Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նեյտրոֆիլային լեյկոցիտոզ, ոսկրածուծում՝ միելոկարիոցիտների քանակի պակասում, բջջային երիտասարդ ձևերի վերացում։ 2․ Ճ․ հ–յան գաղտնի կամ թաքնված փուլ, սկսվում է ճառագայթահարումից մի քանի օր հետո և տևում է 3–4 շաբաթ։ Հիվանդի մոտ նախնական հակազդեցության փուլին հատուկ կլինիկական երևույթները պակասում են, տեղի է ունենում կարծեցյալ բարելավում, երբեմն նկատվում է մազաթափություն։ Ծայրամասային արյան մեջ լեյկոցիտների քանակն արագորեն պակասում է, նվազում են նաև թրոմբոցիտները և ռեթիկուլոցիտները։ 3․ Ճ․ հ–յան արտահայտված կլինիկական երևույթների փուլ, հիվանդների ինքնազգացումը կրկին վատանում է, ջերմությունը բարձրանում։ Մաշկում, լորձաթաղանթներում, ներքին օրգաններում, ուղեղում առաջ են գալիս արյունազեղումներ (արյունահոսական սինդրոմ)։ Արյան մեջ լեյկոցիտանվազումն ավելի է ուժեղանում (ճառագայթային լեյկոպենիա), սկիզբ է առնում սակավարյունություն, նյութափոխանակության պրոցեսների խանգարում։ 4․ Վերականգնման փուլ (տևում է 2–3 ամիս)։ Տեղի է ունենում Ճ․ հ–յան բարեհաջող ընթացքի դեպքում։ Բնորոշվում է ինքնազգացման լավացմամբ, ջերմության կարգավորումով, ախորժակի և քնի վերականգնումով։ Ոսկրածուծի գործունեության բարելավման շնորհիվ ծայրամասային արյան մեջ ի հայտ են գալիս ռեթիկուլոցիտներ, երիտասարդ լեյկոցիտներ ու թրոմբոցիտներ։ Վերականգնվում են նաև արյան ու մեզի կենսաքիմիական ցուցանիշները։ Սուր Ճ․ հ–ից հետո կարող են առաջանալ նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ, չարորակ նորագոյացություններ, լեյկոզներ, սերունդների մոտ՝ զարգացման արատներ և ժառանգական հիվանդություններ։ Ճ․ հ–յան ընթացքի առանձնահատկությունները պայմանավորված են անհատական և տարիքային ոադիոզգայնությամբ․ երեխաները, ծերերը և հղի կանայք առավել զգայուն են ճառագայթման հանդեպ։ Քրոնիկական Ճ․ հ․ ինքնուրույն ախտաբանական միավոր է և սուր Ճ․ հ–յանը նմանվում է իր փուլային ընթացքով։ Նրան բնորոշ է երկարատևությունը, ընթացքի ալիքավորությունը։ Սուր Ճ․ հ–յան բուժումը փոխարինողական և ախտանշանային է։ Արյունաստեղծ օրգանների գործաոությունները կարգավորելու համար՝ արյան փոխներարկում, ոսկրածուծի պատվաստում, արյունաստեղծման պրոցեսները խթանող դեղանյութեր, վարակիչ հիվանդությունների դեմ՝ անտիբիոտիկներ ևն։ Քրոնիկական Ճ․ հ–յան բուժման համար կիրառվում են ախտանշանային դեղամիջոցներ (սիրտ–անոթային, ստամոքսա-աղիքային և այլ օրգան–համակարգերի գործունեությունը կարգավորելու նպատակով), հատուկ սննդակարգ, բուժական ֆիզկուլտուրա։
Կենդանիների Ճ․ հ․ առավել ուսումնասիրված է կաթնասունների ու թռչունների մոտ։ Տարբերում են սուր և քրոնիկական ճ․ հ․։ Սուր Ճ․ հ․ առաջանում է 150–200 (թեթև ընթացք), 200–400 (միջին), 400–600 (ծանր) և 600 ռ-ից բարձր (խիստ ծանր) դոզայով միանվագ ընդհանուր ճառագայթահարումից։ Կախված հիվանդության ծանրության աստիճանից՝ կենդանիների մոտ նկատվում է ընկճվածություն, ախորժակի բացակայություն, փսխում, ծարավի զգացում, ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացում, մազաթափություն, լուծ (արյունային), սրտի գործունեության թուլացում, լորձաթաղանթներում արյունազեղումներ, արյան մեջ լեյկոցիտների և լիմֆոցիտների նվազում։ Խիստ ծանր ընթացքի դեպքում՝ երերուն քայլվածք, մկանային ցնցումներ և մահ։ Առողջացումը հնարավոր է հիվանդության միջին և թեթև ընթացքի դեպքում։ Քրոնիկական Ճ. հ․ ուղեկցվում է սրտի աշխատանքի աստիճանական թուլացմամբ, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարմամբ, հյուծվածությամբ, վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության անկմամբ։ Մինչև բուժումը կենդանիներին դուրս են բերում վարակված վայրից, մաշկածածկույթներից ռադիոակտիվ նյութերը հեռացվում են ջրով, լվացող կամ այլ միջոցներով, այնուհետև արյան փոխներարկում, կլանիչներ, խորխաբեր դեղամիջոցներ։
Բույսերի Ճ․ հ–ներից հատկապես վտանգավոր են մասնիկների և նեյտրոնների ազդեցությունից առաջացածները։ Ճառագայթման նկատմամբ առավել զգայուն են արմատներն ու երիտասարդ հյուսվածքները։ Ճառագայթահարման ընդհանուր ախտանշան է աճման դանդաղումը։ Բույսերի առանձին տեսակներ, սորտեր ունեն տարբեր ռադիոզգայնություն․ օրինակ՝ տրադեսկանցիայի Ճ․ հ–յան ախտանշաններն ի հայտ են գալիս 40, թրաշուշանինը՝ 6000 ռ-ով ճառագայթահարելուց։ Մահացու դոզան բարձրակարգ բույսերի համար 2000–3000 ռ է, ստորակարգ բույսերինը, օրինակ, խմորասնկերինը՝ 30 000-ը։ Ճառագայթահարված բույսերը և կենդանիներից ստացված մթերքը չի կարելի սննդի մեջ օգտագործել։
Գրկ. Киреев П․ М․, Лучевая болезнь, М․, 1960; Радиационная медицина, 4 изд․, М․, 1968; Кротков Ф․ Г, Человек и радиация, М․, 1968; Линденбратен Л․ Д․, Медицинская радиология, М., 1969; Защита животных и растений от оружия массового поражения, Минск, 1968․Ռ․ Հարությունյան ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՈՒՄ, ջեռուցման տեսակ, որի դեպքում ջերմության մեծ մասը հաղորդվում է ճառագայթմամբ։ Ճ. ջ–ման համակարգի ջեռուցիչ սարքերը տեղադրվում են կոնստրուկցիայի ներսում (առաստաղի, պատերի և հատակի հարթություններում)։ Որպես ջերմակիրներ օգտագործվում են տաք ջուրը, գոլորշին և օդը։ Ճ․ ջ–ման սարքերից են նաև պատող կոնստրուկցիաներին կիպ ամրացվող ջեռուցիչ պանելները։
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՕՊՏԻԿԱ, տես Երկրաչափական օպտիկա։
ՃԱՌԱԳԱՅԹԱՍՆԿԵՐ (Actinomycetes), ակտինոմիցետներ, շողասնկեր, բակտերիաների և սնկերի հատկություններով օժտված միկրոօրգանիզմներ։ Հայտնաբերել է (1877) գերմ․ գիտնական Ց․ Հարցը։ Հիմնականում աերոբ են, աճում են միջավայրի -ի սահմանում։ Տեսակների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 25–30°C–ն է, սակայն աճը հնարավոր է նաև 3–40°C–ում։ Որոշ թերմոֆիլ տեսակներ աճում են 45–50°C–ում։ Ճ․ գրամ դրական են, ունեն լավ զարգացած սնկամարմին՝ միցելիում, որի հիֆերի տրամագիծը 0,1–1 մկմ–ից մինչև 1,5 մկմ է։ Պարունակում են տարբեր ֆերմենտներ՝ պրոտեազներ, կերատինագներ, խիտինազներ ևն, որոնք Ճ–ին հնարավորություն են տալիս օգտագործելու բուսական և կենդանական մնացորդները։ Որոշ տեսակներ ֆիքսում են մթնոլորտային մոլեկուլային ազոտը (տես Ազոտֆիքսում)։ Ճ–ի շատ կուլտուրաներից ստացվում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, անտիբիոտիկներ (ստրեպտոմիցին, մոնոմիցին), հորմոններ, վիտամիններ, ֆերմենտներ ևն։ Ճ–ին բնորոշ է սպորներով բազմացումը։ Վերջիններս գոյանում են հիմնականում օդային, առանձին դեպքերում՝ սուբստրատային միցելիումների վրա և լինում են գնդաձև, կոնաձև, ձողաձև, տանձաձև ևն։ Սպորներն օժտված են բարձր դիմացկունությամբ։ Ճ. կարող են բազմանալ նաև սնկամարմնի առանձին թելիկներով։ Տարբերում են սպորագոյացման երկու ձև․ ֆրագմենտացիոն և սեգմենտացիոն։ Ճ–ի մեծ մասը սնվում է սպիտակուցային կամ ոչ սպիտակուցային օրգ․ նյութերով։ Կան ինքնասուն ձևեր, ինչպես նաև տեսակներ, որոնց համար ածխածնի աղբյուր են ծառայում մոմերը, խեժերը, պարաֆինները, նավթը։ Տարածված են ամենուրեք, հողում, ջրամբարների տիղմում, օդում, բուսական մնացորդներում։ Մասնակցում են բնության մեջ նյութերի շրջանառության, հողառաջացման, օրգ․ նյութերի քայքայման պրոցեսներին։ Որոշ ախտածին տեսակներ հիվանդությունների (ակտինոմիկոզ, տուբերկուլոզ, դիֆթերիա) հարուցիչներ են, առանձին Ճ․ ախտահարում են բույսերին։