Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիները հին հույները դասել են աշխարհի յոթ հրաշալիքների թվին։ Աշխարհի յոթ հրաշալիքներից է համարվել նաև Բ–ի քարաշեն աշտարակը, որի կառուցումն ավարտել է Նաբուգոդոնոսոր II։ Ըստ պեղածո նյութերի, աշտարակը եղել է միմյանց վրա կառուցված 7 (ըստ Հերոդոտոսի՝ 8) աշտարակների համադրություն, որն ունեցել է քառանկյուն հիմք (շուրջ 90 մ կողմերով), 192 մ բարձրություն և արտաքին պատերը բոլորող ելարաններ։ Հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացու վկայությամբ, աշտարակի վերին հարկը եղել է աստղադիտարան։ Բ․ հռչակված է եղել նաև հեթանոսական շքեղ տաճարներով։ Ըստ սեպաձև մի արձանագրության, ունեցել է 53 տաճար՝ մեծ աստվածների, 55 տաճար՝ Բել–Մարդուկ աստծո, 300 սրբավայր՝ երկրային, 600 սրբավայր՝ երկնային աստվածների, 180 զոհարան՝ Իշտարի, 180 զոհարան՝ Ներգալի ու Ադադի, 12 զոհարան՝ այլ աստվածների անուններով։ Քառանկյունաձև գլխավոր տաճարում զետեղվել է Բել–Մարդուկ աստծո անդրին, որը, ըստ Հերոդոտոսի, զարդարված էր թանկարժեք քարերով և ուներ 6 մ բարձրություն։ Մ․ թ․ ա․ 539-ին Բ․ գրավել է Աքեմենյան թագավոր Կյուրոս II Մեծը և այն դարձրել իր աշխարհակալության երրորդ մայրաքաղաքը։ Բ–ի 521-ի ապստամբությունը, որը գլխավորել է հայազն Հալդիտայի որդի Արախան կամ Նաբուգոդոնոսոր IV, ճնշել է Աքեմենյան Դարեհ I թագավորը, քանդել քաղաքի ամրությունները, բնակիչների զգալի մասին ոչնչացրել կամ մատնել գերության։ Դարեհ I-ի հաջորդը՝ Քսերքսես–I (486–465), կողոպտել է Բ․, կործանել բազմաթիվ շինություններ։ Աքեմենյան տիրապետության ժամանակ, այնուամենայնիվ, Բ․ պահպանել է առևտրական և մշակութային նշանակությունը։ Աքեմենյան աետության կործանումից հետո Ալեքսանդր Մակեդոնացին, Բ–ի հոյակերտությամբ և դիրքով հիացած, որոշել է վերակառուցել և հռչակել Մակեդոնական աշխարհակալության մայրաքաղաք, որպիսին Բ․ մնացել է մինչև նրա մահը։ Մ․ թ․ ա․ IV դ․ վերջին Սելևկոս թագավորը Բ–ի բնակչության զգալի մասին տեղափոխել է նորակերտ մայրաքաղաք Սելևկիա, որից հետո Բ․ անշքացել է, աստիճանաբար անհետացել պատմաբեմից։ Սասանյան Իրանի տիրապետության ժամանակ Բ․ եղել է ավերակ և մոռացված։ Մինչև XIX դ․ պեղումները Բ–ի ավերակները երևում էին հիմնականում 4 խոշոր բլուրների վրա, որոնցից հյուսիսայինը կոչվում է Բաբիլ կամ Մուջելիբա (ենթադրվում է, որ այստեղ են գտնվել կախովի այգիները), կենտրոնականը՝ Քասըր (այստեղ է գտնվել Նաբուգոդոնոսոր II-ի պալատը), մյուս երկուսը՝ Ամրան–իբն–Ալի և Ջումջումա։ Տես նաև Բաբելաասուրական մշակույթ։

Բաբելոն, Բաղդեա, Հին կտակարանում՝ Սևնաար, հնագույն պետություն Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ․ թ․ ա․ 1894–539-ին։ Կոչվել է գլխավոր քաղաք Բաբելոնի անունով։ Մինչ այդ՝ մ․թ․ա․ XXIV–XXII դդ․ մտել է Աքքադի, XXII –XXI դդ․՝ Ուրի III հարստության տիրապետության մեջ։ Մ․ թ․ ա․ 1894-ին Բ–ում հիմնվել է տեղական ամովհրական դինաստիան։ Համուրապի թագավորի օրոք (1792–1750) Միջագետքի մեծ մասը միավորվել է Բ–ի տիրակալության ներքո։ Մ․ թ․ ա․ XVIII դ․ 2-րդ կեսից զանգվածաբար Բ․ են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518–1204)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բ ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք (1146–1123), որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Ելամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նաբուգոդոնոսոր 1-ից հետո Բ–ի կենտրոնական, իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բ․ բազմիցս ենթարկվել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին ու նվաճումներին։ Մ․ թ․ ա․ 732-ից Բ․ ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը՝ ունենալով ձևական ինքնուրույնություն։ Մ․ թ․ ա․ X–VII դդ․ պահպանել է տնտ․ հզորությունը, երբեմն էլ ձեռք բերել քաղաքական անկախություն։ Մ․ թ․ ա․ 626-ին Բ–ի կուսակալ Նաբոպալասարը Ասորեստանից անկախացել է և հռչակվել թագավոր (մ․ թ․ ա․ 626–604)։ Ասորեստանի անկումից հետո Բ–ի թագավորությունը (պատմագրության մեջ կոչվում է Նոր Բաբելոնյան կամ Քաղդեական) եղել է Առաջավոր Ասիայի հզոր տերություն։ Նաբոպալասարի որդին և հաջորդը՝ Նաբուգոդոնոսոր II (իշխել է մ․ թ․ ա․ 604–562), մ․ թ․ ա․ 597-ին հաղթել է Հուդայի թագավոր Հովակիմին, մ․ թ․ ա․ 586-ին գրավել Երուսաղեմը, հրեաների զգալի մասին բռնությամբ գաղթեցրել Բաբելոն։ Այս գաղթը հայտնի է «Բաբելոնյան գեություն» անունով։ Մ․ թ․ ա․ 539-ին կամ 538-ին Աքեմենյան թագավոր Կյուրոս Մեծը նվաճել է Բ․։ Բ–ի գրավմանը, ըստ Քսենոփոնի («Կյուրոպեդիա»), մասնակցել են արմենների (հայերի) 8-հազարանոց այրուձին և 40-հազարանոց հետևակը՝ Տիգրանի և Եմնասի առաջնորդությամբ։ Հրեաների համակրությունը շահելու համար Կյուրոսը նրանց վերադարձրել է Պաղեստին և ետ տվել խլված հարստությունը։ Բ․ վերածվել է Աքեմենյան Իրանի փոխարքայության՝ Կյուրոս II-ի որդի Կամբյուսեսի գլխավորությամբ։ Դարեհ I-ի օրոք Բ․ ապստամբել է և անկախացել։ Ըստ Բագհաստանայի արձանագրության, ապստամբության ղեկավարը՝ հայազն Արախանը, հռչակվել է Բ–ի թագավոր (Նաբուգոդոնոսոր IV)։ Դարեհ I հաղթել է նրան և կողմնակիցների հետ մահապատժի ենթարկել։ Ենթադրվում է, որ Բ–ի ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բ․ կառավարել են մակեդոնական, այնուհետև սելևկյան կուսակալները։ Մ․ թ․ ա․ մոտ 140-ից Բ․ մտել է Պարթևական, այնուհետև (մ․ թ․ 224)՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Հայաստանի կապերը Բ–ի հետ ունեցել են հնագույն պատմություն։ Ուրարտական պետության թագավոր Արգիշտի Բ–ի արշավանքները (մ․ թ․ ա․ 751–750) հասել են մինչև Բ․։ Հերոդոտոսը վկայում է, որ Եփրատ գետով աշխույժ առևտուր է կատարվել Բ–ի և Հայաստանի միջև (գիրք I, 194)։ Բ–ի մշակույթի մասին տես Բաբելա-ասուրական մշակույթ։

Բաբելոնյան աշտարակաշինություն, ըստ հին հրեական առասպելի, համաշխարհային ջրհեղեղից հետո մարդիկ փորձել են Սենաար (Միջագետք) երկրում կառուցել քաղաք և աշտարակ, որի բարձրությունը հասնելու էր երկնքին։ Ըստ Աստվածաշնչի, զայրանալով մարդկանց հանդգնության վրա, աստված «խառնում է լեզուները»։ Մարդիկ դադարում են իրար հասկանալ և ցրվում աշխարհով մեկ։ Անավարտ քաղաքը կոչվում է Բաբելոն (լեգենդն այդ անունը բխեցնում է հին հրեական «բալալ» բայից, որ նշանակում է խառնել, խառնաշփոթել)։ Փոխաբերական իմաստով Բ․ ա․ նշանակում է անկարգապահ, խառնաշփոթ ամբոխ, իրարանցում, անկանոնություն, քաոս։

Բաբեկ, Պապակ (մոտ 798–800–838), ժողովրդական ապստամբության առաջնորդ (տես Բաբեկի ապստամբություն)։ Ծնվել է մանրավաճառի ընտանիքում։ Մանկության տարիներին եղել է գառնարած, ուղտապան, արհեստավորի աշակերտ։ 816-ից գլխավորել է խուրամյանների հակաարաբական ապստամբությունը, որի ճնշումից հետո՝ մահապատժի ենթարկվել։

Բաբեկի ապստամբություն, հակաֆեոդալական Ժողովրդական խոշոր ապստամբություն Ատրպատականում և Արևմտյան Իրանում մոտ 816–837-ին, Բաբեկի գլխավորությամբ։ Բ․ ա–յան հիմնական ուժը խարամյան շարժման հետևորդներն էին՝ շահագործվող գյուղացիությանը և արհեստավորները, որոնք պայքարում էին արաբ, խալիֆայության տիրապետության, ֆեոդալական շահագործման և մահմեդականության դեմ։ Բաբեկն ու նրա հետևորդները պահանջել են գույքային հավասարություն՝ հասարակության բոլոր անդամների համար։ Ապստամբությանը ժամանակավորապես հարել է նաև տեղական մանր ազնվականությունը, որը տուժել էր խալիֆայության տիրապետությունից։ 820-ական թթ․ Բաբեկը գրավել է Ատրպատականի մեծագույն մասը և հասել Խորասակ (Արևմտյան Իրան)։ Ապստամբությունը շուտով ընդգրկել է կենտրոնական Իրանն ու Հայաստանի արլ․ գավառները (Սյունիք)։ Ապստամբների թիվը հասել է 300 հզ․։