Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նվիրված են տեկտոնիկային, տեկտոնաֆիզիկային և երկրաֆիզիկայի ընդհանուր հարցերին։ Մշակել է երկրակեղևի տատանողական շարժումների պատմության ուսումնասիրման նոր մեթոդներ, կիրառել Կովկասի և Արևելա-Եվրոպական պլատֆորմի երկրաբանական պատմության հետազոտման մեջ, բացահայտել այդ շրջանների զարգացման բնորոշ գծերը։ Բ․ առանձնացրել է ծալքավորման մի քանի տիպեր և մշակել երկրակեղևի զարգացման կոնցեպցիա՝ հիմնված նրա ուղղաձիգ շարժումների առաջնայնության պատկերացումների վրա։ «Վերին մանթիայի նախագիծ» միջազգային կազմակերպության ստեղծման նախաձեռնողն ու նրա կոմիտեի նախագահն է (1960-ից)։

ԲԵԼՎԵԴԵՐ, ա ր և վ ն ա կ (<իտալ․ belvedere – գեղեցիկ տեսարան), շենքը պսակող աշտարակ, վերնաշենք կամ առանձին կառույց բարձրադիր վայրում, որտեղից դիտվում է գեղատեսիլ շրջակայքը։ Սովորաբար ունենում է բոլորաձև կամ բազմանիստ հատակագիծ և մեծ բացվածքներ։ Բ․ են անվանում նաև մի քանի հանրահռչակ կառույցներ։ Պապի ամառային նստավայրը Վատիկանում (XV–XVI դդ․, անտիկ քանդակի հարստագույն հավաքածուով՝ Բելվեդերյան Ապոլլոն, Լաոկոոն, Անտինոուս ևն), Պրագայի (1536–60, ճարտ․ Զ․ Սպացիո և ուր․), Վիեննայի (1714–24, ճարտ․ Լ․ Հիլդեբրանդ), Վարշավայի (1818–22, ճարտ․ Յա․ Կուբիցկի) պալատները։

ԲԵԼՏ, Մեծ Բելտ, Փոքր Բելտ, նեղուցներ, որոնք Բալթիկ ծովը կապում են Կատեգատ նեղուցին։ Մեծ Բ․ գտնվում է Լոլան, Զելանդիա, Լանգելան և Ֆյուն կղզիների միջև։ Երկարությունը մոտ 120 կմ է, ամենանեղ հատվածը՝ 11 կմ, խորությունը՝ մինչև 58 մ։ Երկաթուղային լաստով Նյուբորդը (Ֆյուն կղզի) կապված է Կորսյորի (Զելանդիա կղզի) հետ։ Փոքր Բ․ ընկած է Ֆյուն, էրյո, Ալս կղզիների և Յուտլանդական թերակղզու միջև։ Երկարությունը մոտ 130 կմ է, ամենանեղ հատվածը՝ 0,6 կմ, խորությունը՝ հվ-ում 25– 35 մ, հս–ում՝ 10–15 մ։ Կառուցված է երկաթուղային կամուրջ, որով անցնում է Համբուրգ–Կոպենհագեն–Ստոկհոլմ միջազգային մայրուղին։

ԲԵԼՏՐԱՄԻ (Beltrami) էուջենիո (16․ 11․ 1835, Կրեմոն – 18․ 2․ 1900, Հռոմ), իտալացի մաթեմատիկոս։ 1862-ից Բոլոնիայի, իսկ 1873-ից Հոոմի համալսարանների պրոֆեսոր, 1873-ից՝ Հռոմի դեի Լինչեի (dei Lincei) Ազգային ակադեմիայի անդամ, իսկ 1898-ից՝ պրեզիդենտ։ Բ–ի հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ երկրաչափությանը և դիֆերենցիալ քառակուսային ձևերի ինվարիանտների տեսությանը։

ԲԵԼՑԻ, քաղաք Մոլդավական ՍՍՀ–ում, Ռեուտ գետի ափին։ Երկաթուղային և խճուղային հանգույց է։ 115 հզ․ բն․ (1974)։

ԲԵԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վասպուրականի Ռշտունիք գավառում, Ընձաքիսար լեռան հարավային լանջին։ Գյուղի անունը ենթադրաբար կապվում է բաբելա-ասուրական Բել աստծո գերեզմանի այնտեղ գտնվելու ավանդությանը։ XX դ․ սկզբին ուներ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Բ․ ուներ երկու քարաշեն եկեղեցի, վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

ԲԵԼՈՒԲԵԿՅԱՆ Վաղարշակ Արշակի [6(19)․ 9․ 1906, գ․ Գետաշեն (այժմ՝ Ադրբեջանական ՍՍՀ Խանլարի շրջանի գ․ Չայքենդ) – 8․ 12․ 1965, Երևան], հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ շինարար (1960)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ 1937-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը։ 1935-ից որպես նախագծող աշխատել է Երևանի քաղսովետի ճարտ․ արվեստանոցում։ 1955–59-ին եղել է Հայաստանի ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար։ 1955–65-ին գլխավորել է Հայպետնախագիծ ինստ–ի ճարտ․ արվեստանոցներից մեկը։ Բ–ի նախագծերով Երևանում և Կիրովականում կառուցվել են բնակելի տներ, դպրոցներ և այլ շենքեր։

Լ․ Բաբայան

Վ․ Բելուբեկյան, Կ․ Վարդանյան․ Երևանի պետական կրկեսի շենքը (վերակազմել են 1950-ական թթ․)

ԲԵԼՈՒԽԱ, Ալթայի Կատուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Երկգագաթ է՝ Արևմտյան Բ․ (4440 մ) և Արևելյան Բ․ (4506 մ)։ Կազմված է գրանիտներից, գնեյսներից և մետամորֆային թերթաքարերից։ Լանջերին տարածված են 70 կմ2 ընդհանուր տարածությամբ սառցադաշտեր (Մենսու, Կատունի, Բերելի, Ակեմի ևն)։

ԲԵԼՈՒ–ՀՈՐԻԶՈՆՏԻ (Belo Horizonte), քաղաք Բրազիլիայի հարավ–արևելքում, Մինաս ժերաիս նահանգի վարչական կենտրոնը։ 1167 hq․ բն․(1968)։ Երկաթուղային հանգույց, լեռնարդյունաբերական կենտրոն։ Ունի սև մետալուրգիայի, պոլիգրաֆ, տեքստիլ, սննդի արդյունաբերություն, համալսարան։ Հիմնադրվել է 1895-ին։

ԲԵԼՈՒՋՆԵՐ (ինքնանվանումը՝ բալուչ, բալոչ), ժողովուրդ։ Բնակեցնում են Պակիստանի մի մասը (Բելուջստանը, Սինդ նահանգի արմ․ և Փենջաբ նահանգի հվ-արմ․ գավառները)։ Ապրում են նաև Հնդկաստանում, Իրանում, Աֆղանստանում և ՍՍՀՄ–ում (Թուրքմ․ և Տաջիկ․ ՍՍՀ–ներ)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 2 մլն (1967)։ Բ․ սունի մահմեդականներ են, լեզուն բելուջերենն է (բալոչի), պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզուների հս-արմ․ լեզվախմբին։ Զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և երկրագործությամբ։ Առաջին անգամ հիշատակվում են արաբ աշխարհագիրների մոտ, IX– X դդ․, երբ բնակվում էին Կրմանում (Իրանի հվ–արլ․) և Սեիստանում։

ԲԵԼՖԱՍՏ (Belfast), քաղաք–կոմսություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունում։ Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական և տնտեսական կենտրոնը։ Տարածությունը 73 կմ2 է, 390,7 հզ․ բն․ (1968)։ Նավահանգիստ է Հյուսիսային նեղուցի ափին։ Ունի նավաշինական, ավիացիոն, էլեկտրատեխնիկական, մեքենաշինական, ծխախոտի, կարի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, օդանավակայան, համալսարան (1845-ից), պատկերասրահ։ Հիմնադրվել է XII դ․ վերջին։

ԲԵԽ, բնակավայր Հայկական ՍԱՀ Ղափանի շրջանում, Խուստուփ լեռան հյուսիսային լանջին։ Գյուղը եղել է Մելիք–Փարսադանյանների նստավայրը։ 1726-ին Բ․ գրավել են օսմանյան թուրքերը, բայց Դավիթ Բեկը մեկ շաբաթ հետո վերագրավել է այն։ Գյուղում պահպանվել է եկեղեցին (Ս․ Գևորգ)։ 1963-ից մտնում է Ղափան քաղաքի շրջագծի մեջ։

ԲԵԽԵՐ (Becher) Յոհաննես Ռոբերտ (22․ 5․ 1891, Մյունխեն - 11․ 10․ 1958, Բեռլին), գերմանացի գրող, արվեստաբան, պետական գործիչ։ Առաջին գործը Հ․ Կլայստի հիշատակին նվիրված հիմնն է (1911)։ էքսպրեսիոնիզմի ազդեցությունն են կրում Բ–ի վաղ շրջանի ստեղծագործությունները՝ «Մի գարնան ողորմածությունը» (1913) ժողովածուն, «Անկում և հանդիսավորություն» (1914) գիրքը։ 1917-ին ընդունվել է Անկախ ս–դ․ կուսակցության, 1918-ին՝ «Սպարտակ» միության, ապա՝ գերմ․ կոմունիստական կուսակցության շարքերը։ Ջերմորեն ողջունել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը։ Գերմանիայում ծավալվող հեղափոխական շարժման տարիներին լույս են տեսել «Բոլորին» (1919), «Հավիտենական ըմբոստացման մեջ» (1920), «Հանուն աստծո» (1921) ժողովածուները։ «Լենինի դագաղի մոտ» (1924) պոեմը, «Դիակը գահի վրա» (1925) ժողովածուն, «Լյուիզիտ կամ միակ արդարացի պատերազմը» (1926) վեպ-ռեպորտաժը մեծ աղմուկ առաջացրին Գերմանիայում։ Բ–ի դեմ սկսվեց դատական հետապնդում։ Նրան մեղադրում էին պետական դավաճանության մեջ։ Ի պաշտպանություն Բ–ի ծավալվեց միջազգային