Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պոլ Բոտան, որը հայտնաբերեց ասորեստանյան Դուր–Շարուկին քաղաքը՝ Սարգոն II պալատով ժամանակակից Խորսաբադ բլուրը)։ 1845–51-ին անգլիացի հնագետ Ա. Լեյարդը պեղեց Ասորեստանի երկու մայրաքաղաքները՝ Քալաքը (Կալ–խու) և Նինվեն։ Քալաքում հայտնաբերվեց մ. թ. ա. IX–VII դդ. հինգ պալատ, իսկ Նինվեում՝ Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի (մ. թ. ա. 669–633) պալատը՝ գրադարանով։ Ասորեստանից սեպագիրը վերցրեցին ուրարտացիները։ Ուրարտուի թագավորներ Իշփուինիի (մ. թ. ա. 825–810) և Մենուայի (մ. թ. ա. մոտ 810–781) արձանագրությունները երկլեզվյան են՝ ասուրա–ուրարտերեն։ Հուշարձանների կուտակման հետ զուգահեռ ուսումնասիրվում էր նաև հայտնաբերված նյութը։ Ա–յան հիմքը դրվեց XIX դ. կեսին Օ. Գ. Լեյարդի (Անգլիա) և Պ. Է. Բոտտի (Ֆրանսիա) հնագիտական հետազոտություններով, որոնք Քույունջիկ, Նեմրուդ և Խորասաբադ քաղաքատեղիներում (Իրաք) հայտնաբերեցին մ. թ. ա. IX–VII դդ․ ասորեստանյան բազմաթիվ գրավոր և արվեստի հուշարձաններ, ինչպես նաև Գ. Ռոուլինսոնի (Անգլիա) կողմից Բիհիսթունյան եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն, բաբելերեն) սեպագիր արձանագրության հայտնաբերումով։ Ա–յան մեջ մեծ հաջողությունների են հասել նաև ռուս գիտնականները (Վ. Ս. Գոլենիշչև, Բ. Ա. Տուրաև, Մ. Վ. Նիկոլսկի, Վ․ Վ. Ստրուվե, Ի. Ի. Մեշչանինով, Ն. Մ. Նիկոլսկի)։ Մ. Վ. Նիկոլսկին համարվում է ռուս Ա–յան հայրը։ Օգտագործելով կուտակված փաստական նյութը՝ սովետական Ա. հստակ դրեց և լուծեց հին արևելյան հասարակության ստրկատիրական բնույթի և նրանում դասակարգային պայքարի առանձնահատուկ ձևերի հարցը։

Գրկ. Ասորեստանյա և պարսիկ սեպագիր արձանագրություն, թրգմ. Հ․ Սանտալճյան, Վնն., 1901։ Никольский М. В., Документы хозяйственной отчетности древнейшей эпохи Халдеи из собрания Н. П. Лихачева, Древности восточные, т. 3, в. 2, СПБ, 1900, т. 5, М., 1915; Струве В. В., Проблемы истории Древнего Востока в советской историографии, «Вестник древней истории», 1947, № 3; Дьяконов И. М., Изучение клинописи в СССР за 30 лет, նույն տեղում, Фридрих И., Дешифровка забытых письменностей и языков, пер. с нем., М., 1961; Zeitschrift fur Assyriologie und verwandte Gebiete, Lpz., 1886–1938.

ԱՍՈՒՐԵՐԵՆ (այլ անվամբ՝ ասորեստաներեն), աքքադերենի երկու բարբառներից մեկը, որ տարածված է եղել Աքքադի հյուսիսային մասում և հին աքքադերենի շրջանի վերջից ստացել է ինքնուրույն արժեք։ Անցել է զարգացման 3 շրջան՝ հին (մ. թ. ա. XX դ. սկզբից մինչև XVIIդ. կեսը) և միջին (մ. թ. ա. II հազարամյակի երկրորդ կեսը) և նոր (մ. թ. ա. X–VII դդ.)։ Նոր շրջանում, որ բնութագրվում է հոլովական վերջավորությունների անկմամբ, Ա. որպես գրական լեզու արտամղվում է բաբելերենի կողմից։ Հետագայում կրել է արամեերենի ուժեղ ազդեցությունը, որ հանգեցրել է Ա–ի մահացմանը։


ԱՍՓԱՐԱ, գյուղ Վրացական ՍԱՀ Բոգդանովկայի շրջանում, Փարվանա լճի հյուսիսային ափին, շրջկենտրոնից 36 կմ հյուսիս–արևելք։ Հիմնադրել են Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից գաղթած հայերը 1924-ին։ 331 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ա–ում կա միջնակարգ դպրոց, բուժկայան, ակումբ, գրադարան։


ԱՍՔ (ավանդազրույց, պատմազրույց), 1. վիպա–քնարական բնույթի գրական–բանահյուսական ստեղծագործություն՝ պատմական որևէ իրադարձության մասին։ Ա–ին բնորոշ են հանդիսավորությունը, հռետորական ոճը, անհանգ չափատողը (օրինակ՝ «Ասք Իգորի ճակատամարտի մասին», «Լենին փաշա» ևն)։ 2. ժամանակակից գրականության և արվեստի մեջ Ա. տերմինը գործ է ածվում փոխաբերաբար՝ տարբեր ժանրերի ստեղծագործությունների նկատմամբ․ օրինակ՝ կինոարվեստում («Ասք Սիբիրյան երկրի մասին»), գրականության մեջ (Վ. Դավթյանի «Ասք սիրո և սրի» պոեմը, Մ. Շաթիրյանի «Ասք արմավենու մասին» վեպը)։


«ԱՍՔ ԻԳՈՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ», ռուսական միջնադարյան գրական հուշարձան, անհայտ հեղինակի գործ՝ նվիրված պոլովցիների դեմ Նովգորոդի իշխան Իգոր Սվյատոսլավիչի 1185-ի արշավանքների պատկերմանը։ Գրի է առնվել 1185–87-ին։ «Ասք»–ի ձեռագրի մի ընդօրինակություն, հավանաբար՝ XVI դ. գրչություն, Յարոսլավլում հայտնաբերել է կոմս Ա. Ի. Մուսին–Պուշկինը (1744-1817) XVIII դ. վերջերին և հրատարակել Մոսկվայում, 1800-ին։ Ձեռագիրը և տպագրված օրինակների մեծ մասը ոչնչացվել են 1812-ին՝ Նապոլեոնի արշավանքի ժամանակ։ «Ասք»–ի հիմնական պաթոսը հայրենասիրությունն է, ռուս իշխաններին միաբանելու կոչը՝ հանուն հայրենիքի ազատագրման ու անկախության։ «Ասք»–ը լայն պատկերացում է տալիս հին Ռուսիայի տնտեսական կյանքի, ժողովրդի հավատալիքների, կենցաղի, ռազմավարության մասին։ Ա. Պ. Բորոդինը այդ թեմայով գրել է «Իշխան Իգոր» օպերան։ «Ասք»–ը թարգմանված է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում և հայերեն։

Երկ. Ասք Իգորի ճակատամարտի մասին, թրգմ. Ս. Վահունի, 3 վերամշ. հրտ., Ե., 1964։

Գրկ. Головенченко Ф. М., Слово о полку Игореве. Библиогр и переводу, М., 1963; Лихачев Д. С., «Слово о полку Игореве» – героический пролог русской лит-ры, Л., 1967.


ԱՍՔԱՆԱԶ (եբր. Աշքենազ, աքքադ. Իշքուզա), սկյութական հնագույն ցեղային միություն։ Մ. թ. ա. VIII դ. Դարբանդի անցքով իջնելով դեպի հարավ՝ հաստատվում է Կուր գետի արգավանդ հարթավայրերում, մոտավորապես Շակաշեն գավառի շրջանում։ Աստվածաշնչում Ա. հիշատակվում է (Երեմիա, ԾԱ, 27) իբրև զորեղ թագավորություն, Միննի (Մաննա) և Արարադ (Ուրարտու) երկրների հարևանությամբ։ Մ. թ. ա. VII դ., Ասորեստանի դեմ մղած պայքարում, հաճախ միացել է Ուրարտուին, Մաննային և Մարաստանին, մասնակցել Նինվեի գրավմանը (մ. թ. ա. 612)։ Ասորեստանյան արձանագրություններում պահպանվել են Ա–ի Պարտատուա և Իշպակա, իսկ հույն պատմիչ Հերոդոտոսի մոտ՝ Պրոտոթիոս և Մադիաս թագավորների անունները։ Աստվածաշնչի հայ հին մեկնիչները Գամերի որդի Ասքանազին ճանաչում են իբրև հայոց նահապետ։


ԱՍՖԱԼՏ (<հուն. άσφαλτος – լեռնային ձյութ), փխրուն կամ մածուցիկ միներալ–շինանյութ։ Տարբերում են բնական և արհեստական Ա.։ Բնական Ա. առաջանում է նավթից թեթև ֆրակցիաների գոլորշիացման և հիպերգեն պրոցեսների ազդեցությամբ օքսիդանալու հետևանքով։ Սկզբում նավթը վերածվում է թանձր, շատ կպչուն նյութի (մալտա), ապա կարծր, հեշտությամբ հալչող Ա–ի։ Հետագա փոփոխումից առաջանում են կարծր բնական բիտումներ՝ ասֆալտիտները։ Ա. լայնորեն տարածված է նավթաբեր ապարների (կրաքարեր, դոլոմիտներ) ոչ խորը տեղադրման շրջաններում։ Խոշոր հանքավայրեր կան ՍՍՀՄ–ամ (Կույբիշնի և Օրենբուրգի մարզեր, Կոմի ԻՍՍՀ), արտասահմանում՝ Վենեսուելայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Կանադայի, Իսրայելի նավթաբեր շրջաններում։ Արհեստական Ա. ստացվում է բիտումի և ասֆալտային ապարի կամ մանրատված կրաքարի խառնումից։ Ա–ի մածիկը ավազի կամ կոպիճի հետ խառնված օգտագործվում է հիմնականում որպես ճանապարհածածկանյութ, էլեկտրատեխնիկայում և կաուչուկի արդյունաբերության մեջ։ Ա. լայնորեն կիրառվում է ասֆալտբետոնի բաղադրության մեջ։


ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ճանապարհների, մայթերի, հատակների պատումը ասֆալտբետոնով կամ ասֆալտի շաղախով։ Ասֆալտբետոնի խառնուրդը տեղադրվում է մեկ կամ երկու շերտով, ամուր և հարթ հիմքի վրա։ Ա–ման աշխատանքների մեքենայացման համար օգտագործվում են ասֆալտատեղադրիչներ։ Գործարանում պատրաստված ասֆալտբետոնը տեղադրման վայրն է բերվում ինքնաթափերով։ Ասֆալտատեղադրիչը խառնուրդը փռում է, հարթում և մասնակի խտացնում։ Վերջնական խտացումը կատարվում է գլդոններով ու այլ մեքենաներով։ Նեղ մայթերի, հատակների, տանիքների Ա. կատարվում է թափածո ասֆալտբետոնով՝ առնուրդի հարթեցմամբ ու թեթևակի տոփանումով։


ԱՍՖԱԼՏԲԵՏՈՆ, բետոն, որի կապակցանյութը բիտումն է, իսկ բաղադրիչները՝ խիճը, ավացը և հանքափոշին։ Լինում է տաք (պարունակում է մածուցիկ բիտում և տեղադրվում է տաք վիճակում), գոլ (պակաս մածուցիկ բիտում) և սառը (պարունակում է հեղուկ բիտում և տեղադրվում սառելուց հետո)։ Տաքի տարատեսակն է թափածո Ա. (տեղադրվում է առանց խտացման)։ Ա. պատրաստում են գործարաններում կամ շարժական տեղակայանքներում։ Լայնորեն օգտագործվում է ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների ծածկույթներ պատրաստելու և այլ նպատակների համար։


ԱՍՖԱԼՏԵ ԼԱՔԵՐ, բնական կամ արհեստական ասֆալտի լուծույթներ՝ հեշտ