«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/389»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
 
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված

Ընթացիկ տարբերակը 17:04, 12 Նոյեմբերի 2016-ի դրությամբ

Այս էջը հաստատված է

Պետրուսը բարձրացրել է սպիտակ քաթանը, որի հետևում, մյուս գնորդների աչքից հեռու, կախված էին երկու ոչխար՝ ոսկեգույն դմակներով։

– Դոլմացու ուղարկի,– և Ներսես բեյը երեսը շրջում է դեպի դավթարխանայի շենքը՝ շուկայի դիմաց։ Ներսես բեյը գնաց և գավառային վարչության առաջ խռնված ժողովուրդը պատկառանքով դեռ նոր է նրան ճանապարհ տվել, այնինչ դոլմացուն արդեն նրա տանն է և գարադաբուլդի Մուխանը քրտինքը սրբելով խանումի՝ տիկին Վարսենիկի առաջ գովում է միսը։

Մսավաճառ Պետրուսը Հաստ Ներսես բեյից ևս դրամ չէր առնում, ինչպես շուկայի պահակ Կետանից, որ ոչխարի մի գլխի և ութ ոտքի դիմաց ցերեկը պիտի ջրեր Պետրուսի այգին։ Իսկ դոլմայի, կոլոլակի, բոզբաշի, յախնիի մսացուի դիմաց Հաստ Ներսես բեյը տարվա սկզբին, երբ բոլոր առևտրականները պատենտ էին առնում, հարկային տեսչին ի միջի այլոց ասում էր.

– Ի՞նչ առևտրական է այդ Պետրուսը որ... խեղճ աղքատի մեկն է, սիրելի Նիկիֆոր Վասիլիչ, և դուք ինքներդ եք իմանում...

Ահա երևաց ինքը՝ քաղաքի հայրը, քաղաքագլուխ Մատթևոս բեյը, նրա հետևից կիսահամր–կիսախուլ Կիրին, որ քաղաքային այգու պահակն է, քաղաքային ինքնավարության (դումա) ծառան և միաժամանակ տիկին Օլինկայի սպասավորը ծանրություններ տեղափոխելու, գորգերը լվալու, Շոր աղբյուրից կժերով ջուր բերելու շաբաթ օրերը, երբ տիկին Օլինկան իբրև երեք լվացարարուհու կարգադրիչ, սկսում էր լվացքը... Այն ի՞նչ էր կատարվում քեզ հետ, իմ հայրենի քաղաք։ Այդ օրերին չէր կարելի անցնել ոչ միայն նրանց տան առաջով, այլ նույնիսկ հարևան փողոցով չէր կարելի անցնել... Անհամար բարձերից միլիոն բմբուլ թռչում էր քաղաքի և տների վրա, ինչպես ուռենու սերմերը մայիսին։ Բմբուլը թռչելով հասնում էր մինչև դատարանի շենքը և նստում էր խեղճ գրագրի ունքերի վրա։ Եվ ամբողջ քաղաքը գիտեր, որ նրանց տանը լվացք կա։ Իսկ երբ բմբուլի ամպերը անցնում էին՝ բակը, ցանկապատը, նույնիսկ փողոցի պատերը սպիտակում էին փռած լվացքից։

Մինչդեռ մենք զբաղվեցինք տիկին Օլինկայի լվացքով, արդեն շուկա մտավ քաղաքագլուխը և նրա անբաժան թիկնապահ Կիրին։ Մատթևոս բեյը մոտենալով մսավաճառների խանութին, միայն վերահասու է նրանց մաքրության։ Նա գերադասում է մրգավաճառների խանութները, որոնց տերերը, նրա անձնական թույլտվությամբ, գրավել են նաև հրապարակի և մայթի մասը՝ ձմերուկի և սեխի դեզերով և խաղողի կողովներով։ Խանութի ճակատից մինչև հրապարակը, որտեղ ձմերուկներն