«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/143»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

16:04, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Մարսելի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետ․ պատվիրակի փոխանորդն է Տարոն եպս․ Ճերեճյանը (1990-ից)։

Հոլանդիայի հոգեվոր հովվություն, կազմավորվել է 1989-ին։ Կենտրոնը՝ Ամստերդամի Ս․ Հոգի եկեղեցի։

XVII դ․ սկզբին Ամստերդամը եղել է հայ գրչության և գրատպության կենտրոն։ Հայերեն գրքերի տպագրությունն իրականացրել են Ս․ Էջմիածնից եկած հոգևորականները։ 1660-ին Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարությամբ Մատթեոս սարկավագ Ծարեցին մեկնել է Ամստերդամ, հիմնադրել տպարան, տպագրել Ներսես Շնորհալու Յիսուս Որդի ստեղծագործությունը, որը չավարտած՝ վախճանվել է։ 1664-ից տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան արք․ Երևանցին, որը տպագրել է Շարակնոց (1664–1665), Աստվածաշունչ (1666–68), Հանդերձ Աստուծով (1666, Այբբենարան), Նոր կտակարան (1668) և 14 այլ գրքեր։ 1668-ին տպագրիչ Մատթեոս վրդ․ Վանանդեցին Ամստերդամում հիմնել է նոր տպարան, հրատարակել Շարակնոց (1685), Ժամագիրք (1686), Համատարած աշխարհացոյց Մեծ հայերեն առաջին քարտեզը (1695), Մովսես Խորենացու Պատմութիւն Հայոց (1-ին հրտ․, 1695) ևն։

Ամստերդամում առաջին հայկ․՝ Ս․ Հոգի եկեղեցին կառուցվել է 1713-ին՝ հայ վաճառականների միջոցներով։ Սակայն հայ համայնքի անկման պատճառով եկեղեցին 1874-ին աճուրդով վաճառվել է։ 1986-ին Ամստերդամի հայ համայնքի և Մայր աթոռ Ս․ Էջմիածնի տրամադրած գումարով եկեղեցու շենքը վերագնվել է։ 1989-ին կատարվել է Ս․ Հոգի եկեղեցու վերաօծումը։

1991-ին Ալմելո քաղաքի հայերի նվիրատվություններով գնվել է դպրոցի շենք, որի սրահներից մեկը վերածվել է աղոթատեղիի։ Վերջինս 1993-ին օծվել է որպես Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (հոգևոր հովիվ՝ Խաչատուր քհն․ Ֆրանկյան)։

Հոլանդիայի հայ համայնքի հոգևոր հովիվն է Մանվել վրդ․ Երկաթյանը։

Բելգիայի հոգեվոր հովվություն, կազմավորվել է 1990-ին։ Կենտրոնը՝ Բրյուսելի Ս․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի։

Դեռևս 1985-ին Բրյուսելում ստեղծվել է Բելգիայի Հայ եկեղեցու հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը հովանավորելու նպատակով։ Ունի վարչ․ խորհուրդ, որը համագործակցում է բելգիահայ համայնքի պատգամավորական ժողովի հետ։ Բրյուսելում առաջին հայկ․՝ Ս․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1986-ին, օծումը՝ 1990-ին։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Հարություն քհն․ Թաշճյանը։

Իտալիայի հոգեվոր հովվություն, կազմավորվել է 1955-ին։ Կենտրոնը՝ Միլանի Ս․ Քառասուն Մանկունք եկեղեցի։

Իտալիայի տարածքում հայերի բնակությունը սկսվել է հռոմեական շրջանից։ Միջնադարյան շրջանի վերաբերյալ առաջին տեղեկությունները VI–VII դարերից են։ Դեռևս XII դարից վկայակոչվել են հայերի կառուցած եկեղեցիներ։ XIV դ․ սկզբից հիշվում է Իտալիայի հայերի եպիսկոպոս եկեղեցական տիտղոսը։ XIII–XIV դդ․ Հայ առաքելական եկեղեցու ենթակայությամբ ավելի քան 40 եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի հս․, կենտր․ և հվ․ շրջաններում, մասնավորապես՝ Վենետիկում, Տրիեստում, Ռավեննայում, Ջենովայում, Հռոմում, Նեապոլում ևն։ Հայ համայնքներն ունեցել են իրենց հոգևոր հովիվները՝ քահանա, վարդապետ, և նույնիսկ կառավարվել են եպիսկոպոսների կամ արքեպիսկոպոսների կողմից՝ որպես համայնքային եկեղեց․ թեմեր կամ վիճակներ։ Եկեղեցիներին կից գործել են հիվանդանոցներ և Հայոց տներ (որտեղ բուժվել են հայեր և իջևանել հայ վաճառականներ)։ Նեապոլում դեռևս X դ․ գործել է Ս․ Գրիգոր Հայի եկեղեցին։ Գրիգոր Ա Լուսավորիչը համարվել է Նեապոլի պաշտպան սուրբը, նշվել է նրա տոնը։ Ս․ Գրիգոր Հայի եկեղեցում են պահվում ս․ Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Վատիկան կատարած այցելության առիթով (2000-ի նոյեմբ․ 11) մասունքներից մի մաս հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին։ Դրանք բերվել են Երևան և պահվում են Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում։ Նեապոլում հիշվում է նաև Ս․ Հոգի հայկ․ եկեղեցին (1328)։ XI դ․ Հռոմում կառուցվել է Ս․ Հակոբ եկեղեցին։ XI դարից հիշատակվում է Միլանի Ս․ Բարսեղ հայկ․ եկեղեցին։ 1342–1650-ին գործել է հայ հոգևորականների Բարսեղյան միաբանությունը։

Պիզայում 1320-ին հիմնադրվել է վանք, որը, ըստ դամբանական մի արձանագրության, ավելի քան հարյուր տարի պատկանել է հայերին։ Այդ վանքում ընդօրինակվել են ձեռագրեր,