Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաժողովներ և կատարվում Նավասարդի տոները։ Մ. թ. ա. 68-ին Ա–ի ափին տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը՝ հայոց և հռոմեական զորքերի միջև։ Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելիս Ա-ում մկրտվեցին Հայոց թագավոր Տրդատ Գ, զորքը և ժողովուրդը։ Ա–ի ավազանի բնակչությունը մինչև Մեծ եղեռնը հիմնականում կազմում էին հայերը։ Ըստ նրանց մեջ տարածված ավանդության, իբր Ա–ի հովտում է եղել դրախտը։ Գ. Աբրահամյան

ԱՐԱԾԱՆԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Մ. Թ. Ա. 68, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Տիգրանակերտի ճակատամարտում (մ. թ. ա. 69) հռոմեական զորավար Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ–ի դեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ. թ. ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի, այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Ըստ հռոմեական պատմիչ Ապիանոսի, հռոմեական զորքը շարունակ պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելի քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել իրենց համար ձեռնտու վայրում։ Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։ Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին։ Հայկական հեծելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը։ Հռոմեական պատմիչ Դիոն Կասիոսը գրում է, որ հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին։ Ա. ճ–ից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապավինեցին Մծբին քաղաքի պարիսպներին։ Դիոն Կասիոսը հռոմեացիների նահանջի պատճառը համարում է սպանվածների ու վիրավորների մեծ թիվը, սննդամթերքի պակասությունը։ Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը։ Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը վարկազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին։

Գրկ. Աստուրյան Յ., Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ., 1912, էշ 62–73։ Մանանդյան Հ., Տիգրան Բ և Հռոմը, Ծ., 1940, § 14։ Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, էջ 593–95: Ս. Կրկյաշարյան


ԱՐԱԾՈ (ն. Չանախչի), գետ Հայկական ՍՍՀ–ում, Արաքսի ձախ վտակներից։ Երկ. 55 կմ է., ավազանը՝ 260 կմ²։ Սկիզբ է առնում Մժկատար լեռների հվ. լանջերից, մոտ 2500 մ բարձրության վրա։ Ունի մեծ անկում, քարքարոտ հուն։ Ստորին հոսանքում անցնում է Արածո դաշտով։ Սնումը առավելապես ձնաանձրևային է. հորդացումը՝ ապրիլին։ Տարեկան միջին ծախսը 2 մ³/վրկ է (Սովետաշեն գյուղ)։ Սառցակալումը՝ դեկտեմբեր–փետրվար ամիսներին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Խ. Նազարյան


ԱՐԱԾՈ ԴԱՇՏ, Արարատյան դաշտի հարավ–արևելյան մասը, Արածո գետի ստորին հոսանքում (Հայկական ՍՍՀ)։ Բարձրությունը 800–900 մ է։ Ա. դ. սինկլինալային ճկվածք է՝ լցված անթրոպոգենի լճագետային նստվածքներով։ Դաշտի հվ– արմ. մասի մակերևույթը տափարակ է՝ բռնված Արաքսի ողողատով, հս–արլ. մասինը՝ թույլ թեք՝ բաղկացած Արաքսի ցածր դարավանդների ու Արածո գետի արտաբերման կոնի բերվածքներից։ Կլիման ցամաքային է, տարեկան միջին տեղումները՝ 229 մմ։ Ցածրադիր մասերում կան ճահճուտներ, եղեգնուտներ, իսկ բարձրադիր մասերում լանդշաֆտը անապատային ու կիսաանապատային է։ Ա. դ–ում զբաղվում եև այգեգործությամբ և պտղաբուծությամբ:


ԱՐԱԿՉԵԵՎ Ալեքսեյ Անդրեևիչ (1769–1834), ռուս պետական գործիչ, ժամիշխան Պավել I-ի և Ալեքսանդր I-ի արքունիքներում, կոմս, հրետանու գեներալ։ 1808-ից՝ ռազմական մինիստր, 1810-ից՝ Պետական խորհրդի ռազմական գործերի դեպարտամենտի նախագահ։ Իր ձեռքում էր կենտրոնացրել երկրի ամբողջ կառավարումը, բոլոր գործերի մասին անձամբ էր զեկուցում թագավորին։ Պետական պաշտոնյաները նշանակվում ու փոխվում էին նրա առաջարկով կամ խորհրդով։ Ա. իր գործունեությամբ մարմնավորում էր ոստիկանական բռնապետությունը և բիրտ զինվորականությունը (այսպես կոչված արակչենշչինան), որով վաստակել էր ժամանակակիցների ատելություևը։ Ալեքսանդր I մահից հետո Ա. կորցրեց ազդեցությունը, սակայն արակչենյան գործելակերպը պահպանվեց նաև Նիկոլայ I թագավորության ժամանակ։


ԱՐԱԿՎԱ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք–Բակարիանի խճուղու վրա, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս։ 1560 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսաթյունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, փոստի բաժանմունք, բուժկայան, կինո։ Գյուղը հիմնադրել են Էրզրումից, Արդահանից, Բաբերդից և նրանց շրջակա գյուղերից գաղթած հայերը 1829–30-ին։


ԱՐԱՄ, հայ ավանդական նահապետ։ Ըստ Մովսես Խորենացու, Ա–ի մասին դյուցազներգությունը հայ գուսաններից գրի է առել Մար Աբաս Կատինան։ Ավանդության համաձայն, Հայկյան Ա. Հաբեթի սերնդից էր, Հարմայի որդին, Արա Գեղեցիկի հայրը, որն ընդարձակեց Հայաստանի սահմանները։ Ա. հաղթելով մեդացի նվաճողներին՝ Հայաստանի հվ–արլ. սահմանը հասցրել է մինչև Զարասպ լեռը և այս կողմի կառավարումը հանձնել Սիսակյաններին։ Այնուհետև ասորեստանցիներից ետ է գրավել Կորդուքը, Դաշտային Ասորեստանը և այս կողմի կառավարիչ կարգել Կադմոս իշխանին։ Կապադովկիայի կողմերում տապալել է Տիտանյան Քաղյանի բռնատիրությունը և այնտեղ կուսակալ նշանակել իր ազգական Մշակին, որն հիմնել է Մաժաք (Կեսարիա) քաղաքը։ Այստեղի բնակիչներին, գրում է Մովսես Խորենացին, Ա. հրամայել է «սովորել և խոսել հայերեն. այս պատճառով հույները մինչև այսօր այդ երկրամասը կոչում եև Պռոտին Արմենիան, որ թարգմանվում է Առաջին Հայք» («Պատմություն Հայոց», Ե., 1968, էջ 95)։ Պատմահայրը ավելացնում է, որ հարևան ժողովուրդները Ա–ի անունով երկիրն անվանում են Արմենիա։

Ա–ի դյուցազնական առասպելի ծագումը հասնում է Ուրարտուի թագավորության ժամանակները։ Այն Ուրարտուի պատմական անցյալի, նրա Արամե թագավորի՝ Ասորեստանի դեմ ծավալած եռանդուն քաղաքականության հեռավոր արձագանքն է։ Ա. մարմնավորում է հայ ժողովրդի համախմբման ընթացքը Ուրարտուի պատմական սահմաններում։ Նրա պայքարը պատկերում է նաև Հայաստանի զատորոշումը շրջապատող սեմական, փոքրասիական և իրանական աշխարհներից։ Հայ մատենագիրները «Հայաստան» անվան փոխարեն երբեմն գործածում են «Արամեան տուն», «Արամեան ազգ» արտահայտությունները։ Մ. Կատվալյան


ԱՐԱՄ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 3-րդ օրվա անունը. կապված է հայ ժողովրդի առասպելական նահապետ Արամի պաշտամունքի հետ։


ԱՐԱՄԱԶԴ, Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր (3392 մ) գագաթը Հայկական ՍՍՀ–ում։ Կազմված է սիենիտներից։ Լանջերը զառիթափ են՝ ծածկված ալպյան բուսականությամբ, բարձրադիր մասերը՝ լերկ, բռնված քարացրոններով։

ԱՐԱՄԱԶԴ, հայկական դիցարանի գերագույն աստվածը, աստվածների արարիչը։ Ա. համարվում էր ժամանակի որդին, երկնքի ու երկրի աստվածը, երկրին բերրիություն ու պարարտություն շնորհողը։ Ա. համապատասխանում է պարսկական Ահարամազդային, հռոմեական Յուպիտերին, հունական Զևսին և հնդկական Ինդիրային։ Նրա զավակներն էին՝ պտղաբերության դիցուհի Անահիտը, տնավարության դիցուհի Նանեն և արևի ու կրակի աստված Միհրը։ Ա–ին կոչում էին իմաստուն, մեծն, հզոր ու ամենազոր։ Նրա բագինները գտնվում էիև Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Վասպուրականի Անձևացյաց գավառի Պաղատ լեռան վրա՝ «Տուն Արամազդա և Աստղկան» անունով և այլուր։ Նրա տոնը կատարում էին Ամանորին, երբ տեղի էին ունենում նավասարդյան խանդավառ խաղերն ու մրցումները։ Ա–ին զոհաբերում էին սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի և ջորի)։ Հելլենիստական շրջանում