկուսից տասը անց՝ երկրորդ դասն արդեն վերջացրած լինելով՝ քաղաքի ծխական դպրոցի ուսուցչանոցում, մեծ դասամիջոցից օգտվելով, նախաճաշ են անում ուսուցիչ- ուսուցչուհիները: Ուսուցիչներից մեկի անունն է Բյուզանդ Վարդերեսյան, երեսունին մոտիկ ճեմարանավարտ փորձված ուսուցիչ Մանուկ Աբեղյանից է սովորել հայերենը և պարծենում է դրանով: Մազերը պահում է երկար, սանրում է մեծ խնամքով. թողնում է կարճ մորուք: Դպրոցում պարապում է հայերեն և երգ: Միևնույն ժամանակ դպրոցի տեսուչն է, ավագ ուսուցիչը: Երկրորդ ուսուցիչը -մեզ արդեն ծանոթ պ. Մարուքեն է, դպրոցում նա ավանդում է թվաբանություն և ռուսաց լեզու: Երրորդը նույնպես ճեմարանցի է, բայց ավելի է երիտասարդ. սիրում է հասարակական գործունեությամբ զբաղվել և միտք ունի հաջորդ ամառվա ընթացքում մեզ արդեն բավականին ծանոթ՝ երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանի ընկերակցությամբ մի շարք դասախոսություններ կարդալ հայոց պատմության մի քանի հետաքրքիր և դաստիարակիչ գլուխների մասին, կազմակերպել երիտասարդական միություն, որի գլխավոր նպատակներից մեկը պիտի լինի «Հայոց լեզուն տարածելու խնդիրը»,-ռուսախոս նաիրցիների շրջանում: Լավ երիտասարդ է պ. Աշոտը և լավ մտքեր ունի, բայց դժբախտաբար անտարբեր չէ դեպի իր պաշտոնակցուհի օր. Նվարդ Լուսպարոնյանը, որ Թիֆլիսի հովնանյանավարտներից է և պահում է կարճ մազեր: Չորրորդը նույնպես ոուսուցչուհի է, երեսունին մոտիկ մի օրիորդ, օր. Վարդուհի Զատիկյան. վերջացրել է Երևանի Գայանյան դպրոցը, չի սիրում օր. Նվարդին և ֆիզիկական ատելություն է զգում դեպի նրա կարճ մազերն ու թեթևամիտ հանաքները: «Կինը պետք է իրեն պահել իմանա»,-ասում է նա՝ հաճախ ակնարկելով օր. Նվարդի հանաքները պ. Մարուքեի հետ, դեպի որը, ասում են, այնքան էլ անտարբեր չէ... ինքը՝ օր. Վարդուհին:

Նրանք նստած են հիմա ուսուցչանոցում, որը շատ լվանալուց խունացած հատակով և դեղնած առաստաղով երկպատուհան մի սենյակ է. մեջտեղում՝ կանաչ ծածկոցով, թանաքոտած մի սեղան, պատից կախված է մի մեծ, կայարանների ժամացույցներին նման, կլոր ժամացույց, իսկ երկու պատուհանների մեջտեղում -մի մեծ փայտյա պահարան: Պատուհանները փողոց են նայում. իսկ դուռը միջանցք է դուրս գալիս. բակը, որտեղ խաղում են երեխաները, մնում է հեռու -այդպիսով նրանք այստեղ բավականին ապահովված են իրենց զգում երեխաների աղմուկ-- աղաղակներից. մի հանգամանք, որից շատ դժգոհ է պ. Մարուքեն և ավելի քան գոհ է օր. Նվարդը:

Թեյը, դեղին, պաղ, հորանջում է ապակյա բաժակներում. ձանձրալի է. հավաս չկա. թեյ, թեյ, թեյ,- ամեն օր նույնը: Ձանձրալի են օր. Վարդուհու զրույցները կանացի առաքինության մասին -օր. Նվարդին, իսկ օր. Նվարդի տափակ հանաքները օր. Վարդուհու ականջներն ու հոգին տանջում են, բռնաբարում են համարյա, ոչ խոսքն է օգնում, ոչ վրդովմունքը: Պ. Մարուքեն թերթ է կարդում և քթի տակ ծիծաղում է օր. Վարդուհու վրա, իսկ երբ լսում է պ. Աշոտի դողդոջուն ձայնը, որով նա խնդրում է օր. Նվարդին մի բաժակ թեյ ևս լցնել -աչքերը բարձրացնում է թերթից և պաղ նայում է պաշտոնակցի դեմքին: Իսկ պ. Բյուզանդ Վարդերեսյանը համարյա ամեն օր մեծ դասամիջոցին հաճույքով վիճում է օր. Վարդուհի Զատիկյանի հետ բարոյախոսության մասին և գոհ է թե իր հայացքներից, թե իր խռպոտ ձայնից և թե, մանավանդ, օր. Վարդուհուց, որ միշտ համաձայնվում է նրա հետ և միշտ ասում է, հայացքը օր. Նվարդին դարձնելով. «Ճի՛շտ է, պ. Բյուզանդ. մարդիկ, մանավանդ կանայք, պետք է առաքինի լինեն: Ես միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, պ. Բյուզանդ»: Եվ պ. Բյուզանդը, գոհ, ժպտադեմ՝ սըրբում է իր նաիրյան մեծ քիթը կարմիր թաշկինակով:

Տալիս է զանգը, և ուսուցիչ-ուսուցչուհիները, դանդաղ, տեղերից հազիվ բարձրանալով, նորից գնում են դասարանները՝ պարապմունքները շարունակելու:

Երբ օր. Նվարդը մտնում է դասարան, աշակերտներից ամենաչարը և ամենահերոսը, որ ընկերների կողմից հարգվում է որպես կատարյալ տղամարդ -շիլ, դեղնած աչքերով Միսակ Հովհաննիսյանը կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Շըլդոն, կանգնած է լինում գրասեղանի կամ նույնիսկ ուսուցչի սեղանի վրա. դասարանում աղմուկ է, փոշի, վայրենի, բայց ուրախ հռհռոց: «Էլի դու սեղանի վրա ես բարձրացել»,- սուր, խզվող ձայնով ճչում է օր. Նվարդը և վրա է վազում Շլդոյին բռնելու: Շլդոն սեղանից սեղան թռչելով հասնում է դասարանի վերին անկյունը և մտնում է գրասեղանի տակ:- «Ներողություն, օրիորդ, ներողություն»,-ճչում է այնտեղից Շլդոն: Երեխաներն ավելի են հռհռում, աղմուկը դառնում է անտանելի: «Հանգի՛ստ»,- ձեռքն աթոռին և ոտքը հատակին խփելով՝ ճչում է օր. Նվարդը սուր, խեղդվողի ձայնով. դասարանում մի վայրկյան տիրում է բացարձակ լռություն: Օր. Նվարդը մոտենում է ուսուցչական սեղանին և վերցնում է քանոնը:-«Դո՛ւրս արի գրասեղանի տակից»,- քանոնը սպառնալի կերպով բարձրացնելով վեր և արագ մոտենալով Շլդոյի գրասեղանին՝ ասում է օրիորդը: Բայց դուրս է գալիս այնպես, որ Շլդոն այլևս այն նստարանի տակից տեղափոխված է լինում արդեն դասարանի հակառակ անկյունում դրած նստարանի տակ: Աշակերտներն ավելի ազատ և ավելի ուրախ են սկըսում հռհռալ, օր. Նվարդը հուզմունքից քիչ է մնում ուշաթափվի և երբ լացակումած աչքերը բնազդով դռանն է հառում և տեսնում է գրասեղանի վրա մեծ, ծուռ տառերով գրված «քաչալ Նվարդ» բառերը -այլևս չի կարողանում իրեն զսպել և արագ մոտենալով ուսուցչական սեղանին՝ թուլացած ընկնում է նրա մոտ դրված նստարանի վրա և գլուխը սեղանին դնելով՝ մի փոքրիկ աղջկա նման սկսում է աղիողորմ հեծկլտալ:

Դասարանում տիրում է մեռելային լռություն, որի մեջ օր. Նվարդի խուլ, դառն հեկեկանքները հնչում են ավելի խոր և ավելի աղի, այնպես որ նույնիսկ Շլդոն, ազդվելով վայրկյանի լրջությունից, նստում է իր տեղը: Եվ բոլոր աշակերտները մի տեսակ միստիկական դրության մեջ ընկած՝ կամ նայում են վար, իրենց գրասեղանի սև տախտակներին, կամ պաղ, անասնական ահով լցված մանկական աչքերը օրիորդի ցնցվող արմունկներին և կարճ մազերին հառած՝ սպասում են ստեղծված կացության վախճանին:

Մի երկու վայրկյան հեծկլտալուց հետո օր. Նվարդը հանկարծ վեր է թռչում տեղից և թեթև քայլով, գլուխն ու ամբողջ մարմինը տարօրինակ ցնցելով, վազում է դասարանից դուրս: Աշակերտները հասկանում են, որ օր. Նվարդը գնում է ուսուցչանոց, տեսչին կանչելու: «Շլդոյի գլխին տվեք՝ թող քոռանա»,- ասում է մի աշակերտ՝ լռությունը խզելով. «Տեսուչը որ եկավ, բոլորիս կպատժե»,- շարունակում է նրա մոտ նստած ընկերը -նա, որ ամենից շատ էր հռհռում և մտքի մեջ նախանձում էր Շլդոյին: Եվ ահա Շլդոյի մոտ նըստած աշակերտը, տասներկու-տասներեք տարեկան Չիլ Մուկուչը ձեռքն արդեն բարձրացնում է վեր, որ իջեցնի Շլդոյի գլխին -բայց դուռը բացվում է հանկարծ, և ներս է մտնում պ. Բյուզանդը՝ զայրացած, ահռելի դեմքով, իսկ նրա հետևից, աչքերը սրբելով, մտնում է օր. Նվարդը -հոգնած ու գունատ:

«Մկրտիչ Կարապետյա՜ն, դո՛ւրս արի»,- ավելի բարձր ձայնով, քան կարելի է ենթադրել, որ ունի պ. Բյուզանդը,- բղավում է պ. Բյուզանդը՝ դեռ ներս չմտած. նա տեսավ Չիլ Մուկուչի բարձրացրած ձեռքը, որ, եթե ինքը մի վայրկյան էլ ուշանար՝ ծանր, պիտի իջներ Շլդոյի գլխին: Գլուխը կախ, խոնարհ՝ վախից դողացող մարմնով ելնում է Չիլ Մուկուչը դուրս: «Միսակ Հովհաննիսյան,- ավելի ահռելի ձայնով կանչում է պ. Բյուզանդը.- դու ևս դուրս արի»: Եվ ահա Շլդոն ևս, գլուխը հոռետեսորեն քորելով, գալիս կանգնում է գրատախտակի մոտ: Դասարանը սարսափ կտրած, չռած աչքերով սպասում է դրության վախճանին:

«Սա՞ էր», - ցույց տալով Շլդոյին՝ հարցնում է պ. Բյուզանդը: Օրիորդը, հուզված, գլխով է անում. չի կարողանում խոսել: «Ա՛րջ,- վրա պրծնելով բղավում է պ. Բյուզանդը.- Ես քեզ ցույց կտամ. աչքե՛րդ կհանեմ»: Ու փայտե քանոնի ազդեցիկ հարվածներ իջնելով Շլդոյի գլխին՝ արագ շարում է իրար հետևից գունեղ ածականներ.-«Շա՛շ, հիմա՛ր, իշո՛ւկ, փողոցի՛ թափթփուկ, լի՛րբ, ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ»,- էլի ու էլի. մի զարկը -մի ածական: Հետո հասնում է Չիլ Մուկուչին. նա էլ, իր հերթին զանազան գեղարվեստական ածականներ ստանալով և գլխի վրա նրանց քանակը հաշվելով, սկսում է լաց լինել բարձրաձայն, այնպիսի ահռելի մի լացով, որ ձայնը հասնում է մինչև մոտակա փողոցը: «Ես դուրս կանեմ սրանց, օր. Նվարդ,- ասում է պ. Բյուզանդը՝ պարտականության առաջին մասը վերջացնելով,- ներողություն եմ խնդրում, որ մինչև հիմա մնացել են դպրոցում»: «Թող էլի մնան, պ. Բյուզանդ,- ողբերգական ձայնով ու պսպղուն, գոհ աչքերը տեսչի դեմքին հառած -խնդրում է օր. Նվարդը.- ինչպե՞ս կարելի է դուրս անել երեխաներին. դա հակամանկավարժական է և անվայել քաղաքակիրթ ուսուցչին»,- մտքում մտածում է նա, բայց վախենում է իր այդ միտքը բարձրաձայն արտահայտել պ. Բյուզանդին: Բայց անընկճելի պ. Բյուզանդը, հրամայելով պատժված աշակերտներին իսկույն տուն գնալ և ծնողներին կանչել, առանց պատասխանելու ելնում է դուրս: Աշակերտները ոտքի են կանգնում և մնում են կանգնած, մինչև օր. Նվարդը դրամատիկական ձայնով ասում է. «Նստեցե՛ք»: «Բաց արեք գրքերդ»,-ասում է մի վայրկյան հետո, ճակատը շփելով, օր. Նվարդը: «Մարտիրոսյան, կարդա՛»,- ասում է նա: Եվ դասն սկսվում է նաիրյան դպրոցում՝ տխուր, անհետաքրքիր, իսկ օր. Նվարդի գլուխն սկսում է նվալ, և մտքերը նրա փոքրիկ գլխում սկսում են պաղ, միապաղաղ հորանջել:

Արևը զենիթից սկսում է իջնել, ժամը մոտենում է երեքին, իսկ Ղահվեճի Սեթոն դեռ ոչ մի մսխալ սուրճ չի կարողացել ծախել: «Թարս օր է, գիշերը թարս եմ քնացեր»,- մտածում է նա խանութի առաջը նստած և ծխախոտ է ոլորում, որ քունը չտանի: Օրորվելով, ուսը տարօրինակ ցնցելով՝ մոտենում է նրան Աբոմարշը, որ ձանձրույթից փակել է խանութը և դռան ապակուն, ինչպես այդ ընդունված է Եվրոպայում, փակցրել է սպիտակ մի թուղթ՝ վրան գրված «Փակ է. գնացել եմ ճաշի»: Այդ քաղաքավարի արարքով նա միանգամից կարողացել է հասնել երկու նպատակի. նախ, որ իր խանութը եվրոպական խանութ է իր բոլոր կողմերով, երկրորդ՝ որ ինքը, որպես իսկական եվրոպացի, ճաշում է ժամը չորսին: Թեկուզ ոչ մի կոպեկի ապրանք չի կարողացել ծախել պ. Աբոմարշը, բայց գոհ է, որ հնարավորություն ունի և գիտե եվրոպացի լինել: «Տո՛, գռեհիկ գոմեշ, ի՞նչ ես արևի տակ նստե, էրթանք թուղթ խաղանք»,-ասում է նա, մոտենալով Ղահվեճի Սեթոյին: «Նարդի կուզես նե- կխաղամ, թուղթ չեմ խաղար»,- պատասխանում է ղահվեճին և քանի որ Աբոմարշը չի հակաճառում՝ նա նույնպես փակում է խանութը, բայց թուղթ չի փակցնում դռանը, որ գնում է ճաշի -և երկուսով միասին գնում են Տելեֆոն Սեթոյի՛ սըրճարանը -նարդի խաղալու:

Երբ նրանք, թև թևի տված, ձանձրույթից փրկվածների գոհունակությամբ մտնում են Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ այնտեղ հանդիպում են մի շարք հարևանների, որոնք նույնպես թուղթ, դոմինո կամ նարդի են խաղում՝ նայած տրամադրության: Դագաղագործ Ենոքը և Կինտաուրի Սիմոնը նախընտրել են թուղթը և երկուսով «փաստոն» են խաղում ձմերուկի վրա. ով որ տարվի -մի ձմերուկ գնի: Նրանց գլխին հավաքվել են՝ Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, մանրավաճառ Պողոս Կոլոպոտյանը, Կաթոլիկ Սիմոնը, գինեվաճառ Նիկոլ Արզումանովը և իրենց տաք բացականչություններով մասնակցում են նրանց խաղին ու մի առանձին հետաքրքրության մթնոլորտ են ստեղծում Եգոռի սրճարանում: Նրանց այդ ոգևորված հավաքույթը տեսնելով՝ Ղահվեճի Սեթոն և պ. Աբոմարշը ևս, մոռանալով իրենց նարդի խաղալու ցանկությունը, միանում են նրանց:

Երբ օրն սկսում է կամաց-կամաց մթնել՝ հերթով, իրար ետևից, սկսում են փակվել Լորիս-Մելիքյան փողոցի ցածլիկ խանութները: Ամենից առաջ դագաղագործ Ենոք Կարապետյանն է փակում իր խանութը ներսից և ինքը մնում է խանութում: Այդ հարգելի նաիրցին տուն չունենալու պատճառով քնում է իր գործատեղում, իր շինած դագաղներից մեկում. այդ բանն ամբողջ քաղաքը գիտե և ահա հենց այդ է պատճառը, որ նրան քաղաքում անվանում են Մեռելի Ենոք, իսկ երեխաները վախենում են նրանից և չեն սիրում անցնել դագաղագործի խանութի առաջից: Երկրորդ խանութպանը Ղահվեճի Սեթոն է, որ փակում է իր խանութը և նույնպես ընտանիք չունենալու պատճառով՝ գնում է քաղաքային այգի զբոսնելու և հարսնացու ընտրելու: Հետո Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն է իր խանութը փակում -և ահա նրանից հետո բոլորը, իրար հետևից խանութները փակելով, գնում են՝ որը տուն, որը քաղաքային այգի, որն էլ նորից Տելեֆոն Սեթոյի սրճարանն է գնում, որ երեկոյան հանգիստն այնտեղ վայելե -թղթախաղով կամ ուրիշի խաղին նայելով: Եվ այսպես կամաց-կամաց սկսում է բոլորովին ամայանալ. մութն էլ, անդեմ ու անխորհուրդ, ծույլ, հորանջող պառավի մի նման, իջնում է ու նստում փողոցների վրա և տեղ-տեղ տարտամ, վախկոտի աչքերի պես թարթող կրակներն են միայն ենթադրել տալիս, որ այդտեղ դարերից ի վեր ապրում է ու զվարճանում նաիրյան մի քաղաք: