Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է աշխարհական)։ 950-ական թթ. գրել է հայ եկեղեցու պատարագի մեկնությունը։ Իր թելադրանքով որդին՝ Հովհաննեսը, 950-ին մեկնել է Աղոթամատույցը։ Հայոց եկեղեցու ժամակարգության մեկնությանը նվիրված աշխատության մեջ Խ. Ա. վերլուծում է հայոց եկեղեցական օրհնությունները, աղոթքներն ու մաղթանքները, քարոզները, դրանց արարողակարգը։ Խ. Ա–ու աշխատություններում ուշագրավ տվյալներ կան նաև միջնադարյան Հայաստանի հասարակական–տնտեսական հարաբերությունների մասին։ Ծերացած Խ. Ա. 954-ին մեղադրվել է աղանդավորականությանը (ըստ երևույթին թոնդրակյաններին) հարելու մեջ և բանադրվել Անանիա Մոկացի կաթողիկոսի կողմից։ Վերջինս Խ. Ա–ուն նվիրված թղթում («Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնձեւացւոց եպիսկոպոսն», «Արարատ», 1897, N» 6) նրան դատապարտում է հերձամիտ հակումների ու արարքների համար և շեշտում, որ Խ. Ա. ավելորդ է համարել խաչի օրհնությունը, հրեշտակներին պաշտելը, կաթողիկոսին, եպիսկոպոսներին մեծարելը ևն։ Կաթողիկոսը ջանացել է Խ. Ա–ուն ետ պահել աղանդավորական միտումներից, բայց՝ ապարդյուն։

Երկ, Մեկնութիւն ժամակարգութեան, Օրթագիւղ, [ԿՊ], 1840։ Մեկնութիւն աղօթից պատարագին, Վնտ., 1869։

Գրկ. Ստեփաննոս Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիրական, Թ., 1910։ Տեր–Մկրտչյան Գ., Հայկականք, Վաղպատ, 1894։


ԽՈՍՐՈՎ I ԱՆՈՒՇԻՐՎԱՆ (Անուշրվան, բառացի՝ անմահ հոգի, ծն. թ. անհտ.– 579), պարսից արքա 531-ից։ Սասանյանների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Կավադ I-ին։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու և կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով իրականացրել է բարեփոխումներ. կարգավորել է հարկային, ֆինանսական համակարգը, կատարել մարդահամար, վերացրել տեղական իշխանությունների ազդեցության տակ գտնվող աշխարհազորը, ստեղծել կանոնավոր և մշտական բանակ։ Հաջողությամբ պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ 540-ին գրավել է Անտիոքը։ Կովկասի ցեղերի հարձակումները կասեցնելու նպատակով Դարբանդում կառուցել է մի շարք ամրություններ։ 570-ին պարսկ. բանակը գրավել է Եմենը, վերահսկողություն սահմանել ծովային ճանապարհների վրա։ Նրա օրոք զարգացել են մշակույթը, արվեստը, քաղաքաշինությունը։ Ստեղծվել են գրական և պատմական բազմաթիվ երկեր, գրի է առնվել ժող. էպոսը, հունարենից և սանսկրիտից թարգմանվել են գրական և գիտական հուշարձաններ։

Խ. I Ա–ի օրոք Հայաստանում բռնկել է ապստամբություն (571–572), որը ղեկավարել է Վարդան Մամիկոնյանը (Կարմիր)։ Խ. I Ա–ի՝ Հայաստան ուղարկված բանակները պարտություն են կրել ապստամբներից։ Բյուզանդիայի միջամտությունը սկզբնավորել է ավելի քան 20-ամյա պատերազմ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Ն. Արզումանյան

ԽՈՍՐՈՎ II Ափարվեզ (բառացի՝ հաղթող, ծն. թ. անհտ.–628), պարսից արքա 591-ից։ Սասանյանների դինաստիայից։ Գահ է բարձրացել սպարապետ Բահրամ (Վահրամ) Չուբինի ապստամբության ժամանակ։ Ազնվականների դավադրությունից և ապստամբության աճող վտանգից վախեցած՝ փախել է Բյուզանդիա։ Մորիկ կայսրը Հայաստանի արլ. մասը, Վրաստանը, Միջագետքի կարևոր ամրություններ Դարան ևՆփրկերտը ստանալու պայմանով ռազմ, օգնություն է խոստացել նրան։ Ատրպատականի Գանձակ (Շիզ) քաղաքի մոտ բյուգանդական, հայկ. (մոտ 15 հզ. զինվոր) և Խ. II-ին հավատարիմ պարսկ. միացյալ ուժերը պարտության են մատնել Չուբինին։ 591-ին Մորիկը և Խ. II Հայաստանը բաժանել են իրար միջև (Հայաստանի 2-րդ բաժանում)։ Երկու երկրների սահմանը Հայաստանում դարձել է Ազատ գետը, Կոգովիտ գավառը, Մակուն, Վանա լիճը։ 605-ին պարսկ. զորքերը գրավել են Հայաստանի բյուգանդական մասը, Վրաստանը և հասել Կ. Պոլիս։ Պարսկ. զորքերը գրավել են նաև Ասորիքը, Պաղեստինը, Երուսաղեմը, Եգիպտոսը։ Սակայն 627-ին բյուգանդական զորքը գրավել և ավերել է Գանձակը (Շիզ), մոտեցել Տիզբոնին։ Ռազմ. անհաջողություններից դժգոհ ազնվականությունը բանտարկել Խ. II-ին։ Խ. II Մասանյանների վերջին խոշոր ներկայացուցիչն էր, որի ժամանակ Պարսկաստանը գտնվել է իր քաղ. զարգացման գագաթնակետին։ Ն. Արզումանյան

ԽՈՍՐՈՎ Ա Մեծ, Խոսրով Քաջ (ծն. թ. անհտ.–259), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 211-ից։ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ–ին։ Խ–ի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խ. անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերին, ապահովել պետության հս. սահմանները։ Պաշտպանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215-ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խ.-ին։ 216-ին Խ. պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։

Իրանում պարթև Արշակունիների դեմ Սասանյանների մղած գահակալական կռիվների ժամանակ Խ. պաշտպանել է Արտավան V Արշակունուն։ Արտավանի պարտությունից հետո Խ. գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I-ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ 230-ին պարսկ. բանակը մտել է Հայոց Միջագետք և հռոմեացվոց Ասորիք՝ պատերազմ սկսելով Հայաստանի և Հռոմի դեմ։ Խ. Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսի դաշնակցությամբ 232-ի գարնանը հաղթել է պարսկ. զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առթիվ Խ. Ատրպատականում հիմնել է Դավրեժ (այժմ՝ Թավրիզ) քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի (234–245) կռվել է Սասանյանների դեմ ե պաշտպանել երկրի սահմանները։ Խ. զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ–Արտաշիրի) կազմակերպած դավադրության։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թ., 1909։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Հովսեպոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, Ե., 1976։ (Օտար աղբյուրները հայերի և Հայաստանի մասին, 9. Հին հունական աղբյուրներ, 1)։ Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 2, մաս 1, Ե., 1957։

Լ. Շահինյան


ԽՈՍՐՈՎ Բ Կոտակ (ծն. թ. անհտ.– մոտ 338), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330-ից։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հս–արլ. կուսակալ Սանատրուկ Արշակունին (Փավստոս Բուզանդը նրան անվանում է Խ–ի եղբայր և Մազքթաց թագավոր Սանեսան)։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խ–ին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խ. ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը՝ Մծբին կենտրոնով, բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խ. հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։

Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խ. կաթողիկոսի հետ փակվել էր Կոգովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խ–ին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի առապարում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խ. Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զուրա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տա–