Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանակվել է Հյուսիսային և Լեռնային Դաղստանի զորքերի հրամանատար և կռվել Շամիլի դեմ։ 1847–53 և 1854-58 թվականներին վարել է Անդրկովկասյան երկրամասի քաղաքացիական վարչության պետի և գլխավոր վարչության նախագահի պաշտոնները։ Որպես Կովկասյան կորպուսի հրամանատար մասնակցել է 1853–56-ի Ղրիմի պատերազմին, փայլուն հաղթանակներ տարել թուրքերի դեմ Բաշկադըքլարի (տես Բաշկադըքչարի ճակատամարտ 1853) և Քյուրուկ–Դարայի ճակատամարտերում (տես Քյուրուկ–Դարայի ճակատամարտ 1853)։ 1854-ին նշանակվել է թուրք. սահմանի վրա կենտրոնացած, բայց գործող կորպուսի մեջ չմտնող զորքերի հրամանատար և քաղաքացիական մասի կառավարիչ։ Պարգևատրվել է ռուս. բազմաթիվ շքանշաններով։

ԲԵՀԵՍՆԻ, Պեհեսնի, բերդ Կիլիկիայի հայկական պետությունում։ Հայտնի էր իր պաշտպանական կարևոր նշանակությամբ։ Հայկական և օտար աղբյուրներում (Մատթեոս Ուռհայեցի, Գրիգոր Երեց, Յակուտ, Օմարի ևն) Բեհեսնին հիշվում է որպես անմատչելի բերդ, «մեծ ավան»։ Արաբ. տիրապետության ժամանակ մտնում էր Արաբա–բյուզանդական սահմանային գոտու բերդերի այն խմբի մեջ, որը պաշտպանում էր Միջագետքը հյուսիսից։ 1080-ական թթ․ հետո մտնում էր Գող Վասիլի տիրույթների մեջ։ 1150-ին բերդը գրավեց Իկոնիայի սուլթան Մասուդը՝ Քեսունի և մերձակայքի հետ։ Այնուհետև Բեհեսնին մտավ Հալեպի ամիրայության կազմի մեջ։ Ըստ Հեթում պատմիչի, մոնղոլ Հուլավու խանը, Դամասկոսը և Ասորիքի ուրիշ վայրեր գրավելուց հետո, Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա–ին (իշխել է 1226–70) տվեց մի քանի բերդեր, որոնց թվում և Բեհենսին, իսկ ըստ Վահրամ Րաբունու, Հեթում Ա բերդը գրավել է Իկոնիայի թուրքերից։ 1292-ին Հեթում Բ-ն ստիպված Բեսհեսնին զիջեց Եգիպտոսի մամլուքներին։ XXդ․ սկզբին Բեհեսնիում ապրում էր մոտ 2000 հայ․ զբաղվում էին երկրագործությամբ և արհեստագործությամբ։ Ունեին եկեղեցի (Ս․ Փրկիչ) և վարժարան (Ներսիսյան)։ Պահպանվում էին հին ամրոցի մնացորդները։ Բեհեսնիի շրջակայքում կային պարտեզներ, խաղողի այգիներ, անտառներ։ Արտահանության գլխավոր տեսակը փայտանյութն էր։ 1915-ին Բեհեսնիի հայությունը տեղահանվեց, զգալի մասը զոհվեց, փրկվածները տարագրվեցին օտար երկրներ, մի մասը՝ Արևելյան Հայաստան։

ԲԵՀԶԱԴ Հոսեյն (ծն․ 1895, Սպահան), իրանցի մանրանկարիչ։ 7 տարեկանից սովորել է նկարազարդող վարպետի, ապա՝ նկարիչ Մ․ Հ․ Պեկարի մոտ։ 17 տարեկանից բացել է սեփական արվեստանոց։ Կատարելագործվել է Եվրոպայում և ԱՄՆ–ում, կրել ֆրանս․ արվեստի ազդեցությունը։ Նկարազարդել է Նիզամիի «Խամսե»-ն, Օմար Խայյամի, Ռահիմի ստեղծագործությունները։ Ունի Ֆիրդուսիի «Շահնամե»-ի սյուժեներով արված, Ավիցեննայի կյանքի դրվագները պատկերող և այլ նկարներ:

ԲԵՀԶԱԴ Քեմալեդդին (մոտ 1445, Հերաթ – 1535 կամ 1536, Հերաթ (այլ տվյալներով՝ Թավրիզ)), մանրանկարիչ, Հերաթի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել և աշխատել է Միրաք Նաղաշի պալատական արվեստանոցում։ 1510-ին տեղափոխվել է Թավրիզ, 1522-ին՝ գլխավորել շահի արվեստանոցը։ Մնալով միջնադարյան մանրանկարչությանը հատուկ պայմանականության սահմաններում` մարդ և բնություն պատկերելիս ելնում էր կենդանի դիտարկումներից՝ դրանք մարմնավորելով այնպես ուժեղ ու համոզիչ, որ մինչ այդ հայտնի չէր արլ․ մանրանկարչությանը։ Նրա գործերը աչքի են ընկնում նուրբ, արտահայտիչ գծանկարով, հարուստ գունաշարով, մարդկային շարժումների բազմազանությամբ։ Լավագույն գործերից են՝ Սաադիի «Բուստան»-ի (1488, Եգիպտոսի ազգային գրադարան, Կահիրե), Նիզամիի «Խամսե»-ի (1490-ական թթ․, Բրիտանական թանգարան, Լոնդոն) և Լենինգրադի Մ․ Ե․ Սալտիկով–Շչեդրինի անվ․ հանրային գրադարանի մանրանկարները, Սուլթան Հուսեյնի (XV դ․ վերջ, Ֆ․ Մարտինի հավաքածու, Ստոկհոլմ) և Շեյբանիխանի (մոտ 1507, մասնավոր հավաքածու, ԱՄՆ) դիմանկարները։

ԲԵՂԼՈՒՆԵՐ (Barbus), ծածանազգիների ընտանիքի ձկների սեռ։ Մարմինը իլիկաձև է, դունչը՝ սուր։ Բերանի շուրջ ունեն 2 զույգ բեղիկներ, մեջքի լողակում՝ ոսկրացած ճառագայթ։ Հայաստանի ջրավազաններում տարածված է Բ-ի 4 տեսակ (ճանար, մուրծան, Կուրի և Սևանի P․)։ Երկարությունը մինչև 30 սմ է, քաշը՝ մինչև 500 գ։ Սեռահասուն են դառնում 4–5 տարեկանում։ Ձվադրման համար նախընտրում են դանդաղ հոսող ջրերը։ Բեղլուները սնվում են ջրային միջատներով, կողալողներով, ուրիշ ձկների ձկնկիթով։ Տնտեսական նշանակությունը մեծ չէ։ Արդյունագործական օբյեկտ են Արալյան և Կասպյան Բ. (երկարությունը՝մինչև 1,25 մ, քաշը՝ մոտ 22 կգ)։

Մ. Դադիկյան

ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ, արական և իգական սեռական բջիջների (գամետների) միաձուլման պրոցես, առաջանում է մեկ բջիջ՝ զիգոտ, որից և զարգանում է նոր օրգանիզմը։ Բ․ սեռական բազմացման հիմքն է։ Բ-ման նախատիպը որոշ միաբջիջներում (ամեոբաներ) տեղի ունեցող պլազմոգամիան է, երբ միաձուլվում է 2 կամ ավելի անհատների պլազման, ինչպես նաև նախակենդանիների կոնյուգացիան, որի դեպքում տարբեր անհատների կորիզների փոխանակություն է կատարվում։ Բ․ կենդանիների Բ-մանը նախորդում է սերմնավորումը՝ գամետների (սպերմատոզոիդի և ձվաբջջի) մոտեցումը։ Տարբերում են ներքին (էգի օրգանիզմում) և արտաքին (արտաքին միջավայրում) սերմնավորում, որին համապատասխան Բ․ լինում է ներքին և արտաքին։ Արտաքին Բ․ բնորոշ է անողնաշարավորների մեծ մասին և որոշ ողնաշարավորների (ձկներ, անպոչ երկկենցաղներ), ներքինը՝ որոշ անողնաշարավորների և ողնաշարավորների մեծ մասին։ Բ-ման և սերմնավորման պրոցեսները կապված են սեռական բնազդների (զուգավորում, հարսանեկան խաղեր) հետ, իսկ բարձրակարգ կենդանիների օրգանիզմում բացի դրանցից տեղի են ունենում սեռական որոշ օրգանների և մարմնի սեզոնային փոփոխություններ (օր․ թռչունների փետրավորումը)։ Բ․ կատարվում է սպերմատոզոիդների ակտիվ շարժմամբ, որն ապահովվում է արական սեռական օրգանների սեկրեցիայով, իսկ նրանց շարժման ուղղությունը դեպի ձվաբջիջ պայմանավորված է ձվաբջջում և սպերմատոզոիդում առաջացող կամ պարունակվող որոշ նյութերի ազդեցությամբ։ Կաթնասունների սպերմատոզոիդները ձվաբջջի ոչ թափանցելի թաղանթը լուծում են հիալուրոնիդազ ֆերմենտով։ Բ-ման պահին ձվաբջջին են մոտենում մեծ թվով սպերմատոզոիդներ, սակայն սովորաբար Բ․ կատարում է նրանցից միայն մեկը։ Բ-ման ժամանակ ձվաբջջի և սպերմատոզոիդի կորիզները միաձուլվում են, քրոմոսոմների թիվը կրկնապատկվում