Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սելի ներքին հակասականությամբ, մնում է վիճելի։ Տուն, վիպերգում տեղ գտած ասքերի հիմնական միջուկի պատմական հիմքը մ. թ. ա. XVI-XIII դդ. «միկենյան» ժամանակաշրջանն է։ Հասարակական կառուցվածքը և նյութական մշակույթը, որ արտացոլված են պոեմներում, «միկենյան» գծերի հետ մեկտեղ բովանդակում են նաև ավելի ուշ շրջանի (ընդհուպ մինչև մ. թ. ա. VIII դ.) գծեր։ Հոմերոսյան պոեմների ուսումնասիրությունը, ժամանակակից ժողովուրդների կենդանի վիպերգի համադրությամբ, բերում է այն եզրակացության, որ մեր առջև ոչ թե բանահյուսական տեքստի գրառում է, այլ արդեն կազմավորվող գրականություն։ Հետազոտողների մեծ մասը «Իլիական»-ի վերջնական ձևավորումը վերագրում է մ. թ. ա. VIII դ. վերջին երեք տասնամյակներին, իսկ «Ոդիսական»-ը համարում է փոքր-ինչ ավելի ուշ ժամանակի գործ։ Հ-ի պոեմները թարգմանված են քաղաքակիրթ աշխարհի բոլոր լեզուներով։ «Իլիական»-ը առաջին անգամ հունարենից հայերեն է թարգմանել (1783, արձակ, անտիպ) Գևորգ դպիր Պալատացին։ Այնուհետև «Իլիական»-ը 1843-ին, իսկ «Ոդիսական»-ը 1848-ին լույս են տեսել Եղիա Թովմաճյանի չափածո թարգմանությամբ։

Գրկ. Սուրխաթյան Հ., Հոմերոս։ Շեքսպիր, Ե., 1935: Համբարձումյան Հ. Ա., Մտորումներ Հոմերոսի մասին, Ե., 1964: Առաքելյան Ա. Գ., Հունական գրականության պատմություն, 3 լրց. և բարեփոխ. հրտ., Ե., 1968: Лосев A.Ф., Гомер, М., 1960.

ՀՈՄԵՐՈՍՅԱՆ ՔՐՔԻՃ անզուսպ, որոտալից ծիծաղ։ Հ. ք. արտահայտությունն առաջացել է Հոմերոսի անունից, որն «Իլիական» դյուցազներգությունում (Երգ առաջին) նկարագրել է աստվածների ծիծաղը։ Հ. ք. փոխաբերական իմաստով նշանակում է առատ, ամեհի։

ՀՈՄՈ… (<հուն, ὁμός հավասար, միանման, միատեսակ), բարդ բառերի սկզբնամաս, նշանակում է միասեռություն, հավասարություն, միասնություն (օրինակ՝ հոմոգենացում, հոմոզիգոտություն, հոմոսեքսուալիզմ, հոմոլոգիա ևն):

ՀՈՄՈԳԵՆ ՌԵԱԿՏՈՐ, տես Միջուկային ռեակտոր։

ՀՈՄՈԳԵՆԱՑՈՒՄ (< հուն. ὁμογενής համասեռ), մետալուրգիայում, համաձուլվածքներում համասեռ (հոմոգեն) կառուցվածքի ստեղծում՝ կենտրոնացված միկրոանհամասեռությունների վերացման ճանապարհով։ Հ-ման համար համաձուլվածքները ենթարկում են ջերմային մշակման՝ այսպես կոչված դիֆուզիոն կամ հոմոգենացնող թրծաթողման։ Հ. լավացնում է համաձուլվածքների պլաստիկությունը, բարձրացնում մեխանիկական հատկությունների կայունությունը և փոքրացնում նրանց անիզոտրոպությունը։

ՀՈՄՈԶԻԳՈՏՈՒԹՅՈՒՆ (հոմո… և զիգոտ), օրգանիզմի ժառանգական ապարատի վիճակ, երբ հոմոլոգ քրոմոսոմների համապատասխան բևեռներում (լոկուսներում) գտնվում են համանման ալելներ։ Հ. ունեն բեղմնավորված ձվաբջիջները կամ նրանցից զարգացող օրգանիզմները, եթե բեղմնավորության դեպքում միաձուլված գամետները եղել են համանման ըստ որակի, քանակի և գեների կառուցվածքային և դասավորության։ Հ-յան դեպքում սերունդներում հատկանիշների ճեղքում չի լինում։ Գենի անցումը հոմոզիգոտ վիճակի հանգեցնում է օրգանիզմի ֆունկցիաների և կառուցվածքի մեջ ռեցեսիվ ալելների առաջացման, որոնց արդյունքը ճնշվում է դոմինանտ ալելներով հետերոզիգոտության ժամանակ։

ՀՈՄՈԼՈԳԻԱ (< հուն. ὅμολογία), համապատասխանություն կենսբ. կառուցվածքով և ծագմամբ իրար համապատասխանող օրգանների նմանություն։ «Հ.» տերմինն առաջարկել և անալոգիային է հակադրել անգլ. գիտնական Ռ. Օուենը (1843): Հոմոլոգ օրգանները միմյանցից տարբերվում են ֆիզիոլոգիապես և մորֆոլոգիապես, դրանք կարող են փոփոխվել, մեծանալ կամ փոքրանալ, որոշ կենդանիների մոտ դառնալ ռուդիմենտ, սակայն, երբեք չեն փոխում իրենց դիրքը մյուս օրգանների նկատմամբ։ Օրգանների Հ. արտահայտում է օրգանիզմների ծագումը ընդհանուր նախնիներից և վկայում դրանց միջև եղած ազգակցական կապի մասին։ Հոմոլոգ օրգաններ են՝ ողնաշարավոր կենդանիների վերջավորությունները, փոկերի լաստերը, թռչունների թևերը ևն։ Հ. կա նաև զանազան միջատների վերջավորություններում։ Բույսերի հոմոլոգ օրգաններից են՝ ոլոռի խիղբերը, ծորենու ասեղները, կռզիների փշերը, որոնք ձևափոխված տերևներ են, իսկ վարդկակաչի սոխուկը, կարտոֆիլի պալարը, հովտաշուշանի կոճղարմատը ձևափոխված ընձյուղներ են։

ՀՈՄՈԼՈԳԻԱ աես Կոմբինատորային տոպոլոգիա։

ՀՈՄՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԿՈՀՈՄՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՄԲԵՐ տես Կոմբինատորային տոպոլոգիա։

ՀՈՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՐՔԵՐ, օրգանական միացությունների խմբեր, որոնք ունեն քիմիական միանման հատկություններ և կառուցվածք, բայց տարբերվում են ածխաջրածնային ռադիկալի բաղադրության մեջ մտնող մեկ կամ մի քանի մեթիլենային խմբով։ Մեթիլենային խումբը (-CH2-) կոչվում է հոմոլոգիական տարբերություն։ Մեթանը (CH4), էթանը (C2H6), պրոպանը (C3H2) ևն կազմում են CnH2n+2 ընդհանուր բանաձևով հագեցած ածխաջրածինների (ալկանների), էթիլենը (C2H4), պրոպիլենը (C3H6), բուտիլենը (C4H8) ևն՝ մոլեկուլում մեկ կրկնակի կապով CnH2n ընդհանուր բանաձևով չհագեցած ածխաջրածինների (ալկենների) Հ. շ.։ Հայտնի են նաև հագեցած միատոմ սպիրտների, հագեցած միահիմն թթուների Հ. շ., համապատասխանաբար՝ CnH2n+1OH և CnH2n+1COOH ընդհանուր բանաձևերով ևն։ Հաճախ Հ. շ. անվանում են ըստ շարքի առաջին անդամի (մեթանի Հ. շ., էթիլենի Հ. շ. ևն): Յուրաքանչյուր Հ. շ-ի միացությունների (հատկապես միջին անդամների) համար բնորոշ է ֆիզիկական որոշ հատկությունների համեմատաբար օրինաչափ փոփոխություն։ Այսպես, Հ. շ-ի միջին մասում հարևան անդամների (չճյուղավորված շղթայով միացությունների համար) եռման ջերմաստիճանների տարբերությունը մոտավորապես 20-25°C է (Հ. շ-ի բարձր անդամների մոտ այդ մեծությունն աստիճանաբար նվազում է): Օրինակ, ուղիղ շղթայով սպիրտները՝ ն-պրոպիլսպիրտը՝ CH3CH2CH2OH, ն-բուտիլսպիրտը՝ CH3(CH2)2CH2OH, ն-ամիլսպիրտը՝ CH3(CH2)3CH2OH, և ն-հեքսիլսպիրտը՝ CH3(CH2)4CH2OH, եռում են, համապատասխանաբար՝ 97,4, 117,7, 137,8 և 157,2°C-ում։ Հոմոլոգիական տարբերության հետ կապված բաղադրության փոփոխությանը համապատասխանում է նաև մոլեկուլային ծավալի (մոտ 22), այրման ջերմության (150-160 կկալ), մոլեկուլային ռեֆրակցիայի (4,6) հաստատուն աճ։

Իրենց հասկացությամբ Հ. շ-ին մոտ են իզոլոգիական և գենետիկական շարքերը։ Իզոլոգիական շարքերը հավասար թվով ածխածնի ատոմներ և ֆունկցիոնալ խմբեր պարունակող միացությունների խմբեր են, որոնք տարբերվում են իրենց չհագեցվածության աստիճանով։ Օրինակ, էթանի իզոլոգիական շարքը կազմում են՝ էթանը (CH3-CH3), էթիլենը (CH2=CH2), ացետիլենը (CH≡CH): Իզոլոգիական շարքեր են առաջացնում նաև ալիցիկլիկ և հետերոցիկլիկ միացությունները, օրինակ, ցիկլոհեքսենը, ցիկլոհեքսադիենը, բենզոլը։ Գենետիկական շարքերը հավասար թվով ածխածնի ատոմներ պարունակող օրգ. միացությունների խմբեր են, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ խմբեր։ Օրինակ, էթանի գենետիկական շարքը կազմում են՝ էթանը (CH3CH3), էթիլքլորիդը (CH3-CH2Cl), էթիլսպիրտը (CH3CH2OH) ևն։ Հ. շ-ի, իզոլոգիական և գենետիկական շարքերի մասին հասկացությունը մեծ դեր է խաղում օրգ. քիմիայի միացությունների համակարգման և դասակարգման մեջ (նկ.). առաջինը հստակ ձևակերպել է ֆրանսիացի քիմիկոս Շ. ժերարը, 1844-45-ին։

ՀՈՄՈՄՈՐՖԻԶՄ (հոմո… և < հուն μορφή տեսք ձև), երկու հանրահաշվական համակարգերի (խմբեր, օղակներ ևն) միջև սահմանվող հարաբերու֊