Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԱԼՓԱՄԸՇ», ժողովրդական էպոս։ Պատմում են թյուրքալեզու ժողովուրդները՝ ուզբեկները («Ալփամըշ»), ղազախները («Ալփամըս բաթր»), կարակալպակները («Ալփամըս»), բաշկիրները («Ալփամըշա և Բարսըն–խըլուու»), ալթայցիները («Ալփ–Մանաշ») ևն։ Ձևավորվել է, ըստ երևույթին, XIV–XVII դդ., երբ Միջին Ասիայի ժողովուրդները մարտնչում էին ընդդեմ ջունգարական տիրակալների։

Գրկ. Жирмунский В. М., Сказание об Алпамыте и богатырская сказка, М., 1960.


ԱԼՓԱՍԼԱՆ Ալեքսանդր (իսկական ազգանունը՝ Փանոսյան, 1859–1919), հայ բանաստեղծ։ Ծնվել է Կ. Պոլսում, ավարտել Նուպար–Շահնազարյան դպրոցը։ Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու՝ «Շողեր և ցողեր» (1884), «Այգեկութ» (1908) և «Ազատ քնար» (1908)։ Ա–ի երկերին հատուկ են հղկված լեզուն, մատչելի արտահայտչաձևը։ Երբեմն տուրք է տվել ձևապաշտությանը, բայց հրաժարվել է ռոմանտիկական վերացական պաթոսից, անդրերկրային թեմաներից։ Ա. ներբողել է կյանքի գեղեցկություններն ու վայելքը («Ի՜նչ փույթ», «Բաժակներ», «Առ Արուսյակ» ևն), բնության և սիրո զարթոնքը («Մատունք կուսին», «Աչերը», «Բերան կուսին»)։ Մանկական բանաստեղծություններում ձգտել է մատաղ սերնդին սիրել տալ կյանքն ու բնությունը, սովորեցնել մայրենի լեզուն («Աստծո մոմերը», «խրթին հարցում», «Արդար բողոք», «Կաղանդն, որ չի գար»)։

Գրկ. Ալեքսանդր Փանոսյան (1859–1919), կենսագր. և քննական ակնարկ, ԿՊ, 1919։


ԱԼՓ–ԱՐՍԼԱՆ Մուհամեդ իբն Դաուդ (1029–1072), սելջուկյան սուլթան 1063-ից։ Տուղրիլ սուլթանի եղբորորդին։ 1064-ին ներխուժեց Հայաստան, ավերեց հյուսիսային և կենտրոնական գավառները, պաշարեց Անին։ Քաղաքը հերոսաբար դիմադրեց, բայց երբ բյուզանդական կայազորը լքեց պաշտպանությունը, Ա. գրավեց ու ավերեց քաղաքը, իսկ բնակչության մեծ մասին ոչնչացրեց կամ գերեվարեց։ 1071-ին Մանազկերտի մոտ հաղթեց բյուզանդական զորքերին և գերեց Ռոմանոս IV կայսրին։ Նվաճեց Փոքր Ասիայի բյուգանդական հողերը։ Քաջ զորավար էր, բայց բիրտ ու անուս, նրա պետության փաստացի կառավարողը վեզիր Նիզամ ալ–Մուլքն էր։ Ա. սպանվեց Բուխարա արշավելիս։ Լ. Բաբայան


ԱԼՓԻԱՐ Հարություն (1864–1919), հայ երգիծաբան, լրագրող։ Ծնվել է Զմյուռնիայում, սովորել Կ. Պոլսի Արամյան և Շահնազարյան վարժարաններում։ Ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում։ Կահիրեում հրատարակել է «Փարոս» (1896–98, 1901–02) երգիծական թերթը։ Աշխատակցել է Զմյուռնիայի և Կ. Պոլսի թերթերին («Արևելյան մամուլ», «Մասիս», «Սուրհանդակ» ևն)։ Գրել է երգիծական քրոնիկներ և նովելներ առօրյա հարցերի մասին։ Լույս է տեսել նրա երկերի ժողովածուն «Ֆանթազիո» (1913) վերնագրով։ Ա. ստորագրել է «Ռատամես», «Քրիզանթեմ» ծածկանուններով։


ԱԼՔԻԲԻԱԴԵՍ (հուն. Άλκιβιάδης, մ. թ. ա. մոտ 450–404), աթենացի զորավար, պետական գործիչ։ Ծնվել է Աթենքում, արիստոկրատի ընտանիքում։ Հոր՝ Կլինիայի մահից (մ. թ. ա. 447) հետո Ա. դաստիարակվել է քեռու՝ Պերիկլեսի տանը։ Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին։ Պատանեկան հասակից համաճանաչ դարձավ Աթենքում իր բազմակողմանի ընդունակությունների, կրթության, պերճախոսության, գեղեցկության և այլ բարեմասնությունների շնորհիվ։ Փայլուն հեծելամարտիկ էր, օլիմպիական խաղերի բազմակի հաղթող։ Մ. թ. ա. 420-ից բազմիցս ընտրվել է ստրատեգոս։ Արտահայտելով Պելոպոնեսյան պատերազմների կողմնակից կուսակցության շահերը՝ Ա. ձգտում էր Աթենքի գերիշխանությունը պարտադրել հունական պոլիսներին։ Փառատենչ Ա–ի ջանքերով վերսկսվեց Նիկեայի հաշտությամբ (մ. թ. ա. 421) ընդհատված պատերազմը, որը մ. թ. ա. 418-ին ավարտվեց Սպարտայի հաղթությամբ։ Մ. թ. ա. 416–415-ին Ա., երկրորդ անգամ ընտրվելով ստրատեգոս, արշավանք ձեռնարկեց Սիրակուզայի դեմ։ Սակայն օպոզիցիոն խավերը Ա–ին ամբաստանեցին աստվածներին վիրավորելու և Աթենքի սրբությունները պղծելու մեջ։ Աթենքի ժողովրդական դատարանը որոշեց Ա–ին ետ կանչել բանակից, բռնագրավել ունեցվածքը և մահվան դատապարտել։ Տեղեկանալով այդ մասին՝ մ. թ. ա. 415-ի վերջին Ա. փախավ Սպարտա՝ իր ծառայությունն առաջարկելով նրան։ Ա–ի ռազմական և դիվանագիտական տաղանդի շնորհիվ սպարտացիները պարտության մատնեցին աթենացիներին, մեկուսացրին դաշնակիցներից։ Ա–ի նկատմամբ Սպարտայի վերնախավի տածած անվստահությունն ու նախանձը, Ագիս II թագավորի դավադիր մտադրությունը (Ա. սիրային կապերի մեջ էր թագուհու հետ) Ա–ին հարկադրեցին հեռանալ Սպարտայից (մ. թ. ա. 412) և ապաստանել Աքեմենյան սատրապ Տիսափարնասի մոտ։ Մ. թ. ա. 411-ին, երբ Աթենքում հաստատվեց օլիգարխիայի կամ, այսպես կոչված, «400»–ի իշխանությունը, Ա–ին հայրենադարձման իրավունք շնորհվեց։ Մ. թ. ա. 411–408-ին Ա–ի առաջնորդությամբ աթենական բանակը մի շարք կարևոր հաղթանակներ տարավ սպարտացիների և պարսիկների դեմ, վերականգնվեց Աթենքի ծովային գերիշխանությունը։ Մ. թ. ա. 408-ի հունիսին դափնիներով պսակված Ա. վերադարձավ Աթենք։ Ա–ի փառքն ու հաղթանակը մեծ հանդիսավորությամբ նշվեց, և նա ճանաչվեց բանակի ու նավատորմի անսահմանափակ հրամանատար։ Մ. թ. ա. 407-ին Անտիոքոս զորավարի մեղքով աթենական բանակը ճակատամարտերից մեկը տանուլ տվեց Սպարտային, որից օգտվեցին Ա–ի հակառակորդները և նրան արտաքսեցին հայրենիքից։ Եգոս–Պոտամոսի ճակատագրական ճակատամարտից (մ. թ. ա. 405) առաջ Ա. ապարդյուն փորձում էր Աթենքի զորավարներին օգնել իր ռազմական խորհուրդներով։ Աթենքի անկումից հետո, Սպարտայի պահանջով, Ա. սպանվեց իր ապաստանատուի՝ Փռուգիայի պարսկ. սատրապ Փառնավազի հրամանով։

Գրկ. Корнелий Непот, Избр. биографии, ч. 1-2, 5 изд., СПБ, 1908; Фукидид, История, т. 2, кн. 5-8, М., 1915; Плутарх, Избр. биографии, М.-Л., 1941.


ԱԼՔԻՄԻԱ (արաբ. ալ… – որոշիչ հոդ + քիմիա), նախագիտական քիմիան։ Միջնադարյան մշակույթի յուրահատուկ երևույթ։ Երբ քիմիան կանգնեց գիտական հիմքերի վրա (Ռ. Բոյլ, 1611), Ա. սկսեցին անվանել հասարակ մետաղներից ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ) ստանալու կեղծ արհեստը։ Առաջացման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ սկիզբ է առել III–IV դդ., ըստ ընդունված կարծիքի՝ Եգիպտոսում։ Ալքիմիկոսները Ա–ի հիմնադիրն են համարում Հերմեսին։ Ալքիմիական շրջանը տևեց մինչև XVII դ.։ Ա–ի գոյության 15 դարերի ընթացքում փոխվեցին նրա առջև դրված խնդիրները, հետազոտությունների ձևերն ու մեթոդները։ Անփոփոխ մնաց, սակայն, արհեստական ոսկի ստանալու ձգտումը։ Այն որպես հիմնական նպատակ, թեև հարատևեց Ա–ի գոյության ամբողջ շրջանում, սակայն չդարձավ ալքիմիկոսների հետազոտությունների միակ առարկան։ Ա–ի տեսական ուսմունքը բնության, հանքանյութերի, աղերի և մետաղների առաջացման մասին փիլիսոփայական և կրոնական մտահանգումների խառնուրդ էր և հիմնվում էր երկու վերացական «ճշմարտությունների»՝ նյութի միասնականության և խորհրդավոր նյութի՝ «փիլիսոփայական քարի» գոյության մասին եղած համոզմունքի վրա։ Այդ ուսմունքը հնարավոր էր համարում մի նյութի փոխարկումը մի այլ նյութի («տրանսմուտացիա») և, հետևաբար, հասարակ մետաղներից (կապար, պղինձ, սնդիկ են) ազնիվ մետաղներ ստանալը։

Ինչպես ցույց տվեց ատոմի կառուցվածքի և փոխարկումների մասին ժամանակակից գիտությունը, տրանսմուտացիան հնարավոր է։ Ա., սակայն, նյութական աշխարհի մասին ուներ ոչ գիտական, առեղծվածային, կրոնական պատկերացումներ և հեռու էր կանգնած այդ խնդրի լուծումից։

Ալքիմիկոսներից շատերը միաժամանակ բժիշկներ էին, գործնական գիտելիքների տեր մարդիկ։ Նրանք զբաղվում էին նաև դեղանյութեր, աղեր, ներկեր պատրաստելով։ «Փիլիսոփայական քար», «երկարակեցության էլիքսիր» և «համընդհանուր լուծիչ» պատրաստելու ապարդյուն ճիգերին զուգընթաց, իրենց հետազոտություններով նրանք լուծեցին բազմաթիվ գործնական ու գիտական կարևոր խնդիրներ։ Գիտելիքներ կուտակեցին երևույթների և նյութերի ու նրանց արտադրության վերաբերյալ։ Ալքիմիական աշխատանքների շնորհիվ ստեղծվեցին ապակյա, ճենապակյա և խեցեգործական առարկաներ, բարձրորակ բազմագույն ներկեր, հրավառությունների