Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեռական սերնդի՝ իգական գամետոֆիտի այլ բջիջներից. օր. պտերների մոտ՝ նախածիլի որևէ բջջից, ծածկասերմերի մոտ՝ սաղմնապարկի անտիպոդային բջիջներից կամ սիներգիտներից։ Ա. ապոմիքսիսի ձևերից է։

ԱՊՈԹԵՄ (<հուն. αποτίθήμι–առանձնացնում եմ), տես Հարթագիծ։


ԱՊՈԼԻՆԵՐ (Apollinaire) Գիյոմ (իսկական անունը Գիյոմ Ապոլինարի Կոստրովիցկի) (1880–1918)։ Ֆրանսիական բանաստեղծ, ազգությամբ լեհ։ Ծնվել է օգոստոսի 26-ին, Հռոմում։ 1899-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում։ Գլխավոր ժողովածուներն են՝ «Ալկոհոլներ» (1913), «Կալիգրամներ» (1918), «Կա» (հրտ. 1925, ետմահու)։ Ա. բանաստեղծության մեջ ներմուծել է խոսակցական, պրոզաիկ տարրեր՝ անորոշ երաժշտականությանը հակադրելով XX դ. կյանքի նոր թեմաներն ու սրընթաց ռիթմը։ Հրաժարվել է դասական տաղաչափության կանոններից, հանգից, կետադրությունից, քնարերգությունը հարստացրել զուգորդական նոր հնարավորություններով՝ հնազանդեցնելով բազմաթիվ ձևական փորձարկումները իր քնարական բռնկվող խառնվածքին։ Մտերիմ է եղել մի շարք նկարիչների, առանձնապես Պիկասոյի հետ և դարձել կուբիստական նկարչական դպրոցի ջատագովն ու տեսաբանը ‎(«Կուբիստ նկարիչներ», 1913)։ Ա. համարվում է XX դ. պոետական արվեստի նորարարներից մեկը Ֆրանսիայում։ Մահացել է նոյեմբ. 9–ին, Փարիզում։

Գ․ Ապոլիներ

Երկ. Բլուրներ, Ե., 1970։


ԱՊՈԼԼՈՆ (Άπόλλωγ), աստված հին հունական դիցարանում։ Սկզբում համարվել է երկրագործության ու անասնապահության պահապանը, ապա՝ արևի, լույսի և իմաստության աստվածը, հետագայում՝ հիմնադրվող գաղութների ու արվեստների հովանավորը։ Զևսի և Լեթոյի որդին, Արտեմիսի երկվորյակը։ Նրա կրկնակ անունն էր Փեբոս (փայլող)։ Ա–ի մշտական ուղեկիցներն էին մուսաները՝ Զևսի և Մնեմոսինեի դուստրերը։ Ա. համարվում էր անգերազանցելի քնարածու ու անվրեպ նետաձիգ, պատժող, հիվանդություններ սփռող ու բուժող։ Պատկերվել է գեղեցկադեմ, սովորաբար քնարով և նետ ու աղեղով։ Նա էր հայտնում Զևսի կամքը աշխարհին։ Նրա պաշտամունքի հիմնական կենտրոններն էին Դելֆիքն ու Դելոսը։ Ա–ի պաշտամունքը հավանաբար Փոքր Ասիայից է անցել Հունաստան, իսկ այնտեղից՝ Հռոմ։

ԳրկԲարթիկյան Մ. Հ․, Դիցապաշտ Հելլադան կամ հելլեն դիք, Աթենք, 1936։


«ԱՊՈԼԼՈՆ» («Apollo»), դեպի Լուսին կատարվող թռիչքների համար նախատեսված ամերիկյան տիեզերանավերի, ինչպես նաև այդ տիեզերանավերի պատրաստման ու թռիչքների ծրագրի անվանումը։ «Ա.» կազմված է երկու կցված տիեզերանավերից (մոդուլներից), որոնք ուղեծիր են դուրս բերվում «Սատուրն» տանող հրթիռով, համատեղ թռիչք են կատարում դեպի Լուսին և անցնում լուսնամերձ ուղեծիր։ Տիեզերանավերից մեկը, որում տեղավորվում են բոլոր երեք տիեզերագնացները, կոչվում է ուղեծրային (նաև՝ հիմնական բլոկ) և կազմված է անձնակազմի (կշիռը՝ 5,6 տ) ու շարժիչների բաժանմունքներից։ Մյուսը կոչվում է լուսնախցիկ, կշռում է 14,5 տ, կազմված է երկու աստիճանից՝ վայրէջքի, որն ունի վայրէջքի շասսի, և թռիչքի, որում գտնվում է վայրէջք կատարող , տիեզերագնացների հերմետացված խցիկը։ «Ա.»–ի ընդհանուր կշիռը շարժիչների և վառելիքի պաշարի հետ միասին մոտ 44 տ է։ «Ա.»–ի ողջ թռիչքը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ. տանող հրթիռի օգնությամբ դեպի Լուսին թռիչքի ուղեծիր դուրս գալուց հետո հիմնական բլոկն անջատվում է լուսնախցիկից, 180°–ով շրջվում և նորից կցվում է նրան, որպեսզի երկու տիեզերագնացները հնարավորություն ունենան անցնելու վերջինի մեջ։ Լուսնի արհեստական արբանյակի՝ ուղեծիր անցնելուց հետո այդ տիեզերագնացները լուսնախցիկով վայրէջք են կատարում Լուսնի վրա, դուրս են գալիս նրանից, իջնում Լուսնի մակերևույթին։ Որոշ ժամանակ այնտեղ մնալուց և համապատասխան աշխատանքներ (լուսնային ապարների հավաքում, սարքերի տեղադրում) կատարելուց հետո տիեզերագնացները վերադառնում են լուսնախցիկ (թռիչքի բաժանմունք), պոկվում Լուսնի մակերևույթից և կցվում Լուսնի արհեստական արբանյակի ուղեծրում պտտվող հիմնական բլոկին, անցնում նրա մեջ, որով և անձնակազմը վերադառնում է Երկիր։

1967-ից սկսած ԱՄՆ–ում արձակվել են. «Ա–4» (9 նոյեմբ., 1967), «Ա–5» (22 հունվ., 1968), «Ա–6» (4 ապրիլի, 1968) առանց անձնակազմի տիեզերանավերը։ 1968-ի հոկտ. 11-ին արձակվեց «Ա–7» տիեզերանավը, որի հիմնական բլոկը (տիեզերագնացներ՝ Ու. Շիրա, Դ. Այզել, Ու. Քանինգհեմ) «Սատուրն–1Բ» տանող հրթիռով դուրս բերվեց Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր, թռիչքում մնաց 10,7 օր և վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում։ «Ա–8» տիեզերանավի հիմնական բլոկը (տիեզերագնացներ՝ Ֆ. Բորման, Ջ. Լովել, Ու. Անդերս) 1968-ի դեկտ. 21-ին «Սատուրն–5» տանող հրթիռով դուրս բերվեց դեպի Լուսին թռիչքի ուղեծիր, դեկտ. 24-ին անցավ Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր, 10 պտույտ կատարելուց հետո ուղղություն վերցրեց դեպի Երկիր և դեկտ. 27-ին վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում։ «Ա–9»–ի ողջ համակարգը (տիեզերագնացներ՝ Ջ. Մակդիվիդ, Դ. Սկոտ, Ռ. Շվայկարթ) 1969-ի մարտի 3-ին դուրս բերվեց դեպի Լուսին թռիչքի ուղեծիր և 10-օրյա թռիչքից հետո վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում։ Թռիչքում առաջին անգամ փորձարկվեց լուսնախցիկը։ «Ա–10»–ի ողջ համակարգը (տիեզերագնացներ՝ Թ. Ստաֆորդ, Ջ. Ցանգ և Ցու. Սեռնան) 1969-ի մայիսի 18-ին դուրս բերվեց լուսնամերձ ուղեծիր։ Թ. Ստաֆորդն ու Չու. Սեռնանը լուսնախցիկով ինքնուրույն թռիչք կատարեցին դեպի Լուսին՝ մոտենալով նրան մինչև 15 կմ։ Այնուհետև մանևրելով մոտեցան լուսնամերձ ուղեծրում պտտվող հիմնական բլոկին, որով ողջ անձնակազմը վերադարձավ Երկիր՝ մայիսի 26-ին վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում։ «Ա–11»–ի ողջ համակարգը (տիեզերագնացներ՝ Ն. Արմսթրոնգ, Մ. Քոլինզ և Է. Օլդրին) 1969-ի հուլիսի 16-ին դուրս բերվեց լուսնամերձ ուղեծիր։ Հուլիսի 20-ին Ն. Արմսթրոնգն ու Մ. Քոլինզը լուսնախցիկով փափուկ վայրէջք կատարեցին Լուսնի վրա (Անդորրության ծովում), դուրս եկան Լուսնի մակերևույթ։ 2,5 ժ այնտեղ մնալուց և համապատասխան աշխատանքներ կատարելուց հետո լուսնախցիկով պոկվեցին Լուսնի մակերևույթից և կցվեցին հիմնական բլոկին։ Երկիր վերադարձան հուլիսի 24-ին՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում։ «Ա–12»–ի ողջ համակարգը (տիեզերագնացներ՝ Չ. Քոնրադ, Ռ. Գորդոն, Ա. Բին) ուղեծիր դուրս բերվեց 1969-ի նոյեմբ. 14-ին։ Նոյեմբ. 19-ին Չ. Քոնրադն ու Ա. Բինը վայրէջք կատարեցին Լուսնի վրա (Փոթորիկների ծովում)։ Լուսնի մակերևույթ դուրս եկան երկու անգամ՝ ընդհանուր առմամբ այնտեղ մնալով 7,5 ժ։ Հիմնական բլոկով ողջ անձնակազմը Երկիր վերադարձավ նոյեմբ. 24-ին՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում։ «Ա–13»–ի ողջ համակարգը (տիեզերագնացներ՝ Ջ. Լովել, Ջ. Սուիջերթ, Ֆ. Հեյզ) արձակվեց 1970-ի ապրիլի 11-ին։ Շարժիչների բաժանմունքում տեղի ունեցած պայթյունը վտանգի տակ դրեց անձնակազմի կյանքը, որի պատճառով այն չկարողացավ վայրէջք կատարել Լուսնի վրա։ Լուսնի շուրջը պտույտ կատարելուց հետո, ապրիլի 17-ին «Ա–13» վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում։

«Ա–14» (տիեզերագնացներ՝ Ա. Շեփարդ, է. Միթչել, Ս. Ռուսա) արձակվեց 1971-ի փետր. 1-ին։ Լուսնի վրա վայրէջք կատարվեց փետր. 5-ին, Ֆրա Մաուրոյի շրջանում (Փոթորիկների ծովի արլ. ափին)։ Տիեզերագնացները մի քանի անգամ դուրս եկան Լուսնի մակերևույթ՝ ընդհանուր առմամբ այնտեղ մնալով մոտ 23 ժ։ Ողջ անձնակազմը հիմնական բլոկով Երկիր վերադարձավ փետր. 10-ին՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում։ «Ա–17» (տիեզերագնացներ Յ. Սերնան, Ռ. Էվանս, Հ. Շմիտ) արձակվեց 1972-ի դեկտ. 7-ին։ Լուսնի վրա վայրէջք կատարեց դեկտ. 11-ին (Տավրոս–Լիթրերի հովտում)։ Տիեզերագնացներ Յ. Սերնանը և Հ. Շմիտը երեք անգամ դուրս եկան Լուսնի մակերևույթ։ Ողջ անձնակազմը հիմնական բլոկով Երկիր վերադարձավ 1972-ի դեկտ. 19-ին՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում։

«Ա–17»–ով ավարտվեցին «Ապոլլոն» ծրագրով դեպի Լուսին կատարվող թռիչքները։