Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց զավակների նկատմամբ ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Նրանք պարտավոր են, մինչև երեխաների չափահաս դառնալը, հոգալ նրանց ֆիզիկական և բարոյական զարգացման մասին, նրանց դաստիարակության բոլոր հարցերը լուծել փոխադարձ համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների միջոցով: Անջատ ապրող ծնողների վեճը, թե ում մոտ պետք է ապրի երեխան, լուծում է դատարանը՝ ելնելով նրա շահերից: Այս դեպքում պահպանվում է երեխայի հետ շփվելու ծնողի իրավունքն ու դաստիարակությամբ զբաղվելու պարտականությունը: Ծնողները, որպես իրենց զավակների օրինական ներկայացուցիչներ, նրանց շահերի պաշտպանությամբ հանդես են գալիս առանց հատուկ լիազորությունների: Նրանք պարտավոր են հոգալ անչափահաս և չափահաս անաշխատունակ զավակների կարիքները (տես Ալիմենտ): Ծնողների իրավունքն է ետ պահանջել առանց օրինական հիմքի կամ դատարանի վճռի ուրիշի մոտ ապրող իրենց երեխային: Ծնողական իրավունքները չարաշահող, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող, բարոյազուրկ, իրենց հակահասարակական վարքով բացասական ազդեցություն թողնող, ինչպես նաև հարբեցող կամ թմրադեղամոլ ծնողներին դատարանն իրավասու է զրկելու ծնողական բոլոր իրավունքներից (երեխայի դաստիարակության, չափահաս զավակից ապրուստի միջոց պահանջելու, նրա գույքը ժառանգելու իրավունք ևն): Ծնողական իրավունքներից զրկված ծնողը երեխաների ապրուստը հոգալու պարտավորություններից չի ազատվում: Ծնողական իրավունքները, ծնողի վարքում և կենցաղում անհրաժեշտ դրական փոփոխությունների դեպքում, դատարանի վճռով կարող են վերականգնվել:

ԾՈԲ, Ծոփ, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ծոբոփոր գավառի կենտրոնը միջնադարյան աչքի ընկնող հուշարձաններից մեկը: Ծ-ից հս. ամրոցի (X-XI դդ.) ավերակներն են: Բուրգերով ուժեղացված, խոշոր քարերից, կրաշաղախով շինված պարիսպները շրջափակում էին ամրոցի տարածքը երեք կողմից, իսկ հվ-արլ-ից բնական պատնեշն էր՝ անդնդախոր ձորը: XII դ. ամրոցն անցել է Սմբատ իշխանի որդի Ուքանին. 1211-ին այն նվիրաբերվել է Հաղպատի վանքին: Ծ-ում են V դ. միանավ եկեղեցու (գրականության մեջ հայտնի է Ծոփքի բազիլիկ անունով) ավերակները: Կառուցված է մաքուր տաշած բազալտի խոշոր քարերից: Հվ. մուտքն ունի շեշտված պայտաձև լյունետ: ճակատների վրա կան քանդակազարդ քարե կալունակներ: Ներսում պահպանվել է որմնամույթի խոյակներից մեկը՝ կենդանակերպ քանդակներով (վազող եղնիկներ, ետևի թաթերին նստած առյուծ): Աբակի բուսական զարդաքանդակը ոճով մոտ է Քասաղի, Տեկորի տաճարների համանման քանդակներին: Ծ-ի եկեղեցու բարձրաքանդակներն աչքի են ընկնում պլաստիկայով, դինամիզմով և կատարման ռեալիզմով:

Գրկ. Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր. 3, Նյու Յորք, 1944: Առաքելյան Բ., Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Ե., 1949:

Մ. Հասրաթյան

ԾՈԲՈՓՈՐ, Ծոփոփոր, Ծոբ, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում: Ընդգրկում էր Ձոբաց (այժմ՝ Շուլավեր) գետի հովիտը՝ մինչև Ձորագետի (այժմ՝ Դեբեդի) ստորին հոսանքը, շուրջ 450 կմ² տարածությամբ: Կենտրոնն էր Ծոբ ամրոցը, որի անունով կոչվել է գավառը: Ծ-ում էր գտնվում Հյուսիսային Հայաստանի պղնձահանության կենտրոն Պղնձահանքը (այժմյան Թումանյանի շրջանի Ախթալա հանքավայրը): 627-ի պարսկ. արշավանքի ժամանակ բյուզանդական կայսր Հերակլը Ծ-ում հիմնադրել է Ս. Աստվածածին եկեղեցին (ներկայիս Ախթալայի վանքը):

Գրկ. Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վնն., 1907: Երևմյան Ս., "Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963:

Ռ. Մաթևոսյան

ԾՈԾՐԱԿԻՉ ՀԱՍՏՈՑ, մետաղահատ հաստոց՝ կտրող գործիքների (ձևավոր ֆրեզներ, անցքակոկիչներ, ներպարուրակիչներ) ատամների ծոծրակման համար: Ծոծրակումը Արքիմեդի կամ լոգարիթմական պարուրագծով ատամի ետևի մակերևույթի (ծոծրակի) մշակումն է, որը վերասրումից հետո պահպանում է ատամի ետևի անկյան և պրոֆիլի ձևի անփոփոխելիությունը: Ծ. հ. ունիվերսալ խառատային հաստոցից տարբերվում է նրանով, որ մշակվող գործիքի պտույտի ընթացքում, ամեն մի ատամին համապատասխան, անկյան դարձի ժամանակ, սուպորտի սահնակին հաղորդվում է պարբերական ետադարձ-համընթաց շարժում: Առաջընթացը դեպի նախապատրաստուկի առանցքը կատարվում է դանդաղ, որի ժամանակ մշակվում է ծոծրակը, ետդարձը դեպի ելման դիրքը թռիչքային է: Ետադարձ-համընթաց շարժման օրինաչափությունը կարգավորված է բռունցքի պրոֆիլով, որն իր շարժումն ստանում է իլի պտույտների հետ կինեմատիկորեն կապված լիսեռից:

Ա. Արզումանյան

ԾՈԿՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կառկառ գավառում: XX դ. սկզբներին ուներ մոտ 38 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ, ինչպես նաև երկրագործությամբ: Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

ԾՈՄ, տես Պաս:

ԾՈՎ, Համաշխարհային օվկիանոսի մաս, որը քիչ թե շատ մեկուսացած է ցամաքով (թերակղզիներով, կղզիներով) կամ ստորջրյա բարձունքներով: Օվկիանոսի բաց մասերից գլխավորապես տարբերվում է ջրաբանական, օդերևութաբանական և կլիմայական ռեժիմով: Մի քանի տիպիկ Ծ-եր ավանդաբար կրում են «ծոց» սխալ անվանումը (Մեքսիկական, Հուդզոնի, Պարսից): Դրան հակառակ Ծ. են կոչվում մի քանի լճեր (Կասպից, Արալյան, Մեռյալ), օվկիանոսային բաց տարածություններ (Սարգասյան, Ֆիլիպինյան): Ըստ աշխարհագրական դիրքի, մեկուսացվածության և երկրաբանական կառուցվածքի, Ծ-երը բաժանվում են երեք խմբի՝ ներքին (միջերկրային և կիսափակ), ծայրամասային ն միջկղզային ծովեր: Ծ-երը երկրաբանական առումով երիտասարդ են: Դրանք առաջացել են պալեոգեն-նեոգենում և վերջնականապես ձևավորվել անթրոպոգենում: Կլիման և ջրի ջերմաստիճանը կախված են Ծ-ի աշխարհագրական լայնությունից, ջրային զանգվածի ծավալից ու խորությունից, հարակից ցամաքների կլիմայից: Դրանցից շատերի (Միջերկրական, Կարմիր, Ավստրալա-Ասիական Ծ-եր, Պարսից ծոց) ջուրը թե՛ մակերեսին և թե՛ խորքում ավելի տաք է, քան օվկիանոսի հարևան տարածություններինը, իսկ մյուսներինը (Օխոտի, Բերինգի Ծ-եր, Ա. Լավրենտիոսի, Հուդզոնի ծոցեր)՝ ավելի սառը: Աշխարհում ջրոլորտի մակերևութային առավելագույն ջերմաստիճանները գրանցված են ոչ թե օվկիանոսներում (32°C), այլ՝ Ծ-երում (Կարմիր Ծ-ում, Պարսից ծոցում՝ մինչև 35°C): Ծ-ի ջրի աղիությունը, ի տարբերություն օվկիանոսի, խիստ տատանվում է: Սև ծովի մակերեսին աղիությունը 18°/°° է, իսկ հս. ափերի մոտ, թափվող գետերի շնորհիվ, հասնում է 5-6°/°°-ի: Խոնավ ու ցուրտ շրջանում գտնվող Բալթիկ Ծ-ի