Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են, քանի որ լեհահայության միայն փոքր մասն է հարմարվել խորհրդային կարգերին և շարունակել ապրել նոր պայմաններում, հիմնական մասը տեղաշարժվել է Արևմուտք ոհաստատվել բուն լեհական քաղաքներում (Կրակով, Վարշավա, Վրոցլավ, Պոզնան, Գդանսկ, Լյուբլին, Կատովիցե, Լոձ, Օլավ, Գլիվիցի, Բիելսկա Բյալա, Տրույմեյսցե ևն), որտեղ չկային հայկական եկեղեցիներ և դպրոցներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լեհահայության ուծացման միտումներն ավելի են ուժեղացել: Այդուհանդերձ, 1950-ական թթ. Լ-ում ստեղծվել է լեհահայ կաթոլիկ հավատացյալների Հյուսիսային թեմը (կենտրոնը՝ Գդանսկ), իսկ 1980-ական թթ.՝ Հարավային թեմը (կենտրոնը՝ Գլիվիցի), որը և դարձել է լեհահայությանը համախմբող կենտրոն: 1991-ից Լ-ում տեղի են ունեցել լեհահայության համալեհաստանյան համագումարներ (առաջինը Կրակովում՝ 1991-ին, հաջորդը Գլիվիցիում՝ 1992-ին, ապա՝ 1994-ին և 1998-ին):

Ներկայումս (2003) Լ-ում ապրում են իրենց հայկական ծագումն ընդունող 15-20 հզ. լեհահայեր, որոնց 90 %-ը բարձրագույն կրթություն ունի: Լեհ հասարակության մեջ նրանք բարձր դիրք են գրավում, գերազանցապես զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում: 1990-ական թթ. առաջին կեսից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, Լ. են գաղթել 100 հզ-ից ավելի հայեր ինչպես Հայաստանից, այնպես էլ նախկին խորհրդային հանրապետություններից, որոնց փոքր մասն է երկրում բնակվելու օրինական կարգավիճակ ստացել: 1998-ի ապրիլից Լ-ի իշխանությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառում են մուտքի արտոնագրման խստացված կարգ (ըստ Եվրամիության պահանջների):

ԵԿԵՂԵՑԻ

Լեհահայոց կրոնական համայնքը ձևավորվել է XI-XIII դդ.՝ գալիցյան, վոլինյան, պադոլյան հողերում, որոնք XIV դ. անցել են Լեհաստանի տիրապետության տակ: Մինչև XIV դ. Հալիչի, Խոլմի, Կամենեց-Պոդոլսկի, Վոլինյան Վլոդիմեժի, Լուցկի, Լվովի հայության կրոնական կենտրոնը Լուցկն էր: 1340-ական թթ. Լեհաստանի թագավոր Կազիմեժ Մեծը, գրավելով Գալիցիան ու Վոլինիայի մի մասը, Լուցկի Ս. Ստեփանոս եկեղեցու հայ առաքելական ոչ պաշտոնական արքեպիսկոպոսարանը Լիտվայի իշխան Լուբարտի ձեռքում չթողնելու և լիտվական իշխանության քաղաքական ազդեցությունից զերծ պահելու նպատակով 1367-ին հատուկ դեկրետով պաշտոնականացրել է և Լուցկից տեղափոխել արքունի քաղաք Լվով, որտեղ հայ համայնքը դեռես 1183-ից ուներ փայտաշեն, իսկ 1251-ից՝ աղյուսաշեն եկեղեցի: 1356-ին Կագժիմեժ Մեծը Լվովի և Կամենեցի հայ համայնքներին լայն արտոնությունների հետ տվել է նաև անսահմանափակ թվով եկեղեցիներ ու վանքեր կառուցելու իրավունք: 1363-ին ավարտվել է Լվովի Ս. Աստվածածնի Վերափոխման քարաշեն տաճարի կառուցումը, որը 1367-ից դարձել է աթոռանիստ և ճանաչվել Լեհաստանի, Մոլդովայի, Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսության կենտրոն: Ըստ եկեղեցու վիմագիր հիշատակարանի՝ տաճարը կառուցվել է հայ մեծահարուստներ Շահինշահի որդի Հակոբ Կաֆայեցու և Աբրահամի որդի Փանոս Հալաչեցու բարերարությամբ: XVI դ. սկզբին Լվովի արվարձաններում գործել են 5, իսկ քաղաքի մեջ՝ 4 հայկական եկեղեցիներ ու վանքեր, որոնցից առանձնանում են Ս. Աստվածածնի Վերափոխման մայր տաճարը, Ս. Աննա և Ս. Հակոբ եկեղեցիներն իրենց համընդհանուր վանքով, Ս. Խաչ եկեղեցին իր վանքով:

XI-XIV դդ. Կամենեց-Պոդոլսկում կառուցվել է 12 եկեղեցի: 1250-ին դեռևս գործող (հետագայում ավերվել է) եկեղեցուց հետո ամենահինը 1394-ին կառուցված Ս. Նիկողայոս եկեղեցին էր, որը մեկ դար հետո վերանվանվել է Ս. Աստվածածնի Վերափոխման: 1498-ին կառուցվել է ավելի մեծ ու շքեղ նույնանուն եկեղեցի (ավերվել է 1939-ին, կանգուն է զանգակատունը), իսկ 1522-ին՝ Ս. Աստվածածնի Ավետման եկեղեցին: Վերջինիս բակում Գրիգոր արք. Վարագեցին 1600-ին կառուցել է կուսանոցի շենք: XVII դ. վերջին, թուրքերի արշավանքների ժամանակ, ավերվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Ստեփանոս Նախավկա, Ս. Խաչ եկեղեցիները: Լուցկ, Լվով, Կամենեց-Պոդոլսկ քաղաքներում կառուցված 20-22 եկեղեցիներից բացի, երկու տասնյակից ավելի եկեղեցիներ են գործել նաև XVI-XVIII դդ. հիմնադրված Զամոշչի, Յարոսլավլի,