«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/150»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
(Տարբերություն չկա)

16:06, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Ա Երևանցուն, որը 1769-ին նրան ձեռնադրել է եպիսկոպոս, ապա շնորհել արքության տիտղոս ու պատիվ։ 1773-ին կարգվել է ռուսահայոց թեմի առաջնորդ, 1780-ից՝ նաև ղրիմահայերի հոգևոր առաջնորդ։ Ա․ սատարել է շուրջ 12600 ղրիմահայերի արտագաղթը (1778) Ռուսաստան, նրանց համար հիմնել հինգ գյուղ (Չալթըր, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Թոփթի և Նովիթա) ու քաղաք (1780), օրհնել քաղաքի ծնունդն ու անվանել Նոր Նախիջևան։

Իբրև հմուտ քաղաքագետ Ա․ յուրաքանչյուր պատեհ առիթով ըստ արժանվույն ներկայացրել է հայ ժողովրդին։ 1780-ին Հովհաննես Լազարյանի հետ մասնակցել է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության և Հայաստանի ազատագրության հարցերի քննարկման համար ռուս․ արքունիքում հրավիրված խորհրդակցություններին։ Նույն թվականին խնդրել է ռուս․ իշխանություններին արգելել կաթոլիկ քարոզչությունը հայոց մեջ, հատուկ հրովարտակով պարտադրել կաթոլիկ հոգևորականներին իրենց ժամերգությունները կատարել միայն օտար լեզուներով, թույլատրել կաթոլիկ հայերին վերադառնալ Հայ առաքելական եկեղեցի։ Ռուս պետ․ և ռազմ․ գործիչ, դիվանագետ Գ․ Ա․ Պոտյոմկինն ընդառաջել է Ա-ին, հրահանգել նահանգապետներին բավարարել նրա խնդիրքը։ 1782-ին, ի պատասխան Կովկասի գեներալ-նահանգապետ Պ․ Ս․ Պոտյոմկինի հարցումների, Ա․ ռուս․ իշխանություններին է ներկայացրել տեղեկանք հայոց պատմության, նրա ներկայի, սպասելիքների, աջակցության դեպքում ազատագր․ պայքարի ելնելու պատրաստակամության և ռուս․ օժանդակությունը Հայաստան հասցնելու ուղիների մասին։ 1783-ին նա հատուկ տեղեկանք է ներկայացրել նաև Արցախի մելիքությունների վերաբերյալ՝ ընդգծելով հայոց պետականությունը Ռուսաստանի գործակցությամբ վերականգնելու նրանց պատրաստակամությունը։ 1783-ին Ա․ կազմել և ռուս․ արքունիք է ներկայացրել Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց՝ Ռուսաց և Հայոց նախագիծը։ Ռուս-թուրք․ պատերազմի ժամանակ (1787–91), Իզմայիլի ազատագրումից հետո 320 տուն հայեր (1650 հոգի) մնացել են անօթևան, մերկ, քաղցած, հուսահատ։ Ա-ի ջանքերով 1792-ին հիմնվել է հայկ․ մի նոր քաղաք, որը նրա առաջարկով կոչվել է Գրիգորիուպոլիս՝ Գրիգոր Լուսավորչի անունով։ Նորաստեղծ քաղաքի բնակիչներն իրենց խնամատար հորն են մատուցել թանկագին հնություն՝ հայոց թագավորներին պատկանած, հաջորդաբար փոխանցված դաշույնն ու թուրը։

Ա․ ռուս․ արքունիքի հանձնարարությամբ մասնակցել է ռուս․ զորքերի՝ 1796-ի անդրկովկասյան արշավանքին, գլխ․ հրամանատարին ներկայացրել իր առաջարկություններն ու խորհուրդները, դիմել հայ ժողովրդին՝ օգնելու ռուս․ բանակին։ 1799-ին կայսրի հրովարտակով Գրիգորիուպոլսի, Ղրիմի, Աստրախանի, Ղզլարի, Մոզդոկի հայ գաղթավայրերի համար սահմանվել են միասնական արտոնություններ, որոնց մշակման գործում մեծ դեր է կատարել Ա․։ Նա Հայ և Ռուս եկեղեցիների, ինչպես և եկեղեցականների միջև ստեղծել է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ։ Եկատերինա II կայսրուհին նրան շնորհել է ադամանդե խաչ՝ վեղարի համար, և պարեգոտ։ 1800-ի հուլիսի 28-ին Պավել I-ի հրովարտակով Ա․ ճանաչվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն չի օծվել․ Էջմիածին գնալու ճանապարհին՝ Թիֆլիսում, հիվանդացել է ու վախճանվել։

Ա․ եղել է ռուսահայ առաջին տպարանի ստեղծման նախաձեռնողներից, հրատարակչական գործի կազմակերպիչն ու ոգեշնչողը։ Նրա ջանքերով ռուսահայ կենտրոններում (Սանկտ Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան) հրատարակվել է ավելի քան քառասուն անուն գիրք։

Ա․ նամակագր․ կապեր է ունեցել Ռուսաստանի հայկ․ գաղթավայրերի ներկայացուցիչների, Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու, Վրաստանի և Հնդկաստանի հայ համայնքների, ռուս․ պետ․ գործիչների, Վրաց Հերակլ II և Գեորգի XII թագավորների, Արցախի մելիքների և բազում այլ գործիչների հետ։ Պահպանվել են նրա առաքած նամակների պատճենները, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են XVIII դ․ վերջի պատմության ուսումնասիրման համար։

Երկ․ Օրինակ հանդիսաւոր ծանուցման եւ ողբոյ, Մադրաս, 1791։ Տետրակ համառօտ անուանեալ դուռն