Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բրդից, մետաքսի, քիմ. մանրաթելերի մնացուկներից ևն: Տարբերում են համասեռ (միատեսակ մանրաթելերից կազմված) և խառը (մանրաթելերի խառնուրդից կազմված) Մ.: Մ–ի հիմնական բնութագրերն են՝ հաստությունը (տես Տեքս), ոլորման աստիճանը, հավասարաչափությունն ըստ հաստության, ամրությունը, ինչպես նաև մաքրությունը (արատների բացակայությունը):
ՄԱՆՎԵԼ (ՍՏԵՓԱՆՈՍ) ԿՅՈՒՄՈՒՇԽԱՆԵՑԻ, Գյումուշխանեցի (1.1. 1768, Գյումուշխանե — 4.12.1843, Հին Ղրիմ (թաղվել է հայոց Ս. Խաչ վանքում), հայ մատենագիր, եկեղեցական գործիչ: Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կարինում: 1796-ին ձեռնադրվել է վարդապետ: 1802-ին անցել է Ռուսաստան, աշխատել Պետերբուրգում (այժմ՝ Լենինգրադ), Գրիգորիուպոլսի (1804-12), Ղրիմի (1813-27) հայկ. գաղութներում, հիմնել դպրոցներ, կրթել հայ մանուկներին: Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից հետո (1828) եկել է Էջմիածին, կարգավորել վանքի մատենադարանը, կորստից փրկել մշակութային արժեքներ: Գործել է Խոր Վիրապ և Սևանա վանքերում (1828-30), Տփղիսում (այժմ՝ Թբիլիսի, 1830-36), ապա վերա դարձել Ղրիմ: Գրել է պատմական («Կշիռ որպիսածանոյց», 1803, «Պատմութիւն եղելութեանց ընդ մէջ կաթողիկոսացն Դանիէլի և Դաւթի», 1803, «Պատմութիւն անցից անցելոց Սեւանայ վանուց», 1830, հրտ. 1871), հուշագրական («Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց…», 1830-39, «Աղէտ գիտելեաց մերոց», 1831), կրոնա-բարոյախոսական («Դպրություն մանկանց», աշխարհաբար դասագիրք, 1821, «Լուծ արմատոյն մերոյ», 1832, հրտ. 1841), դավանաբանական («Դեղաթափ ընդդեմ լիւթերականաց աղանդին», 1836, Նամակ Մխիթարյաններին, 1814) և այլ երկեր, թղթեր, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են և հարուստ նյութ են պարունակում XVIII-XIX դդ. հայ մշակութային, եկեղեցական ու քաղ. կյանքի, հայ–ռուսական հարաբերությունների մասին: Դրանց ինքնագրերը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և այլուր: Մ. Կ. հաճախ հանդես է եկել նաև Շահինյան, Ալթունյան ազգանուններով:
Երկ. Անձնական պատմութիւն Մանուէլ Կիւմիւշխանացի վարդապետի, Ալթունեանի կամ Շահինովի, «Դիվան հայոց պատմության», գիրք 12, Թ., 1917:
Գրկ. Շահազիզ Ե., Շահինյան Մանվել ծայրագույն վարդապետ Գյումուշխանեցի, «Էջմիածին», 1946, № 6-7: Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան, կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Ե., 1967:Պ. Հակոբյան ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն. թ. անհտ. — 838 կամ 842-ից հետո), հայազգի բյուզանդական զորավար: Թեոդորա կայսրուհու (IX դ.) հորեղբայրը: Զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ պրոտոստրատոր, ստրատելատ (զորավար) ևն: Միքայել II-ի օրոք (820-829) անհայտ պատճառներով փախել է Արաբ. խալիֆայություն, ծառայել արաբ. բանակում, խալիֆայությանը ենթարկել Խորասանը: 831-ին, կայսր Թեոփիլոսից ներում ստանալով, վերադարձել է Բյուզանդիա, նշանակվել սխոլերի դոմեստիկոս (սպարապետ): Գործուն մասնակցություն է ունեցել արաբների դեմ մղված պատերազմներին, մարտերից մեկում Թեոփիլոսին փրկել է գերվելուց: 836-ին արաբներից գրավել է Զապետրա (Սոզոպետրա), Սամոսատ քաղաքները, 838-ին մասնակցել է Ամորիոնի կռիվներին (արաբների կողմում մարտնչում էր հայկ. զորքը), որտեղ, ըստ որոշ սկզբնաղբյուրների, սպանվել է: Ըստ Թեոփանեսի Շարունակող պատմիչի, Թեոփիլոսը մահից (842) առաջ Մ. Մ–ին նշանակել է իր մանկահասակ ժառանգի՝ ապագա Միքայել III-ի խնամակալներից մեկը:Հ. Բարթիկյան ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն. թ. անհտ. — մոտ 385), Հայոց սպարապետ 377-ից: Արտաշես Մամիկոնյանի որդին: Սասանյան արքա Շապուհ II-ի համաձայնությամբ Մ. Մ. ազատվել է պարսից գերությունից, վերադարձել հայրենիք, ստանձնել իր տոհմի նահապետությունը և Հայոց սպարապետի պաշտոնը: Պարսկ. 10 հզ–անոց հեծելազորի օգնությամբ Կարինի դաշտում հաղթել և տապալել է Հայոց թագավոր Վարազդատ Արշակունուն, ձերբակալել և սպանել նրա սպարապետ Բատ Սահառունուն: Այնուհետև, հայ նախարարների համաձայնությամբ թագավոր է հռչակել Պապ թագավորի անչափահաս որդի Արշակ Գ–ին (378-389)՝ արքայամայր Զարմանդուխտի հետ ստանձնելով նրա խնամակալությունը: Հ. Մանանդյանի և ուրիշների կարծիքով, Մ. Մ. ընդունել էր Սասանյանների գերիշխանությունը: Որոշ ուսումնասիրողներ հավաստի են համարում Փավստոս Բուզանդի այն վկայությունը, ըստ որի Մ. Մ., օգտվելով Պարսկաստանում տիրող անկայուն ներքին իրադրությունից, կոտորել է պարսկ. զորքերին, 7 տարի ձեռք բերել լիակատար անկախություն և զբաղվել խաղաղ շինարարական գործերով:
Գրկ. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968: Մանանդյան Հ., Երկ., հ. 2, Ե., 1978:Ստ. Մելիք–Բախշյան ՄԱՆՎԵԼՅԱՆ Երվանդ (1872, Կոսաանդնուպոլիս – 1949, Փարիզ), հայ մանրէաբան, հասարակական գործիչ: ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945): 1891-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկ. ֆակուլտետը և աշխատել հյուսվածաբանության լաբորատորիայում, 1902-ից՝ Պաստյորի անվ. ինստ-ում՝ որպես հյուսվածաբանության և մանրէաբանության լաբորատորիայի վարիչ: Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի հյուսվածաբանության, ծերացման, կատաղության և հատկապես բնածին սիֆիլիսի ուսումնասիրության հարցերին: Մ. եղել է Փարիզի հայ բժիշկների ընկերության անդամ:
ՄԱՆՎԵԼՅԱՆ Լևոն Գևորգի (3.12.1864, Ներքին Ագուլիս – 21.2.1919, Թիֆլիս), հայ գրող: Նախնական կրթությունն ստացել է Վերին Ագուլիսի ուսումնարանում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն: Այնուհետև սովորել է Թիֆլիսի գիմնազիայում: 1890-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնվարնլ Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում: Մ–ի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, 1899-1907), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ: Մ. հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողն է («Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր», 1902, «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք», հրտ. 1940): Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական–հոգեբանական դրամայի զարգացման գործում («Նկարիչ Թաշճյան», 1903, «Դոկտոր Երվանդ Բոշայան», 1900, «Վերածնվածը», 1906, «Մագդա», 1913): 1892-ին լույս է տեսել «Տիգրանուհի» պատմա–դիցաբանական ողբերգությունը: «Խորտակված կյանք» (1897) վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը: Մ. զբաղվել է թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» (1909-12) աշխատությունը:
Երկ. Ընտ. երկ., Ե., 1955:
Գրկ. Հայ նոր գրականության պատմություն, հ. 4, Ե., 1972:Լ. Ասմարյան ՄԱՆՎԵԼՅԱՆ Հրանտ Լևոնի (ծն. 3(16).2. 1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ սովետական ռեժիսոր և դերասան: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (I960): 1953-ին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվ. թատերական ինստ–ի ռեժիսորական ֆակուլտետը: 1931-63-ին աշխատել է Լենինականի, Կիրովականի, Սուխումի քաղաքային, Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Էջմիածնի, Արթիկի, Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններում: 1963-ից աշխատում է Արտաշատի շրջանային թատրոնում: Լավագույն դերերից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Շմագա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Արթուր («Բոռը», ըստ Վոյնիչի), բեմադրություններից (շուրջ 250)՝ Մ. Գորկու «Վերջինները», Գոգոլի «Ռևիզորը», Վոյնիչի «Բոռը»:Վ. Խաչիկյան ՄԱՆՎԵԼՅԱՆ Մանվել Գարեգինի (ծն. 13(26).9,1913, Վան), հայ սովետական քիմիկոս: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963): 1933-40-ին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ում, որն ավարտել է 1935-ին, ապա, մինչև 1957-ը՝ ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ում: Մ. ՀՍՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստ-ի (1957-70-ին՝ ՀՍՍՀ ժողտնտխորհի քիմիայի ԳՀԻ) կազմակերպիչն ու առաջին