436 ՄԵԾ
Պապ թագավորի հերոսական դիմադրության շնորհիվ առժամանակ կայունանում է երկրի վիճակը։ Սակայն քաղաքների՝ առևտրի ու արհեստների կենտրոնների, ավերումը լուրջ հարված է հասցնում երկրի տնտ․ և քաղ․ ամբողջությանը։ Ուժեղանում է Մ․ Հ–ի ապակենտրոնացումը՝ հայկ․ վաղ ֆեոդ. միասնական պետության տրոհումն առանձին և ինքնամփոփ տերիտորիաների՝ նախարարությունների, որով սկսվում է ֆեոդ. հարաբերությունների նախարարական ժամանակաշրջան։ Հայ Արշակունիների կենտրոնացված պետությունը թուլացավ, Մ․ Հ–ի պետության ծայրամասերը անջատվեցին։ Ստեղծված իրապայմաններում 385-ին (այլ ուսումնասիրողների կարծիքով՝ 387-ին) տեղի ունեցավ Մ․ Հ–ի թագավորության բաժանումը Սասանյան Իրանի և Հռոմ․ կայսրության միջև, պաշտոնապես վերացավ հայկ․ պետության «Մեծ Հայք» անունը։ Հայաստանի հռոմ․ (395-ից՝ բյուզ․) մասը, որը բաղկացած էր Բարձր Հայք և Ծոփք նահանգներից, բյուզ․ փաստաթղթերում նախկինի պես սովորաբար կոչվում էր «Մեծ Հայք»։ Հռոմ․ մասում 387-ին Արշակ Գ–ի (385–387) մահով վերացավ հայ Արշակունիների իշխանությունը, և երկիրը կառավարվեց «կոմեսների» միջոցով։ Պարսկ․ մասում Հայոց թագավորի իշխանությունը պահպանվեց մինչև 428։ Մ․ Հ–ի թագավորությունը ընկավ 574 տարի գոյատևելուց հետո։ Այնուհետև հայ ժողովրդին չվիճակվեց ամբողջ Մ․ Հ․ ընդգրկող մի միասնական հայկ․ պետություն ստեղծել։ Հայ Բագրատունիները (862–1045) միայն մասամբ կարողացան վերականգնել Մ․ Հ–ի տերիտորիան։ Մ․ Հ․ այնուհետև գոյություն ուներ որպես հայ ժողովրդի բնօրրան, որտեղ հայ ազգաբնակչությունը շարունակում էր գոյատևել մինչև Մեծ եղեռնը (1915)։
ՄԵԾ ՀԱՅՔՆ ԸՍՏ VII ԴԱՐԻ «ԱՇԽԱՐՀԱՑՈՅՅ»-ի: Հայ խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու (610–685) «Աշխարհացոյց»-ում մանրամասն նկարագրված են Մեծ Հայքը, Վիրքը և Աղվանքը՝ իրենց վարչատարածքային բաժանումներով։ Հեղինակը, ձեռքի տակ ունենալով տարբեր ժամանակաշրջանների «աշխարհագիրների» տվյալները՝ հատկապես հայ Արշակունիների թագավորության և մարզպանական ժամանակաշրջաններից, հնարավորություն է ունեցել տալ Մեծ Հայքի այդ ժամանակաշրջանի վարչատերիտորիալ բաժանման սպառիչ պատկերը, երբ այն քաղաքականապես ներկայացնում էր մի ամբողջություն (Մեծ Հայքի թագավորության սահմանները 363–385-ին)։ Տրվում են նաև սահմանների հետագա փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանի բաժանումով Սասանյան Իրանի և Բյուզ․ կայսրության միջև։ Հիմք ընդունելով Մեծ Հայքի տարածքային բաժանումը 15 աշխարհների (նահանգների) և դրանց ստորաբաժանումների (գավառների)՝ հնարավոր է դառնում կազմել Մեծ Հայքի վարչատարածքային բաժանման քարտեզն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Այժմյան քարտեզագրական հիմքի վրա հնարավորություն կա վերակազմելու Անանիա Շիրակացու կազմած՝ Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի քարտեզը, որը մեզ չի հասել։
Ըստ «Աշխարհացոյց»-ի Մեծ Հայքն ունի հետևյալ նահանգներն ու գավառները․
1․ Բարձր Հայք, ունի 9 գավառ՝ Դարանաղի, Աղյուն, Մնձուր, Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմ, Կարին։ 2․ Ծոփք (Չորրորդ Հայք), ունի 8 գավառ՝ Խորձյան, Հաշտյանք, Պաղնատուն, Բալահովիտ, Ծոփք (Շահունյաց), Անձիտ, Դեգիք, Գավրեք (Գորեք)։ 3․ Աղձնիք, ունի 11 գավառ՝ Անգեղտուն, Նփրկերտ, Աղձն, Քաղ, Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք, Գզեղխ, Սալնո ձոր, Սանասունք (Սասուն)։ 4․ Տուրուբերան (Տարոնո աշխարհ), ունի 16 գավառ՝ Խութ, Ասպակունյաց ձոր, Տարոն, Արշամունիք, Մարդաղի, Դասնավորք, Տվարածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք, Աղիովիտ, Ապահունիք, Կորի, Խորխոռունիք։ 5․ Մ ո կ ք, ունի 8 գավառ՝ Իշայր, Մյուս Իշայր, Իշոց, Առվենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ (Արքայից), Արգաստովիտ, Ջերմաձոր։ 6․ Կորճայք, ունի 11 գավառ՝ Կորդուք, Կորդրիք Վերին, Կորդրիք Միջին, Կորդրիք Ներքին, Այրտրուանք, Այգառք, Մոթողանք, Որսիրանք, Կարթունիք, Ճահուկ, Փոքր Աղբակ։ 7․ Պարսկահայք, ունի 9 գավառ՝ Այլի (Կուռիճան), Մարի, Թրաբի, Արասխ (Ովեա), Ըռնա (Առնա), Տամբեր, Զարեհավան, Զարավանդ, Հեր։ 8․ Վասպուրական, ունի 35 գավառ՝ Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշակովիտ, Կուղանովիտ, Աղիովիտ, Գառնի, Առբերանի, Բուժունիք, Առնո–ոտն, Անձևացիք, Տրպատունիք, Երվանդունիք, Բուն Մարդաստան, Մարդաստան, Արտազ, Ակե, Աղբակ Մեծ, Անձախի ձոր, Թոռնավան, Ճվաշ–ռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուկան, Աղանդ–ռոտ, Պարսպատունիք, Արտաշեսյան, Բաքրան (Մարանդ), Գաբիթյան, Գազրիկյան, Տայգրյան, Վարաժնունիք, Գողթն, Նախճավան։ 9․ Սյունիք, ունի 12 գավառ՝ Երնջակ, Ճահուկ, Վայոց ձոր, Գեղաքունի, Սոդք, Աղահեճք, Ծղուկ, Հաբանդ, Բաղք, Զորք, Արևիք, Կովսական։ 10․ Արցախ, ունի 12 գավառ՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Ծար), Բերդաձոր, Մեծ Առանք, Մեծ Կվենք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պարսականք (Պարզվանք), Քուստի, Փառնես, Կողթ։ 11․ Փայտակարան, ունի 10 գավառ՝ Հրաքոտ–պերոժ, Վարդանակերտ, Յոթնփորակյան բագինք, Բաղան–ռոտ, Առոս–պիժան, Հանի, Աթշի-Բագավան, Սպանդարան–պերոժ, Որմիզդ–պերոժ, Ալևան։ 12․ Ուտիք, ունի 8 գավառ՝ Առան–ռոտ, Տռի, Ռոտ–Պարսեան, Աղվե, Տուս–Քստակ, Գարդման, Շակաշեն, Ուտի Առանձնակ։ 13․ Գուգարք, ունի 9 գավառ՝ Զորոփոր, Կոզբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Ջավախք Վերին, Արտահան, Կղարջք։ 14․ Տայք, ունի 8 գավառ՝ Կոդ, Բերդաց փոր, Պարտիզաց փոր, Ճակք, Բոդխա, Ոքաղե, Ազորդաց փոր, Ասեաց ֆոր։ 15․ Այրարատ, ունի 22 գավառ՝ Բասեն, Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Ճակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Աշոցք, Նիգ, Կուոայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան Հայոց, Ուրծաձոր, Արած, Շարուր դաշտ։
Նշված աշխարհների բաժանման համակարգը ժամանակի ընթացքում խախտվել է, սակայն դրանց մեծ մասը շարունակում է կոչվել իր անունով՝ իբրև աշխարհագրական–տարածքային հասկացություն, իսկ գավառներն իրենց սահմաններով, որ սովորաբար համընկնում էին ֆիզիկաաշխարհագրական բաժանումներին, շարունակում էին մնալ նաև հետագայում։ Այս բաժանումները հիմք հանդիսացան հետագայում՝ VIII դ․ սկզբներին, Արաբական խալիֆայության կազմում գտնվող Արմինիա վարչական միավորը ստեղծելիս։
Գրկ․ Երեմյան Ս․ Տ., Հայաստանը ըստ «Աշ]սարհացոյց»-ի, Ե․, 1963։ Հյուբշման Հ․, Հին հայոց տեղայ անունները, Վնն․, 1908։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908․
Քարտեզը տես 321-րդ էջից առաջ՝ ներդիրում։
ՄԵԾ ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ (Great Plains), նախալեռնային սարավանդ ԱՄՆ–ում և Կանադայում։ Արմ–ից եզրավորվում է Հյուսիսային Ամերիկայի Կորդիլիերաներով։ Ձգվում է հվ–արլ–ից հս–արմ․, հս․ լայնության 29° և 62°-ների միջև։ Երկարությունը 3600 կմ է, լայնությունը՝ 500–800 կմ։ Հանդիսանում է Հյուսիս–Ամերիկյան պլատֆորմի ծայրամասը։ Սարավանդի մինչքեմբրյան բյուրեղային հիմքը ծածկված է նստվածքային ապարներով։ Մակերևույթն արլ–ից արմ․ աստիճանաբար բարձրանում է 500–1700 մ։ Շատ տեղերում երկրակեղևի վերին շերտերի ապարները լվացվել և տեղատարվել են գետերով՝ առաջացնելով 200–300 կմ երկարությամբ հովիտների խիտ ցանց և մինչև 300 մ բարձրության ելուստներ։ Վերջիններս Մ․ հ․ բաժանում են առանձին մասերի՝ Լյանո էստակադո, Բարձր հարթավայրեր, Էդուարդի և Միսսուրիի սարավանդներ։ Հվ–ում տիրապետում են կարստային ձևերով սեղանաձև բարձրությունները։ Մ․ հ․ հարուստ են նավթի, քարածխի, բնական գազի, կերակրի աղի հանքավայրերով և հազվագյուտ հողերի տարրերով։ Կլիման ցամաքային է, հս–ում՝ բարեխառն, հվ–ում՝ մերձարևադարձային։ Գետերը սակավաջուր են, արագահոս, հոսում են խոր հովիտներով։ Խոշոր գետերն են Միսսուրին, Պլաթը, Արկանզասը, Կոլորադոն, Փեքոսը։ Հողերը առավելապես շագանակագույն են, հս–ում՝ սևահողային, գորշ անտառային, ծայր հվ–ում՝ դարչնագույն։ Մ․ հ–ի մեծ մասը ծածկված է չոր տափաստաններով, կանադական մասում գերակշռում է անտառատափաստանը։ Կենդանական աշխարհն աղքատ է։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ (մշակում են բամբակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, կերաբույսեր) և անտառային տնտեսությամբ։
ՄԵԾ ՂԱՐԱՔԻԼԻՍԱ, Կիրովական քաղաքի նախկին (մինչև 1935-ը) անվանումը։
ՄԵԾ ՃՈՒՌԱԿ (Accipiter gentilis), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Մարմնի երկարությունը 52–70 սմ է․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/436
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ