Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեին դրամ կտրելու իրավունք։ Բ․ վ–ի իշխանությունը փաստորեն պետություն էր պետության մեջ, որի խանը, սակայն, պիտի հաստատվեր սուլթանի կողմից և անպայման լիներ քուրդ։ Օգտվելով այս վերջին հանգամանքից՝ թուրքական կառավարությունը մանր խաներին գրգռում էր խոշորների դեմ, առաջ բերում միջցեղային զինաբախումներ, երկուսին միաժամանակ խանության իրավունք տալով, կռվեցնում իրար դեմ և դրանով իսկ պահպանում իր ձևական գերիշխանությունը։ Կաշառքով կամ կռվով խան դարձողը կեղեքում էր հպատակներին, հատկապես հայ բնակչությանը։ Բիթլիսի խանն ուներ բանտեր, կիրառում էր խստագույն պատժատեսակներ, հատկապես անպաշտպան հայ զանգվածի հանդեպ։ Աստիճանաբար նոսրանում էր Բիթլիսի և շրջակայքի հայ բնակչությունը, որի տեղը բռնում էին քրդերը։

XIX դ․ 1-ին կեսին փոխվեց Թուրքիայի քաղաքականությունը քրդական իշխանությունների նկատմամբ։ 1826-ին Մահմուդ II սուլթանը ոչնչացնելով ենիչերիներին՝ կազմակերպեց նոր բանակ և ծրագրեց «վերանվաճել» իր կայսրության կիսանկախ գավառները, հպատակեցնել ապստամբ քուրդ խաներին ու բեկերին։ 1834-ին թուրքական բանակը Մ․ Ռեշիդ փաշայի գլխավորությամբ սկսեց արշավանքը դեպի Հվ․ Հայաստան։ Երկու տարում նա նվաճեց ողջ Քուրդստանն ու Հվ․ Հայաստանի քրդապատկան մի շարք շրջաններ, սակայն չկարողացավ վերջնական արդյունքի հասնել, քանի որ կայսրության հզորությանն սպառնում էին Եգիպտոսի փոխարքա Մուհամմեդ Ալին և նրա որդին՝ Իբրահիմ փաշան։ Սուլթանական կառավարությունը քուրդ հզոր խաներին չեզոքացնելու կամ իր կողմը գրավելու մտադրությամբ նրանց կիսանկախության ֆերմաններ բաժանեց՝ ճանաչելով նախկին արտոնությունները։ 1838-ին Բ–ի Շերեֆ խանը Ռեշիդ փաշայից հյուքումեթության արտոնագիր ստացավ և երկրամասը ձևականորեն կցվեց Վանի փաշայությանը։ Կարճ ժամանակ անց Թուրքիայի դեմ ապստամբեց քրդական ցեղերի առաջնորդ Բեղեր Խան բեկը՝ ջանալով իր շուրջը համախմբել քրդական մյուս իշխանությունները և ստեղծել միասնական պետություն։ Սակայն 1847–49-ին թուրքական կառավարությունը հպատակեցրեց ապստամբ քրդական հյուքումեթությունները, օջաքլքները և յուրդլուկները։ Թուրք Օսման փաշան 1849-ին «վերանվաճեց» Բիթլիսը, գերեվարեց և Կ․ Պոլիս ուղարկեց Շերեֆների տոհմի վերջին շառավիղներին՝ մեկընդմիշտ վերջ տալով նրանց տիրապետությանը։ Բ․ վ–ին միացվեցին և նրա ենթակայության տակ դրվեցին Սասունի դաշտային գավառները։ 1850-ից Բ․ վ․ դարձավ մի ընդարձակ սանջակ և մտցվեց Վանի վիլայեթի կազմի մեջ։ 1867-ին ստեղծվեցին վիլայեթներ՝ իրենց վարչություններով, սանջակներ, կազաներ, որոնց կառավարիչներ նշանակվեցին թուրք «բարեհույս» անձնավորություններ, կառավարիչներին կից ստեղծվեցին ընտրովի ժողովներ։ Արմ․ Հայաստանի մեծ մասը միավորվեց և կազմակերպվեց որպես Էրզրումի (Կարնո) վիլայեթ։ Վերջինիս մեջ մտցվեց Բիթլիսի սանջակը, որը միացվեց Մուշի սանջակին։ Կենտրոնը փոխադրվեց Մուշ։

1877–78-ին ռուս–թուրքական պատերազմից հետո Արմ․ Հայաստանի խնդիրը՝ Հայկական հարցը, դարձավ միջազգային դիվանագիտության հարատև վեճի առարկա։ Մի պահ կարևորություն ստացավ արևմտահայության թվաքանակը։ Ջանալով ստեղծել վարչական այնպիսի միավորներ, որտեղ հայերը թվական ու տոկոսային փոխհարաբերությամբ փոքրամասնություն կազմեին՝ թուրքական կառավարությունը Էրզրումի ընդարձակ վիլայեթը բաժանեց Կարնո, Վանի, Հեքիարիի և Մուշի վիլայեթների, ըստ որում Բիթլիսը դարձավ ընդարձակ սանջակ և մտցվեց Մուշի վիլայեթի մեջ (1878)։ Ի պատասխան դրան, Ն․ Վարժապետյան պատրիարքը Արմ․ Հայաստանում նոր մարդահամար անցկացրեց և ցույց տվեց, որ այդ վիլայեթներում էլ հայերը համեմատական մեծամասնություն են կազմում։ 1880-ին Համիդ II մեկ անգամ ևս փոխեց Արմ․ Հայաստանի վարչական բաժանումը՝ ստեղծելով Բ․ վ․, որին արհեստականորեն կցեց քրդաբնակ գավառներ, որպեսզի հայերը իրենց տոկոսով գոնե այստեղ փոքրամասնություն կազմեին։ Բ․ վ–ի կազմի մեջ փոփոխություններ կատարվեցին նաև 1886 և 1895-ին, և այնուհետև մինչև առաջին համաշխարհային պատերազմը Արմ․ Հայաստանի վեց վիլայեթներից մեկը Բ․ վ․ էր։ Այն սահմանակցում էր արլ–ից Վանի, հս–ից՝ էրզրումի, արմ–ից և հվ–ից՝ Դիարբեքիրի վիլայեթներին։ Ընդգրկում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան նահանգների մի մասը։ Վիլայեթի տարածությունը 27,1 հզ․ կմ² էր, որի շուրջ 10%-ը մշակելի հողատարածություն էր։ Բ․ վ–ի բնակչությունը 1878–79-ի մարդահամարով 400 հզ․ էր, միայն հայերը՝ 250 հզ․։ 1890-ական թթ․ հայկական ջարդերից, ժողովրդի մի մասի տարագրությունից հետո Բ․ վ–ում հայ բնակչությունը նվազեց․ XIX դ․ վերջերին այնտեղ կար 382 հզ․ բն․, որից հայեր՝ 180 հզ․, թուրքեր՝ 40 հզ․, չերքեզներ՝ 10 հզ․, քրդեր՝ 77 հզ․, ղզլբաշներ՝ 8 հզ․, ասորիներ՝ 15 հզ․, եզդիներ՝ 5 հզ․ ևն։ Մեծ եղեռնի նախօրյակին Բ․ վ–ում ապրում էր 198–200 հզ․ հայ, որից 56 հզ․ միայն ազատվեց թուրքական յաթաղանից, հետագայում սրանք էլ կամ թուրքացան կամ էլ տեղափոխվեցին օտար երկրներ։ Բ․ վ․ վարչականորեն բաժանված էր 4 սանջակի․ Բիթլիսի (Բաղեշի), Սղերդի, Մուշի, Գենջի։ Բիթլիսի սանջակի կազաներն (գավառներ) էին Խլաթը (Ախլաթ), Խիզանը, Մոտկանը և Բիթլիսը։ Խլաթը ընկած էր պատմական Բզնունիք գավառի նախկին սահմաններում, որի արմ․ ափերին բարձրանում էր Սիփան, իսկ հվ․ սահմանի վրա փռված էին Գրգուռ և Նեմրութ (Նեբրովթ) լեռները։ Գավառակի կենտրոնը Վանա լճի եզերքում տարածվող Խլաթ քաղաքն էր՝ շուրջ 12 հզ․ բնակչությամբ։ Խիզան գավառակը սահմանակից էր Վանի վիլայեթին, գտնվում էր նրա հվ–ում, որը կտրում էր Տիգրիս գետը թափվող Խիզան գետակը։ Խիզանի լեռնային հատվածում ապրող բնակչությունը (հայ և քուրդ) զբաղվում էր խաշնարածությամբ։ Դաշտային մասը պատած էր խաղողի այգիներով, բամբակի ու ծխախոտի դաշտերով։ Գավառակի հայ և քուրդ բնակչության թիվը հասնում էր 25 հզ․։ Մոտկան գավառակն ընկած էր Սասունի և Բիթլիսի միջև, փռված Հայկական Տավրոսի հվ․ փեշերին, բնակչության մեծ մասը քրդեր էին կամ քրդացած հայեր․ 20 գյուղ կար, որոնք միավորված կազմում էին Գչեղ գյուղախումբը։ Բիթլիսի կազան ընդգկում էր Վանա լճի հվ–արմ․ մասը։ Մուշի սանջակը գտնվում էր վիլայեթի հս–արլ․ մասում, ընդհանուր առմամբ դաշտային էր՝ տրոհված հինգ նահիեների (գավառակների)՝ Մուշ, Սասուն, Բուլանըխ, Մանազկերտ, Վարդո։ Մուշ գավառակն ընդգրկում էր Տարոնը։ Սասուն գավառակը փռված էր Տավրոսյան լեռնաշղթայի վրա՝ հիմնականում գրավելով Բաթման գետի վերին հոսանքը։ Բուլանըխի գավառակն ընկած էր Մուշի հս–արլ–ում, բաժանված էր երկու մասի՝ վերին և ներքին, որոնցից 1-ինը լեռնային էր, 2-րդը՝ դաշտային՝ փռված Արածանիի հովտում։ Մանազկերտի գավառակը ընդգրկում էր հիմնականում պատմական Վարաժնունիքը և Ապահունիքը՝ Մանազկերտ կենտրոնով։ Վարդոյի գավառակը տարածվում էր Բյուրակն լեռների հվ․ լանջերին, բնակեցված էր փոքրաքանակ հայերով, քրդացած հայերով և քրդերով՝ շուրջ 12 հզ․, կենտրոնը Կյումկյում ավանն էր, որը ժամանակին ունեցել է միայն հայ բնակչություն։ Սղերդի սանջակը գրավում էր Բ․ վ–ի հվ․ մասը՝ Արլ․ Տիգրիսի և Բիթլիսսուի (Բաղեշ) ստորին հովիտները։ Բաղկացած էր Սղերդի, Խարզանի, Շիրվանի, Բարվարի, Էրունի, Ռենդվանի և Հազոյի նահիեներից։ Սանջակի կենտրոնը Սղերդն էր, որի բնակիչները հայեր, ասորիներ ու եզդիներ էին և բոլորն էլ վարժ խոսում էին արաբերեն։ Գենջի սանջակը ընդգրկում էր Ճապաղջրի և Խուլփի նահիեները։

Բ․ վ․, չնայած սուլթանական բռնի վարչակարգի հարուցած արգելքներին, XIX դ․ 2-րդ կեսին և XX սկզբին հասել էր տնտ․ որոշակի վերելքի, զարգացած էր առևտուրը, արհեստագործությունը, առաջ էին եկել մանուֆակտուրաներ, նույնիսկ հատուկենտ փոքրիկ գործարաններ, և գյուղատնտեսության մեջ սկսել էին թափանցել կապիտալիստական հարաբերությունները։ Այդ զարգացումը խաթարվեց 1915-ին, և վիլայեթը զրկվեց իր հիմնական աշխատասեր հայ բնակչությունից, որը զանգվածորեն զոհ գնաց թուրքական ցեղասպանության։ 1950-ին Բ․ վ․ ուներ 88422 բնակիչ։