«Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/242»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 13:01, 16 Մարտի 2019-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

մեջ. թողում ենք պատմության անհայտ խառնուրդները քիչ կամ շատ: Այսօր, այս տողերի գրողը, կամ նոցա ամեն մի կարդացողը, չէ՞ որ հայ է։ Լավ որ հնար չկա իմանալու, թե ո՛վ մեզանից ի՛նչ ազգից է ծագում, ապա թե ոչ, բուն տոհմական հայերը, չնայելով, որ այդ խառնված օտար սերունդքը հազարավոր տարիներով մասնակից էին եղել նորա ճակատագրին, նորա ցավին և ուրախության, և որոնք բացի հայից ուրիշ անուն չունեին այսօր, այդ տոհմական հայերը, ասում ենք նորանց էլ պիտի մերժեին որպես ոչ բնիկ հայեր։ Հազար տարի ազգի վրա եղված բնական և պատմական ազդեցությունը ուրանալով, նորա հազար տարի որպես սեփական գործ դրած բաղդասությունը մերժելը և նորա տեղ հինը դնելու փորձը ի՞նչ զանազանություն ունի վերը գրված մաքրասիրությունից։

ճշմարի՛տ է, երբ դպրությունը միայն գիտական առարկաների վրա խոսի, այնտեղ այն աստիճանի կարոտ չէ այն դատապարտված ձևերին, թեև կարոտ միշտ բաղդասության. բայց երբ ուզե նա ազգի կյանքի մեջը մտնել, ապա ուրեմն այդ դատապարտված ձևերը են նորա ապահով անցագիրը և առանց նորա ազգի կյանքի դուռերը փակ են հեղինակի առջև։ Հայտնի է, թե ամեն գիտական առարկա իր լեզուն և իր ոճերը ունի, ազգի ամենօրվա և ընտանեկան կյանքը կարո՞ղ է իր լեզուն չունենալ։ Այսպես լինելով բանը, կարելի՞ է խոր ներս մտնել ազգի կյանքի մեջ առանց այդ կյանքի սեփական ձև ու ոճը գործ դնելու։ Մենք չենք ուզում երկար խոսել այս մասին, որովհետև մեր համար աչքի հայտնի ճշմարտություն է այս:

Սակայն, չենք ասում, այլ մանավանդ ընդդեմ ենք, որ ազգի լեզուն էլ ավելի ստրկանա և ընկճվի թուրքի ազդեցության տակ։ Այս մասին շատ ցավալի երևույթ տեսնում ենք Տաճկաստանի հայոց մեջ, որոնք տաճիկ լեզվին ստրկանալու համը հոտը տարել են։ Ավելցուր սորա վրա և ֆրանսիական լեզվի բաղդասության և ձևերի ազդեցությունը, որոնցից ժողովուրդը իսպառ ազատ է, բայց պ. գրագետքը քաղաքակրթության անունով ներս են բերում ազգի մեջ և խանգարում են լեզուն։ Մենք, որ նոր լեզվի ինքնուրույն ազատությունն ենք քարոզում և հին լեզվի ձևերից անկախությունը, որպեսզի ազատորեն և ինքը իրեն աճե, ո՞ր ուշաբարձությամբ կարող էինք քարոզել, որ այդ լեզուն թուրքի կամ սատանայի ձևերին ստրկանա ։ Բայց երբ այս կամ այն բանում այսօր միևնույն ձևն ենք տեսնում և հայի և թուրքի մեջ, դորանից խրտնելով, թե վա՛յ, թուրքը որովհետև այսպես է ասում, ես նորան չնմանելու համար պետք է, որ գործ չդնեմ այդ ձևը, ասել մենք