Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՐԻՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջանում, Սևանա լճի արևմտյան ափին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք։ 621 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժ–մանկաբարձական կայան։ Ա–ում, առափնյա բլրի վրա կան կիկլոպյան տիպի (բրոնզի դար) ամրոցի ավերակներ, որտեղ պահպանվել են բազմաթիվ կացարաններ։ Կիկլոպյան տիպի ամրոցի (բրոնզի դար) ավերակները Այրիվան գյուղի մոտ։ Ամրոցն ըստ երևույթին ծառայել է որպես միջնաբերդ։ Ա–ի շրջակայքում պահպանվել են նաև երկաթի դարի դամբարաններ, որոնց պեղումներից հայտնաբերվել են բրոնզե նիզակի և նետասլաքի ծայրեր, ապարանջաններ, դաշույններ, երկաթե դանակներ և զարդանախշված, սև փայլով խեցեղեն։ Ա–ում պահպանված առավել աչքի ընկնող հուշարձանը Հայրավանքն է (IX–X դդ.)։ Ք. Խաչատրյան


ԱՅՐԻՎԱՆՔ, վանք Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանի Գողթ գյուղի մոտ, Երևանից 38 կմ արևելք։ Հռչակված է իր վիմափոր եկեղեցիներով։ Տես Գեղարդ:


ԱՅՐԻՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, կրթական օջախ Գեղարդի վանքում (Այրիվանք)։ Հիմնվել է VIII դ. 1-ին կեսին։ Ա. դ–ում է գործել Աթենքում կրթված թարգմանիչ և երաժիշտ Գրիգոր Գռզիկը (Այրիվանեցի)։ Ուսումնական կյանքն Ա. դ–ում աշխուժացել է XIII դ.՝ վարդապետներ Հովհաննես Գսանեցու և հատկապես Մխիթար Այրիվանեցու օրոք։ Ա. դ. ունեցել է հարուստ մատենադարան։ Գրչության արվեստը Ա. դ–ում սկսել է ծաղկել XV դ. Մխիթար, ապա Աիմոն Այրիվանեցի վարդապետների ժամանակ։ Ա. դ–ից մեզ հասել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց մեծ մասը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում։ Ա. Մաթևոսյան


ԱՅՐՄԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ, թթվածնում նյութի լրիվ այրման ժամանակ անջատվող ջերմության քանակը, երբ վերջանյութերի վիճակը (ջերմաստիճանը և ճնշումը) հավասարեցվում է ելանյութերի վիճակին։ Միավոր քանակի նյութի Ա. ջ. կոչվում է այրման տեսակարար ջերմություն, որի չափման միավորներն են՝ պինդ և հեղուկ նյութերի համար՝ ջ/կգ, գազերի համար՝ ջ/մ³։ Տվյալ նյութի տեսակարար Ա. ջ. կախված է նրա մոլեկուլը կազմող ատոմների տեսակից ու քանակից, ինչպես նաև նրանց փոխադարձ դասավորությունից՝ մոլեկուլի կառուցվածքից։ Ա. ջ. վառելանյութերի որակը բնորոշող կարևոր մեծություն է։ Խառնուրդի Ա. ջ. հավասար է բաղադրիչ նյութերի Ա. ջ–ների գումարին։ Մ․ Նալչաճյան


ԱՅՐՇԻՐՅԱՆ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնատու ցեղ։ Ատացվել է XVIII դ., Շոտլանդիայի Այր կոմսությունում, տեղական տավարը հոլանդական և շորթհոռնյան ցեղերով բարելավելու միջոցով։ Ա. տ. ց. ցածրահասակ է, ունի ամուր ոսկրակազմ, խոր և լայն կրծքավանդակ, թեթև գլուխ՝ քնարաձև եղջույրներով։ Գույնը՝ կարմիր և խայտաբղետ, սպիտակ երանգով։ Ցուլերի կենդանի քաշը 650–750 կգ է, կովերինը՝ 450–500 կգ, կաթնատվությունը՝ 3500–4000 կգ (բարձրակիթներինը՝ 8000 կգ, ռեկորդայինը՝ 10000 կգ), կաթի յուղայնությունը՝ 3,8–4% : Բուծվում է ԱՄՆ–ում, Կանադայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում ևն, ՍՍՀՄ–ում՝ Նովգորոդի, Լենինգրադի, Մոսկվայի, Կուրսկի մարզերի մի քանի տնտեսություններում։


ԱՅՐՎԱԾՔ, օրգանիզմի հյուսվածքների վնասվածք։ Առաջանում է ջերմային, քիմիական, էլեկտրական կամ ճառագայթային ներգործությունից։ Ըստ խորության Ա–ները բաժանվում են չորս աստիճանի։ I աստիճանի Ա–ի դեպքում մաշկը կարմրում է, այտուցվում, ցավում, արյան անոթները լայնանում են։ Ջերմաստիճանի բարձրացման, պուլսի արագացման, օրգանիզմի թուլության երևույթները կամ բացակայում են, կամ աննշան են։ II աստիճանի Ա–ի դեպքում, նշված խիստ արտահայտված ախտանիշներից բացի, մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ, որոնց մի մասը պայթելով՝ մերկացնում է մաշկը։ Վերնամաշկից զուրկ հյուսվածքները կարող են ընդհանուր վարակման (սեպսիս) պատճառ դառնալ։ Եթե II աստիճանի Ա. կազմում է մաշկատարածության 20–30%, ապա առաջանում է այրվածքային շոկ։ III աստիճանի Ա–ի ժամանակ տեղի է ունենում մաշկի մասնակի կամ ամբողջ հաստության մեռուկ (նեկրոբիոգ), IV աստիճանում՝ խոր հյուսվածքների մեռուկացում (ածխացում), որոնց հեռացումից առաջանում են մեծ վերքեր, ծանր ինքնաթունավորում, սեպսիս և վերքային հյուծում։

Բուժումը։ I աստիճանի Ա–ի դեպքում՝ չեզոք յուղեր կամ ախտահանիչ քսուքներ։ II-ի դեպքում՝ բշտիկների հեռացում, նովոկաինի թրջոցներ, սրտային դեղամիջոցներ, արյան կամ պլազմայի փոխներարկում, անտիբիոտիկներ, վիտամիններ, սննդային բուժում։ III և IV աստիճանի Ա–ների դեպքում՝ մեռուկացած հյուսվածքների հեռացում և մաշկապատվաստում։

Այրվածք բույսերի, արևի ուղիղ ճառագայթների կամ հակադիր ջերմաստիճանների ազդեցությունից առաջացած վնասվածքներ։ Հաճախ Ա–ներ են կոչվում որոշ սնկերից (Monilia cinerea), մանրէներից (Bacterium amylovorum), ինչպես նաև քիմիական նյութերի ոչ ճիշտ կիրառումից առաջացած վնասվածքները։ Ա–ները առաջացնում են կեղևի, տերևների և այլ մասերի մեռուկ, որից բույսը կարող է մահանալ։

Գրկ. Постников Б. Н., Термические ожоги, Л., 1957; Труды XXVII съезда хирургов М., 1962 [раздел «Патогенез, клиника и лечение ожогов»]; Бонч-Бруевич Е. Б., Первая помощь при ожогах М.,1968. Մ. Մելիք–Իսրայելյան


ԱՅՐՎՈՂ ԹԵՐԹԱՔԱՐԵՐ, տես Թերթաքարեր։


ԱՅՐՏՈՆ (Ireton) Հենրի (1611–1651), անգլիական բուրժուական հեղափոխության գործիչ, չափավոր ինդեպենդենտների (անկախների՝ բուրժուազիային բուրժուականացող ազնվականության արմատական թևի քաղաքական կուսակցություն) գաղափարախոս, Օ. Կրոմվելի զինակիցը։ Կողմնակից էր պետության միապետական ձևին, որտեղ գերիշխող պետք է լիներ նոր բուրժուազիան։ Ա. մասնակցեց լևելլերների (հավասարարների՝ մանրբուրժուական արմատական դեմոկրատական խմբավորում) շպրժմանը և Իռլանդիայի նվաճմանը (1649)։


ԱՅՐՈՒՁԻ, Հայոց հեծելազորը հին և միջին դարերում։ Պեղածո նյութերը, ասորեստանյան և ուրարտական արձանագրությունները հավաստում են, որ մ. թ. ա. 1-ին հազարամյակում Հայկական լեռնաշխարհի բնակիչները պատերազմներում օգտագործում էին ինչպես ռագմակառքեր, այնպես էլ հեծելակային զորախմբեր։ Ըստ Քսենոփոնի, Երվանդունիներն ունեին 8-հազարանոց մարտական Ա.։ Կուրտիուս Ռուփուսը վկայում Է, որ Գավգամելայի ճակատամարտում (մ. թ. ա. 331) Ալեքսանդր Մակեդոնացու դեմ պարսկական բանակի կազմում կռվում էր հայկական 7-հազարանոց Ա.։ Հայոց Ա. ավելի մեծացվեց և կանոնավորվեց Արտաշեսյանների օրոք։ Ստեղծվեցին հեծելազորային միավորումներ։ Հայոց Ա–ի կորիզը Հին աշխարհում հռչակված ծանրազեն կամ սպառազեն հեծելազորն Էր, որի համար ընտրում էին առավել մարմնեղ և ուժեղ ձիեր։ Հեծելամարտիկները կրում էին ծանր հանդերձանք, «որի մեջ նրանք կարծես փակված Էին ինչպես շենքերում» (Պլուտարքոս), մետաղե թիթեղներով պա–