«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/512»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

11:57, 1 Հուլիսի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

հյուսած իբրև ավետավոր խոսքեր ուղարկեցին հեռավոր տեղեր, թե ավետիս ձեզ, ցրվածներ ու տառապածներ, Սաբեթան` մեր ազգի փբկիչը լինելով Իզմիրում թագավոր արդ երևացել, օրենքներ է նորոգել, գավազան ծաղկել՛, մեզ ազատել, ազգերով ճոխացել և Իսրայելի ցրվածներին հավաքել։ Իսկ նրանք հրեաներից, որոնք գիտուններ, իմաստուններ ու կարդացողներ էին, տեսնում էին, ողջ ազգը նրա հետևից է գնում, իսկ ոմանք նրանցից ակամա կամ պատկառելով են գնացած եղել իբրև նրան հնազանդվածների, ոմանք էլ պատրվակելով գնացին օտար աշխարհ, հեռացան նրանից, իսկ նրանք, որ խելացի էին, վախենում էին, թե գուցե այս լուրը այլազգի մահմեդականների ականջն ընկնի, ազգովին մեզ բնաջնջեն։ Այդ ազգի խաժամուժ ամբոխը այնքան միմյանց ասացին, մինչև լուրը հասավ Իզմիր քաղաքի մահմեդական իշխանների ականջը։ Իշխանները միմյանց հետ մտածեցին, թե գրենք և վեզիրին հայտն ենք. բայց հետո թեթևամտություն ու վայրիվերոյություն համարելով այդ, թողին և վեզիրին չհայտնեցին, այլ հրեաներին բռնելով ծանր տուգանք առան, բաց թողեցին։ Բայց սուտ մարգարեի հռչակն ու համբավը օրավուր ավելանում էր և հասնում հեռավոր երկրներ, մանավան Կոստնանդնուպոլիս։ Նրանք, ովքեր լսում էին, ջերմեռանդ սիրով տարվում, բորբոքվում էին, ոմանք ճանապարհ ընկնելով գալիս էին նրան ընծայաբերության, ուխտի, երկրպագության. իսկ ոմանք թանկագին իրեր, ոսկի ու արծաթ էին ուղարկում նրան, ոմանք էլ իրենց տներն ու կարասիները թեթև գնով վաճառում էին և ասում, թե գնում են Երուսաղեմ, որովհետև ասո՛ւմ էին նրանք, թե այնտեղ է գալու Սաբեթան, թագավորելու է, ցրված ազգը հավաքելու է։ Այս լուրը ավելի տարածվելով՝ ամեն ոք զարմանում էր, ուստի բոլոր ազգերի՝ մահմեդականների ու քրիստոնյաների, մանուկներն ու փոքրերը, Պոլիս քաղաքի հարուստներն ու ռամիկները