Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գավառները, որոնք ենթարկվել են նրա գերիշխանությանը։ Արշակ Գ–ի մահից (388) հեաո Հայաստանի հռոմ․ մասում կայսրությունը վերացրել է թագավորությունը և այն վերածել կոմսության, որի մեջ են մտել նաև ապագա Ս․ Ի–ի մաս կազմող Շահունյաց Ծոփքը, Բալա հովիտը, Հաշտյանքը։ Սակայն Հայոց թագավոր Խոսրով Գ նույն թվականին գրեթե վերականգնել է Մեծ Հայքի թագավորության ամբողջականությունը։ Տեվական մրցապայքարից հետո Բյուզ․ կայսրությունը հարկադրված է եղել բավարարվել 387-ի բաժանումով։ 408-ին Շահունյաց Ծոփքը, Բալահովիտն ու Հաշտյանքը վերածվել են սատրապությունների և միացվել ավելի վաղ կազմվածներին (Մեծ Ծոփք, Անգեղտուն, Անձիտ)։

Պրոկոպիոս Կեսարացու վկայությամբ՝ Ս․ Հ–ում հայ նախարար-սատրապներն իշխել են ցմահ և ժառանգաբար։ Նրանք կայսրից ստացել են իշխանության հատուկ նշանակներ (ոսկյա ճարմանդ ունեցող քղամիղ ևն), հագել ոսկեզարդ մետաքսյա պատմուճան և երկարաճիտ կարմիր կոշիկներ։ Նրանք պարտավորվել են սեփական ուժերով պաշտպանել իրենց տիրույթներն ու մերձակա բյուզանդապարսկ․ սահմանը։ Այդ իրավիճակը պահպանվել է մինչև V դ․ վերջը, երբ նախարար–սատրապները (բացառությամբ Բալահովտի), մասնակցելով բյուզ․ Զենոն կայսեր դեմ 488-ի ապստամբությանը, զրկվել են իշխանությունից։ Այնուհետև սատրապությունների կառավարումը հանձնարարվել է նշանակովի գործակալների։ Հուստինիանոս I (527–565) Ս․ Ի․ դրել է երկու դքսի ռազմ, իշխանության ներքո՝ նրանց տրամադրելով նաև հռոմ․ օորամասեր։ Ս․ Ի–ի դքսերը ենթարկվել են նորաստեղծ ռազմ, կուսակալության զորավարին։ 536-ին Հուստինիանոս I վերջ է տվել Ս․ Ի–ի գոյությանը՝ այդ տարածքից կազմելով Չորրորդ Հայք նահանգը (տես նաև Ծոփք)։

ՍԱՏՐԱՊՈՒԹՅՈՒՆ, Աքեմենյան պետությունում ռազմավարչական խոշոր միավոր։ Աքեմենյանների լայնածավալ տերությունը Դարեհ I (մ․ թ․ ա․ 522–486) բաժանել է 24 Ս–ների՝ հաշվի առնելով գլխավորապես բնական, աշխարհագրական սահմանները, ինչպես նաև մարզերի էթնիկական կազմը։ Հաճախ Ս․ համապատասխանել է նախկինում անկախ այս կամ այն պետության տարածքին (Մարաստան, Հայաստան, Եգիպտոս, Բաբելոն ևն)։ Դարեհ I-ի օրոք Հայաստանը, Պակտիկեն (պարսկ․ Կատպատուկա, հայերեն՝ Կապուտկե) և հարակից մարզերը (մինչև Եվքսինյան Պոնտոս) ընդգրկվել են 13-րդ Ս–յան մեջ, որից իբրև հարկ տարեկան գանձվել է 400 տաղանդ արծաթ, 20 հազար նժույգ, թանկարժեք մետաղից պատրաստված բարձրարվեստ անոթներ։ Դարեհ I-ի արձանագրություններում Հայաստանը (հին պարսկ․՝ Արմինա, ելամերեն՝ Հար–Մինույա կամ Խար– Մինույա, աքքադ․՝ Ուրաշտու) ներկայացված է որպես միատարր ժողովրդով (հայերով) բնակեցված միասնական երկիր։ Արևելքի երկրների բաժանումը Ս–ների պահպանվել է նաև հետագայում՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյանների և Պարթև Արշակունիների տերություններում։ Հայաստանը Հռոմ․ կայսրության և Պարսկաստանի միջև բաժանվելուց (387) հետո կայսրությանն անցած հայկ․ հողերի մի մասում վարչական բաժանումները նույնպես կոչվել են Ս–ներ (տես Սատրապական իշխանություններ)։ ՍԱՏՈՒՌՆ, Սատուրն, հայկ․ անվանումը՝ Երևակ։ Արեգակնային համակարգի՝ ըստ մեծության երկրորդ (Ցուպիտերից հետո), ըստ Արեգակից ունեցած հեռավորության՝ վեցերորդ մոլորակը։ Աստղագիտական նշանը h։ Արեգակի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով։ Միջին հեռավորությունն Արեգակից 1,43 մլրդ կմ է։ Ս–ի ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,056 է (հսկա մոլորակների շարքում առավելագույնը)։ Ուղեծրային հարթությունը խավարածրի հարթության հետ կազմում է 2,5°, իսկ հասարակածի հարթության հետ՝ 26,4°։ Ս–ի սկավառակն Էլիպսաձև է, հասարակածային շառավիղը 60000 կմ է (10%–ով մեծ է բևեռայինից), ծավալը կազմում է 755 երկրային ծավալ, զանգվածը՝ 95,1 երկրային զանգված (5,68-1026 կգ), խտությունը՝ 0,68 գ/սմ3, ծանրության ուժի արագացումը հասարակածում՝ 11 մ/վրկ2, պարաբոլական արագությունը՝ 37 կմ/վրկ։ Ս–ի սիդերական պարբերությունը 29,46 երկրային տարի է, իսկ սինոդական պարբերությունը՝ 378,09 երկրային օր։ Իր առանցքի շուրջը Ս–ի պտտման պարբերությունը 10 ժ 39,4 ր է (հասարակածում)։

Երկնքում Ս․ երևում է որպես դեղնավուն աստղ, որի պայծառությունը փոխվում է 0-ից մինչև առաջին աստղային մեծության։ Պայծառության փոփոխությունը պայմանավորված է Ս–ի շուրջը օղակների առկայությամբ, որոնց հարթությունը դեպի Երկիր ունեցած ուղղության հետ կազմում է 0-ից մինչև 28°։ Աչբեդոն 0,5 է։ Ս–ի պտտման անկյունային արագությունները տարբեր կետերում տարբեր են։ Մակերևույթի ջերմաստիճանը փոխվում է – 19-ից մինչև – 150°С։ Ս–ի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ջրածնից, մեթանից և հելիումից։

Ս–ի ուշագրավ առանձնահատկություններից է Սատուռնի օղակների առկայությունը, որոնք կազմում են Ս–ի հասարակածային հարթության մեջ գտնվող միասնական հարթ համակարգ։ Օղակները, կարծես, մեկը մյուսի մեջ դրված տարբեր պայծառության համակենտրոն գոյառություններ են։ Ս–ի օղակի հայտնաբերումը կապված է Ք․ Հյուգենսի (1659) անվան հետ։ Իտալացի աստղագետ Ջ․ Կասինին (Cassini) 1675-ին ստացել է տվյալներ, որոնք խոսում էին Ս–ի երկու օղակների (A և B) գոյության օգտին (այսպես կոչվսծ, Կասինիի բաժանում)։ Հետագայում է․ Հալլեյը հայտնաբերել է С օղակը (1838)։ Զ․ Մաքսվելը 1859-ին առաջին անգամ ենթադրություն է արել, որ Ս–ի օղակները հոծ չեն, այլ բաղկացած են բազմաթիվ առանձին փոքր մարմիններից։ Ս․ Կովաչևսկայան իր միակ աստղագիտական աշխատության մեջ տեսականորեն միմնավորել է այդ միտքը և ցույց տվել, որ Ս–ի օղակները չեն կարող լինել ոչ հեղուկ, ոչ էլ գազանման գոյացություններ։ Բոլոր օղակների ճառագայթած լույսի 99%-ը տալիս են А և В օղակները։ Ս–ի օղակների ընդհանուր զանգվածը կազմում է Լուսնի զանգվածի 0,01 մասը։

Մեր պատկերացումները Ս–ի մասին զգալիորեն ընդլայնվեցին «Պիոներ» և «Վոյաջեր» ամեր․ միջմոլորակային կայանների արձակումից հետո («Պիոները» Ս–ի մոտով անցել է 20900 կմ, իսկ «Վոյաջեր–2»-ը՝ 101000 կմ հեռավորությամբ), ժամանակակից պատկերացումների համաձայն Ս․ ունի 6 օղակ՝ D, С, B, A, F։ Е (մակերևույթից հաշված)։ А, В և С օղակներն իրենց հերթին բաժանվում են հարյուրավոր «ենթաօղակների» (նկ․)։ Օղակների հաստությունը տատանվում է 100 մ-ից մինչև մի քանի կմ։ Ս–ի օղակների մասնիկները, հավանաբար, եղյամով պատված սառցե մարմիններ են, որոնց չափերը տատանվում են 0,1 սմ–ից մինչև 10 մ (գերիշխում են 1 մ տրամագծով մասնիկները)։ Ս–ի մագնիսոլորտը ընդհանուր առմամբ նման է Երկրի մագնիսոլորտին։ Մագնիսական առանցքը համընկնում է պտտման առանցքին։

Ա, ունի 16 արբանյակ (1982), որոնցից առավել խոշորներն են Տիտանը (տրամագիծը՝ 5150 կմ), Ռեան (1530 կմ), Հապեաուսը (1440 կմ), Դիոնեն (1120 կմ), Թետիսը (1050 կմ)։ «ՍԱՏՈՒՌՆ», «Սատուրն» (Saturn), կրող հրթիռների ամեր․ սերիայի («Ս․-1»,