Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին ցանցի անբավարար աշխատանքի պատճառով հողի վերին շերտերում տեղի է ունենում նաև հողերի երկրորդ․ աղիացում։ ՀՀ-ում Հ․ա․ առաջանում է Արարատյան դաշտի կիսաանապատային ցածրավայրային հողերում։ Ունեն մարգագետնային ծագում։ Այդ հողերը բարելավվում են ցամաքուրդային ցանցի (2,5_3,0 մ խոր․), ագրոտեխ․ և քիմ․ միջոցներով։ Տես նաև Մելիորացում հողի, Աղուտ-ալկալի հողեր։

ՀՈՂՄԱԾԱՂԻԿ (Anemone), հովածաղիկ, հողմավարդ, ծափկոտրուկ, պատվարդ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 90 (այլ տվյալներով`150) տեսակ, ՀՀ-ում` 4_5։ Աճում է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Ցողունի բարձր․ 10_85 սմ։ Արմատամերձ տերևները թաթաձև-բաժան են, ցողունայինները` բլթկավոր, օղակաձև դասավորված, ծաղկաբույլը` կիսահովանոց, ծաղիկը` սպիտակ, դեղին, վարդագույն, պտուղը`բազմաընկուզիկ։

Դեղաբույս է։ Պարունակում է ալկալոիդներ, սապոնին, ներկանյութ ևն։ Թունավոր է։


ՀՈՆ (Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է 4, ՀՀ-ում` 1 տեսակ` Հ․ սովորական (C․ mas)` տարածված Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի Հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք_ն), Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

Բարձր․ 4_8 մ է, պսակի տրամագիծը՝ 3_6 մ։ Երկարակյաց է։ Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, ծաղիկները` երկսեռ, մանր` հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, կարմիր, մսալի։

Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղաղանյութեր։


ՀՈՆԻ, Հայնի, բերդաքաղաք Կիլիկյան Հայաստանի Ջահան գավառում (ներկայիս Յարփուզ գյուղավանից մոտ 3 կմ հս-արլ․)։ XI դ․ 2-րդ կեսին մտել է Փիլարտոս Վարաժնունու հայկ․ իշխանության, այնուհետև` Կիլիկիայի հայկ․ պետության մեջ։ Փորձելով կաթողիկոս․ աթոռը հաստատել իր իշխանության մեջ` Փիլարտոս Վարաժնունին, Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի (1066_1105) համաձայնությամբ, Պետրոս Ա Գետադարձի քրոջ որդի Սարգսին Հ-ում ընտրել է կաթողիկոս (1076_77), որին հաջորդել է Թեոդորոս Ալախոսիկը (1077_91)։ Փիլարտոսի իշխանության անկումից հետո վերացել է նաև Հ-ի կաթողիկոսությունը։ Հ․ ավերվել է օսմ․ տիրապետության ժամանակ։ Այժմ քրդաբնակ գյուղ է, որի շրջակայքում նշմարվում են հին քաղաքի ու բերդի ավերակները։

Գրկ․ Տեր-Ղազարյան Հ․, Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966։


ՀՈՊՈՊՆԵՐ (Upupidae), թռչունների ընտանիք։ Հայտնի է մեկ տեսակ` հոպոպ (Upupa epops), որը տարածված է նաև ՀՀ-ում։ Գրեթե աղավնու մեծության թռչուն է, զանգվածը` 68_72 գ, թևերի բացվածքը` 42_49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։ Մեծ քանակությամբ տարածված է այգիներում, պուրակներում, բնակավայրերում։ Բնադրում է փչակներում, շենքերի տանիքներին, պատերի, քարերի ճեղքերում։ Ձվադրում է ապրիլ-հունիսին, դնում 3_9 մոխրագույն ձու։ Սնվում է հիմնականում վնասատու միջատներով, թրթուրներով։


ՀՈՌԵԿԱ ՎԱՆՔ, Հյուրեկա վանք, XIII դարի վանք, հայկական ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառում (այժմ` ԼՂՀ Մարտակերտի շրջ․ Թալիշ գ-ից մոտ 5 կմ հվ-արմ․), անտառապատ սարալանջին։ Ունի թաղածածկ, ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցի և նրան արմ-ից կից գավիթ։ Ըստ շին․ արձանագրությունների, եկեղեցին կառուցվել է 1279-ին, իսկ գավիթը` 1284-ին։ Եկեղեցին ունի մի ուշագրավ մանրամաս` խորանը լուսավորվում է երեք պատուհանով։ Գավիթը երկու զույգ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով է․ պատկանում է հայկ․ գավիթների XIII դ․ տարածված տիպին։

Հ․վ-ից մոտ 100_150 մ հս․ պահպանվել է հայկ․ ժող․ ճարտ-յան լավագույն նմուշներից` Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ապարանքը։ Կառույցի հատակագծ․ լուծումը հիմնականում ենթարկված է հայկ․ ժող․ բնակելի տան, այսպես կոչված, համալիր տիպի հատակագծային սկզբունքին։ Ուշագրավ են հվ․ թևի քառակուսի հատակագծով զույգ գլխատները (քարակերտ գմբեթները կանգուն էին մինչև XIX դ․ վերջերը), որոնք, ունենալով ֆունկցիոնալ կարևոր նշանակություն, գերիշխել են հատակագծային և ծավալատարած․ հորինվածքում։

Ապարանքի ինքնատիպ ճարտ․ հորինվածքում ժող․ բնակելի տան շին․ ավանդույթները միահյուսվել են դարաշրջանի պաշտպան․ կառույցների կառուցող․ սկզբունքների հետ (ուղղանկյուն պարագծով պարիսպ, դիտանցքավոր աշտարակներ՝ պայմանավորված ժամանակի սոց-քաղ․ իրավիճակով), և ապարանքը իր հիմն․ բնակելի նշանակությամբ հանդերձ, միաժամանակ, պալատ-ամրոց է, դարաշրջանի պաշտպան․ կառույցի նոր տիպ՝ բերդերի ու ամրոցների կողքին։

Գրկ․ Ղուլյան Ա․, Արցախի պալատական ճարտարապետության երկու հուշարձան, ԼՀԳ, 1982, դ 10։ Мкртчян Ш. Մ․, Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, У., 1988․


ՀՈՌՈՄ, գյուղ ՀՀ Շիրակի մարզում,